Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԿՈՄԻՏԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
21:41, կիրակի, 05 փետրվարի, 2017 թ.
ԿՈՄԻՏԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ
     ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
    

| Մեկը սիրել է ինձ


    

    
    

Կոմիտաս Հակոբյանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մտավորականի ընտանիքում: 1989-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ Արցախի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետ:

Մինչև կանոնավոր բանակի կազմակերպումը Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի. 1993-ի ապրիլի 2-ին Դիվանալար և Ղաջար գյուղերի ազատագրման օպերացիային, Մարզիլլուի, Ամիրանլարի, Գևորգավան ռազմական հենակետերի վերացմանը: Այնուհետև՝ Ֆիզուլլու, Աղդամի շրջանների ազատագրմանը: 1993 թ օգոստոսի 16-ին Կոմիտասը իր մարտիկների հետ առաջինը բարձրացավ Ֆիզուլլլու բարձունքներից մեկը` «Կարիերը»:
     Նա մարտի անհուսալի պահին ոգի էր և ուժ: Զինվորներին ստիպում էր չլքել դիրքերը: Հարավ-արևելյան ռազմաճակատում ծավալած գործողությունների ժամանակ՝ 1994 թ ապրիլի 27-ին, անձնազոհության անկրկնելի օրինակ էր նրա կատարած սխրանքը: Կոմիտասը միայնակ և առաջինը մտավ ադրբեջանցիների կողմից գրավված խրամատը: 1994թ մայիս 2-ին Կոմիտասն իր մարտիկների հետ մտնում է Մարտակերտի շրջան: Երեք օր պատերազմելով և գրավելով մի շարք դիրքեր, մայիսի 5-ին, Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում հերոսաբար զոհվում է 22-ամյա Կոմիտաս Հակոբյանը:

Կոմիտաս Հակոբյանը 2003թ․ հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով:

Ձեր ընթերցանության ենք ներկայացնում Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծություններից մի ընտրանի:
    


    

Մեկը սիրել է ինձ: Այդ նա էր:
     Ու աշունը տրորվել է ոտքերիս տակ:
     Ու ես չէի խոսում արդեն,
     Ու չէր պայթում բառը,
     Ու ես փախչում էի ինձնից,
     Ու անձրև էր, ցեխ էր…
     Ու թաց շուրթերն էին նրա
     Դողում աշնան հևքով,
     Իսկ հետո էլ արդեն՝
     Լաց էր,
     Թախիծ,
     Արցունք…
     Ու ես չէի կարող
     Զսպել նրան արդեն,
     Ու ես չէի կարող
     Նրան բերել դարձի:
     Ու ես սիրում էի արդեն խելագարի պես:
     Ու ես փախչում էի ինձնից, որ ինձ նրան տանեմ:


    

***
     Հայրենիք իմ,
     քո առավոտվող օրվա ձայները
     ինձ վանք են տանում,
     ուր տամկացած քարերի վրա
     մեղրամոմերն են հառաչում:
     Ես քո խաչքարերի
     կնճռոտված հայացքներում
     կարդում եմ պատմությունդ կարմիր,
     որ լոկ քոնն է:
     … Դեռ պիտի աղոթենք,
     հայրենիք իմ,
     դեռ պիտի աղոթենք
     մեր ծերացող հավատի մեջ խրված
     փուշը հանելու համար,
     ու պիտի մաքառենք
     եղեռնաշունչ օրվա երախում,
     որ դարերի հետ
     կարողանաս խոսել
     լեզվով քո նահատակների…

