Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Տրանսիլվանիայի Հայ Համայնքի Պատմությունից

00:28, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Տրանսիլվանիայի Հայ Համայնքի Պատմությունից

Պատմական փաստերը խոսում են այն մասին, որ Մոլդավիայի հայ համայնքը հալածանքներ կրելով ստիպված է եղել ապաստան փնտրել հարևան վայրեր եւ հիմնականում Տրանսիլվանիա:
     Պրպտելով հայկական հետքերը Ռումինիայում մենք գիտենք, որ 1497 թ. Լեհաստանի Ալբերտ թագավորը արշավում է Սուչավա, խուճապ ստեղծելով տեղվույն բնակչության վրա: Այդ խուճապի հետևանքով էր, որ 700-ի չափ հայեր ստիպված են լինում լքել Սուչավան, ապաստան փնտրելով Հունգարիա, Տրանսիլվանիա և Գալիցիա:
     Իսկ ավելի վաղ Շտեֆան Ռառեշ իշխանի օրոք 1551 թ. սկսվեց հայերի դեմ հալածանքները: Այդ հալածանքի պատճառով շատ հայեր ստիպված եղան ճանապարհ բռնել դեպի Լեհաստան և Տրանսիլվանիա:
     ԺԷ դ. կեսերից հետո, Մոլդավիայի հայերը երիցս անգամ մուտք են գործել Տրանսիլվանիա: Հավաքական առաջին գաղթը տեղի է ունեցել նույն այդ դարի կեսին: Առաջին անգամ 1654 թ., հայերի մի ստվար խումբ Մոլդավիայից Տրանսիլվանիա է գաղթում, առաջնորդությամբ Մարտիրոս Գանդրա անունով մի հայի և Ազբեյ եղբայրների: Շատ հետաքրքիր է այն փաստը, որ վերոնշյալ հայերի մեջ վեճ է առաջանում, որի պատճառով հայերի մեծ մասը կրկին վերադառնում է. «Յամի Տեառն 1654 եւ ի թուաբերութեան Արամեան ազգիս ՌՃԳ սկիզբն արար առնել զբնակութիւն աստանօր՝ Ազպեյն մականուամբ Հըրձ կոչեցեալն եւ եղբայր իւր Վարդիկ, եւ զկնի ոչ յոլով ամաց վասն խռովութեան եւ վրդովմանց երկրին Պուղտանաց որ ի Գազագաց, Թաթրաց եւ այլոց ազգաց վշտանայր զանազան վշտօք, հարկեցավ ազգն մեր իւրաքանչիւր քաղաքէ խոյս տալ եւ դիմել աստ ի Դրանսիլուանիայ, որք նախ աստանօր ի Ճուրճով արարին զբնակութիւն ընդ ամս յոլովս, ապա աստի՝ ցրուեցան ընդ այլ քաղաքս Դրանսիլուանիոյ, եւ ոմանք զկնի դադարման խռովութեանն, դարձան անդրեն յերկիրն Պուղտանաց. ոմանք մնացին աստ ի Ճուրճով մինչեւ ցայսօր»:
     ԺԷ դ. կեսերին Մոլդավիայից Տրանսիլվանիա (Առտիալ) փախչող հայերից մի մասը մնում է երկրի զանազան շրջաններ, մասնավորաբար՝ սահմանամերձ Ջուրջովի մեջ, որը պետք է կամուրջ դառնար Մոլդավիայից եկող նոր զանգվածների համար: Երկրորդ գաղթը տեղի է ունենում 1672 թ.: Այս անգամ գալիս են ավելի մեծ թվով հայեր: Վերոնշյալ գաղթի պատճառը հանդիսանում է Մոլդավիայի Գեորգե Դուքա (1669-1672 թթ.) իշխանի կողմից կազմակերպված հալածանքները, որով իշխանը ցանկացավ հաշվեհարդար տեսնել իր դեմ կազմակերպված դավադրությանն, որին մասնակցել էին հայ համայնքի ներկայացուցիչները:
     Ռումեն պատմաբան Ն. Յորգան կարծում է, որ Մոլդավիայից հայոց զանգվածային գաղթը պայմանավորված է առավելապես տնտեսական դժվարությունների պատճառով: Նա պնդում է, որ պետք է դիտարկել նաև այն կարծիքը, որ վերոնշյալ հալածանքներին ենթարկվել են ոչ միայն հայերը: Արդարև, Լեհաստանի թագավոր Հովհաննես Գ Սոբիեսքի թագավորի ժամանակ, երբ պատերազմ սկսվեց թուրքերի դեմ, այդ ժամանակ Մոլդավիայի վրա իշխում էին Շտեֆան Պետրիչեյքու (1672-1674 թթ.), Դիմիտրաշքու Կանդակուզին (1674-1676 թթ.) և Կոստանդին Կանդեմիր (1685-1691 թթ.) իշխանները և շատերը պատերազմի պատճառով փախչում են երկրից:
     Շատերի հետ հեռանում են նաև հայերը, հատկապես Սուչավայից:
     Վենետիկի մխիթարյանների մոտ պահվող մի Մաշտոցի հիշատակարանի մեջ, որ Յաշ քաղաքում գտել է Մինաս անունով մի եպիսկոպոս, վերջինս ավելացրել է հիշատակարանը 1676 թ. և նշում է, որ. «Այլ գրեցի զգիրս ի երկրին Մաճառաց, ի գիւղաքաղաքն Ճուրճով. իշխանութեան երկրիս Ըշտեֆան Լազարին. ի դառն ժամանակիս, որ Սուլթան Մեհըմէտն որդին Իպրահիմին՝ վասն ծովացեալ մեղաց մերոց եկաւ ի վերայ Լեհաց եւ Գազարաց երկրին վերայ, եւ Պուղտանաց երկիրն յերթեւեկողաց հեծելոց Տաճկաց եւ Լեհաց աւերեցավ-Տաճիկն Լեհաց երկիրն կավիրէր՝ ամառն, ձմեռն՝ Լեհն գայր Պուղտանաց երկիրն կավիրէր: Եւ ես տառապեալս վասն սիրոյ սուրբ եկեղեցեացն՝ վանիցն չէի հրաժարեր. մինչեւ երկիցս անգամ կողոպտեցին. ապա մերկիկ գլխիբաց՝ մորթի մի քամակս կապեալ՝ փախեայ ելայ երկիրս Մաճառաց. կես մի ժողովրդոցս աստ փախեալ էին»:
     Պետք է նշել, որ մասնավորաբար Կամենիցի գրավումից հետո թուրքերի կողմից 1672 թ. ճակատագրական դեր խաղաց, ինչպես Արեւելյան Եվրոպայի տարբեր շրջանների, այնպես էլ Մոլդավիայի հայության համար:
     Այդ մասին վկայում են ժամանակակից աղբյուրները, ինչպես նաև այն հիշատակարանը. որ Տրանսիլվանիայի (Առտիալ) գաղթած հայության ներկայացուցիչները 1693 թ. հոկտեմբերի 10-ին խմբագրեցին Կլուժ քաղաքի մեջ, որպեսզի ներկայացնեն Լեոպոլդ կայսեր, ինչպես նաև բացատրություններ են տալիս այն պայմանների մասին, թե ինչու ստիպված եղան գաղթել Տրանսիլվանիա (Առտիալ):
     Այդ հիշատակագրի մեջ նշված է. «Դարերով հառաջ Մոլդավիայի մեջ հիմնված եւ տասներկու ժողովրդապետության բաժանված ազգային եկեղեցին, մինչեւ Լեհաստանի Գամենից քաղաքին առնվիլը, Մոլդավիայի իշխաններուն տակ մեծ հանգստություն կվայելեր: Բայց հիշյալ քաղքին առնվելեն եւ պատերազմական շարժումները բորբոքելեն ետեւ, հայք, որպեսզի մահմեդական իշխանութենեն եւ մոլդավական անհանդուժելի տուրքերեն ազատին, իրենց տեղերեն դուրս ելլալու ստիպվեցան»: Ժամանակակից աղբյուրներն էլ խոսում այն մասին, որ թուրքերի մուտքը Կամենից մահացու եղավ գաղութի համար: Նոր հայտնաբերված վավերագրերը ավելի հասկանալի են դարձնում պարագաները, որոնց մեջ տեղի ունեցավ Մոլդավիայի հայության մեծ գաղթը դեպի Տրանսիլվանիա՝ 1672 թ.:
     Ուսումնասիրման ընթացքում մենք հանգեցինք այն եզրակացության, որ գաղթելով Ինչպես վերը նշեցինք Տրանսիլվանիայի հայերը ժամանակավորապես ապաստան էին գտնում, հուսալով, որ իրենք դարձյալ ետ կվերադառնան իրենց օջախ, վկա է այն փաստը նաև, որ հայերը Մոլդավիայի սահմանամերձ շրջաններից շատ չհեռացան. «Ծանօթ բան է որ, Տրանսիլուանիա գաղթող ազգայնոց մեծագոյն մասը՝ Ջուրջով ու փոքրագոյն մասը՝ Չիք-Սիպվիզ գաղթած է: Ընդհակառակն ազնուականք Մինաս եպիսկոպոսին առաջադրութեամբն, քահանայից բազմութեամբ եւ պաշտօնատեարց խմբով մը Պիսդրից քաղաքը գնացած եւ հոն իրենց բնակութիւն դրած են»:
     Խոսելով Տրանսիլվանիայի (Առտիալի) մեջ հայ գաղութի ստեղծման մասին Ստեֆանոս Ագոնցը գրում է.
     «Զառաջինն ի Խրիմայ փոխադրեցան ի Պուղտան եւ յՈւլահ, ապա առ ի զերծանիլ ի հանապազորդ պատերազմաց եւ ի հարստահարութեանց ի ԺԷ դարուն անցին ի Տրանսիլվանիա: Զառաջինն բնակեցան ցրիւ աստ եւ անդ ի գեօղս եւ յաւանս խառն ընդ Մաճառս եւ ընդ Սիքոլացիս. ապա ոմանք ի նոցանէ միաբանեալ շինեցին երկու փոքրիկ քաղաքս, որոց մինն կոչի Հայաքաղաք, ռամկ. Կեռլա, իսկ երկրորդ Եղիսաբեթուպօլիս, ռամկ. Պաշֆալով»:
     Նման է նաև Հ. Մինաս Բժշկյանի կարծիքը. «Հայկազուն Անեցիք փախուցեալք յերեսաց Թաթարաց՝ զառաջինն ական ի Պոնտոս, եւ անտի մտեալ ի նաւ անցին յԵւրոպիա եւ մինչեւ ի Մոլտավիա. անտի եւս յետ ժամանակաց փոխադրեցան ի Մաճառստան: Ի սկզբան անդ բնակէին խառն ընդ Մաճառաց ցրուեալք ի քաղաքս եւ ի գիւղօրէս. ապա տեսեալ զպտղաբերութիւն եւ զյարմարութիւն երկրին՝ բազումք միացան ազգասիրութեան ոգւով եւ շինեցին երկու քաղաքս, մին անուանեցաւ Հայաքաղաք կամ Կեռլա, եւ միւսն Եղիսաբէթուպոլիս կամ Պաշպալով. եւ մի մասն եւս նոցա բնակեցաւ ի քաղաքս Մաճառաց ի Ճուրճով եւ ի Սիբվիզ. եւ այլք մնացին ի տեղիս իւրեանց յայլ եւ այլ քաղաքս եւ ի գիւղօրէս՝ ըստ յարմարութեան տուրեւառութեան նոցա»: Այն Մաշտոցի մեջ, որ Մինաս եպիսկոպոսը 1676 թ. կցել է հիշատակարանը նշվում է, որ. «Միթէ Աստուած ողորմի երկրիս Պուղտանաց, որ խաղաղութիւն տայ թագաւորաց, զի մի օտարութեամբ մեռանիմք»:


    
    

Ախթալայի ՍԱստվածածին Վանքի Վանահայր

ՏՀեթում քահանա Թարվերդյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5213 | 0 | 0
Facebook
COMMENT.am