Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը արդյունավետ համագործակցություն է ծավալում Գեղարքունիքի մարզի հետ:
Իրականացվող բազմաբնույթ նախաձեռնություններից հերթականը Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցին նոր ուսումնական տարվան ընդառաջ աջակցության ցուցաբերումն էր:
Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Սարիբեկյանը:
Աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ղեկավար Նարինե Պետրոսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ դպրոցի առաջին դասարանի աշակերտներին են փոխանցվել դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքների լրակազմով: