Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄԵԱԿԸ

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
13:36, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄԵԱԿԸ

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄԵԱԿԸ
     2016 թ.-ին լրացաւ Հայաստանի առաջին ինքորոշման՝ անկախութեան հանրաքուէի քսանհինգամեակը։ Տօնական բազում միջոցառումների ընթացքում անդրադարձ իսկ չեղաւ այդ գաղափարի ճարտարապետ կազմակերպութեանը եւ նրա նուիրեալներին։ Մէկ շաբաթից նշուելու է նաեւ ազգային անկախութեան անկապտելի մաս ազգային բանակի 25-ամեակը։ Տարակոյս չունենք, որ Հայաստանի իշխանութեանը տիրացած ազգադաւները նաեւ այս հարցում են ուրանալու իրական ներդրողներին, նրանց դերակատարութիւնը ու ազգային բանակի ստեղծումը վերագրելու են իրենք իրենց։ Ազգի, նրա պատմական ներդրումների եւ մանաւանդ ձեռքբերումների ճշմարտացի մատուցումն իմ պարտքն համարելով որոշեցի հայ ընթերցող ուշադրութեանն արժանացնել այս գրութիւնը։
     Բոլորիս յայտնի է, որ որեւէ նիւթական՝ առարկայական ձեռքբերում ասպարէզ գալիս նախ գաղափարի՝ ծրագրի տեսքով։ Այդ տեսանկիւնից քննելով հայկական բանակի ձեւաւորումը եւ մէկ անգամ եւս ընդգծելով, որ այն ազգային պետութեան հիմնական բաղադրիչն է, փորձեցի գաղափարի արտածումը գտնել մեր անկախութեան պայքարի հիմնական (եթէ ոչ միակ) ազգային կազմակերպութեան ԱՄԿ-ԱԻՄ ծրագրային փաստաթղթերում։ Այդ որոնումներն ինձ հանգեցրին բացայայտման, որ այս տարի մենք նշելու ենք ոչ միայն ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ստեղծման քսանհինգամեակը, այլեւ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ հիսունամեակը։
     1966 թ.-ին Երեւանում ստեղծուած Ազգային միացեալ կուսակցութիւնը (ԱՄԿ) 1967 թ. ասպարէզ է իջեցնում իր առաջին ծրագիրը ՀԱՅԿԱԶ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԵԱՄԲ։ Այդ ծրագրային փաստաթղթի 12-րդ յօդուածում ասւում է. «ԱՄԿ-Ն ՊԷՏՔ Է ՊԱՀԱՆՋԻ ՆԵՐԿԱՅ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԻՑ, ՈՐՊԷՍԶԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ԵՒ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ԶԷՆՔՈՎ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՆԻ։ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, ՍԿՍԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՈՒՈՐԻՑ ՄԻՆՉԵՒ ՄԱՐՇԱԼՆ ՈՒ ԾՈՎԱԿԱԼԸ, ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ…»
     Բծախնդիր գրականագէտ ընթերցողը կարող է շարահիւսական անհարթութիւններ նկատել, քաղաքագէտը՝ անհարիր եւ հակասական համարել ՆԵՐԿԱՅ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԻՑ նման բան պահանջելը, բայց առաջին հերթին նկատենք այն, որ սա ազգային բանակի վերականգման առաջին ծրագրային եւ շարունակական ընթացք ունեցած նպատակադրումն է։
     13-րդ յօդուածում կրկին անդրադարձ կայ խնդրին. «ԱՄԿ-ի նպատակն է ներայիս Հայկական Հանրապետութիւնը, որը կեղծ պետութիւն է իր խաբեական սիստեմով, դարձնել իսկական լիարժէք պետութիւն, որը ոչ միայն չպէտք է ենթարկուի օտարի հրամաններին եւ դուրս գայ նրա ստրկական գերիշխանութիւնից, այլեւ այդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԷՏՔ Է ՈՒՆԵՆԱՅ ԶՈՐՔ, ԶԷՆՔ եւ դրամ (ոսկու պաշար)» ։
     1974 թ.-ին ԱՄԿ ծրագիրը վերագխմբագրւում է եւ համալրւում նոր բաժիններով։ Ըստ էութեան դա առաջին ծրագրի հիման վրայ գրուած ԱՄԿ երկրորդ ծրագիրն էր՝ ԱՄԿ ԾՐԱԳԻՐ- ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՐԱԳԱՅՔ խորագրով։ Այս փաստաթղթի հեղինակն էր 1973 թ.-ին արդէն ԱՄԿ ղեկավար ընտրուած Պարոյր Հայրիկեանը։ Նոր ծրագիր-կանոնադրութեան պատրաստման աշխատանքներին խորհրդատուական կարգով մասնակցել են ԱՄԿ ղեկավար մարմնի՝ ԱՄԿ ԽՈՐՀՐԴԻ անդամներ Ազատ Արշակեանն ու Աշոտ Նաւասարդեանը։
