Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրական փորձեր.Արամ Թորգոմի Հովհաննիսյան/Դալուկ արև

23:28, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Գրական փորձեր.Արամ Թորգոմի Հովհաննիսյան/Դալուկ արև

Արամ Թորգոմի Հովհաննիսյան, գրող, հրապարակագիր:

Ծնվել է Մաստարա գյուղում, Երևանի պետհամալսարանի բանասիրականն ավարտելուց հետո չորս տարի հայոց լեզու և գրականություն ուսուցել գյուղական դպրոցներում, երեք տասնամյակ աշխատել հեռուստատեսությունում, տպագրվել «Գարուն», «Նորք», «Ծիծեռնակ», «Հայաստանի բնություն» ամսագրերում, «Գրական թերթում», «Առավոտում», այլուր: Վեց գրքի հեղինակ է.

Ներկայացվող պատմվածքները «Դալուկ արև» շարքից են:


    
    


    

ԱՆԱՆՈՒՆ ՇՈՒՆ

Նա ծովափի սովորական շուն էր՝ մեկը նրանցից, որոնք գիշերն անցկացնում են տաք խիճերին, ցերեկը մեծերի քննախույզ, անհանդուրժող հայացքների ներքո առանց խորշելու ուտելիքի մնացուկ հայթայթում, կշտանալուց հետո թավալ տալիս ավազներին, անգամ ջուրը մտնում, մեծահոգաբար թույլ տալիս քաշքշել ականջներից, խրոխտ կեցվածք ընդունած նկարվել հետը:

Պատմածս օրերին լողափը դատարկ էր, ավազը՝ թաց, դեկտեմբերյան արևն ուժատ՝ որևէ բան փոխելու: Ալեբախությունը սրբել-տարել էր հանգստացողների հետքերը, և դժվար էր հավատալ, թե առանձին ամիսների ծովեզրն առավոտից իրիկուն դարչնագույնին է տվել հոծ մարմիններից, իսկ ափին զարկվող ալիքի ձայնը խեղդվել է մարդկային ժխորում: Ավազուտի երկարությամբ տնկած ժանգոտ խարսխացցերին վաղուց զբոսանավ չէր կառանել՝ օդը լցնելով բարձրախոսից հորդող խռպոտ հնչյուններով: Ալիքները խփվում, ետ էին գնում, ասես մեկը հսկայական կարպետ փռելիս լիներ և չկարողանար, թևերի բացվածքը հնարավորություն չտար, սակայն անձանձիր՝ նույնը կրկնում էր հարյուր, հազար անգամ, մինչև անծիր հյուսվածքը բացվի ուզածի պես, ծալք ու կնճիռ չունենա: Այսուայնտեղ ընկած էին մնում սոճու տձև կոճղարմատները, որոնց ալիքը ոչ մաշել էր ի վիճակի, ոչ գիրկն առնել: Ափամերձ մի քանի ծառերի ևս նույն ճակատագիրն էր վիճակված. ջուրը տարել էր տակի ավազը, ու նրանք չընկնելու համար հենվել էին մյուսներին՝ ջարդոտելով կատարները, ճզմելով ցանցկեն պատը: Ցանկորմից այն կողմ արգելագոտի էր, թեև անտառի խորքը տանող արահետները վկայում էին, որ ժամանակին փորհարինքով տառապողները կարևորություն չեն տվել յուրաքանչյուր երկու հարյուր մետրը մեկ ամրացված ցուցանակին և կամ՝ չեն վախեցել տուգանվել:

Շունն այնտեղ էր գիշերում՝ միմյանց վրա դարսած լոգամահճակների տակ: Թե ինչու էր հանգստատան հազար ու մի ծակուծուկ թողած այդտեղ հասել, հետո հասկացա: Նրա հետ ծանոթացել էի գալուս երկրորդ օրը: Բացօթյա ավազանում լողում էի, վայելում մենակ, առողջ լինելու և գոլ աղաջրի հաճույքը, երբ բռնեցի ափից ինձ հետևող հայացքը: Միջինից ցածր, լոշտակ ականջներով երկարապոչ շուն էր, մազերը փարթամ, կեսը՝ սև, կեսը՝ գունատ ճերմակ: Փորի տակ կարմրին էին տալիս երկարուկ կրծքերը: Ընդհանրապես մարդկանց մեծ մասը էգ շներին տանել չի կարողանում. նախ՝ կռվարար չեն և հետո՝ գարնանը, տաքերն ընկնելու հետ փորձանք են դառնում, տասը-տասնհինգ իրենց նմանի ետևը գցած տակնուվրա անում մարգերը, հարևանների կռվի պատճառ դառնում: Իմ խնդիրն ուրիշ է՝ նրանք ինձ հիշեցնում են մեր Չալո շանը, որին թաղի տղաները զուգավորման պահին քարծեծ արել, ապա և եղանի պոչով ողնաշարը կոտրել էին: Ընկերը մի կերպ պոկվել փախել էր, իսկ ինքն այդպես էլ մնացել գիշերները դեռևս սառցակալող առվաջրում ու փայտացել: Հորս կարգադրությամբ ես ու եղբայրս ոտքից մետաղալար կապելով՝ դժվարությամբ ձնհալի ջրերի միջով նրա թրջված, ցեխակոլոլ մարմինը քարշ տվինք գյուղից դուրս: Ես այն ժամանակ կլինեի, երևի, տասը, եղբայրս՝ տասներկու տարեկան: Հիշում եմ, երբ մարմինը քարի էր առնում, թեքում էինք երկաթալարի ուղղությունը և, տեղապտույտ տալով, շրջանցում արգելքը: Հայրս ասել էր, որ սպանդահորը նետենք, սակայն չկամենալով նրան որդոտած, նեխահոտ արձակող դիերին խառնել, Նախիրգնայի մոտ թեքվելով՝ ուղղվեցինք փլփլած մարագի կողմը և, պատերից մեկը քանդելով, ինչքան հող, խիպար կար, լցրինք Չալոյի վրա: Դեռ ականջումս է ընկնող լեռ քարերի խուլ թմփոցը, որքան էլ ջանում էինք զգուշորեն, մեկիկ-մեկիկ ցած բերել: Եվ մեր լացն եմ մտապահում:

Շունը մի քանի անգամ գնաց եկավ իմ դիմաց, հետո ետևի ոտքերին պպզեց: Թվաց, նրան ևս հաճելի էր ջրից արտածող ջերմությունը, որ մառախուղի պես կանգնել էր ավազանին:

-Հը՛, ցու՞րտ է:

Նա իմ տրամադրությունը, բնականաբար, չկիսեց. ոչ մեկտեղանոց համարում էր ապրում՝ լոգարանով, ոչ օրը երեք անգամ կերակրում էին, ոչ իսկ թաքուն արկածների ակնկալիք ուներ:

-Անունդ, գոնե անունդ ասա՝ Շարի՞կ, Բողա՞ր…

Զբոսանքի ելած հանգստացողներ մոտեցան, և մեր ծանոթությունը դրանով ավարտվեց: Ապա նրան տեսա ընթրիքից առաջ՝ պատշգամբ մագլցած բաղեղների տակ շրջելիս: Ներսից թմբկահարեցի ապակին, սակայն անտարբեր՝ շարունակեց հոտոտելով բան փնտրել: Փորը կախ էր ընկած, ոտքերը, թվաց, ծանրությունից փոքր ինչ ճողվել են: Աչքերից մեկի անկյունում՝ քթարմատի մոտ սառել էր ճպուռը, դնչին փոքրիկ սպի կար՝ մազածակոտիներից որոշ մեծ: Մենասեր շուն է, -որոշեցի, -նման այն մարդկանց, ովքեր խուսափում են ընկերակցությունից, համոզված, թե դիմացինն անազնիվ է խաղում և, եթե մինչևիսկ շահի ակնկալիք չունի, վնաս տալ կարող է:

Միջնորմի դեր կատարող ապակին հնարավորություն էր տալիս ամենայն մանրամասներով ուսումնասիրել կենդանուն: Չորացած ծաղկանոցով քայլելիս պտուկները քսվում էին ծաղկակոթերին, նկատելի տարուբերվում: Հղիության վերջին օրերն են, եթե ոչ վերջինը, - գլխի ընկա, և այդ պահից նրա գոյությունը կարևորվեց: Ընթրիքը կիսեցի հետը՝ գոհանալով մսաբլիթով, խավարտով, կարագ-հաց-թեյով: Պարզվեց, բարեկիրթ շուն է, ոչ երախտամոռներից, որովհետև քիչ հետո, երբ կիսավերարկուս վերցնելով ետ եկա, առաջ ընկած, ասես նախապես գիտեր գնալիքս, ուղեկցեց մինչև կինոդահլիճի դուռը, որը հիմնական մասնաշենքից հեռու էր, առանձին: Հին, հազար ու մի պակասություններով ժապավեն էին պտտում, ինչպիսիք սովորաբար ցուցադրում են հանգստյան տներում և առողջարաններում՝ գիտենալով, որ մարդկանց մի մեծ խումբ անխտիր դիտում է՝ միայն թե ժամանակ սպանի: Ընդամենը երկրորդ օրն էր, մեծ մասս մեկմեկու, վայրին անծանոթ, և ահա նստել՝ լրջմիտ, լրջդեմ դիտում ենք: Անշուշտ, մաքուր օդում զբոսնելը շատ ավելի հետաքրքիր էր, օգտակար: Կեսից գլխի ընկնելով այդ պարզագույն ճշմարտությունն ու կորցրած ժամանակի պատճառով նեղսրտած՝ հարմար պահի ելա:

Շունն ինձ էր սպասում: Առաջինը լինելու, քայլելու պատիվը միմյանց զիջելով՝ գնացինք մինչև լողավազան, ապա, շրջանցելով նոճիների շարքը, հասանք ափ: Ծովը չէր երևում, ու եթե չլինեին հեռվում խարիսխ նետած նավերի առկայծումները, ջրի խշշյունը, կարելի էր շփոթվել: Երկա՜ր քայլում էինք ափի երկայնքով՝ ուղեցույց ունենալով խավարում կաթնագույնին տվող խճաքարերի երիզը: Ես նրան իմ մասին պատմեցի, հետո այդ օրը երկրորդ անգամ փորձեցի ճշտել անունն ու, այդպես էլ արդյունքի չհասնելով, կնքեցի Անանուն:

Հաջորդ օրը ևս մի քանի անգամ հանդիպեցինք, որից հետո նա կորավ: Հարցուփորձ արի կաթսայատան աշխատողին, ով միաժամանակ պատասխանատու էր ավազանի ջերմության համար, դիմեցի սեղանակիցներիս օգնությանը: Արտաքինի նկարագրությունը խնդրին չօգնեց, մանավանդ նրանք առանձնակի հետաքրքրություն չդրսևորեցին, և հարկադրված էի ապավինել ժամանակին: Որքան հասկացա, շրջակայքը լի էր նման անտերունչ շներով, կատուներով՝ մասնավորապես, և բոլորն օգտվում էին ճաշարանի թերմացքից, այնպես որ՝ հանգստացողները հասցրել էին ձանձրանալ, իսկ աշխատողները պարզապես կուշտ էին:

Նրան գտա պատահաբար: Միայնակ զբոսնում էի ափին, երբեմն-երբեմն քար շպրտում ծովը, հետևում ճայերի թռիչքին, հետո ձանձրելով նույնից, մտա սոճուտը՝ կոն հավաքելու: Մահճակների տակ շարժում նկատելով՝ առաջացա, սակայն քայլ չարած, ստիպված էի կանգնել. գռմռոց էր գալիս:

-Հե՛յ, ինչացու՞ ես, -չիմանալով անելիքս՝ հարցրի, միաժամանակ կռացա՝ ջանալով տեսնել:

Մռլտոցը վայրկյան անց փոխվեց մռնչյունի, և ես, խոստովանանք լինի, աճապարանոք ետ-ետ գնացի, որովհետև տեսա առաջացող մարմինն ու երկու հրացայտ աչք:

-Դե, դե, քո հավին ո՞վ քշա ասաց, -դեռևս չիմանալով, թե ինչ գազանի հետ գործ ունեմ, հաշտ նկատեցի, իսկ աչքս փայտ էր որոնում. մեկ էլ տեսար վրա պրծավ:

-Ախ դու, ավազակ, -ճանաչելով Անանունին՝ մեկից հանդարտվեցի, -այ թե ուր էիր կորել:

Նա շարունակեց ինձ նայել բարկացկոտ, ասես բոլորովին չի ճանաչում: Զայրույթից վերին շուրթը քշտվել էր, առջևի թաթերն ամուր խրել էին խաշամի մեջ: Տպավորությունն այնպիսին էր, թե պատրաստվում է ցատկի:

