Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միակ Հաց բերողը պատառ թռցնողների մեջ

Միքայել
Հեղինակ`
Միքայել
21:07, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Միակ Հաց բերողը պատառ թռցնողների մեջ

Հայաստանում նախընտրական քարոզչության շրջան է: Կուսակցությունները դուրս են եկել փակ տարածքներից, գրավել են հանրապետության քաղաքները, գյուղերը, հրապարակներն ու դահլիճները: Քաղաքակիրթ աշխարհում այս գործընթացի իմաստն այն է, որ քաղաքական ուժերը ընտրողներին ներկայացնում են իրենց ծրագրերը, երկրի հետագա զարգացման տեսլականը, խնդիրների լուծման տարբերակները, ընտրողներն էլ որոշում են, որ առաջարկն է ավելի համոզիչ ու համապատասխանաբար ընտրում են տվյալ առաջարկը ներկայացնողին:

Հայաստանում ամեն ինչ մի փոքր այլ է: Երկրի ապագա, տեսլական, աշխարհաքաղաքական կողմնորոշում, պատերազմ ու նման հարցեր ընտրողներին չեն հետաքրքրում: Ընտրողներին մի բան է հետաքրքրում` հացի խնդիրը: Արդեն տասնամյակներ, թերեւս ղարաբաղյան պատերազմի հրադադարից անմիջապես հետո, մեր երկրում բոլոր մակարդակներով մի հարց է լուծվում. հացի խնդիր:

Ընտրողն ընտրում է այս կամ այն քաղաքական ուժին, որովհետեւ եթե չընտրի, կզրկվի աշխատանքից, հետեւաբար իր ընտանիքը կզրկվի հացից: Քաղաքական ուժը ստիպում է տվյալ ընտրողին ընտրել իրեն, որովհետեւ եթե ինքը չընտրվի իր ընատնիքը կզրկվի հացից:

Քաղաքացիների խումբը սատարում է կոնկրետ քաղաքական ուժի, որովհետեւ մտերիմներ ունի այդտեղ. եւ եթե նրանք հայտնվեն կառավարության մեջ մի թեւթեւ գործ էլ իրենց կհասնի, հետեւաբար իրենք էլ վերջապես կլուծեն իրենց ընտանիքի հացի խնդիրը: Լրատվամիջոցները ծառայում են քաղաքական ուժերին, որովհետեւ ֆինանսավորվում են նրանց կողմից, եւ այդպիսով լուծում նաեւ իրենց հացի խնդիրը:

Իշխանության տարբեր օղակներում հայտնված պաշտոնյաները միլիոններ են կուտակում, որպեսզի լուծեն իրենց երեխաների եւ յոթը պորտի հացի խնդիրը: Նրանք ովքեր իշխանության մեջ չեն, ձգտում են դառնալ իշխանություն, որպեսզի իրենք լուծեն իրենց յոթը պորտի հացի խնդիրը: Իսկ ովքեր չեն հավակնում իշխանության, բավարարվում են ընդդիմադիրի աշխատանքով եւ այդպես են լուծում իրենց ընտանիքների հացի խնդիրը:

Ուսուցիչը աշակերտի ծնողից փող է վերցնում, որովհետեւ հացի խնդիր ունի, բժիշկը հիվանդից շնորհակալություն է ակնկալում, որովհետեւ ինքն էլ ընտանիք ունի, Մալաթիայի շուկայում Անահիտ Բախշյանին հանդիպած վաճառողի համար Սամվել Ալեքսանյանից բացի որեւէ այլ թեկնածու գոյություն չունի, որովհետեւ շնորհիվ Ալեքսանյանի տրամադրած մեկ քառակուսի մետր տարածքի է ինքը հոգում իր ընտանիքի հացի խնդիրը:

Ընտրողները ընկնում են Գագիկ Ծառուկյանի ոտքերը, որպեսզի նա օգնի լուծել իրենց հացի խնդիրը: Գագիկ Ծառուկյանը լուծում է հազարավոր մարդկանց հացի խնդիրը, որովհետեւ դա իր պարտքն է Աստծու առաջ, եթե չկատարի, իր ընտանիքը կզրկվի հացից: Սաշիկ Սարգսյանը Հայաստանի բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ է մտնում, որպեսզի լուծի իր Նարեկի հացի խնդիրը: Ու պետք չէ զարմանել. եթե Մալաթիայի վաճառականի համար հացի խնդիր է, որ այդ երեկո իր երեխաները խաշած մակարոն ունենան ուտելու, ապա Սաշիկ Սարգսյանի համար հացի խնդիր է, որ իր Նարեկը ամեն օր սեւ խավիարով նախաճաշի նստի:

Ամեն մեկն իր չափով իր հացի խնդիրը լուծելուն զուգահեռ ձեռքի հետ նաեւ իր գործն է անում, կառավարությունը պետական գործերն է կազմակերպում` թեթեւի մեջ, ընդդիմությունը` քննադատում է, բժիշկը, ուսուցիչը, վաճառականն ու մյուս բոլորը բողոքում են:

Մի քանի տարին մեկ այս կյանքում հացից բացի գոյություն ունեցող այլ արժեքների` ազատության, արդարության, քաղաքացիական գիտակցության, ազնվության հիմքով շարժումներ են ծնվում, բայց դրանք տապալվում են ժողովրդի կողմից բավարար աջակցություն չստանալու պատճառով: Մարդիկ կամ չեն վստահում այդ շարժման առաջնորդներին, համարելով որ նրանք էլ այդկերպ են լուծում իրենց հացի խնդիրը, կամ վստահում են, բայց վախենում են աջակցել, որպեսզի չզրկվեն հացից:

Եւ այսպես արդեն տասնամյակներ Հայաստանի հասարակությունն ապրում է հացի խնդիր լուծելով, մի պատառ հաց փախցնելով: Իսկ ամենաէական այն է, որ բոլորը լուծում են միայն իրենց եւ իրենց մերձավորների հացի խնդիրը:

Երեւանի Սգո սրահներից մեկում ընթանում է Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Արթուր Սարգսյանը նույնպես հացի խնդիր լուծող էր, նա բոլորին հայտնի ճանապարհով լուծեց ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկների հացի խնդիրը: Իսկ ազատամարտիկները ՊՊԾ գունդը գրավել էին. որպեսզի հասարակությունը հավատա իրենց եւ միանա «յոթը պորտի հացի խնդիր» լուծող իշխանավորներից ազատվելու համար: Հասարակությունն իհարկե չհավատաց եւ չմիացավ: Բայց Արթուր Սարգսյանը այդ մարդկանց հացը հացրեց:

Հանձնվելու ժամանակ, երբ նրան արդեն «վերցնում էին» զինված դիմակավորները, խմբի անդամներից մեկը ծանոթացրեց. «Մեր հաց բերողն է»: Այս խոսքերն ասվում էին հույսով, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ այլ վերաբերմունք կլինի` քրիստոնեական, հոգատար, մեղմ: Իսկ եղավ, այն ինչ եղավ:

Այսօր հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո քահանան դիմեց ներկաներին. «Շատ եմ ցավում Արթուրի մահվան համար, որովհետեւ նա մարդու այն տեսակն էր, որին ամեն քայլափոխի չէ, որ հանդիպում ես: Եւ դա ցավ է: Այս տեսակը մեզ շատ է պետք», -Արթուր Սարգսյանի մասին ասաց Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4563 | 0 | 0
Facebook