Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անպարտելիությունը մեր արյան մեջ է

Son Yan
Հեղինակ`
Son Yan
01:12, երեքշաբթի, 09 մայիսի, 2017 թ.
Անպարտելիությունը մեր արյան մեջ է
     Մայիսը հայության համար կարևոր հաղթանակների ամիս է: Սարդարապատի գոյամարտից սկսած մինչև Հայրենական Մեծ պատերազմ և մինչև Շուշիի ազատագրում: Պետականություն չունեցող հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսին թուրքական կանոնավոր բանակի դեմ ելավ անկանոն գոյամարտի: Իրավացիորեն այն անվանում են «20-րդ դարի Ավարայր»: Հայ ժողովուրդը ատամներով պաշտպանեց այս մի թիզ հողը:
     1945 թվականի մայիսի 9-ի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ հայ ժողովուրդը ունի իր ուրույն տեղն ու դերը: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, Աղանով և ԽՍՀՄ ծովակալ ՝ Իսակով: Շուրջ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով և մեդալներով, 27 հազար շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր: ԽՍՀՄ հերոսի կոչման են արժանացել 104 մարտիկներ, իսկ Նելսոն Ստեփանյանը արժանացել է ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման: Պատերազմին մասնակցել են շուրջ 600 հազար հայորդիներ:
     Իսկ տարիներ անց, 1992 թվականին նորանկախ Հայաստանի մարտիկները կարողացան հաղթանակի հասնել նաև Արցախյան պատերազմում: Հայրենական Մեծ պատերազմի հայորդիների ոգով Հաղթանակի օրը հաղթանակով պսակվեց նաև «» օպերացիան: Ուղիղ 25 տարի առաջ, մայիսի 9-ի առավոտյան, հայկական ջոկատները փառքով ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ արցախյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Ազատագրական գործողությունները իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի և Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանում հայոց եռագույնը: Արցախյան պատերազմը նորանկախ Հայաստանի պատմության փառավոր էջերից է:
     Մայիսի 9-ին է նշվում նաև ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990 թվականին գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:
     Մայիսյան հաղթանակները շարունակվում են, մեր պապերը կերտեցին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը, մեր հայրերը շարունակեցին նրանց հաղթական գործը Արցախյան պատերազմում, իսկ մեր եղբայրները նույն հաղթական ոգով այսօր անառիկ են պահում հայոց սահմանները և հարկ եղած դեպքում կարողանում են հաղթական հակահարված տալ թշնամուն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7669 | 0 | 0
Facebook