Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եղիշե Չարենց /Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ

15:30, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Եղիշե Չարենց /Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ
    

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
     1897- 1937


    

1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս - Ծնունդը՝ ըստ "Չափաբերական մատյանի": Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական:

Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ "Հայրենիքս է Խանի Մակուն", "Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում":


    

Հայրը պարսկահպատակ էր եւ զբաղվում էր առեւտրով: Եղիշեից բացի ուներ եւս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն:

Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Չարենցի հայրը մահացել է 1918-ին, մայրը՝ 1932-ին:

Կարսը Ռուսաստանին միացվեց 1877թ. նոյեմբերի 6-ին: Ռուսական զորքերի հրամանատարը գեներալ Հ. Լազարեւն էր: Քաղաքը դարձավ Կարսի մարզի կենտրոն: 1913-ին ուներ 12.175 բնակիչ:

1908-1912 - Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում: Վերջինս բացվել էր 1906թ. հոկտեմբերի 15-ին: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է "Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն": Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն: Գիտելիքների պակասը լրացրել է անհագուրդ ընթերցանությամբ:

1910 - Ռեալական ուսումնարանի աշակերտների ջանքերով հրատարակվում է "Գարուն" ալմանախը, որի մեջ տպագրվում է տարվա չորս եղանակներին նվիրված Չարենցի ոտանավորների շարքը:

1912, հուլիս - Թիֆլիսի "Պատանի" ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է "Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին" բանաստեղծությունը: Հեղինակը դժգոհ էր, քանի որ խմբագիրը 40-50 տող բանաստեղծությունից թողել էր 8 տող:

1914 - Կարսում, Շ. Կ. Սուրենյանի "Արեւագալ" տպարանում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ "Երեք երգ տխրադալուկ աղջկան" ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին:

Գրքի վրա արդեն գրված էր Չարենց գրական անունը: Ինքը Մահարուն հետագայում պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի "Չարենց" մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է վերամկրտվել, որովհետեւ մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Զիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Պուշկինի "Անչար" ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետեւանքով:

1915, օգոստոս - Զինվորագրվում է հայ կամավորական 6-րդ գնդին, որը շուտով միավորվում է 7-րդ գնդին եւ վերակազմավորվում որպես 7-րդ գունդ: Հրամանատարը իշխան Հովսեփ Արղության Երկայնաբազուկն էր: Սեպտեմբերի 30-ին կազմվել է ճակատ մեկնող հայ կամավորականների գնդի ցուցակը: Գունդը հասել է Վան եւ մինչեւ դեկտեմբեր ամիսը ծավալել մարտական գործողություններ: Չարենցը մասնակցել է Թափառեզի, Սուլդուզի մարտերին: Պատերազմի սարսափների զգացողությամբ 1915-1916-ին գրեց "Դանթեական առասպել" պոեմը, որը 1916-ին լույս տեսավ Թիֆլիսում: Պոեմը տեղագրված է՝ Տաճկաստան-Պարսկաստան, ռազմաճակատ": Ուներ ձոն՝ "Միհրան Մարգարյան, Ստեփան Ղազարյան եւ Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան սրբազան մարտում Սրբազան եւ սիրուն Հայրենիքի համար":

1915 - Առանձին գրքով Թիֆլիսում լույս է տեսնում "Կապուտաչյա հայրենիք" պոեմը:

1916 - Ընդունվում է Մոսկվայի Շանյավսկու համալսարան: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում գրում է, որ 2 տարի սովորել է Մոսկվայի ժողովրդ. (Շանյավսկոգո) համ.":

1917, փետրվար - Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը:

1917-ին Մոսկվայում լույս է տեսնում "Բանաստեղծություններ. Ծիածանը" ժողովոծուն: Գիրքն ուներ ձոն՝ "Իրիկնային քրոջս - Կարինե Քոթանջյանին":

1917 - Թիֆլիսի Գոլովինսկի պողոտայի վրա գտնվող "Մի բաժակ թեյ" թեյարան - սրճարանում Չարենցը տեսնում է Վահան Տերյանին, որը նրա գրական կուռքն էր: 1912-ին Կարսում գնել էր նրա "Բանաստեղծություններ" գիրքը: Տերյանին Չարենցը համարում էր "Մի ամբողջ կուլտուրա": Ամբողջ կյանքում Տերյանի գրական ու մարդկային ներկայությունը ուղեկցել է նրան: Իր հերթին Տերյանը եւս ճանաչել է Չարենցին: 1919թ. դեպքերի մտաբերումով Ա. Կարինյանը գրում է, որ Տերյանը "... համենայն դեպս գտնում է, որ նորագույն բոլոր հայ բանաստեղծների շարքում ամենից տաղանդավորը Եղիշե Չարենցն է:

- Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ":

1918 - Տարեսկզբին, թուրքական հարձակումների ուժեղացման հետ, Սողոմոնյանների ընտանիքը տեղափոխվում է Մայկոպ: Նույն թվականին Չարենցն այցելել է ծնողներին եւ մասնակցել Հյուսիսային Կովկասի քաղաքական իրադարձություններին:

1918, դեկտեմբեր - Թիֆլիսում լույս է տեսնում "Սոմա (Նոր վեդյան պոեմ) " գիրքը:

1919, սեպտեմբեր-նոյեմբեր - Կարսը եւ նահանգը թուրքերից ազատագրվելուց հետո՝ ուսուցչություն է արել Կարսի մարզի Բաչքյադիկլար գյուղի դպրոցում:

1919, 18 հոկտեմբեր - Հայաստանի գրական ընկերությունը Երեւանում կազմակերպում է Չարենցի ստեղծագործության քննարկում: "Մի նոր բանաստեղծ" նյութով խորհրդարանի դահլիճում զեկուցում է հանրային կրթության եւ արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը: Չարենցն այդ գրական միջոցառմանը ներկա չի եղել եւ այդ մասին տեղեկացել է մամուլից:

1919 - Թիֆլիսում լույս է տեսնում "Ամբոխները խելագարված" պոեմը:

1920, 1 հունվար - Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության եւ արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: Ըստ Նիկոլ Աղբալյանի "Եղիշե Չարենցն ու ես" հուշի՝ "մի պաշտոն "անձնական քարտուղար"": Նշանակման հրամանը ստորագրել է նախարար Նիկոլ Աղբալյանը: Այդ աշխատանքից իր դիմումի ("Խնդիր") համաձայն ազատվել է նույն թվականի հունիսի 1-ին: Ազատման հրամաննն ստորագրել է նախարար Գ. Ղազարյանը:

1920 - Դիմել է ընդունվելու կոմունիստական կուսակցության շարքերը: Չարենցին տրվում է ՀԿ (բ) Կ 570 համարանիշի կուստոմսը՝ Խանջյանի ստորագրությամբ: ՀԿ (բ) Կ Երեւանի կոմիտեի որոշմամբ Չարենցը կուսակցությունից հեռացվել է 1926թ. սեպտեմբերի 7-ին՝ նախորդ օրը նրա նկատմամբ կալանավորման կանխարգել միջոց կիրառելուց հետո:

1920, 15 դեկտեմբեր - Աշխատում է որպես ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այդ պաշտոնում մնացել է մինչեւ 1921թ. հունիսը: Եղել է նաեւ լուսժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ:

1920 - Երեւանում լույս է տեսնում "Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ) " գիրքը, որի մեջ զետեղված էին "Նաիրի երկրից", "Դեպի ապագան", "Բրոնզե թեւերը կարմիր գալիքի" պոեմները:

1920 - 1921 - Ըստ "Համառոտ կենսագրության"՝ Երեւանում աշխատել է նաեւ որպես մանկատների ուսուցիչ:

1921, 21 փետրվար - 4 ապրիլ - Ղամարլուի (Արտաշատ) ճակատում ծառայել է Յանիչեւսկու գլխավորած զինվորական գործող ջոկատում՝ "շարքային կարմիրբանակային, վերջում "Ազատամարտ" զրահագնացի քաղղեկ": 1932թ. ստանում է կարմիր պարտիզանի թիվ 382 վկայականը:

1921, հունիս - Ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Ծնվել է Նախիջեւանի Ազա գյուղում 1899թ., ավարտել Թիֆլիսի Գայանյան դպրոցը, գիմնազիա, իսկ 1921-1922-ին Չարենցի հետ մեկտեղ ուսանել Մոսկվայում: Նրան են նվիրված "Տաղարան", "Ութնյակներ արեւին" շարքերը:

1921, օգոստոս - Մոսկվայի Արեւելքի աշխատավորների կոմունիստական համալսարանի հասարակական գիտությունների բաժանմունքի գրական - գեղարվեստական բաժնի ուսանող:

1922, փետրվար-մայիս - Մոսկվայում Ա. Մյասնիկյանի հանձնարարությամբ լույս են տեսնում "Երկերի ժողովածու"-ի Ա եւ Բ հատորները, որոնք ամփոփում են նրա տասնամյա ստեղծագործական վաստակը:

1922, 14 հունիս - "Խորհրդային Հայաստան" օրաթերթում լույս է տեսնում Ե. Չարենցի, Ա. Վշտունու եւ Գ. Աբովի ստորագրած "Երեքի" դեկլարացիան: Որպես նոր արվեստի պատգամախոսներ՝ նրանք պահանջում էին հայ գրականության արմատական բարեփոխում: Բոլոր ծայրահեղություններով հանդերձ՝ "Երեքը" խմակցության գործունեությամբ Չարենցը Հայաստանում սկզբնավորեց բուռն գրական շարժում: "Երեքը" գոյատեւեց մինչեւ օգոստոս:

1922, 1-3 օգոստոս - Գրում է "Ասպետական" ռապսոդիան, որը լույս է տեսնում "Նորք" հանդեսի 1923թ. 2-րդ գրքում:

1922, 5 հոկտեմբեր - Գործուղվում է ուսանելու Մոսկվայի Բրյուսովի անվան բարձրագույն գրական - գեղարվեստական ինստիտուտում: Ուսումը երկար չի տեւում:

1922, 1 դեկտեմբեր - Մոսկվայի "Մուրճ եւ մանգաղ" հրատարակչությանը կից հայկական բաժնի գրաքննիչ Վ. Տեր- Գրիգորյանը դիմում է ԽՍՀՄ գլավլիտի վարիչ Լեբեդեվ-Պոլյանսկուն եւ զեկուցում, որ Չարենցի Մոսկվայում տպագրված երկհատորյակն ունի "ջարդարարական - կղերական - նացիոնալիստական" բովանդակություն:

ՀԿ (բ) Կ Կենտկոմի նախագահության 1923թ. փետրվարի 22-ի նիստում Վ. Տեր-Գրիգորյանի արարքը որակվում է որպես զրպարտություն, անհիմն եւ ակնհայտորեն սադրիչ: Հարց է հարուցվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ պատասխանատվության ենթարկելու մասին:

1922 - Մոսկվայում լույս են տեսնում "Պոեզոզուռնա" ժողովածուն եւ "Ռոմանս անսեր" պոեմը:

1923, 1 հունվար - Մոսկվայում Չարենցը նամակ է գրում նույն քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժվող Հովհաննես Թումանյանին. "Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի (Մյասնիկյանի՝ կազմող) հետ մեկնում եմ Երեւան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, որը պետք է բխի ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության, տրադիցիաներից: Ընդունեցեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երեւանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն եւ պիտի գամ Թիֆլիս՝ իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած եւ իմաստուն կյանքին, որը նվիրել է հայրենի եզերքին այնքան "շռայլ" ձեռքով հոգեկան բարիքներ եւ գանձեր":

Իր հերթին Թումանյանը եւս բարձր է գնահատել Չարենցին. "Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ":

1923, 10 ապրիլ - Երեւանում դասախոսել է "Ռուսական արդի պոեզիան" նյութով:

1923 - Երեւանի ժողովրդական համալսարանի ուսանող: Թոշակառու ուսանողների ցուցակում նրա անունը 35-րդն է:

1923 - Թիֆլիսում լույս է տեսնում "Կապկազ" թամաշան: Նկարիչ՝ Կարո Հալաբյան:

1923 - Կ. Պոլսում լույս է տեսնում "Պոեմներ" ժողովածուն: Խմբագիր՝ Պողոս Մակինցյան:

1923 - "Նորք" հանդեսում (թիվ 3) տպագրվում է Մ. Աբեղյանի "Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ" հոդվածը:

1924, մայիս - Ե. Չարենցի, Կ. Հալաբյանի եւ Մ. Մազմանյանի համագործաքցությամբ Մոսկվայում լույս է տեսնում "Standard" հանդեսի միակ համարը եւ Ա. Մյասնիկյանի հորդորով ոչնչացվում: Հանդեսը շարունակում եւ նոր պայմաններում փորձում էր իրականացնել "Երեքի" դեկլարացիայի հիմնադրույթները:

1924, 9 սեպտեմբեր - ՌԿ (բ) Կ անդրերկրկոմի քարտուղարության նիստում (քարտուղար՝ Մյասնիկյան) որոշվում է Չարենցին գործուղել արտասահման եւ հատկացնել անհրաժեշտ միջոցներ:

1924, 21 նոյեմբեր - Բաթումից մեկնում է արտասահմանյան շրջագայության: Լինում է Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: 1925թ. հուլիսի 31-ին արտասահմանից վերադառնում է Երեւան: Ուղեւորության ընթացքում գրել է "Լենինն ու Ալին" (Տրապիզոն), "Ստամբոլ" (Կ. Պոլիս), "Պոեմ հերոսական" (Հռոմ), "Կոմունարների պատը Փարիզում" (Բեռլին) պոեմները, "Դեպի Ստամբոլ" (Բաթում-Կ. Պոլիս), "Բելգիա - Լիեժ" (Փարիզ, Բեռլին) բանաստեղծությունները:

1924 - Մոսկվայում լույս է տեսնում "Կոմալմանախ" ժողովածուն:

1924 - Երեւանում լույս է տեսնում "Մաճկալ Սաքոյի պատմությունը" պոեմը:

1924 - Չարենցի խմբագրությամբ Երեւանում լույս է տեսնում "Կորչի՛ պատերազմը" գրական - գեղարվեստական ժողովածուն:

1924 - Վենետիկում լույս է տեսնում Սիմոն Հակոբյանի "Եղիշե Չարենց" մենագրությունը՝ առաջին լուրջ ուսումնասիրությունը Չարենցի ստեղծագործության մասին: Մինչ այդ մամուլում տպագրվել էին հոդվածներ եւ գրախոսություններ:

1925, 17 հուլիս - Արտասհամանում եղած ժամանակ ընտրվում է "Հոկտեմբեր" (այնուհետեւ վերանվանվել է "Նոյեմբեր") կազմակերպության պատվավոր նախագահ:

1925, 13 սեպտեմբեր - "Խորհրդային Հայաստան" օրաթերթում լույս է տեսնում Չարենցի գլխավորած "Նոյեմբեր" միության դեկլարացիան, որը բացի նրանից, ստորագրել էին նաեւ Գ. Մահարին, Մ. Արմենը, Վ. Նորենցը, Գ. Սարյանը, Ս. Տարոնցին եւ ուրիշներ: Սեպտեմբերի 27-ին Երեւանում բացվում է "Նոյեմբեր" միության համահայաստանյան ժողովը, որը քննարկում է կազմակերպչական հարցեր: "Նոյեմբեր" միությունը 1925թ. նոյեմբերի 6-ին հրատարակում է "Նոյեմբեր" մեկօրյա թերթը, որի մեջ նյութեր ունի նաեւ Չարենցը: 1926թ. դեկտեմբերի 6-ին կուսակցական պարտադրանքով "Նոյեմբերը" միավորվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հետ՝ ստեղծվում է Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների միությունը:

1926 - Երեւանում լույս է տեսնում "Երկիր Նաիրի" վեպը: Գրել է 1921-1924 թթ., Մոսկվայում եւ Երեւանում: Գրելուն զուգընթաց տպագրել է "Նորք" հանդեսում (1922, 1923, 1925): 1926-ին "Երկիր Նաիրին" Մ. Շահինյանի առաջաբանով ռուսերեն լույս է տեսնում նաեւ Մոսկվայում (թարգմանիչ՝ Հակոբ Խաչատրյան):

1926 - Երեւանում լույս է տեսնում Գ. Վանանդեցու "Մարտիրոս Սարյան", Եղիշե Չարենց" գիրքը:

1926, 5 սեպտեմբեր - Երեւանում ատրճանակի կրակոցով թեթեւ վնասվածք է պատճառում Մարիանա Այվազյանին, որին սիրահարված էր: Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ: Նոյեմբերի 9-ի դատական նիստում դատապարտվում է 8 տարվա ազատազրկման (խիստ մեկուսացումով): Նույն նիստում պատժաչափը մեղմացվում է՝ դարձվում է 3 տարի (առանց խիստ մեկուսացման եւ իրավունքների սահմանափակման): Պատիժը կրում է Երեւանի բանտում՝ "Ուղղիչ տանը": Այս ընթացքում կնոջ վիճակի վատացման եւ մահվան կապակցությամբ նրան տրվել է 7 օր արձակուրդ, իսկ դրանից հետո աննպատակահարմար է համարվել հոգեկան ծանր դրության մեջ նրան կալանքի տակ պահելը: 1927թ. հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել "հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը":

1927, հունվարի 1-2-ի գիշեր - Արտաարգանդային հղիություն ախտորոշմամբ Երեւանի 1-ին հիվանդանոցում վախճանվում է կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը: Չարենցը շատ ծանր է տարել կնոջ մահը: Նրա հիշատակին են նվիրված ձոնված "Էպիկական լուսաբաց" ժողովածուն, "Նավզիկե" պոեմը, այլ բանաստեղծություններ:

1927 - Թիֆլիսում լույս են տեսնում "Ռուբայաթ", "Ժողովածու պոեմների", "Հիշողություններ Երեւանի ուղղիչ տնից" գրքերը:

1928, 1 հուլիս - Աշխատանքի է անցնում Հայպետհրատի գեղարվեստական ենթաբաժնում որպես վարիչ: 1930թ. հունիսի 1-ին կազմավորվում է գեղարվեստական բաժին, որի վարիչ է նշանակվում նա: 1934թ. ապրիլի 1-ին նշանակվում է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր եւ այդ պաշտոնից ազատվում է 1935-ի մարտի 8-ին: Նույն օրն էլ Հայաստանի գրողների միություն է դիմում "Հայտարարությամբ" եւ պահանջում իրեն ազատել միության շարքերից:

1928, նոյեմբեր-դեկտեմբեր - Գրում է "Խմբապետ Շավարշը (Մի հատված "Ապստամբություն" չափածո վեպի առաջին գլխից) " պոեմը: Լույս է տեսնում "Նոր ուղի" ամսագրում (1929, թիվ 1):

1928 - Կազմում է "Գրականության դասընթաց" դասագիրքը: 1928-1933 թթ. կազմել եւ լույս է ընծաել 14 անուն դպրոցական դասագիրք եւ քրեստոմատիա: Իսկ 1936-ին մասնակցել է հայոց լեզվի եւ գրականության ծրագրերի կազմման աշխատանքներին:

1929 - Մոսկվայում լույս է տեսնում "Չորս բալլադ" ժողովածուն:

1929 - Մոսկվայի քաղաքային 2-րդ հիվանդանոցում երիկամի վիրահատությունից հետո (քարի հեռացում) սկսում եւ մինչեւ կյանքի վերջը շարունակում է օգտագործել թմրադեղեր:

1930 - Երեւանում լույս է տեսնում "Էպիքական լուսաբաց" ժողովածուն: Փետրվարի 2-ին գրողների տանը կազմակերպվում է գրքի քննարկումը: Զեկուցում է Հ. Գյուլիքեվխյանը:

1931, 19-21 փետրվար - Լուսժողկոմատի կազմակերպած պոեզիայի հարցերին նվիրված ասուլիսում դասախոսում է "Ներկա պրոլետարական գրականության հիմնական տենդենցները" նյութով:

1931, մարտ - Ներգրավվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի, իսկ նոյեմբերին՝ Անդրկովկասյան պրոլետարական գրողների վարչությունների կազմում:

1931, 3 օգոստոս - ՀԳՄ քարտուղարության որոշմամբ գրողները կցվում են արտադրական ձեռնարկությունների: Չարենցը կցվում է Երեւանի ծխախոտի գործարանին:

1931, 29 սեպտեմբեր - Ամուսնանում է Իզաբելա Նիազովայի հետ (ծնվ. 1909թ.), որը Մոսկվայում ավարտել էր 7-ամյա դպրոց: Ծնողները Բաքու էին տեղափոխվել Շամախիից: Իզաբելայից Չարենցն ունենում է երկու դուստր՝ Արփիկ (1932թ.) եւ Անահիտ (1935թ.): Մահացել է 1969-ին Երեւանում:

1932, 17 փետրվար - Դիմում է Կենտկոմ եւ առարկում այն որոշման դեմ, որով մի քանի գրողների, նաեւ իրեն, մեկ տարով ազատում են զբաղեցրած պաշտոնից, նյութապես ապահովում, որպեսզի նվիրվեն գրական աշխատանքի: Այդ կապակցությամբ գրում է. "Ես ինձ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է միանգամայն կտրվել պրակտիկ աշխատանքից եւ զբաղվել ստեղծագործությամբ: Պետհրատի աշխատանքը միակ պրակտիկ ասպարեզն է, որին կապված եմ ես, - ինձ համար մի չափազանց հետաքրքիր ասպարեզ, որի մեջ կատարած իմ աշխատանքը, կարծում եմ վնասակար չէ ոչ ինձ, ոչ էլ պետհրատի համար":

1932, փետրվար - "Նոր ուղի" ամսագրում (թիվ 2) տպագրվում է Հարություն Մկրտչյանի (Քսպե) "Խորհրդային Հայաստանի պոեզիան" հոդվածը, որի մեջ Չարենցի "Էպիքական լուսաբաց" ժողովածուի կապակցությամբ օգտագործվել են "իդեոլոգիական սխալներ", "իդեալիստական երկվություն", "ծայրահեղ ինդիվիդուալիստ", "սուբյեկտիվ իդեալիստ", "Չարենցը սայթաքել է", "Մեր պոեզիան պետք է ընթանա տրամագծորեն հակառակ ուղիով" արտահայտությունները:

Այս հոդվածի հեղինակին Չարենցը բազմիցս խարազանեց իր էպիգրամներում:

1932, մարտ - "Գրական թերթում" (թիվ 2) տպագրվում է Ն. Զարյանի "Բաց նամակ Եղիշե Չարենցին" նյութը, որի մեջ գրում է. "Էպիքակակն լուսաբացում" ... դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը: ... Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը: ... Քո նահանջի եւ լռության պատճառն այն է... որ դու... մասսաների հետ թույլ ես կապված...":

1932, 23 ապրիլ - ՀամԿ (բ) Կ Կենտկոմը որոշում է ընդունում "Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին": Մայիսի 9-ին ՀԿ (բ) Կ Կենտկոմը ընդունում է համանման որոշում՝ "Հայաստանի գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին": Չարենցն ընդգրկվում է ՀԳՄ-ի վերակառուցման նպատակով ստեղծված հանձնախմբի կազմում:

1932, 4 դեկտեմբեր - Չարենցի գրական գործունեության 20-ամյա հոբելյանը նշելու նպատակով գրողների միությունում ստեղծվում է հանձնաժողով՝ Բակունց, Մահարի, Արմեն, Ալազան, Դաբաղյան: Սակայն հոբելյանը չի նշվում: 20-ամյակի կապակցությամբ լույս է տեսնում "Երկեր" մեծադիր հատորը, որն իմի է բերում նրա լավագույն էջերը:

1932 - Երեւանում լույս է տեսնում "Հոկտեմբեր-Նոյեմբեր" տարեգիրքը՝ նվիրված գրականությանը, արվեստին, գիտությանը եւ ժողովրդական տնտեսությանը: : Գրքի պատասխանատու խմբագիրը Չարենցն էր: Տեխնիկական խմբագրությունն արել էին Չարենցը եւ Տ. Խաչվանքյանը, ձեւավորել էր Հ. Կոջոյանը: Խմբագրության կազմում են Չարենցը, Բակունցը եւ Եղիա Չուբարը: Գրքում զետեղված է նաեւ Չարենցի կենսագրությունն ու "Գովք խաղողի, գինու եւ գեղեցիկ դպրության" պոեմը:

1933, 21 ապրիլ - "Գրական թերթում" լույս է տեսնում Մ. Արմենի "Չարենցի եւ հարակից խնդիրների մասին" աղմկահարույց հոդվածը, որի մեջ ընդդեմ սոցիալիստական ռեալիզմի պաշտպանվում էր ազգային հատկանիշների խտացման դիրքորոշումը, որի կրողն էր Չարենցը: Արմենը գրում է, որ Չարենցի ուղին "շարունակ եղել է ազգային հատկանիշների կոնսոլիդացիայի ուղին իր երկերում...": Նրա ստեղծագործությունն ընթացել է "ազգային ինքնորոշման ճանապարհով":

1933, 14 նոյեմբեր - ՀԿ (բ) Կ Կենտկոմը Ա. Խանջյանի բացակայությամբ որոշում է ընդունում "Հայպետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին": Ըստ այդմ որոշվում է՝ "2. Արգելել Չարենցի "Գիրք ճանապարհիի" հրապարակումը: 4. Հեռացնել Չարենցին պետհրատի գեղարվեստական սեկտորի վարիչի պաշտոնից...": Նոյեմբերի 22-ին ՀԿ (բ) Կ Կենտկոմի բյուրոն Խանջյանի ղեկավարությամբ վերանայում է Նոյեմբերի 14-ի որոշումը. "Վերականգնել ընկ. Չարենցին պետհրատում իր նախկին աշխատանքում, նշելով, որ նրա նկատմամբ հարուցված մեղադրանքը հանդիսանում է ոչ ճիշտ": Սակայն աննպատակահարմար են գտնում "Գիրք ճանապարհիի" թողարկումը:

1933, 1 դեկտեմբեր - Հայ գրողների ընդանուր ժողովում զեկուցում է Վ. Կիրպոտինը, քննադատում է Արմենի "Չարենցի եւ հարակից խնդիրների մասին" հոդվածը եւ դատապարտում Չարենցի ու նրա համախոհների գրական դիրքորոշումը:

Նույն օրը Չարենցը զայրալից ու վրդովված նամակ է հղում Մ. Շահինյանին եւ խոսում այն ծանր կացության մասին, որի մեջ հայտնվել է ինքը "Գիրք ճանապարհին" արգելվելուց հետո: Տեղեկացնում է, որ համանման բովանդակության մի նամակ 2 օր առաջ օդային փոստով ուղարկել է Ստալինին:

1934, 7 ապրիլ - Դիմում է գրողների միության կազմկոմիտեին եւ ցանկություն հայտնում զեկուցելու հետեւյալ նյութերով՝ 1. Խորհրդային գրականության լեզուն, նրա նվաճումները, թերությունները, զարգացման ներկա հեռանկարները, 2. Հետհոկտեմբերյան հայ պոեզիայի տաղաչափությունը եւ նրա զարգացման տենդենցները եւ հեռանկարները, 3. Ռուսական խորհրդային պոեզիան, նրա ձեւական տենդենցներն ու հեռանկարները եւ ազդեցությունը հայ խորհրդային պոեզիայի վրա:

