Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԹԱՂՈՒՄ

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
08:05, երեքշաբթի, 09 մայիսի, 2017 թ.
ԹԱՂՈՒՄ

Նվագողներն ուշանում էին: Ինչպես հետո պարզվեց, շփոթել էին դարպասն ու գերեզմանոցի հակառակ ծայրը գնացել: Իսկ անձրևն ուր որ է թափվելու էր: Դիակը շրջապատած բարեկամները լռում էին, թաղման արարողությունն ուսերին առած մոտիկներն անհանգիստ՝ ժամացույցին հայացք գցում, երկնքին, մի ոտքից տեղափոխվում մյուսը: Ով հեռու էր՝ սոսկ պարտք կատարելու համար եկած, անորոշության մեջ չգիտեր բռնելիք դիրքը: Լուռ էր և գերեզմանափորը: Հողաթմբին կանգնած՝ անկաշկանդ կեցվածքով սպասում էր իր ժամին: Կողքին պարանն էր, որով պիտի դագաղը փոսն իջեցնեին, քիչ հեռվում՝ երկու սուրծայր և երեք լայնբերան բահ՝ բոլորը գործածությունից ողորկ կոթերով: Մի քանի աներես ճանճ շարունակ պտտվում էին դիակի գլխավերևում: Թմբին ծնկած աղջիկը հա քշում էր, փորձում հեռացնել, բայց մեկին չթռցրած՝ մյուսն էր նստում: Տարված խաղով՝ նա մոռացել էր հանգուցյալին, անջրպետվել աշխարհից: Հանկարծ, թե ինչ անցավ մտքով, երևակայությունն ինչ պատկեր գծեց, սկզբում հանգիստ, նախադասության ավարտին՝ ողբաձայն ասաց.

-Իմ մաքրասեր մայրիկ, այստեղ ո՞նց ես ապրելու:

Մահացածի հավանաբար քույրը, որ տարիքով կին էր և վշտից, հոգնությունից ուժասպառ՝ հողին փլվել, ննջում էր, ցնցվեց, ավելի անբնական բարձր նոտա վերցրած՝ ձայնակցեց քրոջ դստերը, սակայն ոչ երկար։ Ձայնը քիչ-քիչ իջավ, այնուհետ միայն հոգոցներ լսվեցին, վերջում դա էլ չկար, դագաղին կռթնած մարմինն էր թեթևակի տարուբերվում: Եթե իրադարձությունները նույն հունով ընթանային, նրա փափլիկ մարմինը հաստատապես քուն կմտներ, որքան էլ միտքն ընդվզեր, չկամենար: Աղջիկը նույնպես դադար տվեց: Առաջին անգամ լինելով՝ նա լավ չէր պատկերացնում իր դերը: Մի պահ, օրինակ, չթաքցրած զարմանքով հայացքը սահեցրեց հավաքվածների վրայով, կարծես ծանոթներ փնտրելիս լիներ, հետո կողքին կանգնած եղբորն ինչ-որ բան հարցրեց, սակայն պատասխան չստանալով՝ այս անգամ սկսեց քաշքշել մեխակի արնագույն թերթերը, խաղալ հանգուցյալի գլխատակի ժանեկազարդ ծածկոցի ծոփքերի հետ:

Հարավում ամպերը որոտացին, երկինքն ավելի մթնդեց, նոր ելած քամին թուղթ էր թռցնում: Ի վերջո հարազատներից մեկի նյարդերը չդիմացան, ու նա մեքենան գործի գցելով՝ գնաց նվագախմբի ետքից: Հանգուցյալի ամուսինը՝ յոթանասունամյա կարճլիկ մի ծերուկ, քիթը թաշկինակում պինդ-պինդ, հիմնավոր մաքրելուց հետո ծխախոտ վառեց: Տղան հետևեց հորը: Մյուսները, ասես, դրան էին սպասում, սկսեցին կիսաձայն զրուցել, կանանցից ոմանք անձրևանոց հանելու մտադրանքով ձեռքերը պայուսակները տարան: Գերեզմանափորն անվրդով, տիրակալ շարժումով բան հասկացրեց պատի տակ կանգնած մարդկանց: Նրանցից երկուսը խմբից զատվելով՝ առաջացան: Նվագածուներ էին: Սկզբից ևեթ այդտեղ էին, թե նոր եկան, հայտնի չէր: Դուդուկի ու զուռնայի մեղեդին արցունք կորզելու իմաստով փողայինի համեմատ առավել շահեկան է: Դիակի շուրջ խմբված կանայք աշխուժացան, ամուսինը շպրտեց նոր վառած ծխախոտը, տղան ավելի խոր քաշեց ծուխը: Ուրիշ լացողներ չեղան:

