Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրիգոր Միրզոյան. Ես ուզում եմ թարմություն տալ հին ժանրի երաժշտությանը

00:11, հինգշաբթի, 06 ապրիլի, 2017 թ.
Գրիգոր Միրզոյան. Ես ուզում եմ թարմություն տալ հին ժանրի երաժշտությանը
     Մեր զրուցակիցն է «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը։
    
     Գրիգո՛ր, քո երգերում ժանրային փոփոխություններ են նկատվում, հնարավո՞ր է, որ մի օր հանդիսատեսը քեզ տեսնի բոլորովին այլ ժանրով երգելիս։
     -Իհարկե, ճիշտ է, կան ժանրային փոփոխություններ և հետագայում ևս կլինեն։ Բացի ժողովրդականից, լինելու են նաև ազգագրական, հայրենասիրական ժանրի երաժշտություններ, այնուամենայնիվ, հիմնական ժանրս կպահեմ, այն է՝ ժողովրդական երգը։
    
     Վերջերս հեռարձակվեց քո՝ «Իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակը, որի մեջ ևս ժանրային փոփոխություն կա, ի՞նչ կասես սրա մասին։
     -Չէի ասի, որ այդքան շատ ժանրային փոփոխություն կա այդ երգում։ Պարզապես գործիքավորման խնդիր էր, ավելի նորովի էին երաժշտական գործիքները, սակայն երաժշտությունը ժողովրդական երգի ժանրի մեջ է։ Շատ չէի շեղվել ժանրից, բայց որոշակի փոփոխություններ կային։ Ես ուզում եմ թարմություն տալ հին ժանրի երաժշտությանը և ներկայացնել դրանք նորովի։
     Գրիգոր, գիտեմ, որ նոր տեսահոլովակներիդ վրա ես աշխատում, մի փոքր կմանրամասնե՞ս։
     -Այո, ճիշտ է, նոր տեսահոլովակների վրա եմ աշխատում։ Մի քանի նոր երգեր են ինձ համար գրված, որոնցից երկուսը՝ առավել հարմարը, կընտրեմ տեսահոլովակ նկարահանելու համար։ Միայն կարող եմ ասել, որ սիրո և հայրենիքի մասին են։ Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում կնկարահանենք տեսահոլովակները, որից հետո էլ կհանձնեմ հանդիսատեսիս դատին։
    
     Համերգային ծրագրերով ակտիվ շրջագայում ես, ո՞րն է լինելու հաջորդ համերգդ։
     - Քանի որ անցյալ տարի ունեցա 6 մենահամերգ, այս տարի ևս մտածում եմ այդ ուղղությամբ։ Այս ընթացքում հասկացա, որ հանդիսատեսը սիրում է ժողովրդական երգը, ինչու չէ նաև ինձ, և դրա համար առավել մեծ եռանդով եմ աշխատում այս տարի կայանալիք համերգային ծրագրերիս վրա։ Մոտ ժամանակներս մեր խմբով կլինենք Եվրոպայում և մի քանի երկրներում կունենանք համերգներ։
    
     Քո մենահամերգին հանդիսատեսը ե՞րբ կարող է սպասել։
     - Պլանավորում եմ աշնանը մենահամերգով հանդես գալ։
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6172 | 0 | 0
Facebook