Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դերենիկ Դեմիրճյան (1877-1956)

13:29, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Դերենիկ Դեմիրճյան (1877-1956)


    

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դերենիկ Դեմիրճյան
     (1877-1956)


    

Դերենիկ Դեմիրճյանը հայ ականավոր գրող է, բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ։

Ծնվել է փետրվարի 18-ին, 1877 թ. Ախալքալաքում (այժմ Վրաստանում): 1897 թվականին ավարտեց վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Տպագրվել սկսել է 1983 թվականին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899-ին:

1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:

1913 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Այսպիսով իր "Լենկ Թեմուր" պատմա- հերոսական պոեմում, "Ջութակն ու սրինգը", "Ավելորդը", "Ժպիտ", "Ստամոքս", "Տերտերը" պատմվածքներում, "Դատաստան" ողբերգությունում և այլն Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները:

1923 թվականին գրեց "Քաջ Նազար" կատակերգությունը, որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում:

Դեմիրճյանի 30-ականներում գրված "Նապոլեոն Կորկոտյան", "Կապուտան", "Հայրենի երկիր" պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա:

Նրա ամենանշանավոր երկն է "Վարդանանք" պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։

Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում:


    
     Ավելորդը


    
Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

Տասը տարի առաջ միայն՝ իր անդրանիկ որդուն թաղելիս, Հաճի աղան թույլ տվեց, որ իր կապույտ մահուդ շալվարի տոտերը ցեխոտվեն, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը ռուսներին նեղելով, հաղթական մոտենում է իրենց փոքրիկ սահմանամերձ քաղաքին։

Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։

Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։

Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։

Բայց այս անգամ վրիպեց... Եվ չարաչար։

Երբ մտավ շուկա, փորձված աչքերով չափեց հրապարակը և զինվորների ու խանութպանների եռուզեռում մի անկարգություն նկատեց, որ նրան դուր չեկավ։ Մոտեցավ իր խանութին, խանութը կիսափակ էր։ Ներս մտավ թուքը կուլ տալով։ Իր քառասնամյա որդին շտապով ապրանքը դարակներից թափում էր մի տոպրակի վրա։ Գեր ու կլոր տղամարդ էր նա և հևում էր փուքսի պես. քրտնքի կաթիլները շարվել էին նրա չեչոտ, կարմիր երեսին։

Հաճու աչքերը մթնեցին։ Ածիլած կզակը հաստ բեղերի տակ դողաց, և նա բառերը լփռտելով՝ մրմնջաց.

— Շմավո՜են... ի՜ի՞նչ կենիս...

Շմավոնը հորը տեսնելով՝ ավելի մռայլվեց և մեղավորի պես, կարծես ինքը լիներ աղետի պատճառը, չպատասխանեց և աչքերը գետնին գցեց։ Իբրև թե՝ «հա՜, իմացի՛ր, մեռել է» ։

Եվ իսկապես, կարծես մարդ էր մեռել, կաղ գործակատարը տաբուրետ քաշեց Հաճի աղայի առջև և ասաց.

— Բան չկա, Հաճի աղա, նստե։

— Ջա՛նըմ, ի՞նչ «բան չկա», ֆուրղո՜ւն բռնեցեք...

— Միսաքը գնաց խանը՝ բռնելու, — պատասխանեց Շմավոնը։

Հաճի աղան չնստեց, ծուղակն ընկած մկան պես կարծես ելք որոնելով, նայեց չորս կողմը և դուրս եկավ, որ դուրսն էլ նայի։ Բայց հարևան խանութներում առուտուրը եռում էր. խանութպանները հանգիստ էին երևում։ Իրենց հարևանը, Կորկոտենց Եղիշը, լուրջ և անխռով, ինչպես ամեն օր, ահա բան է կշռում կազակների համար։ Հանգիստ է նա իր բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով։ Ութ երեխայի տեր է. եթե «նահանջ» լիներ, նա ավելի շուտ պիտի անհանգստանար։ Եվ Հաճի աղան մոտենալով նրա խանութին՝ հարցրեց նրան,

— Եղի՛շ, ի՞նչ կըսեն, թուրքը զոռի՞ր է։

— Այդպես բան կա՞, չիտե՜մ... մեր բակի ֆետպեպիլը ըսավ՝ ահ չկա, — պատասխանեց Եղիշը և շարունակեց իր առուտուրը եպիսկոպոսական արժանապատվությամբ։ Հաճի աղան կանգնեց նրա խանութի առջև՝ չիմանալով ինչ անի։ Նրա մոտից անցնում էր դյուրգար Պողոսը, որ իրեն ձեռ առնող զվարճախոսներից մեկին պատասխանում էր.

— Ա՜տամ, ինչ-որ ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։

— Ինձի աշե, — ձայն տվեց հեռու խանութից ձեռ առնողը, — հազրվե՜, կամենդանթը քեզի համար կառեթ պիտի ղրկե, որ փախչիս։

— Կառեթը զանգիններուն համար է, սաղ ըլին ոտքերս, — հանգիստ պատասխանեց առողջ արհեստավորը և շուռ տվեց ուրիշ փողոց։

Հաճի աղային զայրացրեց այս չարագուշակ զվարճախոսությունը, և այն է, հեռանում էր Եղիշի խանութից, որ ներս մտավ նրա ժրագլուխ աշկերտը և իբրև անմիտ քայլի վրա ծիծաղելով՝ զեկուցեց,

— Խանը ինչ ֆուրղուն օր կա՝ հատը հարուր, հարուր իցցուն մանեթով բռներ են։

Հաճին զգաց որ բերնի թուքը ցամաքում է։

— Ի՞նչ... բռնե՞ր են... մեր Միսաքը հո՞ն էր, — հարցրեց շնչասպառ։

— Հոն էր, հըմը չկրցավ բռնե, — պատասխանեց թարմ ու անհոգ ձայնով աշկերտը և ավելը վերցնելով, սկսեց ուրախ-ուրախ ավլել խանութի սանդուղքը։

Հաճի աղան շտապեց իր խանութը և դողդողալով վրա պրծավ իր որդուն.

— Ի՜նչ էս էրիր... Ֆուրղունները ձեռից բա՜ց ես թողիր... գերդաստանս մնաց...

Շմավոնի կարճ ու գնդլիկ մարմինը շտկվեց։ Նա իր քրտնած, չեչոտ դեմքը բարձրացրեց և ապրանքը գոգնոցի մեջ՝ նայեց հորը։ Հայացքներն իրար հանդիպեցին, և նրանք իրար հասկացան։ Հաճի աղան չարագուշակ ժպիտով գլուխը հանդիմանորեն շարժեց.

— Ֆուրղո՜ւն գտի... տղա՜քս ձեռքե կերթան... տո՜ւնս...

Շմավոնը դեմքը կնճռոտեց։

— Ջանըմ, ֆուրղուն ինչո՞ւ պիտի չըլի, — բարկացավ նա և ապրանքը թափելով, յուղոտ գոգնոցով քրտինքը սրբեց ու գլորվող տակառի պես կողքե-կողք ընկնելով, դուրս գնաց։

Հաճի աղան երկար նայում էր իր որդու թաղիքե վալիկներին, նրա տափակ փափախին և կարմիր շարֆին, մերթ երևում, մերթ կորչում էր զինվորների բազմության մեջ, մինչև որ անհետացավ։

Հաճի աղան դուրս եկավ խանութից և բռնեց տան ճամփան։

Հասնելով տուն՝ դռան մոտ ոտները չքսեց երկաթե քերիչին, ինչպես անխախտելի պարտականությունն էր Հաճիենց տանեցիների, և ներս մտավ։ Իր մեծ հարսը, որ տան միջանցքում բուրդ էր ձաղկում, Հաճուն տեսնելով՝ տիրացուի վարժությամբ, իբրև ծիսակատարության որոշ տեղը, ձայն տվեց.

— Շողո՜, Հաճի աղաս էկավ, ղայֆան բեր։

Բայց երբ Հաճի աղան մրթմրթաց «հարամ ըլի ղայֆան», հարսին այնպես թվաց, թե երազումն է, կամ մի անասելի դժբախտություն եկավ իրենց տան գլխին։ Վրա ընկավ Հաճու ոտքերին, հանեց նրա կաշվե կալոշները և, տեսնելով Հաճու շալվարի ցեխոտված տոտերը, վախեցած գնաց խոհանոց՝ տանեցոց իմաց տալու։

Հաճի աղան մտավ «մեծ օդան» և կանգնեց մեջտեղը տխուր՝ արձանի պես։

Ներս մտավ Հաճի աղայի կինը՝ Հաճի մարը, մի ժիր ու նիհար կին։

— Ի՞նչ է, Հաճի աղա, — հարցրեց։

— Ի՞նչ պիտի ըլի. թուրքը գուքա, հազրվեցեք։

— Օ՜ֆ, ամա՜ն, Հաճի աղա, «թուրք, թուրք» առել անցել ես, քաղաքը լիքը սալդաթ է։

— Գլխեդ շատ մի՛ դուս տա, հազրվե՛, — հրահանգեց Հաճի աղան։

— Թուրք չկա, չկա. ղայֆադ խմե, — արագախոսեց ժիր կինը և դուրս գնաց։

Այդ միջոցին Հաճի աղայի թոռը, Շողոն, մի կարմրաթուշ աղջիկ, տռուզ ձեռքերով ներս բերեց կաթով սուրճը։

Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜, ..

Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։

Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։

Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել... Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ... միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ... ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը...

Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ աղատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։

Կողքի «պզտի օդայում», թիթեղե փեչի վրա, հեռավոր զուռնայի պես ծվծվում և դժժում էր գյուգյումը և սենյակի տաք ու չոր օդը բարեխառնում ախորժելի խոնավով։

Հենց այդ փոքրիկ սենյակում, անկողինների ծալքի տակ նստած էր մի տարեց կին։ Դա Հաճի աղայի անդամալույծ քույրն էր, Սրբունը, որ ամուսնու մահից հետո լվացք անելիս մի անգամ սաստիկ մրսեց, տիֆով հիվանդացավ և անդամալույծ եղավ, էլ չիմացվեց՝ տիֆի՞ց էր, թե արդեն տրամադիր էր։ Ականջներն էլ ծանր էին։ Հաճի աղան իր անվան չուտեցրեց, որ իր հիվանդ քրոջը ուրիշները պահեն և իր վրա խոսեն, հիվանդին բերեց իր տուն և անկյուն տվեց։ Խեղճ կինը ի բնե աշխատասեր և ինքնասեր, ուզելով մի բանով եղբորը վարձահատույց լինել ընտանիքի կարն ու կարկատանը, ինչպես և գուլպան իր վրա առավ, ու թեև նրա համար սաստիկ դժվար էր այդ աշխատանքն էլ, բայց նա անմռունչ ու կամովին անում էր։ Գեր էր, ծանր և սաստիկ նեղությամբ նստած տեղից շարժվում էր և գետնաքաշ մի կերպ դուրս գնում։

Հաճու նստած տեղից երևում էին նրա ուռած մատները, որով նա ծնկան վրա փռած մի կտոր հարդարում, շուռումուռ էր տալիս, նորից հարդարում, չափում ինչ-որ մի կարկատանի համար։

Այդ մատներն սպիտակ էին, կարծես ջրով լիքը։ Եվ այնքան խաղաղ, առօրյա էր այդ մատների աշխատանքը, որ բոլորովին չէր բռնում օրվա խռովիչ դեպքերին։

Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան։ Նա սենյակի իրերն էր մտովի տեղավորում ֆուրգոնի մեջ և որոնում էր ամենապետքական իրերը։

Հետո մի տասը-քսան անգամ վեր կացավ, պատուհանից դուրս նայեց՝ փողոցի շարժումներից մի բան գուշակելու համար։ Փողոցում շարժում չկար, կարծես ամեն ինչ խաղաղ ժամանակինը լիներ։

Բայց ահա մթնելու վրա էր, որ խառն ձայներ լսվեցին։ Հաճին վեր թռավ և շտապեց դեպի պատուհանը։ Մի քանի մարդիկ անցան պատուհանի տակով՝ խանութի ապրանք շալակած, որ տուն էին կրում։ Դրանց հետևից մի սահնակ՝ անտանելի ծանր բեռով, բոլորը կին ու երեխա, հետևից տղամարդիկ՝ ոտքով։ Հարևանենք էին։ Այդ առաջի սահնակը այնպես ազդեց Հաճուն, ինչպես մի հիվանդի մահը, որ թեև առաջուց սպասելի էր, բայց դեռ այնպես չէր ազդում։ Բայց երբ վերջապես սպասելին փաստ է դառնում, մի դաժան ու սառը բան է զգացվում, որ առաջ չէր կարելի երևակայել։ Ու մինչ Հաճի աղան դուրս կգար գնացողներին բան հարցնելու հանկարծ իրենց տան դուռր գռռաց։ Ներս ընկավ Հաճի աղայի կրտսեր որդին՝ Հակոբը և նախասենյակից հուզված ու կտրուկ ձայնով կանչեց.

— Ապլա՛...

Հաճի աղան վազեց դեպի նախասենյակի դուռը։

— Հակոե՞բ...— հարցրեց շնչասպառ։

Հակոբը ցեխոտ ոտքերը հազիվ սրբած՝ «թուրքերը եկան, փախչինք պիտի» ասելով՝ շնչասպառ ներս մտավ և հարձակվելով անկյունները դրած սնդուկների վրա՝ սաստիկ ուժով առաջ քաշեց։

Հաճին մոտեցավ որդուն։

— Ֆուրղուն բռնեցի՞ք...

— Ֆուրղուն չկա, խզակ բռնեցինք։

Հաճի աղան ընդունեց այդ առաջին մեծ հարվածը, բայց կյանքի բովում զելված մարդը իսկույն անդրադարձավ, որ խորհրդածության ժամանակ չէր. պետք էր ո՛չ միայն հաշտվել այղ աղետի հետ, այլ եղածն ազատել։ Եվ ի՞նչ պիտի տեղավորվեր մի սահնակի վրա... Հաճի աղան ավելի խստացավ։

— Տե՜, ազատելո՛ւն ազատեցեք... ամենեն պետքականը...

Հակոբը քանդեց իր կավագույն բաշլըղը, հանեց դեղնած հաստ վերարկուն և, հարձակվելով սնդուկների վրա, այնպես ուժով առաջ քաշեց, որ զոռից դեմքի ու վզի երակները ուռան։

Իրար հետևից, ներս լցվեցին և դռների մոտ արձանացան Շողոն, Շմավոնի կինը, փոքր հարսը և մի հարևանի կնիկ։

Հաճին մոտեցավ Հակոբին և թևը բռնելով՝

— Խելքդ մի՛ կորցնե, — հրահանդեց, — ինչ որ պետքական է, ա՛ն ժողվե։

Հետո տանեցոց հրահանգեց.

— Ամենեն պետքական բաները ժողվեցեք, տեսե՜ք՝ ճամփան կմնաք։

Հարևանի կնիկը, որ լուռ ականջ էր դնում սրանց, տեսնելով, որ տան բոլոր անդամները գործի անցան, դիմեց Հաճի աղային.

— Հա՛ճ աղա, օտա՜ցդ մեռնիմ, դուք կերթաք, մենք ի՞նչ պիտի էնենք։

— Եսի՞մ, — կտրեց Հաճի աղան.— իմ ձեռքս ի՞նչ կա։

Հարևանի կնիկը, որ դառն աղքատի վիճակին էր և համարյա Հաճի աղայի տան գործն անելով՝մի կտոր, մի փշրանք ստանալու հուսովն էր՝ սարսափեց։ Նա կարծում էր, թե աշխարհն այնպես է շինած, որ չի քանդվել երբեք, իսկ եթե քանդվի էլ, Հաճի աղան երևի բան կգիտենա դրա դեմ անելու։ Չանի էլ ու գնա՝ մի բան կանի իր նման անճարներին։

Բայց Հաճի աղայի չոր ու դաժան պատասխանը սթափեցրեց խեղճ կնկան։ Եվ տեսնելով, որ իրեն նայող չկար, հառաչեց ու դուրս գնաց։

Ու մինչ տնեցիք հավաքում էին իրերը, Հաճի աղան սկսեց անցուդարձ անել սենյակում՝ իբրև տխուր ուղտի կերպարանք։ Նայում էր անկարգացած սենյակին, ուր իրար վրա թափված էին «անպետք» ու «ավելորդ» իրերը, տեսնում էր իր տան քանդվելը, բայց հուսահատությունից չէր զգում ցավը։ Ավելի մեծ զուլումը աչքին բան չէր թողնում երևալու։ Նա դեղնել, մագաղաթ էր դառել։ Տնեցիք շորերը կապում, նորից քանդում և կրկին ընտրում էին, և շարունակ լսվում էր «Հաճ աղայիս գուլպաները», «Հաճ աղայիս դոշակը», «Հաճ աղայիս քուրքը չթողնեք» ։ Շմավոնի կինը կողքից նայելով Հաճի աղային և տեսնելով նրա մեռելադեմ երեսը՝ դիմեց նրան,

— Հաճ աղա, կոնյաք ըմ խմե՞ս։

Հաճի աղան լուռ էր, տխրատեսիլ արձանի պես։ Նրա բերանը հուզմունքից դառնացել էր, և նա թուքը կուլ տալիս դեմքը ծռմռում էր։

Բայց ներքուստ շտապում էր և դիտում տնեցոց աշխատանքը։ Եվ մռայլ, խստացած բերդապահի պես՝ քանի գնում, իր բերդի զանազան իրերի արժեքը վերագնահատելով՝ մերթ կարգադրում էր. «Պետքականնե՜րը, պետքականնե՜րը», մերթ սարկազմով աղաչում էր. «Աստծո՜ւ սիրուն հասկցե՛ք, աս պետք չէ, ա՜ն», իսկ վերջը՝ կռիվը ոգևորողի պես՝ սկսեց քաջալերել. «Տե՛, տե՛, տե՛, հա՛ պապամ հա՜... պետքականնե՛րը, պետքականները» ։ Ու այսպես «պետքականները» կրկնում էր ծիսակատարության ձայնով և զգում էր, որ մեծ գործ է կատարում, տուն է ազատում։

Իսկ այդ միջոցին մյուս փոքր «օդայում» նստած էր անդամալույծը և հանդարտ՝ աչքի տակով նայում էր իր եղբորը։ Վերին աստիճանի խաղաղ էին նրա խոշոր ու մարած աչքերը, որոնց տակերը կապտած՝ պարկեր էին գոյացել։ Նրա դեմքը ուռած, հիվանդագին ճերմակ էր։

Բայց նրան ոչ ոք չէր նկատում։

Տնեցիք արդեն պատրաստ էին, երբ դռան մոտ խզզալով ու դոփելով՝ կանգնեց մի ծանր, մեծ սահնակ։ Շմավոնը կարմրած, այլայլված՝ նստել ապրանքներով լի տոպրակների վրա՝ սահնակը բերում էր տանեցոց տանելու։ Նրա գնդլիկ մարմինը վար սողաց տոպրակների վրայից, և նա ներս ընկնելով շնչասպառն գուժեց.

