Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամեն տարի ունենալու ենք ժամադրություն

21:55, երկուշաբթի, 04 մարտի, 2013 թ.
Ամեն տարի ունենալու ենք ժամադրություն

Մարդկային հարուստ ներաշխարհը, ստեղծարար մտքի թռիչքը հիմքն ու էական բաղադրիչներն են արվեստի գեղեցիկ նմուշ ստեղծելու համար:
     Գարնանային զարթոնքը, կյանքի գույները տեղ են գտել ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի կոլաժներում: Նրա հոբելյանական 10-րդ անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում` մշակույթի այն եզակի օջախներից մեկում, որը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և նմուշների ձեռքբերման, վերականգնման, պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքներով:
     Արդեն տասը տարի մարտի մեկին գարնան առաջին օրվան ու կանանց տոնին նվիրված ցուցահանդեսը կրում է իրերին երկրորդ կյանք տալու ենթատեքստը: Կտորներից, թղթերից, կոճակներից, հուլունքներից, ժապավեններից, ապակու ու կաշվե կտորներից Նելլի Գևորգյանը ստեղծում է գեղեցիկ պատկերներ, կանանց, արվեստի գործիչների /ինչպես օրինակ Կոմիտաս/ կերպարներ, կենդանիներ հիշեցնող պատկերներ, հագուստի յուրօրինակ լուծումներ: ՀՀ մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանը ներկայացրեց գեղանկարչուհու «Կոլաժներ» անվանումով գիրքը, որտեղ զետեղված են նրա ստեղծագործական աշխատանքները /թվով մոտ 400/, և որը նա նվիրեց իր որդուն` Վահրամին: Բանաստեղծը փաստեց, որ Նելլի Գևորգյան գեղանկարչուհու ստեղծագործությունները, դիմանկարները բացառիկ կենսագրությամբ, բանաստեղծականությամբ մի հորինված միջնադար են:
     Ցուցահանդեսին ներկա էր նաև լեզվի տեսչության պետ, դոկտոր Սերգո Երիցյանը: «Անկախ նրանից, թե ցուցահանդեսին ներկայացված կոլաժները երկու տարի առաջ են ստեղծվել, թե 4, այդ տարիների ընթացքում չի լքել նրան ոգին, նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրում տեսնում ենք կյանքի նկատմամբ հավատ, վստահ եմ, որ ամեն տարի այս օրը, այստեղ ունենալու ենք մշտական ժամադրություն` ի դեմս այս ցուցահանդեսների» , - վստահեցնում է Ս. Երիցյանը:
     Նելլի Գևորգյանը իր աշխատանքները որակում է սիրողական ոճի ստեղծագործություններ, ու ափսոսում միայն, որ նկարչուհի չի դարձել:
     Նա ներկաներին նվիրեց իր ձեռքով պատրաստած փոքրիկ հուշանվերներ:
     Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 16-ը: Ներկայացված աշխատանքները նորից ու նորից դիտելու հնարավորություն կա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4712 | 2 | 0
Facebook