Հունիսի 28-ին բանախոսում է "Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները եւ Դ. Դեմիրճյանի լեզուն" նյութով:

1934, 6 մայիս - "Գիրք ճանապարհի" գրքի արգելքի պատճառով դիմում է "Հ.Խ.Գ.Մ. կազմկոմիտեին"՝ "Ելնելով այս հանգամանքից, խնդրում եմ մինչեւ իմ գրքի մասին դրական լուծում ստանալը համարել ինձ Խ. Գ. միությունից դուրս":

1934, հուլիսի վերջ - Երեւանում 5000 օրինակ տպաքանակով լույս է տեսնում "Գիրք ճանապարհի" ժողովածուն: Նկարիչ-ձեւավորող՝ Հակոբ Կոջոյան: Գիրքը պետք է լույս տեսներ 1933-ին: Բայց այն դարձել էր բանսարկությունների առարկա եւ Կենտկոմի կարգադրությամբ կալանվել: Չարենցն ստիպված գրքից հանում է "Աքիլլե՞ս, թե՞ Պյերո" պոեմը եւ դրա փոխարեն ավելացնում "Արվեստ քերթության" եւ "Գիրք իմացության" բաժինները:

1934, 1-5 օգոստոս - Երեւանի կուլտուրայի տանը հրավիրվում է Հայաստանի գրողների առաջին համագումարը: 7-րդ նիստում, օգոստոսի 5-ի երեկոյան ելույթ է ունենում Չարենցը: Նա ընտրվում է ՀԳՄ վարչության եւ ԽՍՀՄ գրողների համագումարի պատվիրակության կազմում:

1934, օգոստոսի սկիզբ - Երեւանում Չարենցի թարգմանությամբ լույս է տեսնում Մ. Գորկու "Բանաստեղծություններ եւ լեգենդներ" գիրքը, որը նախատեսված էր խորհրդային գրողների առաջին համագումարի պատգամավորներին նվիրելու համար:

1934, 17 օգոստոսի - 1 սեպտեմբեր - Տեղի է ունենում ԽՍՀՄ գրողների առաջին համագումարը: Օգոստոսի 29-ին, համագումարի 20-րդ նիստում ելույթ է ունենում Չարենցը: Նրա ելույթը ժամանակին տպագրվել է "Հանուն սինթետիկ արվեստի" վերնագրով:

1934 - Չարենցի խմբագրությամբ լույս է տեսնում Մ. Մեծարենցի "Երկերի լիակատար ժողովածու" շքեղ հատորը:

1934 - Չարենցի խմբագրությամբ լույս են տեսնում Ջ. Սվիֆտի "Գուլիվերի ճանապարհորդությունները" (թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան), Ֆիրդուսու "Ռուստամ եւ Սոհրաբ" (թարգմանիչ՝ Գեւորգ Ասատուր) գրքերը: Խմբագրում է Շեքսպիրի "Արքա Լիրի" Հ. Մասեհյանի թարգմանությունը:

1934-ից - Մասնակցում է "Անթոլոգիա հայ պոեզիայի" գրքի ստեղծման աշխատանքներին: Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի եւ բրյուսովյան հրատարակության 20-ամյակի կապակցությամբ այս նոր գիրքը պիտի գար շարունակելու սկսված գործը: Գիրքը լինելու էր Բրյուսովի ժողովածուի լրացված ու վերափոխված հրատարակությունը, որի խմբագիրը պետք է լիներ Գորկին: Չարենցին հանձնարարվում է գրքի միջնադարյան եւ ժողովրդական պոեզիայի բաժնի աշխատանքների ղեկավարությունը: Սակայն նա գրքի ստեղծման աշխատանքներին բազմակողմանի մասնակցություն է բերում: "Անթոլոգիան" լույս է տեսնում 1940-ին, Մոսկվայում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:

1934, 30 դեկտեմբեր - Հանդիպում է Երեւանի պետական համալսարանի ուսանողության եւ դասախոսական կազմի հետ: Լեփ-լեցուն դահլիճում նրան դիմավորում են հոտնկայս եւ խանդավառ ծափերով: Նստելու տեղ չլինելու պատճառով հանդիսականների մի մասը խռնվում է միջանցքում: Ներածական խոսք է ասում Ս. Հարությունյանը, զեկուցում է Ռ. Զարյանը, ելույթ են ունենում Ս. Հակոբյանը եւ ԱՄՆ-ից ժամանած Պ. Սելյանը: Ասմունքով հանդես է գալիս Ա. Ոսկանյանը: Ելույթ է ունենում նաեւ Չարենցը, որին, մամուլի վկայությամբ, "դահլիճը դիմավորեց բուռն ու երկարատեւ ծափահարությամբ":

1935, 9 հունվար - Որպես պատգամավոր մասնակցել է խորհուրդների 8-րդ համագումարին եւ ընտրվել է ՀԽՍՀ կենտգործկոմի անդամ:

1935, 25 փետրվար, 22 մարտ, 23 մարտ, 23 ապրիլ - ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունում հարցաքննվել է որպես ահաբեկիչ:

1935, 8 մարտ - Դիմում է գրողների միության վարչությանը եւ հայտարարում, որ այդ օրվանից "դուրս է գալիս գրողների կորպորացիայից": Չարենցին ՀԳՄ շարքերից հեռացնելու կապակցությամբ տեղի է ունեցել երկու նիստ. մարտի 11-ին ՀԳՄ վարչության կուսակցական խմբակի, մարտի 13-ին, բանաստեղծի ծննդյան օրը, ՀԳՄ վարչության: Երկու նիստերն էլ "խստիվ դատապարտում են Չարենցի ըստ էության հակախորհրդային, հակահասարակական վերջին հայտարարությունը եւ գտնում անհրաժեշտ նրան հեռացնել Հայաստանի խորհրդային գրողների միությունից եւ վարչությունից":

1935, 6 հունիս - վերականգնվում է Հայաստանի գրողների միության կազմում:

1935, հունիս - Մոսկվայում հանդիպում է Վիլյամ Սարոյանին: Այդ հանդիպման մասին հետագայում հիշարժան էջեր է գրել մեր մեծ հայրենակիցը, "Ես իմ անուշ հայաստանին" համարել մեր Տերունական աղոթքը՝ "Հայր մերը":

1935, 9 հուլիս - Մոսկվայում հանդիպում է Ռոմեն Ռոլանին եւ բանակցում նրա "Ժան Քրիստոֆ" վեպը թարգմանելու մասին: Այդ կապակցությամբ 1935թ. սեպտեմբերի 30-ին նամակ է հասցեագրել Ռոլանին: Նույն թվականի հոկտեմբերի 20-ին Ռոլանը պատասխանել է. "Ուրախ եմ, իմանալով, որ իմ "Ժան Քրիստոֆը" թարգմանվելու է հայերեն": Ռոլանի նամակը "Առաջաբանի փոխարեն" վերնագրով տպագրվում է "Ժան Քրիստոֆի" 1937-ին տպագրված 1-ին հատորում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:

1935, հուլիս - Բնակարան է ստանում Երեւան, Սունդուկյան 6 հասցեյով: Ներկայումս՝ Մաշտոցի 17, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն-թանգարանը:

1935, աշուն - Գրողների միությանը կից կազմակերպում է երկամյա երեկոյան գրական համալսարան: Մի կարճ ժամանակ Չարենցը դասավանդում է բանարվեստ եւ տաղաչափության հիմունքներ:

1935, 30 դեկտեմբեր - ՀԽՍՀ 15-ամյակի կապակցությամբ Մոսկվայում, Կրեմլում ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունում է Հայաստանի աշխատավորության պատվիրակությանը, որի կազմում գրողներից ներկա էին Ս. Զորյանը, Ն. Զարյանը եւ Վ. Անանյանը: Ստալինը Զորյանի հետ վարում է այսպիսի զրույց.

"Ստալին - Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը:

Զորյան - Ոչինչ:

Ստալին - Նրան կարծեմ նեղացնում են:

Զորյան - Նա այժմ իրեն հրաշալի է զգում":

Ստալինի այս վերաբերմունքից հետո Հայաստանի "Կոմունիստ" ռուսերեն թերթը 1936թ. հունվարի 20-ին տպագրում է հարցազրույց Չարենցի հետ, "Գրական թերթում" 1936թ. հունվարի 20-ին լույս է տեսնում Ալազանի "Օպերային թատրոն ունե՞ք... ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը", իսկ 1936թ. փետրվարի 12-ին՝ Ս. Հարությունյանի "Չարենցը եւ կլասիկ պոեզիան" հոդվածները:

1936, 7 հունվար - ՀԿ (բ) Կ Կենտկոմի որոշմամբ Չարենցը նշանակվում է Ա. Ս. Պուշկինի մահվան 100-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նախագահ: Նա կզմում է հոբելյանը կազմակերպելու եւ անցկացնելու արտակարգ հարուստ ծւագիր: Սակայն Խանջյանի սպանությունից հետո մեկուսացվում է այդ աշխատանքից, իսկ ՀԿ (բ) Կ Կենտկոմի 1936թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ նշանակվում է նոր նախագահ: Չարենցը չի ընդգրկվում անգամ հանձնաժողովի կազմում:

1936, 2 փետրվար - Անդրերկրկոմի բյուրոն բավարարում է ՀԿ (բ) Կ Կենտկոմի խնդրանքը՝ "Գրող Եղիշե Չարենցին հատուկ բուժման նպատակով արտասահման ուղարկելու կապակցությամբ: Հատկացվում է անհրաժեշտ տարադրամ: Իսկ 1936թ. հունիսի 29-ին ՀԿ (բ) Կ Կենտկոմի բյուրոն որոշում է արտասահմանում գտնվելու ընթացքում Չարենցի ընտանիքին հատկացնել 800 ռուբլի: Խանջյանի սպանությունից հետո Չարենցի արտասահման մեկնելու գործը ձախողվում է: 1936թ. օգոստոսի 22-ին ՀԿ (բ) Կ Կենտկոմի բյուրոն որոշում է. "Նկատի ունենալով, որ Չարենցի արտասահման մեկնելը մոտիկ ժամանակներում չի իրականանա՝ չեղյալ համարել Կենտկոմի բյուրոյի 1936թ. հունիսի 29-ի որոշումը՝ Չարենցի ընտանիքին 800 ռուբլու չափով նպաստ տալու մասին":

1936, 28 մայիս - Հայրենի հողին է հանձնվում Կոմիտասի աճյունը (մահ. 1935թ. հոկտ. 22-ին Փարիզում): Նրա մահվան ու հուղարկավորության տպավորություններով եւ հիշատակի ոգեկոչմամբ գրում է "Կոմիտաս", "Կոմիտասի հիշատակին" պոեմները եւ մի քանի բանաստեղծություն:

1936, 9 հուլիս - Թիֆլիսում սպանվում է ՀԿ (բ) Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Չարենցի "Դոֆինը նաիրական" սոնետների շարքը կուսակցական եւ ազգային այդ ծանր աղետի սուր եւ հուսահատ գիտակցումն է:

1936, հուլիս - օգոստոս - Ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ ու մտավորականներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաեւ Չարենցի մասին:

1936, օգոստոս - 1937 փետրվար - Գրում է "Որպես գորշ, դեղին տերեւներ" պոեմը եւ ուրվագծում վերահաս ողբերգությունը:

1936, 24 սեպտեմբեր - Ենթարկվում է տնային կալանքի: ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունը նրանից ստորագրություն է վերցնում՝ ըւտ որի "գտնվելով հետաքննության ենթակայության տակ, պարտավորվում է մինչեւ դատը չբացակայել քաղաքից":

1936, 16 նոյեմբեր - ՀԽՍՀ ՆԳԺԿ կողմից ենթարկվում է հարցաքննության: Մեղադրվում է որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, տրոցկիստ, ահաբեկիչ:

1936 - Երեւանում լույս են տեսնում "Պոեմներ" եւ "Մաճկալ Սաքոյի պատմությունը" գրքերը:

1936-1937 - Գլավլիտի տարբեր "Գաղտնի" գրություններով Չարենցի գրքերը հանվում են գրադարաններից, գրախանութներում դադարեցվում է դրանց վաճառքը, ցրվում են տպագրության պատրաստ գրքերի շարվածքները:

1937, 17-21 ապրիլ - Տեղի է ունենում Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը: Չարենցի ժառանգությունն ուսումնասիրող Վ. Կիրպոտինը հայտարարում է. "Չարենցի ձեռքից բռնեց թշնամին":

1937, 30 մայիս - Բաց նամակով դիմում է ՀԿ (բ) Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն՝ ապացուցելու, որ ինքն անմեղ է:

1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ (բ) Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը:

1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւ բնակարանը խուզարկելու համար: Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: Նրան մեղադրանք է ներկայացվում ըստ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 67, 68, 78 հոդվածների, նշվում, որ Չարենցը շարունակում է "ակտիվ պայքար մղել ընդդեմ խորհրդային իշխանության" եւ կալանավորում ՆԳԺԿ-ի ներքին բանտում: Չարենցի դեմ հարուցվում է նաեւ լրացուցիչ մեղադրանք՝ նախատեսված 17-65 հոդվածներով:

1937, 25 սեպտեմբեր - Իզաբելա Չարենցը դիմում է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Միկոյանին եւ խնդրում, հաշվի առնելով ամուսնու առողջական ծանր վիճակն ու անմեղսունակությունը, միջոցներ ձեռնարկել՝ ազատելու բանտից: Չարենցին ոչ միայն չեն ազատում, այլեւ այս նամակն առիթ է դառնում 1937թ. նոյեմբերի 23-ին ձերբակալելու Իզաբելային, մեղադրանք ներկայացնելու ըստ 69-րդ հոդվածի, որ նշանակում է, թե իշխանություններից թաքցրել է ամուսնու հանցագործությունները, եւ 1938թ. հուլիսի 15-ին, որպես սոցիալապես վտանգավոր տարր՝ 5 տարով աքսորելու Ղազախստան:

1937, 27 սեպտեմբեր - 6 հոկտեմբեր - Բանտում գիշերը նամակ է գրում Ա. Իսահակյանին եւ նրան ձոնում մի բանաստեղծություն: Նամակից. "Սիրելի Ավետիք, ներքեւում երգում էին քո երգը, - սիրտս լցվեց- եւ ես գրեցի հետեւյալ ստիխը. ընդունիր իբրեւ ձոն եւ ողջույն: ... Ոգով պայծառ եմ եւ առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում եւ հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին եւ հայ ժողովրդին":

1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. "Ամուր եղիր, հարազատս, - եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք":

1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին "օրգանիզմի ընդհանուր հյուծման", ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:

(Դավիթ Գասպարյան)


    
    
    
    
     Մենք լսում էինք, քարացած, շեփորի ձայնը դժնի,
     Որ վերից, բլուրի գագաթից, հնչում էր ամեհի թափով, -
     Երբ ահա ներքևից, անտառից, ողողված ցոլքերով լուսնի,
     Սկսեց ելնել ու հոսել դեպի մեզ - հսկա մի թափոր:
    
     Շարժվում էր թափորը՝ լուսնի սպիտակ լույսով ողողված,
     Ահագին, ինչպես մարդկային վիթխարի մի գետ, կամ հեղեղ.
     Ձիերի խրխինջ, բառաչյուն, մարդկային հեկեկանք ու լաց,
     Զենքերի շաչյուն, թմբուկներ, կրակներ կարմիր ու դեղին, -
    
     Այս ամենը խառնըված իրար, գալիս էր դանդաղ դեպի մեզ,
     Կամ դեպի բլուրն էր գնում՝ անսալով շեփորի ձայնին: -
     Քաշվեցինք զգույշ մենք մի կողմ, որ հորձանքը մեզ չճզմե,
     Կամ չնչին տաշեղի նման մեզ հանկարծ իր հետ չտանի:
    
     Մոտենում էր թափորը դանդաղ, հոսում էր հանդարտ ու ահեղ,
     Հեղեղի նման հորդանում՝ բերելով աղմուկ ու հառաչ,
     Ցնծության ճիչեր խելագար, զառանցանք ու վիշտ խելահեղ,
     Ոսկորի ու մսի մխրճանք, երկաթի շռինդ ու շառաչ:
    
     Մոտեցավ թափորն ահա մեզ և դանդաղ սկսեց անցնել
     Մեր չռած աչքերի առաջով, երազի նման մի դժնի: -
     Մենք նայում էինք քարացած, սարսափով անհուն ու անծիր,
     Ողողված սպիտակ լույսով այն ահից դալկացած լուսնի:
    
     Գալիս էր ամենից առաջ վիթխարի հասակով մի մարդ՝
     Չոր, բարակ, հսկա ճակատով, բեղերը սափրած, բայց կլոր
     Մորուքով, ինչպես քահանա, հայացքով խոնարհ ու հանդարտ,
     Իր գունատ, մահատիպ շրթերով մի ինչ-որ աղոթք երգելով:
    
     Մազերին եղյամ էր ցանել մառախուղը կարծես Հյուսիսի,
     Որ շողում էր ալեզարդ գլխին, ինչպես սառը, օտար լույսի փայլ.
     Նա տխուր շարական էր երգում աստծո որդի Հիսուսին,
     Բայց բառերը խառնում էր իրար՝ հորդելով անհարթ մի բարբառ:
    
     Իր բարակ, ոսկրոտ մատներով նա բռնել էր մի գանձարան.
     Աջհամբույր են փոքրիկ ժամերում հավաքում նման ամանով.
     Թիթեղյա էր փոքրիկ գանձարանը, - և ձեռքով գրված էր վրան՝
     «Քաղաքական անոթ»:
    
     Սկիհի նման սրբազան գանձարանն այդ բարձր պահած՝
     Երբ անցավ առաջով նա մեր - մենք տեսանք զարմանքով անծիր,
     Որ ճախրում է անոթի վրա, աղավնու կերպարանք առած,
     Սուրբ հոգու նման - մի փոքրիկ երկգլխանի արծիվ:
    
     Այդ անոթը բարձր պահած՝ նա անցավ քայլերով դանդաղ,
     Անմռունչ, ինչպես քահանա, որ գանձ է հավաքում ժամում, -
     Եվ դեմքը նրա սպիտակ, և սկիհը նրա այդ - անդարձ
     Դրոշմված մնաց իմ հոգում - այնքա՜ն էր պատկերն այդ անհուն:
    
     Գալիս էր ապա անտառի եզերքին մեր տեսած այն ծերուկ
     Վարդապետը կամ քերթողն այն հզոր՝ մորուքով մերկությունը ծածկած.-
     Նստած է կմախքի վրա նա մի մերկ, երերուն ձիու,
     Որ քայլում էր ճոճվելով, ինչպես ձիերն են քայլում ծերացած:
    
     Իր ձիու կմախքե վզին արծաթյա տավիղն իր դրած՝
     Խփում էր մատներով նա չոր ու երգում ռազմական մի երգ,
     Եվ նրա ետևից մի քանի երգիչներ, հրելով իրար,
     Արշավում էին՝ նրա պես նստոտած կմախքե ձիեր:
    
     Բայց նրանք տավիղի փոխարեն ոսկորներ ունեին ձեռներին,
     Որ թափով խփելով իրար՝ աղմկում էին կատաղի.-
     Նրանցից մեկն էր միայն, որ ուներ իսկական սրինգ,
     Եվ սրինգը ձայներ էր հանում չափազանց տխուր ու աղի: -
    
     Պատանի՛ էր դա մի դալկահար, արցունքով լեցուն աչքերով,
     Եվ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի.
     Նվագում էր իր խեղճ սրինգով նա տաղեր վշտի ու սիրո,
     Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի: -
    
     Այս գունատ պատանու կողքին արշավում էր այլ մի քերթող,
     Նրանից ավելի տարեց, փառահեղ ճակատով և ճաղատ.
     Նա տավիղ ուներ արծաթե և շեփոր պղնձե - ու հերթով
     Նվագում էր կամ սիրո տաղեր, կամ հնչում ռազմի աղաղակ:
    
     Եվ այսպես՝ խառնելով իրար ռազմաշունչ, ամպագոռ տաղեր
     Եվ սիրո տխուր նվագներ - անցնում էր խումբը նոցա, -
     Եվ հնչում էր նվագն այդ խմբի - թաղումի նման դառնաղետ,
     Լցնելով սրտերը հավետ - դառնության անկոբար ու ցավ:
    
     Երգեցիկ այդ խմբից հետո գալիս էր մի սև դիակառք,
     Որ քաշում էին մարդակերպ, չորեքթաթ դևեր կամ ձիեր.
     Դրված էր այդ կառքի վրա ոսկեզօծ, շքեղ մի դագաղ,
     Եվ նստած էր դագաղի վրա մի գաճաճ՝ դեմքով դեպի ետ:
    
     Նախ այնպես մեզ թվաց, թե նա, դագաղի մարդն այդ գաճաճ,
     Կրում է իր մարմնի վրա՝ վիթխարի գլուխներ երկու,
     Բայց կառքը երբ քիչ մոտեցավ և կանգնեց մի պահ մեր առաջ -
     Մենք տեսանք դագաղի վրա - վիթխարի մի գլուխ և մի կուզ:
    
     Այդ կուզն էր, որ ետ էր նայում, իսկ գլուխը նայում էր առաջ,
     Կոնաձև բլուրը դեպի, դեպի լույսը նրա գագաթի: -
     Իր խրոխտ, արծվային քթին ակնոցներ ուներ նա դրած
     Եվ խորունկ կնճիռներ ուներ սպիտակ ու նեղ ճակատին: -
    
     Նա ո՛չ թե նստած էր ոսկյա դագաղի վրա, այլ մի մեծ
     Չղջիկի, կամ բուի նման՝ թառել էր կարծես չորեքթաթ: -
     Նա կառքի անհարթ շարժումից կշռվում էր մերթ առաջ, մերթ ետ,
     Եվ մերթ կուզն էր բարձրանում վերև, մերթ գլուխը՝ մի փոքր հերթափ:
    
     Բայց այդպես չորեքթաթ կռացած՝ ձեռքերով նա իր ահագին
     Պահել էր վիթխարի մի թերթ, կամ դրոշ՝ շինված թիթեղից.
     Թիթեղե դրոշի վրա նկարված էր մի արջ թագակիր,
     Որ թաթի երկաթյա խաչով կոտրում էր մահիկ մի դեղին:
    
     Անախորժ ճռինչ հանելով ընթանում էր կառքը դանդաղ,
     Երգեցիկ խմբի ետևից, անսալով ձայնին շեփորի, -
     Իսկ կառքի երկու կողքերից, քայլերով ծանր ու հանդարտ,
     Ընթանում էին անտառում մեր տեսած այրերը նորից: -
    
     Առաջինը՝ անտառում վառած խարույկի պահապանն էր այն հեք,
     Որ ձեռքին, դրոշի փոխարեն, կրում էր վիթխարի մի փուքս.
     Փչելով փուքսն իր հսկա՝ նա փորձում էր կրակներ հանել,
     Բայց հանում էր ձայներ խռպոտած, տխրագին տնքոց ու հոգոց:
    
     Իսկ մյուսը - նրա օգնական ռազմաշունչ այն գուսանն էր, որ
     Շանթեր էր աչքերից թափում, բարկության հուրեր ու կայծեր.-
     Իր ձեռքին բռնած նա ուներ պղնձյա ահագին մի շեփոր,
     Բայց շեփորը չէր շեփորում, այլ տխուր կաղկանձում էր կարծես:
    
     Գնում էր նրանց ետևից կիսամերկ այրերի մի խումբ.
     Կմախքներ էին՝ զգեցած զանազան լաթեր ու շորեր.
     Մեկը խաչ էր իր կրծքին կրում, մի ուրիշը՝ դեղնած ծաղկեփունջ,
     Որ նավթի բուրմունք էր հանում՝ չափազանց սուր ու զորեղ:
    
     Մի կմախք տանում էր մեջքին մազութի երկաթյա աման,
     Մի ուրիշը՝ հսկա մի հաշվիչ, որ նման էր փայտյա քնարի.
     Մի կմախք, շալակին դրած, մի դույլ էր տանում իր համար,
     Մի ուրիշը պահել էր գլխին ոսկեզօծ նժար վիթխարի:
    
     Հազիվ էր այս խումբը անցել, երբ ահա երևաց ջահակիր,
     Սևասքեմ այրերի մի խումբ, որ գալիս էր՝ երգելով շարական.
     Քայլում էր այդ խմբի մեջտեղում, կապտավուն ծիրանի հագին,
     Մի փարթամ մորուքով վարդապետ, մի նժդեհ, մոտ վաթսուն տարեկան:
    
     Նա կրծքին կրում էր մի աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,
     Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե.-
     Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած ավանդ,
     Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի շերեփ:
    
     Թափորի առջևից տարվող այն փոքրիկ սկիհի նման
     Այս շերեփը ե՛ւս ուներ հովանի մի ոգի անլույծ.-
     Արծաթյա արծվի փոխարեն այս թղթի շերեփի վրա
     Նստել էր, իբրև հովանի, պղնձյա բաշով մի առյուծ:
    
     Երգելով տխուր շարական, սևասև զգեստներ հագած,
     Քայլում էր շքախումբը նրա՝ կրելով ջահեր մահատիպ,
     Եվ թղթե շերեփը ձեռքին ընթանում էր նա համրաքայլ,
     Անընդհատ, ձայնով անայլայլ, կրկնելով մոգական մի թիվ: -
    
     Մինչ անցնում էր թափորն այս այսպես - ետևից հորդում էր արդեն
     Անընդհատ աճող, ծավալվող, լեռնացող մի ծով կամ հեղեղ.
     Աճում էր աղմուկն ավելի, խտանում ու դառնում էր տարբեր,
     Մոտենում էր խորշակ մի կարծես՝ խառնելով ազգեր ու ցեղեր:
    
     Դղիրդի նման հեռավոր մոտենում էր աղմուկ նախ մի խուլ,
     Երկիր էր կարծես ընթանում՝ հեղեղով արված տեղահան.
     Անտառ էր կարծես ճարճատում, հրդեհված երկիր էր մխում՝
     Սփռելով բարբարոս մի բույր, հանելով ճիչեր երկնահաս:
    
     Ձիերի դոփյուն, զենքերի չարագույժ շառաչ, մարդկային
     Հեկեկանք, օգնության ճիչեր, շների կաղկանձ հուսահատ.-
     Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և Մահի,
     Եվ նայում էինք մենք՝ ահից կարկամած, շնչներս պահած:
    
     Իսկ դեմից, բլրի գագաթից, կանչում էր շեփորն անընդհատ,
     Շեփորում էր մահու տագնապով՝ կոչելով նոցա հանդեսի, -
     Եվ հոսում էին դեպի նա ամբոխները այդ տեղահան՝
     Դեպի լյառն էին շտապում՝ Մահու ու Արյան մի ծեսի...
    
