Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդան Ստեփանյան (Դուշման) -Գրքերի աշխարհը

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
15:50, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Վարդան Ստեփանյան (Դուշման) -Գրքերի աշխարհը

Ծնվել եմ 1966 թ. մարտի 9-ին: Մայրս Նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի գրադարանի վարիչն էր: Այնտեղից էլ նրան ծննդատուն են տարել, որտեղ ծնվել եմ ես, իսկ հետո իմ բարուրով վերադարձել է գրադարանՙ աշխատանքի: Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը գիրքն է եղել: Մայրս օրորոցիս դիմաց կախել էր Չարենցի նկարը, եւ ես հայացքս միշտ նրա վրա եմ պահել ու կարծես զրուցել նրա հետ: Երբ լեզուս բացվել է, սկսել եմ նրա մասին պատմել, թե նա մեր հողերը ուզեց, չտվեցինՙ մահացավ: Կարդացել եմ գրադարանի գրքերի հիմնական մասը: Պատմավեպերը գրավել են ինձ դեռ տարրական դասարանից: Մի խոսքով, մանկությունս անցել է գրքերի հեքիաթային աշխարհում: Չարենցի «Օ՜հ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...», բանաստեղծությունը կարծես ինձ համար է գրված:
     Գրադարանը մեզ համար նաեւ խաղասրահ էր: Ես եւ քույրս կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք «գերված» գրականությունը: Մանկությանս հիշողությունները վերականգնելիս անմիջապես գրքերի յուրահատուկ հոտն եմ զգում եւ մտքով հայտնվում եմ գրքերի խորհրդավոր աշխարհում: Տարածության վրա հոտառությամբ կարող եմ գտնել գրադարանները, որովհետեւ իմ մանկության հոտը կա բոլոր գրադարաններում: Գրքերի համար ցավ եմ զգացել 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում Լենինականում (Գյումրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրանք անխնամ ընկած էին ցախի ու կեղտի մեջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետության մասին էր եւ բարձր տեղ դրեցի, սակայն հետո տեսա խարույկի մեջՙ այրվելիս: Չէի կարող վերցնել եւ դնել իմ պայուսակում, որովհետեւ ինձ չէր պատկանում, բայց մինչեւ հիմա ցավ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորված եւ այրված գրքերի համար:
     Իսկ հիմա այստեղՙ Արցախում եմ ականատես լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինվորի դեմ կարելի է կռվել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խոսում է բարբարոսության մասին: Պետք է հարգել թշնամու մշակույթը:
     Ազերիները իրենց զայրույթը թափել են Խնձրեստանի դպրոցի գրադարանի վրաՙ այրելով այն: Մորս խնդրել եմՙ գրքեր հավաքի, որ տեղափոխենք Խնձրեստան, վերականգնենք գրադարանը, որովհետեւ այս դպրոցում հայ երեխաներ պետք է կրթվեն, իսկ մարդը կրթվում է գրքերի աշխարհում, դաստիարակվում է այդ գրքերով, նրա հայրենասեր կերպարներով: Յուրաքանչյուր լավ գիրք վարձատրություն չպահանջող մեկ ուսուցիչ է: Սիրուց ծնված գրքերը պետք է պահպանել սիրով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6306 | 0 | 0
Facebook