«Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ 2015 թվականից կազմակերպում է «ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ» հեղինակային երգի փառատոնը, որն այս տարի ընդգրկում է միջազգային շրջանակներ։
Փառատոնի հիմնական նպատակը ոչ միայն սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելն է, բեմ տրամադրելը, այլև մշակութային միջավայր ստեղծելը և բարդ ժանրի սիրահարների ու երգահանների միջև շփում ապահովելը։ Որպես կանոն՝ փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ Նախընտրական փուլում կազմակերպվում են լսումներ, ինչի արդյունքում եզրափակիչ փուլ են անցնում ժյուրիի կողմից ընտրված նորանուն տասը հեղինակ-կատարողներ։ Եզրափակիչ փուլում կազմակերպվում է հեղինակային երգի եռօրյա համերգաշար, որին մասնակցելու հնարավորություն են ստանում «Լավագույն տասնյակ» անվանակարգի արժանացած հեղինակ-կատարողները։ Փառատոնն ամփոփվում է հավաստագրերի, շնորհակալագրերի և խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ և բարդ ժանրի մի քանի սերունդների մասնակցությամբ գալա մեծ համերգով։
«Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 14-16-ը «Վիշապ» լողափում (Սևանա լիճ, Շորժա գյուղ): Նախընտրական լսումները կանցկացվեն Երևանում, ժյուրիի կազմը գլխավորում է հայտնի երգահան Էդուարդ Զորիկյանը։ Ինչպես տեղեկացանք փառատոնի կազմակերպիչներից, այս տարի «Հուսո առագաստ» -ի շրջանակում հանդես են գալու նաև Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից ժամանած հյուրեր, որոնց մի մասը հանդես է գալու մրցութային կարգով։
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 7-ը լրացնել առցանց հայտը և ուղարկել հեղինակային 1 երգ (mp3 ձևաչափով, ստուդիոն ձայնագրությունը պարտադիր չէ), դրա տեքստը (PDF տարբերակով) և լուսանկար։ Պարտադիր է, որ հայտատուն ներկայացնի իր հեղինակային երգը (լինի թե՛ խոսքի, թե՛ երաժշտության հեղինա՛կը) և հանդես գա կիթառի սեփական կատարմամբ (և՛ նախնական լսումների, և՛ եզրափակիչ փուլի ժամանակ) ։
Մշակութային նման նախագծերը ստեղծագործական հնարավորությունները բացահայտելու և մրցելու հնարավորություն են ընձեռում, ինչը չափազանց ոգևորող է հատկապես երիտասարդների համար, քանի որ հե՛նց նրանց կողմից է, որ հեղինակային երգն առանձնահատուկ սեր է վայելում։ Իսկ «Հուսո առագաստ» -ում ոչ միայն փայփայում և գնահատում են այդ սերը, այլև անում ամեն հնարավորը նոր սերնդի մտքում և սրտում այն պահպանելու համար։
Կարող եք դիտել նաև տեսանյութը...