     Ե
    
     Հռինդով, լացով, աղմուկով, թնդալով մոտենում էր մեզ
     Գլխավոր օղակն այդ ահեղ, հեղեղի նման թափորի.
     Ջահակիր թափորից հետո, այրերից հետո սևազգեստ -
     Զրահակիր բանակ էր դա մեծ, որ կռվի էր արշավում նորից:
    
     Վիթխարի մի նժույգ նստած՝ ընթանում էր երթի առաջից
     Հոլաձև մարդն այն ահեղ՝ ծածանած մի սև դրոշակ.
     Խրխնջում էր նժույգը նրա, բայց նման էր հիվանդ բառաչի
     Խրխնջոցը նրա նժույգի, որ քայլում էր դանդաղ և ուժատ:
    
     Գլուխը՝ հագցրած ոտին՝ նայում էր շանթող աչքերով
     Նժույգի ոտների մոտից, ճոճվելով մերթ ետ, մերթ առաջ.
     Վառվում էր լապտերի նման, կապտավուն ժլատ մի հրով,
     Շլինքին դրված մեքենան, հանելով տնքոց ու հառաչ:
    
     Իսկ նրա ետևից, իր նման նժույգներ նստած և ձիեր,
     Արշավում էր նրա շքախումբը՝ կազմելով ստվար մի բանակ.
     Ձիերի վրա նստոտած կմախքներ էին ու դիեր՝
     Ձեռներին սուսեր, զրահներ, հնամյա զենքեր ու դանակ:
    
     Ընթանում էր մեկը՝ կմախքե նժույգի վրա ընկըղմած,
     Անգլուխ, մի ոտը կտրած, ձեռքերը կապած կռնակին,
     Բայց կապած ձեռքերի արանքում մի դաշույն ուներ նա պահած
     Եվ փորձում էր նա դաշույնով խողխողել նժույգն իր տակի:
    
     Հետևյալը... նիհար նժույգի ոսկորե նստուկին նստած
     Խեղդամահ էր՝ լեղակի պես կապույտ իր լեզուն բերանից կախած.
     Իր մռայլ պետի ետևից արշավում էր քայլքով նա վստահ,
     Գնում էր կարծես անվեհեր՝ ելնելու կրկի՛ն կախաղան: -
    
     Մյուսի իրանն էր միայն երևում, լոկ այդ, և մեկ էլ -
     Մեջտեղից կոտրած մի սրունք, էլ ոչի՛նչ. արշավում էր այդպես.
     Իսկ ո՞վ էր արդյոք այն մեկի ողնաշարը մեջտեղից թեքել -
     Եվ դարձել էր նա հարցական նշանի նման մի պատկեր...
    
     Ձիերից շատերի վրա, մարդկային թեկուզ հաշմանդամ
     Կմախքի կամ մարմնի փոխարեն - պարզապես բազմել էին սեգ
     Զըրահներ կամ սրեր ժանգոտած, մի դաշույն կամ փամփուշտ անգամ,
     Մի ամբողջ նժույգի վրա - մի փամփուշտ կամ հին հրազեն...
    
     Այդ նժույգ նստած հաշմանդամ այրերից շատերը սակայն
     Ձիերի գավակին կապած, իբրև բեռ վսեմ կամ պարծանք -
     Ավարներ էին տանում - այն փառավոր մարտերում հավաքած՝
     Մխրճած գանգեր, սրունքներ՝ սրբելուց պսպղուն դարձած: -
    
     Այս լեզուն կտրած, կուրացած, խեղդամահ ասպետը ահա
     Շարել է նժույգի սանձին - մխրճած մատների մասեր.
     Մի ուրիշը կրում էր ձեռքին կոնքերից շինած մի վահան,
     Մի ասպետ փաթաթել էր մեջքին մի տրցակ կանացի մազեր:
    
     Անցնում են, անցնում են անվերջ, գնում են շարքերով անծիր,
     Կմախքե նժույգներ նստած, զրահներ հագած մահաշունչ.
     Հնձվորներ են կարծես, որ դանդաղ դառնում են Եղեռնի հնձից,
     Մանգաղի ու բահի փոխարեն հրազեն առած ու դաշույն:
    
     Բայց ահա այդ կույր, հոշոտված, հաշմանդամ շքերթի միջում
     Արշավում է՝ նստած տախտակե ձողերից շինած մի նժույգ -
     Սևահեր, թխադեմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,
     Մի ձեռքին քնար ոսկելար, մյուսին՝ հրազեն մի զույգ:
    
     Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սևասև մազեր,
     Ծածկել էր թավիշե գլխարկ, և ուներ փողկապ փառահեղ,
     Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,
     Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել: -
    
     Իր խրոխտ դեմքին հակառակ, հակառակ առնական տեսքին՝
     Երգում էր կերկերուն ձայնով նա քաղցրիկ, լորձունքոտ երգեր.-
     Մենք լսում էինք զարմացած, նայելով առնական կրծքին,
     Երբ տեսանք, որ նստուկը նրա բարձրանում ու իջնում է ներքև:
    
     Փողային գործիք նվագող վարպետի այտերի նման
     Ուռչում էր նստուկը նրա և իջնում, կրկին ու կրկին, -
     Տեսնելով հրաշքն այս ցնցող - ա՜հ, մենք նո՛ր հասկացանք նրա
     Ինքնագոհ ժպիտը - և խուլ, կաղկանձող թախիծը երգի...
    
     «- Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն», - երգում էր նստուկով նա իր,
     Խառնելով կանչին այդ - մահու հառաչանք, ատամի կրճտոց, -
     Անտառից բարձրանում էր այնինչ աղաղակ ամեհի ու խոր,
     Եվ երկինք էր հասնում այնտեղից տագնապով բարձրացող մի բոց:
    
     Անտառից, խարույկի պես մեծ, շառայլ էր նետում դեպի վեր
     Կարմրավուն, արնագույն մի բոց՝ այրելով հոնքերը լուսնի,
     Եվ լսվում էին այնտեղից սուլոցներ, օգնության ճիչեր,
     Ծառերի ճարճատյուն, հեկեկանք, քրքիջներ վայրի ու դժնի:
    
     Եվ որքան գնում - ավելի ահեղ էր դառնում անտառից
     Բարձրացող աղմուկն ահավոր, հեկեկանքը՝ աստղերին հասնող.
     Ցերեկի պես լույս էր արդեն անտառից բարձրացող հրից,
     Իսկ թափորը ձգվում էր էլի, ողողված շառայլով այդ նոր:
    
     Թափորի մի ծայրը արդեն հասել էր բլրի գագաթին,
     Որտեղից հնչում էր, կանչում այն շեփորը - անվե՜րջ, անընդհա՛տ, -
     Եվ անցնում էին մեր դեմից, դեռ անցնում էին մահատիպ,
     Գոսնելի ասպետներ ու այրեր, կազմելով խռիվ մի ընթացք:
    
     Մենք վաղուց արդեն, նայելով թափորի ընթացքին այդ հորդ,
     Էլ չէինք ջոկում իրարից այրերին շարեշար անցնող.-
     Դժվար էր արդեն տարբերել նորերին՝ դեմքերից նախորդ,
     Ընդհանուր մի գետ էր անցնում մեր դեմից արդեն, կամ մի ծով:
    
     Դժվար էր արդեն տարբերել նրանցից մեկին մյուսից,
     Զրահներն էին շատացել թերևս, կամ ձիերն էին ծեր.
     Միևնո՛ւյն կերպարանքն էր արդեն բոլորինը, բոլորի՛ ուսից
     Կախված էր զե՛նքը միևնույն, - և արդեն չկային անձեր:
    
     Բայց հանկարծ ամբոխի մեջ այդ, հորձանքում այդ բութ ու անդեմ,
     Բարբարոս թափորում այդ մթին, որ նման էր արդեն կոշմարի -
     Մենք տեսանք կերպարանք երկու, - և պատեց մեզ վիշտ մի անդեղ,
     Եվ կարծես վերացանք մենք մի պահ այդ արյան ու տենդի աշխարհից:
    
     Գնում էր թափորի միջից մի արձան կարծես մարմարե.
     Հասակը բարձր. քարե աչքերում թախիծ ու կորով.
     Իր քարե շրթերով նա անկապ մի երգ էր փորձում բարբառել,
     Երևում էր, որ Մա՛հն էր տեսել և Սարսափը նա իր աչքերով: -
    
     Եղկելի էր որքան նստուկով նվագող քերթողն այն - այնքան
     Հարգանք էր ներշնչում սրա կերպարանքը ամբողջ նայողին.
     Իր կյանքում տեսած սարսափից նա դարձել էր արդեն խելագար,
     Եվ ահից հանկարծ քարացել՝ կորցըրած թե՛ հույս, թե՛ ուղի:
    
     Նա ո՛չ թե ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով տարված՝
     Շարժվում էր, ինչպես մեքենա, ենթակա հորձանքի ուժին.
     Երբեմն ցնցում էր նրան անհաղորդ, ներքին մի հարված -
     Նա կանգնում էր մի պահ քարացած և նայում՝ լուսնոտի պես ուշիմ:
    
     Եվ քայլում էր կրկին մարմարյա արձանի պես ուղիղ ու անթեք,
     Նայելով ուղի՛ղ իր առջև՝ կույրերն են ինչպես միշտ նայում.
     Ձեռքերը խավարին մեկնած՝ անսահման Եղեռնի հանդեպ
     Շշնջում էր սարսափի բառեր և կրկնում մեռած մի անուն...
    
     Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կարկառած ձեռքով իր քարե,
     Եվ լո՜ւյս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր, -
     Եվ մահու պես գունատ շրթերով շշնջում էր բառեր մարմարե,
     Երազում էր խոնջենք ու արև և սիրո աղբյուրներ մաքուր:
    
     Բայց վսեմ այդ խոհից հանկարծ դառնալով ուրիշ մի խոհի՝
     Նա թակում էր գլուխն իր թափով, սկսում էր մարմինը ցնցել -
     Եվ մաքուր, անբիծ շրթերից թորում էր լորձունք ամեհի,
     Եվ դեմքի վրա այդ պահին նկարվում էին ալ բծեր...
    
     Գնում էր նրա հետ մեկտեղ, համրաքայլ, քերթող մի ուրիշ.
     Շինված էր կարծես նա մոմից, և դեմքը, որպես մագաղաթ.
     Նրա ձայնը ելնում էր կարծես ժայռերում փորած ջրհորից՝
     Ե՛վ մաքուր, ե՛ւ ջինջ էր այնքան, ինչպես ցողը՝ դաշտերում շաղած: -
    
     Բայց մոմե այդ գունատ գուսանի թղթի պես ճերմակ շրթերից
     Հորդում էր երգը հանկարծ - ամպրոպի, որոտի՛ պես թափով...
     Եվ ո՞վ էր տվել այդքան ուժ, այդքան թափ ու շնորհ վերին
     Այդ մոմե դեմքով գուսանին - և նետել նման մի թափոր...
    
     Նա ե՛ւս, սարսափից քարացած այն քարե գուսանի նման,
     Քայլում էր՝ հորձանքով տարված՝ իր ավագ ընկերոջ կողքին,
     Եվ դեմքը նրա մոմեղեն, սփրթնած, գունատ, ինչպես մահ,
     Մերթ ընդ մերթ բոցվում էր, կարծես մի ուրի՛շ արևի շողքից:
    
     Արծաթե ափսեի վրա նա տանում էր բոցավառ մի սիրտ,
     Որ բոսոր ցոլքեր էր ցանում խավարում այն սիրտ կեղեքող,
     Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
     Իր գյուղի՜ արևի մասին, որ մորթել էին ցերեկով...
    
     Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,
     Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար, -
     Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,
     Եվ մոմե շրթերով քերթողի - սկսում էր նա նզովք կարդալ:
    
     Պահերին այդ դեմքը նրա դառնում էր դժնի, արյունռուշտ,
     Խռպոցի էր փոխվում ու ճիչի նրա ձայնը պայծառ ու մաքուր, -
     Սևանում էր սիրտը մի պահ, դառնալով անհուր ու անուժ,
     Եվ քարե ընկերոջ նման՝ քայլում էր նա էլ՝ ինչպես կույր: -
    
     «- Ո՛վ տխուր ու խեղճ գուսաննե՛ր, նոխազնե՛ր, կյանքի բարբարոս, -
     Բարբառեց Վարպետը հանկարծ՝ դառնալով նոցա ստվերին.
     - Դուք կոչված էիք լինելու Լույսի ու Խնդությա՛ն փարոս,
     Բայց սրտերը ձեր բոցավառ այն Ստի՛ն ողջակեզ բերիք»:
    
     Եվ նա ցույց տվեց հեռևում, բլուրի գագաթին վառվող
     Այն կրակը դժնի ու դեղին, որ վառվում էր անհուն տագնապով, -
     Եվ ապա, դառնալով կրկին բարբարոս հորձանքով տարվող
     Այրերին այն՝ ասաց իր սրտի բովանդա՛կ տխրությամբ ու թափով.
    
     «- Դուք կարո՜ղ էիք Քերթության և Մտքի լուսե պարտեզում
     Ճաշակել Ոգո՛ւ խնդություն՝ սնվելով խոհով ու բանիվ, -
     Եվ երթում այս մութ ու դաժան կա՞ արդյոք ավելի՛ մեծ զոհ,
     Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՛ղծ սեղանին» ...
    
     Եվ լռեց Վարպետը մռայլ, առաջին և վերջին անգամ
     Մեր ամբողջ երթի ընթացքում շրթունքները իր բանալով, -
     Մինչ մռայլ թափորին ձուլված, ոտքերով բոբիկ, արնաքամ
     Հեռացան գուսաններն այն վսեմ՝ խելագար խնդալով ու լալով...
    
     Զ
    
     Կանչում էր այնինչ վերևից, բլուրի գագաթից, դժնի
     Այն շեփորը ձայնով չարագույժ, - և գնում էր թափորը վերև,
     Անցնում էր անվերջ՝ ողողված արնագույն ցոլքերով լուսնի,
     Եվ գնում էին արդեն մերկ մանուկներ, կանայք և ծերեր:
    
     Անցել էր արդեն թափորի գլխավոր հոսանքը ամբողջ,
     Թափորի մի ծայրը վաղուց հասել էր բլրի գագաթին,
     Որտեղից երկինք էր հասնում արդեն ալ, արնագույն մի բոց, -
     Իսկ թափորը դեռ չէր վերջանում, դեռ գալիս էր - անվե՜րջ ու անթիվ:
    
     Ներքևում անտառը արդեն ճարճատում էր հրով ընդհանուր,
     Երկինք էր բարձրանում այնտեղից արդեն նո՛ր մի, ընդհանուր հրդեհ,
     Եվ ռումբեր էին շառաչում, և թնդում էր բյուր թնդանոթ,
     Եվ կրակը շենե՛ր էր ամբողջ սկսել երկինք շպրտել:
    
     Դղրդում էր հողը արդեն ռումբերի շաչող որոտից,
     Բովանդակ աշխա՛րհն էր արդեն սասանել մոլուցքից արյան, -
     Լցվել էր տիեզերքն ամբողջ արդեն տոթ բույրով վառոդի,
     Էլ չկար հեռու ու մոտիկ, - բայց թափորը երգում էր «Հարյավ»:
    
     Կատարյալ բանակներ էին արշավում մեր դեմից արդեն,
     Շտապում էին տագնապով կոնաձև բլուրն հասնելու, -
     Եվ ահա վառվող անտառից սկսեց նոր մի գետ հորդել
     Եվ հոսել, հոսել անընդհատ, նախիրի նման անգլուխ...
    
     Երբ ռազմի շաչով-շառաչով, ցնցելով հնչուն ծնծղաներ,
     Թմբուկներ խփելով տոնական, երգելով երգեր ռազմաճիչ,
     Դոփելով՝ բանակներն անցան, - սկսվեց տրտունջ մի անել,
     Հուսահատ հեկեկանք ու լաց, խելագար հառաչք ու քրքիջ:
    
     Մեր դեմից անցնում էին արդ մանուկներ մեռյալ և ծերեր,
     Հաշմանդամ սերունդներ ամբողջ՝ Եղեռնի հնձանին ընծա...
     Նախիրներ էին անցնում հոծ, սարսափած կույրերի պես երեր,
     Եվ ցանքսեր, արտեր ոսկեզօծ՝ դեռ ո՛չ մի ձեռքով չհնձած...
    
     Եվ անցնում էին զորքերից ոտնակոխ արված պարտեզներ,
     Հրդեհից մոխրացած հյուղեր, քաղաքներ մեռյալ և շեներ, -
     Եվ գետեր՝ տապից չորացած, ցորյանի հրդեհված դեզեր,
     Եվ գայլեր՝ մարդուց գազազած, և մկնե՛ր զառամ, և շնե՛ր...
    
     Սրածված սերունդնե՜ր էին արդ անցնում, քաղաքներ քանդած,
     Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր երկի՛ր մի ամբողջ, -
     Անցնում էր արմատից պոկած, անխնա կտրած մի անտառ, -
     Սարսափած նախիրի նման՝ սպանդից փախած մի ամբոխ...
    
     Ամեհի լացով, աղմուկով, ոռնոցով անհույս ու մռայլ
     Շարժվում էր ամբոխը դեպի այն բլուրը կարմիր, կոնաձև.-
     Վերջանում էր երթը արդեն, երբ մենք է՛լ, ձուլվելով նրանց,
     Քայլեցինք կամ կարծես թռանք՝ շյուղերի նման հողմածեծ:
    
     Դիվական մի ձեռք էր կարծես թռցնում, քշում մեզ առաջ,
     Եվ ահա, տարվելով այդպես, երբ լեռան գագաթը հասանք, -
     Կանգնեցինք՝ մեր դեմ ծառացած պատկերի առջև շվարած.
     Զառանցա՛նք էր պատկերն այդ կարծես, որ մեր դեմ փռված մենք տեսանք...
    
     Բացվում էր բլուրի վրա մի անծայր, լերկ հարթավայր,
     Ողողված կարմրավուն լույսով, որ դողում էր անվերջ ու պարում.
     Իր բոսոր, արնավառ գույնով ներկելով շրջակայքը խավար՝
     Վառվում էր բլուրի մեջտեղում մի հսկա, երկնահուպ խարույկ:
    
     Կրակե օղակի նման բոցկլտում էր խարույկը կարմիր.
     Բոցեղեն պարիսպ էր կարծես՝ Արքայի շուրջը քաշած: -
     Այդ նրանց արքա՛ն էր գուցե, կամ՝ սերած Հրդեհի զարմից՝
     Առաջնորդը նրանց կրակե, որ ցույցի էր ելել մարդաշատ:
    
     Խարույկի մեջտեղում, ոսկյա մի գահի վրա ընկղմած,
     Նստած էր Արքան այդ ահեղ, որ չուներ կերպարանք որոշ.
     Մերթ թվում էր, թե դա - կրակե մի մարդ է՝ բռունցքը սեղմած,
     Որ բռնել է սեղմած բռունցքում - մի փոքրիկ եռագույն դրոշ:
    
     Բայց հաջորդ վայրկյանին արդեն փոխվում էր տեսքը նրա,
     Եվ ահա - գահի վրա նույն - մի գայլի գլխով վարդապետ,
     Սևասև վեղարը գլխին և դեղին ճակատի վրա -
     Մի հսկա, շողշողուն ադամանդ, որ թե՛ խաչ է, թե՛ գունդ է, թե՛ նետ:
    
     Փոխվում էր ապա նաև այդ կերպարանքը. հանկարծ նրա տեղ՝
     Երևում էր դեղին մի կատու՝ աչքերում կրակներ ահի, -
     Եվ թվում էր, թե դեմքը նա իր - ոսկեկար քողով է պատել,
     Եվ նետը դարձել է նժար, և խաչը դարձել է մահիկ:
    
     Նստած էր ոսկյա իր գահին կրակե Արքան այդ ահեղ,
     Տեսիլքի նման մի դժնի, կերպարանքը մթին ու մռայլ, -
     Եվ շուրջը նրա խարույկի, բոլորած մի պար խելահեղ,
     Ցատկոտում էին ու պարում ամբոխները այն դիվահար:
    
     Խարույկին ամենից մոտիկ, բոլորած շրջանն առաջին,
     Թռչկոտում էին ու պարում մեր տեսած այրերն այն ճիվաղ, -
     Հոլաձև կմախքն էր պարում, և ձայնով, նման բառաչի,
     Երգում էր խաժադուժ մի երգ՝ սփռելով տառապանք ու վախ:
    
     Նրա ձեռքը բռնած, նրա հետ, պարում էր անտառում հանդիպած
     Խարույկի պահապանը գաճաճ և գուսանը ապա ռազմատենչ.
     Պարում էր վարդապետը պարթև՝ շերեփը շրթերին հպած,
     Եվ բոլոր ասպետնե՛րն ապա՝ աչքերում մոլուցք մի անշեջ:
    
     Գնալով լայնանում էր, ուռչում շրջանակը այդ շուրջպարի.-
     Բռնելով հարթավայրն ամբողջ, չարագույժ բոցերի ներքո,
     Ահռելի տեսիլքի նման ելնելով կարծես խավարից՝
     Մի ամբողջ ժողովո՛ւրդ էր պարում եղկելի ճիչով ու երգով:
    
     Մանուկներ տկլոր, անատամ աղջիկներ, ծերեր հաշմանդամ,
     Գլուխները բռնած ձեռներին, վայրենի լացով ու ճիչով,
     Թռչկոտում էին ու պարում, - ցատկոտում էր կարծես մի անտառ, -
     Եվ անցնում էինք մենք դանդաղ այդ պարող անտառի միջով...
     «Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն», - ոռնում էր ամբոխը մոլի,
     Կարկառած ձեռները վերև կամ դիմացը՝ դեղին Արքային, -
     Երբ ճիվաղը հանկարծ այն ծանոթ, որ նման էր մարդակերպ հոլի,
     Մորեխի պես օդում ցատկելով՝ մոտեցավ Արքայի գահին:
    
     Մոտեցավ շարժումով հատու և կտրած գլուխն իր նետեց
     Արքայի ոտքերի առջև, իբրև տուրք, կամ զոհ սրբազան, -
     Եվ ամբոխը խռպոտ ճիչերով, ոռնոցով նրան հետևեց -
     Բարձրացավ գանգերի մի բուրգ և բուրգը աստղերին հասավ...
    
     Իսկ շուրջը վիթխարի այդ բուրգի, մշուշում, բռնած խոլապար,
     Թռչկոտում էին ու պարում ավերված քաղաքներ ու շեներ, -
     Եվ երթի ելած նրանց հետ՝ ամեհի խանդով, խոլաբար՝
     Թռչկոտում էին ու պարում նախիրներ զառամ և շներ...
    
     Եվ արդեն ոսկյա իր գահից բարձրացած բլուրի վրա՝
     Կանգնել էր Արքան այն դեղին՝ հրդեհի նման մորուքով, -
     Եվ փողի նման անողոք՝ մահագույժ շեփորը նրա
     Կանչում էր, կանչում էր նրանց - դեպի նոր մի մեռյալ Երիքով...
    
     Է
    
     Այդ դաժան տեսիլքին ի տես՝ քայլերով երեր մենք փախանք,
     Կտրեցինք հարթավայրն ամբողջ և իջանք անտառ մի ուրիշ,
     Մինչ հասնում էր դեռ բլուրից մի լացի նման աղաղակ,
     Ոռնում էր կարծես մի քաղաք՝ փախչելով հրից ու սրից:
    
     Խավար էր անտառում այդ նոր, և ծառերը, կորած խավարում,
     Կմախքներ էին կարծես սև, որ պարզած ոսկորե ձեռներ -
     Մեզ բռնել էին կամենում, քաշքշում էին ու հրում
     Եվ մահվան սառնություն բուրում, քրքջալով մտքերին մեր վեհ:
    
     Հառաչում էին նրանք խուլ ձայներով, անեծք շշնջում,
     Կամ կարծես օգնություն հայցում մոտեցող սրից ու հրից, -
     Դեռ հասնում էին բլուրից սրերի շառաչ ու շաչյուն,
     Դեռ շեփորը կանչում էր, կանչում այն Մահու և Արյան բլուրից:
    
     Սարսափած փախչում էինք մենք անտառի միջով այդ խավար,
     Այդ մռայլ ծառերի միջով, որ պարզած երերուն ձեռներ -
     Մեզ թվում էին մի գալիք ահռելի սպանդի համար
     Հանրային դամբանից ելած, հարություն առած մեռելներ:
     Մեր ոտքերը դիպչում էին սուր, փշերի նման քարերի,
     Ծառերի ճյուղերը՝ կանանց մատների նման գալարուն՝
     Չանգռտում էին, արնոտում մեր դեմքերը, - և հին դարերից
     Նախամա՛րդն էր արդեն արշավում՝ աչքերում մոլուցք ու արյուն:
    
     Ժամանակը ե՛տ էր թռչում արդեն խուլ աշխարհի վրայով,
     Մարդակերպ Կապի՛կն էր արդեն արշավում հետքերից մեր նորից, -
     Եվ լուսինը, եդեմ ժպիտով ծառերի արանքից նայող,
     Մեզ թվում էր վհուկ՝ հմայող, որ փրկում է ջրից ու հրից...
    
     Սարսափած փախչում էինք մենք անտառի ծառերի միջով,
     Եվ ամեն ծառի ետևից մեզ նայում էր արդեն մի հրեշ,
     Մեզ արդեն ագռա՛վն էր ծաղրում իր լացի նման քրքիջով,
     Եվ ամեն մի շրշյուն ու շշուկ մեզ գուժում էր պատիժ ու վրեժ:
    
     Մեր հոգուց քերում էր մի ձեռք այն ամենը, որ տարիներ,
     Կամ դարե՜ր էինք կուտակել՝ սերունդից սերունդ կրելով, -
     Եվ գունատ ցոլքերը լուսնի մեզ թվում էին հուրիներ,
     Արյունռուշտ, չարա՛չք հուրիներ՝ մարդու միս ու արյուն սիրող: -
    
     Մենք երկար, երկար վազեցինք, սարսափից խելագար, անհույս,
     Այդ մռայլ ու մութ անտառում կորցրած ուղի ու հավատ, -
     Երբ հանկարծ ծառերի միջից երևաց երկնագույն մի լույս,
     Որ աստղի նման փրկարար շողշողաց հեռվում այն խավար:
    
     Հևիհև, արյունոտ ոտքերով, չանգռելով կուրծք ու երես,
     Վազեցինք մենք լույսը դեպի, որ ցոլում էր ցոլքով մի մաքուր, -
     Եվ ահա, վազքից շնչասպառ, քայլերով անուժ ու երեր,
     Մոտեցանք անտառի եզերքին - և տեսանք կերպարանք մի հուր:
    
     Մի մարդ էր գալիս դեպի մեզ՝ ոսկեզօծ լապտերը ձեռին.
     Գունատ էր. հսկա ճակատով. երկնագույն աչքեր նա ուներ.
     Լույսի պես սպիտակ դեմքին խաղում էր ժպիտ մի վերին,
     Հայացքը թափանցում էր կարծես անսահման, անծիր հեռուներ:
    
     Ողջունեց ժպիտով նա մեզ և ապա լապտերն հուրհուրան
     Նա պահեց մի պահ մեր առաջ, իբրև աստղ, նշան լուսատու.-
     Վիթխարի ճակատով այդ մարդու լապտերի ապակու վրա
     Նկարված էր ոսկեթև մի աստղ և գրված էր պատգամ մի հատու:
    
     Այդ լապտերը իր դեմ պահելով՝ նա հանեց մեզ մութ անտառից,
     Մոլորվել էինք ուր արդեն՝ կորցըրած ուղի ու հավատ, -
     Եվ այստեղ հրաժեշտ տվեց ինձ Վարպետը Մահու աշխարհի,
     Որ գիտեր լոկ վիշտ ու չարիք և երգել էր դժոխքը խավար:
    
     Արդ՝ անցել էինք արդեն մենք Անցյալի մռայլ եզերքից,
     Լայնահուն աշխարհն էր իմ դեմ՝ ողողված հրով փրկարար, -
     Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի՛ երգիչ, -
     Այդ լապտերը, ո՜վ Առաջնորդ, կփրկե աշխա՛րհը արար...
    