     Այս փաստաթղթի ԱՄԿ ԾՐԱԳԻՐԸ գլխի 4-րդ յօդուածում ասուած է. «Հարցի քաղաքակիրթ լուծման դէպհքում լիակատար անկախացումը նախատեսւում է իրականացնել համաժողովրդական հարցման (հանրաքուէի) արդիւնքների հրապարակումից յետոյ՝ 6 ամսից 1 տարուայ ընթացքում։ Այդ ժամանակամիջոցում Հայաստանին պէտք է՝
     Ա) դիւանագիտական հարաբերութիւններ հաստատել այլ պետութիւնների հետ,
     Բ) դառնալ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան անդամ,
     Գ) ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՒ ՍՍՀՄ ՄԻՒՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՈՒՈՐԻՑ ՄԻՆԵՒ ՄԱՐՇԱԼԸ, ՍՍՀՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԷՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՆԱԼ ԻՐԵՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ (ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՒ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԷՆ ՍՏԱՆԱԼ ՆՈՅՆ ԱՐԺՈՂՈՒԹԵԱՄԲ ԱՅԼ՝ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ԵՒ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹԻՒՆ) …»
     Նոյն փաստաթղթի ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ գլխի յօդուած 7-ում կարդում ենք. «Ներկայիս բոլոր անկախ պետութիւնների նման Հայաստանը պէտք է ունենայ մշտական ներկայացուցիչ Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնում, ուղղակի դիւանագիտական հարաբերութիւններ ՝ այլ պետութիւնների հետ, սեփական դրամ (նաեւ ոսկու պաշար), ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐ …»
     ԱՄԿ ԾՐԱԳԻՐ-ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՐԱԳԱՅՔ (ԱՄԿ Ծ-Կ եւ Պ) փաստաթղթի Ազգային Միացեալ Կուսակցութիւնն այսօր գլխում (յօդուած 28) կարդում ենք. «Ազգային Միացեալ Կուսակցութիւնն ապագայի ազգային պետութեան ռահվիրան է եւ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՆԱԽԱԿԵՐՊԱՐԸ» ։
     Ազգային Միացեալ Կուսակցութեան ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ գլխի 17-րդ յօդուածում ասւում է. «Գործողութիւնների ընթացքում իւրաքանչիւր կուսակցականից պահանջւում է խիստ՝ զինուորական կարգապահութիւն …»
     ԱՄԿ Ծ-Կ ԵՒ Պ. փաստաթղթում (1974 թ.) կայ եւս մի գլուխ «ԱՄԿ երգերը» խորագրով։ Այդ փուլում ԱՄԿ-ն չորս երգեր ուներ։ Ուշագրաւ է, որ 4-ից երեքում ընդգծւում է զինուորի գաղափարը։
     «…Հայ ենք մենք, հայ ենք մենք, հայ, հայ, հայ,
     Լինենք ԶԻՆՈՒՈՐ երկրին պաշտպան…»
     «Պարզենք դրոշն հայոց փառքի, հայոց փառքի,
     Որպէս զինուոր անյաղթ ոգու եւ կուռ կամքի» ։
     «Մենք՝ ազգի զինուորներ, գերի ենք այս հեռւում,
     Եւ կարօտը հայրենեաց մեր սրտերն է տանջում» ։
     Զինուորի գաղափարն ամրագրւում է նաեւ հետագայում Հայրիկեանի հեղինակած եւ առաջին հերթին ԱՄԿ-ականների սեփականութիւնը դարձած այլ երգերում ու բանաստեղծութիւններում։ Դրանից առաւել յայտնիներից են ԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԵՐԳԸ եւ ԶԻՆՈՒՈՐԻ ԱՂՕԹՔԸ (երկուսն էլ գրուած «կագէբէ» -ի բանտում 1974 թ.-ին) .
     «Ամեն մի դար ունի իր նորոյթները
     Եւ ամեն դար նոր սրբեր է կերտում,
     Բայց հաւերժ սուրբ են ազգ հայրենիքը
     ԵՒ մենք նրանց ենք ԶԻՆՈՒՈՐԱԳՐՒՈՒՄ»

«Բախտ անգութ, ինչու՞ ես ինձ հալածում
     ԶԻՆՈՒՈՐԻՍ ինչու՞ ես բանտում փակում
     Ես հայրենիքիս փրկութեան ելքն եմ փնտրում,
     Իսկ դու ինձ անափ օվկիանն ես նետում» ։

Զինուորի՝ ազգային բանակի փառերգ-ձօն կարելի է համարել 1976 թ.-ին գրուած՝ ՄԵՐ ԱԶԳԸ ՄԻ ԼԱՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԿՈՐՑՐԵՑ բանաստեղծութիւնը, որն ազգի համար կարեւորագոյն բան է ազդարարւում է ԶԻՆՈՒՈՐ ունենալը՝
     «…Մեր ազգը այսօր զինուոր շահեց,
     Սրանից վսեմ էլ ի՞նչ…»
     Այս նիւթի մասին խօսելիս չի կարելի չյիշատակել նաեւ ՁՕՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆԸ՝ 1977 թ.-ին պատժախցում գրուած բանաստեղծութիւնը.