-Հանգստացիր, քեզ ի՞նչ եղավ, - ձայնիս հնարավորինս փաղաքշանք հաղորդեցի: -Քո թշնամի՞ն եմ, ինչ է:

Խոսքիս տոնը վերջապես ազդեց. շուրթերը դանդաղ ծածկեցին ատամնաշարը, հայացքը մեղմացավ, թեև մնում էր մտերմություն չհանդուրժող: Նիհարել էր, մի տեսակ սմքել, իսկ հայացքում, ինչպես ասացի, չարություն կար, չորություն, բան, որ նախկինում չէի նկատել: Նա հետ-հետ գնաց և, դեմ առնելով դարսակներին, կանգնեց:

-Դե, այդպես ասա, -վերջապես հասկացա ես: -Թե չէ… Մայրությունն է մեջդ խոսում, ինչու՞ կճանաչես:

Չգիտեմ, ըմբռնու՞մ էր, երևի, այո, որովհետև հետզհետե հանգեց աչքերի կրակը, պոչը թողեց, և ներողության պես մի բան կախվեց պռոշից ու թվաց՝ սպին ավելի է խոշորացել:

-Սովել ես, իմ խեղճ Անանուն: Ուրեմն՝ երկու օր պատառ չես առել բերանդ: Իբր, ցնկնելու ցավը քիչ է, հիմա անոթությունն է նեղում: Վախենում ես ձագերիդ մենակ թողնել, հա՞: Ուրիշ ի՞նչ անես, շուրջբոլորդ հազար չուզող, թշնամի աչք կա: Բա հա՞յրը: Ասենք, ի՞նչ եմ հարցնում. ամառ էր, լուսնկա գիշեր, ծովափում մարդ-անասուն՝ բոլորը նույն գործին էին, դու էլ հավեսի ընկար, էլ չասիր՝ էս ձմեռնամուտին ո՞նց եմ պահելու: Այսինքն, ոչինչ, այստեղ առանձնակի ցուրտ չէ, իսկ կեր… Հիմա մի բան կմտածեմ:

Մոտակա կրպակում պանրից զատ հարմար բան չգտնվեց: Երեք հարյուր գրամի չափ գնած՝ աճապարեցի ետ: Դեռ հեռվից, որպեսզի անակնկալի չգա, ձայն տվի: Իսկապես սոված էր, որովհետև մի շնչի կերավ: Այդպես շարունակվեց հինգ օր: Յոթ ձագի համար միայնակ կեր հայթայթել, բնականաբար, դժվարանում էր, ու ջանում էի օգնել: Մի քանիսը ևս իմացել էին և երբեմն-երբեմն անձեռոցիկում փաթաթած կոտլետ, ճարպի կտոր, ոսկոր էին տանում: Ասել եմ՝ մանկությանս տարիներին Չալո անունով շուն ունեինք ու գիտեի՝ դժվարն առաջին մի քանի օրն է: Ամենակարևորը՝ չսառչեն, հետո, երբ մազերը գան, աչքերը բացվեն, ամեն ինչ հեշտ կընթանա: Բայց…

Այդ օրն ամբողջ ցերեկն անձրև էր գալիս: Պատկերացրեք դեկտեմբեր ամիս և՝ անձրև: Չռռում էր ու չռռում: Ճաշից հետո կանանցից մեկի անձրևանոցը խնդրեցի, մի կերպ հասա սոճուտ: Նույնիսկ ալարեցի կռանալ՝ տեսնելու տեղու՞մ են: Կերը շպրտելով՝ նույն արագությամբ դարձա: Հետո ինձ նախատում էի վարմունքիս համար, բայց էլ ի՞նչ: Համբերեք, կպատմեմ հերթականությամբ:

Երեկոյան պատրաստվում էի քնել, երբ դրսից դուռը չանգռեցին: Կարծեցի հավաքարարն է հատակը փայլեցնում, և պատահաբար փայտն առել է դռանը: Սակայն խշխշոցը շարունակվում էր: Բացեցի դուռն ու տեսնեմ՝ Անանունը. պպզած ինձ է նայում: Թե ինչպես էր գտել սենյակիս դուռը, հարկը, մնում է հանելուկ: Բայց այն ժամանակ, հիշում եմ, չզարմացա, պարզապես արցունքոտելու աստիճան զգացվելով՝ ուրախ-ուրախ ներս առա: Ուտելիք, լավ է, ունեի, թեև՝ քաղցրեղեն: Խեղճը ոտքից գլուխ ջուր էր: Առաջին հերթին ոտքի սրբիչով լավ չորացրի, ապա փորձեցի կերակրել, սակայն բերանը բան չառավ: Շարունակ վնգստում էր, քսմսվում ազդրերիս, գլխով ցույց տալիս դուռը:

-Դու՞րս ես ուզում: Մի վախենա, կճամփեմ: Տաքացիր՝ հետո:

Ծիծաղելի չթվա, եթե ասեմ՝ հյուրընկալողի դերում էի զգում, պատասխանատու: Այդ կերպ մարդ հուզվում է, երբ սրտամոտ մեկը տուն է գալիս ու անպայման ուզում ես պատված, գոհացրած լինել:

-Դե, սու՛ս, հարևան սենյակից կլսեն: Առանց այդ էլ ոտնահետքերդ միջանցքում մնում են:

Առաջին հարկի սանդղահարթակի մոտ նրան առաջ թողեցի, սակայն անհանգստությունս անտեղի էր. խցիկում պահակ չկար: Վերարկու չէի վերցրել, առանց անձրևանոցի իմաստ չուներ մթնով ուշ ժամի անտառ ուղեկցելը, և ես դուռը կիսաբաց անելով՝ դարձա նրան.

-Չեմ գալու. տեսնում ես՝ անձրև է, ընդ որում՝ քամու ուղեկցությամբ: Լավ կլինի շարժվես, թրջվեցիր:

Հայացքում աղերսանք, ինչ-որ բանի ակնկալիք կար, որը դեռ վերևում էի նկատել: Նման արտահայտություն մեկ էլ համրերի դեմքին եմ տեսել, երբ ջանում են կարևոր բան հաղորդել, սակայն լարումից պարզապես այտերի մկաններն են պրկում, շրթունքները ծռվում և լայնանում բիբերը: Նա նստեց շեմասալին, իսկ ես դուռը գոցելով բարձրացա՝ այդ օրը, թերևս, երկրորդ սխալը թույլ տալով:

Առավոտյան երկինքը խաղաղվեց: Դրսում տանելի տաք էր, անձրև չկար, և եթե թիկունքի ձյունապատ լեռնակատարները չլինեին, կարելի էր կարծել գարուն է կամ սեպտեմբեր: Նախաճաշից հետո շտապեցի ափ. մասամբ խղճի խայթ էի զգում, բացի դա՝ կամենում էի մոտիկից տեսնել ալեբախությունը, որը, որպես կանոն, առժամանակ շարունակվում է՝ անգամ երկնքի պարզելուց հետո: Օդը մաքուր-մաքուր էր, եթե չհաշվենք աղահոտը: Ծովի վրա այսուայնտեղ փրփուր կար, ինչը ճայերին վախեցնել, իհարկե, չէր կարող: Նրանք թևում էին, ժամանակ առ ժամանակ ձանձրանալով խաղից՝ նստում ջրին և անտարբեր ճոճվում, մինչդեռ ծովը մռնչում էր, ճապուկ գազանի պես ցնցում, տարուբերում մարմինը՝ ջանալով կոհակի տակ առնել իր ուժի առաջ չկեռվողներին: Ցամաքին չհասած՝ վիթխարի հսկան էլ ավելի մոլեգնելով՝ նկատելի կծկում էր պարանոցն ու զայրույթից սպիտակ շրթունքները խածնելով՝ հարձակվում ավազուտների, խճաքարերի վրա, բերանն առնում կոճղարմատներն անգամ, սակայն չկարողանալով կլլել, դեն էր շպրտում, ապա աճապարում ետ՝ վախենալով կորցնել մեծ մորը:

Անանունը ոչ մի տեղ չէր երևում: Կես ժամի չափ կլիներ դեսուդեն էի քայլում ավազներին, դիտում, թե ալիքներն ինչպես են մաքրում ոտնահետքերս, երբ գլուխս բարձրացնելով՝ տեսա նրան: Բերանում բան կար: Հասնելով՝ դրեց, այնուհետ սկսեց ճանկերով քանդել ավազը, ապա բերածը, որ մսակտոր թվաց, դնչով գլորեց փոսը, նույն հապճեպով ծածկեց և, գլուխը դնելով հողաթմբին, գոցեց աչքերը: Այնքա~ն խղճահարույց էր տեսքը, ողջ տեսարանը, որ սարսռացի, միաժամանակ գլխի ընկա․ բերածը ձագերից մեկն էր: Այո, այո՛: Գիշերն ինչ-որ բան էր կատարվել, ավելի ստույգ՝ երեկոյան, երբ անձրև էր, քամի, այլապես նա չէր գա: Ոստնելով՝ վազքով հասա մահճակներին: Պարզվեց, ողջը մետաղալարով կապած է իրար. հավանաբար գողությունից զգուշանալու համար էին այդ կերպ վարվել: Դա մի փոքր կոտրեց վճռականությունս, գիտեի, որ նկատելու դեպքում կմեղադրեն, այդու մտադրանքիցս հետ չկանգնեցի: Պարզապես ավելի դանդաղ էի աշխատում՝ ջանալով նույն կարգով վերադարսել, բան, որ ժամանակ էր խլում:

Անանունը մեկնվել, չէր շարժվում, սակայն երբ հասա ցածի շարքերին, ելնելով՝ թույլ-թույլ մոտեցավ: Հայացքում թեթևակի, աննշմարելի զարմանք կար, կյանքը, շրջապատն ինչ-որ չափով ըմբռնելու նշան, նաև՝ հույս: Անհամբերությունից գլխի կողմից ուժ տալով ՝ վերջին մահճակները կտրեցի գետնից: Կասկածներ սկզբից ևեթ ունեի, այդուհանդերձ անակնկալի եկա: Գուցե դեսուդե՞ն են փախել: Զգույշ, որպեսզի չճխլեմ, իջեցրի դարսակն ու մեկ առ մեկ կողմ տարա: Շերտավոր լաթի կտորները, տրորած գետինը, մազի փնջերը բնի գոյությունն էին վկայում: Իսկ ձագե՞րը: Լաթի ծվեններից մեկին մուգ բծեր տեսա, բայց դժվար էր ասել՝ արյու՞ն է և կամ՝ ո՞ր օրվա: Մանկուց գիտեի՝ արու շները նորածին քոթոթներին երբեմն դաժանորեն խեղդում են, հոշոտում: Գուցե մոր՝ բնում չեղած ժամանակ նման մի բան էլ այստե՞ղ է կատարվել:

-Խոսիր, մի բան ասա, -աղերսանքով Անանունին դարձա:

Ապա ուշադրությունս գրավեց բնի թացությունը: Խիտ դարսած փայտազանգվածի միջով անձրևը դժվար թե անցներ: Ջուրը կարող էր լցվել միայն կից շինության տանիքից: Այդպես էլ կար. ջրհորդանները ծովին են նայում: Հորդացող ջուրը բետոնի վրայով հոսել էր, լցվել բույնը:

-Մի նայիր ինձ այդպես, այդքան խղճալի: Մեղքի բաժին ինչ-որ տեղ գուցե ունեմ, բայց դու… Քեզ մեղադրիր: Մայրական բնազդդ ինչպե՞ս սխալվեց: Ուրիշ անգամ չռռոցը չէի՞ր լսել, չգիտեի՞ր, որ ջուրն այստեղ մի ճամփա ունի:

Կանգել, կենդանական հայացքով ինձ է նայում:

-Բոլորի՞ն ես թաղել՝ ծովի հարևանությամբ, ծփանքին ունկնդիր: Հավերժ հանգիստ անմեղ ձագուկներին: Դեռ մեծանային պիտի, թավալ տային ավազներին, մեկմեկու ականջ կծոտեին, ամռան արևը գգվեր պիտի, սեր պետք է գտնեին ու ինչե՜ր չտեսնեին, բայց… Թող քեզ սփոփի այն միտքը, որ նրանք այս անցավոր աշխարհից գնացին առանց հոգիներին մեղք բարդելու:

Ձայնիս հնչերա՞նգն էր լալագին, թախծոտ - Անանունը մոտեցավ, գլուխը հպեց ծնկներիս. ինձ էր սփոփում: Այդպես մնացինք, երևի, երկու րոպե: Ես գլուխն էի շոյում, իսկ նա կանգնել, սպասում էր, հետո հրավիրող հայացքով քայլեց հանգստատան ուղղությամբ: Հասնելով կիսաբացօթյա սրճարանին, որը տարվա այդ եղանակին փակ էր, առաջացավ, կանգնեց ճաշասեղանի ու սալօջախի բացվածքում կիտած ճոճաթոռների առաջ: Նույն պահին կուտակի տակ բան շարժվեց, ու մի շատ պստլիկ քոթոթ վազեվազ մոտ եկավ: Մայրը մեկնվեց սալահատակին, իսկ նա դնչիկով զարկվեց կրծքին՝ շփոթմունքից չիմանալով որ պտուկը բերանն առնի: Ի վերջո բռնեց մեկն ու կախ ընկավ, մնաց: Հենվեցի մուտքի սյանը՝ սպասելով մյուսների հայտնվելուն: Սակայն, ինչպես գլխի ընկաք արդեն, ուրիշ քոթոթ չկար, թե լինեին, վաղուց կզգային մոր ներկայությունն ու որտեղ էլ լռված լինեին, ձայն կտային, մոտ կվազեին: Այդու մեկը ոչնչից լավ է: Վիշտն իմը չէր, ուստի երբ փոքրիկն ուտելն ավարտեց և տռզած՝ ելավ մոր փորին, ժպիտը դեմքիս անվարան մոտեցա: Անանունն ուղղվեց՝ պարկեշտորեն ծածկելով ամոթատեղերը, իսկ ես ձեռքս առա քոթոթին, սկսեցի փաղաքշել:

-Առյուծաձագս, կորյունս, քեզ այլևս մահ չկա, դու փոթորկին ես նույնիսկ հաղթել: Վաղամեռիկ եղբայրներիդ, քույրերիդ բաժինը ևս կեր, շուտ ուժովցիր և ապրիր նրանց փախարեն նույնպես, նրանց կյանքը ևս՝ այս արևոտ, կանաչ-կանաչ աշխարհում:

Քոթոթն ի պատասխան մատս առավ բերանը: Ատամ դեռ չուներ, աչքերը նոր-նոր բացվել էին, մարմինը մազակալել: Օրեր հետո նա իսկապես կլորվեց, գեղեցկացավ և լավ եղանակի դեպքում հադգնում էր դուրս գալ արևի տակ տաքանալու, հասնել գլխավոր ճեմուղի, ուր անցուդարձողներ կային: Մայրը մոռացավ ցավը, մյուս շները հանդուրժեցին քոթոթի գոյությունը, կատուներն սկսեցին զգուշանալ, իսկ մարդիկ… Նրանցից մի քանիսը դժգոհել էին, որ գիշերները հաչոցների պատճառով քուն չունեն, հետո մեկը, իբր, տեսել էր շանը ավազանում լողանալիս, նույնիսկ Անանունի ձագի մասին էին տնօրենի մոտ խոսք բացել, իհարկե, ծաղկեցրած: Գուցե իսկապես կենդանին լողավազան մտել էր: Հնարավոր է, նրանք վերքերն աղաջրով ապաքինելու փորձ ունեն և կարող էին ծովի սառը ջրի փոխարեն հանգստացողներիս պես գերադասել ավազանինը, գուցեև իսկապես նրանց ներկայությունը ոմանց նյարդերի վրա ազդում էր և վարակի վտանգ կար, չգիտեմ, բայց այն, ինչ կատարվեց երկու օր հետո, սահմռկեցուցիչ էր:

Արթնացա կրակոցից: Թնդյունից ապակիները զրնգացին, ապա՝ լռությունը սղոցեց շան աղեկտուր կլանչը, որը գնալով մարեց: Բաճկոնն ուսերիս պատշգամբում ծխում էի, անորոշությունից գլուխ կոտրում, երբ հեռվում լապտերներ շողարձակեցին, այնուհետ նոր կրակոց լսվեց, ինչին հետևեց երկրորդն ու վերստին՝ շան կաղկանձ: Նկատեցի՝ ուրիշ դռներ ևս բացվեցին, և դարձյալ մի քանիսը կախ ընկան բազրիքից: Ամեն ինչ պարզ էր: Հագնվելով՝ ցած վազեցի աստիճաններով, սակայն հերթապահը չթողեց:

-Տնօրենից կարգադրություն կա, վտանգավոր է. թափառող կենդանիներին ոչնչացնող ջոկատ ենք հրավիրել:

Թևաթափ ետ գալով՝ ելա պատշգամբ: Ձայները, որ ծովափից էին գալիս, մոտեցան: Պատրաստվում էի նախատել, երբ վերևի հարկից մի կին պոռթկաց՝ կանխելով իմ ելույթը:

-Գազաններ, ինչպե՞ս կարելի է: Քրիստոսը կպատժի ձեզ: Աստծո կրակը ձեր գլխին…

Հիմա ամեն ինչ չեմ հիշում: Թե անեծքների տարափ տեղացողն ու թե ես ու մյուս ունկնդիրները գիտեինք, որ նրանք ընդամենը հանձնակատար են, որ իսկապես էլ շներն ու կատուները պատուհաս էին դարձել, բայց հաշտվել խնդրի նման լուծման, սպանդի հետ, անկարելի էր: Մեր բուռն դժգոհությունը նրանց համար, ակնհայտորեն, անակնկալ չէր. ամեն աշխատանք առանձնահատուկ կողմ ունի: Հրացանավորներն էլի մի կես ժամի չափ կրակեցին, հետո դիերը հավաքելով՝ նստեցին մեքենան և հեռացան:

Մի կերպ լուսացրի, ապա, չսպասելով նախաճաշին, վազեցի սրճարան: Քոթոթն այնտեղ էր, իսկ Անանունը… Մինչև կեսօր փնտրեցի, սակայն ապարդյուն: Ենթադրում եմ, վտանգը ձագից հեռացնելու համար ծովափի կողմն էր գնացել՝ դառնալով հարմար թիրախ: Որոնումների ընթացքում էլ որոշեցի անելիքս: Երեք օրից ուղեգրիս ժամկետը լրանում էր: Ինքնաթիռի տոմս զլացել էի պատվիրել, և ասել էին, որ վերջին պահին մոտենամ՝ թռիչքից առաջ: Կասկածների մեջ չգիտեի՝ գնացքով տուն դառնալ, թե՞ սպասել պատեհությանը: Հարցի լուծումը տվեց քոթոթը: Վե՛րջ: Նրան հետս եմ վերցնում: Հենց այսօր: Հիմա՛: Նախընտրելին, անտարակույս, գնացքն է: Նրա համար տեղ կճարվի, հեչ որ չէ՝ կրպակավաճառից ստվարաթղթե արկղիկ կխնդրեմ:

Անանունի սերունդը պիտի՜ ապրի:
    
    

ԱՆԳԱՄ ՁՅՈՒՆՆ ԷՐ ՍԵՎ, ԵՎ ԱՐԳԱՆԴՈՒՄ ԽՓՈՑ ՉԿԱՐ


    

Կախականջը նման գարուն չէր հիշում: Պատահել էր՝ ցուրտը վրա տա, նոր պտկած ծառերին, կանաչին ձյուն նստի, ջրափոսերը պուզ բռնեն, բայց նման բան՝ չէ, չէր մտաբերում: Գալիս էր ու գալիս, թափվում էր անկանգ, անտես, ասես, ոչ ձնհալ էր եղել, ոչ առուների խոխոջ, թափվում էր՝ հաշվի չառնելով, որ Կախականջը դեռ մեկ ամիս առաջ, բնության ձայնին հլու, Պոչիկ ձորով ընդառաջ էր գնացել Սևամեջքի կանչին ու ետ եկել՝ սիրո սաղմով ծանրաբեռ, ուրիշ ճամփով, որպեսզի հետո, երբ ձագուկներն աշխարհ գան, հայրը չառնի նրանց հոտը, չիմանա նրանց տեղը, նրանց գոյությունը: Էլի մի տասնհինգ, քսան օր, ու նա ծննդաբերելու էր՝ ապահով, համոզված, որ կերի պակաս չի լինի, իրենն են հեղեղատի խոտն ու ծաղիկը, զուլալ առուն՝ Դևնոցի մամռոտ պատերից սկիզբ առնող: Բույնը մոռացված քարհանքի մոտ էր լինելու, արդեն աչք ուներ դրած, մասրենու թփերով պատսպարված խորշում, ուր չոր էր, ողողման վտանգից հեռու, եթե անձրև գար, եթե նույնիսկ վարարեր գետակը:


    

Անցյալի սխալն էլ չէր կրկնելու: Այն ժամանակ պակասում էր փորձը. տեղը գետին մոտ էր ընտրել ու վարարումներից մեկի ժամանակ, երբ ջրի հորդանալը տեսնելով՝ ձսգերից, թերևս, ամենադիմացկունին, ամենալավին վերև տանելուց հետո ետ եկավ, բույնն արդեն չկար, պղտոր հորձանքի տակ էր մնացել: Ամեն ինչ Կախականջի ուզածի պես էր լինելու, տասն անգամ մտովի տեսած-երևակայածից ավելի լավ, և ամեն անգամ արևի գալուստը նա դիմավորելու էր ծաղկաշատ լեռնանցքում, ձագուկների հետ՝ ականջում մամռոտ պատերն ի վար ծորող ջրերի ճլճլոցը, գետի խուլ ձայնը՝ ներքևից, արտույտների երգն ու մեղուների բզզյունը: Բայց… անժամանակ ձյունը խառնել էր ծրագրերը, և գունեղ պատկերներին փոխարինելու էին եկել անորոշ տագնապը, երկյուղը՝ ցրտաշունչ լուսաբացին եղյամապատ խորշում ցնկնելու մտքից:


    

Ձյան տակ էին մնացել թե նորելուկ կանաչը, թե հերվա խոտը: Ոչ մի շյուղ, ոչ մի ծեղ, որ ատամի տակ առներ, մեղմեր ստամոքսի ցավը: Կախականջն առջևի թաթերը գետնից կտրելով՝ փորձեց հասնել մասրենու գետնամերձ ճյուղերին: Երկրորդ ցատկն ավելի հաջող ստացվեց, ու նա կախվելով մասրենու չորուկից՝ քաշքշեց: Ցնցումից սունկ-հսկան փուլ գալով՝ ծածկեց նրան: Կենդանին երկյուղած մի կողմ թռավ, սակայն խախուտ սավանին մնալը դժվար էր, ու նա գլխովին թաղվեց, մի պահ անօգ թպրտաց ձյուների մեջ: Այսուայնտեղ կարմրին տվեց աշունքվանից մնացած հատապտուղը: Ուժ առնելով՝ վերստին հայտնվեց թփի տակ: Մացառուտում առաջանալ չէր համարձակվում, թեև խորքերում ձյուն գրեթ չկար, գայթակղիչ փայլ ունեին թափված մասուրները, հաստ շերտով գետինը բռնած խաշամը: Գիտեր կոնաձև փշերի զորությունը. կեռված ականջաբլթակը չմոռացվող դաս էր, հարկադիր ծանոթության արդյունք:


    

Հիշեց… Գամփռը քարափի գլխին իրեն էր ուտում, լեզուն դուրս գցած գնում-գալիս, կիրճ տանող ուղի փնտրում: Լեղաճաք դիմեց քարհանքի կողմը, սակայն կեսճամփին տեսնելով ընդառաջ եկող ահարկու գազանին, սուրաց, ուղղակի մխրճվեց մասրուտը: Ասեղները սանրեցին մեջքը, բլթակը տաքացավ, բայց փույթ չէր, մորթու մասին հետո կհոգար: Շունը հասավ, զարկվեց մացառուտին, փորձեց սողոսկել: Մետրի չափ տարածություն էր բաժանում: Ատամների կափակափյունը, ընդհատ շունչը, վայրի հայացքը… Կիսամեռ սպասում էր վախճանին: Ուժը հազիվ շնչելուն էր հերիքում: Արյան հոտից, մասրենու ճանկերում մնացած մորթու ծվենների տեսքից, իր մերձությունից՝ նույնպես, գազանը դիվահար եղավ. մոլեգին հաչում էր, կրակ կտրած պտտվում թփուտի շուրջը: Նախրապահը վերևից կանչեց, իսկ նա՝ աչքն արյուն, մոռացել էր նախահոր երդումը՝ մարդուն: Ի վերջո շունը հեռացավ՝ պոչը ցից, եթե մնար, ինքը հաստատապես վախից ոտքերը կպարզեր, կդառնար կեր մրջյուններին: Հետո մի շաբաթ ձախ ականջն այրվում էր, ապա ցավը մեղմվեց, անցավ, բայց բլթական այդպես էլ ջարդված ցողունի պես մնաց կախ, լոշտակ: Դեռ լավ է, նապաստակները մարդկանց նման միատեղ չեն ապրում, իրար ծաղրել չունեն, թե չէ պիտի շարունակ ամաչեր ֆիզիկական թերությունից, խուսափեր հանդիպումներից: Միակ մտերիմը Սևամեջքն էր, որի համար, սակայն, առավել կարևորը, հետաքրքրականն ու ցանկալին ականջի հակառակ բևեռն էր: Մի փոքր, թերևս, լսողությանն էր խանգարում, բայց, դե, գլուխ հանում էր:


    

Կախականջը մտաբերեց Դևնոցը. այնտեղ տաք է, քամուց պատսպարված, թեքությամբ իջվարող ձյունը դժվար թե աղբյուրի շուրջն աճած կանաչը ծածկած լինի: Հեչ որ չէ՝ պատերի մամուռը կա ու կա: Մինչ Դևնոց կլիներ, երևի, հարյուր հիսուն քայլ: Եթե եղանակն ուրիշ լիներ, տարածությունը կանցներ մեկ-երկու րոպեում, բայց հիմա… Ոչ թե գնում էր, այլ վարում ձյունը, ետքից բացվածը ոչ թե ոտնահետք էր, այլ ակոս, միայն թե ոչ ուղիղ՝ ինչպես արտում է: Ծանրած փորը մի կողմից էր խանգարում, փափուկ ձյունը՝ մյուս: Միակ սփոփիչն այն էր, որ չէր հասցրել փոխել մորթու գույնը, և նկատվելու վտանգ չկար, եթե, իհարկե, գաղտուկ չմոտենային:


    

Մատուռը ձյան տակ կքել, քարը քարին մի կերպ դիմանում էր: Ներսում ձյուն չկար, և բաց դռնից սևին էր տալիս սալահատակը: Պատերից կախ զանազան ասեղնագործ լաթեր կային՝ մի տեսակ լղպոր ու վանող, մի քանիսի ծոփքերն այրված, կեղտակուր: Քարերը, հատակն ամբողջ, ծիսապարագաները պատած էին հալված մոմով: Օճորքը սև էր, ծխահար, նույնը՝ պատերը: Միայն մի տեղ կարմրին էր տալիս տուֆը՝ հենց տեղի քարհանքից, ով իմանա որ դարում հանած: Մոմակալներից մեկը որմնախորշից ընկել էր ցած, գլորվել մատուռի անկյունը: Կիսահալ մոմն այդպես էլ տափակած սառել էր խորանի առաջ, ընկած տեղում: Կախականջը հոտոտեց, բերանն առավ: Զզվելի անդուր համն ու թույլ նավթահոտը արհեստական ծագման մասին էին վկայում: Հետաքրքիր այլ բան չգտնելով՝ դուրս եկավ: Համատարած ճերմակության մեջ ընդգծվեց խաչքարերի շարուկը: Բայց նա ընդամենը նապաստակ էր՝ արվեստի արժեքներից գլուխ չհանող, բացի դա՝ քաղցը նկարչագեղ տեսարանով զմայլվելու տրամադրություն չէր թողնում: Հասնելով ժայռին՝ Կախականջը քայլերը դանդաղեցրեց: Դևնոցի պատերը վերից վար ծեփված էին ձյունով, ջրի չռռոցը խլացել, ևս ուրիշ էր: Մամուռին հասնելու համար շրջանցեց Մեծ քարը: Չնայած ձյան առատությանը, մեկ-երկու քայլից թաթիկները թրջվեցին, քիչ մնաց շրմփա ջուրը, ու նա ետ-ետ գնաց. անհույս գործ էր:


    

Երկինքն ի վերջո պարզեց մթամած դեմքը, տրվեց սկզբում՝ չկամ, ապա՝ ինքնաբուխ, նման այն կնոջը, ով առաջին անգամ է ապրում միաժամանակյա վայելքի բերկրանքը: Ամպածրարը բացվեց, ու ամեն արարած վերստին հայացքը գետնից կտրելու, տիեզերքի բաբախյունն առնելու, նրա կանչը լսելու հնարավորություն ստացավ: Երկիր մոլորակի վրա նման պարապ զբաղմունքի համար, սակայն, քչերը ժամանակ ունեին, համենայնդեպս՝ ոչ Կախականջը: Գոնե ձյունը քիչ լիներ. թաթերով ետ կտար, կհասներ նախորդ տարվա խոտին, բանջարանոցները կմտներ: Թեկուզև սևացած՝ կաղամբակոթն ու ցրտահար կարտոֆիլը չեղածից լավ են: Իսկ եթե շրջանցի ֆերմա՞ն: Դժվարը խոտի դեզերին հասնելն է՝ կեր, ինչքան ուզես: Մայրն է սովորեցրել ճամփան: Գետի ուղղությամբ կիջնի, Չռիկի մոտ երեխաների բացած նեղաղոտ կածանով կելնի աղբյուրի թաղն ու, Նախավկա առուն բռնած, կգնա մինչև գոմերը: Ճանապարհի ամենադժվար հատվածն այդտեղ է: Թե շները հոտն առան, վերջ, ավելի լավ է կորնգանի հյութեղ խրձերը մտքից քշելով՝ փախչի, ազատի գլուխը: Նախանցյալ տարի մայրը, եղբայրներից երկուսը նրանց բաժին դարձան: Հանրային գոմերից խոտնոց տանող ամենակարճ ճամփան ծիրանուտով է անցնում: Դժվար էլ չէ: Շարան քարերի մոտ պիտի միայն հատի ջուրը: Նույն՝ Պոչիկ ձորի գետակն է՝ արդեն հարթավայր իջած: Թե սառած չեղավ, ստիպված կլինի ճամփով գնալ, կամրջով: Վերջին մետրերն աչքերը փակ էլ կանցնի…


    

***


    

Բաբիկն այդ օրերին որսորդական պատմվածքներ էր կարդում: Նրանցից մեկը՝ աղվես բռնելու մասին, հետաքրքրական թվաց, աքլորի օգնությամբ կենդանուն հրապուրելը՝ հնարամիտ: Պատմությունն այն մասին էր, թե երկու ընկեր ինչպես են թռչնին հասցնում գյուղից ոչ հեռու գտնվող այրերից մեկն ու սպասում մութն ընկնելուն, ապա սկսում պարկը խոթած աքաղաղին անհանգստացնել, քաշքշել փետուրներից, կսմթել կատարը, փափուկ տեղերը, այնքան, մինչև սա ցավից ձայնը գլուխն է գցում, ձորը լցնում ցեղին հատուկ կչկչոցով: Աղվեսն էլ /ո՞վ է հորինել, թե նրանք խորամանկ են ավելի, քան մարդը/, անսալով խելքահան անող թռչնականչին, շուտափույթ ընթրելու մտքից նվաղուն՝ դիմում է անձավի կողմն ու ընկնում դիմահար կրակոցից: Այդպես՝ մինչև լուսաբաց, եթե, իհարկե, հավատալու լինենք որսորդների պատմածին: Գրքում ակնարկ կար նաև առատ ձյան դեպքում նապաստակների՝ խոտի դեզերին ապավինելու մասին: Սրանից ավելի ձյունաշատ օ՞ր: Տատն ախուվախ է անում՝ գարնան գլխին ցրտերի ընկնելը համարելով վատ նշան: Չէ մի՝ ի՞նչ պատերազմ, ինչ բան: Ձայն չտա՞ Մուշոյին: Նրա քեռու հրացանը երկփողանի է: Տանն էլ կինարմատներն են մնացել, գլխի չեն ընկնի: Չմրսելու համար հոր քուրքը կարելի է հագնել: Բա ձեռնոցնե՞ր... Առանց թաթմանի էլ կարելի է, դրանք միայն կխանգարեն: Պահակը կաղ Անդոն է: Ցերեկը ոնց որ թե խանութում տեսավ. արաղ առնելու էր եկել: Էս ցրտին հազիվ թե վառարանը թողած՝ դեզերի կուշտը պտույտ տա: Այսինքն՝ կարգին խոտ էլ չի մնացել՝ հազիվ չորս-հինգ սայլաբեռ: Ծղոտի շեղջերից մեկը, այ, լրիվ կանգնած է, դրա մեջ էլ կթաքնվեն՝ դարպասի դիմաց: Խոտնոց մտնելու ուրիշ ճամփա չկա: Կսպասեն ու՝ հենց մոտեցավ, կթրխկացնեն: Առաջինին, երկրորդին... Կարելի է արյան վրա ձյուն շաղ տալ, որ ետքից եկողները հոտը չառնեն: Կրակոցը դժվար լսվի. գյուղից ահագին հեռու է: Միայն թե Անդոն մտքափոխ եղած չլինի: Հերսոտ մարդ է, որ բռնեց... Էնքան էլ արագ է վազում՝ առողջից լավ: Բայց, ոչինչ, ճանապարհը նրանց տան մոտով է անցնում, լուսամուտից ներս կնայեն...


    

Գիշերվա մի ժամի նրանք դուրս եկան գյուղից: Հրացանը Մուշոն էր ուսել, Բաբիկի անութի տակ փայտ կար, որպեսզի շներից պաշտպանվեն: Երկուսի գրպանում էլ արևածաղկի սերմ էր, սակայն առայժմ չէին չրթում: Բաբիկին քուրքի՝ շուտ-շուտ ոտքի տակ ընկնող փեշերն էին խանգարում, Մուշոյին՝ հրացանը: Այդուհանդերձ երկուսի տրամադրությունն էլ բարձր էր. ապագա սպանդի մանրամասներն էին քննարկում, փորձում գուշակել սպասվելիք որսի քանակը: Հրացանազարկ կանեն բոլորին, մինչև վերջին նապաստակը, կախ կտան մորթիները ձեղունից, մսից խորոված կանեն, խաշլամա, կտապակեն կարտոֆիլով, շներին կկերակրեն: Որսորդական տենդը համակել էր նրանց ու մոռացել էին ուսուցիչների խրատները՝ բնւթյունը պահպանելու, կենդանական աշխարհին վնաս չպատճառելու, բարության մասին ընդհանրապես: Էլ չգիտեին, որ նախորդները տարիներ, տասնամյակներ առաջ նույնքան անխնա կոտորել են գրեթե բոլոր չորքոտանիներին՝ դաշտերում ու անտառներում, սարերում, ձկներին՝ ջրում, թռչուններին՝ օդում, ու մնացել են քչերը, վերջինները:


    

***


    

Վերջիններից մեկն էլ Կախականջն էր, որ թողած Պոչիկ ձորն ու Դևնոցը, ճամփա էր ընկել՝ հագեցնելու քաղցը, փրկելու ժամանակ առ ժամանակ ներսում՝ իր մեջ խլվլացող, իր մասը հանդիսացող ձագուկներին: Նման պայմաններում գյուղը շրջանցելը, այն էլ հղի, իհարկե, հեշտ չէր ու, գոմերն անցնելուց հետո, Կախականջը դուրս եկավ խճուղի, ուր ձյունը համեմատաբար պինդ էր, քայլելը՝ դյուրին: Քիչ անց պարզորոշ ուրվագծվեցին ծիրանենիների բները, խոտնոցի պարիսպն ու դեզերը: Երևում էր, մեքենաներ էին անցուդարձել, հետո ձյունը ծածկել էր հետքերը, բայց՝ մասամբ: Դողերի դաջվածքը կամրջից այն կողմ թեքվում էր խոտնոցի կողմը: Հասնելով դարպասին՝ Կախականջը կանգ առավ, ականջ դրեց: Ոչ մի շշուկ՝ չհաշված գյուղի մյուս ծայրից հասնող շնահաչը, որից վախենալ, անշուշտ, չարժեր: Միակ կասկածելին ոտնահետքերն էին, հազիվ ընկալելի մարդահոտը, որ ավելի արևածաղկի կեղևներից էր գալիս /նրանք, երևում է, գտել էին ընթացքի ժամանակ չրթելու եղանակը, չէին համբերել/: Հավանաբար մի ժամ առաջ են եղել դեզնոցում, - որոշեց Կախականջը: Մեկը ետքից բան էր քարշ տվել, նման Տերտերի ձորի աղվեսին, որը մոլորեցնելու համար իրենից հետո պոչով ավլում է հետքը: Սատանա, կարծում է կխաբի:


    

Եթե քաղցը, առողջ ձագ ունենալու բնազդը չլինեին, նա հետ կդառնար, բայց հիմա՝ այսքան ճանապարհ կտրելուց հետո… Կախականջը մեկ անգամ ևս դիտեց չորս բոլորը և, կասկածելի ուրիշ ոչինչ չգտնելով, նապաստակային մանրիկ ցատկերով առաջացավ: Մի քանի քայլ անում, կանգնում էր, վարանքի մեջ ուզում շրջվել, սակայն ծղոտի կիտուկը ձգում-կանչում էր, ու նա, աչքը չկտրելով դիմացը հսկայորեն, խրոխտ, ժայռի պես ցցուն բարդոցից՝ սկսեց ցատկ ցատկի ետևից անել՝ այլևս անզգույշ: Արդեն քիչ էր մնում, երևի, հիսուն մետրի չափ, երբ դեզի մեջ շարժում նկատեց, ավելի ստույգ՝ շրշյուն որսաց: Ցանկացավ դառնալ, բայց աչքերի առաջ ինչ-որ բան փայլատակեց, հետևեց ճայթյուն, և մի սոսկալի ուժ նրան գետնից թռցնելով՝ շպրտեց ձյուների մեջ: Չհասկանալով կատարվածը՝ փորձեց ոտքի ելնել, սակայն չկարողացավ, ուժ առնելու մտադրությամբ ուզեց օդ ներս քաշել, սակայն՝ անօգուտ: Այդ պահին էլ՝ արդեն մշուշի մեջ տեսավ իր կողմը վազող տղաներին: Չլինի՞ գալիս են օգնելու: Թե՞… Այդ ե՞րբ մարդը դարձավ նապաստակների, բնության մյուս արարածների բարեկամը: Առավել զարմանալին, այդուհանդերձ, ոչ թե հանկարծաբար հայտնված մարդիկ էին, այլ այն, որ ոչ մի ոտնաձայն՝ բացարձակ ոչ մի, չէր առնում: Լուռ, սոսկալի լուռ էր շուրջը և խավար: Անգամ ձյունն էր սև, և արգանդում խփոց չկար:


    

Դա վերջն էր:


    


    
    


    

ՃՍՏԼՈՆ


    

Նրա համար հինգերորդ հարկ հասնելը դատարկ բան էր: Վարդագույն տոտիկներով կառչում էր նկուղի ցցվածքներից, հասնում ջեռուցման ժանգակեր խողովակին, ապա լարախաղացի ճարպկությամբ մղվում օդամուղի բացվածքը: Հոպ՝ ցատկ էր կատարում և հայտնվում բետոնե խոռոչում: Մինչև հինգերորդ հարկ մի շնչի էր ելնում՝ հենարան ունենալով կոյուղատարը: Մեջքով հենվում էր ողորկ, սառը պատին, ոտքերը դեմ տալիս չուգունե խողովակաշարին, բարձրանում: Միջանցիկ քամուց մազերը տափակում, կպչում էին մարմնին, խոնավ դնչիկն ավելի էր սրվում, հաստաշուրթ խողովակից տարօրինակ ձայներ էին գալիս, քթին էր առնում անախորժ հոտը, բայց նա այդ ամենին սովորած լինելով՝ սառնասրտորեն շարունակում էր վերելքը: Միացումներից մեկում լպրծուն բան կար դուրս տված, որ ծորացել է խողովակն ի վար: Առաջին անգամ ոտքը պլստաց, քիչ մնաց գահավիժի: Կես մետրի չափ տարածություն էր: Հիմա, նախքան հասնելն արագացնում էր ընթացքն ու, ոտքերը գրեթե չհպելով խողովակին, սուրում վեր՝ մինչև թաթիկների տակ վերստին հայտնվի չոր մետաղը:

Հինգերորդ հարկում բաժանվում էր կոյուղատարից. ճամփան փակում էին արկղերը, այլ հնոտիներ, որ հարթակում կենողներից մեկն էր լցրել: Առաջին օրը, դեմ առնելով խորդանոցին, շվարեց: Ուտելի ոչինչ չգտնելով՝ ուզում էր ետ դառնալ, երբ նկատեց անկյունի փոքրիկ ճեղքը: Անվարան մտավ: Սնամեջ ծածկապանելը ձգվում էր մի հեծանից մյուսը, ավարտվում միջնապատի գլխին: Հետաքրքրասիրությունից մղված՝ թունելախորշով բացարձակ խավարի մեջ առաջացավ: Մոլորվելուց չէր երկյուղում. ետդարձի ճամփան կար ու կար: Վերևից ականջին մինչ այդ անծանոթ ձայներ էին հասնում՝ խուլ, հազիվ լսելի: Գրավիչ բան կար դրանում, նման չէր ոչ վերելակի ամենօրյա աղմուկին, ոչ ջրի խողովակների թշշոցին, ոչ գվվոցին, որ մթնդած օրերին փշրված ապակիներով պատունաններից նկուղ խուժած քամին էր հանում: Դժվար է ասել, նա դեպի ուր կսկսեր ճանապարհ բացել, եթե տարօրինակ, դյութիչ ձայնն ականջը չընկներ՝ ներքև՜ չորրորդ հարկի բնակարա՞ն, ուղիղ, որ կողքի երեք սենյականո՞ցն էր տանում, թե՞հետաքրքիր ոչինչ չգտնելով՝ կվերադառնար:


    

Պատի ու հեծանի միջակայքում լցված շաղախը պնդություն գրեթե չուներ: Առջևի թաթերով պոկում էր, փորատակով փոխանցում ետևի ոտքերին, հրում մի կողմ: Մաքրելով, ճամփա հարթելով հասավ երկու սալի միջակա բացվածքին: Գաջն ավելի ամուր դուրս եկավ. հարկադրված գործի դրեց նաև ատամները: Երբեմն-երբեմն դադար էր տալիս, ականջ պահում՝ մեղեդին, հո, չի՞ կտրվել: Ծարավել էր: Գաջից անդուր թթվահամ էր առնում: Եթե ջուր լիներ, կողողեր բերանը: Մի ժամի չափ կրծոտելուց հետո նույն ճամփով դարձավ և ուղղվեց ներքնահարկի այն անկյունը, որտեղ միշտ խոնավ էր. գլխավոր փականը թեև քիչ, ջուր էր թողնում: Մի քանի կաթիլ առավ բերանը, վերստին աճապարեց վերև:


    

Մկան գլխավոր ձենքը համառությունն է: Արդեն կեսօրին հասել էր հատակի եզրափայտին: Հոգնություն չէր զգում: Թովվել էր բնակարանից եկող ձայներով, որոնք հիմա պարզորոշ լսելի էին: Հաճարի փայտը, իհարկե, մկնիկի ատամի բան չէ: Սակայն մեր հերոսը, ի տարբերություն նույն նկուղում ապրող ցեղակիցներից շատերի, համառությունից բացի այլ զենք էլ ուներ՝ փորձառություն: Նա շուտ գլխի ընկավ՝ ինչն ինչոց է և փայտը սղոցելու փոխարեն, շարունակեց մանրիկ ատամներով փշուր-փշուր անել շաղախը: Վերջապես լույսի բարալիկ շիթ հայտնվեց, ու նա ուժ առած՝ ատամները դարձյալ խրեց գաջի մեջ: Քիչ անց ճանապարհը բաց էր:


    

Մկնիկը մարդու նման ձեռքեր չուներ, այլապես մատներն ինքնաբերաբար կխցկեր ականջները. այդչափ զորեղ հնչյուններով էր ողողված բնակարանը: Նա ընդամենը ճստլո մուկ էր՝ փխրուն նյարդերով, մարմնին համապատասխան սրտիկով, ուստի անակնկալի գալով՝ փախավ: Շուտով, սակայն, հետաքրքրասիրությունը նրան կրկին ետ բերեց: Մեղեդին այժմ ուրիշ էր. ասես կրկնվելիս լիներ այն օրը, երբ կյանքում առաջին անգամ հասավ նկուղի բաց դռանը և ելավ փողոց: Ի՜նչ օր էր. մի արև երկնքում, մյուսը՝ անձրևաջրի լճակում, թռչունները ճռվողում էին, օդը մաքուր էր, թափանցիկ, և աշխարհն ամենևին նման չէր իր տեսածին, ուր ամենահետաքրքրական զբաղմունքը աղտեղությունը խառնշտորելն էր:


    

Անցքը մահճակալի տակ էր՝ գլխի կողմում: Ճստլոն զգուշորեն առաջացավ: Սկզբում ոտքեր երևացին, որոնք մեկ մի ոտնակն էին սեղմում, մեկ՝ մյուսը: Ապա մարդու իրանը տեսավ, գլուխը և մի փայլուն, երկարուկ արկղ: Սրտագրավ մեղեդին այնտեղից էր ելնում: Առաջին ցանկությունը ոսկեգույն տաշեղ հիշեցնող ոտնակներն ատամի տակ առնելը, համը փորձելն էր, բայց թե մարդու ոտքն ստեպ-ստեպ ելնում, իջնում էր ու ներբանի տակ ընկնելու դեպքում կճզմեր: Համ էլ՝ մկնիկին որտեղի՞ց այդքան համարձակություն, ու նա որոշեց մնալ մահճակալի տակ: Թմբիր էր իջել վրան, չէր հասկանում ինչից է՝ բանելու՞ց, վազվզուքի՞ց, անոթությունի՞ց, թե՞ օդամուղում հոսանքի տակ էր մնացել: Մինչդեռ պատճառը երաժշտությունն էր, դաշնամուրից հորդող մեղեդին, որի նկատմամբ չափազանց զգայուն են մկները, որովհետև քիչ անց, երբ եղանակը փոխվեց, թմրածությունն անցավ, սկսեց ռիթմիկ ճոճվել, ապա, անըմբռնելի մի ուժի դրդմամբ ոտքի ելավ, մղվեց մահճակալի հակառակ ծայրը: Վազում էր, ուրախությունից ճստում, չգոհանալով թաքստոցով, հասնում բազմոցի առաջ դրված սեղանիկի ոտքին, մինչև իսկ քաշքշեց հատակին հասնող վարագույրի ծոփքերը: Զգուշություն, վախ ասվածը նրա հետ այլևս կապ չունեին:


    

Իսկ մարդն ինքնամոռաց նվագում էր, վարսերը թափվում էին ներքև, ծածկում ականջները, ճակատը, երբ նյարդային շարժումով հակվում էր ստեղներին: Գոց աչքերով կարդում էր նոտակալին բացված էջերը, հարկավոր պահին թերթում, թեև կարիք ամենևին չկար, ու ձայնախազերը ներսում էին: Մարդը երկար նվագեց, Ճստլոն պարեց վերացած, հետո երկուսն էլ դադար առան, առաջինը՝ գլուխը ետ գցած ու հայացքը հառած առաստաղին, երկրորդը՝ սեղանի տակ, ընդարմությունից փախուստի փորձ չանելով: Այդ ամենն ավելի կարճ տևեց, շատ ավելի, քան պատմածը, ապա տանտերը շտկվելեով՝ տեսավ նրբաճաշակ ունկնդրին: Ճստլոն, երբ մարդու մատներն զգուշորեն դեպի ստեղնաշարը ձգվեցին, կարծեց, թե վերստին կամենում է նվագել: Բայց, ինչպես տեղատարափից առաջ ամպրոպն է ճայթում, անսպասելի դղիրդ լսվեց, ու նա լեղաճաք՝ գնդակի արագությամբ նետվեց մահճակալի տակ:


    