    
    

Քամին, Աշնան քամին...
     Քաղաքը գորշ ու մութ:
     Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
     Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
    
     Փողոցները երկա՜ր,
     Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
     Փողոցները, որ կան,
     Փողոցների ներկան,
     Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ, -
     Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:
    
     Քամին,
     Աշնան քամին
     Մոլորվել է ասյտեղ.
     Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
     Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
     Քամին,
     Աշնան քամին...
    
     Հռնդում է,
     Փնչում,
     Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
     Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
     Ու թռչում է քամին, - երկարաթև թռչուն, -
     Զարհուրելի, զազիր փողոցների միջով...
    
     Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
     Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
     Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
     Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ, -
     Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
     Անօգնական կքած բուլվարների վրա:
    
     Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
     Ցնծոտիներ հագած պառավների նման, -
     Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
     Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
    
     Ծառերը ծե՜ր, հիվանդ,
     Ծառերը ծուռ ու չոր,
     Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
     Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
     Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
     Երբե՛ք,
     Երբե՛ք,
     Երբե՛ք...
    
     Օ, գթացե՛ք հիմա.
     Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
     Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
     Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
    
     Օ, գթացե՛ք հիմա.
     Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
     Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
     Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
     Քամին,
     Աշնան քամին...
    
     1922

Հայաստանին
    
     Հազար ու մի վերք ես տեսել, - էլի´ կը տեսնես,
     Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
    
     Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
     Չհավաքված բերք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
    
     Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
     Հազար տարվա հեք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
    
     նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
     Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի´ կը տեսնես:
    
     Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
     Հազար ու մի երգ ես տեսել, - էլի´ կը տեսնես:

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
    
     Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
     Երկինքներ, որպես երազներ հոգու:
     Երկինքներ, որպես մանկական աչեր:
     Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
     Երբ լսում էի մրմունջը լճի
     Ու նայում էի թափանցիկ հեռուն -
     Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
     Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
     Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
     Մեկը կարոտի իրիկնամուտին:
     Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
     Խառնելով հոգիս աստղային մութին ...
    
    
     ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
    
     Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
     Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
     Պայտերը խփում են, խփում են հողին.-
     Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
     նո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
     Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
     Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
     Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...
    
    
     ***

Լուսմփոփի՜ պես աղջիկ

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
     Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
     Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
     Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․
    
     Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
     Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
     Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
     Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․
    
     Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
     Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
     Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
     Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

***
     Ես գալիս եմ ահա: - Նայեցե՛ք, նայեցե՛ք:
     Ես գալիս եմ ահա- դարերից...
     Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
     Ու երգերը ցնդած օրերի:
     Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
     Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն...
     Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
     Ես թաղել եմ թևերս արնաքամ:
     Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
     Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ: -
     -Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, -
     ******ի պեզ ընկած, աղոթքի պես հեզ...

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ
    
     Կա հոգեկան անհունության մի վայրկան,
     Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
     Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
     ՈՒ դառնում են ուղևորները ճամփից
     Դուռս բաց է, դուռս բաց է ձեր համար
     Օ՛, հեռավոր բարեկամներ ու քույրեր,
     Սիրտս վառել է կրակները անմար
     Հին երազները ու կարոտները հրե:
     Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում
     Հավատում էր կարոտակեզ, որ կգաք,
     ՈՒ կլինի հանդիպումի երազում
     Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:
     ա՛խ ես գիտեմ, որ դուք կգաք խնդագին,
     Լույս կվարեք մառախուղում ու մուժում
     ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի,
     Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:

Դարեր շարունակ
    
     Դարեր շարունակ, ժողովուրդ դու իմ,
     Տեսել ես միայն փորձանք ու աղետ, -
     Կարդում ենք միայն գրքերում քո հին
     Վեպեր թախծության, տխրության տաղեր -
     Դառնություններիդ երթը դժվարին
     Գալիս է, հասնում Լենինյան դարին։
     Դարերի անդուլ անցորդ եղար դու -
     Քշված բազմաթիվ ազգերի երթով,
     Քանի՜ երկրակալ, քանի՜ պետություն
     Բարձրացել, տիրել, անցել են հերթով
     Եվ մահ տարածել քո ճանապարհին -
     Դեռ դարեր առաջ Լենինյան դարից։
    
     Ելած պատմության այգերում այն վաղ,
     Երբ Էլամն էր դեռ իր ուղին հարթում -
     Իբրեւ ուրվական մի արնաշաղախ
     Դարերի միջով հասար մի օր դու
     Անփառ վախճանին՝ քո ճանապարհին
     Եվ բացվեց քո դեմ փրկության տարին։

Մարիոնետկա
    
     Կամաց, կամաց, կամաց, կամաց,
     Ոտքերն հողին, հողին, հողին`
     Եկավ-գնաց, եկավ-գնաց,
     Գունատ, դեղին, գունատ, դեղին։
    
     Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
     Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ, ―
     Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
     Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։
    
     Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
     Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
     Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
     Մնաց մի պահ` աչքը մահի։
    
     Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
     Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
     Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
     Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․

Պատահական անցորդին
    
     Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
     Ապրում ենք, կանք, գնում ենք - ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
     Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք
     Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
     Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
     Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
     Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար,
     Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
     Ե՛ս էլ կանցնեմ - տրտում մենակ, - ու կգնամ իմ անծայր
     Երազ - ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
     Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
     Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
     Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
     Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ...

***

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
     Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
    
     Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
     Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
    
     Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
     ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։
    
     Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
     Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։


    

***

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
     Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
     Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
     Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:
    
     Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
     Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
     Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
     Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:
    
     Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
     Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
     Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
     Սրտիս անուշ արտասուքին երկնային շաղ պիտի ասեմ:
    
     Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
     Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
     Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դու էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
     Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:


    

***

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
     Դու հարազա՜տ, սրտիս մոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
     Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
     Ամռան կեսօր դու իմ տոթ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
     Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
     Անուշացած մրգի հոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
     Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
     Եվ իմ սրտով արյունոտ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
     Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
     Ու բերել է մահվան բոթ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...

ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Օ, մանկության պես ծանոթ

Դաշտանկար անեղծ: -

Հարազատ ես, որպես օդ,

Որ շնչել եմ ես: -

Մնացել ես բիբերում

Իմ` ցոլացած ջինջ: -

Եվ չի՛ ջնջում, չի՛ քերում

Քեզ ոչի՛նչ, ոչի՛նչ: -

Հորըս դեմքի պես հանգիստ,

Եվ գոց, որպես հանգույց, -

Ես քեզ հիշում եմ անգիր,

Սերտել եմ մանկուց: -

Հասնում ես պարզ ու պայծառ,

Որպես իրական:

Օ՜, հուշ դարձած, անցած

Գյուղ նայիրական: -

…………………………………………

Վերն` արեգակ մի դեղին,

Վարը` հերկեր տոչոր: -

Եզներն ու մարդը հողի`

Նայիրական ոճով:

Ե՛վ եզները կորավիզ,

Ե՛վ հողագործն հայրենի-

Կարծես հանված կտավից

Մարտիրոս Սարյանի: -

Եվ մաճկալի երգած

Հորովելն` իր մասին…

Կարծես եղել է ներկա

Կոմիտասի դասին…

Դաշտանկա՜ր հայրենի,

Ինձ մանկուց ծանոթ: -

Կյա՞նք ես արդյոք կենդանի,

Թե՞ – ներկ ու աղոթք: -

Ո՞վ է արդյոք ստեղծել

Այդ երկն հանճարեղ, -

Ուր թե կյանք են, թե արվեստ

Եվ մարդ, և արև: -

Եվ ո՞վ է ում կեղծել`

Ո՞րն է իրական…

Արդյոք արվե՞ստն է եղծել,

Թե՞ կյանքը- նայիրական…

Մտերմություն հանճարեղ

Կյանքի ու երգի: -

Օ, ներկ` դարձած արև,

Օ, երգ` դարձած երգիչ: -

…………………………………….

Այն արևն է – ոսկե թաս

Երգի, ներկի, արյան…

Օ, հնչացած Կոմիտաս, -

Օ, գույն դարձած Սարյան…

………………………………………..

4. VI. 1936 Երևան

* * *


    

Օ, լսի՛ր, կրքերի ժանտախտը


    

Կբերի գլխիդ մի օյին. –

Դու գիտե՜ս, գիտե՜ս, որ բախտդ

Նման է բախտին Վիյյոնի:

Դու, ճիշտ է, ճամփեքի վրա

Ոչ ոքի դեռ չես թալանել

Եվ դեռ չեն Վիյյոնի նման

Քեզ փորձել կախաղան հանել –

Բայց գիտե՞ս, գիտե՞ս հո ինքդ,

Թե կյանքում այս պարզ ու վճիտ,

Որքա՜ն է երազել քո սիրտը

Թե արյուն, թե մահ, թե ոճիր…

Հո գիտե՞ս, թե սրտում քո մութ,

Խոհերում քո խրթին ու անել

Ինչքա՜ն ես դու դաժան ու անգութ

Երազանքներ սնել:

Քեզ քաշում է, քաշում է այն անհունը,

Որ տանում է միշտ դեպի մահ, -

Եվ սև՛ է արդեն քո անունը

Կախաղանի նման…

Հիշո՞ւմ ես` ինչքա՜ն էր քեզ մոտիկ

Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն հարազատ

Մահապարտ այն մարդկանց հոգին,

Այն մարդկանց աշխարհը երազած, -

Եվ ինչքա՜ն էիր դու սիրում,

Այն մթին զնդանում նստած –

Արկածները նրանց ու հեռուն

Եվ վիճակը նրանց անհաստատ…

Օ, քե՛զ էլ է մահն օրորել

Եվ քո էլ օրերի միջով

Անցել են, որպես ուրուներ –

Ե՛վ Մաչոն, և՛ Խուժան Խաչոն.

Դու հիմա սիրում ես հիշել

Ցնորքները նրանց մահածին,

Բայց գիտե՞ս, որ մթին մի գիշեր

Այդ տխուր մարդկանց խփեցին…

Եվ դժվա՛ր թե, դժվա՛ր թե դու է՛լ

Այդ տխուր վախճանից խուսափես, -

Միայն թե ես հիմա չգիտեմ`

Քեզ կախե՞ն պիտի, թե՞ խփեն…

Ես կարծում եմ – լավ է կախեն.

Իհարկե, օդում դու մի քիչ

Ոտներով պիտի խարխափես

Եվ անձայն ճչաս… Եվ թեկուզ

Ձգվելու է մարմինը քո նեղ,

Փոխվելու է երգեցիկ լաթի, -

Բայց գիտե՞ս – կախվածները գոնե

Լեզու են հանում աշխարհին…


    

1929. 2. VII Կիսլովոդսկ

Սոնետ


    

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։

Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։

Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝

Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։


    

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,

Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։

Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,

Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։


    

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —

Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում


    

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։

Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում

Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —

Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
    
    
    
    

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
     Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
     Արնանման ծաղիկների ու վարդերի բո՜ւյրը վառման,
     Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՜րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
     Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
     Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
     Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՜րն եմ սիրում:

Ուր է՜լ լինեմ — չե՜մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
     Չե՛մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
     Ինչքան էլ սո՛ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
     Էլի՜ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՜րն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՜չ մի ուրիշ հեքիաթ չկա.
     Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
     Աշխա՜րհ անցի՜ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
     Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՜րն եմ սիրում:
    
    
    

Հիդըս խոսի, մի կենա խռովի պես,
     Տալղա տվիր, գեմիս տարար ծովի պես.
     Կու մեռնիմ — չիս տեսնի Սայաթ — Նովի պես ...
     ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

***

Ինչքան nr հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
     Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ. —
     Բոլո՛րը տամ ու նվիրեմ, ինձ ո՜չ մի հուր թող չմնա`
     Դո՛ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլորը քեզ ...


    

***

Ամռան անուշ, հուրհրատող տո՜թ ես, ջան, —
     Նախշուն` նռան ու նարնջի հո՜տ ես, ջան.
     Երբ խստադեմ ի՜նձ ես նայում դու հանկարծ —
     Ասես սրտիս մահվան դաժան բո՜թ ես, ջան...
    
    
    

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
     Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
     Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
     Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
     Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
     Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
     Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
     Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
     Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
     Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
     Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
     Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:
    
    
    

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
     Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
     Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
     Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
     Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
     Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես, —
     Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, — երգս ուրախ պիտի ասեմ։

Աշխարհը մե բաղ է, գոզալ, — նստել ես դու բաղի մեջը,
     Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
     Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը—
     Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
     Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
     Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, —
     Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։
    
    
    

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
     Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
     Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
     Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
     Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
     Հարբած՝ խալխի նոքար դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
     Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
     Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
    
    
    

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
     Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
     Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
     ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
     Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
    
    
    

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
     Սիրեկանը էլի յարին կմնա։
     Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
     Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
     Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
     Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
     Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
     Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
     Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
     Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
     Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
     Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
     Գերեզմանիս մարմար քարին կմնա։
    
    
    

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
     Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ մրգեր ըլին շարած
     Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
     Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
     Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜յ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
     Ամեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։
    
    
    

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
     Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
     Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
     Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի, —
     Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
     Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
     Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ, —
     Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։
    
    
    

Հիմի շատ են երգիչները — հոգու ուզած տաղը չկա,
     Ամենայն տեղ խնդություն է` սրտի ուզած խաղը չկա,
     Ուր ոտ կոխես — բաղ է հիմի, շահնշահի բաղը չկա,
     Ման եմ գալիս քուչա-քուչա — սիրեկանի թաղը չկա:

Ես ո՞ւմ ասեմ երգս հիմի` ոչ դու կուզես, ոչ էլ յադը,
     Թեկուզ անուշ տաղերիցս չէ հեռացե Ասսու մատը.
     Ոչ-ով ուզեց ականջ դնի, իմանա սրտիս գանգատը՝
     Ուզում եմ սիրտս հովանա` արտասուքի շաղը չկա:

Ասում եմ թե` թողնեմ սազը, ամենքի պես մարդ ըլիմ ես,
     Թե որ վարդ եմ — փուշ ունենամ, անհասնելի վարդ ըլիմ ես,
     Դուշմանի հետ դուշման ըլիմ, վատերի հետ վատ ըլիմ ես,
     Որ ինձ կարոտ ամեն անգամ ասեն` սուփրի աղը չկա:

Մարդիկ են փուչ ու բեդամաղ — աշխարհը լեն, լավ է, Չարե՜նց,
     Մարդու խոսքը մարդու սրտին անհանգչելի ցավ է, Չարե՜նց,
     Ականջ արա ազդու խոսքիս` ասում եմ թե բավ է, Չարե՜նց,
     Քեզ չեն սիրի, քանի որ քո սրտի տված դաղը չկա:
    
    
    

Էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու թաս էին,
     Մազերդ օսկի — աբրեշում, աչքերդ ալմաս էին:

Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
     Արևը խաղում էր վրեդ` հագիդ շորերը խաս էին:
     Մե աչքով վրես նայեցիր, ասի թե` սիրով է էլի.
     Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին:

Ասի թե` ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝
     Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:
    
    
    
    

Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս`
     Զանգի նման անուշ, հալա՜լ ես, գոզալ:
     Ինչքան գարուն բացվի — դու հետն ես գալիս՝
     Գարնան ջրի նման վարար ես, գոզա՜լ:

Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի,
     Անունիդ ո՜ւխտ ըլիմ աշխարհում հիմի,
     Ասես թե` թո՜ւղթ ըլիմ աշխարհում հիմի —
     Գարնան քամու նման տարար ես, գոզա՜լ:

Չես հասկանա իսկի, թե ի՞նչ ես արե.
     Հազար մարդ ես էշխից գերեզման տարե.
     Էշխդ օսկե գրիչ, սիրտս դա՜վթար է —
     Արնե գրով գրած զարա՜ր ես, գոզա՜լ:
    
    
    

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
     Ետ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ ու կերթամ:

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
     Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ:

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
     Քամուն կտամ, կմոռանամ ամեն մե հարց — ու կերթամ:

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
     Կմոռանամ... կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ:

Կյանքիս նման հեռո՛ւ մարդիկ, անանուն ու անծանոթ,
     Ձե՜զ կթողնեմ երգերս այս` կյանքս երազ — ու կերթամ:
    
    
    

Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում.
     Մոռցել եմ էշխիդ անունը, հարցնողաց` վերք եմ ասում:

Էշխդ հին յարա է, գոզալ, վառվում է կրակի նման —
     Ու էն յարեն տվող ձեռքին շահնշահի ձեռք եմ ասում:

Գանգատ չունեմ սրտիս միջին. սիրեկան պատկերքիդ նման
     Սիրում եմ սրտիս մոխիրն` անմահական բերք եմ ասում:
    
    
    

Ինչքա՛ն կանչես ու տաղ ասես, խելքի արի՝ բա՜վ է էլի, —
     Առանց անգին գոզալի էլ աշխարհը լեն, լավ է էլի:

Ինչքան էլ խաս, ատլաս հագնի, երեսը ալ, գոզալ անի —
     Աքլորների հոգի հանող սիրեկանդ հա՜վ է էլի:

Ինչքան էլ ֆանդ, զար ունենաս, ինչքան էյթիբար ունենաս`
     Սիրող սիրտը ծովըն ընկած անօգնական նավ է էլի:

Թեկուզ սիրի, գիրկդ ընկնի, դնես օսկե ղափազի մեջ —
     Կնկա էշխը հոգի հանող անհանգչելի ցավ է էլի:

Վա՜յ քեզ, Չարենց, լա՜վ իմացի, խելքդ թող միշտ գլխիդ մնա`
     Ամենասուրբ խոսքը կնկա արյունաքամ դա՜վ է էլի:
    
    
    

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը, —
     Վզին` վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը:

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
     Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը:

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի պես՝
     Շրթերը խաս ու ա՜լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը:

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ` ջա՜ն ես, Էլի՜, —
     Դեմս կեցած մե սա՜ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը:

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես`
     Անմահական մե յա՜ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը:
    
    
    

Բախչովն անցան, բույր շնչեցին, ափսոս, որ վարդը չտեսան,
     Չոր ու դատարկ տեսքով տարված` հոգեկան, բարդը չտեսան:

Երգիս ձայնին մեջլիսն եկան, ու անտարբեր անցան նորից՝
     Սրտիցս իրենց սիրտը գցած հոգեղեն կարթը չտեսան:
     Եղա ինչպես ամառվա արտ` քանի դեռ սիրտ կար ու կրակ`
     Ցողունների օսկով տարված՝ անսահման արտը չտեսան:

Քո՜ւյր, սիրեկան, օտար մարդիկ, բարեկամ ու անծանոթ
     Մոտովս անցան՝ տաղերիս տակ կենդանի մարդը չտեսան:
    
    
    

Շրթերդ կրակով լիքը օսկեջրած չինի են, ջա՜ն,
     Խոսքերդ դրախտի խմիչք` անմահական գինի են, ջա՜ն:

Էսօր տնում սուփրա ունեմ` էշխիցդ քե՜ֆ պիտի անեմ.
     Ի՞նչ կըլի որ օթախս գաս — ու մե անգամ լինի էն, ջա՜ն:

Փռել եմ խաս խալիչեքը, վրեն ծաղիկ ունեմ շարած`
     Ոտքիդ կարոտ սպասում են — շահնշահի, խանի են, ջա՜ն:

Աչքերս թող կրակ ըլին քո սուրբ չրաղվանի համար.
     Դափ ու զուռնեն հազրել եմ` մտքերդ ի՞նչ բանի են, ջա՜ն:

Կուզես՝ հոգիս ճամփա անեմ, սիրտս դնեմ ոտքերիդ տակ`
     Սրտիցս արյուն է հոսում — ինչ որ ուզես կանի էն, ջա՜ն:
    
    
    
    


     Հազար ու մե գիրք կարդացի — խելացի գիրք չտեսա,
     Հազար կնկա գիրկն ընկա — սիրեկան գիրկ չտեսա:

Հասա մինչև Ֆռանգստան, երգ ու տաղեր լսեցի —
     Սայաթ-Նովի ձիրքի նման երկնային ձիրք չտեսա:

Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի`
     Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա:

Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի —
     Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա:

Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի —
     Բաղերն ընկա` քեզնից անուշ ու հասած միրգ չտեսա:
    
    
    

Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի.
     Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:
     Կարոտ եմ սուլթանի, սիրեկան խանի —
     Անուշ է քո էշխի բերածը, գոզալ:

Սրտիս համար անուշ երազ ես հիմի,
     Քնիս մեջը տված մուրազ ես հիմի,
     Հեռու ես — Վարդստան, Շիրազ ես հիմի`
     Չի՜ լավանա էշխիդ էրածը, գոզալ:

Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի.
     Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:
     Էշխդ թող թուր ըլի, իմ սիրտն հանի —
     Անո՛ւշ կենա սրտիդ սիրածը, գոզալ:
    
    
    

Էսօր մեր փողոցով անցար — շրթերդ գինու թաս էին,
     Մազերդ օսկի — աբրեշում, աչքերդ ալմաս էին:

Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
     Արևը խաղում էր վրեդ` հագիդ շորերը խաս էին:
     Մե աչքով վրես նայեցիր, ասի թե` սիրով է էլի.
     Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին:

Ասի թե` ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝
     Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:
    
    

Հայաստանին

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՜ կտեսնես,
     Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Աշնան քաղած արտի նման` հազա՛ր զոհերի
     Չհավաքած բե՜րք ես տեսել — էլի կտեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
     Հազա՛ր տարվա հերք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան —
     Ինչքա՛ն հանճար, խելք ես տեսել — էլի՜ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՜ր Հայաստան,
     Հազա՛ր ու մե ե՜րգ ես տեսել — էլի՜ կտեսնես:
    
    
    

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
     Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
     Արնանման ծաղիկների ու վարդերի բո՜ւյրը վառման,
     Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՜րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
     Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
     Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
     Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՜րն եմ սիրում:

Ուր է՜լ լինեմ — չե՜մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
     Չե՛մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
     Ինչքան էլ սո՛ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
     Էլի՜ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՜րն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՜չ մի ուրիշ հեքիաթ չկա.
     Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
     Աշխա՜րհ անցի՜ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
     Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՜րն եմ սիրում:
    
    
    

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


     Ա .
     Հայրենի երգն ես դու մեր՝
     Վերադարձած հայրենիք: -
     Դեմքիդ տանջանքն է դրել
     Անագորույն մի կնիք: -
     Եվ հանճարի հեռակա
     Հուրն է հանգչում ճակատիդ,
     Ինչպես մարող ճառագայթ
     Արարատի գագաթին: -
    
     Բ .
     Հայրենի ե ´ րգն ես դու մեր
     Հալածական, ինչպես ամպ,
     Որ քամիներն են ցրել
     Եվ տարիներն ապստամբ: -
     Ժողովրդի հանճարեղ
     Սրտով երկնած ձայն ու շունչ,
     Որ բարբառել ես դարեր
     Օտարության մշուշում:
    
     Գ .
     Առանձին ձայնն է ինչպես
     Դառնում հնչյուն հայրենի -
     Դաշնութէան մէջ լոկ հնչեղ
     Հայրենական ձայների, -
     Այդպես մեր հին դաշնության
     Ով մարգարէ տարագիր, -
     Դու գտանում ես ահա
     Ե ´ վ ժողովուրդ, և ´ երկիր:
    
     Դ .
     Հայրենի երգ մեր վսեմ,
     Հազարամյա՜ մեր հանճար, -
     Լոկ ժողովո ' ւրդն է հյուսել
     Քո դաշնությունը պայծառ, -
     Քեզ ժողովո ´ ւրդն է խոնարհ
     Տառապանքով իր ծնել,
     Իր աւյունով պահել վառ,
     Իր ոգու մէջ ընդունել .. .
    
     Ե .
     Քեզ ժողովո ' ւրդն է չարքաշ
     Իր բորբ շնչով տվել շունչ, -
     Ո ´ չ մի իշխան կամ արքա
     Քեզ չի ´ պահել իր նաշում: -
     Թեէ ´ հայրենի, թե ´ օտար
     Տիրողների համար միշտ
     Եղել ես - ձա ´ յն որոտան,
     Եվ հա ´ ր օտար, և ուրի ´ շ: -
    
     Զ .
     Դու աշխատա՜նքն ես երգել
     Եվ քրտինքը մաճկալի, -
     Անջու ´ ր հանդեր ու հերկեր,
     Սիրո երգեր անձկալի ...
     Դու պանդուխտի տարագիր
     Սիրտն ես երգել կարոտող՝
     Անհայրենիք արագիլ՝
     Կապված հուշի նարոտով: -
    
     Է .
     Հնչյուններ ես հավաքել
     Հէնքի համար քո երգի
     Դու՝ հանդերից մահաբեր
     Հայրենական եզերքի, -
     Եվ հայրենի հանդերի
     Մրմունջներից չմարող
     Հյուսել ես երգ անթերի
     Սերունդների համար նոր: -
    
     Ը .
     Դու երգել ես միայն ճորտ
     Ժսղովրդի համար մեր
     Երգեր՝ կյանքի նման խոր
     Եվ զրկանքի նման վեհ: -
     Եվ երգերում քո անհուն -
     Ժողովրդի սրբազան
     Սե ´ րն է միայն վեհանում
     Եվ աշխատանքը դաժան: -
     Թ .
     Դու երգել ես միայն բորբ
     Ժողովրդի սրտում մեր
     Վառվող ցնորքն անհողդողդ՝
     Իր գալիքի մասին վես: -
     Հայրենիքի՜ մասին նոր,
     Կյանքի, որ հաշտ ու ազատ -
     Ծնվելու է արյունով
     Եվ զոհերով սրբազան .. .
    
     Ժ .
     Քո ժողովո ' ւրդն է խոնարհ
     Քո երգերում անրջել՝
     Իր կյանքի տենչն անհնար
     Եվ սիրո շունչը հնչեղ: -
     Խաղաղությունն հաշտ ու սուրբ՝
     Տանիքների վրա մեր, -
     Եվ սիրո խոսք ու շշուկ,
     Հասկերի երգ ու համերգ .. .
    
     ԺԱ .
     Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
     Երգը՝ երկրում մեր անշող -
     Տանիքների վրա մեր
     Եվ սրտերի ղողանջող:
     Կարկաչում էր նա հուշիկ,
     Մինչև խորշակն այն դաժան
     Հու՜շ դարձրեց ու փոշի
     Երկիր ու երգ սրբազան .. .
    