— Զուլումը տեսա՞ք...՝ խանթին ապրանքը մնաց... ֆուրգուն չկա...

— Վո՜ւո՜ւշ...— ծնկները ծեծեցին հարսները և նայեցին Հաճի աղային։

Հաճի աղան ուղտի տխրությամբ նայեց Շմավոնին և լռեց։

— Տե՛, Հաճի աղա, հագի՛ր էրթանք, — ասաց Շմավոնը և դուրս գնաց։

Շմավոնի կինը աթոռ բերեց, որ Հաճի աղան նստի. հետո փոքր հարսի օգնությամբ Հաճի աղայի ոտքերը հագցրին մի երկրորդ շալվար ևս։

Այդ ժամանակ «պզտի օդայից» խուլ հեծկլտոցներ լսվեցին։

— Ատ վո՞վ է, — հարցրեց Հաճի մարը և ներս գնաց։

Հարսները հետևեցին նրան։ Ինչ-որ բան խոսեցին անդամալույծի հետ, որից միայն լսվեց Հաճի մոր ձայնը.

— Հաճի աղան չի սառի Ճամփան, մի՛ վախնա։

Եվ նորից սկսեցին խոսել։

Հաճի աղան բութ հանգստությամբ իր մեջ նկատեց, որ նա ամբողջ օրը չէր մտածել անդամալույծ ի մասին, և հիմա մտածելով՝ անախորժություն զգաց։ Եվ ոտքը կոխելով շալվարի մեջ խոսեց.

— Ի՞նչ է, ի՞նչ է է ղեր։

— Հեչ, — պատասխանեց փոքր հարսը, — Սրբունը գուլա։

— Ան ինչի՞ է ձեռք ու ոտք էղեր, ո՞ւր պիտի գա, — խոսեց Հաճի աղան բարկությամբ և մտքում զայրացավ, որ անդամալույծը ինքն իր բերնով չի հայտնում, թե համաձայն է մնալու և ուրիշներին է թողնում այդ բանը հայտնելու անախորժությունը։

Փոքր հարսը զարմանքով լի աչքերը հառեց Հաճի աղային.

— Սրբունին պիտի թողնե՞նք...

Հաճի աղան ծաղրեց.

— Է՛ խանումս, տեսնինք ես ու դուն պիտի երթա՜նք...

Հաճի մարը, որ դուրս էր գալիս անդամալույծի սենյակից և լսեց այս վերջին խոսքերը, սարսափեց.

— Քա, ձունը գլխուս, Սրբունին պիտի թողնե՞նք...

— Ե՞ս եմ թողնողը, — հարեց Հաճի աղան, — տեսնինք խզակին վրա տեղ կա՞։

— «Տեղ կա՞» -ն ինչ խոսք է, Հաճի աղա, ասքան մարդս օր կերթանք...

Եվ Հաճի մարը անընդունելի համարելով ամեն պատճառաբանություն՝ փոքր հարսին ձայն տվեց, ինքն էլ գնալով փոքր սենյակը.

— Եսթե՛ր, օղուլ, Սրբունին հագցո՛ւ։

Անկյունում մինդարի վրա ծալապատիկ նստել էր անդամալույծը և գլուխը ծնկան վրա կախած՝ աչքերն էր սրբում։

Հաճի մարը ծռվեց նրա գլխին.

— Սրբո՞ւն, քո՞ւրս, ինչի՞ գուլաս։

Անդամալույծը չպատասխանեց։

Շմավոնի տղան՝ ութ տարեկան Կարոն, որ ներս էր եկել և հետևում էր սրանց խոսակցության, բացատրեց.

— Թուրքերեն կվախենա։

Տիրեց լռություն։

— Ի՞նչ էնիմ, — լացակումեց անդամալույծը, — Հաճ աղաս շատ է վախեցե, վախենամ թե ճամփան ցավի գա։

— Ատոր համա՞ր զուլաս, — զարմացավ Հաճի մարը, — ջանըմ, մեր դարդը մի՛ քաշե, հազրվե՛...

— Ե՞ս, — տխրաժպիտ նայելով Հաճի մորն ու փոքր հարսին՝ ասաց անդամալույծը, — ես չեմ գա։

— Ինչի՞— հետաքրքրվեց Հաճի մարը։

— Դուք ձեր հոգեստանն ազատեցեք. ես անդամալույծ եմ, ասօր կամ, էգվան չկամ, — պատասխանեց անդամալույծը տխուր համակերպությամբ։

— Անդամալո՞ւյծն ինչ խոսք է, ջանըմ, — հանդիմանեց Հաճի մարը, — հոգին հոգի է, հազրվե՛։

Հաճին մեծ սենյակում անցուդարձ էր անում և լսում այս խոսակցությունը։ Հաճի մոր պնդումները նրան զայրացրին, և նա իր կնոջը ձայն տվեց.

— Թեզ էրա՜, ատոր վախտը չէ՜։

Հաճի մարը դուրս եկավ անդամալույծի սենյակից և աչքերը հառեց Հաճի աղային։

— Տեղ չկա՜... կիմանա՞ս, — գոռաց, խեղդելով իր ձայնը Հաճի աղան և շեշտեց «կիմանա՞ս» բառը։

— Է՛, — հակաճառեց Հաճի մարը, — բեռդ պակսեցու՝ տեղ գըլի։

— Է՜, — տնտղեց Հաճի աղան, — բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։

Եվ Հաճի աղան բաշլըղը փաթաթեց։

— Ջանըմ, գնացե՜ք, իմ պատճառովս միք ուշանա, Հաճ աղաս մեղք է, — տրտնջաց անդամալույծը ներսից։

— Ադպես բան չկա, մենք կերթանք, դու ալ պիտի գաս, — հրահանգեց Հաճի մարը և դուրս գնաց՝ կառապանին տեսնելու։

Հարսները ներս եկան, և մինչև անգամ երեխաները բոլորեցին անդամալույծի առաջ։ Բայց նա տեսնելով, որ ամենքը իրեն են նայում և սպասում, վեր նայեց խաղաղ ու բարի աչքերով և ասաց.

— Դուք գնացեք, ինձի մի՛ք աշե, ես կմնամ, իմ ջանս ազիզ չէ։

Այդ ժամանակ ներս մտան Հակոբն ու Շմավոնը և սկսեցին չորս կողմ նայել, թե ինչ կա էլի վերցնելու։

Հարսներն սկսեցին սրանց աղաչել, որ անդամալույծին համոզեն իրենց հետ գալու և տեղ գտնեն սահնակի վրա։

Երկու եղբայր իրար նայեցին լուռ ու դժվարացած, հետո դեպի Հաճի աղան, որ լսեց հարսների աղաչանքը։

Հակոբը կեղծավորություն արավ.

— Հը՞, Շմավո՞ն, ի՞նչ կըսես, ապրանքը թեթևցնե՞նք...

Շմավոնը դեմքը կնճռեց ժլատի պես, որից փող են խնդրում։

— Չգիտեմ, ի՞նչ ըսեմ...

Ու դուրս գնաց։

Երեխաներն սկսեցին լաց լինել։

— Սրբուն մամին թուրքերը պիտի մորթե՜ն...

Եվ ընկնելով անդամալույծի վրա, փաթաթվեցին նրան և. սկսեցին համբուրել։

Սա գրկեց նրանց և փղձկաց.

— Աստված հետներդ, գառնե՛րս, գնացեք, ինձի մի՛ք աշե։

Հարսները լցվեցին և երեխաներին քաշեցին մի կողմ։

Հաճին մի երկու անգամ գնաց-եկավ մեծ սենյակում, հետո՝ մուշտակը հագած եկավ փոքր սենյակը և մոտեցավ քրոջը։

— Է՞, Սրբուն, — ասաց նա դժվարությամբ ու տհաճությամբ, — մնա՛ս բարով։

Եվ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։

— Մի՞ վախնա, թուրքերը քեզի ձեռք չեն տա. երբ օր ներս մտնին, ըսե՝ «տունը ձեզի», ինձի ձեռք մի՛ք տա։

Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.

— Ըսե՝ «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։ Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ» ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային.

— Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս։

Հետո փղձկալով վրա բերեց.

— Քոռանա՛ լուսս... տղոցը համար չկրցա գործե։

— Բան չկա, բան չկա, — սառը հանգստացրեց Հաճի աղան։ Հետո դարձավ տնեցոց.

— Դե՛։

Ու ինքը դուրս գնաց։ Հաճի մարը այնտեղ չէր։ Ըստ երևույթին գնացել էր հարևանների մոտ՝ անդամալույծի համար տեղ գտնելու։

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

Եվ որովհետև տնեցիք ուշանում էին, — անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա, — Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.

— Թե՛զ էրեք, ատոր վախտը չէ՛... «էկա՜ն» ...

Ու շտապով դեմքը ծածկեց վերմակի մեջ, որ չմրսի։

Բայց ներսը ուշանում էին։ Շմավոնն ու Հակոբը հասկանում էին Հաճի աղայի հաշիվներն ու խստությունը։ Գիտեին նրանք, որ կյանքի իմաստությունը հենց այդ էլ պահանջում է։ Եվ տեսան էլ, որ հոր վճռական քայլերի շնորհիվ բավական ապրանք են ազատում և իրենք էլ փրկվում են։ Նրանք հասկանում էին, որ հայրն իրավացի է՝ գնահատելով ժամանակը, պետք էր հասկանալ նաև նրա իմաստությունը. ա՛յն, որ իրենց հարստությունն էլ իրենցը չէր, այլ միայն իրենց փախցրածն էր իրենցը։ Եվ ահա հաշտվեցին, որ իրենց հայրը խելոք է մտածում՝ անդամալույծին թողնելով և ապրանքը տանելով։ Ո՞վ գիտե, օտարություն է, պետք է ապրել, նոր տուն շինել, աշխարհք հո չվերջացավ...

Եվ այսպիսի դեպքերի հասկանալի արագությամբ հաշտվեցին, որ անդամալույծը ավելորդ էր իրենց մեջ։

Եվ որովհետև ուրիշների հետ համեմատած՝ իրենց «հաջող» փախուստը, մահից փրկվելը, վտանգից դուրս գալը մի փոքր բարձրացրել էր նաև նրանց տրամադրությունը, նրանք մինչև անգամ սկսեցին կատակել.

— Մենք կերթանք հարսնիք՝ հորքուրս կմնա տունը պահելու։

— Էրկու օր չի քաշե՝ մենք ետ կդառնանք։

— Թուրքերը խանում–խաթունի պես կաշեն հորքուրին։

— Ջանըմ, անդամալույծին վո՞վ կդիպչի։

— Հե՜չ, հըլպը՜տ որ։

— Քեֆը հորքուրինս է։

Իսկ հարսները, որ լավ գիտեին Հաճի աղայի անկոտրում բնավորությունը, տեսնելով իրենց ամուսիններն էլ անհոգ են, հավերի պես համակերպվեցին ու լռեցին։

Եվ լաց լինելով հագցրին երեխաներին։ Հետո մոտեցան անդամալույծին, համբուրվեցին նրա հետ։ Հետո բերին մի քանի կարտոֆիլի մոմ, հացի մի մեծ կապոց, ջուր, լուցկի, դրին անդամալույծի մոտ և «օ՜ֆ, օ՜ֆ» անելով դուրս եկան։

Դուրսը թաղի մեջ մեծ տագնապ էր։ Լուսամուտներից ու բաց դռներից դուրս ընկած լույսերի շերտերում բացվում ու խփվում էր բազմությունը։

Գլուխները հաստ շալերով փաթաթած ապլաներ, բաշլղներով տղամարդիկ, շարֆերով տղաներ ու աղջիկներ՝ իրար անցած՝ խռնված էին դռների առջև, սահնակների ու ֆուրգոնների չորս կողմը։ Աղմուկ, վայնասուն... Ահա ծերուկ ժամկոչը, որի չոր, ածիլած կզակը դողում է, ընտանիքով մնացել է առանց սահնակի. ոտքով պիտի գնան։ Ծերուկը գլուխը կորցրել երեխա է դառել։ Կինը դայակի պես հետևից քշում է այս ու այն կողմ։ Ահա ճամփա ընկան՝ առանց բեռի ու հագուստի։ Ահա մի հասակավոր մարդ կռվում է իր հարևանի հետ, որը նրա կառապանին ուզում է մի բան ավել տալ և սահնակը խլել։ Երկուսն էլ ձիու սանձերը դեսուդեն են քաշքշում։

Աստված սիրողը իմտա՜տ հասնի... մնացի՜նք...— գոռում է մի կին անպատասխան ժխորի դեմ։

Մի ֆուրգոն, իրերով ու մարդով սարսափելի բեռնած, եկավ դեմ առավ Հաճիենց սահնակին։

— Խաբարդա՜, — գոռաց կառապանը իր մուշտակի միջից։

Մի դեմք՝ շեկ ու կոշտ բեղերով ու մորուքով՝ դուրս նայեց ֆուրգոնի առաստաղի տակից։

Դատարանի գրագիրն էր։

— Ի՞նչ եք կայնե, — գոռաց։

Ուրիշ երկու ֆուրգոն էլ եկան դեմ առան։ Սկսեցին շտապեցնել։ Գրագիրը գոռգոռաց։ Նրան բացատրեցին, որ անդամալույծի պատճառով են Հաճիենք կանգ առել։

— Ի՞նչ եք կայնե, գնացեք, — ձայն տվեց գրագիրը, — անդամալույծ տանելու վա՞խտ եք գտե, бросьте ее к чорту!

— Կնկան թողնեն, երթա՞ն, ի՞նչ կըսես, — առարկեցին ֆուրգոնի միջից։

— А что-ж։ Պռավիլա՞ է, ի՞նչ է։ Եփ օր էվակուացիա է, անդամալույծները ավելորդ են։

— Տե, թեզ էրեք, ուշացանք, — կատաղեց Հաճի աղան և ուզեցավ տեղից վեր կենալ, որ գնա, տեսնի, թե ինչ են անում ներսը։

Այդ Ժամանակ Շմավոնն ու հայ կառապանը՝ Հաճի մոր թևերից բռնած՝ բռնի դուրս էին բերում։ Հաճի մարը զայրացկոտ շարժումներով աշխատում էր թևերն ազատել և ներս գնալ նորից անդամալույծին բերելու։

— Թողե՛ք, ես անոր պիտի տանիմ, — ծվում էր նա։

— Տեղ չկա, մա՛րս, տեղ չկա, — համոզում էր կառապանը։

Բայց կինը կատաղի դիմադրում էր։

Հարսներն ու երեխաները լաց էին լինում։ Իսկ ֆուրգոններից բողոքում և շտապեցնում էին։

Շտապով հարսներին և երեխաներին տեղավորեցին սահնակի վրա։ Հաճի մորն էլ բռնի բերին, գցեցին սահնակի վրա։

Հենց որ նա ընկավ հարսների և երեխաների մեջ, կառապանը մտրակը կատաղի զարկեց ձիերին։ Սահնակը թռավ, և կառապանը ձիերի կողքից վազեց։

Շմավոնն ու Հակոբը մնացին դռանը։ Մեկնելուց առաջ մի պահ սպասեցին և նայեցին իրար։ Պետք էր ներս գնալ և վերջին անգամ տեսնել անդամալույծին։ Պատուհանից երևում էր սենյակի լույսը։ Երկու եղբայր ներս մտան, մոտեցան անդամալույծին։ Սա հանգիստ նստած էր և այդ խաղաղությունը բոլորովին չէր բռնում այն ընդհանուր շփոթի ու երկյուղի հետ, որ պաշարել էր ողջ քաղաքը։

Հակոբը մոտեցավ նրան.

— Հորքուր ջան... ավել-պակաս հալալ...— և փղձկալով բռնեց համբուրեց անդամալույծի ձեռքը։

— Աստված հետներդ, գառներս, գնացեք... Հաճ աղայիս, տղոցը լավ աշեցեք, չմսին.. խոսեց անդամալույծը հոգածու ձայնով։

Շմավոնը կեղծ ու շիտակ զգացվեց, բերանը ծռմռեց, նա ևս մոտեցավ, համբուրեց անդամալույծի ձեռքը և, անարցունք աչքերը սրբելով դուրս եկավ։ Նրան հետևեց Հակոբը, որ դուրս գալիս շտապեց և դիպավ Շմավոնին։

Եվ երկու եղբայր ֆուրգոնների կողքից վազեցին, որ հասնեն իրենց սահնակին։

Քաղաքը տեղից վեր կացել գնում էր։ Ֆուրգոններ, սահնակներ, ու նրանց կողքից հետևակ մեծ ու փոքր շարաններ շփոթված, աղմկելով գնում էին։ Երբ Շմավոնն ու Հակոբը հասան իրենց սահնակին, հետևից քաղաքը լուսավորվեց շուկայի հրդեհով, իսկ ֆուրգոնների կտավե ծածկոցները սկսեցին փռփռալ թեթև քամուց։

— Հո՜ո՜ո՜փ, — ձգեց իրենց առջևից գնացող ֆուրգոնի կառապանը և կանգնեցրեց ֆուրգոնը։ Նրան հետևեցին մյուսները, և բոլորը կանգնեցին։

— Ինչի՞ կայնեցիք, — դժգոհեցին և վախեցան զանազան կողմերից։ Բայց ոչ ոք չէր իմանում՝ ինչո՞ւ։ Միայն երեխաների ճիչն ու կանանց լացը ավելի պարզ լսվեց աղմուկի միջից։ Քաղաքի կողմը, դեպի արևմուտք, որ թաղված էր մթան մեջ, լսվում էին թնդանոթի խուլ դղրդյուններ։ Տագնապը սաստկացավ քարավանի մեջ։ Հաճու թոռները սկսեցին հեծկլտալ։

— Սրբուն մամին մորթե՜ն պիտի, ..

