Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստալինյան մարդակեր համակարգը խժռել է իր իսկ կառուցողներին. խորհրդային ժողովրդի դահիճներից մեկի՝ Հենրիխ Յագոդայի մասին

22:16, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
Ստալինյան մարդակեր համակարգը խժռել է իր իսկ կառուցողներին. խորհրդային ժողովրդի դահիճներից մեկի՝ Հենրիխ Յագոդայի մասին

Հենրիխ Յագոդան (Ենոխ Իեգուդա) ծնվել է 1891 թվականին, Ռիբինսկ քաղաքում, հրեա ոսկերիչ-փորագրողի ընտանիքում: Յագոդաների ընտանիքը ազգակցական կապ է ունեցել անվանի հեղափոխական, ազգությամբ հրեա Սվերդլովի ընտանիքի հետ. Յագոդայի հայրը` Գերշոնը, եղել է Յակով Սվերդլովի հոր` Միխայիլի մորաքրոջ տղան: Վերջիններս ապրել են Նիժնի Նովգորոդում: Հետագայում Յագոդան ամուսնացել է Յակով Սվերդլովի հարազատ քրոջ դստեր` Իդա Ավերբախի հետ: Խորհրդային հայտնի գրականագետ Լեոպոլդ Ավերբախը Իդայի եղբայրն էր:

Ենոխի ծնվելուց հետո նրանց ընտանիքը տեղափոխվում է Նիժնի Նովգորոդ, որտեղ նրա հայրը տպագրիչի ենթավարպետ է աշխատում: Այստեղ էլ Յագոդան ծանոթանում է Յակով Սվերդլովի հետ: Նրանց ընտանիքը կապված էր նաև սոցիալ-դեմոկրատների հետ: 1904-ին Գերշոնը թույլ է տալիս, որ իր բնակարանում բոլշևիկյան կուսակցության Նիժնի Նովգորոդի կոմիտեի ընդհատակյա տպարան հիմնվի: 1905 թվականի դեկտեմբերին Սորմովոյի զինված ապստամբության ժամանակ նրա ավագ եղբայրը` Միխայիլը, զոհվում է:

1907 թվականին տասնհինգամյա Յագոդան հարում է Նիժնի Նովգորոդի անարխիստ-կոմունիստներին: 1911-ին նրան հանձնարարվում է անարխիստների խմբի հետ բանկ թալանել: 1912-ի ամռանը 20-ամյա Յագոդային Մոսկվայում կալանավորում են. քանի որ նա հրեա էր և իրավունք չուներ Մոսկվայում ապրել, քաղաքում հաստատվել էր կեղծ անձնագրով: Նրան «հեղափոխական կազմակերպությունների անդամ անձանց հետ հանցագործ կապերի մեջ գտնվելու» մեղադրանք է ներկայացվում: Ժանդարմները նշում են, թե երիտասարդը մտադիր է եղել ուղղադավանություն ընդունել և աշխատանքի անցնել հին մայրաքաղաքում: Դատարանը նրան երկու տարով Սիմբիրսկ է աքսորում, որտեղ նրա պապը տուն ուներ:

Ռոմանովների արքայական ընտանիքի 300 ամյակի առթիվ համաներում է լինում, և Յագոդայի աքսորի ժամկետը մեկ տարով կրճատվում է: 1913-ին նա վերադառնում է աքսորից ու, ուղղափառ քրիստոնեություն ընդունելով, հաստատվում է Պետերբուրգում: Յագոդան աթեիստ էր, և հուդայականություն չէր դավանում:

Մինչև 1917-ի կեսերը Յագոդան բոլշևիկյան կուսակցությանը չի անդամագրվել ու նրանց հետ ընդհանուր ոչինչ չի ունեցել:

1915-ին նրան զորակոչում են ու մարտադաշտ են ուղարկում: 1916-ի աշնանը վիրավորվում է, զորացրվում ու վերադառնում է Պետրոգրադ:

Մաքսիմ Գորկու հետ նա ծանոթացել նախահեղափոխական տարիներին ու երկար ժամանակ բարեկամական կապ է պահպանել:

