ԸՆԹԱՑԻԿ ՃԵՊԱՆԿԱՐ /պատմվածք/
-Սպասիր, չգնաս, -կինը ձեռնափով զարկեց ավտոբուսի կողին, ապա մուտքի միջնաձողից կախվելով՝ մտավ ուղևորասրահ: -Չէ, դու չէիր, -թիկունքով նստած ուղևորի ուսը բավական կոպիտ ցնցելուց հետո դարձավ մյուսներին: -Այստեղ մեկը կար՝ երեխայի հետ, չտեսա՞ք ուր գնաց: -Նոր իջավ՝ ձեր ետևից: -Ձեռքին բա՞ն կար, -նա ընթացքում հայացքն ուղղեց խմբված մարդկանց, սակայն քայլ չարած՝ վերստին դիմեց ուղևորներին. -Ո՞ր կողմ: Հարցին արձագանքող չեղավ: Այդ պահին շարժիչը հռնդաց, և ավտոբուսը ճոճվեց տեղում: -Կանգիր, պայուսակս տարել են, -նրա ճակատին քրտինքի կաթիլներ հայտնվեցին: Այդ էր. ավտոբուսում աշխուժացան՝ մանավորապես սրահի միջնամասում եղողները: -Ձեր բարեկամը չէ՞ր: Կինը տարուբերեց գլուխը: -Պիտի վարորդին տված լինեիք, -պատուհանի տակ կանգնած աղջկան դիտողություն արեց նստածներից մեկը: -Ի՞նչ իմանայի: Ուզում էի հետևից կանչել, էդ մարդը, թե՝ ես կտամ: -Ճիշտ է աղջիկը: Ասաց, որ ձեզ ճանաչում է, իր ազգականն եք: -Խաբել է: Ես քաղաքում երկու բարեկամ ունեմ. մեկը հիվանդանոցում է՝ նրա մոտից եմ գալիս, մյուսը Նորագավթում է ապրում: Ուրիշ ժամանակ նման անկեղծությունը, հավանաբար, ծիծաղ շարժեր, բայց հիմա առաջին պլանում կարեկցանքն էր: -Պայուսակումդ փող կա՞ր: -Ոնց չէ, տալիցս եմ պարտք վերցրել՝ հիսուն հազար, քառասունը մնում էր: -Շարժվիր, վարպետ, շոգից գժվեցինք, -լսվեց առաջին շարքերից. այնտեղ դեռ չգիտեին ինչն ինչոց է: -Տնաշեն, փող են գողացել, չմեռար: -Անգութ ժողովուրդ են, հո զոռով չէ՞: -Իրենցը որ լիներ… Ուժգին ապրումից կինը կարկամել, այլևս ձայն չէր հանում: Տպավորությունն այնպիսին էր, թե կորցրել է խոսելու ունակությունը: -Ջուր ծեծելով ի՞նչ օգուտ: Քուրս, իջիր, իջիր քանի չի չքվել: -Այնպես չքվեր, ես իմանայի, սրտախորովը, -կողքից մեկն էր: Կնոջ հայացքում կրկին կյանքի նշաններ հայտնվեցին, խորհուրդը տեղ հասավ. թանկագին վայրկյանները գնում էին: Նա մեկ անգամ ևս անթաքույց կասկածով նայեց սրահում խմբված ուղևորներին, կարծես աչքերին վստահելիս, հավատալիս չլիներ, ապա իջավ: -Շուկայի կողմը գնա, որտեղ մարդը շատ է, -ետքից հուշեցին: Կինը պարանոցը երկարած՝ սկսեց շուրջը դիտել, բայց կանգառած տրոլեյբուսին վրա տված մարդկային հորձանքը նրան իր մեջ առավ: Խեղճը փորձեց չենթարկվել հոսանքին, դիմադրեց, սակայն արդյունքը եղավ այն, որ տեղապտույտից հետո երկու ոտքով հայտնվեց նոր ջրած ծառափոսում: Ծեծկված հողը ջուրը չէր հասցրել ****, ու դեղնավուն հեղուկը՝ երեսին ծխախոտի կոթուններ, այլ աղտեղություն, մինչև կոճերը թրջեց նրան: -Դրա նմաններին պիտի քացու տակ գցես, էնքան տաս, վրան ողջ տեղ չմնա: Տեսնեմ մյուս անգամ… -Բայց ինչ մարդիկ կան… -Էն էլ երեխայի հետ, է՜… Ավտոբուսը չէր հանդարտվում: -Կարճ-կարճ մարդ էր՝ բարալիկ բեղերով… -Կարճերին չեմ սիրում՝ դրանց կեսը գետնի տակ է… -Թե չէ նրանք քեզ համար գժվում են, -հակադարձողը վստահ, որ նետն անվրեպ է արձակել, ճոճելով գլուխը՝ ժպտաց: -Պահ, պահ, թիզուկեսդ էիր պակաս մնացել, -կինն այնպես քամահրանքով վերից վար չափեց տղամարդուն, որ վերջինիս ինքնավստահությունից հետք չմնաց. շեկլիկ երեսին կարմիր հայտնվեց, դողէրոցքի մեջ չգիտեր ձեռքերն ուր թաքցնի: -Երևում է՝ ինչ պտուղն ես, -միայն կարողացավ սրդողած նետել: -Ո՞վ, -կնոջ հայացքը դարձավ շամփուր, -էդ ու՞մ պատվի հետ ես խաղում: Քո իմացածներից չկարծես, հա՜… -Լավ, լավ, չասինք կռվեք, -նկատողություն արեցին: -էլ չգիտի, որ իջել ենք…-կինը նոր-նոր արագություն էր հավաքում: -Ստալինն էլ էր կարճ… Դրությունը փրկեց վարորդը: Նա դիմացն անսպասելի հայտնված մեքենային չբախվելու համար կտրուկ արգելակեց, և մարդիկ մի վայրկյանի չափ իրար վրա եկան, ապա ետհարվածից ուղղվեցին: Ժողովուրդն ուրիշ պարագայում վայնասուն կդներ, բայց վերջին միջադեպը զվարթացրել էր բոլորին: Խոսքուզրույցը վերստին կնոջ շուրջ էր, սակայն չկար նախկին լարվածությունը, բացի դա՝ նոր ուղևորներ էին ավտոբուս բարձրացել, ում համար թեև հետաքրքիր էր, սակայն ոչ ապրված: -Ինքն է մեղավոր, թող ուշքը վրան պահեր, -առաջին շարքերից եկող ձայնը նյարդային հնչեց, բարկացկոտ: -Էհ, ասում ես, էլի, -այս մեկը, ըստ երևույթին, շատ բան էր տեսել, դժվար կյանքով ապրել: -Մարդ է՝ իր մտքերի, հոգս ու ցավի հետ: Չլսեցի՞ր, հիվանդանոցից էր գալիս: Սևեր հագած մի տատիկ ու էլի ուրիշ համախոհներ գլխով հաստատեցին: -Կյանքը կողերը դեռ չի ջարդել: Փողկապավոր տղամարդու տեսքը /թե՞ ասածը/ չգիտես ինչու, դուր չեկավ երիտասարդ զույգին: -…Ասել է Հեմինգուեյը, -ձայնում թեթև ծաղր, մարտահարվեր՝ լրեց տղան: Փողկապավորը չլսեց, կամ այնքան կիրթ էր, որ չվերցրեց նետած ձեռնոցը: Բեմահարթակում դարձյալ տարեց կանայք էին: -Էն քորփեն ի՞նչ պիտի սովորի: -Պարզ չէ՞. ինչ տեսավ: -Տղա էր, թե՞ աղջիկ: -Ո՞վ, գողացո՞ղը: Նա մա՞րդ էր, որ տղա կամ աղջիկ ես հարցնում: -Հետի երեխան: _Ջանը՜մ, հիմա աղջիկները տղաներից առաջ են անցել, նրանցից վերան են գողություն անում, մյուսից, հո, էն գլխից են արել, -թեմա առաջարկեց երրորդ մի ձայն: Վերջին շարքերում երիտասարդական կենսախինդ հռհռոց լսվեց: Կինը, ուշադրություն չդարձնելով, շարունակեց. -Էն օրը շուկա եմ գնացել: Իրիկվա էլ կողմ էր: Գազար պիտի առնեի: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե: Ծառին ասած, թե դրան՝ չի պատասխանում: Ա՛յ կնիկ, ականջներդ բամբակ ե՞ս խոթել, ձեն հանի՝ քանիսո՞վ ես ծախում: Ինչ սիրտդ կուզի, -ասում է: Տեսա՝ չէ, սրա կամ ծալն է պակաս, կամ մի բան եղել է: Հիվանդ հո չե՞ս, ա՛յ քուրո, -հարցնում եմ: Տեսնեմ՝ աչքերից թափեց: Մեղա քեզ: Վերջը, ի՞նչ երկարացնեմ: Էդ խեղճ կնիկն ամբողջ օրը ոտքի վրա ինչ ծախել էր, տարել էին: Երդում կերավ: Երկու աղջիկ էին, ասում է, -քսված-կրասկված: Էս ջրատարիս, ուրեմն խոսեցրել են ու թե ոնց՝ խալաթի գրպանից… Որտեղի՞ց էլ իմացել են, որ փողն հենց էդտեղ է… Բա՜, -կինը դարձավ կողքին նստածին, -իսկ դու ասում ես՝ չէ: Վերջինս, որ ոչ պատմելու շնորհք ուներ, ոչ շարժուն միտք, ուղեղը չարչրկելուց հետո ուշացումով արձագանքեց. -Դարը փոխվել է, դարը: Ավտոբուսը դարձյալ կանգառեց, մարդիկ սեմվեցին, տեղ բացվեց նորերի համար, բայց, միևնույն է, մի մասը խցկվել չկարողացավ: Դռները շրխկոցով զարկվեցին մսակույտին, դեմ առան, մեքենան փնչաց, ծուխը լուսամուտների բաց օդանցքերից, այլևայլ ճեղքերից լցվեց սրահ: -Առաջացեք, մի փոքր էլ… -Չեք տեսնու՞մ, հնար չկա… -Մեջտեղն ազատ է… -Թողեք փակի, այ ընկե՛ր… -Ի՞նձ ես ասում, ես ե՞մ բռնել… -Վարպե՜տ… Վարորդը փակելու նոր փորձ արեց, տեսավ՝ անօգուտ է, անջատեց շարժիչը: -Եվ ճիշտ է անում: -Ժամերով չեն երևում, գալու դեպքում էլ… -Նա է… Ժխորի մեջ աղջկա ձայնը չլսվեց: -Ժողովուրդ նա է, ես ճանաչեցի: -Ո՞վ: -Պայուսակը տանողը: Հորս արև, հրեն… երեխան… Մարդիկ ձգվեցին դեպի պատուհանները: Անտեղյակները վարանքոտ՝ տեղի տվեցին: -Երեխան հե՞տն է: -Բա ի՞նչ. Առաջ-առաջ գնում է: -Բայց ո՞նց հասավ էս կանգառը: -Պարզ չէ՞. հետևի դռնից իջել, առաջինով բարձրացել էր: -Ուրեմն ամբողջ ընթացքում ավտոբուսու՞մ է եղել, լսե՞լ է խոսքուզրույցը: -Երևի… -Այ քեզ սիրտ, ոնց էլ արագ կողմնորոշվել է: -Էլ ի՞նչ եք սպասում, ոստիկան կանչեք: Վարորդ, դռները բաց: Առանց այդ էլ հրմշտվելուց, մի ոտքի վրա երկար կանգնելուց հոգնած մարդիկ իջել էին, և ելքն ազատ էր: -Երկու տղամարդ, թող վազեն, էլ ի՞նչ օրենքի մարդ: Ու՞ր պետք է գնա, փոքրին, հո, չի՞ թողնի: -Դե, ձեզ տեսնեմ, ջահելներ: Քիչ առաջ ոտքի տակ էիք գցում, -փողկապավորն էր: Ակնարկն ուղղված էր Հեմինգուեյ կարդացածին: Ավտոբուսում մնացել էին երիտասարդ զույգը, մի քանի աղջիկ և, ովքեր վախենալով տեղը կորցնել, պինդ էին նստած: -Չիջնե՛ս: Տղան, չանսալով հորդորը, դիմեց ելքի կողմը, սակայն ընկերուհու ձայնն այս անգամ մետաղի սառնությամբ հնչեց. -Հե՛տ արի: Երիտասարդը դժգոհ՝ սրահ բարձրացավ: -Չգիտե՞ս՝ հետո դատարան կկանչեն: Մեկ էլ տեսար վրադ շուռ տվին, բարեկամները վատություն կանեն, -արդարացավ օրիորդը: -Ի՞նչ անում եք, արեք, բայց միլիցիա պետք չէ: Համ էլ լավ օրից չի գողություն անում, -շուկայի դեպքը պատմող կինն էր: -Ճիշտ չե՞մ ասում: Կողքի նստածն այս անգամ սպասեցնել չտվեց: _Էլ մի ասա… Վարորդը գործի դրեց շարժիչը: Հռնդյուն լսելով՝ մայթին, մուտքերին մերձ ուղևորները խառնվեցին իրար. ամեն մեկը կամենում էր վայրկյան առաջ բարձրանալ: Միայն մի տղա մատները բերանը տանելով՝ ուժգին սուլեց: Մարդը, սակայն, չլսեց: Քիչ անց հասնելով անկյունադարձին՝ նա մտավ մեկ այլ փողոց, իսկ ավտոբուսն արագություն հավաքեց: |