Այդ պահին էլ տեղ հասած «Երազից» իջավ նվագախումբը և, երաժշտության ձայն լսելով, մոլոր շարվեց մեքենայի առաջ:

-Գնացեք, չերևաք, -զայրացկոտ նետեց հուղարկավորության կազմակերպիչներից մեկը: -Էլ պետք չեք:

Նրանք մեկմեկու երեսի նայեցին, սաքսաֆոնահարին, որը, երևի թե, գլխավորն էր, վայրկենաբար տվին-առան, համեմատեցին գնալու դեպքում կրելիք վնասը՝ գլուխներն անախորժությունից, բացառված չէ՝ ծեծից պրծացնելու շահի հետ ու, դիմացինի զայրույթի չափը մեկ անգամ ևս որոշելուց, իրենց հացը գերեզմանոցում վաստակողների անգրավ գործիքների հանդեպ սեփական գերազանցությունը գիտակցողի կեցվածք ընդունած՝ լցվեցին ավտոն: Մինչ այդ եկավ նաև վերջիններիս գտնելու գնացած մեքենան:

Կարկտաբեր ամպերը պարտադրում էին կարճել արարողությունը: Վաղօրոք պատրաստած մահախոսականը խիստ կարճ հնչեց, հեռագրերը չընթերցվեցին, ուշագնացություն, սրտաճմլիկ ողբեր չեղան: Ասպարեզն այնուհետ տրամադրվեց գերեզմանափորին: Մինչ տղամարդիկ կմոտենային, նա խրձելով մի կողմ տարավ ծաղիկները, հանեց հանգուցյալի գլխատակի բարձը, դագաղի եզրերից դուրս մնացած մետաքսաշորի ծայրերը կոկեց, չգիտես որտեղից խեժաբույրը վրան տախտակ բերեց, ինչին հողը ոտքի հետ ցած չթափելու համար տղամադիկ կանգնեցին: Այնուհետ պարանն անցկացվեց դագաղի տակով, և բոլորը միասին, մեկմեկու խորհուրդ տալով, օգնելով, թոկը թուլացնել-ձգելով, հավասարակշռություն պահելով՝ հանգուցյալին համերաշխ վերջին հանգրվանն իջեցրին: Ամեն բան ավելի հարթ, հանդարտ կընթանար, եթե եղանակը չխանգարեր: Բայց էլի վատ չէր, գոհ էին բոլորը:

Անձրևի առաջին կաթիլների հետ առաջին բուռ հողը վախվորած ընկավ կափարիչին, հարազատներին հետևեցին մոտիկ-հեռու բարեկամները, ով ավանդապահ էր, ապա գործի դրվեցին բահերը: Ամպերը դարձյալ որոտացին, անձրևն ուժգնացավ, փոխվեց մանրահատիկ կարկտի: Տղամարդիկ ավելի եռանդուն բանեցին, անձրևանոցներ հայտնվեցին, մյուսները, ամոթ-բան կողմ դրած, փախան: Վերջապես փոսը լցվեց, հողի ավելցուկը թմբեցին, մեջտեղ եկան տեսքը կորցրած ծաղիկներն ու ծաղկեփնջերը, պսակները, ուտեստի զամբյուղը, շշերն ու բաժակները: Կարգ էր, ապահովվեց, ինչից հետո բոլորը վազեվազ լցվեցին մեքենաները:

Իսկ թե ճանճերն ինչ եղան, չիմացվեց:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9543 | 0 | 0
Facebook