Հաճի մարը, որ մինչև այդ խստահայաց ու անհաշտ նայում էր չորս կողմը, լսելով երեխաների լացը՝ հանկարծ լցվեց և հեծկլտաց.

— Չեն մորթե, մի՛ք լա, — ու սկսեց աչքերը սրբել։

Երեխաները տեսնելով նրա լացը՝ ձայները բարձրացրին։

Թնդանոթի ձայներից Հաճի աղայի երևակայությունը վառվեց։ Նա ավելի պարզ սկսեց շոշափել մահը։

Եվ հրդեհի մեջ պաշարվածի պես՝ նա զգաց, որ տարերային մի ուժ նրան միայն մի բան է թելադրում, փախչել, շուտով դուրս գալ մահի ճիրաններից։ Մնացածը՝ կին, երեխա, ընկեր, բարեկամ՝ նսեմացավ նրա աչքում։ Եվ ակամա՜։ Եվ նա զգում էր, թե որքան դառն է այդ «ակաման», բայց և զգում էր, որ այդ այդպես է։

Նա կարծես ցնորքի մեջ լիներ. նայում էր չորս կողմ և, ամեն առարկա մի վայրկյան տեսնելով, մյուս վայրկյանին մոռանում էր։ Կարծես երազում՝ նրա մոտով, ճամփի եզրով, իրենց հարևան կոշկակար Պողոսը, ուժեղ երիտասարդ՝ յափնջու վրա երկու երեխա նստեցրել քարշ էր տալիս ձյան վրայով։ նրա հետևից հևալով և լնգլնգալով գնում էր նրա ծերուկ հայրը։ Ահա հոգնեց նա, եկավ կանգնեց և ճամփից դուրս գալով, գնաց խրվեց ձյան մեջ ու մնաց.

— Ալ չեմ կրնա... գնացեք...

Նայում է նրան Հաճի աղան և իսկույն մոռանում է։

Ահա քարվանը նորից շարժվում է։ Լեռնային սառնամանիքը իր սառցե մատներով բռնում է Հաճու մորուքը, և նա դեմքը ծածկում է վերմակի տակ։

Փչում է լեռնային քամին և ձյան փոշին, առաջ օձերի պես սողալով և ապա բարձրանալով իբրև, վիշապներ, թռչում են օդի մեջ, նվում, վայում...

— Աստվա՜ծ, դուն հասնես.— մրմնջում է Հաճի աղայի փոքր հարսը։

Մեծ հարսը երեսը խաչակնքում է և սկսում «Հավատով խոստովանիմը» բարձր և զգացված։

Իսկ իր շալի մեջ Հաճի մարը կծկված՝ մտածում է անդամալույծի վրա և ծանր հառաչում։


     Սուր վտանգն ու աղմկալից սարսափն անցել էին, տեղի տալով մի խաղաղ թշվառության, որ ընդունեց փախստականներին հետևյալ գավառական քաղաքում։ Հանկարծակի աղքատներ, մի ժամում անտունացած մեծատուններ, ի ծնե չքավորներին խառնված՝ եկան ապաստանելու ամեն կարոտություն չկռահող, ամեն ինքնասիրություն չհաշվող բարեգործության և նրա միշտ ուշացող օգնության։ Բարեգործականի, դպրոցի և մասնավոր անբնակ տների մեջ խցկեցին սրանց. բերին հաց, շոր, դրամ, նաև մխիթարական խոսքեր, և նման դեպքերի գթառատության ալիքը ինչ վարարությամբ որ հորդեց, նույն արագությամբ էլ ճապաղեց, և թշվառությունը հիմա այլևս անարգել ու հաստատ անցավ իր գործին։

Հաճիենց քաղաքը շուտով ետ առնվեց։ Տղամարդիկ, որոնց մեջ և Հակոբն ու Շմավոնը, վերադարձան տեր լինելու իրենց այրված ու կողոպտված գույքերին։ Լուրեր եկան, որ գնացողները քիչ-քիչ հաջողում են կորածը գտնել։ Փախստականների երեսը իստակվեց։ Հաճի մարը իր հարսների հետ դուրս էր գալիս, այցելում մյուս փախստական ընտանիքներին, հյուրեր էին գալիս իրենց տունը, և հին մեծատան հյուրասիրությունը փորձեր էր անում հին ընթացքով քայլելու։ Ծիծաղն սկսեց երբեմն իր ձայնը լսեցնել նրանց տանը։ Մի անգամ էլ եկավ իրենց քաղաքի զվարճաբան Գարանը և պատմեց ծիծաղելի դեպքեր թե՛ փախից և թե թուրքերի քաղաք մտնելուց, որ վերադարձողները լսել էին և եկել, տարածել։ Ներկայացրեց մի վաճառականի, թե ինչպես էր շփոթվելուց մութաքան գրկել, մինչ երեխան կողքին ընկած լալիս էր։ Լսում էին, ծիծաղում։ Հետո խոսք եղավ անդամալույծի վրա, որի մասին եկողները միաբերան ասել էին, որ անհայտ կորած է, և որի մասին տնեցիք աշխատում էին կամ չխոսել, կամ մխիթարվել, ասելով, որ եթե գար՝ միևնույն է ճամփին կմեռներ։ Հաճին ավելի մռայլվեց։ Այդ տեսնելով Գարանը համարձակ և ուրախ հանդիմանեց,

— Ջանըմ, Հաճի աղա, բան չունի՞ս, չարդ տարավ, սաղ ըլին հարսներդ, տղաքդ, թոռներդ։

Սակայն Հաճի աղան խորտակված էր։

Այնուհետև ժամերով մի բառ չէր լսվի նրա բերանից։ Նստում էր մի անկյուն, ծխում, համրիչը գցում և երբեմն միայն գլուխն օրորելով մռմռում,

— է՜, ե՛թ, թո՛...

Եկած օրից ոչ մի անգամ փողոց դուրս չեկավ։

Քաղաքում ծանոթ-բարեկամներ եկան, իրենց տուն հրավիրեցին, կտրուկ մերժեց։

Տնեցիք սկսեցին անհանգստանալ։ Հաճու այս արտակարգ խռովությունը նրանք իսկապես կորցրած հարստությանը վերագրեցին և կարծեցին, որ կարող է ծերուկը խելքը կորցնել, ուստի և լուր ուղարկեցին Շմավոնին, որ ինքը կամ Հակոբը գան։ Պատասխան չեկավ։


     Հունվարի սառն ու պարզկա առավոտը նոր էր բացվում, որ Հաճի աղան անկողնում նստեց։ Հաճի մարն ու հարսները՝ երեխաները ծոցներն առած՝ քնած էին փոքր ու նեղվածք սենյակում, որ Հաճին դիտմամբ վարձել էր, մերժելով ձրի սենյակը։

— Հաճի աղա՞, ինչի՞ էլար ասպես թեզ, — անհանգստացավ Հաճի մարը և նույնպես նստեց իր անկողնում։

— Ուշացեր եմ, — մռմռաց Հաճի աղան և սկսեց հագնվել։

Հաճի մարը աչքի տակով ուշադիր նայեց Հաճու դեմքին և նկատեց նրա աչքերում մի տխուր համակերպություն։ Վեր կացավ, օգնեց որ հագնվի, ջուր բերեց, լվացվեցրեց։ Հաճին վեր կացավ և գավազանը առավ։

— Ո՞ւր, — հարցրեց Հաճի մարը մի փոքր վախեցած։

— Ժամ պիտի էրթամ։

Հաճի մարը զարմացավ, բայց շրթունքը կծեց։ Դրդեց հարսներին, որ վեր կենան, և ասաց, որ իրենք ժամ են գնում. հարսները զարմացած նայեցին Հաճուն, բայց Հաճի մարը գողունի մատները դրեց շրթունքին, որ չխոսեն։

Դուրս եկան փողոց և ձների ու սառույցների վրայով անխոս գնացին եկեղեցի։ Երբ մտան եկեղեցու բակը, Հաճու հանգիստ դեմքի մկանները ցնցվեցին։ Նա դողդոջուն շրթունքները հպեց եկեղեցու քարե դռան, համբուրեց, երեսը խաչակնքեց և՝ կզակը դողացնելով՝ ներս մտավ եկեղեցի։

Առավոտյան ժամ էր, և եկեղեցին թափուր։ Երբ «ժամն» ավարտվեց, Հաճի մարը առաջարկեց, որ գնան տուն, բայց Հաճին մերժեց և մնաց իր տեղում չոքած։ Սպասեցին պատարագին։ Շուտով եկավ մեծ հարսը։ Եվ հարս ու կեսուր քաշված մի անկյուն՝ սկսեցին փսփսալ. Հաճի մոր համար պարզ էր, որ Հաճի աղան հոգեկան հիվանդ է դառել։ Եվ սկսեց աղոթել, տրորվել։

Չոքել էր Հաճին և ավելի մտածում էր, քան աղոթում։ Հաճի մարը նայեց նրա սմքած երևույթին, կորացած մեջքին, դեղնած մագաղաթե դեմքին, ծխից կարմրած բեղերին և ճերմակ, ցախ-ցախ մորուքին, որոնց վրա փախից հետո ածելի չբանեց, նայեց Հաճի մարը և զգաց, որ ծերուկի վիշտը շատ խորն է։

Մի մինդար քաշեց ծերուկի տակը, բայց սա մերժեց։ Եկեղեցին լուռ էր, ցուրտ։ Խնկի դուրեկան հոտը դեռ օդի մեջ։ Ահա արևի ծիրանի սյուները պատուհաններից կախվեցին ներս։ Եկավ ժամկոչը, հետո քահանան, կամաց-կամաց աղոթավորը շատացավ, սկսվեց պատարագը։ Հաճին անշարժ ու հանգիստ նայում էր իր առաջ, պաղ քարերին։ Միայն երբեմն, երբ արծաթագլուխ տերտերը շուռ էր գալիս դեպի բազմությունը և հորից լսվող ձայնով ասում էր «խաղաղությո՜ւն ամենեցուն», Հաճին գլուխը կախ էր գցում և երեսը վախեցած խաչակնքում։

Երբ գնացին տուն, և ամենքը շարվեցին «դաստախունի» շուրջը և սկսեցին թեյ խմել, մեծ հարսը բերանը մոտեցրեց Հաճի մոր ականջին.

— Գիտե՞ս, Հաճի աղաս տերտերին, տիրացուին բռերը մեկ-մեկ օսկի դրեց։

Հաճի մարը սառած նայեց հարսի երեսը, հետո վեր թռավ և գնաց դուրս և այնտեղից նշանացի կանչեց հարսին իր մոտ։

— Ե՞բ, աղջի...

— Դուն սեղանին էիր մոտեցե, աղոթք կենեիր, — պատասխանեց հարսը, — աղքըտներուն ա մեկ-մեկ օսկի տվեց...

— Չէ, ջանըմ...— հևաց Հաճի մարը հուզմունքից։

— Աչքովս տեսա։

— Հը՞...— խռովեց Հաճի մարը, — ձեզի բան կըսեմ՝ չեք իմանա։ Աման, աստծու խաթեր, Հաճիս ձեռքե գնաց, տնե՜ օճըղե հեռու...

Եվ սկսեց ծնկներին տալ ու տրորվել։ Հարսը պատմեց տեղով, որ իր աչքով տեսել է։ Հաճի մարը նորից ներս մտավ, իրեն զսպեց և հարսներին աչքով արավ, որ ուշ չդարձնեն Հաճու վրա։ Ու սկսեց հսկել նրան։

Երեխաները դուրս գնացին՝ ձյան վրա խաղալու։ Հարսները սփռոցը վեր քաշեցին, նորից մի թեթև ավլեցին սենյակը, որ առավոտվան խնամքով ավլել էին, փայտ ավելացրին թիթեղի վառարանին և գնացին «աշխանան», խոհանոց՝ կերակուր եփելու։ Հաճի մարը նստեց Հաճի աղայի դիմաց և դիտելով նրա ամեն մի շարժումը, սպասեց, որ նա մի բան ասի։

Բայց ոչ մի նշան՝ թե ուզում է խոսել։ Նրա լռությունը ցույց էր տալիս, որ խորին ու մշտական խռովքը և ներքին տաժանելի մի աշխատանք դուր էր գալիս նրան։

Մի պատկեր կար, որ երևակայության մեջ ամբողջացնում էր նա։ Դա նրա կիրքն էր, որ նրան և՛ սարսափեցնում էր, և՛ ուրախացնում։ Նա տեսնում էր անդամալույծի դիակը և աշխատում էր նայել նրա սառած, բաց աչքերին։ Ճգնավորի մոլուցքի մեջ ընկած հավատացյալի կրքով նա հետևում էր այդ պատկերին և աշխատում էր երբեք, ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնել. ինքը, միայն ինքը եղավ այդ սարսափելի պատկերի ստեղծողը։ Դա իր մեղքն էր, ցածությունը, իր անգթությունը։ Եվ ինչքան երկար նայում էր այդ դիակին, այնքան կսկծում էր իր սիրտը և այնքան էլ հաճույք, հանգիստ էր զգում։ Անդամալույծը դառավ մի սուրբ, մի պաշտելի սուրբ նրա համար։ Նրա դիակը սրբագործում էր ծերուկի մեղսալից սիրտը։ Ահա ինչու նա կառչել էր նրան։

Բայց այս ապաշխարողի թեթևացումը երբեմն էր միայն։ Լինում էին րոպեներ, որ նա զգում էր, թե խելագարվում է։ Այդ պատահում էր, երբ նա պայծառ գույներով պատկերացնում էր ի՛ր իսկ մահվան օրը, կամ երբ հիշում էր իր սարսափները փախի գիշերը։ Հիմա էր հաշիվ տալիս իրեն և զգաստորեն հաշիվ տալիս, որ հենց այդ սարսափներն է կրել իր քույրը, այն արհամարհված էակը, որի մեռնելը ինքը ցածոգի կերպով այնքա՜ն հեշտ և հասկանալի համարեց փախի օրը։ Եվ ինչպե՞ս կարելի էր թողնել նրան մահվան առջև, և կա՞ արդյոք մի արարած, որ չտանջվի մարմնական ցավից, չվախենա մահից և իրավունք չունենա ապրելու։ Եվ ի՜նչ համակերպությամբ ընդունեց անդամալույծը իր համար որոշած վիճակը և ի՜նչ անձնվեր հոգատարությամբ նա մտածում էր փախչողների ապահովության մասին։ Սա արդեն խոցում էր Հաճու սիրտը։ Եվ երբ Հաճին հիշում էր, թե ինչպես ինքը անկարող եղավ կյանքի սերը մեռցնել իր մեջ և դիմանալ մահվան մերձեցման, մինչդեռ այն հասարակ, չնկատված էակը այնպես արիաբար վճարեց իր տուրքը, Հաճին խայթված վեր էր բարձրացնում իր խոնարհած գլուխը և խելագարի պես նայում Հաճի մորը։

— Հաճի աղա՞, — արթնացրեց նրան իր կինը։

Հաճի աղան նայեց նրան խորասուզված հայացքով և լռեց։

— Ախր մեմ ըսե տեսնենք՝ կմտածես, — հանդիմանեց Հաճի մարը։

Հաճին լուռ էր։

— Թե՞ կորուցածդ է միտքդ ընկե՝ տղաքդ սաղ ըլին. ինչի՞ կմտածես, թե՞ Սրբունին վրա է միտքդ՝ բան չունի՞ս. անքանները մեռան, ավելի ազիզները... լավ կըսեիր, թե «ան ավելորդ է» ։

Հաճին մռայլ նայեց իր կնոջը և գլուխը օրորեց։

Եվ նա սաստեց՝ խստահայաց նայելով Հաճի մորը.

— Սո՜ւս... ավելորդ մարդ չկա. աստծու առջև հոգին հոգի է։

Հաճի մարը զսպվեց։

— Օ՜ֆ, — հառաչեց Հաճի աղան, — գնա, սատկող շանը հարցուր, թե սատկելը ղոլա՞յ (հեշտ) բան է։

Նրա դեմքը տխուր էր, աչքերը խորն ընկած, իսկ անածիլած կզակի ու այտերի ճերմակ մորուքի ցախերը նրա դեմքին տալիս էին խստակյաց ճգնավորի երևույթ։

Մի շաբաթ անց Հաճի աղան պառկեց անկողնում։ Երևի ժամում մրսել էր։ Քրտնեցրին, ֆելդշեր բերել տվին։ Ոչինչ օգուտ չեղավ։ Եվ մի երեկո ճրագ վառելու ժամանակ Հաճին տերտեր ուզեց։ Հաճի մարը ծնկներն էր ծեծում և գողունի նայում Հաճի աղային, որ տեսնի, թե վտանգն անցնում է, թե ոչ։

Եվ մինչդեռ տնեցիք, թաքցնելով իրենց հուզմունքը, սպասեցին մի պահ ևս, որ գուցե թե Հաճին ինքը մոռանա և էլ չպահանջե տերտերի գալը, Հաճին հանգիստ և պարզ կրկնեց, որ տերտերի պետք ունի։ Կանչեցին։ Եկավ արծաթազարդ, տերտերը, որ բնազդով իմանալով, թե հիվանդը մահամերձ է, հետը բերել էր հաղորդությունը։

Տնեցիք բոլորվեցին հիվանդի շուրջը։ Տերտերը ձեռքով արավ, որ հեռանան, հասկացնելով, որ հիվանդին պիտի խոստովանեցնե։ Բայց Հաճի աղան խնդրեց, որ մնան։ Եվ բարձր ձայնով, մոլեռանդ հույզով խոստովանեց։ Պատմեց, թե ինչպես ինքը թողեց անդամալույծին։

— Մեղա քեզի՜, մեղա, — լացեց և համբուրեց ավետարանը։

Տերտերը մխիթարեց և հաղորդություն տվեց։

Եվ երբ հիվանդը հաղորդություն առավ, դողդոջուն ձեռքը տարավ բարձի տակը և, հանելով թղթի մեջ փաթաթած միքանի ոսկեդրամ, տվեց տերտերին։

— Աս քեզի, — շշնջաց նա և, հանելով մի ուրիշ քսակ, դողդոջուն ձեռքով մեկնեց տերտերին ու աչքերի երեխայական արտահայտությամբ նայեց նրան և ուզում էր մի բան ասել, բայց մնաց, շունչը կտրվում էր. սաստիկ հուզված էր։

— Աս ո՞ւմ, — հարցրեց տերտերը, կռանալով նրա վրա։

— Ո՞ւմ տաս, — մրմնջաց հիվանդը և լռեց։

Արտասուքը խեղդեց նրան։ Շունչ առավ և հառաչեց.