Հինգերորդ հարկի մեկ սենյականոց բնակարանի ու տանտիրոջ հետ ծանոթությունն այդպես սկսվեց: Նույն օրը՝ այս անգամ ուշ երեկոյան, Ճստլոն երկրորդ այցելությունը կատարեց: Մտադիր էր, վտանգ չլինելու դեպքում, գիշերն այնտեղ անցկացնել. ուշ աշուն էր, ցրտերն ընկել էին, և ցածում լուսադեմին չէր օգնում նույնիսկ դեսուդեն վազելը: Միայն միջանցքի լույսն էր վառվում: Բնակարանում ծուխ էր կանգնած: Տանտերը հավանաբար հյուրեր էր ունեցել: Սեղանիկին մնացել էին ուտելիքը, գինու դատարկ շշեր, ըմպանակներ: Ճստլոյի առաջին գործը հացի փշրանքները հավաքելը եղավ. նրա մատնոցաչափ ստամոքսին դա էլ բավական էր: Հատակին մի քանի տեղ գինի էր ցայտել: Հոտոտեց: Ոչ մի գրավիչ բան: Հենց այնպես՝ հետաքրքրության համար համտեսեց: Նույնիսկ ժանգաջուրը նման տհաճ համ չուներ: Հետո ելավ բազմոցին, այնտեղից՝ սեղանիկին: Բաժակներից արտածվող նույն գարշահոտից քիչ էր մնում սիրտը բերանը գա: Առավել տհաճը, սակայն, մոխրամանից եկող կծու դառնահոտն էր: Ջանում էր հնարավորինս հեռու մնալ, բայց, միևնույն է, զգում էր: Անգամ երշիկը, ճարպի կտորները, պանիրն էին ախտահարվել: Այդ ամենով հանդերձ, հաճելի էր ուտեստի առատությունը՝ հազվադեպ պահ նրա կյանքում. խեղճը նկուղից զատ ի՞նչ էր տեսել: Իսկ բնակարանում այնքա՜ն հետաքրքիր էր: Բայց թե՝ այդ գիշեր Ճստլոն չհասցրեց բոլոր ծակուծուկերն ուսումնասիրել: Պատի ժամացույցն անսպասելի զարկեցու, առաջին անգամ լինելով, նա սահմռակած աճապարեց փրկարար անցքի կողմը: Տպավորություններն այն աստիճան շատ էին, որ գիշերը գրեթե աչք չփակեց մղձավանջային երազներից. մեկ վազում էր ստեղների վրայով, ինչպես հետիոտնը՝ խաչմերուկն անցնելիս, մեկ երշիկի հաստ պատառը քարշ էր տալիս մահճակալի տակ, սակայն անցքին չհասած ոտքը պլստում էր ու կոյուղու խողովակով սլլում մինչև նկուղ, մեկ շենքն էր դղրդոցով փուլ գալիս և ինքը մնում տակը…


    

Առավոտյան մեջքը ցավից կոտրատվում էր, ապա սկսվեց փռշտոցը: Ճստլոն գլխի ընկավ, որ պանելախորշում քնելը վտանգավոր է: Այնքան թույլ էր, որ նույնիսկ մտքով չանցավ բնակարան մտնել: Իջավ նկուղ: Պահեստում հացի մի քանի բորբոսած կտոր ուներ նեղ օրվա համար պահած: Անհավես կերավ: Հետո աչքն ընկավ մասուրներին: Ուտելու համար գրեթե անպիտան հատապտուղը տանտիրուհին էր լցրել աղբատնակը: Առիթ չէր եղել նույնիսկ համը տեսնել: Միայն գիտեր՝ թթվաշ է, իսկ մազմզուկները խրվում են լնդերի մեջ, ցավ պատճառում: Ընտրեց ամենալավ պտուղն ու ատամներն զգուշորեն խրեց մեջը: Թթվությունը դուր եկավ: Ճստլոն թաթիկներով հեռացրեց սերմերը, մազմզուկները: Կտրիչները նախորդ օրը թեթևակի բթացել էին, բայց ոչ այն աստիճան, որ չկարողանար չոր մասուրը փշրել: Խշրտոցով մանրում էր, բերանում պահում մի փոքր, մինչև փափկի, կուլ տալիս:


    

Մասուրն օգնեց: Կեսօրին դժվարությամբ, բայց բարձրացավ վերև: Բնակարանում ոչ ոք չկար: Շարունակեց ծանոթանալ տանը: Սեղանիկին ուտելիքի փոխարեն հիմա գրքեր էին: Մկներն ամեն ինչ բերանն առնելու, համը փորձելու սովորույթ ունեն: Հիմա էլ սկսեց ծամծմել գրքի էջը: Կարծես՝ ոչինչ: Պարեն չլիելու դեպքում կարելի է ապավինել նաև դրան: Սակայն երբ հասավ տպագիր մասին, ներկի տհաճ համն ստիպեց դադար տալ, ու նա շտապով թափեց բերանում եղածը՝ հիշելով, թե ձմռանն ինչպես նույն այդ թղթի պատճառով երկու օր տանջվեց փորհարինքից. այն անգամ կերածը լրագրի խունացած պատառ էր, որ քամին էր քշել, հասցրել ներքնահարկ:


    

Դաշնամուրի կափարիչը բաց էր: Ճստլոն մտաբերեց երազն ու ստեղնաշարին ելնելու անդիմդրելի պահանջ զգաց: Սակայն դաշնամուրը սեղանիկ չէր. ողորկ իրանը բռնվելու հնարավորություն չէր տալիս: Գործի դրեց ատամները: Անօգուտ: Հուսահատ՝ մի քանի անգամ պտտվեց շուրջը և, հայտնաբերելով ոտնակի ներքևի բացվածքը, առանց երկբայելու սողոսկեց: Ներսում պատերին, հատակին հաստ շերտով փոշի էր նստած: Մեկուսի, հարմարավետ անկյուն էր: Վարից վեր ձգվում էին մետաղալարերը: Սովորույթին հավատարիմ՝ մեկն առավ ատամի տակ: Պողպատյա լարի կարծրությունը հիշեցրեց կտրիչները սրելու անհրաժեշտության մասին: Հրաշալի հեսան: Չէր ավարտել, երբ միջանցքում աղմուկ լսվեց, ու քիչ անց սենյակ մտավ տանտերը: Ճստլոն սսկվեց: Հնար լիներ, կփախչեր, բայց մարդը, հակառակի պես քթի տակ երգ դնդնալով՝ մոտեցավ դաշնամուրին: Դը՜նգ… երկար արձագանքեց արկղը: Մկնիկն անակնկալի եկած՝ ճողոպրեց մյուս անկյունը և, ոտնատակ տալով ջուլհակ սարդին, ավերեց նրա հյուսածոն: Որտեղի՞ց էր գալիս ձայնը: Նա դնչիկը տնկեց: Նույն պահին փայտյա մուրճիկներից մեկը շարժվեց, և պողպատալարը թրթռաց: Հստակ, հնչեղ ձայնից Ճստլոն նվաղեց: Հետևեց երրորդ հնչյունը՝ նախկինից առավել նրբին, քնքուշ, ապա՝ չորրորդը, հինգերորդը՝ այս անգամ այլ ուժգնության՝ խրոխտ, կյանքով առլեցուն: Մկնիկը, որի մրսածությունը լրիվ չէր անցել և շարունակում էր թույլ զգալ, հաճույքից, ուժերի հորդյունից կայտառացած՝ ճստաց, ասես կրկնելիս լիներ քիչ առաջ լսած ձայնը: Մարդուն չէր տեսնում, բայց գիտեր՝ նա արկղի մյուս կողմում է: Ականջին էին հասնում ցածր սուլոցը, հագուստի շրշյունը, երբ վերջինս շարժվում էր:


    

Տանտերը, ըստ երևույթին, սկզբում մտադիր չէր նվագել. պարզապես բաց ստեղնաշար տեսնելով՝ ինքնաբերաբար մոտեցել, մատնահարում էր: Սակայն նա իսկական երաժիշտ էր՝ օժտված անկապ հնչյունները համակարգելու, դաշնելու ձիրքով՝ նման այն քրիստոնյային, ով ամենքին հեթանոս ճամփից դարձի բերելու մոլուցք ունի: Եվ ահա, հնչյունների անկանոն հերթագայությունը, ելևէջը ողջը եղանակավորելու ցանկություն ծնեցին, ու նա նստեց աթոռակին: Մուրճիկներն իջնում, ելնում էին, լարերը դողդողում, մի հնչյունը չմարած՝ մյոսն էր կախվում օդում, կոհակ տալիս, ալիքվում: Ճստլոն բերանբաց հետևում էր, ականջ պահում: Պղնձե լրացուցիչ գալարներով լարերից արտածվող ձայնն ավելի աղմկոտ էր, ականջին անհաճո: Տանտիրոջը նմանապես /մկնիկինթվաց/ սրտամոտչէինխռովահույզհնչյունները, այդիսկպատճառովնահազվադեպէրօգտվումձախակողմյանստեղներից: Այ, ուրիշ էրկենտրոնիձայնալարերիցելնողմեղեդին՝անխառն, ոգեղեն: Երբմարդըսեղմումէրոտնակնուփակումանցքը, որտեղովՃստլոնմտավ, ճաղաշարըետէրգնում, ումեղանուշձայներնառավելէինհստակվում: Երաժշտությունընախորդօրվապեստիրեցմկնիկին, գիրկնառավ, գգվեց: Մեղմօրորից, մեղեդու կաթիլքից շշմած՝նաննջեց, ապախորքունմտավ, ևնրանկրկինայցիեկաներազները, այսանգամ՝ գունեղ, մեղեդիով օծուն:


    

Եվ ձգվեցին օրերը երջանիկ, խինդով լի: Ճստլոն հիմնովին կազդուրվեց, գիրացավ, կրթեց ճաշակը, ձեռք բերեց ազնվական կեցվածք: Քայլում էր հանգիստ, համարձակ, այլևս չէր վախենում ամեն շշուկից, սրտակեղեք չէր լինում, երբ շաբաթ-կիրակի օրերը բնակիչները կացիններն առած ընկնում էին պատերին՝ եղած-չեղածը քանդելու, փոխելու, վերստին շինելու համար: Վայելում էր սպիտակ հաց, ապխտած երշիկ, հոլանդական պանիր: Եթե դրանք չլինեին էլ, խոհանոցի կարմրահատ ձավարն ու իտալական մակարոնն իրենն էին ու իրենը: Ուտում էր, քեֆին ման գալիս, մտնում ամեն ծակուծուկ, վազվզում փայլուն հատակին՝ սպասելով տանտիրոջ գալուն, ապա, սիրտն ուզածի չափ երաժշտություն ունկնդրելուց հետո, քնում մինչև լուսաբաց: Բնակարանատիրոջից ամենևին չէր վախենում. Փորձով համոզվել էր, որ իր ներկայությունը նրան տհաճ չէ: Իրականում ևս այդպես էր: Տանտերը գիտեր, որ տանը մուկ է հայտնվել, և առաջին այցին հետևել է երկրորդը: Սկզբում զայրացավ՝ տեսնելով գրքի կրծոտած էջը, մի պահ նույնիսկ վճռեց թակարդ դնել, բայց հետո, երբ Ճստլոն մթերքի առատության պայմաններում հրաժարվեց հիմար սովորությունից, խաղաղվեց: Բարեհոգի և էությամբ իսկապես արվեստագետ լինելով՝ անտարբեր էր չափավոր կյանքի նկատմամբ: Մարդկանց այն տեսակից էր, ում համոզմամբ հողագնդի վրա ոչ մեկն իր գոյությամբ մյուսին չի խանգարում, ամենքն էլ ապրելու իրավուն ք ունեն: Կար նաև ամուրի լինելու հանգամանքը: Ճստլոն իր ներկայությամբ ինչ-որ տեղ կենդանություն էր հաղորդում մենակյացի բնակարանին, մասամբ ցրում երեկոյան ժամերի տաղտուկը:


    

Նա հիմա հազվադեպ էր նկուղ իջնում. անհետաքրքիր էր այնտեղ, ցուրտ: Աղբատնակից խորշում էր, իսկ ներքևում այլ ուտեստ չկար: Լիներ էլ, չէր կարողանա բերանն առնել, այդ աստիճան նրբացել էր քիմքը: Իսկ մի անգամ, երբ ջեռուցման խողովակով ետ գնալիս քիչ մնաց վառի տոտիկները, որոշեց մոռանալ ներքնահարկը:


    

Մոտեցել էր ձմեռը: Ճստլոն բնազդով պաշար դիզեց: Քանի որ հին բնից հրաժարվել էր, շտեմարան ընտրեց պատի և պանելի միջև եղած խոռոչի՝ հոսանքից հեռու հատվածը: Կարմրահատ ձավարը քիչ-քիչ տեղափոխեց այնտեղ, սակայն շարունակեց գիշերել դաշնամուրում. առանց մեղեդու չէր կարողանում քուն մտնել: Մետաղյա կմախքով վերուվարելիս մի օր հայտնաբերեց ստեղնաշարի տակի գետնուղի հիշեցնող ազատ տարածքը, ուր ներսի համեմատ փոքր ինչ նեղվածք էր, փոխարենը հնչյունները չէին արձագանքվում, ու վայելքը դառնում էր հարյուր տոկոսանոց:


    