     ԺԲ .
     Քեզ չմնաց անգամ քո
     Հայրենի հող կոչւող սև
     Այն հեռաստանն արնակոխ
     Որ քո ցնորքն էր լուսե:
     Քեզ չմնաց անգամ ժանտ
     Այն արեգակն հայրենի,
     Որ ավելի ´ էր դաժան,
     Քան թշնամին վայրենի ...
    
     ԺԳ .
     Քեզ չմնաց անգամ քո
     Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
     Որ, ինչպես եզ գլխիկոր,
     Տքնում էր լուռ ու չարքաշ, -
     Սև զրկանքում մտորող
     Քո ժողովո ' ւրդն անգամ հեզ,
     Որ լոկ հացի ու սիրո
     Հոյզերո ´ վ էր սնում քեզ .. .
    
     ԺԴ .
     Քո ժողովուրդը չարքաշ,
     Հազարամյա զրկանքով,
     Հազա՜ր սրով զարկած հար՝
     Մարտիրոսյա՜լ իր կյանքով -
     Իր եզերքում հայրենի
     Հազիվ գտած հող մի բուռ -
     Քշվե ´ լ է հար իր բնից,
     Իր խրճիթից ընդհանուր .. .
    
     ԺԵ .
     Քեզ չմնաց անգամ քո
     Հայրենիքում դեռ աճած՝
     Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
     Կամ թոնիրում թխած հաց ...
     Գերի երկրում քո անթով
     Անգամ մի մա ´ յր, որը քեզ
     Սնե՜ր անգին իր կաթով
     Եվ հավատով իր փրկեր .. .
    
     ԺԶ .
     Չար ուրագան մի շաչող,
     Դաժան մրրիկ մի ահեղ -
     Քշեց շյուղի նման չոր,
     Հողմի նման խելահեղ, -
     Եվ տերևներ ինչպես հին՝
     Ծառից ընկած ու անկյանք -
     Քշեց երախը մահի
     Թե՝ մայրերին, թե ´ մանկանց ...
    
     ԺԷ .
     Զարհուրելի եռանդով,
     Ինչպես քաղցած մի գազան -
     Սրբեց կամքով մի քանդող
     Երկիր ու տուն սրբազան ...
     Լափեց եզերքը քո հին՝
     Ե ´ վ ժողովուրդ, և ´ վաստակ,
     Եվ անապատ ամայի
     Դարձավ երկիրն Հայաստան .. .
    
     ԺԸ .
     Ինչպես գրքից պոկված թերթ,
     Կամ չորացած արտի շյուղ,
     Նետված հողմով այն անեզր
     Մահվան քամուն ու փոշուն,
     Դու՝ հանճարի նման մեր՝
     Հազարամյա ուրվական՝
     Դարձար տերև մահամերձ,
     Քշված ոգի ու վկա .. .
    
     ԺԹ .
     Հողմով տարված ինչպես շյուղ, -
     Ուղիներում դու տեսար
     Հրաճարակ կյանք ու խուղ,
     Եվ ժողովուրդ հրկիզած: -
     Ինչպես մահո ´ ւ մանգաղով, -
     Տեսար գյուղե՜ր դու հնձած, -
     Այս ժողովո ´ ւրդն էր քո ողջ,
     Որ քեզ տվեց երգի ձայն .. .
    
     Ի .
     Եվ արդեն խո՜լ դարձած հողմ,
     Խուղերի ծուխ ու փոշի՝
     Քշված ձեռքով անողորմ
     Զարհուրելի մի ուժի, -
     Խելակորույս քո ոգին
     Դո ´ ւրս շպրտվեց երկրից հար, -
     Եվ թափառեց տարագիր,
     Իբրև մեռա՜ծ երգի բառ:
    
     ԻԱ .
     Վիթխարի եզ մի ինչպես՝
     Սովից տոչոր՝ հանկարծ գա,
     Լիզե մի ողջ ոսկի դեզ
     Եվ չթողնի հե ´ տք անգամ, -
     Այդպես աղետն այն զարհուր
     Անցավ բարձրիկ քո դաշտից, -
     Եվ դաշտն ամբողջ դարձավ մու ´ ր,
     Ինչպես արտը երաշտից: -
    
     ԻԲ .
     Հալածակա՜ն, որպես քո
     Ո ´ ղջ ժողովուրդն այն պահին -
     Խելակորույս քո ոգով
     Չտրվեցի՜ր դու Մահի ...
     Ո ´ չ, - չմեռա ´ ր այնժամ դու,
     Այլ սարսափից խելագար՝
     Երազեցիր դառնալ տուն,
     Որ աշխարհում էլ չկար .. .
    
     ԻԳ .
     Եվ՝ սարսափից խելագար
     Ե ´ վ գզգզված, և ´ բոկոտն
     Մահվան սքեմ դու հագար
     Եվ սնվեցիր քո ոգով: -
     Բայց քո ոգին չքամեց
     Եվ չէ ´ ր կարող քամել ժանտ
     Այն զոհերի մեծամեծ
     Արյունը սուրբ ու անչափ .. .
    
     ԻԴ .
     Անհնարին էր, վարպետ,
     Որ քո ոգին ստեղծող
     Հղիանա՜ր ու արբեր
     Ավյունով ժանտ ու խոցող ...
     Անհնարին էր, որ քո
     Երգի ոգին հանճարեղ
     Նայիրական իր երգով
     Այնժամ երգեր մի արև ...
    
     ԻԵ .
     Անհանգրվան, ինչպես նոր,
     Հալածական Արքա - Լիր՝
     Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
     Անէացած մի երկի ´ ր, -
     Զգեցած մահ ու սարսափ,
     Տեսած և ´ ահ, և ´ դժոխք, -
     Ինչպես կարող էր անսալ
     Ոգին քո կյանք ու ցնորք .. .
    
     ԻԶ .
     Քո հին սրինգը գրկած,
     Իբրև մանուկ մի ազատ,
     Որ դեռ պահում է երգած
     Երգերիդ շունչն հարազատ, -
     Քո այդ եղեգն երգեցիկ
     Հեռու ափեր դու տարար,
     Բայց դու երբեք չերգեցիր
     Նրանով - ե՜րգ փրկարար .. .
    
     ԻԷ .
     Անհանգրվան տարվեցիր
     Երկրից - երկիր, որպես մերկ,
     Անհայրենիք մուրացիկ,
     Որ հացի տեղ - ունի ե ´ րգ: -
     Բայց չլսեց ոչ ոք քեզ,
     Քեզ ոչ մի սիրտ չգթած, -
     Միայն քամին մորմոքեց,
     Միայն անձրևն իջավ ցած .. .
    
     ԻԸ .
     Եվ ափերում այն օտար,
     Ուր քեզ նետեց հողմը սև -
     Դու ունկնդիր չգտար,
     Իսկ պատահմամբ թե լսեց
     Քեզ մի անցորդ կամ մոլոր
     Մի ուղևոր ահաբեկ, -
     Տեսար, որ նույն հողմերով
     Քշվածներ են նրանք հեք ...
    
     ԻԹ .
     Նրանք՝ իրենք - տարագիր,
     Իրենք՝ և ´ որբ, և ´ անճար -
     Ունկնդրում են քո երգին,
     Որ երազեն ու տենչան, -
     Որ՝ բռնելով քո թելից
     Իրենց սրտով կարոտող
     Դառնան երկիրն այն էլի,
     Գոնե հուշով փարատող .. .
    
     Լ .
     Ինչ պիտի տար սրտին քո,
     Քո հանճարին որբացած
     Նրանց անհող արցունքով
     Ցողված ոգիդ նրբաձայն ...
     Հեռու երկրից քո այն վառ,
     Ժողովրդից՝ դարձածհուշ -
     Ո՞նց քո ոգին որոտար
     Կարոտանքից նրանց ուշ .. .
    
     ԼԱ .
     Որքան էլ պիրկ նա լիներ՝
     Ստեղծագործ քո ոգին -
     Ո՞ր դաշտերում նա հիներ
     Երգն իր անմահ մորմոքի ...
     Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
     Հող չի ´ հաճախ ճանաչում, -
     Բայց սե ´ րմն հոգու - միայն իր
     Հայրենիքում է աճում .. .
    
     ԼԲ .
     Ամայացա՜ւ քո ոգին,
     Ինչպես անջուր հանդի հող,
     Եվ մազերին քո չոքեց
     Ձմեռ ու ձյուն անողոք: -
     Եվ գետնահար, որպես ծառ`
     Պոկված հողմով կատաղի -
     Բեկվեց ոգին քո պայծառ`
     Առանց բույրի ու շաղի: -
    
     ԼԳ .
     Քո հեռավոր երկրի ջեռ
     Արոտների նման ա ' յն,
     Որ դարձրեց սև մի ձեռք
     Հերկ` խորշակյալ և ունայն, -
     Խորշակյալ դաշտ դարձավ չոր
     Այդպես ոգի ' ն քո հնչեղ,
     Որ ո ' չ արև կենսաշող,
     Ոչ յույսի շող չշնչեց: -
    
     ԼԴ .
     Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
     Քո մազերին զառամյալ, -
     Եվ` հալածված ոսոխից`
     Երազեցիր միայն մահ ...
     Զառանցանքի մէջ զարհուր
     Երազվեցին քեզ հեռվից -
     Հրդեհ ու ջարդ ընդհանուր
     Եվ գլխատում արևի ...
    
     ԼԵ .
     Ապա խավար իջավ խոր
     Եվ հանճարեղ քո ոգում
     Փռվեց գիշեր ու ժխոր,
     Եվ մտքի մուժ բորբոքուն .-
     Եվ տարինե՜ր անցան սին,
     Եվ քո ոգին խելագար
     Կիզվեց հուրո ´ վ այն զազիր,
     Մինչև գիշեր վերջին գար: -
    
     ԼԶ .
     Ո՜վ հարենի մեր երգի
     Հրե հանճար տառապած,
     Դու չտեսա՜ր քո երկրի
     Արշալույսը փառապանծ ...
     Իբրև աճյուն դու եկար,
     Իբրև մեռա՜ծ տարագիր, -
     Հին դաշնության դու վկա
     Եվ առաջին քարակիր ...
    
     ԼԷ .
     Անհանգրվան, ինչպես մի
     Տերև, պոկված իր ծառից՝
     Քեզ վտարեց մի քամի
     Քո հայրենի աշխարհից, -
     Եվ քո ոգում՝ հայրենի
     Հուշն արյունով նա նշեց -
     Զառանցանքով արյունի՝
     Հորդած կարմիր մի գիշեր .. .
    
     ԼԸ .
     Ճի ´ շտ է վարպետ: - Քո ոգուն
     Իջած մուժի ´ նման մառ -
     Եվ հալածող մահաթույն,
     Եվ խավարի պես խավար, -
     Այն օրերում մեր երկրի,
     Մեր աշխարհի ´ վրա ողջ -
     Իջել էր սե՜ւ ավերքի
     Զարհուրելի մռայլ քո ´ ղ .. .
    
     ԼԹ .
     Այն օրերին արդեն մեր
     Ողջ աշխարհում համարյա՝
     Նստե ´ լ էր սև, ինչպես նեռ,
     Մեր սև ոսոխն հնօրյա, -
     Ինչպես բերքի տեղ հանդի՝
     Հնձեն թուփեր վարդենի, -
     Այդպես մահու գերանդին
     Հունձն էր արել արդէն իր: -
    
     Խ .
     Ո ´ ղջ աշխարհում արդէն մեր,
     Ծայրեիծայր համարյա
     Կենդանի հունտ էր ինչ դեռ
     Պարտեզներում հնօրյա
     Եվ՝ ամենից առաջ՝ ինչ
     Բողբոջ ու ծի ´ լ էր ոգու՝
     Որ շյուղ անգամ էլ չաճի -
     Հնձել էր ձեռքն ահարկու: -
    
     ԽԱ .
     Վերջին հողի վրա լոկ,
     Վերջին քարին հայրենի,
     Ցցված կղզու նման շող՝
     Օվկիանում արյունի, -
     Վերջին քարի վրա այդ,
     Դեռ մնացած անողող՝
     Զառանցում էր հուսահատ
     Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ
    
     խԲ .
     Զառանցում էր կիսամեռ
     Ժողովրդի մեր մի բուռ
     Մնացորդը, որ չուներ
     Էլ փրկության կարծես դուռ: -
     Հորդաներով ամեհի
     Շրջապատված ու ողող՝
     Տերն էր նաև " հայրենի "
     Քշում անդունդն անողոք .. .
    
     ԽԳ .
     Ինչպես մարդկանց նավաբեկ՝
     Կառչած լաստին մոտեցող -
     Ծովահէնն է հրում լերկ
     Մոլեգնությամբ դեպի ծով .-
     Ժողովրդի ինչպես մեր
     Բեկորները այդ չնչին .-
     " Հայրենական " տերն էր դեռ
     Հրում անդունդը վերջին .. .
    
     ԽԴ .
     Փորձանքներից հարատև
     Արդեն կորած, անուղի,
     Այդ շյուղն անգամ մահամերձ
     Ժողովրդի ու հողի, -
     " Իր " տերերի ձեռքով սև,
     Որպես դիակ՝ կրծքին քար -
     Պիտի սուզվեր վերջապես, -
     Թե փրկությունը չգար ...
    
     ԽԵ .
     Բայց փրկությունը եկավ
     Խոր խավարում, ինչպես լույս
     Արեգակի հեռակա,
     Որ ճառագում է վերուստ ...
     Որպես հրա՜շք նա եկավ,
     Որպես որո ´ տ շառաչեց,
     Խնդությունից խելագար,
     Մի փրկչի ´ պես փառաճեմ .. .
    
     ԽԶ .
     Մեզ հայրենի տվեց հող,
     Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
     Դաշտ՝ արգանդում իր պահող
     Հանճարի հունտն արևկա,
     Հանճարի հուրը այն որբ,
     Որ դարերից մինչև մեր
     Այս օրերը հրաբորբ
     Երգն է երկնել մեր անմեռ .. .
    
     ԽԷ .
     Եվ եզերքում մեր նորոգ,
     Հայրենիքում ահա մեր
     Արդ ողջունոմ ենք սիրով
     Քո վերադարձը վարպե՜տ: -
     Իր տարագիր հանճարի
     Վերադարձն է տոնում արդ
     Ժողովուրդը քո արի
     Հայրենիքով իր անպարտ: -
    
     ԽԸ .
     Հազարամյա ճորտ անհող
     Իմ աներկիր ժողովուրդ,
     Էլ չկա քեզ կործանող
     Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ .-
     Եվ հնամյա իր երգով
     Գիրկն է դառնում քո անմահ -
     Ահա քո շուրջը երգող
     Քո ձայնապետը անմահ: -
    
     ԽԹ .
     Վերադարձել է ահա
     Քո հայրենիքը ազատ,
     Մեռած սրտում քո պահած
     Նրա փոշին սրբազան .
     Գուրգուրեցի՜ր այն խավար
     Զառանցանքում քո անդուռ,
     Բայց չբացվեց քեզ համար
     Դարձի շավիղ դէպի տուն .. .
    
     Ծ .
     Հալածական երգ մեր հին,
     Հանճարեղ ձայն դու մեր որբ, -
     Դեմքիդ կնիքը մահի,
     Բայց միշտ անմահ ու միշտ բորբ .-
     Չորս ծայրերում աշխարհի
     Ինչքան եղար դու խաչված,
     Մինչ հայրենիք դառնայիր՝
     Նոր պայքարում նվաճված .. .
    
     ԾԱ .
     Օ՜, հնամյա դու մեր յույս՝
     Ոգու զրույց դու մեր հին,
     Որքան զրկանք ու կորուստ
     Եվ լուսե զոհ մենք բերինք -
     Մինչ այս դարձի համար քո,
     Ե ´ վ հայրենի, և ´ ազատ -
     Այլ պայքարով ու երգով
     Հիմնեցինք հող հարազատ: -
    
     ԾԲ .
     Եվ չգիտեմ ես՝ արդյոք
     Կա՞ աշխարհում մի այլ երգ,
     Որ քո երգի նման խոր,
     Եվ արնաթոր, ինչպես վերք -
     Ժողովրդի սրտում իր
     Տարիներով որբացած
     Լինի այնքա՜ն մտերիմ,
     Որքան ուղին՝ նոր բացած:
    
     ԾԳ .
     Եվ չտեսար, ո ´ վ երգիչ,
     Այս հայրենիքը նորոգ,
     Որն իբրև մայր ամոքիչ
     Արևային իր սիրով
     Բուժեր քո սիրտը խոցված
     Սև տեգերով անցյալի,
     Դափնեպսակ դներ պարզ
     Քո ճակատին պանծալի:
    
     ԾԴ .
     Իբրև աճյուն դու եկար
     Քո հայրենիքը, որ քեզ
     Հուշ էր թվում սրբացած,
     Մեռած զրույց, որ որպես
     Արդեն անդարձ, կորած հեք,
     Ննջած մի այր՝ դրած հող, -
     Չի ´ բարձրանա էլ երբեք,
     Որ արևի ըմպե շող .. .
    
     ԾԵ .
     Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ,
     Բեկված հոգին երազել,
     Որ դառնալու ես մի օր
     Քո հայրենիքը վսեմ,
     Որ պիտի շուրջդ բուրի
     Սերն ու գգվանքը մեր այս
     Եվ Չարենցը համբուրի
     Քո շրթունքները մեռած .. .
    
     ԾԶ .
     Բայց հայրենի երկրում քո,
     Մայր քաղաքում նրա հին,
     Պատվանդանի վրա նոր
     Եվ սրտերի վրա հիր՝
     Ահա մարմինը քո սուրբ,
     Իբրև մասունք զմռսած՝
     Բարձրացել է վեհաշուք
     Եվ բարձաբերձ՝ իբրև սար ...
    
     ԾԷ .
     Սեր է բերել և գորով
     Քո ժողովուրդն ահա քեզ -
     Քո հնօրյա երգերով
     Օրորելով սիրտդ կեզ .-
     Սիրտդ տանջանք տեսած լոկ
     Եվ չարչարանք կրած հեզ, -
     Ահա քեզ փա՜ռք երգելով՝
     Այնքան հպարտ ենք արդ, տե ´ ս .. .
    
     ԾԸ .
     Կարոտով խոր իբրև վերք
     Եվ երկյուղով սրբազան -
     Խոնարհվել եմ ահա ես
     Աճյունիդ դէմ երգաձայն, -
     Սիրտն ու հոգին իմ ահա
     Նույն ափսոսանքն են հորդում՝
     Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
     Որ չտեսար քո որդուն .. .
    
     ԾԹ .
     Կարծես տեսել եմ ես քեզ,
     Մանկությունից մինչև մահ
     Դեգերել եմ կարծես ես
     Ուղիներում այն ամա, -
     Բռնած քո ձեռքը դողդոջ,
     Հանուն ջրի ու հացի՝
     Դեգերել եմ որպես գող՝
     Կույր իմ հոր հետ մուրացիկ .. .
    
     Կ .
     Այդպես բռնած ձեռքը ծեր
     Հալածական իմ հոր՝ ես
     Հաց եմ լեղի մուրացել
     Հեռուներում աղեկեզ .-
     Ցուրտ բակերում ժամերի
     Հիվանդ հոր հետ իմ պառկած՝
     Երազել եմ ես մեր հին
     Տունն հեռավոր, ինչպես հաց ...
    
     ԿԱ .
     Եվ հեռավոր մի ժամի
     Պատերի տակ ցրտահար՝
     ես առաջին անգամ ինձ
     Երջանիկ եմ տեսել, հա ´ յր: -
     Հա՜յր, առաջին անգամ ես
     Կյանքում ժպիտ տեսայ քո
     Շրթունքներին, երբ որ քեզ
     Մի բաժակ թէյ տվի գոլ .. .
    
     ԿԲ .
     Հետոյ փակել եմ հոգնած
     Քո աչքերը՝ ընկած խոր, -
     Եվ քարերին այն պառկած՝
     Ննջել կողքին մեռած հոր: -
     Առավոտյան իմ մռայլ,
     Իմ մեռած հոր դեմքին ցուրտ -
     Երանության անայլայլ
     Ժպիտն էր նույն հանգչում լուրթ .. .
    
     ԿԳ .
     Եվ հողմերին հեռավոր
     Տալու մարմինը քո հայր,
     Կարո՞ղ էի ես արդյոք
     Զառանցանքում անգամ վառ -
     Օ՜, երազել անգամ լույս
     Վերադարձիդ մասին այս, -
     Որ հայրենիք ես գալու,
     Իբրև աճյուն զմռսած ...
    
     ԿԴ .
     Մի՞թե իրօք դու այն բիրտ
     Ծերունին չես ննջած հար,
     Որ անունով միայն իր
     Կոմիտաս չէր, այլ Աբգար: -
     Ինչպես մեռած մարգարե
     Քարաքանդակ իր նաշում,
     Մի՞թե դու չես երկարել
     Այն իրիկվա մշուշում ...
    
     ԿԵ .
     Եվ մատները այն դողդոջ,
     Մոմէ մատներն այն բարակ,
     Որ փակեցին մի օր քո
     Հոգնած կոպերն անկրակ՝
     Չէի՞ն արդյոք այն իմ խեղճ
     Մատները որբ՝ դեռ գերի
     Նվագների տրտմաշեշտ
     Եվ Տերյանական երգերի .. .
    
     ԿԶ .
     ... Իբրև մեռած մարգարե՝
     Պառկել էր նա այդպես միշտ .
     Դեմքը մի քիչ երկարել
     Եվ խաղաղվել էր ընդմիշտ: -
     Իսկ անդագաղ նրան երբ
     Իջեցըրինք գերեզման -
     Խաղաղությամբ նայեց վեր
     Եվ արքայի էր նման .. .
    
     ԿԷ .
     Եվ վայրկյանին ահա այդ,
     Երբ որպես սուրբ մի նաշից,
     Արքայական վեհությամբ
     Նայեց նա խեղճ իր փոսից, -
     Ես հասկացա, որ այդ խիստ,
     Այդ մռայ մարդն աշխարհում
     Բարի մի հայր էր միայն
     Եվ տխրությունն էր սիրում .. .
    
     ԿԸ .
     Այն տխուր մարդն էր, որ իր
     Մռայլ տեսքի տակ ունէր
     Մի անսահման սիրող սիրտ
     Եվ երազի հեռուներ, -
     Որ ահաբեկ իր կյանքում
     Ոչ մի անգամ չժպտած,
     Բայց գիտեի, որ հոգում
     Ունի հուրեր մշտակայծ ...
    
     ԿԹ .
     Տխուր մի մարդ էր նա լոկ
     Եվ երազող ուներ սիրտ,
     Ուներ ոգի համբերող, -
     Դեմքն էր նրա միայն բիրտ: -
     Դեմքն էր նման փականքի,
     Որ նա երբեք չբացեց .-
     Ահաբեկվել էր կյանքից
     Եվ զրկանքից քարացել:
    
     Հ .
     ... Ո ´ չ մի անգամ չժպտաց
     Նա հոգնատանջ իր կյանքում: -
     Տեսա ամպի պես մթնած
     Ես նրա դեմքը մանկուց: -
     Գոց մնաց դուռն երկաթե
     Մինչև վայրկյանը մահվան, -
     Եվ միայն մայրս գիտեր,
     Որ այնտեղ սերն է պահված:
    
     ՀԱ .
     ... Չհամբուրեց աշխարհում
     Զավակներին նա երբէք, -
     Եվ ժամերով նստած լուռ՝
     Չպատահեց, որ արբեր: -
     Մարդու հանդեպ չարացած՝
     Ո ´ չ խոհերի, ո ´ չ հացի
     Նա չունեցավ բարեկամ,
     Լռությունից իր բացի:
    
     ՀԲ .
     ... Եվ տարիներ միայն վերջ՝
     Արդեն բեկված, արդեն լուրջ՝
     Նոր հասկացա միայն ես,
     Երբ նրա պես դարձա լուռ -
     Որ երգերում բոլոր իմ
     Եվ խոհերում այնքան վեհ՝
     Ինչ կա անհուն ու խորին,
     Այդ միայն ն ´ ա է տվել ...
    
     ՀԳ .
     ... Որ իր ամբողջ կյանքում լուռ
     Ի ´ նչ չէր վատնել նա երբեք,
     Ի ´ նչ չէր այրել իբրև հուր
     Եվ չէր երգել իբրև երգ, -
     Երազներում իր տխուր,
     Պահած անգամ իրենից .-
     Թաքցրել է այնքան խոր,
     Որ իբրև գանձ բաշխի ինձ .. .
    
     ՀԴ ..
     Կա տառապանք անվեհեր
     Նայիրական քո դեմքին՝
     Խոհն աշխարհի այն ավեր,
     Շողն հանճարի աներկիր ...
     Նա էր այդպես պառկել վեհ
     Մի օր հողե իր փոսում -
     Որպես վկա հանճարեղ՝
     Հազարամյա մի նաշում .. .
    
     ՀԵ .
     Եվ հիրավի ´.- դու անմահ
     Հայրն ես երգի մեր համայն,
     Որ տարագիր գտած մահ՝
     Տուն ես դարձել արդ միայն: -
     Դու թաղվելու ես եկել
     Երկրում քո նոր, որ արդեն
     Դարձել է հաշտ ու հզոր
     Եվ քեզ բերում է վարդեր .. .
    
     ՀԶ .
     Կարդում եմ ես քո հոգնած,
     Մագաղաթյա կոպերին
     Եվ ճակատի վրա բարձր -
     Մտերմություն մի վերին: -
     Նույն մտորումն ու անհուն
     Նայիրյան խոհն հարազատ, -
     Նույն երազանքն անանուն՝
     Հազարամյա ´ երազած: -
    
     ՀԷ .
     Ճգնավորի դեմքով ծեր՝
     Մարտիրոսի դեմքով սուրբ, -
     Օ՜, ուրվական դու վսեմ,
     Թափառական մեր Հիսուս, -
     Ճգնավորի ճակատով
     Եվ մորմոքով վկայի՝
     Նո՜ր ես հառնում ահա դու
     Իբրև վկա ներկայի .. .
    
     ՀԸ .
     Օ՜, վարդապետ անվեղար,
     Որ վայրերում վրդովիչ
     Ձայնի հովի ´ վ լոկ եղար՝
     Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
     Դու աղոթքի փոխարեն
     Ձայն խնկեցիր միայն վեհ -
     Դեպի երկինք, որ բյուրեղ
     Ժողովրդիդ սիրտն էր մեծ .. .
    
     ՀԹ .
     Ո՜վ Նայիրյան հանճարի
     Հազարամյա դու տեսիլ, -
     Որքան զրկանք ու չարիք
     Դու աշխարհում կրեցիր, -
     Մարտիրոսյալ հավիտյան,
     Որպես անհող մարգարե -
     Դու հանգրվան չգտար
     Կյանքում - դարեր ու դարեր: -
    
     Ձ .
     Եվ միայն արդ, Նահպե ´ տ,
     Գիսախռով, կորացած,
     Հազարամյա հոգնաբեկ
     Թափառումից քո դարձած՝
     Պիտի հառնի շողշողուն
     Հանճարիդ հուրն այգաբեր, -
     Եվ խոր հանգչեն մեր հողում
     Քո ոսկորներն հոգնաբեկ ...
    