— Ադ ա տուր աղքատներուն...

Եվ խլելով տերտերի փեշը, համբուրեց և մղկտաց.

— Ավելորդին հոգուն համար...


    
    

Հայը

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից... Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։ «...»

Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ապա՞ տար տանդ ծառա։ «...» Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր... Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես՝ ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մեջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ... Բայց անցիր նրա երկիրը։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված...

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացնին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը», — մտահոգվում է նա։

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ «...» երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է ինչպես ուխտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։

Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական» ՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն Հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ «...»

Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում... Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, «...» անչափելի՝ իր վեհ թռիչքներում։

Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե։ Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում ... «...» «Ջարդի՛ր ինձ, — ասում է նա, — ահա՜ քո պատիժը և իմ վրեժը» ։ Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված... Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը։

Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից, — ասում է նա իր նեղիչներին, — ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը...» ։
    
    

ԵՐԳ

Լուսնակն ելավ ամպն ի վեր,
     Գիշերն ամպշող, ի՜նչ անուշ.
     Հովը եկավ տարուբեր,
     Շնկշնկում է ի՜նչ անուշ:
     Շվին հեռու հառաչեց,
     Գանգատ արավ՝ ի՜նչ անուշ.
     Հովը ծամերդ ինձ բերեց
     Քչփչալով՝ ի՜նչ անուշ:
    
    

Մի՛ լար, մի՛ թացիր աչքերդ, աչքիդ լույսն ափսո՜ս է, կանցնի՜.

Մի՛ լար, մի՛ թացիր աչքերդ, աչքիդ լույսն ափսո՜ս է, կանցնի՜.
     Մի՛ տխրիր, նոր գարուն հասակդ մի օր է վառ մայիս՝ կանցնի՜,
     Ջա՜ն, ի՞նչ ես էդ դարդին գերվել, գիշե՜ր է, վերջ կտա՝ կանցնի՜.
     Աշխարհն էլ հեքիաթ է էսպես, մի՛ շտապիր, կհատնի՝ կանցնի...

Ինչքան ծիլ ծաղիկնե՜ր ծնվեցին այս գիշեր

Ինչքան ծիլ ծաղիկնե՜ր ծնվեցին այս գիշեր,
     Ինչքան վառ ծաղիկնե՜ր զարթնեցին այս գիշեր,
     Ինչքան թարմ դռնակնե՜ր բացվեցին այս գիշեր,
     Դուրս ելան շուշաննե՜ր, անուշնե՜ր, մեղույշնե՜ր,
     Ինչքան զի՜լ որոտաց սիրո ձայնն այս գիշեր.-
     Մի ձայն էլ ինձ հասավ... աչքս թա՜ց այս գիշեր...


    


    
    

ԲԱԲԻԿԸ ՈՒ ՆԵՐՍԻԿԸ

(հատված "Վարդանանք" վեպից)

Փառանձեմ տիկինը շարունակում էր ապրել միանձնուհու կյանքով։ Ի բնե խելացի և զարգացած կին՝ իր վիշտը թաղում էր ընթերցանության և զավակների կրթության հոգսերի մեջ։

Նրան մեծ վիշտ պատճառում նաև այն, որ իր զավակներին ևս Վասակը տանում էր դեպի այլասերված կյանք, պոկում հայրենի հողից, ստիպում ծառայել հայ ժողովրդի թշնամի Հագկերտին։ Կգա շուտով, կկանգնի իր գլխին, կպահանջի իր զավակներին, չի նայի մայրական զգացմունքներին և պոկելով նրանց իր սրտից՝ կտանի հեռավոր, օտար, թշնամի երկիր, կկորցնի նրանց այնտեղ։ Այլևս ե՞րբ կգան իր զավակները, նրանք ի՞նչ կերպարանքով կգան, պահպանած կլինե՞ն իր ավանդները, հավատարիմ կլինե՞ն իրենց հայրենիքին, լեզվին, իրենց հարազատ ժողովրդին։

Բաբիկն ու Ներսիկը դուրս ելան Վասակի մոտից սաստիկ վրդովված։ Նրանք անմիջապես գնացին Փառանձեմի մոտ։ Երբ հայտնեցին նրան լուրը, նա գունատվեց և ձեռքը տարավ դեպի սիրտը։ Դա զարհուրելի էր նրա համար։

Փառանձեմը հուզմունքից չգիւոեր ինչ անել։ Հարվածն սպառնում էր, բայց քանի չէր հասել, դեռ չէր զգացվում այդքան դաժան, բայց երբ հասավ, հիմա զգացվեց նրա ուժը։ Փառանձեմը մի շարժում արեց, որ վեր կենա և գնա Վասակի մոտ։

— Ի՞նչ անեմ, ինչպե՞ս առաջն առնեմ, — հոգեկան մեծ խռովքի մեջ դարձավ նայ Ձվիկին։

Ներսիկը փաթարվեց մորը.

— Գնա խնդրի՛ր, մայրին խնդրիր մեզ չտանի, ես չեմ կարող գնալ։

— Ա՜խ, ձագուկներս, — հառաչեց Փառանձեմը և կանգ առավ։

— Նրան խնդրել չարժի, ասաց Բաբիկը մռայլ, — նա իր

խոսքը կանի՝ կտանի, իզուր տեղը մայրիկը իրեն կգցի նրա առաջ։ — Իսկ դու կգնա՞ն, — հարցրեց Ներսիկը վախեցած։

— Չեմ գնա, — ասաց Բաբիկը վճռական։

— Ի՞նչ, պիտի հակառակե՞ս, — վախեցավ Փառանձեմը, — թող, ի սեր աստծո, բան չբանաս գլխիդ։

— Ինչ ուզում է անի՝ չեմ գնա...

Փառանձեմը ծնկները ծեծեց հուսահատ։

Նա չգիտեր ինչ վճիռ ընդունել. համաձայնե՞լ, որ իր զավակները գնան. դա մահ էր նրա համար։ Բայց նա սարսափում էր նաև նրանից, որ Բաբիկը հակառակի հորը, և կատաղի ծնողը մոլուցքի մեջ վնաս տա նրան։

Ամբողջ գիշերը Փառանձեմը անցկացրեց օթևանում շրջելով։ Բաբիկն ու Ներսիկը նստած էին անքուն և հետևում էին մոր շորորանքին։ Նրանք խոսք չէին գտնում մորը հանգստացնելու, քանի որ իրենք ևս անհանգիստ էին։

Լուսինը դուրս սողաց լեռների խորքից։ Նրա թախծալի լույսը կախվեց քարափներից ահագին ձորի մթության վրա։ Անդնդում՝ խավարի մեջ մռմռում էր գետը։ Տխուր ծկլթում էր գիշերահավը։

Փառանձեմի սիրտը փղձկաց։ Նա կուզենար լիասիրտ ու բարձր լաց լինել։ Բայց այդ տխուր սփոփանքից էլ նա զրկվեց։ Նրա վշտի ամեն մի նշանը պիտի տանջեր իր ճանապարհորդ զավակներին։ Նա չէր կամենում նրանց վիշտ պատճառել։ Ուստի և զսպեց իրեն և գնաց նստեց իր բարձին։

— Եկեք մոտս, — ասաց նա նրանց՝ մոտ քաշելով գրակալը, որի վրա հանգչում էր իր զավակների սիրած մատյանը՝ Մովսես Խորենացու պատմությունը։ — Եկեք, զավակներս։

Բաբիկն ու Ներսիկը գնացին նստեցին մոր կողքին։ Փառանձեմն սկսեց կարդալ։ Թե ինչո՞ւ սկսեց կարդալ և ինչո՞ւ ընթերցման այդ ձևն ընդունեց՝ մի փոքր տարօրինակ թվաց տղաներին։ Բայց նրանք ազդվեցին մոր ջերմեռանդ լրջությունից և ենթարկվեցին նրան։

Փառանձեմը կարդաց մեծ շնչով։ Հայրենաշունչ պատմահոր գիրքը կրակի պես այրել սկսեց, երբ խոսում էր այն մասին, որ մեր ազգը թեև փոքր ածու է, բայց նրա մեջ ևս գործվել են մեծ գործեր հիշատակության արժանի։ Նա խոսում էր հայկազյան թագավորների մասին, որոնք չգիտեին, թե ինչ է ստրկությունը։ Նա պատմում Տիգրան Մեծի մասին, որ Հռոմի դեմ հաղթական պատերազմներ վարեց։

— Ասել է՝ մեր նախնիները կռվել են, — մտորմունքով ասաց Բաբիկը։

— Մեր ազգի բախտն այդպես է սկսվել, հենց մեր նախահայրը կռվով է հիմք դրել մեր ազգին, — ասաց Փառանձեմը՝ ուրախ, որ Բաբիկի միտքը գնաց դեպի պատմությունը, և մոռանում է իր վիշտը։

— Հենց մի գլուխ բռնակալնե՛ր, բռնակալներ, — խոսեց դառնությամբ Բաբիկը, — գալիս են մեզ ստրկացնելու։ Բայց լավ է, մերոնք էլ ոչնչացնում են թշնամուն։

— Հազկերտին էլ պիտի ոչնչացնել հենց Հայկ Նահապետի թշնամի Բելի պես, — մեջ մտավ Ներսիկը։

— Նրան էլ կոչնչացնենք, — ասաց Բաբիկը։

Փառանձեմը շարունակեց ոգել։ Արա Գեղեցիկն ու Շամիրամը գրավեցին տղաների ուշադրությունը։ Փառանձեմը բացատրեց, որ թշնամին երբեմն էլ գեղեցիկ միջոցներով է ուզում ստրկացնել։ Պետք է արիություն և առաքինություն ունենալ։

— Ոչ մի գեղեցիկ կին հայրենիք չարժի, — ասաց Փառանձեմը, — ո՛չ մի հարստություն, փառահեղ կյանք, ոչ մի պատիվ ու փառք։ Հայրենիքը ամեն բանից բարձր է, և նրա գինը չի չափվի ոչ մի աշխարհային գանձով։

Ներսիկը հանկարծ հեկեկաց։

— Ինչո՞ւ ես լալիս, մատաղս, — հազիվ զսպելով իր արցունքները հարցրեց Փառանձեմը, — մի լար, սիրունի՜կս, այս ամենը կարդում եմ, — որ միտներդ պահեք, ինձ չմոռանաք, չմոռանաք մեր ազգը, մեր լեզուն։"

— Բայց մի՞թե պիտի գնանք, ես չե՛մ ուզում գնալ, չե՜մ ուզում, հասկանո՞ւմ ես, չե՜մ ուզում, — բարձրաձայն լացեց Ներսիկը։

— Մի՛ լաց լինի, մատա՛ղ, կգաս, հո այնտեղ չե՞ս մնա, — ասաց Փառանձեմը և գրկեց Ներսիկին։

— Այնտեղ կմնանք, էլ ետ չե՜նք գա, — մղկտալով ասաց Ներսիկը։ Փառանձեմը թաղեց նրա դեմքը իր կրծքի մեջ և սկսեց օրորել

նրան։ Ներսիկը հեկեկում էր և ցնցվում։ Փառանձեմի սիրտը ճմլվեց, հանկարծ հիշեց, թե ինչպես Ներսիկի երեխա ժամանակ նա այդպես գրկում էր նրան։ Այն ժամանակ նա չէր հասկանում, թե ինչու էր լալիս։ Բախտավոր լաց էր այն, իսկ հիմա՜...

Փառանձեմը նայեց Բաբիկին։ Սա մռայլ, հոնքերը կիտած նայում էր պատուհանից դուրս։

— Ի՞նչ է գլուխը մտցրել պարսկերեն հա պարսկերեն, պարսից զորական արվեստ, պարսից պաշտոնյա, — վրդովված խոսեց նա։ — Չգիտե՞ մեր նախնիների գործերը, անո՞ւն չունենք մենք, ա՞զգ չենք։ Ի՞նչ է մտածում...

— Նա ուզում է մեզ հայրենադավ դարձնել, — շարունակեց Բաբիկը, — կայրվեմ կրակի վրա՝ չեմ մոռանա հայրենիքս։

— Հա՜, մատա՜ղ, հավատարիմ եղիր հայրենիքիդ, — շեշտով խոսեց Փառանձեմը։

— Սպարապետի՛ն կգնամ ծառայեմ։ Նա մեր ազգի պաշտպանն է։

— Սպարապետը մե՜ծ հայրենասեր է, նրան ապավինեցեք, — ասաց Փառանձեմը, — նա իր որդուն բերել է տալիս պատերազմ։

— Երանի նրա որդուն, — ասաց Ներսիկը, — գնանք Պարսկաստան՝ կմտնեմ նրա զորագունդը։

— Չխոսեք այդ բաները ձեր հոր մոտ, ի սե՜ր աստծո, կսպանի ձեզ։

— Թող սպանի։ Թող ինձ Սպարապետը զինվոր ընդունի, նրա որդու հետ լինեմ՝ թող հայրս ինձ սպանի։

— Մայրիկ, — հանկարծ վեր կացավ տեղից Բաբիկը, — մայրիկ, ի՞նչ է սրա միտքը, ուրանա՞լ հայրենիքը...

— Ա՛խ, Բաբիկ, մատաղ, մի ասի, թող ես առաջ մեռնեմ, հետո այդ լինի, — ասաց Փառանձեմը։

— Ապա ինչո՞ւ է կատաղում, երբ Սպարապետի անունն ենք տալիս, ինչո՞ւ է նրան դեմ։

— Մարզպան է, վախենում է իր պաշտոնից, — բացատրեց Փառանձեմը։

— Իսկ Սպարապետին, Սպարապետի՜ն ինչու է ատում, — բարկացած շեշտեց Բաբիկը, — ի՞նչ է արել նրան Սպարապետը։

— Սպարապետը անձնազոհ մարդ է, նրան ո՞վ կարող է ատել, նա մեր հայրենիքի պաշտպանն է։ Եթե նրան ատում է ձեր հայրը, մեծ մեղք է գործում։ Ա՜խ, աստվա՛ծ հասնի ինձ ու ձեզ։ Խե՜ղճ զավակներս...

Փառանձեմը տխուր նայեց իր որդիներին և գլուխն օրորեց։ Բայց գիշերն անցնում էր, հետևյալ օրը Բաբիկն ու Ներսիկը ճանապարհ կընկնեին։ Հարկավոր էր, որ նրանք քնեն։ Հոգատար մայրը դրա մասին էր մտածում։

— Է՜, պառկեցե՛ք, քնեցե՛ք, զավակնե՛րս, — ասաց նա, թեև նա կկամենար, որ վերջին գիշերը երկարեր մինչև հավիտյան, չգար սևումութ առավոտը։ — Ո՜չ, ո՜չ, մայրիկ, մենք չենք քնի, — մերժեց Ներսիկը և փարվեց մոր կրծքին։

Նա այդ գիշեր բոլորովին երեխայացել էր։ Իսկ սա ավելի էր (խոցում խեղճ մոր սիրտը։ Իսկ Բաբիկը իր մտքերի հետ էր։ Նա ինչ-որ վճիռներ էր գծում իր հոգու մեջ, պայքարի վճիռներ, որով և հիմիկվանից պատրաստվում էր դիմագրավել հորը։

— Չե՛մ գնա, — հայտնեց նա վճռական շեշտով։

Փառանձեմը վախեցած նայեց համառ տղային և անհանգիստ վեր կացավ տեղից։ Ու մինչ Բաբիկը վրդովված ման էր գալիս, նա, հետևելով նրան, հորդորում էր, որ ետ կենա սուր վարմունքներից։ Բայց նա գիտեր, որ հենց այդ ետ կենալն էր մեծ աղետը իր համար, որից սարսափում էր նա՝ բաժանվելը իր զավակներից։

Տանջալի գիշերը մռայլ թռչնի պես կախվել էր ամրոցի վրա, այն օթևանի վրա, ուր Փառանձեմը անձկությամբ սպասում էր իր զավակների և հոր ընդհարմանը։

Տղաները թմրեցին վերջապես և ընկնելով բարձերին՝ հենց տեղնուտեղը քնեցին։ Ձվիկը ծածկեց նրանց, Փառանձեմի հետ միասին նստեցին նրանց գլխավերևը՝ հսկելու և վերջին անգամ դիտելու նրանց։
    
    

ՋՈՒԹԱԿ և ՍՐԻՆԳ

Ո՞վ հնարեց ջութակը…ո՞վ հնարեց սրինգը…

Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել—թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն:

Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում:

Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով:

Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում… Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:

— Հայանթի՛, — հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը, — այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:

— Չգիտեմ, —ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:

Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:

— Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:

Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրան—նրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:

Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում…

Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես:

Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը:

Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:

— Հայանթի՛, — ասավ բանաստեղծ Խալդունը, — մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:

— Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք, — ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:

— Նվագեցե՛ք, — կատակեց չարաճճիներից մեկը, — և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:

Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:

Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. "Նվագեմ, թող ձայները կտրեն", — մտածեց նա իր ուժը գիտակցելով:

Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:

Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:

Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:

Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:

Ու Հայանթին սրինգը դնելով վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել:

Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:

Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:

Ու այսպես ծլվլաց ու կլկլաց եղանակը, արա՜գ, ինչպես լճակի կայծկլտուք և մի վերջին ժխորով ունկնդիրներին շշմեցրեց ու նետի պես թռավ, կտրվեց:

— Ապրե՛ս, Հայանթի, ապրե՛ս, — ձայն տվին ամենքը հիացած:

— Ապրե՛ս, Հայանթի՛, — ասավ Լակըմեն` չկարողանալով ծածկել իր հիացումը և գուրգուրոտ աչքերով նայեց շառագունաց գեղեցիկ պատանուն:

— Ի՜նչ ճարպիկ ելևէջներ, չէի՜ր ասի, թե մարդ էր նվագողը, — խոսեց մինը հափշտակված:

— Հը՜մ, ճարտար նվագ էր, —ասավ բանաստեղծ Խալդունը:

— Ապրե՜ս, Հայանթի, ապրե՜ս, — կրկնեցին ամենքը միաբերան և ծաղիկներ քաղելով նետեցին նրա գիրկը:

Լուռ էր Նալը… անշա՜րժ` ինչպես գիշերվա լռանիստ ու մռայլ արձան: Ունքերը խոժոռ, զուսպ սաստը աչքերում, հիվանդ իր խորհրդավոր արվեստով` գետնին էր նայում, միշտ թևի տակ սեղմած տարօրինակ գործիքը:

Հերթը նրանն էր…

— Է՛հ, հիմի էլ թող Նալը նվագի, — կարգադրեց ծեր բանաստեղծը:

Ու մինչ Նալը կպատրաստվեր` մի շշուկ անցավ բոլորի մեջ, երբ նայեցին նրա ծիծաղելի, հողի գույն գործիքին:

— Շերեփ է, — փսփսաց մեկը ու քիչ մնաց փռթկար:

— Թիակ է, — ասավ մյուսը, — վերցնես, մարդու մեջքին թակես:

— Սպասեցե՛ք, գուցե մարդը ուզում է իր այն աղեղով բուրդ գզի, — ծիծաղեց երրորդը:

Ժպտաց մինչև անգամ Հայանթին, և չար էր այդ ժպիտը:

Միայն Լակըմեն չխոսեց: Երբ նայեց Նալի աչքերին, զգաց, որ այդ պատանու մեջ թաքնված է մի մռայլ ու աղետավոր հոգի: Եվ մի անորոշ ահ մտավ սիրտը:

Նայեց նրան և ծեր բանաստեղծը և գլուխը թեթևակի շարժեց:

Եվ նա, այդ խորհրդավոր Նալը, հանկարծ շուրջը նայեց ոգևորված, վճռական: Հանկարծ գունատվեց, կերպարանափոխվեց, և բոլորը սաստված շունչները պահեցին: Եվ նա գործիքը ծնկան, ինքը վրան կռացած ինչպես գետնահակ, լացող ուռենի` հանկարծ ջլուտ, նիհար ձեռքով քաշեց աղեղը լարերի վրայով ու սկսեց:

Տարօրինակ ձայն հանեց այդ գործիքը: Տխուր ու մաղձոտ մարդու ձայն: Ինչպես սիրտը լցված մարդ, որ հազիվ է զսպում հեկեկոցը` այնպես այդ խեղդված ձայնը ծանր ու տխուր սկսեց դողալ և հետզհետե լցվելով ուժեղացավ, ծավալվեց ու գանգատավոր շեշտով մի հարցմունք արեց, հետո զսպելով իր փղձուկը նորից սրտին ընկավ, մարեց:

Հետո — իբրև դրան պատասխան—մի ուրիշ ձայն, ավելի ուժեղ և հնչուն, սկսեց որբ ձայնով սրվել, արծարծել մի տխուր պատմություն, այնքան տխուր, որ կարծես տառապած մարդկության վեպը լիներ: Սկսեց այնպես հեծկլտալ, այնպես հոնգուր—հոնգուր լաց լինել, որ ծառերի բները լցրեց թախիծով, տրտմեցրեց ծաղիկները, սառեցրեց արևի լույսը, հորիզոնում ծավալվեց անապատների անհուն տրտմությամբ և աշխարհը դարձրեց տխո՜ւր—տխո՜ւր վշտերի հովիտ: Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր, — ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:

Ու այդպես գնա՜ց եղանակը, տաքացավ: Ու ոնց հուսահատ անապատի շուրթերից` ինչպես գերեզմանից` դուրս գար դալուկ լուսնյակը և անապատին նայեր իր մեռելի դեմքով, այնպես հանկարծ դուրս ելավ չորրորդ լարի տխուր ձայնը ու երգեց ծա՜նր, լիաձա՜յն ու տիրաբա՜ր: Ու երբ դրան խառնվեց նաև երրորդ լարը, լսվեցին այնպիսի ոռնոցներ, կարծես այդ անկենդան անապատում լցվել էին գոս տատասկներ, որ պառավ ձեռքերի պես օդում կարկամած գութ էին աղերսում: Բայց չկա՜ր գութ… Հանկարծ զայրացավ եղանակը, անցավ բարակ լարերի վրա ու սկսեց այնպես սողոսկել, հեծել, ինչպես խորշակը փչելիս լիներ, տարուբերելով այն տատասկները, որ խելացնոր շարժումներով կարծես կոծապար էին բռնել: Եվ երբեմն լսվում էին այնպիսի ճռոցներ ու լացեր, կարծես հուսահատ միայնությունը, նստած ավազների վրա, փետում էր իր գորշ մազերը:

Այնպես երգե՜ց, երգեց ու հետո մեղմելով հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր թախիծով սրտին ընկնելով լռեց…կարծես նորից մտավ իր գերեզմանը:

Մի ծպտուն իսկ չլսվեց: Ունկնդիրները քարացած էին: Ամենքը ներշնչված այդ խոր նվագով` մռայլ հայացքները բարձրացրին դեպի Լակըմեն ու Հայանթին:

Ահա՜ թե որն է նվագը:

Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:

— Գնանք տուն, Հայանթի:

Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:

Երբ քիչ հեռու էին, փսփսաց.

— Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր է… նա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: նանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:

նաց նա, և մռայլ շիրմաքարի պես մնաց Նալը` հայացքը դեպի հեռացող անսիրտ ու գեղեցիկ Լակըմեն, դողդոջ ձեռքը գործիքին սեղմած:

Մնացին ունկնդիրները և ծեր բանաստեղծ Խալդունը:

— Ապրե՜ս, Նալ, — ասին նրանք, և այդ ասին մի ձայնով, որով մխիթարում են մեռելատերերին:

Տխրեց Նալը և գլուխը կախես: Հանկարծ բարձրացրեց իր գործիքը և ուզում էր քարին խփի կոտրի, բայց միայն դառնորեն օդում թափ տալով դրեց և գլուխը ափերի մեջ առած` լռեց:

Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.

— Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:

նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:

Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…

Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել…
    
    
    

"ՎԱՐԴԱՆԱՆՔ" (հատվածներ պատմավեպից)

* * *

Հայոց այրուձին հասավ ճակատ, ուր տեղավորված էին պարսից զորքերը` միշտ ենթակա քուշանների անակնկալ հարձակումներին և պատրաստ նույնը դարձնելու նրանց: Զորքերի ճամբարերը թաքնված էին ցրիվ, անապատի իջվածքներում և հովիտներում:

Գլխավոր ճամբարին մոտենալիս նկատեցին իրենց դիմավորող մի փոքրիկ զորամաս: Դա Նյուսալավուրտի տեղակալ Զորա զորավարն էր, որ գալիս էր ընդառաջ: Երբ մոտեցան, Զորա զորավարը զվարթադեմ ողջունեց այրուձիին, զինվորկան ողջագուրանքով գրկվեց Գարեգին իշխանի հետ և ապա բարձրաձայն հարցրեց այրուձիի ողջությունը: Գարեգինը պատասխանեց, որ այրուձին ողջ ու հաջող հասավ տեղ և պատրաստ է ընդունելու մարտական հրամանները: Գնացին ճամբար: Զորավարը հայ իշխաններին հրավիրեց իր տաղավարը:

Ընթրիք տվին: Զորա զորավարը` հիսունից անց, կորովի և շատ ախորժելի զորական, զվարճախոսությամբ զատվում էր հայ իշխաններից: Նա դուրս եկավ շատ մտերիմ և հաճելի զորական: Հիշեց Վարդան Մամիկոնյանին հատուկ հարգանքով:

– Մենք ունենք շատ մարտական զորավարներ, բայց Վարդան սպասալար չունենք: Չէր կարելի այդպիսի զորականի բանտարկել…– ցավեց Զորա զորավարը:

Ընթրիքը կարճ տևեց, որովհետև հյուրերը հոգնած էին: Զորավարը արձակեց նրանց և բարեմաղթեց խաղաղ քուն:

Գիշերը մի առժամ խաղաղ էր: Սակայն լուսադեմին պարսից գալարափողը տագնապ հնչեցրեց: Հարևան ճամբարներում պարսիկ զորքը ոտքի ելավ: Գարեգինը վազեց Զորա զորավարի մոտ:

– Քուշանները հարձակման են պատրաստվում, – ասաց Զորա զորավարը, – գնում ենք մարտի:

– Անշուշտ, նաև մե՞նք պիտի գանք, – հարցրեց Գարեգինը:

– Ո՛չ: Դուք հանգստանում եք մի քանի օր:

Պարսից զորքը, երկու թևի զատվելով, գնաց ճակատի գիծը: Ճամբարում մնաց միայն հայոց այրուձին:

– Կարգին մարդ է երևում այս Զորան, – նկատեց Արսենը, – թերևս ազնիվ պատերազմ տանի մեզ…

Առավոտյան ճեպագնաց եկավ Զորա զորավարից` շտապ արշավով ճակատ հասնել. տագնապ է: Գարեգին իշխանը կանչեց իշխան հրամանատարներին և կտակեց մահվան դեպքում այրուձին ղեկավարողների հաջորդությունը` Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ: Այրուձին հասավ ճակատ: Անծայր անապատ, ոչ մի նշան թշնամու: Խաղաղություն, ինչպես նախաստեղծման օրերում: Ավազի մեռած ալիքներ և ամայի հորիզոն:

Հայոց այրուձիի դիրքը որոշվեց` պարսից զորագնդերի երկու թևերի միջև: Զորքերը շարժվեցին` պատրաստ մտնելու մարտ: Սակայն քուշանների և ոչ մի նշան: Հայոց այրուձին սովոր էր քուշանական պատերազմին: Քաջ գիտեր քուշանական անապատի խարդավանքները: Այնպես որ ճակատի ամայությունը չզարմացրեց Գարեգինին:

Զորա զորավարը եկավ ստուգատես, գոհունակ դիտեց այրուձին, հրամանատարներին, ապա հայացքը պտտեցրեց բոլորին մեկ-մեկ, և հանկարծ աչքերը լցվեցին: Նա խեղդված ձայնով ինչ-որ շշնջաց, որից միայն լսվեց որոշ "ափսո՜ս" բառը: Հետո հրամայեց:

– Կսպասեք, մինչև մեր երկու թևերը կգրոհեն, կմտնեն մարտ, ապա միայն կգրոհեք դուք: Գրոհեցե՛ք շեշտակի, քառասմբակ, խրվեցե՛ք թշնամու շարքերը:

– Հրամա՛նդ, – ասաց Գարեգինը:

Զորա զորավարը ողջագուրվեց Գարեգինի հետ, համբուրեց նրան ջերմագին: Հետո դարձավ բոլորին:

– Դե՛, զավակնե՛րս, քաջարի՛ զավակներս, Որմիզդը ձեզ օգնական:

– Ամե՛ն, – ասաց ողջ այրուձին հայկական կարգով: Զորա զորավարը հեռացավ:

Մինչ նա կհասներ իր գնդերին, անապատի տակից բուսան քուշանական գնդերը: Նրանք, փոթորկելով, արագ, մեջընդմեջ կտրելով իրար, արագ էլ կանգ առան կիսաբոլորակ. չէր հասկացվում` հարձակմա՞ն, թե՞ պաշտպանման պատրաստ:

Պարսից աջ թևը դանդաղ առաջացավ: Նրան հետևեց ձախը: Հայոց այրուձին մնաց կանգնած:

– Տարօրինակ ռազմակարգ է, – մռմռաց Գարեգինը:

Ըստ երևույթին` քուշաններն էլ այդ մտածեցին: Չշարժվեցին: Բավական առաջացան պարսից զորամասերը, բայց քուշանները մնացին անշարժ: Ճեպագնաց եկավ Զորա զորավարից. "շեշտակի գրոհե՛լ":

– Գրո՜հ, – հրամայեց Գարեգինը և առաջ նետվեց:

Այրուձին սլացավ դեպի քուշանները:

Գարեգինը անհանգստացավ և սկսեց արագ լուծել հանելուկները` ինչ էր այս ռազմակարգը: Հավասարվելով պարսից զորամասերին` Գարեգինը նկատեց, որ նրանք հետզհետե դանդաղեցնում են ընթացքը: "Դա՜վ…"– կայծակեց հանկարծ Գարեգինի գլխում: Հասկացավ: Զորա զորավարը պատրաստվում էր նույնպես "շեշտակի" ետ շրջվել, ինչպես շեշտակի քուշանների բերանն էր տալիս հայկական այրուձին: Արդեն մոտենում էին քուշաններին, որ պարսիկները շեշտակի ետ շարժվեցին: Բարեբախտաբար քուշանները չէին շարժվում: Գարեգինը հրամայեց դանդաղել մի փոքր և կանչելով մյուս հրամանատարներին` ասաց.

– Դա՛վ է, իշխաննե՛ր…– և հրամայեց.– դանդա՜ա՜ա՜ղ:

Այրուձին կոտրեց թափը: Իշխանները զարմանալով հետևել սկսեցին: Արդեն այրուձին այնքան էր մոտենում քուշաններին, որ պարզ տեսնում-տեսնվում էր: Քուշաններից չորս-հինգ հեծյալ առաջ եկան և կանգ առան:

– Իմ հետևի՜ց, – հրամայեց Գարեգինը և առաջ թռչելով` այրուձին շրջեց տարավ պարսից վրա:

Պարսիկները գլխի ընկան իսկույն այդ շարժման նպատակը և հարձակվեցին հայերի վրա: Գարեգինը կոտրեց այդ հարձակումը ավելի վճռական գրոհով: Առաջին կարճ հարվածներով նա մի փոքր կասեցրեց պարսիկների թափը և իսկույն ետ շրջվեց և շեշտակի թռավ դեպի քուշանները` հանելով սաղավարտը և ճոճելով օդում: Նույնն արին և զինվորները: Քուշանները հասկացան և ծիծաղով ու վայրի գոչյուններով ընդունեցին այրուձին: Պարսիկները կանգ առան անվճռական: Ապա զգալով ուժերի գերազանցություն քուշանների կողմում` արագ տեղի տվին, քաշվեցին: Գարեգինն իսկույն բուժակներ ուղարկեց մարտադաշտը` վիրավորներին օգնության, և այրուձին տարավ դեպի քուշանների հրամանատարը: Քուշանները սեղմ օղակի մեջ առան այրուձին և լուռ սպասեցին իրենց հրամանատարի կարգադրության: Կարճոտն, շեղակն, սակավամորուս հեծյալներ` նժույգների հետ միամարմին, իրենց խորամանկ և միաժամ միամիտ հայացքներով չափեցին նորեկներին:

Քուշանների զորավարը` համարյա անմորուս, աներևակայելի քաջառողջ մի երիտասարդ. սուր ու զվարթ նայեց այրուձիին և պարսկերեն իմացող թարգմանի միջոցով ողջունեց.

– Խաղաղությո՜ւն և ողջություն քաջարի զինվորներին:

– Անապատի որդիներին խաղաղություն և ողջություն:

Ու սկսվեց հարձուփորձը:

– Ինչո՞ւ փախաք:

– Նրանք մեր թշնամիներն են, – ասաց Գարեգինը:

– Ո՞ր երկնքի տակից եք:

– Արևմտյան երկնքի, – թարգմանեց և հարմարեցրեց Արշամը, որ եղել էր Քուշանիայում և գիտեր նրանց ոճը:

– Ո՞վ է ցեղապետը:

– Զորավար Վարդան Մամիկոնեից տերը:

– Ավարթա՜նը հա՜, հա՜… Քաջարի զորավար է: Ո՞ւր է նա:

– Կռվում է պարսիկների դեմ:

– Ինչո՞ւ:

Գարեգինը բացատրեց: Քուշան զորավարը լսեց ուշադիր և լուրջ, բայց հետզհետե սուր ժպիտը շողաց փոքրիկ աչքերում, և նա բարձր քրքջաց.

– Բոլորիս երկիրը մեկ չէ՞… Հո՛, հո՛, հո՛, հո՛… Մի քիչ դո՛ւք շարժվեք, մի քիչ` նրանք, հարմարվեք. էլի՜:

Քուշանների զորագունդը հռհռաց մի ծայրից մյուսը:

Գարեգինը բացատրեց կրկին: Բայց քուշան զորավարը բան չհասկացավ: Ապա անցան բուն գործին:

– Բախտավո՞ր տեղ է, – հարցրեց զորավարը իր հետև կանգնած բրդոտ շամանին:

– Բախտավոր է, թող վառեն իրենց կրակը խաղաղությամբ, – ասաց շամանը:

– Է՛, մնացե՛ք մեր երկրում, – ասաց զորավարը:

Գարեգինը հայտնեց իր մտադրությունը` Վրկանա ծովի ափերով հայրենիք վերադառնալ և կռվել պարսիկների դեմ: Քուշան զորավարը կնճռոտվեց և լռեց:

– Քուշան իշխանը չի՞ վստահում մեզ…

– Ինչպե՞ս կարող եմ չվստահել, – ասաց քուշան զորավարը լուրջ, – ա՛յ, – մատը մեկնեց ռազմադաշտ, ուր ընկած էին հայ մարտիկները, – արյունը հավատարիմ է, բայց մեր անապատներով անցնում են միայն գայլերն ու մենք…

– Զորավա՛ր, հանձն ենք առել կրակ-ջուր, ահ-մահ, – վճռական խոսեց Գարեգինը, – միայն տո՛ւր մեզ մի ուղեցույց ու մի հավատարմախոսք:

– Կտամ: Դուք ու ձեր ճակատագիրը:

Քուշան զորավարը բացատրեց, որ Վրկանա ծովից արևելք որոշ տեղ իրենց աշխարհն է, և այրուձին կգնա իջևաններով, այնուհետև սկսվում է հեփթաղների աշխարհը, և այրուձին պետք է նոր դաշինք կռի նրանց հետ:

– Որտե՞ղ է վերջանում ձեր աշխարհի սահմանը, – հարցրեց Գարեգինը:

Զորավարը մինչև ականջները ժպտաց` փայլեցնելով իր սպիտակ ատամները և ապա անկարող զսպել իրեն` բարձր քրքջաց.

