Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի)

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
23:15, շաբաթ, 11 մարտի, 2017 թ.
Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի)

Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի՝ դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ դրախտին կրկին արժանանալու մասին: Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրը՝ աղերսական: Ադամը, իր անձնիշխան կամքով և ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրանները, զրկվեց աստվածային վայելուչ փառքից, արտաքսվեց և իջավ այս աշխարհը, որտեղ ենթարկվելով իր թշնամու՝ սատանայի հարձակումներին, հայտնվեց թշվառ ու կիսամեռ վիճակում, ինչպես այն առակի հերոսը, ով Երուսաղեմից իջնում էր Երիքով՝ ըստ այս խոսքի. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» (Ղուկ. Ժ 30): Այստեղ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղություն, Դրախտի օրինակն է, և քանի դեռ մարդը Դրախտում էր, խաղաղության մեջ էր, իսկ երբ այնտեղից ելավ, խռովության մեջ ընկավ և մատնվեց մահվան: Իսկ Երիքովը, որ թարգմանվում է լուսին, խորհրդանշում է այս աշխարհը, որը լուսնի նման փոփոխական է: Ավազակները դևերի զորքերն են, իսկ մարդը՝ մարդկային բնությունը, որն ընկավ սատանայի ձեռքը: Չնայած Ադամը որպես ընկեր ուներ Եվային, բայց քանի որ Աստված հեռացել էր նրանից, նա մենակ էր մնացել, այդ պատճառով էլ ասում է «մի մարդ»: Ադամը նախ մերկացավ Դրախտում իր սկզբնական զարդերից՝ արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից և պահեցողությունից, իսկ այնուհետև աշխարհում մեղքերը նրան մերկացրին հոգու մյուս զարդերից ևս:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10326 | 0 | 0
Facebook