Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեր ներկան և ապագան սկսվում է դպրոցից» .«Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Մամուլի խոսնակ`
Հայորդի ամսաթերթ
11:17, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
«Մեր ներկան և ապագան սկսվում է դպրոցից» .«Հայորդի» ամսաթերթ

Ներքին Դվինի Լ. Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոց


    

«Մեր ներկան և ապագան սկսվում է դպրոցից» խորագրի ներքո պետք է նյութ պատրաստենք և, մեզ համար մեծ պատիվ է, որ առաջինը մեր սիրելի դպրոցն ենք ներկայացնում: Զգացմունքներս խառնվել են, չգիտենք` կաշկանդվո՞ւմ ենք, ամաչո՞ւմ, թե՞ վախենում, որ հանկարծ ինչ-որ բան այնպես չի ստացվի. գուցե շփոթվենք, հարցերը չկարողանանք հավուր պատշաճի ձևակերպել: Միշտ մենք ենք որպես աշակերտ հարցերին պատասխանել, իսկ այսօր մեր դպրոցում խնդրելու ենք հարցազրույց տալ մեր սիրելի ուսուցիչներին, որտեղ սովորել է նաև մեր հայրիկը: Չնայած սուղ ժամանակին և անչափ զբաղվածությանը, սիրով համաձայնեցին հարցերին պատասխանել դպրոցի տնօրեն Լաուրա Բաբայանը, փոխտնօրեն Կարինե Խուդոյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Հերմինե Աղաբեկյանը:

- Քանի՞ տարվա պատմություն ունի դպրոցը: Գիտեմ, որ պապիկիս ժամանակներում Դվինի դպրոցը միայն տարրական ուսուցում է տվել, ապա աշակերտները ուսումը շարունակել են Այգեստանի կամ Նորաշենի դպրոցներում:

-Այո, նախկինում մեկհարկանի փոքրիկ ու հին շինությունում երեխաները տարրական կրթություն են ստացել, իսկ մեր միջնակարգ դպրոցը կառուցվել է 1965 թ. և ունի 52 տարվա պատմություն: 1990-ական թվականներին անվանակոչվել է Լեոնիդ Ազգալդյանի անունով՝ ի պատիվ արցախյան հերոսի:

-Ինչո՞վ է առանձնանում Ներքին Դվինի միջնակարգ դպրոցը մյուս հանրակրթական օջախներից:

-Իր ողջ պատմության ընթացքում դպրոցը տվել է բավականաչափ խելացի մարդիկ, ովքեր աշխատել և աշխատում են տարբեր բնագավառներում և կարող են հասնել մեծ հաջողությունների: Նշենք նրանցից մի քանիսի անունները. Արտավազդ Օրդոյան (մարզի գլխավոր գյուղատնտես), Սուրեն Խուդոյան (մանկավարժ, ՀԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու), Արտակ Տիգրանյան (իրավաբան, գիտությունների թեկանածու), Միքայել Օրդոյան (ատամնաբույժ, բժշկ. գիտությունների թեկնածու), Սարգիս Փալթաջյան (ֆիզ. գիտությունների թեկնածու, դոցենտ), Ֆելիքս Կարապետյան (գիտությունների թեկանածու, բժշկական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ):

Նոր սերնդից պետք է նշել Լուսինե Ասլանյանին (ԵՊՀ երիտասարդ գիտաշխատող), Ալլա Սերոբյանին (Գերմանիայում Հայաստանի դեսպանատան լրագրող) և այլն:

Դպրոցն ամեն տարի մեծ շուքով նշում է արցախյան ազատամարտի հերոս, հրամանատար, ֆիզիկոս, գիտ. թեկնածու Լ. Ազգալդյանի ծննդյան օրը, դեռ ավելին՝ առաջին դասարանի սաները տառաճանաչ դառնալուց հետո Լ. Ազգալդյանի նկարի և եռագույնի առջև երդվում են, որ մեր հերոսին արժանի սաներ են դառնալու:

- Նշեք, խնդրում եմ, դպրոցի ձեռքբերումները:

- Դպրոցում ուսուցանվում է երեք օտար լեզու՝ ռուսերեն, գերմաներեն, անգլերեն: Արդեն երրորդ տարին է, որ դպրոցում գործում է պարսկերեն լեզվի և մշակույթի ուսուցման խմբակը, որտեղ երեխաներն անվճար հիմունքներով Գ. Աբրահամյանի ջանքերով հնարավորություն ունեն սովորելու, ծանոթանալու պարսկերեն լեզվին և մշակույթին: Խմբակի սաները կարճ ժամանակում մեծ հաջողությունների են հասել՝ մասնակցելով տարբեր մրցույթների: Արդեն երկրորդ տարին է, որ պարսկերենի հանրապետական օլիմպիադայում գրավում են երկրորդ, ապա առաջին մրցանակային տեղերը:

Դպրոցը բազմիցս հյուրընկալել է պարսկական դեսպանատան աշխատակիցներին, ներկայիս դեսպան Սեյեդ Քազեմ Սադջադիին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքիին, Գիլանի նահանգապետին:

Մեր դպրոցի սաները մեծ հաջողությունների են հասել թե՛ ուսման բնագավառում, թե՛ տարաբնույթ միջոցառումներում, հաջողությամբ մասնակցել են «Հայասպետ» հեռուստամրցույթին՝ գրավելով երկրորդ տեղը: XI դասարանի աշակերտ Վարդան Գեղամյանը մասնակցել է «Ամենախելացին» հեռուստամրցույթին: Տարբեր տարիների ընթացքում մեր աշակերտները հաջողությունների են հասել առարկայական օլիմպիադաներում, մասնակցել հանրապետական օլիմպիադաներին և արժանացել պատվոգրերի ու դիպլոմների աշխարհագրություն, ռուսաց լեզու, կենսաբանություն, քիմիա, հայոց լեզու առարկաներից:

-Ի՞նչ խնդիրներ ունի դպրոցը:

-Դպրոցը մասնակիորեն վերանորոգվել է, սակայն աշխատանքներն ավարտված չեն: Հրատապ խնդիրներից է լաբորատորիաների վերազինումը, սպորտդահլիճի վերանորոգումը:


    

-Եթ եհովանավոր գտնվեր, ո՞ր խնդիրն առաջինը կլուծեիք:

- Եթե հովանավոր գտնվեր, առաջնահերթ կլուծեինք շենքի վերանորոգման խնդիրը:


    

-Ի՞նչ դեր ունի եկեղեցին Ձեր կյանքում:

- Եկեղեցին մեծ դեր ունի մեր կյանքում, քանի որ տալիս է մեզ հոգևոր դաստիարակություն, սեր ու հարգանք ներշնչում մեր ավանդույթների, եկեղեցական տոների, ծեսերի նկատմամբ և կարողանում է մեզ հեռու պահել աղանդավորական շարժումներից:

-Որքանո՞վ եք կարևորում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դերը դպրոցում, աշակերտների կյանքում:

- Հայոց եկեղեցու պատմության դերը մեծ է և՛ դպրոցում, և՛ աշակերտների կյանքում, քանի որ այն ազնվություն, առաքինություն, քրիստոնեական, ազգային արժեքներ է սերմանում երեխաների մեջ, սեր առաջացնում մեր ավանդույթների, եկեղեցական տոների նկատմամբ:

-Երեխաները սիրո՞վ են սովորում առարկան:

- Շատ մեծ սիրով են սովորում, մասնակցում են ժամերգություններին, պատարագներին, մյուս ծիսակատարություններին:

Եկեղեցու պատմության շրջանակներում մեր աշակերտները բազմաբնույթ մրցույթների են մասնակցել, արժանացել պատվոգրերի, մրցանակների

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

-Մոտենում է «Զատիկը», կա՞ նախատեսված միջոցառում:

- Այո, իհարկե, «Զատիկի» տոնին նվիրված միջոցառում է նախատեսված, ինչպես նաև` զատկական լավագույն սեղանի մրցույթ: Կարծում ենք, կմասնակցեք և կլուսաբանեք:


    

Հ. Գ. Մինչ այս հարցազրույցը կհանձնեի տպագրության, «Զատկական սեղան» մրցույթն անցկացվեց դպրոցում: Յուրաքանչյուր դասարան ներկայացնում էր Սուրբ Հարության տոնի մասին իր ունեցած գիտելիքները և շքեղ ձևավորված զատկական անուշաբույր սեղանը: Լավագույնները տնօրինության կողմից պարգևների արժանացան:


    

Զրուցեցին՝ Ամալինա և Անուշ Ասլանյանները

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4971 | 0 | 0
Facebook