– Սահմա՞ն… հո՛, հո՛, հո՛… թռչող ավազի, նժույգի, սրի հետ ի՞նչ սահման: Թռցնում են, արոտներդ փոխում. ո՞րն է նրանը, ո՞րը` քոնը: Մեր աշխարհը թռչում է: Երևի ձեր աշխարհը կանգնած է, հո՛, հո՛, հո՛…

Գարեգինը ասաց, որ կմեկնի, երբ զորավարը թույլատրի:

– Հանգստացե՛ք դեռ, – պատասխանեց զորավարը, – սրբազան շամանը կնայի աստղերին, կիմանա գնալու ժամը:

Քուշան զորավարը հրամայեց իր գնդերին քաշվել մոտավոր թիկունք: Թողնելով հայոց այրուձիին մի ուղեցույց, որ հետո հասնեն` ինքն իր գնդերով սլացավ, քամու պես կորավ անապատի հորիզոնում:

Գարեգինը ճանապարհ ընկնելուց առաջ այրուձին ետ տարավ մարտադաշտը, ուր ընկած էին մի քանի զինվորներ: Նրանց մի մասը վիրավոր էր, որոնց վերցրին նժույգների վրա, իսկ սպանվածներին հավաքեցին թաղելու:

Մի խումբ զինվորներ անցան թաղման գործին: Նրանք մռայլադեմ հևալով սկսեցին փորել գերեզմանները: Այրուձին շրջապատել, տխուր դիտում էր գաջի պես դալկահար սպանվածներին, որ սառած աչքերով նայում էին օտար երկնքին: Մի աշխույժ, համարյա պատանի զինվոր, չարաճի աչքերը պսպղացնելով, պինդ գրկում էր դիակները, համբուրում, դնում էր գերեզմանի կողքին: Հասակավոր փորողը, քրտինքը սրբելով, խուլ մրթմրթում էր նրա վրա և ամեն անգամ սպանվածներին նայելիս ձեռքը խնամքով քսում էր սպանվածների դեմքին, սրբում արյունը կամ փոշին:

Գարեգինը նայում էր քարացած, ինքնամփոփ: Նա սաղավարտը հանեց և գնաց դեպի բաց գերեզմանները:

– Տղա՛յք, – հանկարծ բորբոքվեց նա, – տղա՛յք… ահա ձեզ հայրենիքի զինվորները. Մենք սրանց կթողնենք հիմա օտար աշխարհի հողի մեջ….– հուզմունքը խեղդում էր նրան, – եղբայրնե՛ր… Մենք կռվում ենք հայրենիքի ազատության համար: Մենք զինվոր ենք: Շատ անգամ եմ ես զինվորին ուղարկել մահվան: Ի՛նքս մահ շատ եմ տեսել: Զինվորը լաց չգիտե: Բայց ես ահա ձեր առջև լաց եմ լինում… Կնոջ պես… Սրանց մայրերի տեղ… Սիրտս է կտրատում, որ սրանց պետք է թողնենք օտար երկրում… որ արժանի չեղան տեսնելու հայրենիքը: Հանեցե՛ք հայրենի հողը, ցանեցե՛ք սրանց սրտին, թող հանգիստ քնեն, աչքերը չմնան մեր հետևից…

Չդիմացավ և այրուձին: Լսվեցին խուլ հեկեկոցներ: Հանեցին քսակները և սկսեցին հող ցանել զոհվածների կրծքին:

Զորագնդի քահանան, որ կեղծ ուրացման ժամանակ ծպտվել էր զինվորի զգեստում, կարճառոտ աղոթք ասաց զոհվածների վրա: Հետո արագ թաղեցին: Գարեգինը ետ քաշվեց, նստեց նժույգը և դարձավ կրկին զինվորներին.

– Տղա՛յք, եթե այդ էլ հրամայելը ձեռս լիներ, կհրամայեի ձեզ` չմեռնե՛ք, մինչև կհասնենք հայրենիք: Ամեն մեկդ թանկ եք ինձ համար: Լա՛վ խնամեցեք, օգնեցեք իրար, դուրս գանք այս ահավոր աշխարհներից:

– Պատվերդ կատա՛ր, զորավա՛ր իշխան, – ասաց ամենի փոխարեն Արշամ հարյուրապետը:

– Դե՛, աստված ձեզ պահապա՛ն, գնում ենք անցնելու կրակն ու ջուրը, ահն ու մահը: Առա՜ա՜ա՜ջ…

Այրուձին թեթև վարգով սուրաց անհետացած քուշանների ուղղությամբ: Երևաց նրանց ճամբարը:

– Ինչո՞ւ եք կռվում պարսիկների դեմ, – հարց տվեց Գարեգինը քուշանին:

– Ավազը դուրս է անում մեզ, իշխա՛ն, – պատասխանեց քուշանը:

Գարեգինը սկսեց մտածել ուղեցույցի և նրանց զորավարի ասածների մասին: Իսկ քուշանը ինքն իրեն շարունակեց բարձր.

– Ծածկում է շեները, քաղաքները, արոտները, գետերը… Մահի պես գալիս է հետևներիցս…

- Ամեն ժողովուրդ մի ցավ ունի, – ասաց ինքն իրեն Գարեգինը:


    

* * *

Երկար ու ձիգ գնում էր հայոց այրուձին Վրկանա ծովի արևելյան դժնի տափաստանով: Ձյունը նստել էր ծանր ու մահատիպ: Նժույգների շնչառության գոլորշին ծխում էր շարքերի վրա: Հեծյալները` կիսամերկ, պատառոտած, կմախքացած, օրորվում էին ծանր ու լուռ: Գարեգինը բոլոր հրամանատարներին շարել էր իրարից հավասար հեռավորության վրա, առջևից գնում էր Արսենը, իսկ ետևից ինքն էր Արշամ հարյուրապետի հետ:

Ծանր, անհնարին դառնությունների ու տանջանքների շարան եղավ այրուձիի կյանքը այն օրից հետո, երբ խորացավ Քուշանաց անապատների մեջ: Քուշան զորավարի քաղցր ընդունելությունը փոխվեց դառնաղի դաժանության և բռնության: Գերիվեր թանկ վճարեց այրուձին իր հյուրընկալվելու և սնվելու համար քուշան խաքանին: Այրուձին պարտավորվեց կռվել քուշանների ներքին թշնամական ցեղերի հետ չոր, ամայի անապատներում, Օքսոսից արևելք: Ճիշտ է, ո՛չ քուշան հրամանատարը և ո՛չ էլ խաքանը հատուկ ատելություն չնյութեցին ընդդեմ հայ այրուձիի: Նրանք միայն դրսևորեցին իրենց հեղհեղուկ, անհաստատ բնավորությունը` նման իրենց շրջապատող ցեղերի կամ հենց այն բնության, որի մեջ ապրում էին: Նրանք ուխտ չդրժեցին և դաշինք չխախտեցին, որովհետև և՛ ուխտը, և՛ դաշինքը, և՛ այլ որևէ պայմանը նրանց համար մի խոսք էր` ասված միայն մի ժամի համար, որը հետո մոռացվում, տեղի էր տալիս այլ վերաբերմունքի:

Հարավային Քուշանաց երկրում ծառայություններ մատուցելով և զորագնդի սնումը մի կերպ պահպանելով` Գարեգինը կարողանում էր "գործեր" հանձն առնելու պատրվակով շարժվել դեպի հյուսիս: Նա ձևացնում էր, թե այլևայլ ցեղերի դեմ մարտեր է մղում և շատ անգամ անցնելով "թշնամի" ցեղի կողմը` առաջ էր շարժվում:

Այս դառնադաժան թափառումներին, հոգեսպառ կռիվներին ուղեկցում էին սովահարություններն ու մարդկային կորուստները: Գիշակեր թռչուններն էին ճախրում զորագնդի գլխավերևում, և չախկալները, գայլերն ու բորենիները` սոսկում նրանց կողքերից ու հետևից: Իսկ սրանից ավելի անհանդուրժելի էր չարագութ օտարի ցեղի հացը, անսիրտ խորթությունը, անգթությունը:

Տոչորաշունչ ավազաբուքերի, դառանաղի հորաջրերի, անշունչ, անմարդ, ամայի անապատների բավիղ էր դա, որից դուրս գալու հնար չկար այլևս: Աշխարհը կարծես քաոսի մեջ էր, ուր բնությունը` սանձարձակ ու ինքնիշխան, բռնադատում էր, ավերում, ժխտում, խլում մարդու ամեն ապավեն, ամեն հանգրվան, կյանքի կարգ, կյանքի իրավունք, մի տեղ, մի անկյուն, մի ծածկ, մի որջ: Եվ այդ տարերային, օտար, թշնամի քաոսի մեջ մարդու աչքը որոնում էր այդ անկյունը, բունը, մի մտերիմ դուռ, կրակ, ժպիտ, կյանք, մի ջերմացած մարդկային շինվածքի, մարդկային գոյության ներկայությունը` այդ անծայրածիր, դժնի ամայության, մահի ահեղ թագավորության մեջ:

Եվ այստեղ էր զգացվում, թե ինչ գին ունի մի քողտիկ, մի վրան, մի տնակ, մի շեն, վերջապես մի քաղաք, մի մարդու կամ ողջ մարդկության սիրելի ճարտարագործ շինվածքը, նրա շնչի, հոգու ներկայությունը:

Կարիքը հաճախ ստիպեց կռվավարձ պահանջել "դաշնակից" ցեղից: Հետո սկսեց լքած պաշարներից վերցնելը: Վերջը սովն ու մահվան սպառնալիքը հարկադրեց մարտակից քուշանների հետ ավարը բաժանել, վերջը` ավար առնել… Սկսվեց հետզհետե վայրենացման մի ընթացք, որի դեմ սկզբում կռվում էր Գարեգինը, բայց վերջը ինքն էլ զիջեց և դաժանացավ:

Սրվանձտյա Գարեգինը շատ էր տանջվում այս փախուստի ձեռնարկման հետևանքից: Նա զգում էր, որ Հայոց աշխարհի առաջ արյամբ և հոգով պատասխանատու է: Հետի իշխանները ևս իրենց մեջ խոսում էին այդ մասին, բայց չկամենալով խռովել Գարեգինին` լռում էին նրա մոտ: Սակայն և բոլորը հասկանում էին նաև այն, որ բացի այս վտանգի խաղը` ուրիշ ոչ մի հնար չկար այրուձիի համար, և որ այս անհնարին տառապանքների միջով միայն կարող են նրանք հասնել հայրենիք…

Հոգնաբեկ զինվորների մեջ կային նաև բազմաթիվ վիրավորներ, որ նժույգների թամբերին կապված կամ իրենց բաշերից բռնած, բերանքսիվայր պառկած, տնքալով, երբեմն անտանելի ցավից ճչալով, քաշ էին գալիս շարքերի հետ:

Մեկը նրանցից` ծանր ու դժվարը, երկու ձեռքերով նժույգի բաշը բռնած, սեղմում էր ատամները, կրճտում և դեմքը կծկելով` զսպում, որ ձայն չլսվի: Վերքը բացվել էր, մրմռում էր, և հնար չկար երթի ժամին կապելու: Զինվորը վերք էր ստացել քուշանների կռիվներից մեկում, և անդադար թափառումներն ու երթը հնար չէին տալիս խնամել նրան:

Նա հեռու չէր Գարեգինից, որը դիտմամբ ընթանում էր վիրավորներին շատ մոտ` խստորեն հսկելու նրանց:

Զինվորները չէին խոսում, մրթմրթում էին միայն հատուկենտ ու մռայլ նայում տափաստանին:

Միայն ծանր վիրավորն էր քթի տակ մռմռում մի երգ, որ մերթ փոխվում էր տրտունջի, մերթ ըմբոստ անեծքի, երբեմն էլ իսկական մեղեդիի:

– Դիմացի՛ր, Արշա՛կ, – ասաց մի աշխույժ զինվոր` հոգնած ու մարած աչքերով, – դիմացի՛ր, որ տեղ հասցնենք: Հո չենք թողնելու քեզ գայլի ճաշ:

– Չեմ դիմանում` ի՞նչ եմ անում, – տնքաց Արշակը և հուսախառն վշտով նայեց ամայի ձյուներին:

Նա սկսեց մռմռալ քթի տակ: Լա՞ց էր դա, թե՞ անեծք: Ե՛վ այս, և՛ այն: Հետո անհնարին ճիգով շտկվեց թամբի վրա, նայեց չորս կողմ, ընկերներին և սկսեց երգել.

Հայրենի՜ք իմ, հա՜յր իմ, մա՜յր իմ,

Հայրենի՜ք իմ, հո՜ւյս իմ, լո՜ւյս իմ,

Ո՞ւր ես, ո՞ւր:

Անձկալի՜դ իմ, հո՜ւր իմ, ջո՜ւր իմ,

Սիրելի՜դ իմ, բո՜ւյն իմ, տո՜ւն իմ,

Ո՞ւր ես, ո՞ւր:

Երգեց Արշակը և խոշոր, սև աչքերը վառված ու կարոտալի նայեց զինվորներին: Նա հևում էր նկատելի ուժով և դժվարությամբ: Զինվորներն զգում էին` նա կընկնի: Հետևից արագացնելով նժույգի քայլերը` եկավ Գարեգինը: Նա անհանգիստ էր:

– Հա, ի՞նչ վիճակի են վիրավորները, – հարցրեց նա զինվորներին:

– Դեռ դիմանում են, իշխա՛ն, – պատասխանեցին նրանք:

– Դե՛, արի՛ կացեք, կհասնենք:

– Հրամա՛նդ, իշխա՛ն, – բոլորի տեղ թույլ ձայնով խոսեց մի վիրավոր:

Գարեգինը գաղտնի նայեց Արշակին: Վիրավորի աչքերում այրվում էր մի այնպիսի կարոտ, ապրելու տենչ, անհուսության մի թախիծ, որ Գարեգինը շրջեց երեսը:

Բայց Արշակը բարձր հառաչեց և ապա նվաղոտ աչքերը դարձրեց զինվորներին.

– Իջեցրե՛ք, չե՛մ կարող:

Զինվորները լռեցին, չմոտեցան:

Շարունակեցին գնալ: Ոչ ոք չէր նայում Արշակի կողմը: Վիրավորն ուզեց մռմռալ և աղաչական նայեց զինվորներին:

– Իջեցրե՛ք, – հրամայեց Գարեգինը:

Մի խումբ կանգ առավ. Արշակին իջեցրին: Մյուս շարքերը գնացին:

Արշակը խոշոր աչքերը բացեց նրանց վրա, հուզվեց և սկսեց մրմնջալ: Հետո ձեռը բարձրացրեց և սկսեց թափահարել թույլ ու մարող շարժումով:

– Գնացե՛ք, ձե՛զ մատաղ, ի՛նձ թողեք, աչե՛րս տարեք` տեսնեմ նրանց…

Շարքերն անցնում էին լուռ ու խստահայաց:

Արշակը լիովին աչքեր էր դառել, որ մղկտացնում էին նայողին: Արշակը պետք է մեռներ, Արշակը պիտի մնար այդ չարագութ, անսիրտ օտարության մեջ:

Բոլորն անցան: Գարեգինը հրամայեց մնացածներին ևս գնալ: Մնացին ինքը, Արշամը, թիկնապահը և մի բուժ զինվոր: Վերջինս գլուխը տարավ-բերեց և նայեց Գարեգինին, հասկացրեց, որ շուտ չի մեռնի: Գարեգինի մեջ խոսում էր տանջող ներքին ձայնը: Խստասիրտ զորականը այստեղ նրբազգաց մարդ էր դառել: Նրան տանջում էր ոչ զինվորի կյանքի կորուստը, այլ ազատության զինվորի դժբախտությունը, որի պատճառը ինքն էր կամ իրեն էր հաշվում: Այն օրից, երբ հռչակվեց հայրենիքի պաշտպանությունը, Գարեգինը այլ աչքով էր նայում զինվորին և գին տալիս նրա կյանքին:

Արշակին պառկեցրին ձյան վրա: Եվ լուռ կանգնեցին:

– Գնա՛, իշխա՛ն…– մրմնջաց Արշակը, – գնացե՛ք, եղբայրնե՛ր, ես մենակ է՛լ..