Գունագեղ օրերը մեկ սենյականոցում, երևի, երկար շարունակվեին, եթե տանտերը չամուսնանար: Կինը հայտնվեց ձմռան կեսերին: Բարձրակրունկ, ճտքավոր կոշիկներ էր հագնում, մորթեօձիք վերարկու, որը նույնքան, եթե ոչ ավելի նուրբ էր, քան Ճստլոյինը: Առաջին օրը նրանք սեղանիկի շուրջ երկար նստեցին: Տանտերը շիշ բացեց՝ այնպիսի թնդյունով, որ Ճստլոն զգալի ժամանակ չէր հանդգնում գլուխը հանել ոտնակի անցքից և չտեսավ, թե երկարոտն ըմպանակներում ինչպես փրփրեց գինին: Ականջին ընդամենը տարօրինակ խշշոց էր հասնում, գավաթների զնգոց, կարկաչուն ծիծաղ, երբ տանտերը բան էր պատմում: Հետո նա մոտեցավ դաշնամուրին ու սկսեց նվագել, իսկ կինը ձայնակցեց: Նա զարմանալի զրնգուն ձայն ուներ: Ճստլոն սիրեց հյուրին, և երբ տանտերը գնաց խոհանոց, գլուխն արիաբար հանեց ոտնակի ճեղքից: Կինը լրջացել, քննախույզ դիտում էր բնակարանը: Հետո ելավ, սկսեց գնալ-գալ սենյակում՝ նշմարելի փոսիկներ թողնելով մանրատախտակին: Ճստլոն այդ կերպ վարվում էր անծանոթ ուտելիք գտնելիս՝ նախքան վճիռ կայացնելը: Երբ կինը նստեց, հայացքն ուրիշ էր, կարծես ասելիս լիներ՝ թեև սրտովս չէ, բայց կփորձեմ:


    

Նրա գնալուց հետո օծանելիքի բուրմունք մնաց: Առաջին այցելությանը հետևեցին երկրորդը, երրորդը, և մի անգամ էլ կինը եկավ ու չգնաց: Այդ օրերին տարօրինակ անհանգստություն պատեց նաև Ճստլոյին: Ցեղակիցներին տեսնելու, նրանց հետ շփվելու անդիմադրելի պահանջ էր զգում: Նկուղը ձգում, կանչում էր: Մոտեցել էր գարունը, սկսվել հողագնդի վրա շնչող, ապրող բոլոր արարածների բեղմնավորության շրջանը:


    

Երբ տասն օր հետո Ճստլոն ետ եկավ, բնակարանն անճանաչելի փոխվել էր: Հատակից անդուր հոտ էր գալիս, փայլուն էր և այն աստիճան ողորկ, որ դժվարանում էր վրայով վազել: Պատին գորգ էր հայտնվել, պատուհանի տակ սեղան՝ աթոռներով, մահճակալը վարագույրով անջատված էր սենյակի մնացյալ հատվածից: Կինը տանն էր: Ման էր գալիս երկար, ծոփքերը հատակին քսվող խալաթով ու երգում՝ ինքնագոհ: Ամենամեծ նորույթը, թերևս, անկյունում բարալիկ ոտքերին կանգնած արկղն էր: Ճստլոն ապշեց, երբ կինը վրա բերեց վարագույրներն ու ընկողմանեց բազմոցին: Արկղից խշշոց, փռշտոց լսվեց, հետո ապակյա դեմքը ճերմակեց, ու միջով սկսեցին մարդիկ վազել, հռնդյունով անցան մեքենաները: Այքան էր ազդվել, որ չհամարձակվեց մահճակալի ու դաշնամուրի միջև եղած տարածությունը հատել:


    

Գիշերը, երբ տանտերն ու զույգը պառկեցին քնելու, դուրս եկավ թաքստոցից: Սոված էր: Սկսեց հոտոտելով ման գալ: Հացի փշուր չկար ոչ հատակին, ոչ նույնիսկ խոհանոցում: Մթերքի պահարանը կիսաբաց էր: Մնում էին իտալական մակարոնները: Նուրբ փայլաթուղթը պատռելը Ճստլոյի համար վայրկյանի գործ էր: Նոր էր ձողիկն ատամի տակ առած կռթկռթացրել, երբ խոսակցության պատառիկներ հասան լսողությանը: Կինը շշուկով բան էր ասում, հետո ձայները լռեցին, ու նա ձողիկը վերստին բերանը վերցրեց: Հողաթափերի քստքստոցը, սակայն, ստիպեց կրկին դադար տալ: Մինչ տանտերերը կվառեին լույսը, հասցրեց ցատկել պահարանից և երկուսի արանքով սուրաց դեպի դաշնամուրի ոտնակը: Վայրկյան անց առոք-փառոք պառկած էր ստեղնաշարի տակ: Իսկ խոհանոցում ամուսինները բարձրաձայն խորհրդակցում էին, մեկը ձեռքն էր վերցրել մակարոնի փաթեթը, որը շարժումից անդուր ճռճռում էր, խշխշում: Հետո նրանք աղմուկով տեղաշարժեցին պահարանը, սառնարանը, գազօջախը, վերադառնալով՝ փնտրտուքը շարունակեցին մահճակալի, բազմոցի տակ և, հույսերը կտրելով, ի վերջո, հանգցրին լույսերը:


    

Ապրելը դժվարացավ: Գերադասում էր դաշնամուրից դուրս չգալ: Վախենում էր անգամ տանտիրոջ աչքին երևալ, բան, որ նախկինում չէր պատահել, իսկ տիկնոջից պարզապես սարսափում էր: Եթե երաժշտություն ունկնդրելու մոլուցքը չլիներ, մեկընդմիշտ կիջներ նկուղ և կամ կփորձեր այլ բնակարան գնալ: Տիրուհին փակ էր պահում մթերանոցի բոլոր դռները, սակայն Ճստլոն էլ հեշտ զիջող չէր. հենց երկրորդ օրը սղոցեց պահարանի ետնամասի անկյունը, հագենալուց հետո անգամ մի քանի ձողիկ, թեև դժվարությամբ, քարշ տվեց դաշնամուրը: Վերջին արարքը գազազեցրեց կնոջը: Տանտիրոջ հետ դեսուդեն տարավ բոլոր իրերը, տակնուվրա արեց բնակարանը: Ճստլոն չկար: Անցուդարձից անտեղյակ՝ մրափում էր իր ապահով անկյունում՝ սպասելով մութն ընկնելուն: Սակայն գիշերը նրա համար դավ էր նյութել, և քիչ մնաց ավարտվի մահով: Խոհանոցից սուր հոտ էր գալիս: Վաղուց՝ այն օրից, ինչ հայտնվել էր կինը, պանիր չէր ճաշակել ու հիմա մղվեց այդ կողմը: Արբեցուցիչ բույրն այնտեղից էր: Ճստլոն մոտեցավ: Այ քեզ երջանկություն. դուռը կիսաբաց էր: Հոտից խենթացած՝ վրա ընկավ, բայց չհասցրեց մինչևիսկ դունչը կպցնել, որովհետև շտապողականությունից ոտքը դիպավ ինչ-որ բանի, և մի սոսկալի շխկոց լսվեց: Մազ էր մնացել թակարդն ընկնի, փշրի ողնաշարը: Չըմբռնելով ինչն ինչոց է՝ նետվեց փրկարար անցքը: Իսկ տիրուհին, որ արդեն անկողնուց վեր էր թռել, շապկանց վազեց խոհանոց, ետքից՝ ամուսինը: Այդ գիշեր նա այլևս չհամարձակվեց դուրս գալ դաշնամուրից, բացի դա՝ հղիության վերջին օրերն էին:


    

Հաջորդ օրը նախորդի կրկնությունն էր՝ նույն լարված, նյարդային մթնոլորտը, միայն թե այս անգամ պանրի փոխարեն բուրմունք արձակողը կարագով շաղախված հացի պատառիկն էր: Ճստլոն չմոտեցավ. Դեռ ականջում էր երկաթե զսպանակից պոկված մետաղի սառը, մահաշունչ ձայնը: Մտաբերեց սալի խոռոչում թաքցրած կարմրահատ ձավարը. Ուրիշ էլ ո՞ր օրվա համար էր պահում: Զարմանք պատեց, երբ տեսավ գոցված անցքը: Տանտերերը հայտնաբերելով՝ փակել էին, հավանաբար, առավոտյան, որովհետև շաղախը դեռ խոնավ էր: Ճստլոն սկսեց տենդագին բանել: Գործն ընդհատումներով էր գնում. Շուտ-շուտ հոգնում էր, գլխապտույտի պես բան զգում: Այդուհանդերձ, ելումուտի ճամփան բացելն ընդամենը մի ժամ տևեց: Ուտելուց հետո գլխապտույտն անցավ, սակայն հիմա էլ անհանգստացնել սկսեցին փորացավն ու սրտխառնուքը: Դժվարությամբ ետ գալով՝ մի կերպ սողոսկեց դաշնամուրից ներս: Անցքն ասես փոքրացել էր, ու մարմինը չէր անցնում: Կարծում էր ձավարից, շատ ուտելուց է փորիկն այդպես ուռել, կախ ընկել: Բայց դա միայն սկիզբն էր: Ցավերն ավելի ու ավելի ուժգնացան, այն աստիճան, որ, համոզված էր, թունավորվել է և կսատկի: Սակայն նման բան տեղի չունեցավ, Ճստլոյի ժամը դեռ չէր հասել: Դա պարզապես ծննդաբերության ցավ էր, որն ավարտվեց այգաբացին՝ վեց մկնիկների ծնունդով

Ողջ ցերեկը Ճստլոն քնեց, թեև բնակարանում աղմուկ էր. տանտերերը մի կողմ էին քաշել մահճակալն ու, ապակու փշուրներ խառնած բետոնի շաղախով վերստին հիմնավոր գոցում էին անցքը՝ կարծելով տուն ներխուժածն առնվազն առնետ է:


    

Արթնացավ մեղեդուց. Տանտերը վերհիշել էր դաշնամուրը: Նա երկար նվագեց: Խռովահույզ, հոգին տակնուվրա անող, նյարդային երաժշտություն էր: Այդպես փոթորկի ժամանակ երկինքն էր որոտում, մայրիներն էին ճռնչում, ճկվում, երկտակվում բարդիները, սուլում-սվսվում սյունից սյուն ձգվող զանազան լարերը, խշրտյունով թափվում անփութորեն բաց մնացած պատուհանների, դռների ապակիները, փողփողում, ճայթյունով տրաքվում առագաստի պես փքված սպիտակեղենը, ջրհորդաններում աղմկում, նեղվում ջուրն ու բերանը ցառցահատիկ, փրփուր առած՝ ժայթքում մայթին…


    

Ճստլոն զգուշացավ, տագնապեց իր, նորածինների համար: Ինչու՞ է մոլեգնել տանտերը, այդ ի՞նչ տարերային երաժշտություն է: Ի՞նքն է պատճառը, թե՞ կինը, ով եկավ, խրվեց նրանց կյանքի մեջ, խառնեց ամեն բան, ստիպեց թշնամանալ իր՝ փոքրիկ, անուժ, մանկան բռունցքի չափ արարածի հետ: Թողած հնչյունների գրավիչ, կախարդական աշխարհը՝ ինչո՜վ է զբաղվում. ողջ օրը տան գույքն է դեսուդեն տալիս, ծխելու համար պատշգամբ ելնում: Ու՞ր մնացին հոգու ու մարմնի, երազի ու իրականի դաշն օրերը, երանելի օրերը:


    

Դարձյալ գիշեր եկավ՝ որոգայթներով լի, աղետալի գիշեր: Ծարավը Ճստլոյին տանջում էր, նաև ուտել էր կամենում: Դուրս գալով դաշնամուրից՝ դիմեց անցքի կողմը. հաստատապես վճռել էր՝ վտանգի չենթարկվելու համար գոհանալ ձավարով, իսկ ջրի համար իջնել ներքնահարկ: Թակարդն այս անգամ մահճակալի տակ էր: Մետաղալարի ծայրին ամրացված երշիկի յուղալի պատառիկը խենթացնող բույր ուներ, և Ճստլոն կամազրկված՝ մղվեց դեպի ծուղակը, սակայն վերջին պահին սթափվեց՝ մտաբերելով վեց կույր, անմազ փոքրիկներին: Շրջանցելով ականապատ գոտին՝ հասավ անցքին: Ճանապարհը դարձյալ փակ էր: Բնությունը նրան ատամներից զատ այլ զենք չէր տվել, սղոցելուց, մանրելուց բացի ուրիշ միջոց չուներ: Սակայն այդ օրը նրան վիճակված չէր հասնել ձավարին, որովհետև հազիվ սկսած՝ շուրթն արյունեց: Ճստլոն այրող ցավից ծվծվաց, ապա փորձեց նույնն անել ճանկերով: Շաղախին խառնած ապակու բեկորն այս անգամ ծակեց թաթիկը, ու նա նահանջեց: Վերևում՝ մահճակալին ընկողմանած զույգը խլրտաց. սպասում էին թակարդի շրխկոցին:


    

Ուտելը դեռ ոչինչ՝ թուղթը կար ու կար, բայց առանց ջրի… Բնազդը նրան տարավ լոգարան: Հաճելի էր սալիկների, հատակի խոնավ շորի վրայով քայլելը: Անկյունում աղբի դույլն էր: Կծվահոտը Ճստլոյին հիշեցրեց աղբատնակում անցկացրած ժամերը, մտովի տեսավ ներքնահարկի պահեստում սև օրվա համար պահած հացի կտորտանքն ու մասուրը: Այստեղ ևս բան կգտնվի: Միայն թե կարողանա ծարավը հագեցնել: Փորձեց **** խոնավ լաթը՝ այն չէր: Լռության մեջ ականջը որսաց կաթիլքի ձայնը: Վերջապես: Խողովակից բռնվելով՝ բարձրացավ: Սպիտակ, ողորկ գոգավորությունը, բարձրությունը թեև մի փոքր վախեցրին, բայց անվարան իջավ, ավելի շուտ, տաշտի պռնկից կախվելով՝ սահեց ներքև: Ջուրը քիչ էր, հազիվ ներբանները թրջվեցին: Ճստլոն, որ շատ հեղուկ էր կորցրել, սկսեց ագահորեն ըմպել: Սառնությունից անգամ թաթիկի, դնչի ցավն անցավ: Նա առույգ էր ու նախկինի պես ինքնավստահ: Վճռեց հաճույքի համար վազվզել ճերմակ հարթությունում: Այնուհետ կգնա կրծքերը դատարկելու:


    

Նա ուշ՝ վերև բարձրանալու չորրորդ-հինգերորդ փորձից հետո գլխի ընկավ, թե ինչ փորձանք է բերել գլխին. ողորկ պատերով ելվերել չէր լինում: Ոչ մի անհարթություն, ելուստ, որից կարողանար ճանկերով կառչել, սահքը կանգնեցնող արգելք, որին հենվելով՝ ուժ առներ: Տագնապահար՝ նորից ու նորից էր փորձում, վազում մի անկյունից մյուսը, թափ առած գալիս, բայց, միևնույն է, տասը-տասնհինգ սանտիմետրից ավելի ելնել չէր հաջողվում: Ինչպե՞ս կզգա իրեն անդունդի հատակում հայտնվածը, երբ փորձով համոզվի, որ չորեքկողմյան սառցե հարթ, գրեթե իննսուն աստիճան թեքություն ունեցող պատերով մագլցել անկարող է: Նույնպիսի վիճակում Ճստլոն էր: Մարդը դեռ երևակայություն ունի, որն անսպառ է, միտք, ուղեղ, որն անհնարը կարող է հնարավոր դարձնել, կարող է Աստծուն ապավինել, դրսի օգնության հետ կապել հույսը, գարնան ու սառույցների հալվելու, ժայռերի հողմահարման… Ինչի՞, ու՞մ վրա հույսը դներ Ճստլոն: Փորձեց ջրթող անցքով կոյուղատար մտնել, սակայն խաչուկը խանգարեց, թեև այն ևս ստույգ մահ էր, բայց, ի՞նչ իմանաս, գուցե չխեղդվեր ու մի տեղ դուր գար:


    

Տանտիրուհու ականջին, որ դեռ չէր քնել, ավելի սուր լսողություն ուներ և ցանկություն՝ մկան հախից գալու, բնակարանը կրծողներից, ամեն տեսակ թափթփուկներից ազատելու, հասավ լողարանից եկող թույլ խզխզոցը: Նրա՝ լույսը վառելն ու սարսափի ճիչ արձակելը միաժամանակ եղան:


    

-Ի՞նչ է պատահել, -քնաթաթախ վեր թռավ ամուսինը:


    

Կինը մատնացույց արեց լոգատաշտը.


    

-Կռիսը… Մտել է վաննան… Զզվանքը, -ու ծամածռեց դեմքը, ասես ործկալիս լիներ:


    

Ճստլոն մարդկային լեզվից գլուխ չէր հանում ու չըմռնեց, թե իրեն ինչ մակդիրով որակեցին: Գիտեր միայն, որ հայտնաբերվել է, որ մոտենում է վերջը: Քիչ անց դուռը բացվեց, և մարդու հսկայական ստվերը կախվեց վրան: Նա խուճապահար վերստին ու վերստին փորձեց մագլցել պատն ի վեր, հետո ուժասպառ փախավ լոգատաշտի այն անկյունը, որն ստվերի մեջ չէր: Մարդը քրքջաց /նաբացէրթողելդուռը/.


    

-Կռի՞ս: Հա, հա, հա… Սաընդամենըմուկէ՝փոքրիկ, պեղճուկրակմուկ: Եսունահինծանոթներենք:


    

-Զզվումեմ, սատկացրու, շուտարա, -բավականհանգիստկարգադրեցկինը, սակայննույնպահինհավանաբարմտովիտեսնելովհրամաննիկատարածված՝արյունոտլոգատաշտ, անհայտհրեշիճզմվածմարմին, դուրսթափածաղիներ /ինչի ընդունակ չէ երևակայությունը/, հեծկլտաց: -Ես էլ վաննա մտնողը չեմ: Նողկալի է... Վախենում եմ...


    

-Իրինա, երեխա հո չե՞ս: Ի՞նչ կա այստեղ վախենալու: Այ թե ով է վախեցած: Խեղճ մկնիկ, սիրտը ո՜նց է գցում: Իրոչկա, մի տես՝ փորիկն ինչպես է ելնում-իջնում, -նա ձեռքը տարավ, որպեսզի շոյի դողդողացող մսագնդիկը: Ճստլոն տափակեց: Բայց մարդը ձեռք չտվեց. Նա ևս թեթևակի վախ էր զգում: -Ի՜նչ գեղեցիկ կենդանի է: Իրա, ճշմարիտ եմ ասում, հավատա: Հրաշք մռութ ունի: Գլուխը, ականջները, պոչը, աչքերը, քիթը, թաթիկները հապա...


    

-Կորցրու՜...-բարձը գրկած՝ խուլ բղավեց կինը:


    

-Մեղքս գալիս է, -ամուսինը դարձյալ հակվեց լոգատաշտին, ու Ճստլոն կրկին պատեպատ զարկվեց: -Չեմ կարող:


    

Կնոջ ձայնն այս անգամ սառը հչեց.


    

-Բա ի՞նչ ես անելու:


    

-Դու ի՞նչ ես առաջարկում:


    

-Չգիտեմ: Սատկացրու, քանի չի փախել:


    

-Ձեռքս չի գնա:


    

-Լավ, բեր ծոցդ պահիր, -խռովկան կտրեց կինը: -Տեսնես իմ մասին այդքան մտածու՞մ ես:


    

-Կիջեցնեմ նկուղ, թող իր համար ապրի:


    

-Որ հիմա էլ ամբողջ շենքը կռիսանոց դարձնես, հա՞: Չեմ հասկանում, դու ի՞նչ տղամարդ ես, -անկեղծորեն զարմացավ կինը:


    

-Ես էլ, խոստովանանք լինի, չգիտեի, որ դու այդքան դաժան ես:


    

-Մարդիկ իմանան, վրադ կծիծաղեն: Գիշերվա կեսին... Սպասիր, սպասիր, ծվծվոց եմ լսում:


    

Տանտերը գլուխը հանեց լոգարանից: Կինն անկողնում համակ լսողություն դարձած՝ նստել էր.


    

-Սառնարանն է:


    

Կինը ձեռքով լռելու նշան արեց:


    

-Կռիսի ձագե՜րն են, -հիստերիկ ճչաց՝ հեծնելով բարձերին: -Մամոչկա՜, ես այս տանը չեմ մնա:


    

-Ու՞ր են, -շփոթվեց, նաև զայրացավ ամուսինը:


    

-Չգիտեմ, կուխնյայի կողմից է, շարունակեց հեծկլտալ կինը: -Ալերգիաս սկսվեց, հիմա ամբողջ մարմինս դուրս կտա: Մամա... Ես կգնամ...


    

Անկյունում ավելն էր: Տղամարդը վճռականորեն ձեռքը մեկնեց, որպեսզի վերցնի, սակայն հոգեխռով վիճակում դիպավ աղբի կարճկոթ թիակին: Այն անզգույշ շարժումից թեքվեց, զրնգաց լողասենյակի սալահատակին:


    

-Թերթով, ուրիշ բանով խփի, կարնոտես սավոկը, - ձայնեց կինը:


    

Խորդանոցում մակուլատուրայի թղթերն էին, որ կինն էր վերջին շրջանում հավաքում: Նա ընտրեց երկու ամրակուռ ամսագիր և ետ եկավ: Արդեն վճռել էր անելիքը: Երկրորդ փորձը հաջող ստացվեց: Շատ հուպ չէր տալիս, որպեսզի չճզմի, բայց և թույլ չէր պահում՝ վախենալով կենդանու ներքև սահելուց: Այդպես էլ կտրեց լոգատաշտից ու, պահելով զուգարանի վրա, բաց թողեց: Մահվան սարսափից Ճստլոն մղվեց վեր: Մարմնի կեսն էր ջրում: Թաթիկները գցեց, որ ելնի, բայց պատն այստեղ ավելի ողորկ էր ու նաև՝ թաց: Տակառիկը թեթևակի ջուր էր թողնում, որը դնչի, փորի տակով հոսում էր ցած: Կենդանու աղեկտուր ծվոցը, դուրս պրծնելու համար գործադրած անլուր ճիգերը մինչև հոգու խորքը ցնցեցին տանտիրոջը: Նա թուլացած նստեց լոգատաշտի պռնկին: Ոչնչություն էր համարում իրեն, բարբարոս, ենիչերի, տականք, բայց ոչ մարդ, ոչ երաժիշտ, դաշնակահար, արվեստագետ: Նյադրերը տեղի էին տալիս: Առանց անցքի կողմը նայելու, շոշափելով գտավ տակառիկի բռնակն ու թափով քաշեց: Ինչ-որ բան ներսում պոկվեց, իսկ ջուրը խշշյունով լցվեց պետքարանը: Այժմ կարող էր ուղղվել: Մարդը նայեց: Կենդանին թրջվել, մի բուռ էր դարձել: Նախկին գեղեցկությունից ոչ մի հետք, բայց շարունակում էր պայքարել: Միայն գլուխն էր դրսում: Այլևս դուրս գալու փորձ չէր անում՝ ընդամենը ջանալով մնալ ջրի երեսին: Տակառիկում ինչ-որ բան իրոք կտրվել էր, որովհետև ջուրը, լցվելու փոխարեն առվակով հոսում էր՝ թեթևակի օրորելով մկնիկին:


    

-Ի՞նչ ես անում, - լսվեց կնոջ ձայնը:


    

Տղամարդն ատելությամբ նայեց կիսաբաց դռան դատարկությանը և ամսագրերը, որ շարունակում էր ձեռքը պահել, թափով շպրտեց աղբամանը: Իսկ Ճստլոն... Նա ուժասպառ էր լինում: Ջրի սառնությունից, չխեղդվելու համար գործադրվող անընդմեջ ճիգերից ոտքերի մկանները լարվել էին, մարմինը փայտացել: Հոգեվարքը մոտ էր: Ի՜նչ համառությամբ էր արուից թաքցնում նոր բնակատեղին. ծնվելիք ձագերի համար էր վախենում: Համոզված էր, թե այդպես ավելի ապահով է, որ կկարողանա միայնակ մեծացնել: Մինչդեռ հիմա... Նրանք անտերունչ, սոված…


    

Երբ մարդը ոտքի ելավ ու ուժ հավաքելով՝ նայեց. Ճստլոն մեջքի վրա, մարմնի կեսով ջուրն ընկղմված՝ անկենդան օրորվում էր: Փորի մորթին, որ համեմատաբար բաց գույն ուներ, ուղիղ երկու կես էր եղել, կպել մարմնին: Մարդը բացեց ծորակը, դույլը պռնկեպռունկ ջուր լցրեց և աղմուկով շրջեց զուգարանը: Իսկ այնտեղ՝ դաշնամուրի ստեղների տակ ցրտից, անոթությունից ծվծվում, մորն էին սպասում վեց ձագուկները, վեց որբուկները: Նրանց աղեխարշ կանչը խլանում, մեռնում էր մոր դին տանող ջրի խշշոցում:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8426 | 0 | 0
Facebook