Նրա սրընթաց վերելքը տեղի է ունենում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, որին նա ակտիվ մասնակցություն է ունեցել: 1917-ի նոյեմբերից մինչև 1918-ի ապրիլը եղել է «Դերեվենսկայա բեդնոտա» թերթի խմբագիրը, ապա աշխատանքի է անցել Պետրոգրադի Արտակարգ հանձնաժողովում: 1919-ին Սվերդլովն ու Ձերժինսկին նրան տեղափոխում են Մոսկվա: 1919-1920 թթ. նա արդեն արտաքին առևտրի ժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ էր, իսկ 1919-ի վերջից մինչև 1920-ի վերջը` Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի հատուկ բաժնի գործերի կառավարիչ: 1920 թվականին նա ընդգրկվում է Համառուսաստանյան Արտակարգ Հանձնաժողովի (Չեկա) կոլեգիայի կազմում, իսկ որոշ ժամանակ անց դառնում է «օրգաններ» -ի փաստական ղեկավարը (ԽՍՀՄ Ժողկոմխորհին կից Պետական միացյալ քաղվարչության նախագահ Վյաչեսլավ Մենժինսկին ծանր հիվանդ էր): 1934-ին Պետական միացյալ քաղվարչությունը դառնում է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, և Յագոդան նշանակվում է Ներքին գործերի ժողկոմ:

Ներկուսակցական պայքարում Յագոդան աջակցել է Ստալինին ու ջախջախել է 1927 թվականի հոկտեմբերին կազմակերպված հակաստալինյան ցույցը: Սա լավ կազմակերպիչ է եղել. ղեկավարել է «Դինամո» ստադիոնի, «Բելոմորկանալ» -ի ու «Մոսկվա-Վոլգա» ջրանցքի շինարարությունները, բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում օրինակելի կարգու ու կանոն է հաստատել: Նրա օրոք ձերբակալվել ու համակենտրոնացման «ուղղիչ աշխատանքային» ճամբարներ է ուղարկվել շուրջ կես միլիոն մարդ:

1933-ի սկզբում մասնակցում է Հողագործության ժողկոմիսարիատում և ԽՍՀՄ սովխոզների ժողկոմիսարիատում վնասարարական գործունեության ու Ճապոնիային ծառայող լրտեսական-դիվերսիոն կազմակերպության գործերի քննությանը: Վնասարարության գործի հետ կապված ձերբակալվում է շուրջ 100 մասնագետ` երկրագործության ժողկոմի տեղակալներ Ֆ. Կոնարովի և Ա. Մարկևիչի ու նաև ԽՍՀՄ սովխոզների ժողկոմ Մ. Վոլֆի գլխավորությամբ: Դատավարության ժամանակ մեղադրյալներից 14-ը հրաժարվում են իրենց ցուցումներից, սակայն 40 մարդ գնդակահարության է դատապարտվում, մյուսները` տարբեր ժամկետներով բանտարկության: Լրտեսության գործում 23 ընդգրկվածներից դատապարտվում է 21-ը: Որոշ ժամանակ անց Ա. Մարկևիչը դիմում է գրում Ստալինին, Մոլոտովին ու ԽՍՀՄ դատախազ Ի. Ակուլովին, որտեղ նշում է, որ հետաքննությունը անօրինական մեթոդներով է կատարվել» .

«Յագոդան ինձ կտրուկ ընդհատեց. «Մի' մոռացեք, որ դուք հարցաքննվում եք: Դուք այստեղ ժողկոմի տեղակալ չեք: Մի՞թե դուք կարծում եք, թե մեկ ամիս հետո ձեզանից ներողություն ենք խնդրելու և ասելու ենք, թե սխալվել ենք: Քանի որ Կենտկոմը համաձայնել է ձեր ձերբակալությանը, կնշանակի մենք տվեցինք ձեր մեղավորության լիովին սպառիչ ու համոզիչ ապացույցներ»: Իմ գործը քննող բոլոր քննիչները միայն ձգտել են, որ ես խոստովանեմ, թե մեղավոր եմ, իսկ իմ անմեղությունն ապացուցող բոլոր վկայությունները անտեսել են»:

Այդ նույն ժամանակ գանգատարկող դիմում է գրում նաև Ճապոնիայի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված Ա. Ռիվերսը: Նա նույնպես հաղորդում է հետաքննությունը անօրինական մեթոդներով կատարելու մասին: Քաղբյուրոյի` 1934-ի սեպտեմբերի 15-ին ստեղծած հանձնաժողովը (որի կազմում էին Կագանովիչը, Կույբիշևն ու Ակուլովը) հանգում է այն եզրակացության, որ երկու դիմումն էլ համապատասխանում են իրականությանը: Հանձնաժողովը նաև այլ բացահայտումներ է կատարում ՆԿՎԴ-ի անօրինական գործողությունների վերաբերյալ (ձերբակալվածների տանջաքննություն ու նրանց վրա գործերի «սարքում»): Հանձնաժողովը որոշման նախագիծ է պատրաստում, որը նախատեսում էր քննության անօրինական մեթոդների արմատահանում, բայց Կիրովի սպանությունը կանխում է այդ նախագծի ընդունումը:

1934-ի հունիսին կազմավորվում է ԽՍՀՄ ՆԿՎԴ-ն (ներքին գործերի ժողովրդական կոմիսարիտ), և դրա կարևորագույն ստորաբաժանումը` Պետական անվտանգության գլխավոր վարչությունը, ղեկավարում է Հենրիխ Յագոդան:

Այդ օրերի Յագոդայի տրամադրվածության մասին ՆԿՎԴ-ի Քաղաքական գաղտնի բաժնի պետ Գ. Մոլչանովը հետևյալն է վկայել.