Չխոսեցին: Արշակը իր խոր աչքերը դարձրեց Գարեգինին և աղաչական նայեց նրան: Այլևս անհնար էր նայելը: Գարեգինը գլուխը կախեց: Ապա հանկարծ դարձավ թիկնապահին և բուժին:

– Մնացե՛ք, մինչև…

Եվ նշան անելով Արշամին, որ հետևի իրեն` մտրակեց նժույգը: Մի վայրկյան ևս ետ նայեց, և նրա աչքերում տպվեց Արշակի իրեն հառած հայացքը: Մենակի, լքվողի և ամեն տենչ ու կարոտ սրտում մեռնողի հայացքը: Մի սուր խայթ խրվեց Գարեգինի սիրտը խորը-խորը: Նրան նայեց մարդը, նա լքում էր մի մարդու:

Գարեգինը բարձրացավ մոտակա բարձունքը` դիտելու համար զորագունդը, որ ձգված էր չափազանց բարակ ու կտրտված: Հետո նայեց շուրջը: Անհույս հեռաստաններ, ձյունի անհուն ծով, ամայություն սրտամաշ: Նայեց դեպի արևելք և տեսավ մի բան, որ իր չարագույժ տեսքով նսեմացրեց տափաստանի անապատային տեսքի տխրությունը:

Հեռու հորիզոնից արագ բարձրացավ և մահվան սավանի նման վարագույրվեց մի ճերմակ ամպ: Արևը մայր մտավ արագ, երեկոն սողաց ամեն կողմից: Ամպը արագարշավ եկավ հասավ երկնքի մեջտեղ և փշրեց սառն ձնաթեփ դեպի երկիրը: Նայեց Գարեգինը բլրի լանջին և տեսավ, թե ինչպես այս ու այն տեղ փոքրիկ ձնափոշիներ սկսեցին գեղեցիկ պտույտներով չարաժպիտ պարել օձագալար: Քամին բարձրացավ, և նրա շարժումների մեջ արդեն սկսեց մահը վնգալ հեռավոր մանկան լացի ձայներով:

– Շեփո՜ր, – հրամայեց Գարեգինը

Թիկնապահի մոտ կանգնած զինվորը փչեց: Զորագունդը կանգ առավ:

– Սեղմվե՜ե՜ե՜լ, – հրամայեց Գարեգինը:

Հրամանը ձայնեձայն գնաց մինչև առաջապահ ջոկատը, և զորագունդը սեղմվեց: Գարեգինը հրամայեց օղապարաններով, սանձերով, նիզակներով կապվել իրար, նշան դառնալ, չկորցնել իրար: Օգնական իշխաններին հրամայեց շարունակ ստուգել շարքերը:

Մութն ընկավ:

Եվ ահա վե՜ր կացավ անդրվրկանյան տափաստանային խելագար բուքը, բարձրացրեց ձյուների շերտերը, թափահարեց հսկայական ջվալները, ժայթքեց գաջի ամպեր, սկսեց ձաղկել անծայրածիր տարածությունները: Երկինք-գետին դառավ միազանգված մի քաոս, որի մեջ սանձակոտոր քամին զարկում էր, ծեծկում, ցնցահարում, գզգզում: Դիվական սույլերով մի կոծապար, չարախինդ, չարասուգ, որ դառնում էր կատաղած, ոռնում էր, քրքջում, սպառնում, մռնչում: Եվ որը, իր մեջ առնելով ողջ զորագունդը, կաշկանդեց, փակեց ճանապարհը, դուրս քշեց ճանապարհից…

Ո՞ւր են գնում, առա՞ջ, թե՞ ետ, դեպի կյա՞նք, դեպի մա՞հ. ոչ ոք չգիտեր:

"Կհասնե՞նք, թե՞ ոչ, – մտածեց Արսենը` նայելով զինվորներին, որ լողորդների պես կրծքները դեմ արած բուքին` առաջ էին մղվում հարբած աչքերով: – Ի՞նչ է խորհում այս պահիս նա… Որքա՜ն գութ, սեր, խնամք պիտի լիներ նրա աչքերի մեջ, եթե հանդիպեր նա ինձ… Եվ ոչ միայն ինձ, այլևս սրանց…": Սակայն ի՞նչ Խորիշա, ի՞նչ նրա սերը, ի՞նչ գութը, ի՞նչ խնամքը այս թշնամի բնությանը գերված վիճակում… Թող որևէ մարդ հանդիպեր, թշնամի մարդ, թող մի բորենի, մի գայլ նայեր ձյուներից, թեկուզ հետևեր դիակի հույսով… Շունչի մի նշան, մի էակի գոյության հետք:

Գարեգինը հրամայեց, որ զորագունդը ավելի խմբվի և կանգնի: Ո՛չ շեփորը լսվեց, ո՛չ էլ որևէ ձայն հասավ զորագնդին: Բայց սա կանգ առավ և խմբվեց հարկադարաբար: Գարեգինը հրամայեց, որ օղակապարաններով իրար կապված զինվորների մի շարք դուրս գա մի քանի ուղղություններով` գուշակելու մի հետք, մի ուղղություն, շնչելու մի որևէ ծխահոտ, լսելու մի մարդկային ձայն: Զուր ճիգ: Բոլորը վերադարձան ձեռնունայն: Կանգնեցին տեղում: Եվ զգացին, որ ոչնչացումը մոտ էր, մահը` ստույգ: Զորագունը չսառեցնելու միակ միջոցը շարժվելն էր: Դա կտաներ կա՛մ որևէ բնակավայր, կա՛մ մահվան գիրկը: Գարեգինը հրամայեց գնալ մի ուղղությամբ: Բուքը սաստկացավ, սկսեց իրոք խեղդել: Անօրինակ ճիգով հնար էր լինում որևէ կարգ պահպանել: Զինվորները միտում էին կանգնել, մնալ: Գարեգինը մտրակում էր, գոռում, սպառնում սրով: Եվ որպեսզի ոչ ոք ետ չմնա, կրկին Արսենին գցեց առաջ, և ինքը մնաց հետևում: Մի վիրավոր ընկավ: Գարեգինը հրամայեց վերցնել նժույգի վրա: Հետո կրկին ընկավ վիրավորը: Գարեգինը հրամայեց բուժին օգնել նրան: Եվ նրա մոտ պահելով նաև իր թիկնապահին` ինքը հետևեց զորագնդին, որ սկսել էր հեռանալ և համարյա չէր երևում: Մի փոքր անց թիկնապահի նժույգն ընկավ: Թիկնապահն սկսեց քայլերով գնալ Գարեգինի մոտով: Շուտով հոգնեց, բռնեց Գարեգինի նժույգի ասպանդակից:

Զորագուդը կորավ: Գարեգինը միայն ուղղությունն էր ճգնում պահել` նրան հասնելու: Իսկ թիկնապահը ուժասպառվում էր: : Բուժը արդեն մնացել էր հետևում, և Գարեգինը զգում էր, որ էլ չի հասնի հետևից: Միաժամ զգաց, որ թիկնապահը ևս կմնա: Հանկարծ նրա մեջ զարթնեց սթափ միտքը. ինչերո՞վ է զբաղված ինքը: Զորագունդը կորավ առաջից, իսկ ինքը մի զինվորի համար կորստյան մատնեց նաև իրեն: Զգաստացավ. մտածեց հստակորեն: Մտածեց, որ նա կորցրել էր զորականի հատկությունները, քնքշացել էր, և ահա՛ դրա հետևանքը: Զորագունդը կզոհվի իր հիմարության, ինչպես և ինքը` նույն հիմարության հետևանքով: Թիկնապահը թողեց ասպանդակը:

– Էլ չեմ կարող, իշխա՛ն…

– Քայլի՛ր…

Թիկնապահը ճիգ արեց: Գնաց միառժամ ևս: Բայց ուժերը լքեցին: Գարեգինը հրամայեց թռչել իր գավակը: Մի փոքր անց նժույգը կանգ առավ:

– Իջի՛ր:

Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետ:

Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետք է փրկի իրեն, հասնի զորագնդին, կա՛մ ինքը ևս մնում է և ոչնչանում:

– Ե՛կ իմ հետևից, որքան կարող ես, – հրամայեց նա և նժույգը նստելով` քշեց նրան դեպի զորագնդի հեռացած կողմը, որքան որ կարծում էր, թե ճիշտ է իր ուղղությունը:

Սակայն բուքը խեղդում էր նրան: Մահը մեկնեց իր ճիրանները դեպի նա: "Անմի՜տ, հիմա՜ր"` բացականչեց նա բուքի որոտների մեջ: Դա իրեն էր վերաբերում: Հիմար գտնվեց և ընկավ մահի վտանգը: Նա սկսեց անգթորեն մտրակել իր նժույգը, որ հոգնած էր: Նժույգը կանգ առավ: Նա սկսեց մտրակել ամենադաժան հարվածներով: Նա հանեց դաշույնը և սկսեց թեթև հարվածել նրա ծայրով: Նժույգը մի փոքր գնաց և ապա նստեց, մնաց: Մի փոքր հանգիստը կարող էր հնար տալ նժույգին շարժվել առաջ: Բայց այդ մի փոքր պահը կարող էր մահվան սպասում լինել երկուսի համար ևս: Գարեգինը դեռ բավական սեփական ուժ ուներ: Իջավ նժույգից և նրան ևս լքելով` գնաց առաջ: Նա սկսեց բարձրաձայն անիծել իշխաններին, որ լքեցին իրեն, թեև գիտեր, որ այս անհնարին բուքի մեջ հինգ-վեց քայլի վրա ևս մարդ մարդու կորցնում է: Թերևս իշխանները չգիտեն, որ նա ետ է մնացել, թերևս գիտեն և չեն կարողանում կապվել հետը, որոնել նրան: Թերևս անտարբեր են: Թերևս իրենք ոչնչանում են:

Մի՞թե չկա շրջակայքում ոչ մի կենդանի շունչ: Թերևս: Ահա ձիգ ու խուլ մի ձայն: Մարդկայի՞ն է արդյոք: Ո՛չ, դա գայլի ոռնոց է: Ո՜, երանի՜, երանի՜: Թող գա, հայտնվի: Քանի ինքը ուժ ունի, թույլ չի տա գայլին ատամ հասցնել իրեն, իսկ եթե կուժասպառվի, միևնույն է, բո՞ւքը, թե՞ գայլը: Գոնե մի շունչ կլինի մոտը վերջին պահին…

Գարեգինից, անհնարին էր իմանալ, հեռու թե մոտիկ ոգորում էր զորագունդը բքի դեմ: Դա գերմարդկային գրոհ էր նրա դեմ:

Առջև էր ընկել Արսենը և իրեն զուգընթաց պահելով մի հինօրյա զինվորի` տանում էր զորագունդը: Զինվորը` թավակոշտ, ոլորամորուս, առնադեմ և ժայռեղեն մի էակ, ճանապարհ էր որոնում և գրոհում առաջ: Նրա նժույգը դանդաղում, ուժերը հավաքում և ապա ալիք տալով` բարձրանում, գցում էր իրեն առաջ` չկորցնելով հույսը: Երբեմն հեծյալը շոյում էր նժույգի բաշը, ափով տպտպում վիզը և հայրաբար մրմնջում.

– Դե՜, գառնո՛ւկ, դե՜, մատա՛ղ, արի՛…

Արսենը նայում էր զինվորին և լցվում հույսով. նրան հուսադրում էր զինվորի հանգիստ հայացքը, որ բուքի մթության մեջ նշմարվում էր: Իսկապես այս պահին նա էր զորագնդի առաջնորդը և հրամանատարը: Այնպես որ, երբ մի փոքր գնալով` զինվորի նժույգը կանգնեց, նա հրամայական ձայնով կարգադրեց.

– Իջե՛ք, բռնե՛ք նժույգներից:

Արսենը իջավ, բոլորը հետևեցին նրան: Հիմա գնում էին նժույգներից բռնած. որը` բաշից, որը` ասպանդակից, որը` պոչից:

– Սարգի՜ս, – գոչեց Արսենը զինվորի կողմը, – ասում ես` կփրկվե՞նք…

– Կփրկվե՛նք, իշխա՛ն, – պատասխանեց Սարգիսը` ձեռքը նժույգի բաշին սեղմած:

Մի փոքր անց Սարգսի նժույգը հոտոտեց օդի մեջ:

– Հա՛, մատա՛ղ, գտա՜ր, – գոչեց Սարգիսը:

Նժույգը ուժ ու կող արեց և քայլերն արագացրեց: Զգաց կողմը: Դա ծխահոտ էր:

– Ի՞նչ է, Սարգի՛ս, – հարցրեց Արսենը;

– Ծուխ է, իշխա՛ն, պրծա՛նք, – ասաց Սարգիսը և գնաց արագ:

– Ծո՜ւխ, ծո՜ւխ, – ձայնեցին զինվորները դեպի ետ:

Զորագունգը ուժի եկավ: Գնաց արագ: Եվ Սարգսի նժույգը կանգ առավ հոնական ուրթի առաջ: Տագնապ ընկավ շենում: Գամփռները հաչեցին, ու հոները զենքով, գոչելով դուրս թափվեցին: Թարգմանը դիմեց հոներին, որ օգնեն զորագնդին կերով ու պաշարով: Հոները դիմադրեցին: Սկսվեց կռիվ, իրարանցում: Զորագունդը ստիպվեց ընդունել կռիվը: Կարճատև հարվածը խեղճացրեց հոներին. նրանք զիջեցին, և զորագունդը ընկավ ուտելիքի և խոտի պաշարի վրա: ":
    