     ՁԱ .
     Իբրև աճյուն դու դարձար
     Քո հայրենիքը ազատ, -
     Իբրև մասունք մի պայծառ,
     Իբրև նշխար հարազատ, -
     Եվ հայրենի քո հողում,
     Հին հանճարի իբրև սերմ՝
     Կբարձրանա ´ նա բեղուն,
     Երկրիդ ցողով ցողված ջերմ: -
    
     ՁԲ .
     Իբրև աճյուն դու դարձար, -
     Բայց հայրենի երկրում քո
     Հանճարիդ հունտն հրացայտ
     Կբարձրանա՜ նոր բերքո ´ վ: -
     Բեղմնաւորված սրբազան
     Քո աճյունով և անեզր
     Արեգակով մեր կիզած՝
     Հողն հազար ծի՜լ կտա մեզ:
    
     Ձ .
     Մե՜ծ ցնծություն է հիմա
     Մեր սրտերում, ո՜վ երգիչ: -
     Տոնն է երգի իր անմահ
     Տոնում հառնած մի երկիր: -
     Դարձի համար քո այս վեհ,
     Վերադարձի քո անմահ -
     Կյանք ենք կերտել արդեն մենք
     Ե ´ վ արևոտ, և ´ անմար:
    
     ՁԴ .
     Վերադառնա՜ն պիտի դեռ
     Հազա՜ր սրտեր տարագիր,
     Զարհուրելի հեռուներ
     Տարված հողմով հարաբիրտ: -
     Իբրև սրտե՜ր կենդանի,
     Իբրև աճյուն կամ մասունք -
     Սրտեր քանի՜, դեռ քանի՜ -
     Հողն են իրենց երազում ...
    
     ՁԵ .
     Վերադառնա՜ն պիտի դեռ
     Հայրենի հողը բուրյան՝
     Իբրև նորո՜գ երկրի տեր՝
     Ե ´ վ Թումանյան, և ´ Տերյան: -
     Շիրիմներից իրենց որբ
     Իրենց դարձին են նայում
     Ե ´ վ Դուրյանի սիրտը բորբ,
     Ե ´ վ Մեծարենցն հմայուն: -
    
     ՁԶ
     ... Միջագետքից - Օրենբուրգ,
     Հելեսպոնտից մինչև Վան, -
     Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ
     Չկա մասունք Նայիրյան ...
     Ո՞ր ափերով աշխարհի
     Քո մերկ ոտքերը չանցան, -
     Օ՜, նայիրյան հանճարի
     Հազարամյա Սերմնացան .. .
    
     ՁԷ .
     Պիտի դառնան դեռ հերթով
     Տարագիրներն այդ անթիվ, -
     Որ աճյունով կամ սրտով
     Դառնան աղբյուր եռանդի: -
     Կենդանի սիրտ, թե աճյուն -
     Իբրև հունտեր հանճարեղ,
     Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
     Հայրենի հողն այդ իրենց: -
    
     ՁԸ .
     Իսկ դու ´, ոգի ´ երգի մեր,
     Վերադարձած արդեն տուն, -
     Օ, սրբազա՜ն բերքի պես
     Ընդունեց սիրտը խնդուն, -
     Ցնծությունից խելագար
     Ժողովրդի սիրտը քեզ .-
     Իբրև աճյուն դու եկար,
     Բայց իբրև կյանք ընդունեց: -
    
     ՁԹ .
     Ինչպես երգերը քո ջերմ,
     Ժողովրդի սիրտը մեծ
     Իբրև բարիք, իբրև սերմ
     Մի ոգեղէն ընդունեց, -
     Քեզ կընդունե այդպես հար
     Հայրենի հողն արդարև -
     Ե ´ վ քո աճյունը արդար,
     Ե ´ վ քո ոգին հանճարեղ: -
    
     Ղ .
     Թո ´ ղ ամոքվի վերջապես
     Հազար սրով զարկած խոր -
     Սիրտդ հողում մեր հրկեզ,
     Որպես գրկում սիրած մոր: -
     Որպես վսե՜մ ողջակեզ՝
     Հոգնած աճյունը քո թո ´ ղ
     Գտնի հանգի՜ստ վերջապես -
     Եվ հայրենի դառնա հող .. .
    
     ՂԱ .
     Եվ հայրենի այդ հողից,
     Չանցած գարուն մի քանի -
     Կելնեն շքե՜ղ և ուղիղ
     Երգի շյուղե՜ր կենդանի: -
     Եվ շշունջում գեղեցիկ,
     Հնչեղ երգում նրանց խոր -
     Կապրի հանճարը քո ջինջ՝
     Անմահ երթի՜ ելած նոր .. .
    
     ՂԲ .
     Կխաղաղվի՜ վերջապես
     Խոնջած աճյունը քո հար: -
     Դարձած մոխի՜ր կենսաբեր,
     Դարձած ավյո՜ւն, դարձած քար: -
     Անէացա՜ծ, սրբացած
     Կապրի ոգիդ հմայող՝
     Դարձած ելնո՜ղ երգի ձայն -
     Եվ հարենի դարձած հող ...
    
    
    

ՍՈՄԱ

Որպես քուրմը Գանգէսի,
     Կարոտակեզ, սիրակեզ -
     Կեանքս տվե՜լ եմ լույսիդ
     Եւ երգում եմ քեզ
     Քե՜զ եմ երգում այս կարմիր
     Աշխարհում հիմա, -
     Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
     Խելագա՜ր սոմա՛:
    
     II
    
     Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
     Ու սիրտս - գարուն,
     Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտռում
     Այս չար աշխարհում:
     Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
     Քո դէմքը հրե, -
     Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
     Ով որ քեզ սիրե:
    
     Ու սիրտս տված մահի անուրջին, -
     Մա՜հ էի տենչում, -
     Բայց տեսայ հանկարծ քո դէմքը վերջին
     Այս աղջամուղջում:
    
     Քո դէմքը տեսա, որպես սրբազան
     Մի զոհաբերում.
     Քո դէմքը տեսա աշխարհասասան
     Այս հրդեհներում:
    
     Եւ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
     Հրդեհի պարին, -
     Եւ կեանքս տվի, պարզ ու սրտաբաց,
     Վառվող աշխարհին...
    
    
     III
    
     Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
     Երկնային մի քույր,
     Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
     Թույն, թախիծ ու բույր:
    
     Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում
     Բույսերը բոլոր.
     Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
     Քաղցր ու ահավոր:
    
     Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
     Գինի հրակեզ,
     Եւ այդ սրբազան խմիչքով հարբած -
     Ցանկանում ենք քեզ:
    
     Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում
     Դու, որպես գինի, -
     Եւ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
     Որ այս աշխարհում քո կամքը լինի...
    
     IV
    
     Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,
     Սրբազան դու սեր,
     Ոգեվորության դու քա՜ղցր գինի,
     Երկունքի գիշե՜ր:
    
     Արշալույսների սրբազան արգանդ,
     Ոգու Կաթն Ծիր.
     Արեվից առաջ դո՛ւ երկնից անցար,
     Ոսկի փռեցիր:
    
     Օ, Սրբազան հա՜րս դու ազատության,
     Դու - ազատությո՜ւն,
     Դու - վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության,
     Դու - ոգու խնդում:
    
     Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
     Հոսում ես արագ,
     Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
     Վառվում ես յանկարծ, դառնում ես կրակ: -
    
     Սո՛մա, օ՜, Սո՛մա, օրհնվի՜ թող այն
     Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
     Երբ մարդու սրտում առաջին անգամ
     Հրի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար...
    
     Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,
     Սրտից ծփալով - անցար աշխարհին,
     Եւ կյանքը այս չար, այս կյանքը տխուր
     Հանձնեցիր հրին:
    
     Ծփում ես հիմա մարդկանց սրտերում.
     Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
     Քո՛ւյր, դո՜ւ ես միայն թխպոտ օրերում
     Մեզ մխիթարել...
    
     Վառե՜լ ենք հիմա աշխարհը նորից,
     Ուխտի ենք եկել խենթ ու խելագար.
     Օրհնվի՛ թող քո անունը նորից,
     Որ հուր դարձրեց մեր սրտերը քար:
    
     Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
     Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,
     Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.
     Բռնկվի՛ր կրկին ու կրկին անգամ,
     Վառվի՛ր մեր սրտում, ծփա՛, արնաքամ,
     Խելագա՜ր Սո՛մա...
    
     V
    
     Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
     Մխացել է դա՜ր ու դարե՜ր,
     Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
     Քանի՜ ոսկի ջահ է վառել...
     Քանի՜ ոսկի ջահ է վառել...
     Երկրի մուԺում,
     Քանի՜ ոսկի ջահ է վառել
     Կյանքի փոշում:
     Դա՜ր ու դարեր մեր սրտերում
     Վառվել է վառ,
     Բայց հրդեհվել չի կամեցել
     Աշխարհը վառ:
    
     Ով չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր -
     Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր:
     Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.
     Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում:
     ինիդ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝
     Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.
    
     Ու գիշերի թանձր մթում -
     Հրե մի սուր -
     Դուրս է թռչում գերեզմանից ՝
     Վառվում է զուր...
     Սո՛մա, գինիդ, որով հարբել,
     Խենթ ենք հիմա -
     Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ
     Երկունք ու մահ.
     Մա՛հ է տվել ու գերեզման,
     Հող ու անհուն -
     Որ դուրս թռչի, ազատ վառվի -
     երեզմանում...
     Ու չեր վառվում դա՜ր ու դարեր
     Աշխարհը քար.
     Հիմա վառվեց...Խե՜նթ ենք մենք էլ
     Ու խելագար: -
    
     Պա՜ր ենք բռնել խելագար,
     Հրդեհում ենք ու վառում -
     Այն ամենը, ի՛նչ որ կար
     Հազարամեա աշխարհում:
    
     Ու արյունը մեր ՝ խառնված հրին ՝
     Վառվում է ագահ, -
     Ու լույս է տալիս վառվող աշխարհին
     Դեմքդ հեռակա:
    
     VI
    
     Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
     Եւ մեր շուրջպարում - հրդեհի պարում
     Հէքյա՛թ է կեանքը, ուր մարդը - կրակ:
    
     Հրթի՜ռ-հրթի՜ռ վեր են թռչում
     Կյանքերը մեր կարեվեր,
     Ու վառվում է աղջամուղջում
     Ողջակիզվող սիրտը մեր:
    
     Ամբոխները զրահապատ
     Ծափ են զարկում ու պարում,
     Ջա՛հ է դարձել ամեն մի մարդ
     Կրակապատ աշխարհում:
    
     Ու պար բռնած ու խելագար
     Ե՜րգ ենք ասում կրակին -
     Ու վառվում է աշխարհը քար
     Մրրիկներում կրակի:
    
     Կիրակի է կյանքն հիմա -
     Ջահազարդվա՜ծ, կրակուն -
     Ու պարում են կյանք ու մահ
     Սո՛մա, քո սուրբ կրակում...
    
     VII
    
     Հե՜յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ, -
     Դուք չէ՞ք լսում. ձե՛զ ենք կանչում, -
     Զվարթ ու սեգ,
     Եկեք, մտե՛ք շուրջպարը մեր -
     Եկե՜ք, եկե՜ք:
    
     Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում
     Երկինք հասած կրակը թեԺ.
     Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի
     Ողջակիզվող ու հրակեզ:
     Ով որ եկավ – պետք է իր հետ
     Ողջակիզվող մի սիրտ բերի-
     Եկե՛ք, հսկա պարը մտեք
     Աշխարհային հրդեհների:
    
     Ու ծավալվի՛ թող
     Աշխարհովը մեկ
     Հրդեհը մաքրող,
     Բոցը հրաշեկ:
    
     Կյանքը հնամյա,
     Որ մխում է զուր -
     Թող մոխի՛ր դառնա
     Ու անցնի իզուր
    
     Հո՛ւրը թող մնա,
     Հրդե՛հը հոգու,
     Ու հրաշք դառնա
     Սո՛մա, խոսքը քո:
    
     VIII
    
     Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
     Ամբոխները ահագին,
     Որ կյանքը հին ու սնամէջ
     Ողջակիզեն կրակին:
    
     Ու հուրն ընկած, անդարձ, անել,
     Այրըւում է կյանքը քար -
     Ու հրդեհում պար են բռնել
     Ամբոխները խելագար:
    
     Ու արյունը մեր, խառնված հրին,
     Վառվում է հրում՝ զո՛հ է սրբազան -
     Ու Ժպտում է քո դեմքը աշխարհին
     Այս հրդեհներում աշխարհասասան...
    
     IX
    
     Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
     Մի ոսկի տեսիլ.
     Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն
     Հիմա՛ եմ հասել.
     Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ քո կրակում
     Վառվում եմ ես էլ...
    
     Կը վառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
     Ու զոհաբերում,
     Եւ եթէ մարի հրդեհը այս մեծ
     Որ չունի մարում -
     Դու էլի՛ հազար հրդեհ կը վառես
     Այս չար աշխարհում...
    
     Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,
     Բայց քա՜ղցր է այնքան.
     Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
     Ու վաղը չկամ.
     Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի
     Տիեզերական: -
    
     Կեանքս կը մարի՝ հին, չնչին մի կայծ
     Քո ոսկի հրում -
     Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած
     Քո բոլո՜ր գալիք արշալույսներում:


    
    

Ես գալիս եմ ահա: - Նայեցե՛ք, նայեցե՛ք

Ես գալիս եմ ահա: - Նայեցե՛ք, նայեցե՛ք:
     Ես գալիս եմ ահա- դարերից...
     Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
     Ու երգերը ցնդած օրերի:
     Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
     Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն...
     Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
     Ես թաղել եմ թևերս արնաքամ:
     Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
     Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ: -
     -Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, -
     ******ի պեզ ընկած, աղոթքի պես հեզ...
    
    

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
     Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
     Նայել պահվող ճամփաներին անանուն
     ՈՒ երազել խնդություներ արևառ:
     Նայել կանաչ հովիտներին՝ արևի
     Իրիկնային երանգներով շղարշված,
     Խմել լուսե երանգները վերևի՝
     Երջանկացած ու հարբած:
     Ականջ դնել ցորենների շշուկին
     Եվ սպասել, որ շշուկները բուրեն
     ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
     ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
     Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
     Աչքերս հառել հուրհրատող երազին,
     Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
     Երանգների պես իրիկվա երազի:
     Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
     Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում, _
     Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
     Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...
    
    
    

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Կա հոգեկան անհունության մի վայրկան,
     Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
     Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
     ՈՒ դառնում են ուղևորները ճամփից
     Դուռս բաց է, դուռս բաց է ձեր համար
     Օ՛, հեռավոր բարեկամներ ու քույրեր,
     Սիրտս վառել է կրակները անմար'
     Հին երազները ու կարոտները հրե:
     Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում
     Հավատում էր կարոտակեզ, որ կգաք,
     ՈՒ կլինի հանդիպումի երազում
     Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:
     ա՛խ ես գիտեմ, որ դուք կգաք խնդագին,
     Լույս կվարեք մառախուղում ու մուժում
     ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի,
     Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:
    
    
    

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
     Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
     Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
     Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:
     Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
     Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:
    
    
    
    

Դիր մատներդ կույս` աչքերիս վրա

Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
     Հոգևար հոգուս- աչքերիս վրա...
     Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
     Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա...
     Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
     Խոնջացած, անհույս աչքերիս վրա...
    
    
    

Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՛ր

Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՛ր,
     Հոգնաբեկ, տխուր, - աչքերդ փակի՛ր:
     Թարթիչներդ թող չթարթեն միգում.
     Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր:
     Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
     Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՜ր...
    
    
    
    
    

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
     Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
     Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
     Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
     Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
     Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
     Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
     Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...
     Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
     Մշուշում միայն, մեր հոգու վրա
     Թևերն էր փռել մի անտես թռչուն
     Ու դողում էին թևերը նրա...
    
    
    
    

Երազում եմ այն երկիրը հեռավոր

Երազում եմ այն երկիրը հեռավոր,
     Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին`
     Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր`
     Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին:
     Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն...
     Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես:
     Աննյութացած- դու մանրանաս- ու կրկին
     Հրա՜շք դառնաս` անդունդները արևես...
     Ու երբ կանչեմ- դու գրկիս մեջ արևից
     Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած-
     Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ-
     Ախ, կի՜ն- ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու Աստվա՜ծ:
    
    
    
    

Քույր, գուցե՜ չընկանք...

Քույր, գուցե՜ չընկանք...
     Գուցե մեկը, - ո՞վ-
     Երազել է մեզ
     Անլույս գիշերով...
     Թվում էր հոգուս,
     Թե երկուսս ենք մենք,
     Բայց, նայի՛ր, հիմա
     Դարձել ենք- երեք...
     Երկուսս էլ հիմա
     Կանչում ենք նրան-
     Փնտրելով կորած
     Ուղիները Տան:
     Կամուրջներ չկան:
     Իսկ գետը- վարար:
     -Փնտրելով նրան,
     Փնտրում ենք իրար...
    
    
    

Բրո՛նզ ես, հո՛ւր ես

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
     Բրոնզե սո՛ւր ես,
     Բրոնզե փա՛ռք ես,
     Բրոնզե փա՛յլ-
     Բայց դու զո՜ւր ես,
     Ախ, իզո՜ւր ես
     Կոտրում սուրս
     Արևառ:
     Ինչպես քաղցր
     Մեր երգերը-
     Մեր վերքերը
     Հրաբույր-
     Դու միշտ նո՜ր ես,
     Ու հզո՜ր ես,
     Ու բոսո՜ր ես,
     Քաղցր քույր...'
     Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
     Բրոնզե սո՛ւր ես,
     Բրոնզե փա՛ռք ես,
     Բրոնզե փա՛յլ-
     Բայց ափսո՜ս որ
     Դու հեռո՜ւ ես-
     Դու ուրո՜ւ ես
     Արևառ...
    
    
    
    

Դու - հողմային մշուշ ու մահ

Դու - հողմային մշուշ ու մահ,
     Դու - կրակի դուստր բարի, -
     Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
     Քեզ է կանչում սիրտս` արի՜:
     Հասե՜լ է փառքդ արդեն վառ
     Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
     Քե՜զ եմ նետում եղբայրաբար
     Իմ արյունի ճիչը վերջին:
     Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
     Արյունոտե սիրտս հիմա -
     Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
     Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...


    
    

ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ

I.
     Հեռո՜ւ, մօտիկ ընկերներին, աշխարհներին, արեւներին, -
     Հրանման հոգիներին: -
     Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառւում է վառ, -
     Բոլո՜ր նրանց հոգիներին արեւավառ, -
     Կեանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում`
     Ողջակիզուող հոգիներին – ողջո՜յն, ողջո՜յն: -
     II.
     Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն:
     Արեւը բորբ` մայր էր մտնում արեւմուտքում:
     Դաշտի վրայ փռուել էր մուժ արիւնամած`
     Թոյն էր կարծես` բորբ արեւի սրտից քամած:
     Արեւը, թէժ` մայր էր մտնում արեւմուտքում-
     Ու արիւն էր դաշտի վրայ, թո՛յն էր թքում:
     Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրայ-
     Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրայ:
     Ու արտերը, ալեծածան, վառուել էին
     Արեգակի կարմիր փայլով իրիկնային: -
     Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած`
     Հրակարմիր տարածուել էր նրանց առաջ: -
     Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի-
     Ծով էր կարծես` մշուշի մէջ իրիկունի:
     III.
     Արեւի տակ իրիկնային, իրկնային հրով վառուած`
     Այդ հին դաշտում կռւում էին ամբոխները խելագարուա’:
     Քաղաքներից ու գիւղերից, ստեպներից հեռու ու մօտ`
     Եկել էին նրանք նորից` լուսավառուած ու կրակոտ:
     Ով քաղաքից էր հեռացել – նա թողել էր մշուշը ծեր, -
     Մշուշը, որ կեանքի վրայ մխաշաղախ ամպ էր դարձել:
     Ով եկել էր գյուղից հեռու – նա թողել էր հողը խոնաւ,
     Որի վրայ կեանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնաւ:
     Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
     Լայնութիւնը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել:
     Ով քաղաքից էր հեռաւոր, ուր մառախուղ էր անորոշ`
     Նա բերել էր թոքախտաւոր սիրտը, որպէս կարմիր դրօշ:
     Ով եկել էր թողած հեռուն անծայրածիր մութը գիւղի`
     Բերել էր իր մկաններում բեղմնաւորուած ոյժը հողի:
     Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպէս գերի-
     Բերել էր իր լուրթ աչքերում լայնութիւնը ստեպների…
     Ըմբոստացած, խելագարուած, չտանելով հին կեանքը էլ`
     Անծիր դաշտում այդ հաւաքուած` նրակք կռուի էին ելել:
     IV.
     Մայր էր մտնում իրիկնային արեւը` թէժ լոյսով վառված-
     Ու երգելով կռւում էին ամբոխները խելագարուած:
     Դաշտն էի դէմը, փռուած էր նա` շառագունած ու արեւուն, -
     Ու հետեւում, ճամբի վրայ հսկայ քաղաքն էր երեւում:
     Ծո՜յլ նազանքով, իրիկնային արեւի տակ անփոյթ փռուած`
     Պսպղում էր քաղաքը հին` հազարերանք մի զանգըւած:
     Հեռո՜ւ, հեռո՜ւ, անծայր ու լայն, տարածուել էր քաղաքը հին-
     Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մէջ իրիկնային:
     Յաղթ շէնքերը, բարձր ցցուած, կարծես կախուած կարմիր օդում`
     Հետըզհետէ մթնում էին, անգունանում ու աղօտում:
     Հեռու հրով միայն վառուած պատուհանները ապակի
     Փայլում էին արիւնամած վերջին հրին արեգակի.
     Արեւի դէմ փայլում էին հրաբոսոր`
     Բռընկուել էր նրանց սրտում տագնապը սուր…
     Եւ երկընքի սիրտը մխուած բեւեռների պէս արնաքամ`
     Փայլում էին արիւնամած ծխնելոյզներն հսկայական:
     Ծուխ չէր ելնում նրանց փողից` չէին փնչում երկինքն ի վեր.
     Չէչ կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ: -
     Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետէ-
     Ու մշուշում կորչում էին ծխնելոյզները երկաթէ:
     V.
     Իսկ քաղաքից դէպի հարաւ` ահատեսիլ ու յաղթական`
     Երեւում էր երկաթուղու կայարանը հսկայական:
     Լսւում էր մերթ շոքեկառքի սուլոցը սուր հեռու մուժում-
     Մորթում էին կարծես այնտեղ խելագարուած մի անասուն…
     Ճչում էր սուր, յուսակտուր, ու յուսահատ ձայնը նրա,
     Որպէս անդարձ մահի մի լուր տարածւում էր դաշտի վրայ: -
     Ցրուած էր նա, կայարանը, հսկայ ու յաղթ, նրանց առաջ-
     Ու հանգոյցից կայարանի, դաշտովը մէկ լայնատարած`
     Դէպի հիւսիս, դէպի հարաւ, ւ արեւմուտք ու արեւելք-
     Ուղիները երկաթաձիգ ձգուել էին ամէնուրեք: -
     Երակների պէս երկաթէ քաղաքամօտ կայարանից`
     Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգուել էին ուղիները երկաթաձիգ:
     Երակների պէս երկաթէ` ամուր գրկած կուրծքը հողի`
     Սեղմըւելով հետզհետէ` փախչում էին գաղտնագողի…
     Ու ցցուած էր ուղիների խաչակնքման սեղմ հանգոյցում-
     Կայարանը, որպէս մի հարց, որպէս հսկայ մի քարացում:
     Ուղիների ճամբամիջում հանգոյց էր նա կարծես կապուած-
     Ու անզիջում կռւում էին ամբոխները խելագարուած:
     Կարծես նետուած մի յաղթ ձեռքով` աշխարհային կամքին հլու`
     Գնո՜ւմ էին կռուո՜վ, երգո՜վ կայարանը գրաւելո՛ւ:
     VI.
     Կռւում էին: Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի:
     Դէմը քաղաքն էր տարածուել` հազարամեայ մի թշնամի:
     Սֆինքսի պէս հսկայական, շէկ ծծերը դրած հողին`
     Նա կտրել էր արեւակամ ամբոխների կարմիր ուղին:
     Ու կայարանը` յաղթանդամ, իրիկնային կարմիր մուժում,
     Յաղթ նստել էր նրա առաջ, որպէս նրան հսկող մի շուն:
     Յաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի`
     Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների:
     Ու գծերի մօտ երկաթէ, դէպի հիւսիս. դեպի առաջ`
     Ձգուել էին ալիքաձեւ խրամատներ գետնատարած:
     Թշնամին էր պահուել նրանց ալիքաձեւ գետնափորում
     Ու մատներով արիունոտված դէմը փռուած դաշտն էր փորում:
     Մտել էր ջերմ կուրծքը հողի՜, հողի սրտում դարան մտած`
     Կրակում էր գաղտնագողի, նենգ ձեռքերով արիւնոտած:
     Կռւում էին` մօտենալով, մօտենալով հետզհետէ:
     Պայթում էին զրընգալով հրանօթները երկաթէ: -
     Ե՜րգ էր կարծես կռիւը այդ, որ զրնգում էր մայրամուտում.
     Նայես` թռաւ մի հրանօթ ու թունդ պայթեց խրամատում…
     VII.
     Կռւում էին, ու կռուելով անցնում էին նրանք առաջ:
     Ու դաշտերում իրիկնային մա՜հն էր քրքջում համատարած:
     Երգում էր նա` երգը խառնած հրանօթի զրնգունին, -
     Անցնում էին նրանք առաջ ու կրակուած կռւում էին:
     Ե՜րգ էր սիրտը ամէն մէկի, երգ էր հայեացքը կրակոտ.
     Վառւում էր սիրտը ամէնքի, որպէս կարմիր մի առաւօտ:
     Ե՜րգ էր կարծես արեւը հին` իրիկնային լոյսով վառուած-
     Եւ երգելով կռւում էին ամբոխները խելագարուած...
     VIII.
     Եւ երգում էր մէկը` հզօր, հուժկու ձայնով ահեղագոչ,
     Գո՜վքն էր երգում կռուի ելած, արիացած իր ընկերոջ: -
     Որպէս բազէ` երգը նրա սլանում էր հեռո՜ւ, հեռո՜ւ-
     Եւ երգելով կռւում էր նա` լուսաժպիտ ու ահարկու:
     Երգում էր նա: Մայր էր մտնում արեւը հին` կարմիր քուրայ:
     Եւ դաշտերում իրիկնային – զանգ էր կարծես ձայնը նրա:
     Զա՜նգ էր կարծես, զնգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանայ-
     Բորբ կարօտով անծայրածիր, կրակելով երգում էր նա:
     IX.
     "Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մօտ,
     Մենք մեր սիրտն ենք բերել նորից` յուսավառուած ու կրակոտ.
     Այնտեղ հիմայ կռիւ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ, -
     Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա – մահի հանդէպ` կարմիր դրօշ:
     Արիւնաքամ մա՜յր է մտնում հազարամեայ արեւը հին.
     Արիւնավառ ժպտում էմ եզ այս աշխարհը իրիկնային…
     Ու խնդասիրտ կռւում ենք մենք, ե՜րգ ենք ասում, կռւում հիմի.
     Կուրծք է տուել աշխարհը ողջ` հազարամեայ մի թշնամի…
     Բայց անվհատ կռւում ենք մենք, ու մահը` սէգ, ժպտում է մեզ-
     Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարօտակէզ, -
     Անողոք է երթը այս սէգ, ինչպես կարմիր կարօտը մեր-
     Կրակեցէ՛ք, կրակեցե՛ք, խելագարուած իմ ընկերներ…"
     X.
     …Մայր էր մտնում իրիկնային արեւը` թէժ լոյսով վառուած:
     Ու անվհատ կռւում էին ամբոխները խելագարուած:
     Աչքերի մէջ` կարմիր մի հուր, ու սրտերում – կարմիր կրակ`
     Վերջին թափով մի ամրակուռ` անգայթ կռւում էին նրանք:
     Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ-
     Ու թշնամին փախուստ տուեց` ահաբեկուած ու վտարուած: -
     Մութ էր արդէն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
     Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրաւեցին…
     XI.
     Մութ է հիմա: Գիշերը, խոր, իջել է վար:
     Մութ է հիմա, թանձր խաւար:
     Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լոյս չկա վառուած,
     Խռնուել են հազարանուն ամբոխները խելագարուած:
     Գիշերնի մէջ չեն երեւում յաղթ կամարները երկաթէ`
     Լոյս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատէ:
     Սպասում են` աչքներն յառած խաւարամած հեռուներին`
     Մութը իջաւ համատարած, մինչ կայարանը վերցրին: -
     Սպասում են, որ մինչեւ լոյս գոնէ մի քիչ հանգստանան
     Ու առաւօտ դուրս գան նորից ու քաղաքի վրայ գնան:
     Աչքերն յառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքէն`
     Սպասում են առաւօտին, որ կռիւը շարունակեն:
     Մի քիչ առաջ, արիւնաքամ, երբ դեռ դաշտում կռւում էին
     Մօ՜տ էր թւում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին...
     Եկան իրենք, կռուով, երգով գրաւեցին կայանը մեծ-
     Իսկ թշնամին փախուստ տուեց ու քաղաքում պատսպարուեց:
     Սպասում են իրենք հիմա, որ մինչեւ լոյս հանգստանան-
     Ու առաւօտ դուրս գան նորից եւ քաղաքի վրայ գնան:
     XII.
     Ու մթի մէջ հազարամեայ, գիշերի մէջ խորը, անհուն`
     Խռնուել են նրանք ահա երկաթուղու կայարանում:
     Դաշտն է դէմը, խաւարակուռ ձգուած է նա:
     Չկայ մի ձայն, չկայ քամի, մութ է հիմա:
     Դաշտն է դէմը` անծիր, անծայր մի զանգուած խաւարամութ,
     Ուր նստել է անաչք, անլոյս խորհրդաւոր կասկածը մութ:
     Շնթռկել է որպէս մի շուն, որ խաւարն է հսկում հիմի, -
     Շնթռկել է թանձր մուժում, որպէս անտես մի թշնամի:
     Մութն է նստել կասկածը հին ու աչքերով խավարամած
     Նայում է նա կայարանին, որ կանգնած է նրա դիմած:
     Շարժըւում է մութը կարծես ու խաւարով իր աչքերի-
     Նայում է նա լուրթ աչքերին խելագարուած ամբոխների:
     Ու տագնապով անլռելի, հայեացքներով անթարթ լարուած`
     Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարուած:
     Լուրթ աչքերով խորը, տխուր-մո՜ւթն են դիտում նրանք անհուն-
     Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում…
     XIII.
     Հոծ բանակով, հսկայական կայարանի դէմ խռնուած`
     Լուրթ աչքերով արեւակամ – դաշտն են դիտում խաւարամած:
     Մո՛ւթ է դէմը, ու խաւարում, որ բացուել է, որպէս անդունդ`
     Երեւում է հեռո՜ւ – հեռո՜ւն կարմիր լոյսով վառուող մի գունդ:
     Աչքերի դէմ մթնակալած, հայեացքների դէմ ակընդէտ -
     Հեռու մթում լոյսն այդ վառուած գո՛ւնդ է թւում, կարմիր մի կէտ:
     Գիշերի մէջ – կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառւում է նա`
     Գիշերի մէջ վառել են, որ զօրքը պատրաստ արթուն մնայ:
     Անծայրածիր մթում հեռուի կարծես կարմիր գլուխ է շան-
     Վառել են այն, որպէս կռուի ու տագնապի ազդանշան:
     -Քաղաքն է այն հազարամեայ, ուր տագնապ ու տենդ կայ հիմի
     Պահուել է նա, որպէս վախից խելագարուած մի թշնամի,
     Ու կրակը այդ կարմրակէզ – ահանշան ու վիթխարի –
     Մի արնագոյն կէտ է կարծես ուղեղի մէջ խելագարի:
     Բռընկուել է յոյսով յետին, հոգեվարքի տենդով վառուած –
     Ու նայում են կարմիր կէտին ամբոխները խելագարուած…
     XIV.
     Գիշերի դէմ խաւարամած, աչքերն յառած կարմիր կէտին`
     Ամբոխները խելագարուած սպասում էին առաւօտին:
     Ու վառւում է խաւարակուռ հոգիներում նրանց անգայթ
     Կէտը այդ մուգ, որպէս հեռու, հրաբոսոր մի ճառագայթ:
     Սուր մխուել է նրանց սրտում, որպէս մի թէժ, կարմիր բեւեռ-
     Թոյն է լցնում, ու բորբոքում, ու երազներ աշխարհաւեր…
     Աղմկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամեայ-
     Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա:
     Լուրթ աչքերում փայլում է վառ արիւնամած մի ցանկութիւն-
     Ու աչքերը միլիոնաւոր թո՛յն են թքում, արիւն ու թոյն:
     Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի-
     Ու վառւում է լուրթ աչքերում` արիւնալից ու կատաղի:
     Ու աչքերը արիւնամած անթարթ յառած կարմիր կէտին`
     Ամբոխները խելագարւած սպասում էին առաւօտին:
     XV.
     ...Գիշերի՛ դէմ գիշեր է մութ խաւարամած նրանգ հոգին,
     Որ կարօտով մի կրակոտ սպասում է առաւօտին:
     Խաւար է մեծ սիրտը նոցա, բայց խաւարում անծայրածիր-
     Երկինքնե՜ր կան կապուտաչեայ, հորիզոննե՜ր` անծա՛յր, անծի՜ր:
     Ու աչքերում նրանց կապոյտ, ուր իջել է գիշերը մութ-
     Հազա՜ր բողբոջ կայ կրակոտ, ու արշալոյս, ու առաւօտ:
     Նրանց ձգուած մկաներում ո՛յժն է նստել խոնաւ հողի-
     Եթէ ուզեն` արեւներին նոր տե՛մպ կը տան ու նոր ուղի…
     Եթէ ուզեն` արեգակնե՜ր կը շպրտեն երկինքն ի վեր.
     Եթէ ուզեն` վա՛ր կը բերեն երկինքներից արեգակներ…
     Եթէ ուզեն` կամքով արի ու աշխարհի հրով վառուած…
     Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարուած...
    