     «…Մենք պիտի թողնենք ամեն գործ ու բան,
     Զինուորներ դառնանք…»
     Իսկ դրանից մէկ տարի առաջ Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկի բանտում ԱՄԿ ղեկավարի հեղինակած եւ աշխարհով մէկ տարածուած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ՝ ԱՄԿ-ն ԻՐ ԳՈՅՈՒԹԵԱՆ 10-ՐԴ ՏԱՐՈՒՄ» յօդուածաշարում ահա այսպիսի դրոյթներ կան ազգային բանակի եւ հայ զինուորի վերաբերեալ. «4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ
     …Հայաստանի լիակատար անկախութիւնը աստիճանական գործընթաց է, որն սկսւոմ է հանրաքուէում յաղթանակով եւ զարգանում է…
     ա) Հայաստանի միջազգային ճանաչում…
     զ) Ռազմական անկախութիւն (հայ զինուորների վերադարձ, համամիութենական ռազմական պահեստներից սեփական բաժնի ստացում եւ ազգային բանակի վերականգնում) …

«6. ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» գլխից «Եթէ հանրաքուէի ժամանակ յանկարծ յաջողութեան չհասնի, ԱՄԿ-ն կը մասնակցի Գերագոյն Խորհրդի ընտրութիւններին… եւ կը փորձի Գերագոյն Խորհրդի կազմում անկախութեան համար հող նախապատրաստել եւ նրա օգնութեամբ հասնել իր նպատակների թէկուզ մասնակի իրականացմանը, օրինակ՝… Հայկական ՍՍՀ Սահմանադրութեան համաձայն ռազմական նախարարութեան վերականգնում (ազգային բանակի եւ պաշտպանութեան նախարարութեան) …
     ԱՄԿ-ն ժամանակաւոր կազմակերպութիւն է։ Լիակատար անկախութիեան վերականգնումից յետոյ այն կը տրոհուի տարբեր կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների, իսկ նրա ներկայիս գաղափարական դիրքորոշումը՝ հանդուրժողականութեան եւ ազգային ներդաշնակութեան սկզբունքները կը լինեն պետական մտածողութեան հիմքում եւ կ’որդեգրուեն ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ կողմից։
     ԱՄԿ-Ն, ՓԱՍՏԱՑԻՕՐԷՆ, ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՆԱԽԱԿԵՐՊԱՐՆ Է, ԻՍԿ ՆՐԱ ԱՄԵՆ ԱՆԴԱՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ, ՎԵՐԱՄԻԱՒՈՐՄԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՄԱՐՏԻԿ» ։
     Նոյն փատաթղթի 7.-րդ գլխում կարդում ենք. «ԱՄԿ ղեկավար մարմինը կասակցական Խորհուրդն է։ … Խորհրդի որոշումները … ԱՄԿ բոլոր անդամները պարտաւոր են կատարել … ինչպէս ԶԻՆՈՒՈՐԸ հրամանը…» ։
     Դժուար է պատկերացնել, որ խորհրդային տարիներին որեւէ անհատ այսպիսի մտաւոր թռիչքի ընդունակ կը լիներ, սակայն մեր ուսումնասիրութիւնների օգնութեամբ կարողացել ենք պարզել, որ խօսքը միայն տեսական ծրագրային ձգտումներին չի վերաբերել։ Զինուորական աստիճանակարգ ԱՄԿ-ում ներդրուել է դեռեւս 1973թ.։ ԱՄԿ-ին նոր միացած անձը տեղեկացւում էր, որ ինքը ԱՄԿ ԶԻՆՈՒՈՐ է։ Որեւէ գործ անելուց յետոյ նրան ասում էին, որ նա արդէն ԱՄԿ ՄԱՐՏԻԿ է։ Ապա ըստ գործերի գալիս էր ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅ, ԵՆԹԱՍՊԱՅ, ԱՒԱԳ ԵՆԹԱՍՊԱՅ, ապա ԱՒԱԳ։ Կազմակերպական գործերում առանձնայատուկ կարողականութիւն չդրսեւորած ԱՄԿ-ականը աւագից բարձ աստիճան չէր կարող ունենալ։ Այնուհետեւ գալիս էին ԿՐՏՍԵՐ ՏԱՍՆԱՊԵՏ, ՏԱՍՆԱՊԵՏ, ԱՒԱԳ ՏԱՍՆԱՊԵՏ, ՀԻՍՆԱՊԵՏ, ՀԱՐԻՒՐԱՊԵՏ։ Տասնապետներ են եղել Անդրանիկ Մարգարեանը, Յակոբջան Թադեւոսենը, աւագ տասնապետեր Ազատ Արշակեանն ու Աշոտ Նաւասարդեանը։