     ___________________
    
     ՆՈՐԱՀԱՅՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ Հայ մեծանուն գրող, պատմավիպասան Դերենիկ Դեմիրճյանը (1877–1956) հայտնի պատճառներով խուսափել է Հայաստանի առաջին Հանրապետութ- յան շրջանում իր ծավալած գործունեության և Հ. Հ. Դաշնակցությանն անդա- մակցելու մասին խոսելուց: Եթե 1930-ական թվականների առաջին կեսին գրված «Ինքնակենսագրություն» -ում նա ակնարկում է 1920 թ. Երևանում պաշտոնավարելու մասին1, ապա հետպատերազմյան շրջանում գրած ընդար- ձակ «Ինքնակենսագրություն» -ում շրջանցում է այդ փաստը2: Գրականագետ Տ. Հախումյանի հուշերում հպանցիկ հիշատակություն կա Դ. Դեմիրճյանի երևանյան գործունեության մասին. «Հիշյալ քննարկումից հետո (խոսքը 1920 թ. Թիֆլիսում գրողի «Գարուն» բանաստեղծությունների ժողովածուի քննարկ- ման մասին է – Հ. Ս.) մենք երկար ամիսների ընթացքում Դերենիկ Դեմիրճյա- նին այլևս չհանդիպեցինք: Ասում էին, թե մեկնել է Հայաստան և աշխատում է կրթական գործով զբաղվող նախարարության մեջ: Ավելացնում էին, որ իբր նրան է հանձնված արվեստի ու գրականության գործերը տնօրինելու պաշտո- նը: Թե այնտեղ ինչ գործեր է ձեռնարկել, մեզ հայտնի չէր» 3: Թե՛ խորհրդային և թե՛ հետխորհրդային տարիներին Դ. Դեմիրճյանի կյան- քին ու ստեղծագործություններին նվիրված բազմաթիվ աշխատություններում անդրադարձ չկա Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ նրա գործունեության, հայ մշակույթի և արվեստի զարգացմանն ուղղված նրա ձեռ- նարկումների մասին4, որոնք, ամենայն հավանականությամբ, դեմիրճյանա- գետներին հայտնի չեն եղել: 1920 թ. մայիսից ՀՀ Բյուրո-կառավարությունը սկսեց պետության կառա- վարման զանազան պաշտոններում նշանակել դաշնակցական գործիչների: Ըստ այդմ՝ Երևան է հրավիրվում նաև արդեն ճանաչված գրող, Թիֆլիսի Հով- նանյան օրիորդաց միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսու- ցիչ, դաշնակցական Դերենիկ Դեմիրճյանը: Վերջինս, իր իսկ վկայությամբ, պարտավորություն էր զգում գալ հայրենիք և ծառայել իր ժողովրդին ու նորա- 1 Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (այսուհետև՝ ԳԱԹ), Դ. Դե- միրճյանի ֆ., ց. 1, գ. 768, թ. 7–9: 2 Դ. Դեմիրճյան. Անծանոթ էջեր, Երևան, 1974, էջ 285–300, ն ո ւ յ ն ի՝ Երկերի ժողովածու 14 հատորով, հ. XIV, Երևան, 1987, էջ 7–20: 3 Ժամանակակիցները Դ. Դեմիրճյանի մասին, կազմեց Գ. Մադոյանը, Երևան, 1997, էջ 220: 4 Տե՛ս Դ. Դեմիրճյան. Երկերի ժողովածու, հ. I, Երևան, 1931, էջ V–VIII, Հ. Բ. Մու - րադյան. Դերենիկ Դեմիրճյան. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1961, Ս. Բ. Աղաբաբյան. Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1977, Հ. Ս. Թամրազյան. Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1977, Է դ. Թոփչյան. Դեմիրճյանի դասերը.– Դ. Դեմիրճյան. Երկեր երկու գրքով, գիրք առաջին, Երևան, 1977, էջ 5–23, Գ. Ա. Մադոյան. Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1986, Ռ. Գ. Դավթյան. Դերենիկ Դեմիրճյանը և արվեստը, Երևան, 2003, Մ. Մ. Խ ա - չատրյան. Դերենիկ Դեմիրճյանի երգիծանքը, Երևան, 2004, Դ. Դեմիրճյան. Ընտրանի, Երևան, 2012, էջ 506–508 և այլն: Üáñ³Ñ³Ûï ÷³ëï³ÃÕû ñ ¸. ¸» ÙÇñ×Û³ÝÇ Ù³ëÇÝ 193 հաստատ պետականությանը5: ՀՀ հանրային կրթության և արվեստի նախա- րար Գ. Ղազարյանի հրամանով Դ. Դեմիրճյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է նախարարության Արվեստի բաժնի վարիչ՝ 18.800 ռուբլի աշխատավարձով: Մինչ այդ, սոսկ թղթի վրա գոյություն ունեցող Արվեստի բաժինը Դ. Դեմիրճ- յանի ղեկավարությամբ սկսել է կազմակերպված աշխատանքներ իրականաց- նել: Անց են կացվել տարբեր դասընթացներ, որոնք վարում էին ժամանակի ճանաչված մտավորականներ: Այսպես` սեպտեմբեր-նոյեմբերին բաժնի կազ- մակերպած դրամատիկական դասընթացներում դասավանդել են` Վարդան Միրզոյանը (վարիչ և դասատու), Դ. Դեմիրճյանը, պարուսույց Սուրեն Մխի- թարյանը, հոգեբանության ուսուցիչ Ա. Շավարշյանը: Նոյեմբերին բաժնի խմբավարական դասընթացներում պաշտոնավարում էին □թեորիայի դասա- տու□ Սարգիս Բարխուդարյանը և □դաշնակի դասատու□ Աննա Աբգարյանը6: Այս դասընթացները տեղի էին ունենում 1920 թ. թուրք-հայկական պատերազ- մի ժամանակ, երբ վտանգված էր պետության անկախությունը: Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը հաջորդած օրերին Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի թիվ 1 հրամա- նով 1920 թ. դեկտեմբերի 15-ին աշխատանքից ազատվեցին Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի վերածված նախկին ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարարության չորս ղեկավար աշխատակիցներ` նախարարի օգնական Պ. Սոտնիկյանը, Արվեստի բաժնի վարիչ Դ. Դեմիրճյանը, դպրոցա- կան վերահսկիչներ Ս. Շխյանը և Ա. Շահնազարյանը7: Իրենց հասանելիք լու- ծարքային նպաստները պետական գանձարանի առձեռն ֆոնդից նրանք ստա- ցել են դեկտեմբերի 21-ին8: Արվեստի բաժնի վարիչի պաշտոնում դեկտեմբերի 15-ին Դ. Դեմիրճյանին փոխարինել է բանաստեղծ Ե. Չարենցը: Ստորև հրապարակվող փաստաթղթերը վերաբերում են խնդրո առարկա ժամանակահատվածում գրողի գործունեությանը: Հատկապես ուշագրավ է -6 փաստաթուղթը` գրողի ինքնագիր զեկուցագիրը լուսժողկոմ Ա. Հովհաննիս- յանին` Արվեստի բաժնի կատարած աշխատանքների և ՀՀ օրոք արվեստի ճյուղերի դրության վերաբերյալ: Փաստաթղթերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում (ֆ. 122, 307) և Ե. Չարենցի անվան գրականության և ար- վեստի թանգարանում (Դ. Դեմիրճյանի ֆ.): Դրանք հրապարակում ենք ժամա- նակակից ուղղագրությամբ, կետադրական աննշան շտկումներով: Մեր կող- մից վերնագրվել են միայն -3 և -7 փաստաթղթերը: Հավելումները կատարել ենք ուղղանկյուն փակագծերում ([]), իսկ հրապարակումից դուրս թողնված հատվածները՝ սուրանկյուն փակագծերում՝ բազմակետեր դնելով («…»): ՀԱՄՈ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 5 ԳԱԹ, Դ. Դեմիրճյանի ֆ., ց. 1, գ. 768, թ. 7–8: 6 Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև՝ ՀԱԱ), ֆ. 307, ց. 1, գ. 360, թ. 127–130, 54–54 շրջ.: 7 Նույն տեղում, ֆ. 122, ց. 4, գ. 6, թ. 1: 8 Նույն տեղում, ֆ. 307, ց. 1, գ. 360, թ. 72 և շրջ.: 194 Ðñ³å³ñ³ÏáõÙÝ» ñ -1 ՀՐԱՄԱՆ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 17 սեպտեմբերի 1920 թ. - 145 Դերենիկ Դեմիրճյանը նշանակվում է Հանրային կրթության և արվեստի նախարարության Արվեստի բաժնի վարիչ ս/թ սեպտեմբերի 1-ից: Հանր[ային] կրթ[ության] և ար[վեստի] նախարար` Գ. Ղազարյան ՀԱԱ, ֆ. 307, ց. 1, գ. 355, թ. 4 շրջ.: Բնագիր: Ձեռագիր: -2 ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԹԱՅԹԻՉ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ1 28 սեպտեմբերի 1920 թ. - 4443 Առ -174, Ներկայացվում է Հանրային կրթ[ության] և արվ[եստի] նախարարության պաշտոնեության ցուցակը: - Անուն- ազգա- նուն Պաշ- տոն Ընտա- նիքի ան- դամ- ների թիվը Ընտա- նիքի անդամ- ների ա- նուննե- րը և տարի- քը Ընտա- նիքի անդամ- ների զբաղ- մունքը Ցանքս ունեն, թե՝ ոչ Հաս ցե Ծա- նո- թութ- յուն 5 Դերե- նիկ Դե- միրճ- յան Արվ[ես տի] բաժ[նի ] վարիչ 3 Մա- րիամ` կին – 28 Վիգեն` տղան – 5 – ոչ Սա- դո- վա- յա 11 – Հանրային կրթության և արվեստի նախարար՝ Գ. Ղազարյան Դիվանապետ՝ Կ. Մելիք-Օհանջանյան Üáñ³Ñ³Ûï ÷³ëï³ÃÕû ñ ¸. ¸» ÙÇñ×Û³ÝÇ Ù³ëÇÝ 195 ՀԱԱ, ֆ. 307, ց. 1, գ. 356, թ. 11–12: Բնագիր: Ձեռագիր: - 3 ՄԱՐԻԱՄ ԿԱՆԱՅԱՆ – ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱՄԱԿՆ ԱՄՈՒՍՆՈՒՆ 12 հոկտեմբերի 1920 թ. Թիֆլիս Սիրելի Դերենիկ [Սեպտեմբերի] 27-ին գրած նամակդ ստացա հոկտ[եմբերի] 7-ին: Ուղար- կել էիր երեք կաթ1, 925 ռ. և դոշաբ: Վերջինս չստացա: Երևի թափել է բերողը: Նամակդ ստանալուն պես գնացի բժ[իշկ] Մաղաքյանի մոտ` հետս տանելով իմ ռեցեպտը: Նա ասաց. □Ես կտամ ավելի լավ ռեցեպտ, որը շատ շատերին փրկել է մալարիայից□: «…» Ուղղակի անորոշության մեջ մնացել եմ: Գալ2, թե մնալ ուսուցչական պաշ- տոնով … Բայց, երևի, այս տարի մի կերպ կքաշքշեմ: Գարնանը ինչպես կլի- նեմ, չգիտեմ3: «…» Համբույրներով` Մարիամ ԳԱԹ, Դ. Դեմիրճյանի ֆոնդ, լրաց. ցուցակ, գ. 218, թ. 1 – 2 շրջ.: Բնագիր: Ինքնագիր: -4 ՀՐԱՄԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻ 15 դեկտեմբերի 1920 թ. -1 Ազատ են կացուցվում պաշտոնից Հանրային կրթության և արվեստի նա- խարարի օգնական Պողոս Սոտնիկյանը, նույն նախարարության Արվեստի բաժնի վարիչ Դերենիկ Դեմիրճյանը և վերահսկիչ տեսուչներ Սիմեոն Շխյանն ու Ասլան Շահնազարյանը ս/թ դեկտեմբերի 15-ից: Լուսժողկոմ` Ա. Հովհաննիսյան ՀԱԱ, ֆ. 122, ց. 4, գ. 6, թ. 1: Բնագիր: Ձեռագիր: 196 Ðñ³å³ñ³ÏáõÙÝ» ñ -5 ՑՈՒՑԱԿ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԼԻԿՎԻԴԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ 15 դեկտեմբերի 1920 թ. - Պաշտոն, անուն- ազգա- նուն Երբ է հաս- տատվել պաշտո- նում Քանի ամսվա ռոճիկի չափով նպաստ պիտի ստանա Ամսա- կան ռոճիկը Լիկվիդա- ցիոն նպաստի գումարը Ստացողի ստորագրութ- յունը 2 Արվես- տի բաժ- նի նախ- կին վա- րիչ Դ. Դեմիրճ- յան 1920 թ. սեպտ[եմ- բերի] 1- ին մեկ 18.800 18.800 տրված է ս/թ 21 դեկտ[եմբերի] - 110 պա- հանջ[ագրով] /Առձեռն ֆոնդ պետական գանձարանի Լուսավորության ժողովրդական կոմիսար՝ [Ա. Հովհաննիսյան] Ավագ հաշվապահ ՀԱԱ, ֆ. 307, ց. 1, գ. 360, թ. 72 և շրջ.: Պատճեն: Ձեռագիր: -6 ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԸՆԿ. ԿՈՄԻՍԱՐԻՆ Զեկուցում Արվեստների բաժնի վարիչի 16 դեկտեմբերի 1920 թ. Երևան Նախկին կառավարության օրով Արվեստների բաժինը Հանրային կրթութ- յան նախարարության մեջ կից է եղել միևնույն նախարարությանը և միայն սույն տարվա սեպտեմբերից դառել է ուրույն բաժին: Հնագիտական և ճար- տարապետական ճյուղը ենթակա է եղել առանձին վարչության: Արվեստների բաժնի գործունեությունը սահմանափակվել է հետևյալում. 1) Աչքի առաջ ունենալով, որ պատմական նոր պայմանների դասավորու- մով Հայաստանում նոր ու մեծ պահանջներ պիտի առաջանան թատերական գործի1 մեջ և մեր թատերական ներկա սերունդը Հայաստան գալով միայն իր ընթացիկ գործը պիտի տեղափոխե իր հետ և շարունակե այն տրադիցիանե- Üáñ³Ñ³Ûï ÷³ëï³ÃÕû ñ ¸. ¸» ÙÇñ×Û³ÝÇ Ù³ëÇÝ 197 րը, որ ժառանգել է օտար միջավայրերի մեջ և որ, վերջապես, այդ սերունդը շուտով կհեռանա ասպարեզից, հարկ համարվեց հիմիկվանից հոգալ սկսնակ ուժերի հավաքման և կրթության մասին` ստեղծելով նոր միջավայր և հետզ- հետե պատրաստելով թարմ ուժեր Հայաստանի նոր թատրոնի համար: Ուստի և անցյալ տարի հանգուցյալ Օվի Սևումյանին2 հանձնարարվեց Պոլիս գնալ և այնտեղ հիմնել մի ժամանակավոր դրամատիկ ստուդիա պատանի ուժերին մեջ քաշելու, վարժելու և ընտրությամբ բերելու Հայաստան՝ հենց որ տեխնի- կական պայմաններ ստեղծվեին Երևանում: Աչքի առաջ կար նոր ուժերին գրավել Թիֆլիսից և ուրիշ կողմերից` միա- ժամանակ սրանց միացնել նաև բուն Հայաստանի սկսնակներին: Դերասան Սևումյանն անցյալ տարի ճանապարհվեց Պոլիս և ամբողջ ձմեռ զբաղվեց այդ գործով, կազմեց հուսատու սկսնակների մի խմբակ, բայց, դժբախտաբար, գործը կիսատ մնաց իր մահվան պատճառով: Այնուհետև Երևանում դերասան Վ. Միրզոյանը3 ինքնաբերաբար հիմնել էր մի դրամատիկ ստուդիա: Չկարե- նալով իր վրա վերցնել գործի դրամական ծանրությունը` նա դիմեց կառավա- րության աջակցությանը: Կառավարությունն իր վրա վերցրեց ստուդիայի օ- ժանդակությունը` միաժամանակ ստուդիան վերածելով տարրական դրամա- տիկ դպրոցի, ուր ավանդվում է ամենաանհրաժեշտ գիտելիքներ նույն Միրզո- յանի ձեռքով` մասնակցությամբ այլ դասախոսների: 2) Անցյալ տարվանից Երևանում գոյություն ունեցող Գրական-գեղագիտա- կան ընկերությունը4 ծրագրել էր հիմնել մի կոնսերվատորիա: Կառավարութ- յունը, ընդառաջ գնալով ընկերության վարչության դիմումին, նյութական մի- ջոցներ տվեց մտադրությունը իրագործելու: Կոնսերվատորիան պիտի բաց- վեր այս տարի աշունքվանից և սկսված էին այդ առթիվ բանակցություններ Թիֆլիսի ուժերի հետ: Բանակցությունները հաջող հետևանք չունեցան` շնոր- հիվ այն հանգամանքի, որ երաժիշտ ուժերը, բացի տեխնիկական անհարմա- րությունները, աչքի առաջ ունենալով պատերազմի հանգամանքները, հարցը ձգձգում էին մինչև սույն տարվա հունվարը: Միաժամանակ խանգարում էր շենքի բացակայությունը: Որոշվեց կոնսերվատորիայի գործը սկսել հենց այն պայմաններում, որի մեջ դրված էր այդ գործը, այսինքն` պարապմունքներն սկսել առանձին սենյակներում, թեկուզ դասատուների տներում: Գործի ղեկա- վարությունը հանձնվեց երաժիշտ Սարգիս Բարխուդարյանին5, որը սկսեց պարապմունքներն իր բնակարանում` ավանդելով երաժշտության թեորիա և կոմպոզիցիա: Համեմատաբար ավելի հաջող եղավ խմբավարական դպրոցի ձեռնարկությունը նույն Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, որ գոր- ծակից դասատուների հետ անցյալ և ներկա տարում Գայանյան դպրոցի շեն- քում ավանդում է երգեցիկ խմբի արվեստը` պատրաստելով խմբավար ուսու- ցիչներ դպրոցների կամ ազատ գործունեության համար: Ներկա տարվա ըն- թացքում Ալեքսանդրապոլի քաղաքային վարչությունը որոշել էր հիմնել քա- ղաքային միջնակարգ երաժշտական դպրոց: Շենքի և անձնական կազմի հար- ցը գրեթե լուծված էր` մնում էր անձնական կազմի ծախքերի հարցը: Դրա հա- մար կառավարությունը հատկացրեց որոշ գումար և դպրոցը պիտի բացվեր նոյեմբեր-դեկտեմբերին: Պատերազմը6 խանգարեց այդ ձեռնարկությունը ևս: Սույն տարվա մայիսից խմբավար-երաժիշտ Ռուբեն Տիգրանյանն ուղարկվեց 198 Ðñ³å³ñ³ÏáõÙÝ» ñ Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլ, Դիլիջան` տեղերում երգեցիկ խմբեր կազմե- լու և կոնցերտներ տալու, որ և լիովին իրագործված է: 3) Այնուհետև որոշ չափով երկու նվագ օժանդակություն է տրված մի շարք հայ հեղինակների, հրապարակախոսների: 4) Արվեստների քաջալերման գործին եթե ավելացնենք նաև անցյալ տար- վա նկարչական ցուցահանդեսը, որ կառավարության օժանդակությամբ բաց- վեց Երևանում և մեր անվանի նկարիչների գործերի գնումը, սրանով մենք տված կլինենք նախկին կառավարության ժամանակ գոյություն ունեցող Ար- վեստների բաժնի գործունեությունը: Հասկանալի պատճառներով խնդրի սուբյեկտիվ կողմը թողնելով և օբյեկ- տիվ կողմը մեջ բերելով՝ հարկ եմ համարում մատնանշել այն խանգարիչ հանգամանքները, որոնց հանդիպեցի առաջին իսկ օրից` ստանձնելով Ար- վեստների բաժնի ղեկավարությունը: Երևանում գոյություն չունի ոչ մի հար- մար շենք թատրոնի համար: Ջանփոլադյանի և նախկին ակումբի բեմերը չէին կարող բավարարել լուրջ թատերական պահանջներին: Այդ շենքերում կարե- լի էր ավելի մեծ թատերական գործի ձեռնարկել, սակայն հին ակումբը ծառա- յում էր պառլամենտի շենքի համար: Մտադրություն կար պառլամենտի հա- մար հատկացնել նորակառույց, բայց կիսատ գիմնազի շենքը: Ձեռնարկված էր այդ իրագործելու, սակայն վարպետները մտան զորքի շարքը և ատաղձի որոշ մասերը Թիֆլիսից չհասան, ուստի և հին պառլամենտի շենքը չազատվեց: Մինչդեռ նույն այդ շենքի մեջ պիտի տեղավորվեին թատրոնը, դրամատիկ ստուդիան (նոր ստուդիա, որ պիտի հիմնվեր դերասաններ Մանվելյանի7 և Ա- լիխանյանի8 ձեռքով) և նկարչական դպրոցը: Այդ շենքում պիտի կենտրոնա- նար Արվեստի գործը, այդտեղ պետք է հավաքվեր երկրի բոլոր գեղարվեստա- կան ուժը և, ճյուղեր առնելով, հետզհետե զարկ տար Հայաստանի բոլոր կող- մերը: Մտադրություն կար կազմակերպելու զորական, ժողովրդական կոն- ցերտներ ու ներկայացումներ, տեղական և թռուցիկ խմբեր, բայց պատերազմը խանգարեց այդ բոլոր մտադրություններն իրագործելու: Նախկին Կրթ[ության] մինիստրության Արվեստների բաժնի վարիչ` Դերենիկ Դեմիրճյան ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գ. 679, թ. 59 – 60 շրջ.: Բնագիր: Ինքնագիր: -7 ՔԱՂՎԱԾՔ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ 1930-ական թվականների առաջին կես1 «…» Հինգ տարի Շվեյցարիա մնալուց հետո2 վերադարձա Թիֆլիս, ուր մտա Հովնանյան դպրոցը՝ իբրև հայ լեզվի և գրականության դասատու մինչև 1921 թիվը: Պատերազմը, Հոկտեմբերյան հեղափոխությունը, Կովկասյան ազգային հանրապետությունները, տաճկական արշավանքները, փախստականությու- Üáñ³Ñ³Ûï ÷³ëï³ÃÕû ñ ¸. ¸» ÙÇñ×Û³ÝÇ Ù³ëÇÝ 199 նը, սովը և աղետներն ինձ ցնցել էին, բայց ստեղծել էին մի խառնաշփոթ մտա- վոր վիճակ և տրամադրություն: Ես ներվային հիվանդ տարիներ ապրեցի: 19143 թվի Սարիղամիշի պարտության4 սարսափից իմ Ռոստով փախչելս, 1920-ի տաճիկների երկրորդ արշավանքի ժամանակ առաջ բերեց հակառակ բեկումն` գալ Երևան և անձամբ կրել այն վիճակը, որին կենթարկվի ժողո- վուրդը5: Դա հուսահատական կրիզիսի ծանր շրջան էր: 1920-ին Երևանում Արվեստների [բաժնի] վարիչի պաշտոնում ժողովրդի հուսահատ օրերում իմ մեջ զգացի քաղաքական բեկման առաջին շորշոփը: Հայաստանի խորհրդայ- նացումը ինձ կապեց նոր քաղաքական օրիենտացիայի հետ, որին հետևեց և գրական օրիենտացիան և, կարծում եմ, այդտեղ էլ տեղի ունեցան իմ ճեմարա- նական □կլասիցիզմի□, Ժնևի քաղաքական մթնոլորտի ազդեցությունների հանդիպումներն ու միացումը` նոր մշակմամբ: «…» Դ. Դեմիրճյան ԳԱԹ, Դ. Դեմիրճյանի ֆոնդ, ց. 1, գ. 768, թ. 7 – 9: Բնագիր: Ինքնագիր
     http://hpj.asj-oa.am/5977/1/2014-2 (192) .pdf


    
    


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11829 | 0 | 0
Facebook