«Յագոդան ինձ մի քանի անգամ ասել է, որ անհրաժեշտ է մեր պատժողական ընթացքը ազատականացնել: Օրինակ` ես հիշում եմ 1934 թվականի ամռանը «Դինամո» ջրային կայանում տեղի ունեցած խոսակցությունը, որի ժամանակ Յագոդան ինձ ասաց, թե մարդկանց գնդակահարելը դադարեցնելու ժամանակն է»:

Այսպիսի հայտարարությունները արտացոլանքն են կատավարող վերնախավի նոր մոտեցումների: Նույն կերպ այն ժամանակ արտահայտվել են Վորոշիլովն ու Կագանովիչը:

Յագոդայի ղեկավարությամբ հիմնվում է ԳՈՒԼԱԳ-ը, և մեծանում է խորհրդայի համակենտրոնացման ճամբարների ցանցը, և սկսվու է «Բելոմոր-Բալթիական ջրանցք-ի շինարարությունը, որ հիմնական աշխատուժը ստրկական վիճակի հասցված կալանավորներն էին:

Ստալինի ճնշմամբ` Յագոդան մասնակցում է Կիրովին «սպանողների» դատավարությանը, բայց ընդդիմանում է հակախորհրդային ընդհատակյա կազմակերպությունների վերաբերյալ գործեր «սարքելուն»: Այս ուղղությամբ հիմնական աշխատանքը կատարում է Եժովը, որը մասնակիցն է դառնում ներքին գործերի ժողկոմի դեմ դավադրությանը:

1936- ի օգոստոսի 22-ին ինքնասպանություն է գործում կուսակցական և արհմիութենական հայտնի գործիչ Մ. Տոմսկին, որը մահվանից առաջ Ստալինին հետևյալն էր հաղորդել.

«Եթե դու ուզում ես իմանալ, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ինձ հրեցին 1928 թվականի մայիսյան ընդդիմության ճանապարհը, հարցրու կնոջս` անձամբ. միայն այդ դեպքում նա նրանց անունները կտա»:

Հանդիպելով Տոմսկու կնոջ հետ` Եժովը (ըստ իր հայտարարության) պարզում է, որ Տոմսկին Յագոդային է նկատի ունեցել:

1936-ի սեպտեմբերին Յագոդան ազատվում է պաշտոնից ու նշանակվում է կապի նախարար: Քաղվածք Յագոդային Ստալինի գրած երկտողից.

«Ընկ. Յագոդա. Կապի ժողկոմատը շատ կարևոր է: Դա պաշտպանական ժողկոմատ է: Ես չեմ կասկածում, որ Դուք կկարողանաք այդ ժողկոմատը ոտքի հանել: Շատ եմ խնդրում Ձեզ՝ համաձայնեք այդ աշխատանքին: Առանց կապի լավ ժողկոմիսարիատի մենք մեզ կռնատ մարդկանց նման ենք զգում: Չի կարելի Կապժողկոմատը ներկա վիճակում թողնել: Այն պետք է շտապ ոտքի կանգնեցնել: Ի. Ստալին»:

Յագոդան հինգ ամիս ղեկավարում է ԽՍՀՄ կապի ժողովրդական կոմիսարիատը: 1937-ի մարտին նրան հեռացնում են նաև այս պաշտոնից, հեռացնում են կուսակցությունից, ապա ձերբակալում են:

Ամերիկացի պատմաբան Ռիչարդ Սպենսի հավաքած տեղեկություններ համաձայն՝ Յագոդան կարողացել է ընդհատակյա ճանապարհով Կանադա անտառանյութ մատակարարել և դրա շահույթը փոխանցվել է Շվեյցարիայի բանկերից մեկում բացված իր հաշվեհամարին:

Նրա բնակարանը խուզարկելիս հայտնաբերվում է կոմկուսակցության, խորհրդային գիտության, մշակույթի, բանակի երևելի գործիչների մերկացած կանանց շուրջ 3 հազար պո ռնո լուսանկար՝ չհաշված բալետի պարուհիների, մարզուհիների ու ԽՍՀՄ սովորական քաղաքացիների մերկանդամ կոմպոզիցիաները ու նաև ռետինից պատրաստված արական անդամ: Ձերբակալությունից անմիջապես հետո Յագոդայի անձնական քարտուղար Չերտկովը առեղծվածային հանգամանքներում զոհվում է (ընկնում է յոթերորդ հարկի պատուհանից ու ջախջախվում): Նախաքննությունը Յագոդային բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացնում (հակահեղափոխական -տրոցկիստական գործունեություն, հօգուտ օտար պետության լրտեսություն ու Մաքսիմ Գորկու, կուսակցության ղեկավար գործիչներ Կույբիշևի, Մենժինսկու և այլոց սպանություն): Յագոդային նաև Նիկոլայ Եժովի նկատմամբ մահափորձ է մեղսագրվում (համաձայն քննչական նյութերի՝ նախկին ժողկոմն իբր հրամայել է իր աթոռին տիրած նոր ժողկոմին թունավորելու համար աշխատասենյակի պատերի ու հատակին ուժեղ թույն սրսկել, որը, սակայն, աստիճանաբար գոլորշիացել է): Յագոդան, ինչպես պահանջում էին քննիչները, բոլոր մեղադրանքները (լրտեսությունից բացի) ընդունում է: «Եթե ես լրտես լինեի, - հայտարարում է նա պետական մեղադրող Վիշինսկուն, - ապա տասնյակ պետություններ ստիպված կլիներին արձակել իրենց հետախուզական ծառայությունները»:

Դատավարության հետևյալ դրվագը, կարծում եմ, չափազանց պերճախոս է:

«Պետական մեղադրող Վիշինսկի – Ասացե՛ք, դավաճա՛ն Յագոդա, մի՞թե ձեր ամբողջ գարշելի ու դավաճանական գործունեության ընթացքում դուք երբևէ գոնե մի փոքր չեք զղջացել: Եվ հիմա, երբ դուք, վերջապես, պատասխանում եք պրոլետարական դատարանի առջև ձեր բոլոր ստոր հանցագործությունների համար, գոնե նվազագույն ափսոսանք չե՞ք զգում ձեր կատարածի համար:

Յագոդա – Այո՛, ափսոսո՛ւմ եմ, շա՛տ եմ ափսոսում…

Վիշինսկի – Ուշադրությո՛ւն, ընկեր դատավորներ: Դավաճան Յագոդան ափսոսում է: Ինչի՞ համար եք ափսոսում, լրտես ու հանցագործ Յագոդա:

Յագոդա – Շա՛տ եմ ափսոսում…Շա՛տ եմ ափսոսում, որ երբ կարող էի դա անել, բոլորիդ չգնդակահարեցի»:

1938-ի մարտին դատարանը նրան գնդակահարության է դատապարտում:

Մինչև դատավճռի ի կատար ածումը Յագոդան փրփուրից կառչելու փորձ է անում՝ ներում հայցող նամակ է գրում. «Հայրենիքի հանդեպ մեղքս մեծ է: Որևէ կերպ այն քավել հնարավոր չէ: Դժվար է մեռնելը: Ամբողջ ժողովրդի և կուսակցության առջև ծնկի եմ գալիս ու խնդրում եմ ներել ինձ՝ պահպանելով կյանքս»:

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահությունը խնդրագիրը մերժում է:

Ասում են՝ երբ Յագոդային բերել են գնդակահարելու, նա «Ինտերնացիոնալ» է երգել:

Նախկին ժողկոմի բոլոր մերձավոր ազգականները տարբեր տարիների բռնաճնշումների են ենթարկվել: Միայն նրա որդին՝ Հենրիխն է փրկվել: Նրան դատապարտում են 1949 թվականին, բայց 1953 թվականին համաներմամբ ազատ են արձակում: Նա հետագայում ճարտարագիտական կրթություն է ստանում և ուրիշի անվամբ ընտանիքի հետ ապրում է Ուկրաինայում: Յագոդայի կինը՝ Իդան՝ Յակով Սվերդլովի ազգականուհին, նախ՝ հեռացվում է դատախազական համակարգից, ապա՝ ձերբակալվում է, մոր ու յոթնամյա որդու հետ հինգ տարով աքսորվում է Օրենբուրգ, իսկ ավելի ուշ գնդակահարվում է:
    
     Նկարում՝ Յագոդան Մաքսիմ Գորկու հետ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6422 | 0 | 0
Facebook