Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդիկ դերասան Ռոհիտ Խուրանան ցանկանում է աշխատել Հրանտ Թոխատյանի հետ

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
16:25, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Հնդիկ դերասան Ռոհիտ Խուրանան ցանկանում է աշխատել Հրանտ Թոխատյանի հետ

Հնդիկ դերասան ՌՈՀԻՏ ԽՈՒՐԱՆԱՆ հայ հանրությանը ծանոթ է հնդկական «Մերժվածը» բազմասերիանոց սերիալից, որտեղ դերասանը հանդես է գալիս Վանշի կերպարով: Թեեւ կերպարը կարճ կյանք ունեցավ, բայց դերասանը սիրվեց հայ հեռուստադիտողների կողմից: Դրան նպաստեցին նաեւ դերասանի հայամետ ֆեյսբուքյան գրառումները, մասնավորապես` այս տարի Հայոց ցեղասպանության թեմայով գրառումը: Ո՞վ է Ռոհիտ Խուրանան, ինչ նախասիրություններ ու պլաններ ունի:

- Ռոհիտ, կինոարտադրության ասպարեզում «Մերժվածը» սերիալից հետո՞, թե դրանից առաջ էիք հասել հաջողությունների:

- Աշխատել եմ տարբեր ոլորտներում, սկզբում որպես մոդել եմ լավ դրսեւորել ինձ, ապա սկսել սերիալներում եւ ֆիլմերում խաղալ: «Մերժվածը» կուլտ էր Հայաստանում եւ Հնդկաստանում: Իմ մյուս սերիալներն էլ իրենց տեսակով եղել են լավագույնը, որի շնորհիվ հանդիսատեսը սիրեց ինձ: Իմ ֆիլմերը լայն ճանաչում են ձեռք բերել տարբեր լեզուներով: Չեմ ասի, որ բավարարված եմ հաջողություններով, քանի որ ինքնագոհի տպավորոություն կթողնեմ, ձգտում եմ ավելի շատ սովորել եւ հասունանալ կյանքի հետ: Ընդունում եմ այն, ինչ կյանքը կտա ինձ:

- Հայաստանում Ձեզ ճանաչեցին «Մերժվածը» սերիալից` Վանշի կերպարով, ի՞նչ գիտեք հայերի եւ հայկական մշակույթի մասին:

- Շնորհակալ եմ հայ ժողովրդին, իմ հանդեպ ունեցած սիրո եւ հարգանքի համար: Սիրում եմ Հայաստանը եւ հայ ժողովրդին: Հնդկաստանը եւ Հայաստանը ունեն շատ նմանություններ: Մեր ժողովուրդները հարգում են հարաբերությունները, ընտանեկան արժեքները, անգամ որոշ օգտագործվող բառեր միանման են: Սիրում եմ հայկական որոշ ուտեստներ` փախլավա, տոլմա, մանթի... Դիտել եմ մի քանի հայկական ֆիլմեր երկրաշարժի մասին, նաեւ «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմը, բոլոր դերասանները շատ լավ էին աշխատել: Ինձ դուր եկավ հայկական կինոարտադրությունը: Շատ եմ լսել Հրանտ Թոխատյանի մասին, տեսել նրա խաղը, հիանալի դերասան է, կցանկանայի աշխատել նրա եւ Հայաստանի այլ դերասանների հետ: Նրանց շնորհիվ ավելի մտերմանում եմ երկրպագուներիս հետ: Այսօր իմ ցանկում «Խոստումը» ֆիլմն է, որը դեռ չեմ տեսել, բայց այն ինձ ցավ է պատճառում, քանի որ Հայոց ցեղասպանության մասին է:

- Հայտնի հայերից ո՞ւմ եք ճանաչում, ո՞ւմ եք երբեւէ հանդիպել:

- Մի քանիսին անձամբ ճանաչում եմ` Վարդան Սարգսյան, Պետրոս Պետոյան, նաեւ հանդիպել եմ Սյուզաննա Ռեդիի հետ (նա կիսով չափ հայ է, կիսով չափ հնդիկ, -խմբ.), ով դերասանուհի է Հնդկաստանում:

- Հիմա որեւէ ֆիլմում կամ սերիալում խաղո՞ւմ եք:

- Վերջին նախագիծը «Աղջիկը եւ կարմիրը» կարճամետրաժ ֆիլմն էր, բայց ընթացքում ծանոթանում եմ որոշ սցենարների եւ քննարկում մի քանի դեր` կինոարտադրող ընկերությունների հետ: Ուսումնասիրում եւ ընդլայնում եմ իմ դերասանական հմտությունները` արտերկրի շուկայում: Զգում եմ, որ այն ինձ հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր մշակույթներին եւ դերասանական հմտություններին:

- Ասացիք, որ նաեւ մոդել եք, երկու մասնագիտություններն ինչպե՞ս եք համատեղում:

- Իրականում Հարավային Հնդկաստանի հանդիսատեսի համար թամիլ լեզվով նկարահանեցի «Mountain Dew» բրենդի գովազդային տեսահոլովակ, հնդիկ մեկ այլ հայտնի դերասան Սալման Խանն էլ Հնդկաստանում հայտարարություն տվեց Հյուսիսային Հնդկաստանի հանդիսատեսի համար` հինդլի լեզվով: Այսպիսով` շարունակում եմ համատեղել մոդելի ու դերասանի աշխատանքը, նման կարեւոր ընտրություն կարող է յուրաքանչյուրն անել: Բոլիվուդի դերասանները ֆիլմերում ստեղծում են բրենդ ու մոդելային աշխատանք կատարում: Այս կերպ օրվա ավարտին այս ամենը ներկայացնում ենք մեր երկրպագուներին: Անկախ մեր հնարավորություններից, նրանք ցանկանում են տեսնել մեզ, մենք էլ որոշում ենք` ինչպես ներկայանալ:

- Երբեմն հայ դերասանը նախընտրում է խաղալ ֆիլմում կամ ներկայացման մեջ, քանի որ դրանք սերիալների համեմատ լուրջ արվեստ են: Հետաքրքիր է` Հնդկաստանում է՞լ է այդպես:

- Ինչ-որ չափով այդպես է, Հնդկաստանի կինոարտադրության վերջին դերասանները Բոլիվուդ են եկել թատրոնից եւ նկարահանել ֆիլմեր նաեւ Հոլիվիդում, օրինակ` Անուպամա Կերիին, Օմ Փուրիին եւ Սայիդ Ջաֆրիին: Թատրոնը կատարելագործում է դերասանին, քանի որ գործողությունը հանդիսատեսի առջեւ է, չի կարող կրկնվել: Մյուս կողմից` ֆիլմերը հրապուրում են իրենց կերպարներով: Այնպես որ, ամեն ոլորտ էլ, կլինի թատրոն, թե կինո, անհրաժեշտ է: Այն օգնում է դերասանին ավելի լավը լինել:

- Այլ երկրներում դերասանական հաջողությունների հասնելու մտադրություններ ունե՞ք:

- Յուրաքանչյուր դերասան ձգտում է ունենալ քանակով երկրպագուներ շատ երկրներում: Այդ ամենին հասնելու կատալիզատորը հեռուստատեսությունն է ու կինոն: Իմ ֆիլմերի շնորհիվ ունեմ երկրպագուներ, Փենջաբիում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Մյուս կողմից` ֆիլմերի շնորհիվ երկրպագուներ ունեցա Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Ինդոնեզիայում:

- Հայկական ու հնդկական ֆիլմերն ու սերիալները միմյանցից տարբերվում են. ի՞նչ նոր արժեքներ կարող եք բերել հայկական կինոարտադրություն:

- Որեւէ համեմատություն չեմ կարող անել, քանի որ դեռ չեմ խաղացել հայկական սերիալներում: Դերասանի աշխատանքն է կերտել կերպար եւ հանրությանը հղել կյանքից ուղերձներ: Այդ պատճառով դերասաններն իրենց դերի մեջ ներդնում են ամենալավը: Խաղացել եմ տարբեր կերպարներ` կոմիկ, լուրջ, բացասական, դրական, կարծում եմ` այն որակները, որոնք կարող եմ կիրառել ցանկացած դեր կերտելիս, կարող եմ ներկայացնել Հայաստանում կամ Հնդկաստանում: Հիմա քննարկում եմ Հայաստանի հետ մի քանի ծրագրեր, կարծում եմ` իմ դերասանական գործունեւության շնորհիվ նոր որակներ կբերեմ հայ-հնդկական մշակույթում:

- Ինչպե՞ս է զարգանում կինոինդուստրիան Հնդկաստանում եւ ամբողջ աշխարհում, ի՞նչ տենդենցներ եք նկատում:

- Հնդկական կինոնկարներն ու սերիալները գլոբալ ճանաչում են ստանում միջազգային կինո եւ սերիալներ նկարահանելու իրավունք ձեռք բերելու շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս միջազգային հեռուստաալիքներին եւ կինոթատրոններին ցուցադրել մեր սերիալներն ու ֆիլմերն իրենց լսարանին: Հնդկական սերիալները հայտնի են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիաում, Գերմանիայում, Հայաստանում, Ինդոնեզիայում, Վրաստանում, Չինաստանում... Կարծում եմ` թվային տեխնոլոգիաների դարաշրջանում աշխարհը դառնում է փոքր, մենք էլ` ավելի կապված միմյանց:

- Ո՞ր հայտնի դերասանն է Ձեր աշխարհայացքի վրա ազդեցություն ունեցել:

- Սալման Խանի մեծ երկրպագուն եմ, նա իմ իդեալն է, մեծացել եմ` նրա ֆիլմերը դիտելով, եւ հետո բախտս փորձել կինոարտադրությունում: Ճակատագիր է, բայց նրա հետ նկարահանվել ենք «Mountain dew» բրենդի գովազդային հոլովակում: Այն նոր շունչ էր, երազանք, նա հիանալի դերասան է եւ հիանալի մարդ:

- Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

- Հեռուստացույց եմ նայում, զբաղվում եմ սպորտով, ֆիլմեր եմ դիտում` կինոարտադրության տենդենցներին ու նորամուծություններին հետեւելու:

- Աշխարհում այսօր լարված իրավիճակ է, հետեւո՞ւմ եք գլոբալ այս հարցերին, ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցող գործընթացների մասին:

- Հետեւում եմ, տեսնում եմ սարսափելի վիճակում կանանց, երեխաների, տղամարդկանց: Կարծում եմ` աշխարհը մի հրաշալի տեղ է, որտեղ ամեն գնով պետք է վերջ դնել պատերազմին, եւ տարածել խաղաղություն, սեր եւ մարդասիրություն: Անմեղ մարդիկ մահանում եմ ամեն օր, պետք է վերջ դնել այս գազանությանը:

- Ռոհիտ, Դուք գիտեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղից եք լսել, եւ ըստ Ձեզ` ո՞վ է մեղավոր 1915 թ-ին մեկուկես միլիոն հայերի սպանդի համար:

- Հնդկաստանը եւ Ռուսաստանը` նկատի ունեմ նախկին ԽՍՀՄ-ը, լավ բարեկամներ են եղել: Հայաստանը մինչեւ 1991թ.-ը եղել է ԽՍՀՄ-ի կազմում, հետո դարձել անկախ հանրապետություն: Լսել եմ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ցանկացած խնդիր, որի ժամանակ սպանվում են անմեղ մարդիկ, ինձ հուզում է: Հայոց ցեղասպանության մեղավորները Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ են, որոնք հրամայել էին զանգվածային կոտորածներ իրականացնել: Կարծում եմ` ժամանակն է, որ աշխարհն ընդունի իր սխալը եւ տարածի ներդաշնակություն եւ խաղաղություն:

- Հայաստանում եւ աշխարհի տարբեր անկյուններում բոլոր ոլորտներում հայտնի մարդիկ հաճախ մասնակցում են քաղաքական եւ սոցիալական բողոքի ակցիաների եւ որպես երկրի քաղաքացիներ` արտահայտում իրենց կարծիքը: Հնդկաստանում է՞լ եք նույն կերպ վարվում:

- Որպես դերասան, առաջ եմ քաշում հիմնախնդիրներ, արտացոլում իրականությունը` առանց այն վնասելու, բարձրաձայնում ենք մեր մտահոգությունը սոցիալական հարցերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե քաղաքական գործերին դերասանի միջամտելը ճիշտ է, շատ որոշումներ կայացվում են դիվանագիտական մակարդակով, հետեւաբար ճիշտ չէ դրանք մեկնաբանել: Այնպես որ, չեմ խառնվում, չեմ էլ խառնվելու նման գործընթացների:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16076 | 0 | 0
Facebook