     XVI.
     Ու հոսում է գիշերը մութ, մօտենում է առաւոտին:
     Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը յետին:
     Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առաւոտի-
     Ու վառւոմ է վերջին լոյսով կրակը այն կարմիր կէտի:
     Նօսրանում է խաւարն ահա, գունատւում է հետզհետէ-
     Ճեղքում է մութն արեւելքում հսկայական, հրէ մի թեւ:
     Ու սուրում է հեռուներից առաւօտուայ կիսամթում-
     Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմութիւն:
     Շարժըւում է խաւարը թէն ու հեռեւում խաւարամած
     Երեւում է քաղաքն արդէն` մութ, անորոշ մի զանգըւած:
     Յաղթ շէնքերի պատերը յաղթ որոշւում են հետզհետէ,
     Երեւում են ահա հպարտ ծխնելոյզները երկաթէ…
     Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարօտը վառ,
     Երկինքներում լուրթ աչքերի վառւում է տենդը հոգեվար...
     Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խաւարակուռ զանգըւածին-
     Ու վառւում է սիրտը նրանց, որպէս հրդեհ արեգնածին…
     -Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
     Պիտի թափե՜ն նրա վրայ հազարամեայ մաղձը իրենց:
     Քանդե՜ն պիտի ու աւերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն-
     Հազարամեայ քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու աւերեն:
     Այրե՜ն պիտի, խելագարուած պիտի պարե՜ն հրդեհներում,
     Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն:
     Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՜ն նրանք նորից,
     Որ կեանքը հին, որպէս փիւնիկ, չբարձրանա՜յ մոխիրներից…
     Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի
     Դէպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնուած արեւների…
     XVII.
     …Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
     Կարմիր վառուեց արեւը բորբ, որպէս կռուի ազդանշան,
     Երբ բռնկուեց արեւելքում արեւը` նոր լոյսով վառուած-
     Դո՜ւրս նետուեցին կայարանից ամբոխները խելագարուած...
     Դէմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արեւագոյն,
     Ու մշուշում շոգիացող, առաւօտի մարմանդ միգում,
     Կրկէսի պէս մի վիթխարի, խայտաբղէտ, խայտանկար-
     Եզերքի մօտ ճանապարհի երեւում էր քաղաքը քար...
     Աչքերն յառած հեռո՛ւ-հեռո՜ւն կարմիր վառուող արեգակին`
     Արեւավառ հեռուներում նրանք կռւում էին կրկին.
     Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառուած`
     Դէպի Արե՛ւն էին գնում ամբոխները խելագարուած...
    
    
    

ՌՈՒԲԱԻՆԵՐ

Ա
     Այսպես` այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
     Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.-
     Ախ, դեռ ինչպես ամենտատես Իմաստու՛նն է այն ասել –
     Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն:
     Բ
     Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
     Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան
     Այդպես` միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել, -
     Եվ ո՛չ միայն հատակն, այլև - մակերեսը չտեսան: -
     Գ
     Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի,
     Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
     Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ –
     Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի:
     Դ
     Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
     Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
     Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
     Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն: -
     Ե
     Մեր քերթությունը` մեր դարի ընթացքի հետ միասին`
     Առնչվելով մեր տենչերին` երգ է ասում մեր մասին.
     Եվ լինում է երգը այնքա՜ն բարձրահուն ու բարձրախոհ,
     Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ:
     Զ
     Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու, -
     Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
     Բայց արդ` քո մեջ ծայր է առնում այլ մեղեդի մի անվերջ.-
     Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում:
     Է
     Ա՜խ, շռայլ է լինում ոգին- լոկ մի՛ անգամ իր կյանքում.
     Երբ վառվելով, մոխրանալով` իր վախճանին է հանգում.
     Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
     Երբ իր մահով` խինդով, ահով, ծնում է աստղ իր հանգույն:
     Ը
     Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին,
     Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
     Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան
     Եվ կմնա գալիք կյանքում` անխորտակ ու ահագին:
     Թ
     Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
     Եվ նետն առած, խոհակալած – որս է անում երգերում.
     Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
     Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
     Ժ
     Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
     Գրի առած` լինի այդքա՜ն ինքնաբավ ու այդքան նո՛ր.-
     Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
     Բայց գրքերում դառնում են լոկ – ցոլք ու ցնորք հեռավոր:
     ԺԱ
     Զգում ես, որ անհուն ու խոր, ինչպես մի հանք անսպառ,
     Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին.
     Դեռ ի՜նչ գանձեր – անհուն, անծիր – պիտի հանես դու աշխարհ,
     Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի:
     ԺԲ
     Առուներով, գետակներով, վտակներով անհամար
     Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.-
     Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
     Անհատելի ու անդադար, անկերպարանք ու անձև:
     ԺԳ
     Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
     Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես.-
     Բայց ինչքա՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ-
     Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես:
     ԺԴ
     Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ.
     Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում:
     Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ-
     Անակնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում:
     ԺԵ
     Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
     Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
     Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.-
     Օ՜, հանճարե՛ղ ակնթարթ, դու ընթացքն ես – ու ոստում:
     ԺԶ
     Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել,
     Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
     Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած, -
     Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ:
     ԺԷ
     Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
     Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
     Այսպես` նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
     Ընդդեմ երկրի մեր հոյաշեն – դառնում են հոն ու գազան:
     ԺԸ
     Ո՛վ, երգիչներ, մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն.
     Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
     Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց-
     Դուք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն:
     ԺԹ
     Ո՛վ, Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
     Հանճարների, - դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
     Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ
     Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ:
     Ի
     Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծայրանում,
     Մա՛հն է կրկին ոխակայել` մռայլ նստած դարանում.
     Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն-
     Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանակն է նորանում:
     ԻԱ
     Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
     Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
     Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
     Կյանքը հրեն ետ` դեպի հին օվկիանոսը սառույցի:
     ԻԲ
     Չի՛ ընդանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ.
     Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ – մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ.
     Գազանային ոհմակներով ինչքան էլ գան` պիտի լոկ
     Արագացնեն մա՛հն իրենց սև - ու չքանան առհավետ:
     ԻԳ
     Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
     Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
     Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
     Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
     ԻԴ
     Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
     Մեկը – դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
     Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող.-
     Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ:
     1934


    
    

Չնչին, ինչպես Արարատին նետած քար

Չնչին, ինչպես Արարատին նետած քար`
     Դավերը սև մարդուկների այդ անկար -
     Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո`
     Վայր են թափվում համայնացած քո կամքով -
     Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
     Ինչպես անհաս Արարատին նետած քար...
    
    
    

Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով

Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով
     Քացի չեմ տալիս իմ ընկերներին,
     Օ, ո՛չ, ես ինքըս եմ, ինքըս եմ օրերով
     Եվ տարիներով "ընկածի" դերին
     Եղել ենթակա և ընտելացել...
     Ա՜խ, դժբախտաբար, օրերին այս մութ
     Ոչ թե յամբով եք դուք ինձ հարվածել,
     Այլ, - վատ եղբայրներ, - էշի ոտներով...
    
    
    

Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան

Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան`
     Ձգեցավ սևահեր զգեստ, բզկտված փշերով հազար
     Անցնում ես հերկերով այս ամա, դարերով այնքա՜ն ծանոթ
     Եվ - մաքուր ցորյանի նման - գրում ես հնչյուններ հայրենի...
     1936:
    
    
    

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
     Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
     Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
     Վառված հրով անշեջ դարերում հին։
     Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
     Հղկել են այն դարեր, որպես մարմար,
     Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
     Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։
     Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
     Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
     Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
     Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։
    
    
    

IN DER GONDEL LAG ICH Վենետիկյան Էպիգրամներից

(****եից)
     Ես պառկեցի գոնդոլում, - և սահեց նա կողքով նավերի՛ այն,
     Ծանր նստած են որոնք Մեծ ջրանցքի ջրերում:
     Շատ ապրանքներ կգտնես նրանց մեջ, որ մեզ միշտ պետքական են`
     Հաց, պտուղներ և գինի, չոր, եղեգնյա վառելիք:
     Մենք սահեցինք անշշուկ: - Եվ հանկարծ դափնենու մի չար ճյուղքը
     Դեմքս չանգռեց: - Ասացի.- "Դա՛փնե, խփո՞ւմ ես դու ինձ.
     Ես հատուցում եմ ուզում": - Բայց նիմփը, խնդուն, շշնջաց ինձ.
     "Ծանր չե՛ն մեղանչում պոտները: Թեթև՛ է ձեր տուրքը: - Ողջո՜ւյն"


    
    

ՊԻՆԴ ԵՎ ԱՄՈՒՐ

(****եից)
     Աշխատանքը պոետի,
     Օ, խիզախ է հար:
     Էլ ի՞նչ եք ինձ հայհոյում
     Անվերջ, անդադար:
     Եթե պահը տանջանքի
     Դառը թվա մեզ-
     Կլինենք կրկնակի
     Մենք համեստ ու հեզ:
     Համեստությունը թողնենք
     Կույսերին բողբոջ,
     Որ քնքշությունն են սիրում,
     Կոպտությունը- ո՛չ:
     Համեստությունը- օ, նա
     Հարկավոր է, երբ
     Իմաստությունն է խոսում
     Խորիմաստ` մեզ հետ:
     Աշխատանքը պոետի
     Օ, խիզախ է հար.
     Երգի՛ր, - քեզ հետ կլինեն
     Սրտերն հրավառ:
     Օ, անշուրջառ տերտերներ,
     Լեզու չքերե՛ք.
     Միևնո՛ւյնն եմ ես- թեկուզ
     Դուք ինձ մահ բերեք:
     Ձեր խոսքերը սնամեջ
     Որ ասում եք դեռ-
     Կոշիկների նման ես
     Մաշել եմ արդեն:
     Թող ջրաղացը երգչի
     Իր աղունն աղա.-
     Հասկացողը կների
     Մինչև վերջ նրան:
    
    

ԵՐԳ ԵՎ ՔԱՆԴԱԿ

(****եից)
     Հույնը մարմին կերտելիս
     Տրորի թող կավը:
     Օ, հրճվի թող մարդը միշտ,
     Երբ կերտում է լավը:
     Բայց մենք սիրում ենք խառնել
     Եփրատի հորդ հունը,
     Եվ ձեռքերով մեր բռնել
     Հոսուն բնությունը:
     Ջուրը կարծր կդառնա,
     Կհնչեն երգերը,
     Եթե մաքուր են միայն
     Պոետի ձեռքերը:
    
    
    

Նոր լույս ծագեց աշխարհին

Նոր լույս ծագեց աշխարհին։
     Ո՞վ այդ արւը բերեց։–
     Ահա ոսկյա մի արւ՝
     Ճարագումով իր հրե՝
     Այգաբացի փուրփուրե
     Նժույգների վրա հեծ՝
     Նոր աշխարհին ու մարդուն
     Հղում Է լույս զվարթուն,
     Նոր աշխարհին ու մարդուն
     Ո՞ վ բերեց լույսն այս արթուն,
     Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
     Հրակարմիր, հրավարս,
     Ադամանդյա լույսը այս։-
     Կքած կյանքի բեռի տակ,
     Խոր գերության ընթերքում,
     Իմաստության մի գետակ
     Հիմարության համերգում–
     Քանի տարի, քանի դար
     Վկայեցիր անհերքում…
     Ափերին այս խավարթչին,
     ՈՒր հայրենիքն էր մեր հին, –
     Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
     Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
     Մթության մեջ այն համար
     Այս այգաբացն էր կրում,
     Հուր այգաբացն այս հեռու՝
     Հնուց պահած իր ջրում
     Օ, ըղձական այս հեռուն…
     Կքած կյանքի բեռի տակ՝
     Վոգի անքոր, հուր գետակ…
     Ահա վառվում է մեր նոր
     Հաղթանակի լուսը բորբ.
     Լվանում է նա հիմա
     Վառվող ոգին մեր անմահ,
     Չքնաղ արւն այդ արի,
     Վառված հրով աշխարհի…
     Չկա ուրիշ արւ էլ.
     Նա է միայն, որ դարեր
     Անմար՝ պիտի արւէ…
     Լույսով վառված սակայն այդ՝
     Նժարներից հիմա մենք
     Հիմարությամբ չթափենք
     Իմաստությունն այն արար.–
     Մեր անցյալի խորամիտ
     Էջն այն արդար ու ռամիկ՝
     Մեծահանճար ու վարար…
    
    
    

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր, -
     Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
     Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
     Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից...
     Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին -
     Ու հուշերն, հուշերն այդ թունոտ, -ու չկա ոչ մի ուղի...
     Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ, -
     Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի...
     Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն, -
     Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր...
     1928-19-V
    
    
    

ԸՆԿԵՐ

Հիշում եմ մազերդ գանգուր,
     Դեմքդ՝ փողոցի պես փոշոտ,
     Ծիծաղդ՝ զվարթ Զանգու,
     Եվ աչքերդ՝ վառ ու խոշոր:
     Հիշում եմ, հիշում եմ, Կարո,
     Հիշում եմ, թե ինչպես քեզ հետ -
     Հիշում ես՝ աղբի տակառում
     Հավաքում էինք թուղթ ու գազեթ:
     Հավաքում էինք մենք լուցկու
     Նոր տուփեր, կլեպներ սեխի -
     Ու խաղում էր մեր կապույտ հոգում
     Արեւի լույսը դեղին:
     Հիշում եմ, թե ինչպես հաճախ,
     Կառքերի ետեւին կպած,
     Մանկական խնդությամբ մի չար
     Մենք թռչում էինք Հինդ ու Հաբաշ...
     Եվ ահա մի օր այդպես,
     Երբ թռչում էինք մենք սրընթաց -
     Կառապանը մտրակով շաչեց,
     Եվ դու պոկվեցիր ու ընկար...
     Ու հիշում եմ... դեմքդ հողագույն,
     Ուղեղդ՝ գորշ, մխրճած...
     Հետո հայրս մութ սենյակում
     Մինչեւ լույս ինձ խփեց ու փնչաց:
     Մինչեւ լույս թքեց դեմքիս,
     Մինչեւ լույս հայհոյեց կատաղի, -
     Ու նայում էիր դառը դու ինձ
     Քո հեռու, մութ դագաղից...
     Բայց հիմա ինչքա՜ն է փոխվել
     Այն օրից աշխարհը -գիտե՞ս...
     Ինչպես մի մարդ անտրեխ
     Վերցնի դառնա կառքի տեր...
     Արդյոք դու իմացե՞լ ես, Կարո,
     Որ ընկերդ հիմա այն բոբիկ
     Եվ ուրիշ ընկերներ բյուրավոր
     Պալատները կապել են թոփի...
     Ախ, սիրտս, Կարո՛, մի բազե,
     Թպրտում է՝ վահրով լեցուն:
     Եթե այս երգս լսես -
     Քացիով տո՛ւր աստծուն: -
     Թող թռչի ամպերից նա վար,
     Հետույքով զարնվի թող հողին...
     Ես հիմա եկել եմ Մոսկվա,
     Ես հիմա պոետ եմ հաղթողի...
    
    
    
    

ԵՐԵՎԱՆ

I
     Ինչ որ չի, չի երազել
     Դեռ ո՛չ մի պոետ -աստղաբիբ,
     Ուզո՞ւմ եք՝ որպես գնդասեղ
     Արեւ՛ը խրեմ փողկապիս:
     Առնեմ, որպես սինի,
     Երկինքը աստղերի խաղով -
     Ու տանե՜մ այն հարսանիք,
     Որպես միրգ՝ մի ճութ խաղող:
     Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
     Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի:
     Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ "Չեկա"
     Թաղանթի պես քնքուշ հոգիս...
     II
     Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ:
     Բայց կարող եմ ես, պոետ,
     Երգերիս մատներով երկաթե
     Ձեր կակուղ սրտերը շոյել:
     Կարող եմ, եթե սիրտս ուզե,
     Կտրելով վերստեր անթիվ,
     Երկարել դեպի սիրտը ձեր
     Տողերիս լուսե գերանդին:
     Ես կարող եմ, որպես նետաղեղ,
     Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
     Եվ թողնել, որ նա, հոտավետ,
     Ձեր դեմքին երազներ թքե...
     Բայց ի՞նչ,
     Ի՞նչ դրանից...
     Միեւնույն է՝ սրտիս կիջնի
     Ձանձրույթը, որպես գրանիտ,
     Ու թախիծը՝ պաղ ու դժնի:
     Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
     Որպես հին մի, բեկված Թերսիդես -
     Իր թունոտ բողոքի նետով
     Զարկելու է թե՛ ինձ, թե՛ ձեզ...
     III
     Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
     Անհատնում սի՜րտ իմ երգահան...
     րաստի նման անլեզու
     Քնել է Երեւանն ահա:
     լուխը դրած Քանաքեռ՝
     Ոտքերը Մասիս է երկարել:
     Երեւա՛ն, ես սիրում եմ քեզ,
     որշավազ շենքերդ քարե:
     Սիրում եմ տեսքդ գրաստ,
     Ինչպես ճորտը սիրում է խանին,
     Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ
     Սիրում է մտնել բաղանիք...
     Կարո՞ղ է արդյոք նեգրը սեւ
     Հրաշքով սպիտակել հանկարծ: -
     Երեւա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
     Որ դու ավելին չցանկաս...
     IV
     Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
     Հայացքը մշուշին գամած,
     Կախվում է ուղեղիս թելից
     Երեւանը, որպես խեղդամահ:
     Կախվում է:
     Կախվել է ուզում:
     Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:
     Դու գիտե՞ս, ասում է, - բազում
     Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ...
     Փայլում են, կոշիկի պես սրբած,
     Նրանք լամպերի լույսից.
     Ավտո՛ է այնտեղ արաբան,
     Փողոցի լապտերը՝ լուսին:
     Շարել են իրենց զիստերին
     Կամուրջները, որպես օղեր...
     Ախ, նրանք -պայծառ, ոսկերիզ,
     Իսկ ես -գաղթական Շողեր...
     Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
     Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ...
     Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
     Երգերի տեղ երկրնե՜ր շինե:
     Տողերդ կամուրջներ թող լինեն,
     Օղակեն գետերը զնգուն,
     Որ անցնեն հազա՜ր տարիներ
     Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
     Թե կարող ես -այնպե՛ս արա դու,
     Որ այստեղ... նոր քաղաք բուսնի...
     Բայց դու... դեռ նստել ես արթուն
     Եվ նայում ես այդ լիրբ լուսնին...
     -Ախ, լուսինն ահա վերեւում,
     Արախչինն արծաթ մազերին,
     Նրբալույս աստղերի քեֆում
     Հեզանազ պարում է "Էնզելի"...
     Իսկ Մասիսը՝ քնում թմրած՝
     Երազում տեսնում է ինձ:
     . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
     Ես սիրում եմ քեզ, Երեւա՛ն,
     Ինչպես մեր այն հին հեքիաթում
     Դավիթին սիրում էր իրա ձին:
    
    
    

ՔԱՄԻՆ

Քամին,
     Աշնան քամին
     Թռցնում է դեղին նժույգները իրա:
     Ինչ-որ մի տեղ հիմա
     Հավաքել է մի
     Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
     Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
     Քամին, Աշնան քամին
     Հռնդում է հիմա.
     Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
     Սարսափահար դարձած նախիրների նման:
     Քամին, Աշնան քամին...
     Քաղաքը գորշ ու մութ:
     Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
     Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
     Փողոցները երկա՜ր,
     Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
     Փողոցները, որ կան,
     Փողոցների ներկան,
     Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ, -
     Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:
     Քամին,
     Աշնան քամին
     Մոլորվել է ասյտեղ.
     Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
     Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
     Քամին,
     Աշնան քամին...
     Հռնդում է,
     Փնչում,
     Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
     Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
     Ու թռչում է քամին, - երկարաթև թռչուն, -
     Զարհուրելի, զազիր փողոցների միջով...
     Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
     Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
     Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
     Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ, -
     Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
     Անօգնական կքած բուլվարների վրա:
     Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
     Ցնծոտիներ հագած պառավների նման, -
     Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
     Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
     Ծառերը ծե՜ր, հիվանդ,
     Ծառերը ծուռ ու չոր,
     Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
     Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
     Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
     Երբե՛ք,
     Երբե՛ք,
     Երբե՛ք...
     Օ, գթացե՛ք հիմա.
     Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
     Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
     Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
     Օ, գթացե՛ք հիմա.
     Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
     Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
     Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
     Քամին,
     Աշնան քամին...
     1922


    
    

Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի

Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
     Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
     Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
     Օրերը - տոթ, ձիերը - վառ, վազքը - խելառ:
     Լո՜ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
     Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.-
     Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
     -Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան...
     1921, մայիս, Երեւան


    
    

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
     Ու վերեւից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
     Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
     Հազա՜ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
     Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
     Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
     Աշխարհը - ալ, նարնջագույն, վառքը - կարմիր,
     Ողջը - հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին...
    