Գիշեր իմ…
     ես անվարժ թռչունի նման
     թպրտում եմ քո վանդակում:
     Այս մինչև ե՞րբ պիտի
     կոխկրտեմ իմ բնությունը,
     ես ո՞ւր կհասնեմ
     ժխտելով ինքս ինձ:
     Հարբած եմ, գիշեր,
     Թող քեզ խոստովանեմ
     իմ մեղքերը,
     ես դեռ քավելու
     մեղքեր ունեմ:
     Ես հարբել եմ
     խոստովանության համար,
     ու… իմ գիշեր,
     հոգիս արձակություն է տենչում,
     և ես գնում եմ,
     ես սլանում եմ,
     իսկ դու,
     դու, իմ գիշեր,
     հետևիր իմ ընթացքին,
     իմ թռիչքի հետագծին
     կարող ես տեսնել ամեն ինչ:
     Կարդա, խնդրում եմ,
     ցավերս կարդա:
     Եթե ցավում եմ`
     լոկ իմ մեղքերի,
     մեղքերի համար:

Կարդա մեղքերս:


    

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ
     1. Թե ցավ կա մեջդ
     ու երակներիդ ջրհեղեղի մեջ
     անզուսպ ժայթքում են
     գոյության սերմեր,
     թե ներդաշնակ է
     քո ստվերն իմին,
     օ՜, ե՛կ, խնդրում եմ,
     եկ, ընկերացիր
     դու ինձ այս գիշեր…
     Եվ ինձ այս գիշեր
     թող որ այցելեն հրեշտակները,
     ու ես կպարպեմ նրանց մեկ-մեկ
     աստվածահաճո գավաթներ գինու,
     դու, ոնց մարգարե,
     պարզիր քո աջը,
     վանկարկիր ինձ հետ.
     -Քո կամքը լինի,
     օ, Տեր իմ, ամեն:
     Այս վայրկյանների արձագանքներում
     սերմեր կան, անշուշտ,
     սերմեր գալիքի,
     դու, ոնց մարգարե,
     կարկառվիր իմ դեմ
     ու ասա որտեղ
     և ինչո՞ւ պիտի
     ես մի օր սպառվեմ:
     Ցույց տուր վախճանս
     և երկնող ոգուս
     անկումը ցույց տուր:
     (Օ, Տեր իմ, Աստված,
     այս սին, բյուրատեսք աշխարհի վրա
     ծանր է, ծանր
     շնչելը անգամ):

2.
     Շնորհ արա, Տեր,
     Երանգափոխ իմ ինքնության
     հիմնաքարերը շրջելու,
     թե չէ`
     տարտամ այս քայլերով
     ո՞ւր կտանես տենչանքներիս
     շղթաները անդամալույծ
     և կամ ո՞նց կփարատես իմ
     մենությունը մահահղի:
     Շնորհ արա, Տեր,
     որ օրս այսպես
     չդառնա դագաղն
     իմ կորուստների,
     չդառնա, Տեր իմ…

3.
     Ու հիմա, հիմա
     Ներշնչանքի մեջ
     հառաչանքներ են խեղդում աչքերս,
     ու իմ գրիչը թափում է արցունք:
     Վանիր, խնդրում եմ,
     Տար այս մտքերը
     Ինձանից հեռու:
     Չէ, ես չեմ կարող
     իմ հիշողության
     մատները թողնել
     թշվառ անցյալի
     զպանակի մեջ:
     Չէ՞ որ ելնելով
     Իմ գոյի միջից`
     Շրջանցել եմ ես
     բազում ընթացքներ,
     ես մամռակալած քարանձավների
     սառույցն եմ քամել
     շուրթերիս վրա:
     Իմ միջով` ամա
     խոսել է անլուր
     անապատների թախիծը դեղին,
     ես ոգորել եմ կաթիլ առ կաթիլ,
     որ երակներիս հիշողությունը
     չհատվի երբեք:

4.
     Հնի ու նորի առեղծվածներում
     զննել եմ ձևեր,
     ինչ –որ մի անհող
     տարածության մեջ
     ես որսացել եմ
     պատրանքն ապրելու
     ու հիշողության աստիճաններում
     դեռ մի օր պիտի
     իմ տողերի տակ
     ընկած անցյալի
     վերհուշը ապրեմ,
     հիշեմ իմ անցած
     սերերին բոլոր
     ու կորուստներս
     հաշվեմ մեկ առ մեկ:
     Անցյալիս սմքած
     ստինքին հպվեմ,
     որպես երևույթ առասպելանամ
     իմ անձեռակերտ
     հուշերի խորքում:
     Հետո թող մոտ գա
     ժամը հայտնության,
     հետո թող լինի
     արարման հրաշք,
     թմրության հաբը
     կնետեմ մի կողմ,
     կգտնեմ վարքս`
     թեկուզ այլայլված
     կապրեմ երազով
     կապրեմ ես անքեն
     ու … երակներիդ
     ջրհեղեղի մեջ
     եթե գոյության մասնիկ է եռում,
     օ՜, ե՛կ, խնդրում եմ,
     այս գալիքաեռ երազով օծուն
     գավաթը պարպիր ինձ հետ միասին:
     1991 թ.

***

Օ՜, լիներ մի ձայն,
     Որ ինձ հաղորդության տաներ
     աստվածներին:
     Ես իմ էությանը կմիախառնեմ
     նրանց մոգությունը,
     ու կվերադառնամ…ոգեղենացած:
     Դրանից հետո
     ես կերազեի մի դիպված,
     որ իմ վախճանը կնմանեցներ
     աստղային մահվան`
     հաջորդ օրը երևալու
     ակնկալությամբ:

Ես վիրավոր հավքի դեգերումներով
     հասա քեզ,
     օր,
     (այս ինչ տխուր երազ է):
     Տուր ինձ ապրելու
     մի այլ ձև,
     դուրս մղիր ինձ
     քո մգլոտ երակի միջից,
     ես ճախրանքի համար եմ ծնվել:
     Տառապանքի միջից
     ես հևոցներ եմ հուղարկավորել երկինք,
     լսել եմ Աստծո ձայնը
     ու բանականության
     ծանր բեռներն եմ իմ մեջ կրել:
     Օր,
     իմ ցանկությամբ
     և կամավն Աստծո,
     տուր ինձ ապրելու
     մի ուրիշ ձև:

Դարձյալ նույն ապստամբ
     Մտքերն են կրծում ներսս,
     Ու հիշողության ծերպերին
     Անցյալից բռնաբարված
     Հետքեր են մնում:
     Այս ընթացքը
     Հասունանում է անդունդի մեջ,
     Ուր հրաշքն է անգամ
     Ի զորու չէ
     Փրկել մարմինը իմ:
     Օրվա գորգերը հնանում են
     Ժամանակի փոշուց,
     Եվ գալիքը իր հիմքն է դնում
     Անցյալի մաշված
     Հետքերի վրա:

Իմ գալիք օրվա կաղապարը
     Մնում է անհայտության բկին:
     ՊԱՏՐԱՆՔ
     Ծով………………….
     Ընկղմիր քո խորության
     Ուղեծիրը վայրենի,
     ես առասպել կդառնամ,
     հրդեհելով ջրերդ:

Գիշեր………………….
     ծխախոտս թող վառեմ
     անհոգության լույսի տակ
     ու ներքաշեմ ծխի հետ
     վայրկյանները գունաթափ:

Տեր………………….
     դու հեռու տար ինձանից
     այս մտքերը հեղհեղուկ,
     թե չէ` այսպես ցնորված
     ես միտք չունեմ քննելու:

Ծխախոտի ծխին
     ագուցել եմ օրս
     ու քարշ եմ տալիս տաղտուկի միջով,
     ու քարշ եմ տալիս …
     Ո՞վ ինձ զրկեց
     հուշերգի ելևէջներից
     ու նետեց մարմինս
     մոգության տարածքի մեջ:
     Այնտեղ, հեռու մի աշխարհում
     վառվում են
     հրեշտակների դեմքերը,
     ու ես չկամ այնտեղ,
     ու ես չկամ:
     Այդ ծխահամ օրը, ասում են,
     վերուստ ապրել են նրանք,
     և ես արձագանքն եմ դրանց
     դեռ իմ նախաստեղծ օրվանից:
     Ես վախենում եմ,
     որ մի օր չլինեմ,
     և օրս,
     հաշմված օրս,
     ավերվի իմ չգոյությունից…