     Ազգային բանակին ու հայ զինուրին ձօնուած այլ ստեղածագործութիւններ նոյնպէս ընդգծում են ԱՄԿ-ականների նուիրուածութիւնը այդ ազգային արժեքներին, սակայն առանձնահատուկ է 1982 թ. Պերմի բանտում Պարոյր Հայրիկեանի «Ափսօս» բանաստեղծութիւնը։ Զգալով որ հասել է իր վախճանի ժամը նա գրում է իր կարապի երգը։ Հարկ ենք համարում ներկայացնել այն ամբողջութեամբ։
     Ափսօս ինձ հետ մեռնող
     Բազում իմ յոյզերին,
     Երազներին անհաս,
     Ու հաւատիս անկոր,
     Անունկնդիր հնչած
     Խրոխտ իմ երգերին,
     ԶՈՐԱՊԵՏԻՑ զրկուած
     ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻՆ բոլոր։
     Այստեղ կեանքից հեռանալու ցաւ կայ, բայց հեղինակի համար աւելի մեծ ցաւ է իր ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻՆ ԶՈՐԱՊԵՏԻՑ զրկուած տեսնելու ցաւը։
     1987 թ.-ին ընդհատակից դուրս եկած եւ որպէս ԱԻՄ գործող ԱՄԿ-ն հետեւողական էր ազգային բանակի ստեղծման հարցում։ Նրա կազմում ստեղծուեցին կազմակերպական միաւորներ (Հայոց Ազգային Բանակումը, Անկախութեան բանակը), որոք պիտի լինէին ապագայ բանակի կազմակերպական կառոյցները, սակայն Արցախում եւ սահմանամերձ բնակավայրերում կազմակերպած սադրանքները այդ կառոյցները վերածեցին «ֆիդայական» խմբերի։
     1990 թ.-ին նաեւ նախկին հակաանկախականները առեւրեւոյթ դարձան անկախական եւ ընդունուեց ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ։ Այն ամրագրեց նաեւ ազգային բանակի ստեղծման գաղափարը, սակայն մոսկովեան իշխանութիւնների հոգեւոր քաղաքական լուծը չթոթափած «նոր իշխանութիւնները» չէին շտապում կեանքի կոչել ազգային-պետական կեանքի համար այդ չափազանց կարեւոր գաղափարը։ Բռնի արտաքսումից Հայաստան վերադարձած պատգամաւոր Հայրիկեանը Գերագոյն Խորհրդում ի մի բերելով գաղափարակիցների հանդէս եկաւ շուտափոյթ կերպով ազգային բանակ ստեղծելու նախաձեռնութեամբ, սակայն 260 պատգամաւորներից միայն 4 տասնեակը համարձակուեցին հակադրուել օրուայ իշխանութիւններին։
     Այդ պայմաններում ԱԻՄ-ն ուղղակի աշխատանքներ սկսեց հայ երիտասարդներին ռուսական բանակ տանելն արգելելու ուղղութեամբ։ Երիտասարդներին դատում էին որպէս դասալիքներ, աիմականները դատարաններից փախցնում էին Հայաստանում ծառայելու պատրաստ բայց բռնի կերպով Հայաստանից դուրս տարուող երիտասարդներին։
     Իշխանութիւնները խորհրդարանական դատավարութիւն սկսեցին ԱԻՄ-ի նկատմամբ, որի ընթացքում Գերագույն խորհրդի նախագահն ու պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը (1991-1992 պաշտպանութեան նախարարը) պնդում էին, որ սխալ է ազգային բանակի մասին խօսելը։ Նման գործելոճի հետեւանքով ազգային բանակի ստեղծումը անհարկի հետաձգուեց մօտ երկու տարով, ինչը պատճառ դարձաւ բազմաթիւ այդ թւում մարդկային կորուստների։
     Ասուածն հաստատող բազմաթիւ տեսանիւթեր կան ԱԻՄ-ի տեսադարանում, սակայն մենք ներկայացնում ենք միայն մի փոքրիկ տեսանիւթ, որը մեզ յիշեցնում է որ ԳԽ նախագահի խօսքերով «Պարոյր Հայրիկեանը օրէնք խախտելով բանակ է ստեղծում», իսկ իրենք՝ օրինակելի ռուսաստրուկները դրան դէմ են։https://www.youtube.com/watch?v=U6TyUKVQ52E
     21 յունուարի 2017թ.
     Սուսաննա Գրիգորեան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5401 | 0 | 0
Facebook