    
    

Էլի գարուն կգա, կբացվի վարդը

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
     Սիրեկանը էլի յարին կմնա:
     Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
     Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
     Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
     Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
     Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.
     Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
     Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
     Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
     Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -
     Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
     Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
     Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
     ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -
     երեզմանիս մարմար քարին կմնա:


    
    

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
     Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
     Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
     Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:
     Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
     Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
     Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
     Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:
     Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
     Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
     Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
     Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:
     Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
     Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
     Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
     Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:
     1920-1921
     Երեւան-Մոսկվա
    
    
    

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
     Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
     Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
     Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
     Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
     Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
     Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի -
     Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
     Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-
     Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
     Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
     Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
     Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
     Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:
    
    
    

Երազ տեսա. Սայաթ -Նովեն մոտս էկավ սազը ձեռին

Երազ տեսա. Սայաթ -Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
     Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
     Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
     Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:
     Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
     Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
     Նազանք արավ, Սայաթ -Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
     Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
     Նայե՜ց-նայեց Սայաթ -Նովեն, ամպի նման տխուր մնաց.
     Ասավ՝ Չարե՛նց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
     Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց, -
     Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին:
     Էսպես ասավ Սայաթ -Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
     նաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր.
     Երազն անցավ - դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
     Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ -Նովի սազը ձեռին:


    

Արփիկին

Արփիկին
     Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ.
     Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ.-
     Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
     Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում, -բոլո՜րը քեզ...
     Երեւան, 1921, փետրվար
    
    
    

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած

Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
     Լուսազարդ ու թեւավոր օրերս հին ու անցած:
     Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան -
     Մանուկների նման հուր -օրերս հին ու անցած:
     Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
     Անցորդների պես մոլոր -օրերս հին ու անցած:
     Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց -
     Տուն են դառնում նորից նոր -օրերս հին ու անցած:
     Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
     Ու հորանջում են տխուր -օրերս հին ու անցած:
     Եվ չեն կանչում ոչ ոքի. մտորում են ու լռում.-
     Քո՜ւն են փնտրում ու անդորր -օրերս հին ու անցած:
    
    
    

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
     Դու հարազա՜տ, սրտիս մոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
     Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
     Ամռան կեսօր դու իմ տոթ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
     Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
     Անուշացած մրգի հոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
     Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
     Եվ իմ սրտով արյունոտ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
     Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
     Ու բերել է մահվան բոթ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...
     1920


    
    
    

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
     Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
     Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
     Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
     Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
     Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
     Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց, -
     Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
     Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
     Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
     Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -
     Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
     Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին
     Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
     Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
     Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...
     1920


    
    

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
     Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
     Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
     Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
     Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
     Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
     Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
     Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
     Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
     Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
     Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
     Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
     Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
     Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
     Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
     Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
     Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
     Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
     Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
     Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
     Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
     Ու լուսավոր առավոտները իմ հոգու
     Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
     Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
     ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
     Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
     Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
     Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
     Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
     Իմ երգիչի երազներով ու հրերով,
     Անհրապույր իմ օրերի երգով մթար
     Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով, -
     Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
     Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
     Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
     Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
     Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
     Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
     Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
     Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
     Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
     Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, -
     Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
     Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
     1920.6.X


    
    
    
    

ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ

Ե՛ս եմ հիմա - մի պոետ. եւ իմ անունը - Չարենց -
     Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
     Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
     Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
     Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
     Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:
     Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
     Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
     Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին՝
     Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
     Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
     Որպես մեռել մի հրկեզ. որպես կորած մի մանուկ:
     Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից,
     Ես փախչում եմ ահա ետ -ես նահանջում եմ նորից:
     Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար -
     Նորի՜ց հառնում են դեպի ամբոխները խելագար:
     Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
     Ու ավերե՜ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:
     Ո՛չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա՝
     Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:
     Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
     Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:
     Չեն վառվելու տռփակեզ կանանց աչքերը էլ ձեր, -
     Նրանք մոխի՜ր կդառնան, չե՜ն բորբոքվի նրանք էլ:
     Եվ չի՛ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
     Սիրտս եղել է գերի անկումներին ահավոր:
     Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
     Որը նետել է հեռու աստղանկար իմ հոգին:
     Նրանք կգան, կավերեն, - չի մնա էլ ոչինչ՝
     Ո՛չ դրախտը ձեր գեհեն, ո՛չ թախիծը ձեր դյութիչ:
     Եվ չի լսի ո՛չ մի կին իմ անկումի մասին այս,
     Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ:
     Եվ չի մատնի ո՛չ մի բառ շնչում իմ տոթ երգերի,
     Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի...
     Ես պոետ եմ - եւ հիմա իմ վառ երգերը պիտի
     Դեպի գալի՜քը թռչեն սլաքների պես նետի:
     Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
     Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան...
     1920


    
    

ՇԱՄԻՐԱՄ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
     Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
     Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
     Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
     Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
     Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
     Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին.
     Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
     Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
     Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
     Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.
     Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-
     Միայն ակնարկ մի թեթեւ- եւ կտրվեն նրանք քեզ,
     Քո հմայիչ ու անթեւ տարփանքներին հրակեզ: -
     Կգան մեկ-մեկ ու սիրով- ու կտանջես նրանց դու
     Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
     Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
     Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
     ...Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով նաիրյան
     Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
     Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի -
     Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի:
     Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին -
     Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:
     Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
     Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:
     Նա կմեռնի, որպես զոհ - բայց չե՛ս հաղթի դու նրան.
     -Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ Շամիրամ...
    
    


    

ՆՈՐԻՑ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻՐԱՆՅԱՆԻՆ

Երազիդ մեջ տեսածի հիդ
     Ինձի մէ հեսաբ մի անի...
     ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
     1
     Ես այլ աշխարհից եմ եկել,
     Ուրիշ է իմ կարոտը անբառ:
     Չկա փրկության մի երկիր,
     Չկա փրկության ճանապարհ:
     Մարդիկ - ես սիրում եմ նրանց -
     Բայց այլ է կարոտը իմ անհուն.
     Այս գորշ աշխարհի վրա
     Կարող ես սփոփել - միայն դո՛ւ:
     Միայն դո՛ւ կարող ես հասկանալ
     Հոգուս տխրությունը անել,
     Ուզում եմ ցնդել, վերանալ, -
     Ուզում եմ միշտ քե՛զ հետ լինել:
     Ուզում եմ հավիտյան շնչել
     Անուշ թովչությունը դեմքիդ -
     Խմել քո երգերը հնչեղ
     Ու կորչել քո երգում վճիտ...
     9.3.1920
    
     ալիքը կա ու պիտի գա...
     ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻՐԱՆՅԱՆ
     2
     Անհայտ հեռուներից եկած՝
     Մենակ, անընկեր, անտուն՝
     Վառված քո անուշ կրակից՝
     նում եմ ես հիմա հեռու,
     նում եմ երգելով, զնգալով,
     Սրտիս մեջ՝ քո դեմքը լուսե.
     Զգում եմ՝ խնդություն է գալու՝
     Մի նոր երազանք ու սեր:
     Ուզում եմ չլինել, ցնդել,
     Փռվել աշխարհովը մեկ -
     Դու սիրտս հրկիզել ես արդեն,
     Քեզ չեմ մոռանա ես երբե՛ք:
     10.3.1920


    
    

ԱՌԱՎՈՏ

Իմ անցած օրերի պես,
     Հնացած օրերի պես,
     Ես արդեն հեռացել եմ,
     Հնացել եմ ես.
     Ես արդեն հնացել եմ,
     Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
     Հեռացել ու անցել եմ -
     Ծերացել եմ ես:
     Բայց այս վառ օրերի մեջ,
     Երբ հողմերն աղմկում են,
     Աղմկում ու երգում է
     Անցած սիրտը իմ.
     Ես կարծես դեռ ջահել եմ,
     Ինձ կարծես հմայել են,
     Եվ իմ սիրտը պահել է
     Կրակները հին: -
     Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
     Որ այդպես հմայում ես,
     Հմայում ու նայում ես
     Օրերում այս հուր.
     Դու անուշ կարկաչում ես,
     Դու կանչող մի հնչյուն ես,
     Կարկաչում ու կանչում ես,
     Չգիտեմ, թե ո՞ւր:
     Եվ հիմա ես լսում եմ,
     Որ վերջին երազում իմ
     Քո կարոտն սկսում է
     Իմ հոգին հուզել -
     Ես կարծես ծերացե՜լ եմ,
     Ծերացել ու դարձե՜լ եմ
     Ու նորի՜ց երազել եմ
     Կարոտանք ու սեր...
     1919-1920


    
    

Որքան դաշտեր որ կան

Որքան դաշտեր որ կան,
     Որքան որ կան լեռներ,
     Որքան գյո՜ւղեր, հյո՜ւղեր,
     Ու քաղաքներ հսկա -
     Կուզեմ ողջույն այնքան
     Հոգուս խորքից թեւե՜ր.
     Կուզեմ ամե՛ն ժխոր
     Հոգիս ապրի, զգա: -
     Կուզեմ երգում իմ այս
     Հոգիս հրթի՜ռ դառնա,
     Թռչի հեռուն հրկե՜զ.-
     Ամեն անցորդ ապրի,
     Ամեն անցորդ զգա
     Խենթությունը երգիս...
     Կուզեմ շնչում երգիս
     Ամե՛ն անցորդ զգա -
     Խենթությո՜ւնս հրկեզ,
     Խնդությո՛ւնս հսկա...
     1919-1920


    

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
     Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ -
     Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
     Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ...
     Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
     Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն -
     Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր -
     Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում...
     Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ -
     Այնպես էլ սիրտս - անսփոփ, այնպես էլ սիրտս - անուրախ,
     Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ -
     Ախ, սի՜րտս իմ՝ բո՜րբ ու անսփոփ, - երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ...
     1919-1920


    
    

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
     Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր,
     Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
     Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր:
     Վառվե՜լ է երկիրը կարմիր կրակով.
     Կարմիր նժույգները վառե՜լ են երկիրը, -
     Թռչում են - հողմի՛ պես - անընդհատ շարքով,
     Ամեն տեղ - երա՛շտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է:
     Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՜ռ,
     Կայծերը նետի՛ պես ճեղքում ե՛ն գալիքը.
     Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
     Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը - բարիք է:
     Թռչո՜ւմ են, թռչո՜ւմ են անվերջ, սրընթաց
     Կարմիր նժույգները, բաշերը - փրփուր,
     Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց -
     Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր...


    
    

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
     Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
     Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
     Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
     Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
     Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
     Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա -
     Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ...
    
    
    

Հնչում են օրերը, կանչում են

Հնչում են օրերը, կանչում են,
     Օրերը - կարմիր ու բոսոր.
     Օրերը ղողանջ ու հնչյուն են,
     Զնգում են՝ հրե ու հզոր:
     Ու սիրտս զնգում է, զնգում է,
     Թռչում է՝ կրակ է ու բոց.
     Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
     Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...
     Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
     Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
     ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա -
     Անդարձ է կարոտը երգիս:
     Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
     Երգերս զնգան ու հնչեն -
     Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
     Երգերս այս վառ ու հնչեղ...


    
    
    

ՄԱՐԻՈՆԵՏԿԱ

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
     Ոտքերն հողին, հողին, հողին՝
     Եկավ-գնաց, եկավ-գնաց,
     ունատ, դեղին, գունատ, դեղին:
     Ձեռքը շարժեց մեկ վեր, մեկ վար,
     Ոտքը խփեց - մեռե՛լ, մեռե՛լ, -
     Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
     Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:
     Ահա՛, ահա՜ -թեքվե՜ց, թեքվե՜ց,
     Կընկնի՛, կընկնի՛... բայց չէ՛. նայի՛.
     Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
     Մնաց մի պահ՝ աչքը մահի:
     Ու սո՜ւր ճչաց՝ կարծես բռնի
     Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-
     Այդպես հոգի՛ս պիտի մեռնի -
     Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց...
     1920


    
    

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
     Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
     Պայտերը խփում են, խփում են հողին.-
     Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
     նո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
     Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
     Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
     Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...
     1919
    
    
    

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
     Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
     Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով -
     Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
     Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
     Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. -
     Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, - ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
     Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
     որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
     Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
     Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
     Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
     Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի -
     Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
     Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի -
     Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
     Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
     Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
     Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում -
     Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...
     1919


    
    

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
     Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
     Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
     Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
     Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
     Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
     Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝
     Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
     Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
     Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
     Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
     Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
     Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
     Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
     Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր
     Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...
     Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
     Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
     Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
     Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
     ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
     Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան...
     - Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
     Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...
     1917


    
    

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
     Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
     Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
     Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
     Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր -
     Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
     Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր -
     Ու կնայենք Հարդագողի ճանապարհին...
     1917


    
    

ՀԱՐԴԳԱՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Սիրելի Վիվանին
    
     Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
     Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
     Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
     Անրջական կարոտներով ու սիրով:
     Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
     Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
     Ու սիրում ենք առավոտից իրիկուն
     Ճամփա երթալ - ու հավիտյան երազել:
     Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
     Ճամփաների հեռուները դյութական -
     Ու անցնում ենք ուղիներով երկրային,
     Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
     Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
     որշ, անարեւ, անմխիթար մանկություն:
     Զառանցանքի պես մանկությունը անցավ -
     Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
     Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
     Երազելով հավերժական հեռուներ:
     Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում -
     Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
     Ու օրերում բազմագույն ու բազմազան
     Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր, -
     Բայց աչքերը մեր - արեւներ չտեսան,
     Եվ մեր սրտերը - լուսավոր հեռուներ:
     Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
     Որոնեցին պատահական աչքերում
     Հարդագողի ուղիները ոսկեման,
     Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
     Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
     Ու սրտերում - արեգակներ ոսկեվառ.
     Ու բզկտվեց հայացքներից անկենդան
     Որբ սիրտը մեր՝ երազորեն - հոգեվար:
     Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
     Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
     Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու -
     որշ օրերի տաղտկությունը երգեցի...
     Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
     Կապուտաչյա երջանկության առասպել.
     Մի երկնային առնչության պատմություն -
     Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
     Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ, -
     Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
     Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ -
     Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
     Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
     Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
     Միայն ******ը մշուշում համբուրեց,
     Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
     Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
     Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
     -Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
     Որ երազում երազեցինք ու անցանք...
     1916-1917


    
    

Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -

Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
     Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
     Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա, -
     Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
     Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
     Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն ...
    
    
    

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
     Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
     Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
     Լուսամփոփի՜ պես աղջիկ ... Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
     Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
     Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
     Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն ... Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
     Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
     Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
     Լուսամփոփի՜ պես աղջիկ ...


    
    

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
     Ես երազեցի արեւի մասին:
     Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար -
     ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
     Ես երազեցի արեւի ոսկին,
     Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
     Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
     Արեւանման, արնավառ խոսքի, -
     Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար -
     Խոսքեր չկային, ու արեւ չկար ...
     1915


    
    

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
     Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
     Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
     Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
     Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
     ուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
     Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
     Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին -
     Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
     Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
     Երգում եմ նրա տագնապները խոր -
     Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
     Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: - - Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
     Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
     - Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
     - Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
     Ողջունում եմ ձեզ անցած խավարի
     Իմաստուն, տխուր ժպիտով բարի ...


    
    

ՎԱՀԱՆ

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար ...
     Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
    
     Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
     Օ, Վահագն արի: - Տեսնում եմ ահա,
     Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
     Արնաքամ ընկած դիակիդ վրա:
     Թե մի՞ֆ էիր դու ... Եկան երգեցին
     Մի հին իրիկուն գուսանները ծեր,
     Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
     Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
     Եվ հավատացինք, հարբած ու գինով,
     Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ -
     Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
     Մեր երկիրը հին դարձրին փոշի ...
     Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
     Որ նետեն քաղցած ոհմակներին կեր -
     Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
     Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ ...
     1916


    
    

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
     Երկինքներ, որպես երազներ հոգու:
     Երկինքներ, որպես մանկական աչեր:
     Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
     Երբ լսում էի մրմունջը լճի
     Ու նայում էի թափանցիկ հեռուն -
     Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
     Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
     Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
     Մեկը կարոտի իրիկնամուտին:
     Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
     Խառնելով հոգիս աստղային մութին ...


    
    
    

Քաղվածքներ

  • Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։
  • Մեծերը փառքի հետևից չեն վազում։ Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում։
  • Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ, -
         Այժմ կեսօր է արդեն, - ժա'մ է դառնաս իմաստուն։
  • Դարը մեզ մուրհակ է տալիս, - բայց այդ փակ մուրհակի հատուցումը
         Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում։
  • Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
         Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
         Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
         Վառված հրով անշեջ դարերում հին։
  • Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա՝ իսկական գրող չկա։
  • Դասագրքում տեղ գտնող հատվածը գեղեցիկ մղումներ տալու հետ միասին պետք է գտնվի արվեստի բարձր աստիճանի վրա։ Սա է հիմնականը։
  • Դասագիրքը մշակում է աշակերտի ճաշակը, զարգացնում է սեր դեպի լեզուն, ոճը, գեղեցիկի ըմբռնումը։ Աշակերտը պետք է կլանվի բովանդակությամբ, համակվի գաղափարով, բայց և պետք է հասկանա պատկերը, հիանա անսպասելի, դիպուկ գտնված համեմատությամբ։
  • Ինքս ոչինչ չեմ գրել և չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում են ԼՈՒՐՋ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ։ Եթե երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքներից, կփորձեմ գրել։
  • Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը։
  • Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին... Որպես օրինակ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով...
  • Եվ ես տեսնում եմ, որ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են մեր միջնադարյան աշխարհիկ բանաստեղծները՝ «այդ հանճարեղ ճորտերը», չի կարելի գտնել ուրիշ մի գրականության մեջ, իհարկե, ոչ թե նրանց հանճարեղության, այլ գույների ու երանգների, ձևի ու նյութի մշակման ինքնատիպության իմաստով։։
  • Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ։
  • Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ... Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն։
  • Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը։

Քաղվածքներ Չարենցի մասին

  • Ասուպի նման ծնվեց ու մի ակնթարթում կիզվեց Չարենց մահկանացուն։ Բայց հոգու լույսը հավերժաբար մնաց ու գնալով պայծառանում է։
...Չարենց անունը դարձել է մեր խղճի ու արժանապատվության խորհրդանիշը: Ու քանի դեռ շարունակվում է Նաիրյան պատմությունը, այդ անունը ժողովուրդը միշտ էլ կպարզի իբրև դրոշ... Չարենցը լեգենդ էր...Մարտիրոս Սարյան
  • Այսօր, հատկապես առայժմ, գոնե Եղիշե Չարենցն՝ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ։
Վահան Տերյան
  • ...Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորությամբ, ըմբոստ ու եռուն։ Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպելը» և «Տաղարանը» ... «Ես իմ անուշ Հայաստանին» ։
  • ...Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված՝ հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է։
  • ...Չարենցը Հոկտեմբերյան սոցիալիստական էպոխայի ամենամեծ բանաստեղծն է հայ գրականության մեջ, և նա բազմակողմանի կերպով ազդեց հայ գրականության վրա։ Նա ինչ որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ։
Ավետիք Իսահակյան
    
  • Չարենցն անպայման տաղանդ է, նա բարձրանում է, ավելի խոշոր ու մեծ դառնում։
Ալեքսանդր Մյասնիկյան
  • ...Մեր գրականությունը իսկապես առաջ շարժող գրողները քիչ են հայտնի։ Հիշենք Չարենցին։ Ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Միության մասշտաբով այդ խոշորագույն բանաստեղծը գրեթե անծանոթ է ռուս ընթերցողների լայն շրջանին։
Ակսել Բակունց
  • Չարենցը ուժի բանաստեղծ էր։ Համեմատական և խիստ բնական հանգստի պահերն իսկ նրա համար հավասար էին մահվան։ Այդ պատճառով էլ նրա գրական ամբողջ կյանքը նման է վազքի՝ մի հանգրվանից դեպի մյուսը։ Նա, ինչ խոսք, կառուցել է նաև վանքեր ու բերդեր։ Բայց, ընդհանրապես, նա շինարարն է ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԻ։ Ընստ որում, այդ իջևանատները նա շինում էր այլոց համար, որովհետև ինքն իր իսկ իջևանատներում ընդամենը գիշերում էր, որովհետև շտապում էր կառուցել նոր իջևանատուն։ Այս իմաստով՝ նա «զարմանալի թեթև, զարմանալի անփույթ» -ի մեկն էր՝ մի զուտ մոցարտյան կամ պուշկինյան բնավորություն։
Մոցարտյան կամ պուշկինյան բնավորության տակ ընդգծելու համար ասենք նաև, որ Չարենցը ՇԱՏ ԷՐ ՏԱՐԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՇԱՏ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԵՑ ՕՐԵՐԻՆ: Ժամանակի նախօրինակ անզգացողությունը հատուկ է միայն նրանց, ովքեր հենց իրենք մարմնավորված ժամանակ են: Պարույր Սևակ
  • Եղիշե Չարենցը՝ ղարսեցի այդ գանգրահեր թխաչյա տղան, հասնելով լիրիկայի ամպամերձ բարձունքններին, իր յուրաքանչյուր տողով, իր սրտի յուրաքանչյուր թելադրանքով պատկանում է հարազատ հայ ժողովրդին։ Լինելով մեծ Հոկտեմբերի զավակ, նրա զինվորն ու բանաստեղծը՝ Չարենցը պատկանում է հայրենիքի բոլոր ժողովուրդներին, ամբողջ աշխատավոր մարդկությանը։ Չարենցի զրնգուն բանաստեղծությունները կհնչեն անդադար։
Ա. Սուրկով
  • Վառվեց ու գնաց։
Այդպես եղավ այդ զարմանալի ինքնատիպ, զարմանալի մեծ բանաստեղծը, մեր փոթորկաշունչ դարի շռնդալից երգիչը, Կարս քաղաքի անտաշ քարե մի տնակում ծնված ու մեր սերնդի աչքերի առաջ վսեմ լեգենդ դարձած Եղիշե Չարենցը: Խաչիկ Դաշտենց
  • Հայ ժողովուրդը դարեր է ապրել, որ Չարենցի նման հսկա է երկնել[8]։
Արսեն Տերտերյան
  • ...Նրա պոեզիան փոխվեց հենց իր հայրենիքի պես։ Հենց Չարենցի մոտ է, որ ամենից առաջ պոեզիայում երևացին Հայաստանի նոր մարդիկ։
Լուի Արագոն
  • Նա բազում գետեր ու առուներ է ընդունել իր մեջ և վերածվել է մի վիթխարի ջրվեժի, որ կոչվում է Չարենց։ Նա համագումարն է արևելահայ, ռուսական, ապա համաշխարհային պոեզիայի լավագույն տրադիցիաների։ Այս ամենով հանդերձ Չարենց է, գրական շեշտված, մեծ անհատականություն, էպոխայի նշանավոր երևույթ։
Գուրգեն Մահարի
  • Եղիշեն նրանցից է, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։
Եղիշեի նման հոգիները ասուպների նման են, գալիս են անհայտության խորքերից և մի կարճ րոպե շանթարձակ լույսով ողողելուց հետո իրենց ճանապարհը անհետանում են նույն հեռուներում, որտեղից եկել են: Նման տեսնողներից էր Դանթեն: Վահրամ Փափազյան
  • ...Չարենցը, Չարենցը...
«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» ...Անոր չհանդիպած՝ արդեն գիտեի իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատեմ մոր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր» -ին նմանող աղոթք մը: Վիլյամ Սարոյան
  • ... «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է։ Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է։
Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլանքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաստված լինել: Մարտիրոս Սարյան
  • Նա ապրում էր մեր ժամանակակիցների հետ և մեջ... Բայց միաժամանակ նա նրանց մեջ միակն էր, որ ապրում էր նաև ապագայում և անցյալում։
Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ: Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում: Հեղափոխությունը նրա համար ոչ թե կեցվածք էր, ինչպես շատերի համար, այլ պարզապես կեցություն: Պարույր Սևակ
  • ...Մեծ բանաստեղծի ստեղծագործական ուղիները երբեք նման չեն քանոնով քաշված ուղիղ գծերի։ Այդ ճանապարհները ամենից ավելի հիշեցնում են հորիզոնով ձգվող լեռնաշղթաների վայրիվերումները՝ կատարներ, խորություններ ու անդունդներ։
Եղիշե Չարենցի ստեղծագործական լեռնաշղթայում այդ կատարներն ու խորությունները, թռիչքներն ու անդունդները շատ են ընդգրկված[12]: Վահագն Դավթյան
  • ...Քնքշությունը Տերյանի, Թումանյանի սիրտը մեծ,
Վեհ քնարը Պուշկինի, Մայակովսկու խոսքը, -Դու ձուլեցիր քո սրտի քուրայի մեջ, հրի մեջ, Կռելով մեր դպրության ազնիվ մետաղը մաքուր[10]: Վահրամ Ալազան
  • ...Չարենցը մեռած - ո՛չ բարեկա՛մ -
Չարենցը լույս է, ոգի ու սեր, Չարենցը ձայն էՈւ խոսքի հորդող գետ է անեզր, Չարենցը սիրտ է հրակարմիր, Սրտի տրոփ է մրրկահարվող, Չմարող բոց է արարչագործ[10]: Գառնիկ Ադդարյան
  • Չարենց մեծագույն դեմքերեն էր մեր ազգային բանաստեղծության և մեծագույն քերթողն էր Խորհրդային Հայաստանին, այնքան ջերմ հայրենասեր, որքան համոզված համայնավար հեղափոխական երգիչ[12]։
Արշակ Չոպանյան
  • Չարենց այն նոր գրողն էր, որ ցեղային ու համամարդկային ձգտումներն ու աշխարհայացքները կուզե իր գործին մեջ միացնել։ Կարելի է ըսել, որ այդ կարգի հայ գրողներուն ամենատիպիկն է[12]։
Վահան Թեքեյան
  • Մեր առջը մի գործ է («Երկիր Նաիրի»), որը ստեղծված է գոգոլյան ռիթմով. եթե պոեմ, համենայն դեպս, էպոս, որը հայ գրականության համար բացառիկ գրական նշանակություն ունի[12]։
Մարիետա Շահինյան
  • Ինձ թվում է, որ խորհրդային գրականության, խորհրդային պոեզիայի առաջին հիմնադիրների մեջ է նա՝ մեծատառով գրվող այդ բանաստեղծը։ Նրա խիստ ուժեղ տաղանդը երևում է և՛ կերպարի կերտման, և՛ թեմայի լայնության, և՛ նրբարվեստ լիրիկայի, և՛ իր Նաիրի երկրի անցյալի ու ապագայի մասին արած խորհրդածությունների մեջ։
  • Նրա բանաստեղծական բերքը հիանալի է։ Նրա բանաստեղծություններն ու արձակը, իրավամբ, մտան համաշխարհային գրականության մեջ։
Նիկոլայ Տիխոնով
  • Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք է՛լ ավելի ենք սիրում դրանք...
Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահպանի իր երիտասարդությունը: Իլյա Էրենբուրգ


    
    


    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
17547 | 0 | 0
Facebook