Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ԱՐՅՈՒՆԻՐ ՕՐԸ /եղելություն/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
06:14, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
ՄԻ ԱՐՅՈՒՆԻՐ ՕՐԸ /եղելություն/

Սովորական օր է, այգը՝ Աստծո ժպիտ: Գործատեղում մենակ եմ: Բացել եմ փեղկը, որպեսզի սենյակի գաղջ, ծանրամած օդը փոխվի և, նախքան թղթերին գամվելը, կենցաղային տարատեսակ հարցերով ծփուն նամակներն ընթերցելը, վայելում եմ այգաբացը: Մի մեքենա փողոցը ջրելով դանդաղ գնում է: Օղակաձև զբոսայգուց նոր հնձած կանաչի կծու հոտ է գալիս: Մեծ Մասսի վեհությունից սիրտս ամեն անգամվա պես կտրատվում է: Ցավին, անբավ կարոտին տեղի չտալու համար հայացքս փախցնում եմ:

Մայթն ի վար երկու, թե երեք հոգի գալիս են: Թեղու սաղարթը փակում է տեսադաշտը, թույլ չի տալիս ավելին տեսնել: Նրանք կտրում են խաչմերուկը: Երեքն են: Կինը բռնել է երեխայի ձեռքից, տղամարդու կողմը չի նայում: Հայացքն անորոշ է, քայլվածքը՝ ձիգ: Տղամարդը թեթև ճաղատ ունի, կնոջից փոքր ինչ կարճ է Խոսելիս թափահարում է ձեռքերը, նյարդային, ցնորական բան կա շարժումներում: Աղջնակը… ճերմակ թիթեռ է գորշ ասֆալտին: Հետ չմնալու համար կողքանց վազում է: Ինչ են խոսում, փոքրիկին, երևում է, չի հուզում, հետաքրքրում կամ թե՝ հասակի պատճառով ցածում լսելի չէ, ինձ՝ առավել: Ահա կանգնեցին, ավելի ստույգ՝ տղամարդը դեմը կտրեց: Դեմքը հիմա տեսանելի է: Կինը փորձում է շրջանցել տղամարդուն, սա նորից է կասեցնում ընթացքը: Տագնապը փոխանցվում է ինձ: Ո՞վ է, ի՞նչ ունի կիսելու: Ամուսիններ են՝ ամուսնալուծված, -առաջին պահ անցնում է մտքովս: Հաջորդ վայրկյանին՝ պատահական մեկն է՝ լկտի… Մեկ այլ տարբերակ՝ հին սեր է. կինը չի սպասել և ամուսնացել է: Տուն, երեխա, հասցրել է հիշողությունները հեռու քշել:

Կինը մանկան հետ հացի խանութ է մտնում: Տղամարդը քայլ է անում, ետ գալիս: Սպասում է: Չէ, սխալ ասացի, մոլոր ետ ու առաջ է քայլում: Գոնե ծխի, պրկված ջղերը հանգստանան.. Մտաժապավենը կամքիցս անկախ շարժման մեջ է, և աչքիս են գալիս իմ ու կնոջս վեճերը, երբ չնչին պատճառից գժտությունն ահագնացել, դարձել է բաժանություն, հիասթափություն ամեն-ամեն ինչից: Մեղավորը… Ինչու՞ բոլորին թշնամացրին մեկմեկու հետ, ինչպե՜ս կարողացան, մի՞թե հանուն այն բանի, որ երկնքին նայելու փոխարեն պարանոցներս ծռենք, գլուխներս հակենք, գամենք հողին, և ուղեղներումս շարունակ կենցաղը լինի՝ գարշ, օրը՝ անհեռանկար, շղթան օրերի՝ միագույն…

Ժապավենը կտրվում է, մտքիս ընթացքը՝ նմանապես: Կինը խանութից դուրս է եկել ու, որպեսզի տղամարդուց հեռու լինի, առնչություն չունենա, պատի տակով աճապարանոք գնում է, շտապեցնում երեխային: Տղամարդը ոստնում է, թափով քաշում դաստակից: Կինը սահմռկած՝ ծեփվում է պատին: Երեխային թողել է, ասես խաչված լինի: Տղամարդը վերստին երկարում է ձեռքը, ճանկում դաստակն ու… Աստված իմ, նա, հո, սպանում է, իսկապես սպանում է: Դիմադրություն չկա: Վայրկյանի չափ տեսնում եմ դանակի շեղբը, որ սահում է պարանոցի վրայով, և արյուն, արյուն է հայտնվում… Կինը լուռ է, անսպասելիությունից կարկամել, արձանացել է: Գոնե ես, ես գոռամ, բղավեմ, գոչեմ՝ սրիկա, մի արյունիր օրը…

Նա կտրատում է կնոջ դաստակները՝ մեկ, երկու երեք, նորից ու նորից… Խելագար: Կինն ընկել է, ծալվել մի կողքի, իսկ երեխան… գրկվել, բռնվել է ծառաբնից և… տեսնում է ողջը: Նրա բիբերում ընդելուզվել է մահը՝ մոր մահը, մարդու մահը: Սրտխառնուք եմ զգում, գլուխս պտտվում է:

Տղամարդն ամայի հայացքով նայում է շուրջը, գրպանից հանում թաշկինակն ու… մաքրում է շեղբը: Մի պահ, երևի, առկայծում է միտքը, որովհետև շպրտելով դանակը՝ նստում է սիզամարգն ասֆալտից բաժանող եզրաքարին: Փլվում է, գլուխն առնում ափերի մեջ: Ուսերը ելնում, իջնում են: Հետո… Հետո՝ վրա վազող առաջին անցորդ, կտրուկ, ճռնչյունով արգելակող ավտոմեքենա, դռների ձայն, ազդանշան, ուժգնացող ժխոր, դարձյալ նոր մարդիկ, մեքենաների խցանում և… մանկան ճիչը՝ սոսկում պատճառող ճիչը, որ, թերևս, զսպված մնացել, դուրս չէր հորդում ու պիտի մեռցներ աղջնակին, եթե ելք չգտներ:

Շարունակությու՞ն - շարունակություն չկա, և հորինելը պղծանք է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11279 | 0 | 0
Facebook