Ռոման քաղաքը կառուցվել է ԺԴ-րդ դարի վերջին: Ռոման քաղաքի հայ համայնքը, ըստ ավանդության, Մոլդավիայի հարուստ հայերից էր կազմված, որոնք 1355 թ․, նախկին գերմանացի-սաքսոն գաղթականներից փայտաշեն եկեղեցի են գնում: Թեև շատ փաստաթղթեր պակասում են, սակայն հստակ է, որ հայերը հաստատվել են Ռոմանի մեջ ԺԶ-րդ դ․ կեսին և ունեին իրենց եկեղեցին: Մինաս Թոխատեցի դպիրը իր «Ողբ» -ի մեջ հիշատակում է՝
«Քաղաք մը կայր Ուռումանի
Ինքըն փոքրիկ բարով լի
Շատ հայ ազգ կայր ի յայն տեղի
Խիստ տօլվաթովք եւ անուանի:
...........................................
Եկեղեցիք զինչ կայր հայի
Խօթին, Սէրաթ, յԱսպազարի (Եաշ)
Վասլով, Պոտշան, յՈւռումանի
Ամենեքեան հիմէն քակի:
Ալեքսանդր Բարեպաշտի օրոք Լեհաստանից գաղթող 3000 ընտանիքներից մի մասն էլ բնակություն հաստատեց Ռոման քաղաքի մեջ:
Ժամանակին, Ռոման քաղաքի բնակչության՝ որ հաշվում էր 15․000 հոգի, հայերն ունեին շուրջ 500 տուն և բոլորն էլ հարուստ էին:
Ռոմանի հայկական եկեղեցին՝ Ս. Մարիամ Աստվածածինը, կառուցվել է հին եկեղեցու տեղը 1609 թ․ Հակոբչա մի ազնվականի կողմից: Հիշատակարանը հետևյալն է․
«Շնորհօք եւ ողորմութեամբ կամօքն Այ. եւ ընտրութեամբ ամենակալին այ. եւ ի փառս ծնեցելոյն ի նմանէ ի այս անբարի, անուն պր. ակոբչայ զոր շինեաց զտաճարս այս անուն սբ. ածածին. Յիշատակ իւր հոգուն եւ իւր կնոջն խաթուն մուղալին եւ իւր ծնողացն պր. վարդանին եւ տոլվաթին եւ իւր որդւոցն պր. վարդանին եւ սագոլիային եւ պր. տօնիկին եւ իւր դստերացն մէլուշին եւ տօլվաթին թվ ՌԾԸ սեպտեմբ. տր. Խաչտ.»:
1864 թ․ եկեղեցին նորոգվել է Թեոդորոս Սողոմոնյանի և Տոնիկ Սիմեոն Բիբիյանի կողմից. այս առթիվ զետեղված մարմարե քարը՝ եկեղեցու դռան ճակատին՝ ունի հետևյալ արձանագրությունը.
«Յամին փրկութեան 1864 նորոգեցաւ հինաւուրցն ձեւակերպութիւն Սրբոյ եկեղեցւոյ Հայոց ի նուէր փառացն վերափոխման Տիրամօորն յաւելեալ ի նմա հիմնակառոյց պահարան, գաւիթ, զանգակատուն եւ կաթուղիկէ որ ի միջավայրին, յատկական արդեամբ ռօմանցւոյ ջերմեռանդավառ տեարցն Թէոդորոսի Սողոմոնեան եւ Տօնիկի Սիմէոն Բիբիեան ի յաւիտենական յիշատակութիւն ննջելոց եւ կենդանի ընտանեաց նոցին, եւս եւ յանմոռանալի մտաբերութիւն բազմաժամանակեայ սիրավառեալ ընկերութեան իւրեանց յարդիւնս շահաւէտութեան»:
Եկեղեցին ունի նաև զանգակատան վրա խոշոր, գեղեցիկ մի ժամացույց, անցյալ դարի վաթսունական
թվականներին Վիեննայից բերված։
Տ․Հեթում քհն․ Թարվերդյան