Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Ծննդյան տոնը

Արթուր
Հեղինակ`
Արթուր
06:19, ուրբաթ, 06 հունվարի, 2017 թ.
Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Ծննդյան տոնը

Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ ծննդյան տոնը, այն հինգ Տաղավար տոներից է, որը նվիրված է Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելքում մինչև 4-րդ դար Քրիստոսի ծննդյան տոնը կապվել է Աստվածահայտնության, այսինքն` Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Սակայն 336-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես որոշել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Այս միջոցով քրիստոնյաներն ամենայն հավանականությամբ նպատակ ունեին այդ օրը տոնվող Արևի չաստված Միթրայի մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը հակադրել «Արդարության Արեգակի»` Քրիստոսի ծնունդը: Հետագայում` 4-րդ դարի վերջին, Ասորիքում, իսկ ապա` 5-րդ դարի կեսին, գրեթե ողջ Արևելքում (Ալեքսանդրիայում, Անտիոքում, Կոստանդնուպոլսում) Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնացել որպես Տիրոջ Աստվածահայտնության օր: 451-ին Քաղկեդոնի ժողովը դեկտեմբերի 25-ը վերջնականապես հաստատել է Հիսուսի ծննդյան օր, թեև Երուսաղեմի եկեղեցին մինչև 549-ը շարունակել է նշել հունվարի 6-ին: Միայն Հայ եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին: Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է:

Եկեղեցական տոնակատարությունն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի կամ Խթման սուրբ Պատարագով, որին նախորդում է յոթօրյա պահեցողության ու ապաշխարության շրջանը: Երեկոյան սուրբ Պատարագի ընթացքում հնչում է ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»: Պատարագից հետո պահքը լուծվում է, և սկսվում ուտիքի ու տոնակատարության շրջանը, որը տևում է մինչև հունվարի 13-ը: Այս բոլոր օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւյայտնեցաւ» ավետիսով, որի պատասխանն է՝ «Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Գլխավոր տոնակատարությունը կատարվում է հունվարի 6-ին՝ սուրբ Պատարագի հանդիսավոր արարողությամբ ու Ջրօրհնյաց մեծաշուք հանդեսով: Ջրօրհնեքը նվիրված է Տիրոջ մկրտությանը և այդպիսով՝ ջրի սրբագործման մեծագույն խորհրդին:

Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր Տաղավար տոներին հաջորդող օրերը, մեռելոց հիշատակության օր է, երբ հոգեհանգստյան սուրբ Պատարագից հետո հավատացյալներն այցելում են իրենց հարազատների շիրիմներին:

Հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Հիսուսի անվանակոչության տոնակատարությամբ, որը նվիրված է Տիրոջ յոթ օրական հասակում տաճար բերվելու, 8-րդ օրը թլփատվելու և Հիսուս անունը ստանալու հիշատակին:
     Աղբյուր՝ armenianreligion.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
6673 | 0 | 0
Facebook