Արևմտյան Հայաստանը՝ բաց վերք
18:51, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ոլորապտույտ ճանապարհներ, չվերջացող երկինք ու մի քանի անցակետ... Աշխարհի անսահմանության մեջ հատում ես սահմաններ, որ տեսնես այն, ինչ ժամանակին քոնն է եղել: Թվում է՝ նույն Հայաստանն է՝ կիսած խնձորի նման. մի պահ Տավուշում ես, մի պահ՝ Սյունիքում ու Վայոց ձորում, իսկ Մշո դաշտը ճիշտ և ճիշտ կրկնօրինակն էր Արարատյան դաշտի: Եվ հենց այդ չվերջացող ճանապարհներն էին, որ մեզ՝ «Նարեկավանք» -ի նախաձեռնությամբ տարան Վան, Մուշ, Բիթլիս, Իգդիր, Անի ու Կարս... Արևմտյան Հայաստանում լինելը յուրաքանչյուր հայի պարտքն է և, իհարկե, հրաշալի է, եթե ունես սեփական աչքերով սեփական հողդ տեսնելու, նրա ուժն ու զորությունը զգալու, նախնիներիդ ճանապարհով քայլելու, նրանց կառուցած բերդերի անառիկությունն ու ամրությունն ըմբոշխնելու, վանքերի ու տաճարների՝ վաղուց մարած խնկահոտը վերածնելու հնարավորություն: Բանիմաց ու հոգատար գիդ-էքսկուրսավարների շնորհիվ պատմությունից սերտածդ դասերը մի տեսակ կենդանանում են, ու դառնում ես արքաներիդ ժամանակակիցը: Հուզմունք, ափսոսանք, վրեժխնդրություն... Զգացողություններ, որոնք երբևէ չէի ունեցել և կոկորդս խեղդող «ինչու» -ի պատասխան, որ հար տանջելու է ինձ: Մեր ուխտագնացության ընթացքում ինձ համար ամենասարսռելին Մշո Սուրբ Կարապետ վանքի տեսարանն էր, որի ամեն քիվ ու խոյակ, ամեն քար ու խաչ զարդարում էին քրդական տների պատերը: Մոտենում ես, հպվում, մի տեսակ ջերմ են, մի տեսակ մտերիմ ու հազար տարի քեզ չտեսած հարազատի նման ուզում են պոկվել իրենց կապանքներից, գգվել քեզ, կարոտն առնել ու վերարժևորվել: Եվ երբ մտքերիդ հետ կռիվ տալով կիսաթաց աչքերով ուզում ես ամեն ինչ կուլ տալ մի հայացքով, քեզ այդ մղձավանջից կտրում են մի խումբ քուրդ երեխաներ և քեզ անհասկանալի քրդերենով առաջարկում են գնել իրենց ձեռքի սրբատաշ քարը՝ խաչի պատկերով, այլապես... Կյանքումս առաջին անգամ վախեցա երեխայից... Նրանք ինքնահաստատվելու համար ամեն ինչի ընդունակ են, անգամ ձեռքի քարով գլուխդ ջարդելու: Երկրորդ սարսուռն ապրեցի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Երբ կապտափիրուզ ջուրը ճեղքելով հասանք կղզի, քուրդ երիտասարդների մի խումբ, թերևս ի հեճուկս մեր ներկայության, սկսեցին նամազ անել, այնուհետև քրդական երաժշտության ներքո հաշիշային բնազդով պարել ու տարփալից աչքերով հոշոտել մեր էությունը: Անտեսելով ամեն լպիրշություն՝ մուտք գործեցինք Սուրբ Խաչ, որտեղ զարդանախշերն ու սրբապատկերները հարյուրամյակների հեռվից ժպտացին մեզ՝ մի տեսակ խռով ու մի տեսակ նեղացած: Մեզ հաշտեցնողը «Տերունական աղոթք» -ն եղավ, իսկ երբ հնչեց «Տեր ողորմյա» -ն, խաղաղասեր մի աղավնի սկսեց թևել տաճարի խորանում... Նիրվանա էր, որ կարճ տևեց, շատ կարճ: Քուրդ ոստիկանը ներխուժեց եկեղեցի և պահանջեց ցածր երգել, այնպես, որ լսելի չլինի... Աղոթքս կիսատ մնաց, սառած հայացքով նայեցի նրան, ինչ-որ բան մռթմռթաց քթի տակ ու դուրս եկավ: Մենք շարունակեցինք, բայց արդեն ցածրաձայն ու կոտրված: Վերադարձին բոլորս լուռ էինք: Նավում նորից քրդական երաժշտություն էր, ականջներս փակել ու նայում էի թևող ճայերին, ինձնից հեռացող ալիքներին, որ փարվելով քեզ՝ չեն ուզում հեռացումդ, իսկ Վանա ծովը ծանրակշիռ այրի կնոջ պես մեղա էր գալիս Աղթամարին ու լուռ սրսփում: Չգիտեմ՝ որը պատմեմ. «ամեն տեղ լուռ մահարձան, ամեն տեղ վառման հնոց» ... Այդ օրերի ընթացքում հստակ գիտակցեցի, որ Արևմտյան Հայաստանը մի տեսակ բաց վերք է, գնում ես, տեսնում, շոշափում, զգում, մրմռում ու մրմռացնում... Հասկացա, որ մեր երկրի «տանտերերը» ինքնահաստատման ու կայացման խնդիր ունեն, մեր քաղաքները, որ ճակատագրի հեգնանքով դարձել են նրանցը, մի տեսակ ճամբարային առօրյա էին հիշեցնում, ամեն քաղաք ու փողոց, կրպակ ու բակ կրում էր նրանց խորհրդանիշ դրոշը... -Գիտենք, գիտենք, որ դա ձեր դրոշն է, բայց հարևանի տանը, ինչքան էլ քո լվացքը փռես, միևնույն է, մի օր հավաքելու ես, որովհետև տանտիրոջ համբերությունն ի վերջո հատելու է: |
Հավանել
0
Չհավանել
0
8539 | 0 | 0 | 0