Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավասարությունը քաոս է, հարգանքը՝ ներդաշնակություն

20:04, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Հավասարությունը քաոս է, հարգանքը՝ ներդաշնակություն

Վերջին շրջանում ամեն ոք և ամեն ինչ այնքան է քաղաքականացված, որ օդն անգամ ներծծված է քաղաքականությամբ: Մի կերպ ճանապարհեցինք ռեբուսի վերածված խորհրդարանական ընտրությունները, և հիմա մեզ արդեն նախապատրաստում են Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Այս ֆոնին իր հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ և սուր հարցադրումներով բավական ճանաչված է իտալաբնակ քանդակագործ Վիգեն Ավետիսը: Բայց այս անգամ որոշեցինք չխոսել քաղաքականությունից


    

, այլ մարդկային վախերից, երջանկության զգացումից և նման այլ թեմաներից, և փորձենք մեկ ուրիշ կողմով ներկայացնել Վիգեն Ավետիս արվեստագետին:

-Ի՞նչ հոգսեր ու խնդիրներ ունի այսօր արվեստագետը, փոխվել է արդյո՞ք ասելիքը կամ ասելիքի ձևը:

-Այսօր արվեստագետը ոչ միայն խնդիրներ ունի աշխարհում, այլ նաև մերժված է, քանի որ արվեստի դերը հետզհետե փոքրանում է կյանքում:

Միգուցե խնդիրը նրանում է, որ արվեստագետները չեն կարողանում ստեղծել այն արժեքները, որոնք հասարակությունը ոչ միայն ընդունի, այլև ապրի դրանցով, հետևաբար արվեստը շատ խորը ճգնաժամի մեջ է գտնվում…Ասելիքը, ցավոք, փոխվել է, քանի որ արվեստն էլ է դարձել նորաձևության նման՝ բավարարել հասարակության պահանջները, ըստ իս՝ բոլորովին հակառակը պետք է լիներ․ արվեստը պետք է թելադրի բարձր արժեքներ, և հասարակությանը մոտեցնի դրան: Իմ արվեստի հաղորդագրությունը ոչնչով չի փոխվել. ինքս շատ տրադիցիոնալ եմ և շարունակում եմ նման կերպ աշխատել ու հոգևոր հաղորդագրություններ փոխանցել սերունդներին: Այստեղ ամեն արվեստագետի ընտրության խնդիրն է, թե ինչի համար ապրես, ապրես՝ այսօրվա պահանջներին ընդառաջ գնալով, թե՞ այսօր ինչ- որ տեղ նույնիսկ տուժվես, բայց մնաս ազնիվ: Այս պարագայում արվեստը անպայման կշահի ապագայում:

-Ինչու՞ են մտավորականից միշտ սխրանքներ ու զոհաբերություն սպասում, մանավանդ, եթե մարդը օժտված է տաղանդով:

-Սա պատասխանատվության խնդիր է։ Երբ մարդուն հաջողվում է նորարարություն անել և օգտակար լինել ազգային մշակույթին, հետևաբար հասարակությունը նրան ընդունում է. ընդունել նշանակում է վստահել, իսկ վստահել՝ նաև պահանջել: Եթե արվեստագետը, ստեղծագործողը գտնվում է այդ դաշտում, շատ բնական է, որ նրանից պահանջները շատ ավելի մեծ են լինում: Տաղանդը Աստծո կողմից տրված շնորհ է, իսկ դա նույնպես պատասխանատվություն է, որ դու ընդունում ես, այսինքն՝ ոչ միայն մարդիկ սպասելիքներ ունեն քեզանից, այլ՝ ինքը՝ Աստված, և տիեզերքը ամբողջությամբ, որովհետև քեզ ծնել և սնել է, քեզ տվել է նման հնարավորություն լինել այն միակը, որի հնարավորությունները առավել են:

-Շատ թե քիչ ճանաչելով Ձեզ և ելնելով նաև Ձեր տված հարցազրույցներից, որտեղ ներկայացնում եք Ձեր կյանքի որոշակի դեպքեր, թվում է, թե ինչ-որ միստիկա կա, նախախնամություն: Ինչքանո՞վ եք հավատում մարդու՝ արդեն իսկ միսիայով աշխարհ գալու գաղափարին:

-Յուրաքանչյուր մարդ, երբ լույս աշխարհ է գալիս, անկախ իր ազգությունից, սեռից՝ նա ծնվում է հատուկ նպատակով. ոչ ոք աննպատակ չի ծնվում: Մարդիկ իրենց ընտրությամբ սեփական կյանքը դարձնում են անիմաստ, տրվում են խաբկանքների: Այն մարդը, որը որ չի տրվում կյանքի խնդիրներին, կյանքի գայթակղություններին, նա շարունակում է ապրել իր համար նախատեսված կյանքով: Սա կոչվում է միսիա, հավատարմություն սեփական ճակատագրին: Իմ կարծիքով ամեն մարդ ունի իր ճակատագիրը, և երջանիկ են նրանք, ովքեր ապրում են իրենց ճակատագրի հետ միասին, չեն հեռանում:

- Ճակատագիրը կերտու՞մ են, թե՞ հետևում են նրան:

-Ճակատագիրը ի վերուստ տրված է, բայց մարդը ինքն է ընտրում հետևել կամ չհետևել նրան: Կյանքը ամեն ինչ անում է, որ մարդուն հեռացնի իր ճակատագրից, իր ուղուց։ Դրան պայմանականորեն անվանել են սատանայի աշխատանք, որպեսզի մարդու միսիան չիրականանա այս աշխարհում, որպեսզի այն ուժերը, որոնք որ վստահել են քեզ, հուսախաբ լինեն: Մարդը երջանիկ կլինի միայն այն ժամանակ, երբ, թեկուզ բազում դժվարությունների հանդիպելով, չի դավաճանում իր ճակատագրին:

-Ըստ Ձեզ՝ մարդ էակի ամենակարևոր առաքելությունը ո՞րն է:

-Մարդու ամենակարևոր առաքելությունը՝ նախ հնազանդվել սեփական ճակատագրին. Ամեն ինչ համեմատական է, և մեկի բարեկեցությունը չի նշանակում նաև մյուսի համար բարեկեցություն: Մարդը պետք է ունենա իր և իր հնարավորությունների չափի զգացումը: Ամեն մեկին տրվում է՝ ըստ իր հնարավորության, հետևաբար յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել՝ իր մեծ ու փոքր կարևորության խնդիրները լուծելով:

-Այսօր Երկիր մոլորակում խառնաշփոթ է․ մի կտոր հող իրարից խլելու, տեսակը պահելու, առաջինը լինելու կռիվ է: Մի պահ պատկերացնենք, որ կգա մի ժամանակ, երբ ազգային խնդիրները, սահմանագծերը ընդհանրապես կվերանան, և մարդիկ կապրեն հաշտ և համերաշխ, որտեղ որ ուզում են: Հնարավո՞ր եք համարում նման իրավիճակը:

-Դա խաբկանք է, նման բան երբեք չի լինելու, քանի որ մարդ արարածը երկրագնդի վրա ստեղծվել է իր ֆիզիկական, հոգևոր և նյութական առանձնահատկություններով: Ա՛յ, Դուք ասացիք՝ սահմաներ չլինեն, ․ դա ամենավատ բանն է.․ մարդը պետք է կարողանա իր սահմանները չանցնել:

-Մարդը, իհարկե, իր ներքին սահմանները պետք է ունենա:

-Արտաքին սահմանն էլ նույնն է: Այս ամբողջը կենդանի օրգանիզմ է, այնպես չէ, որ մարդը ունի իր օրենսդրությունը։ Իսկ կյանքը ուրիշ է, ․ դա մի մարմին է, և սահմանները ամենակարևորն են: Նույնիսկ կենդանական աշխարհում ամեն կենդանի ունի իր սահմանը և իրեն լավ է զգում իր տարածքում։ Հենց մտնում է ուրիշ տարածք, մեծ խնդիրների առջև է կանգնում: Սահմանների մեջ ապրելը նշանակում է հարգել դիմացինի իրավունքը:

Պետությունների խնդիրը չէ, որ սահմաններ են դրել, այլ մարդկանց խնդիրն է, որ ուզում են այդ սահմանը հատել։ Այդ սահմանը միայն մի ձևով կարելի է հատել՝ թույլտվություն խնդրելով: Ինչպես օրինակ՝ սեփական բնակարանում, իհարկե, հյուր ընդունելը շատ հաճելի է, բայց ոչ ոք անկոչ հյուրի չի ընդունի, և մարդիկ գնահատվում են՝ ըստ այդ սահմանների հարգանքի։Դու սիրում ես նրան, ով հարգում է քո իրավունքը, չես սիրում նրան, ով հակառակն է անում:

-Բայց Աստված ստեղծեց մարդուն:

-Աստված ստեղծեց մարդուն շատ տարբեր՝ սևամորթ, սպիտակամորթ, դեղնամորթ և այլն…

-Տարբեր, բայց նույն իրավունքով:

-Ո՛չ, ո՛չ:

-Ինչու՞:

-Որովհետև հավասարություն գոյություն չունի ոչ մի տեղ. ամեն մեկը ստեղծվել է յուրովի: Օրինակ՝ պատկերացնու՞մ եք՝ հավասարություն լինի երաժշտության մեջ, շեփորի և դաշնամուրի միջև, այն կբերի քաոս, իսկ հարգանքը հարմոնիա է, երբ մի գործիքը հարգում է մյուսին: Հավասարությունը քաոս է, հարգանքը՝ ներդաշնակություն: Նույնն էլ ամենուր է՝ և՛ մարդկային, և՛ կենդանական աշխարհում: Կարծում եմ, որ հավասարություն հասկացողություն ընդհանրապես գոյություն չունի: Այդ գաղափարը մարդու հնարածն է, որ իշխեն, որ պատերազմներ հրահրեն: Փաստորեն բռնությունը հավասարություն ձևավորելու գործիք է այսօրվա քաղաքական աշխարհում: Երբ որ պատրաստ կլինես, քո առջև կբացվեն բոլոր դռները, ինքդ քեզ պիտի պատրաստես…

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Թող որպես մեծամտություն չընկալվի, եթե ասեմ ոչ մի բանից, բայց վախը ուղիղ կապված է մտածելակերպիդ հետ, և կամաց-կամաց վախի զգացողությունը մարդու միջից դուրս է գալիս, երբ մարդը չի ստում: Սուտն է, որ վախի մթնոլորտ է ստեղծում մարդու շուրջը. մեկ, երկու, երեք սուտ, ու մարդը սկսում է վախենալ, որ չբացահայտվի:

Եթե մարդը փորձի չստել, ապա րոպե առ րոպե կպակասեն վախերը և կգա մի պահ,

որ այլևս վախ չի ունենա:

-Իսկ ի՞նչը կարող է Ձեզ երջանկացնել:

-Ինձ համար երջանկությունը հոգևոր ներդաշնակություն է, այսինքն՝ որևէ մեկից կախված չէ, դա միայն ինքդ կարող ես ձևավորել: Կամ երջանիկ ես, կամ երջանիկ չես. ոչ ոք և ոչինչ չի կարող մարդուն երջանիկ դարձնել՝ ո՛չ ընտանիքը, ո՛չ երեխան, ո՛չ ընկերները. կարող են դժբախտացնել քեզ, այո՛, բայց ոչ երջանկացնել:

-Տարածված կարծիք կա, որ ընտանիքը, երեխան կարող են երջանկացնել:

-Ո՛չ, չեն կարող երջանկացնել, դա երջանկություն չէ, դա աշխատող մոդել է, բայց երջանկության հետ ոչ մի կապ չունի: Երջանիկությունը հոգևոր ուժ է… Ինքդ քեզ հետ պետք է ներդաշնակ լինես, այն քեզանից դուրս չէ:

-Բայց ինչ-որ բան պիտի նպաստի երջանիկ լինելու համար:

-Ի՞նչը, օրինակ ի՞նչը կարող է նպաստել, կարող են խանգարել քեզ, բայց օգնել ոչ ոք չի կարող երջանիկ լինելու համար: Երջանիկ պահեր կարող են նվիրել քեզ․ դա այն վիճակն է, երբ քեզ լավ ես զգում, ապահով ես զգում, դա ընդամենը երջանիկ պահ է, ոչ ավելին, որը կապ չունի երջանկության հետ: Երջանկությունը հոգևոր վիճակ է, ոչ նյութական: Աֆրիկայում ապրող հովիվ մի տղա կարող է շատ ավելի երջանիկ լինել, քան Փարիզում ապրող մի բանկիր, որ ամեն ինչ ունի: Երջանկությունը կատարելության զգացողությունն է, այն ծնվում է կատարելությունից:

-Ուրեմն, ըստ Ձեր տեսության, մարդը երբեք չի կարողանա երջանիկ լինել, որովհետև երբեք կատարյալ չի լինի։

-Գիտեք՝ ավելի լավ է երջանիկ չլինել, քան զբաղվել ինքնախաբեությամբ: Կարևորը ինքդ քեզ հետ ազնիվ լինես:

-Հաճախ եք ազատություն տալիս Ձեր ներսի երեխային:

-Ինքս իմ հանդեպ շատ խստապահանջ եմ, նաև շատ խիստ եմ այն մարդկանց նկատմամբ, ում սիրում եմ: Օրինակ՝ իմ սիրելի մարդկանց ես չեմ ներում: Երբ սխալներ եմ անում, ինքս ինձ շատ խիստ պատժում եմ. իմ յուրաքանչյուր սխալը տարիների կորուստ է լինում, քանի որ ես տարիներ աշխատել եմ ու հանկարծ սխալվում եմ, հետևաբար այդ տարիները կորցրի, նորից պետք է այդ տարիները ապրեմ, որ կարողանամ հաղթահարել:

-Այսինքն՝ վաղուց մանկության թելը կտրել եք:

-Այո՛, ես խաղալ չեմ սիրում։ Գիտեք՝ երեխան մարդու ամենադաժան տարիքն է:

-Ինչու՞։ Հակառակը՝ հաճելի և երջանիկ տարիներ են:

-Թվացյալ է դա, երեխաները շատ դաժան են։ Գիտեք՝ ինչու՞ են երեխաները այդքան մաքուր, որովհետև մեծերը նրանց ներում են: Երբ մեծանում ես, մեծերը սկսում են քեզ չներել, և դու կորցնում ես քո մաքրությունը: Մաքրությունը ոչ թե մանկության հետ է կապված, այլ ծնողներիդ կողմից ներման արժանանալու, երբ սկսում են քեզ չներել, քո բոլոր սխալները հավաքվում է մեջդ, և չարանում ես: Ես կարծում եմ, որ մարդը երկու տարեկանում էլ նույն մարդն է, ութսուն տարեկանում էլ, ոչ մի տարբերություն. չեմ կարծում, որ գոյություն ունի մանկություն, հասունություն, երիտասարդություն և ծերություն, նույն հոգին է տարբեր իրավիճակներում:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր երեխային:

-Նա արդեն ծնվել է իր բնավորությամբ և ունի իր ճանապարհը: Եթե ես խոսեցի ճակատագրից, օրինակ՝ իմ դստեր ճակատագիրը նախատեսված էր, քանի որ նա պետք է ծնվեր այդ տարում, այդ օրը և այդ ժամին: Չեմ կարող ասել, թե ինչու է նա ծնվել, բայց կարող եմ հաստատ ասել, որ նա առաքելություն ունի: Նա ինձանից վերցրեց այն, ինչը ինքը որոշեց վերցնել, որպեսզի կերտի իր ապագան. Բայց նրա ճակատագիրը բոլորովին կապ չունի իմ ճակատագրի հետ: Այս պահին մեկ բան պետք է անեմ, աշխատել չխանգարել նրան, իսկ օգնելը համարյա բացառվում է: Կարծում եմ՝ամենամեծ օգնությունը չխանգարելն է, և թողնել, որ նա հասունանա՝ ըստ իր հոգևոր ծրագրի:

-Որպես վերջաբան ի՞նչ կավելացնեք:

-Կուզենայի մի խորհուրդ տալ․ թող մարդիկ չհուսահատվեն անհաջողություններից։Անհաջողությունները շատ ավելի օգտակար են, քանի որ այն ստիպում է քեզ վերանայել, իսկ հաջողությունները կուրացնում են: Չխուսափել դժվարություններից, որովհետև Աստված ում սիրում է, նրան չարչաչում է. իսկ եթե ճակատագիրդ թողնված է քամուն (ուր տանի, տանի), դու չես չարչարվում, բայց հանկարծ տեսնում ես, որ կյանքդ անցավ ու դու ոչինչ չարեցիր քո կյանքում կամ էլ արեցիր շատ մեծ սխալներ: Պետք է լինել համարձակ, հնազանդ և հաստատակամ:


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7914 | 0 | 0
Facebook