Ես ուրիշ կյանքով
     ապրել չեմ կարող,
     զի Աստված մի օր
     այս ճանապարհն է
     իմ դեմ երկարել,
     որ տառապանքով
     պիտի վերծանվի:

Ես կտառապեմ:
     Ու մատույցներում
     իմ վերջնագծի
     թագը կկռեմ
     ես տառապանքի:
     Իսկ ինքնությունս
     զննելու համար
     տողերս պիտի
     վկայակոչվեն:


    

***

Մի օր կծրարեն
     իմ վարքը`
     որպես հիշողություն…

Ես չեմ լինի:

Ես ուրվականների ուղեկցությամբ
     կհասնեմ հրեշտակների մոտ,
     նրանք իմ մարմնից
     կհառնեն ոգին
     ու ինձ կձեռնադրեն
     անդրերկրային առասպելների քահանա:
     Ես կողջագուրվեմ
     Իմ խորանի պատերի հետ
     ու կաղոթեմ այնտեղ,
     ու կաղոթեմ:
     Հետո… իմ մարմինը,
     որպես ընծա,
     կառնեն աստվածները
     ու ինձ կկտակեն
     գահավիժման ընթացքին:

ՆՈՒՆԵԻՆ

Գուցե չե՞ս հիշում,
     բայց լուսնի հիշողության մեջ
     կա մի խոնավ գիշեր:
     Ամեն ինչ խաղաղ էր
     ու սեր էր կաթում աստղերից:
     Այդ ժամ…
     մենք սիրահարվեցինք,
     ու ես մեծացա տարիներով:
     Մեր սկիզբը կարծես
     այդ անզուսպ գիշերն էր,
     որ եթե վերածանվի`
     ապա միայն
     մատներիս հիշողությամբ,
     որոնք կերոնների պես
     հեքիաթային տենդից հալվում էին
     քո մարմնին:
     Դու ինձ այդ գիշեր
     այն աշխարհը տարար,
     ու մշտագո է սերը
     ու դեռ գոյություն ունի
     հորդաբուխ սիրելու
     տառապանքն անուշ:
     Հիմա ես այնքան եմ մեծացել,
     որ հազիվ թե հիշեմ
     տարիները իմ անդրսերյան,
     ու… այնտեղ է իմ սկիզբը,
     այն անզուսպ գիշերվա
     և լուսնի կաթնագույն
     հիշողության մեջ:
     18.11.90թ.

Բերանքսիվայր ընկած գավաթներ
     Եվ անհրապույր սենյակ ծխահամ,
     Վերջին փայլերն է արձակում արդեն
     Շփոթված մոմի մի թախծոտ լեզվակ:
     Հանգավ: Գիշեր է: Նոյեմբեր ամիս:
     Իր հնադարյան թախիծն է փռում
     Աշունը անհոգ,
     Եվ փլատակված մազերդ կրծքիս
     Մի անանցողիկ հուշ են լոկ կռում:
     Հետո… չեմ հիշում, գիշեր էր երկար,
     Եվ պահը այնպես հեքիաթ էր թվում,
     Ու ժամանակի տարածության մեջ,
     Այնպես ակամա
     Լոկ քո հառաչն եմ ես մտաբերում:
     Հիմա դիմում քեզ, ինչպես Աստծուն,
     Ներիր, խնդրում եմ, մեղքերս ներիր,
     ՉԷ՞ որ այս կյանքի բարդ թոհուբոհում
     Լոկ մի գիշեր էր տերը պարգևել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
1608 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