Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արարատ համայնքնը սփռված բիբլիական լեռան սուրբ հովանու

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
13:25, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Արարատ համայնքնը սփռված բիբլիական լեռան սուրբ հովանու
    
     Դարերն ու հազարամյակներն իրենց հետքերն են թողել բազում վկայություններով, սակայն գյուղի նորօրյա պատմությունը ձևավորվել է 1828-1829 թվականներից, երբ գյուղում բնակություն են հաստատել Մակու և Սալմաստ գավառների ներգաղթած հայերը, 1935թ. վերանվանելով բնակավայրը Արարատ:
     Այսօր Արարատը մեր հանրապետության զարգացման լուրջ ներուժ ունեցող համայնքներից է: Հարազատ կենսաթելերով իր բնօրրանին միահյուսված Արարատցու համար համայնքում արձանագրվող յուրաքանչյուր դրական տեղաշարժ մեծագույն ձեռքբերում է, որի շղթան վերջին տարիներին շարունակաբար ավելանում է նկատելի բարեփոխումներով: Բնօրրանի շենացմանն ուղղված ծրագրերի կենսագործմամբ իր կյանքն ու գործն է իմաստավորում նաև համայնքի ղեկավար` Կարեն Ղազարյանը:
     Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտներից է, արարատցին ինչպես միշտ իր հանապազօրյա հացն է արարում. Համայնքն ապրում է հայեցի ու հայավայել, հպարտ ու պարզճակատ, ու նաև իր խրոխտ և վեհ լեռան պես համառ ու աննկուն:
     Պատահական չէ, որ գյուղը նախկինում կոչվել է Դավալի, Դավալու, Դեվրլու, որը տեղացիների մեկնաբանությամբ նշանակում է դավ ու կռիվը լի. Թերևս արարատցիների այս էությամբ է պայմանավորված եղել նաև գյուղի աննկուն ոգին, որը ահ ու սարսափ է ներշնչել թշնամիներին: Ի հավելումն այս նկարագրի` արարտցու դիմագիծն ամբողջանում է նրա հյուրընկալությամբ ու պատվասիրությամբ. Թիկունք-թիկունքի է պատրաստ կանգնելու նա, երբ օրհասական պահն է մոտենում, և հյուրընկալ օջախում պատվելու հայեցի շնորհն է կրում` յուրայինին ընդունելով արժանավայել:
     Արարատի բնությամբ, հող ու ջրի անարատությամբ են պայմանավորված այստեղ արարվող բարիքների անկրկնելի համն ու օգտակարությունը: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Բնակավայրի արևահամ բարիքները ճանաչված ու գնահատված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: [vid:0]
     Արարատի ծեր կատարին դար է եկել վայրկյանի պես ու անցել… այդ դարերից առայսօր ձգվող գիտության ու կրթության լուսի կանթեղով են անխախտ մնացել մեր արժեքներն ու հայի տեսակը: Արարատում այսօր սերնդակրթության պատվախնդիր գործը ստանձնել են համայնքում գործող մանկապարտեզն ու գյուղի երեք դպրոցները:
     Այստեղ նախադպրոցական կրթություն է ստանում 160 երեխա, իսկ գյուղի 3 դպրոցներն իրենց ուսերին են առել ազգապահպանման` սերունդների կրթության, դաստիարակության, հայ մարդու ձևավորման պատասխանատու առաքելությունը: Գյուղի հին դպրոցում՝ ներկայիս 3-րդ միջնակարգ դպրոցում է դասավանդել նաև մանկագիր Աթաբեկ Խնկոյանը. Լավագույն ավանդույթները շարունակվում են, այսօր էլ վաստակաշատ մանկավարժների հոգու անսպառ լույսով կրթվում և կյանքի տարբեր ասպարեզներում հաջողության բարձունքներ են նվաճում արարատցի աշակերտներն ու շրջանավարտները:
     Արարատը Հայաստանի հին բնակավայրերից է, որի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. II-I հազ. ամրոցի մնացորդներ: Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են նաև 9-15-րդ դարերի խաչքարերը, տապանաքարերը, 10-17-րդ դարերի գերեզմանոցը:
     Արարատ գյուղի հարավ-արևելյան մասում է գտնվում 19-րդ դարի Ս. Հակոբ եկեղեցին, կից` զանգակատունը: Եկեղեցու բակում վեր են խոյանում Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները: Գյուղում է գտնվում Արարատի հիմնադրման 150-ամյակին և երկրորդ աշխարհամարտում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշահամալիրը` դեպի երկինք խոյացող սյուներին հենված հավերժության խորհրդանշական կոթողով: Գյուղի Մշակույթի տան բակում է գտնվում Ստեփան Շահումյանի արձանը:
     Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ… այս երկրի սահմանները գծվում են արյամբ ու ամրանում քրտինքով… հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի թևավոր խոսքը թերևս ծնունդ է առել այն հող ու ջրից, որից սերվել է մեր ազգային հերոսը: Սպարապետի ծննդյան 43-րդ տարեդարձի օրը` 2001թ. մարտի 5-ին, Արարատում բացվել է նրա տուն-թանգարանը, որի բակում տեղադրված է սպարապետի կիսանդրին:
     Արարատյան դաշտավայրի բոսորագույն մայրամուտն է. Արարատցին էլ իր վաստակի հոգնությամբ ու նաև արարածի բերկրանքով վայելում է իր հանապազօրյա հացը: Արարատցու կյանք էլ յուրօրինակ մի ստեղծագործություն է` բացառիկ ելևէջներով, կենսակերպով և նիստ ու կացով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4950 | 0 | 0
Facebook