Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բյուզանդիայի Մակեդոնական (Հայկական) դինաստիայի հիմնադիր, հայազգի Վասիլ (Բարսեղ) 1-ին Մակեդոնացու ապշեցուցիչ կարիերան

22:27, չորեքշաբթի, 10 մայիսի, 2017 թ.
Բյուզանդիայի Մակեդոնական (Հայկական) դինաստիայի հիմնադիր, հայազգի Վասիլ (Բարսեղ) 1-ին Մակեդոնացու ապշեցուցիչ կարիերան

Այն ժամանակ, երբ Բյուզանդիայի` ծագումով հայազգի կայսրուհի Թեոդորան իր ամուսին Թեոֆիլոսի հետ գահակալում էր, մոտավորապես 840 թվականին աղքատ հագնված, բայց տեսքով բավականին ներկայանալի մի երիտասարդ (շնորհիվ բարձր հասակի, թիկնեղության ու արևառ գեղեցիկ դեմքի)` խուրջինն ուսին ու ձեռքին ցուպ, մթնշաղին Ոսկե դարպասներով Կոնստանդնուպոլս մտավ: Օրը կիրակի էր: Հոգնած ու փոշու մեջ կորած ճամփորդը մոտակայքում գտնվող սուրբ Դիոմիդոսի եկեղեցու մուտքի մոտ պառկեց ու անմիջապես խորը քուն մտավ: Եվ, ահա, կեսգիշերին վանահորը մի ձայն է արթնացնում: Այդ ձայնն ասում է. «Վե'ր կաց ու եկեղեցու դռները բաց կայսեր առաջ»: Վանահայր ենթարկվում է հրամանին, բայց եկեղեցու բակում, բացի գետնին փռված ինչ-որ քրջոտից, ուրիշ մարդ չտեսնելով, մտածում է, թե երազ է տեսել ու վերադառնում է իր ննջարան և նորից քնում է: Բայց որոշ ժամանակ անց նույն ձայնը նրան երկրորդ անգամ է արթնացնում ու կրկնում է նույն հրամանը: Կրոնավորը դարձյալ դուրս է գալիս, բայց բացի քնած թափառաշրջիկից, ուրիշ ոչ ոքի չի գտնում ու նորից անկողին է մտնում: Շուտով ձայնը` այս անգամ ավելի տիրական, դարձյալ հնչում է գիշերային լռության մեջ: Ապացուցելու համար, որ վանահայրը երազ չի տեսնում, առեղծվածային ձայնը նրա կողին բռունցքով հարվածում է ու ասում. «Վե'ր կաց ու նե'րս թող դռների մոտ պառկածին, քանզի նա կայսր է»: Դողահար հոգևորականը շտապով լքում է խուցը և, ելնելով դուրս, կանչում է անծանոթին: «Ես այստե'ղ եմ, տե'ր հայր, - պատասխանում է օտարականը՝ քնից զարթնելով: - Ի՞նչ կհրամայես ծառայիդ»: Վանահայրը նրան հրավիրում է ներս ու կերակրում է: Առավոտյան նա նրա համար տաք լոգնոց է պատրաստում, նոր հագուստ է տալիս, ու քանի որ զարմացած ճամփորդը բոլորովին չէր հասկանում, թե ինչի շնորհիվ է այդ պատիվներին արժանանում, վանահայրը նրան տեղեկացնում է, թե ապագայում նա ինչ ճակատագրի է արժանանալու, խնդրում է, որ այսուհետ իր բարեկամն ու եղբայրը դառնա ու գաղտնի պահի իր պատմածը:

Այսպես է սկսվում Բյուզանդիայի կայսերական նոր տոհմի` Մակեդոնական կամ Մամիկոնյան տոհմի հիմնադիր Բարսեղի կամ Վասիլի վերելքը դեպի կայսրական գահ:

Բարսեղի թոռ Կոնստանդին 7-րդի արքունիքում ապրած պատմաբաններն ու Կոնստանդին 7-րդ Ծիրանածին կայսրն ինքը ցանկանում էին Մակեդոնական արքայատոհմի հիմնադրի համար պատշաճ և նույնիսկ փառավոր ծագումնաբանություն կերտել: Ըստ նրանց խոսքերի` նշանավոր բասիլևի հայրը Հայաստանի արքայական տոհմի սերնդից է եղել, իսկ մայրը եղել է Կոնստանդին կայսեր ու նույնիսկ Ալեքսանդր Մեծի ազգականը: Իրականում նրա ծագումը շատ ավելի համեստ է եղել: Վասիլը ծնվել է մոտավորապես 812 թվականին, Ադրիանապոլիսի մերձակայքում, բուլղար խան Կրումի կողմից գերի տարված չքավոր հայ գյուղացու ընտանիքում: Բուլղարական պատերազմի տարիներին այս ընտանիքը սնանկացել էր ու առանց ապրուստի միջոցների էր մնացել ընտանիքի հոր մահվան հետևանքով: Մոր և քույրերի միակ նեցուկը մնացած Վասիլն այդ ժամանակ 25 կամ 26 տարեկան էր: Նա բարձրահասակ, մկանուտ ու թիկնեղ երիտասարդ է եղել: Երեսին թավ մազածածկույթ է ունեցել: Բայց նա ո'չ կարդալ է իմացել, ո'չ գրել: Ընդամենը գեղեցիկ կերպարանք ու ամրակուռ մարմին ունեցող այս արարածը, այս երկու հատկանիշի շնորհիվ, աներևակայելի բարձունքի է հասել:

Ամեն մի հրաշքի չափազանց սիրահար բյուզանդական ժամանակագիրները խնամքով հավաքել ու գրի են առել Վասիլի վերելքն «ավետող» բոլոր նախանշանները: Նրանք հայտնում են, թե ինչպես մի օր, երբ տակավին մանուկ Վասիլը դաշտում քնած է եղել, գլխավերևում ճախրող արծիվը նրան իր թևերով հովանի է արել, թե ինչպես է նրա մայրը երազում տեսել, որ նրա կրծքից ոսկե տերևներով ու պտուղներով ծանրաբեռ ոսկե ծառ է աճում (ծառն այնքան է բարձրացել, որ ստվերել է իրենց տունը), թե ինչպես մեկ ուրիշ անգամ, դարձյալ երազում, ճերմակամորուս ծերունու կերպարանքով նրան այցելել է Եղիա մարգարեն, թե ինչպես նրա բերանից կրակի բոցեր են ելել, ու ինչպես է մարգարեն մորն հայտնել որդուն վերապահված բարձր ճակատագիրը: Բյուզանդական հասարակության սնահավատ երևակայությունը սիրել է նման առասպելներով գեղազարդել իր նշանավորների պատանեկությունը, և այդ կանխանշաններին անկեղծորեն մեծ արժեք է տվել: Իրականում Վասիլ Մակեդոնացին պետք է ամեն ինչի հասներ սեփական ուժերով` սեփական խորամանկ ու այլասերված մտքի, ոչնչի առջև չընկրկող եռանդի, իր ուժի հմայքի ու, վերջապես, այն կանանց միջոցով, որոնք հմայված ու գերված են եղել այդ տղամարդու ատլետիկ կազմվածքով:

Իր հայրենիքում` աղքատ Մակեդոնիայում, ընտանիքի հոգսով ծանրաբեռնված Վասիլը շուտով հասկանում է, որ հողագործությամբ ընտանիքը չի կարողանա կերակրել և ծառայության է անցնում իր երկրամասի կառավարչի մոտ: Այնուհետև նա մեկնում է Կոստանդնուպոլիս` բախտ որոնելու, և այստեղ հանգամանքները նրա համար առավել քան նպաստավոր են դասավորվում: Սուրբ Դիոմիդի մենաստանի վանահայրը, որը նրան ապաստան էր տվել, մասնագիտությամբ բժիշկ մի եղբայր ուներ: Սա մենաստանում մի անգամ պատահականորեն տեսնում է Վասիլին, գնահատում է նրա ծաղկուն արտաքինն ու հզոր կազմվածքը և նրան երաշխավորում է ծառայության անցնել իր հաճախորդներից մեկի` հայազգի կեսար Վարդասի ազգականներից մեկի` Թեոֆիլոսի մոտ: Այս Թեոֆիլոսին, կարճահասակության պատճառով, Թեոֆիլի (փոքրիկ Թեոֆիլ) են անվանել: Սա մոլուցք է ունեցել ծառայության ընդունել բարձրահասակ, հերակլեսյան ուժի տեր երիտասարդների: Նա նրանց մետաքսյա փառահեղ զգեստներ է հագցրել ու մեծ հաճույք է զգացել հասարակության մեջ երևալ հսկաներով շրջապատված: Հենց որ նրան հաղորդում են Վասիլի մասին, նա ուզում է նրան տեսնել ու, հիացած նրա թիկնեղությամբ, անմիջապես առաջարկում է իր ձիապանը դառնալ ու նրան «Կեֆալ» մականունն է տալիս, որը «պնդագլուխ» է նշանակում:

Մի քանի տարի Վասիլը մնում է Թեոֆիլոսի տանը, և հենց այդ ընթացքում էլ նրա հետ մի պատահար է տեղի ունենում, որն էլ ավելի է հարդարում նրա վերելքի ճանապարհը: Նրա տիրոջը հանձնարարվում է գնալ Հունաստան, և Վասիլը, որպես ձիապան, ուղեկցում է նրան: Բայց ճանապարհին Վասիլն հիվանդանում է և ստիպված է լինում մնալ Պատրասում: Այստեղ նա հանդիպում է Դանիելիդաին: Դանիելիդան արդեն բավականին հասուն տարիքի հարուստ այրի էր: Վասիլի հետ ծանոթանալու ժամանակ նա չափահաս տղա ուներ, ու, կարծես թե, նույնիսկ տատիկ էր: Տարեգիրներից մեկը գրում է. «Նրա ունեցվածքը ավելի շատ սազական էր թագավորներին, քան` մասնավոր անձին»: Նա ուներ հազար ստրուկ, անընդգրկելի կալվածքներ, անհամար հոտեր, գործատներ, որոնցում կանայք նրա համար մետաքսյա հրաշալի կտորներ, սքանչելի գորգեր, ապշելու աստիճան նուրբ կտոր էին գործում: Նրա տունը լի էր ոսկյա ու արծաթյա հոյակերտ սպասքով, սնդուկները՝ գեղեցիկ զգեստներով, գանձանակում այլևս տեղ չէր մնացել թանկարժեք մետաղներից ձուլակտորների համար: Նրան էր պատկանում Պելոպոնես թերակղզու մեծ մասը ու, ինչպես ասում է նրա պատմիչը, «նա այդ մարզի թագուհու տպավորություն էր թողնում»: Նա սիրում էր ճոխությունն ու փայլը: Ճանապարհորդության մեկնելիս՝ նա ո՛չ ձիակառք էր նստում, ո՛չ ձի հեծնում. բազմում էր պատգարակին, և 300 երիտասարդ ստրուկներ հերթափոխով տանում էին այդ պատգարակը: Նա նաև գեղեցիկ տղամարդիկ էր սիրում, և, բնականաբար, Վասիլը նրան դուր է գալիս: Բայց մի՞թե դրանից կարելի է բխեցնել, թե այդ կինը, ինչպես գրում են սնահավատ տարեգիրները, կանխազգացել է մակեդոնացի երիտասարդի փառահեղ ապագան: Մեծահարուստ այրին Վասիլին շատ լավ է ընդունում, և երբ նա արդեն հարկադրված էր մեկնել, տանտիրուհին նրան փող, հրաշալի հագուստներ ու տասնյակ ստրուկներ է տրամադրում, որպեսզի դրանք ծառայեն նրան: Սրանից հետո երեկվա աղքատը կարևոր անձնավորություն է դառնում: Այժմ արդեն նա կարող էր բարձրաշխարհիկ հասարակության մեջ հայտնվել ու կալվածք ձեռք բերել Մակեդոնիայում:

Պետք է նշել, որ նա երբեք չմոռացավ իր բարերարուհուն: Երբ քսան տարի անց նա գահ բարձրացավ, առաջին գործերից մեկը Դանիելիդայի որդուն բարձր դիրքի հասցնելը եղավ, հետո նա «կայսրին տեսնելու անշեջ ցանկություն ունեցող» ծերացած տիկնոջը հրավիրեց մայրաքաղաք: Այստեղ նա նրան թագուհու նման ընդունեց ու «Վասիլևսի մայր» տիտղոս շնորհեց: Իսկ էությամբ առատաձեռն տիկինը նրան թանկարժեք նվերներով պատվեց (հինգ հարյուր ստրուկ, հարյուր ներքինի, հարյուր ջուլհակ, թանկարժեք կտորեղեն…բոլորը չես թվի): Այդ ժամանակ Վասիլը նոր եկեղեցի էր կառուցում, և տիկինը ցանկացավ մասնակցել այդ պատվաբեր գործին. նա իր պելոպոնեսյան ջուլհակներին հանձնարարեց նոր եկեղեցու համար գորգեր գործել, որոնք պետք է ծածկեին դրա ամբողջ հատակը: Ի վերջո, նա խոստացավ, որ իր կտակում ոչ մի դեպքում չի մոռանա իր նախկին սիրեցյալի որդուն: Դրանից հետո նա Պատրաս վերադարձավ, բայց ամեն տարի, որքան որ ապրեց Վասիլին, նա նրան նվերներ էր ուղարկում: Իսկ երբ Վասիլը նրանից շուտ մեռավ, նա նույն սիրով պարուրեց միապետի որդուն, որպիսին տածում էր հոր նկատմամբ: Նա նորից Կոստանդնուպոլիս եկավ, որպեսզի տեսնի նրան, ու իր կտակում նրան դարձրեց իր միակ ժառանգորդը: Կայսերական հավատարմատարը, որին հանձնարարված ժառանգության հաշվառումը կատարել, ուղղակի ապշել էր անհաշիվ հարստությունը տեսնելով: Էլ չենք խոսում փողի, թանկարժեք իրերի, թանկարժեք անոթների, ու հազարավոր ստրուկների մասին: Կայսրն ընծա ստացած ստրուկներից երեք հազարին ազատություն է շնորհում և ուղարկում է Հարավային Իտալիա: Կայսրը 80 դաստակերտ է ժառանգություն ստանում: Միայն այս փաստն իսկ ցույց է տալիս, թե 9-րդ դարում Բյուզանդական կայսրությունն ինչ ահռելի հարստություն է ունեցել, ինչ հսկայածավալ հարստություն են ունեցել կայսրության կյանքում այնքան մեծ դեր խաղացած պրովինցիաների արիստոկրատական ընտանիքները:

Պետրասից Կոստանդնուպոլիս վերադառնալով՝ Վասիլը նորից Թեոֆիլոսի մոտ ծառայության անցավ, երբ հանկարծ մի անակնկալ իրադարձություն նրան մերձեցրեց կայսրին: Մի անգամ հայազգի Միքայել 3-րդ կայսեր զարմիկի` Վարդասի որդին հոր պատվին հանդիսավոր ճաշկերույթ է կազմակերպում: Նա այդ ճաշկերույթին բազմաթիվ բարեկամների էր հրավիրել՝ բարձրաստիճան պաշտոնատարների, ինչպես նաև բուլղարացի դեսպանների: Բյուզանդական տոնախմբությունների սովորույթի համաձայն՝ աղանդերը մատուցելու ժամանակ գալիս են ըմբիշներ, որպեսզի հյուրերին մրցելույթներով զվարճացնեն: Այդ ժամանակ բուլղարներն սկսում են իրենց ըմբիշներից մեկին գովաբանել՝ պնդելով, թե նրանից ուժեղը չկա, որ նա անպարտելի է, որ նրա դեմ ով էլ ելնի, տապալվելու է: Բուլղարներից պահանջում են ապացույցներ, և, հիրավի, բարբարոս ըմբիշը կարողանում է գետնել իր բոլոր մրցակիցներին: Բյուզանդացիները չափազանց ամոթահար վիճակում էին հայտնվել, բայց խրախճանքին մասնակցող Թեոֆիլոսը հանկարծ ասում է. «Ինձ մոտ ծառայում է մեկը, որը, եթե ուզում եք, ի զորու է մենամարտել ձեր փառաբանյալ բուլղարի հետ: Բյուզանդացիներիս համար ամոթ կլինի, եթե այդ օտարերկրացին իր հայրենիք վերադառնա անպարտելու համբավով»: Բոլորը համաձայնում են.կանչում են Վասիլին, սրահի հատակին ավազ են փռում, որպեսի հարմար լինի հակառակորդների համար, ու մարտն սկսվում է: Բուլղարը փորձում է Վասիլին բարձրացնել, բայց լինելով նրանից ուժեղ, բյուզանդացին արագությամբ ճանկում է նրան ու ճկուն շարժումով գետնին է տապալում:

Այս սխրանքն արքունական պաշտոնյաներին ստիպում է ուշադրություն դարձնել մակեդոնացուն: Այնպես է ստացվում, որ այդ դեպքից մի քանի օր անց կայսրը երկրի մարզերից մեկի կառավարչից մի շատ գեղեցիկ ձի է նվեր ստանում: Կայսրն ուզում է ձիուն անմիջապես փորձարկել, բայց երբ մոտենում է կենդանուն և ուզում է բերանը բացել, որպեսզի ատամները տեսնի, ձին ծառս է լինում, և ո'չ կայսրը, ո'չ ձիապանները չեն կարողանում նրան հնազանդեցնել: Միքայել 3-րդը խիստ դժգոհ է մնում, բայց այստեղ միջամտում է ծառայամիտ Թեոփիլոսը. «Տե'ր իմ, ես մի երիտասարդ ծառայող ունեմ, որը շատ հմուտ ու խելացի է ձիերի հետ վարվեցողությունում. եթե ուզում ես նրան տեսնել, իմացիր, որ նրա անունը Վասիլ է»: Մակեդունացի երիտասարդին անմիջապես կանչում են, ու այնժամ, ըստ ժամանակի պատմիչներից մեկի, «ինչպես նոր Ալեքսանդրը նոր Բուցեֆալին, ինչպես Բելերոֆոնտը` Պեգասին հեծնելիս, նա ցատկում է անհնազանդ ձիու մեջքին ու մի քանի րոպեում նրան կատարելապես հնազանդեցնում է»: Կայսրը հիացած էր ու համառորեն համոզում է Թեոփիլոսին, որ նա իրեն զիջի այդ գեղեցիկ տղամարդուն, այդ լավ հեծյալին ու այդ ուժեղ ըմբիշին: Եվ շատ հպարտանալով իր ձեռքբերմամբ` նա առանց հապաղելու նրան ներկայացնում է իր մորը` Թեոդորային. «Տե'ս, թե ինչ գեղեցիկ տղամարդ եմ գտել»: Բայց կայսրուհին իր որդու նոր սիրեցյալին երկար զննելուց հետո տխուր արտաբերում է. «Ինչ լավ կլիներ, եթե Աստված այս մարդուն տեսնելուց ինձ զրկած լիներ, քանզի նա կործանելու է մեր տոհմը»: Թեոդորան իրավացի էր: Կանանց դուր գալ կարողացող այս մարզիկը պետք է մոտ ապագայում ցույց տար, որ ինքն այլ գործերի էլ է ունակ: Նա Միքայել 3-րդի մոտ ծառայության է անցնում մոտավորապես 856 թվականին, իսկ 11 տարի անց կայսր է դառնում:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12191 | 0 | 0
Facebook