Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս պայքարել դեռահասների ագրեսիվության դեմ

News.com
Մամուլի խոսնակ`
News.com
18:48, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Ինչպե՞ս պայքարել դեռահասների ագրեսիվության դեմ

Աշխարհում ամեն տարի, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, 275 մլն երեխա ենթարկվում է ընտանեկան բռնությունների: Բռնության ենթարկված երեխաների 40 տոկոսը, ըստ տարիքային հոգեբան Նաիրա Հարությունյանի, հետագայում ևս ագրեսիա կգործադրի այլոց, այդ թվում և իր երեխաների նկատմամբ:

ԵՊՀ Սոցիալագիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանի կարծիքով` պետք է տարբերակել, թե ինչ ենք հասկանում ագրեսիա ասելով: Նրա խոսքով` ի ծնե ամեն մարդ ունի կառուցողական ագրեսիայի չափաբաժին, որը արտաքին գործոնների ազդեցությամբ կարող է աճել ու դառնալ ապակառուցողական:

Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիատահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ նշում է, որ «Երեխան ագրեսիվ է դառնում, երբ ընդունված ու սիրված չէ: Ագրեսիայով նա ձգտում է հասնել դրան»:

Մերհարբյանը նշում է, որ 90-ականներից սկսած դեռահասների մոտ ագրեսիայի մակարդակը շարունակաբար աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Նա ագրեսիայի մի քանի հիմնական պատճառ է մատնանշում. ալկոհոլի ազատ վաճառքը, սոցիալական անհավասարության սրացումը, զանգվածային մշակույթը: Հոգեբանը նշում է, որ հեռուստատեսությամբ

ցուցադրվող բաց տեսարանները, բռնությունները դեռահասներին ագրեսիվ են դարձնում և ավելի ու ավելի հաճախ ագրեսիվությունը նրանց մոտ դառնում է բնավորության մշտական գիծ:


    

Սահակյանը նշում է, որ հաճախ ծնողներն են երեխային ագրեսիվ դաստիարակում: «Օրինակ, երբ երեխան աթոռից վայր է ընկնում, ծնողը, փոխանակ նրան մխիթարելու, առաջարկում է ծեծել աթոռին: Երեխան հասկանում է, որ ցավ զգալու դեպքում պետք է ծեծել»: Սոցիոլոգը նշում է, որ, որպես կանոն, ծնողների կողմից պատժված երեխան ինքն էլ դառնում է խիստ ու պատժող ծնող, այսինքն, բռնությունը շղթայական կերպով փոխանցվում է սերնդեսերունդ. «Ժամանակն է վերանայել մեր մոտեցումները երեխաների դաստիարակության հարցում»:

Հարությունյանը նշում է, որ պաշտոնական տվյալներ չկան, թե Հայաստանում երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունները ինչ ծավալի են հասնում, սակայն ըստ մասնավոր ուսումնասիրությունների` հայաստանցի երեխաների 7 տոկոսը պարբերաբար ընտանեկան բռնությունների է ենթարկվում: «Իրականում տվյալներն ավելին կլինեն: Հայ ընտանիքը փակ համակարգ է և բռնությունների մասին տեղեկանալը դժվար է: Բացի այդ` հոգեբանական բռնությունների մասին տվյալներ չկան», - ասում է տարիքային հոգեբանը:

Ըստ ուսումնասիրությունների` հայ ծնողների 60 տոկոսը ֆիզիկական պատիժը համարում է երեխայի դաստիարակության ընդունելի մեթոդ: Դեռահասների մոտ ագրեսիվության պատճառ է նաև ծնողների ալկոհոլից կախված լինելը կամ հոգեպես անհավասարակշռությունը, ինչի պատճառով երեխաները բռնությունների են ենթարկվում: Հարությունյանի խոսքով` ֆիզիկական պատժից ավելի շատ երեխային ագրեսիվ է դարձնում հոգեբանական բռնությունը. անտարբերությունը, սպառնալիքները:

Անդրադառնալով դեռահասների մոտ հանցավորության մակարդակին և պատճառներին` Մեհրաբյանը նշում է, որ 15-18 տարեկան կրկնահանցագործների շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցավոր ուղին բռնած երեխաները հիմնականում մանուկ հասակում ծնողների հետ խնդիրներ են ունեցել` բռնությունների են ենթարկվել, կամ անտեսված են եղել:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5146 | 0 | 0
Facebook