Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իդեալական ամուսին ընտրելու մասին

20:42, կիրակի, 12 մարտի, 2017 թ.
Իդեալական ամուսին ընտրելու մասին
    
Մեր ողջ կյանքը հիմնված է ընտրության վրա: Ամեն օր, ամեն ժամ ու րոպե մենք կատարում ենք ընտրություն երկու կամ ավելի բաների միջև: Երբեմն մեր փոխարեն ընտրություն են կատարում ուրիշները, ասենք ծնողները: Կողակից ընտրելու իրավունքն ու հնարավորությունը, որպես կանոն, ընձեռնված է մեզ: Իհարկե դեռևս կան ընտանիքներ և անգամ ամբողջ ազգեր, որտեղ մարդը զրկված է այդ իրավունքից, բայց մենք խոսում ենք ադեկվատ ու հասուն հասարակության մասին, որտեղ կողակից ընտրելու և ունենալու իրավունքը պատկանում է հենց իրեն` մարդուն:

    
Դեռ շատ վաղ տարիքից աղջիկները մտածում են ամուսնության մասին: Նրանց հասկացնում են, որ երջանիկ լինելու համար պետք է զույգավորվել: Եվ հենց այդ ժամանակից էլ ձևավորվում է սպիտակ ձևով իդեալական ասպետի կերպարը, որը դարեր շարունակ հետապնդում է գեղեցիկ սեռին:)

    
Իհարկե ժամանակի ընթացքում փոխվել են ինչպես ձիու, այնպես էլ ասպետի նկատմամբ պահանջները, բայց միտքը նույնն է մնացել` ասպետը հայտնվելու է մի օր և երջանկացնելու է աղջկան:

    
Մենք բոլորս մոտավորապես պատկերացնում էինք, թե ինչպիսին է մեր ժամանակների ասպետը. գեղեցիկ, առնական, իդեալական ժպիտով: Նրանք հաճախ ենք տեսել դիսնեյան մուլտֆիլմերում: Բայց արդյո՞ք այդ ասպետն ունակ է երջանկացնելու իմ սերնդի կնոջը:

    
Տարիներ առաջ, եթե ինձ հարցնեին, թե ինչ տղամարդու եմ փնտրում, միանշանակ կտայի վերոնշյալ պատասխանը: Ասպետը պիտի լինի ինչպես ֆիլմերում: Բայց կյանքը կինո չէ, ոչ էլ թատրոն, իսկ լավ դերասանության համար մեզ ոչ ոք Օսկար կամ Ոսկե գլոբուս չի տա: Ուստի կյանքում էլ չկան իդեալական հերոսներ, ովքեր գալիս են և երջանկացնում: Երջանկությունը ռեստորաններում մատուցվող էկզոտիկ ուտեստ չէ, որ մատուցում են ոսկեջրած սկուտեղի վրա:

    
Երջանկությունն ունի իր բանաձևը, որը գրեթե նույնն է բոլորիս համար: Եվ եթե մարդը կարողանա այն հաջողությամբ վերծանել և կոդավորել, ապա կգտնի և երջանկությունը, այն է` հասնել այնպիսի վիճակի, երբ այդքան էլ չես մտածում երջանկություն գտնելու մասին: Բարդ է, չէ՞:)

    
Մենք` կանայքս, որպես կանոն մեր երջանկությունը կապում ենք ընտանիքի հետ: Այդպիսին է մեր էությունը: Գտնել նորմալ տղամարդ, ամուսնանալ, ունենալ երեխաներ, թոռներ: Գեղեցիկ է, ինչ խոսք: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ շատերս ձախողում ենք իդեալական շղթայի հենց առաջին օղակը և չենք ընտրում ՆՈՐՄԱԼ տղամարդու:

    
Այո, հարգելի տղամարդիկ, եթե ձեզ թվում է, թե դուք եք ընտրում կանանց, սխալվում եք: Պարզապես մենք այնքան իմաստուն ենք, որ թույլ ենք տալիս ձեզ այդպես կարծել, հատկապես երբ արդեն իսկ գիտակցում ենք, որ սխալ ընտրություն ենք կատարել:

    
Եթե տարիներ առաջ ինձ հարցնեին, թե ինչպիսի տղամարդու եմ փնտրում, կպատասխանեի` գեղեցիկ, բարձրահասակ, առնական ձեռքերով, գրավիչ ժպիտով, սեքսուալ հայացքով, ինչպես Ջեյմս Դինը կամ Ալեն Դելոնը: Ցանկը կարող էր փոխվել հերթական գեղեցիկ դերասանի կամ երգչի հայտնվելուն պես:

    
Ինչպես տեսնում եք` ցանկում տեղ էին գտել բացառապես այնպիսի հատկանիշներ, որոնք տրվում են մարդուն ի ծնե: Բայց ախր ինձ պետք էր տղամարդ, ոչ թե ուղեկցող մոդել կամ խոսող տիկնիկ: Ի՞նչ էի անելու տղամարդուս գեղեցիկ մռութիկը, եթե գանգատուփը դատարկ էր: Ինչի՞ս էր պետք նրա բարձր հասակը, եթե նրա մտահորիզոնը կես մետրից այն կողմ վերանում էր:

    
Մի քանի դառը փորձից հետո ես հասկացա, որ գեղեցիկ արտաքինին փաստորեն պետք է գումարել նաև խելքի առկայությունը: Դեռ երկար ժամանակ ես հիմարաբար շփոթում էի խելքն ու խելացիությունը: Ինձ թվում էր, որ եթե տղամարդը գիտի հարաբերականության տեսությունը և կարող է անգիր հիշել բոլոր պատերազմների և դաշինքների տարեթվերը, բացի այդ էլ գեղեցիկ է, ապա նա արդեն իսկ իդեալ է: Երկար ժամանակ պահանջվեց ինձ նման հիմարիկից հասկանալու համար, թե որքան չարաչար եմ սխալվել:

    
Այնուհետև սկսեցի գնահատել փողի արժեքը: Ես տեսա, թե որքան հիանալի բան է փողը և որքան լավ այն կարող է լուծել բոլոր խնդիրները: Եվ այսպես գեղեցիկ արտաքինին և խելքի առկայությանը միացավ քիչ թե շատ ապահովված լինելը: Մտածում եք` սխա՞լ է: Համոզված եմ` ոչ: Չէ՞ որ մենք խոսում ենք ամուսնության մասին, իսկ ինչպե՞ս կարելի է կյանքը կապել ֆինանսական միջոցներից զուրկ մարդու հետ: Դա առաջին հերթին անպատասխանատու քայլ է հետագա սերնդի հանդեպ:

    
Դառը փորձն ինձ կրկին սովորեցրեց, որ հարուստ լինելն ու խելացի ծախսելը տարբեր բաներ են: Այժմ ինձ անհրաժեշտ էր գեղեցիկ, խելացի, հարուստ մեկը, ով նաև կկարողանար ճիշտ տնօրինել ֆինանսները:

    
Կյանքը կարճ բան է, և առանց էմոցիաների այն այնքան դատարկ է: Ինչպե՞ս կարող ես լինել մեկի հետ, ով զուրկ է ռոմանտիզմից: Ո՞ւմ է պետք այն տղամարդը, ով չի հիշում ձեր հանդիպման ամսաթիվը, ով ամեն շաբաթ ծաղկեփունջ չի նվիրում, իսկ ժամանակ առ ժամանակ որևէ խենթ արարք չի գործում, ասենք` չի փախցնում սարեր և ռոմանտիկ ընթրիք կազմակերպում հենց սարի լանջին:

    
Բա հումորի զգացո՞ւմը: Չէ՞ որ ծիծաղը երկարացնում է կյանքը:

    
Իսկ լավ ընտանի՞քը: Ձեր հարաբերությունները չեն կարող առողջ լինել, եթե նա սերում է անպիտան ավազակների ընտանիքից: Կամ նրա մայրը հաճախ է խառնվում ձեր կյանքին, իսկ հայրը ընտանիքի գլուխը չէ և հնազանդվում է կնոջը:

    
Եվ այսպես, տարիների ընթացքում ես կազմեցի իդեալական տղամարդու իմ պատկերը, ում… ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԳՏՆԵԼ:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6424 | 0 | 0
Facebook