Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

«Պոբեդա» ավիաընկերության աշխատանքի նրբերանգները․ Ո՞րն է խարդավանքը, Ինչո՞ւ է այդքան էժան

Տաթևիկ շդֆդգֆ
21:55, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
«Պոբեդա» ավիաընկերության աշխատանքի նրբերանգները․ Ո՞րն է խարդավանքը, Ինչո՞ւ է այդքան էժան

«Պոբեդա» ավիաընկերության լոուքոսթերը թռիչքներ է սկսում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, հայտնում են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

«Պոբեդա» ավիաըննկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ուղիղ չվերթներ կատարելու շուրջ: Ըստ համաձայնության՝ 2016-ի նոյեմբերի վերջից ավիաընկերությունը կսկսի շաբաթական երեք չվերթ կատարել:

Ավիատոմսերի արժեքը կկազմի 10 հազար դրամ (մոտ 21 դոլար): Թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին:

Լոուքոսթերներ, լոուքոսթեր, դիսաունթերներ, ցածր սակագներով եւ բյուջետային ավիաընկերություններ՝ այս ամենը ավիափոխադրման միեւնույն էժան տեսակի անվանումներն են, որն Արեւմուտքում վաղուց է գործում, իսկ հիմա ակտիվորեն զարգանում է նաեւ ռուսական շուկայում: Դրա էությունը էժան թռիչքի հնարավորությունն է՝ զոհաբերելով հարմարավետությունն ու ոչ պարտադիր ծառայությունները:

Ո՞րն է խարդավանքը, ինչո՞ւ այդքան էժան

Պարզվում է՝ ոչ մի խարդավանք չկա, իսկապես կարելի է արտասահման թռչել մոսկովյան ռեստորանում համեստ ճաշի գնով: Անհրաժեշտ է միայն իմանալ, թե ինչի վրա են տնտեսում լոուքոսթերները եւ իմանալ, թե այդ գիտելիքն ինչպես օգտագործել հօգուտ քեզ:

Գնագոյացմանը լոուքոսթերների մոտեցումը հակիրճ կարելի է այսպես նկարագրել. «մենք միայն թռչելու հնարավորություն ենք տալիս, մնացած ամեն ինչի համար ինքներդ եք վճարում»: Պատահում են նաեւ մոլեռանդ լոուքոսթերներ: Ծախսերի համընդհանուր կրճատման մրցավազքում նրանք, կարծես, մոռանում են, որ իրենց օդանավերն ուղեւորատար են, եւ դրանցով մարդիկ են թռչում: Այդպիսի ըկերությունների օդանավերում տեղերն ասես պիկ ժամին մետրոյի նստատեղեր լինեն: Հետաձգումները, ուշացումները, գրանցվելու եւ ուղեբեռի խնդիրները ավելի շուտ նորմա են, քան բացառություն:

Ինչի՞ վրա են խնայում լոուքոսթերները

Օդանավակայանի հարկը օդանավի սպասարկման վճարն է, բայց այն, բնականաբար, ուղեւորներից են գանձում: Ինչպե՞ս նվազեցնել հարկի չափը եւ համապատասխանաբար՝ ավիատոմսի գինը: Թռչել էժանագույն օդանավակայաններ: Ո՞ր օդանավակայաններն են ավելի էժան: Նրանք, որոնք ավելի հին են եւ քաղաքից հեռու:

Բարեբախտաբար, լոուքոսթերները ոչ միշտ են այդպիսի տարբերակ ընտրում: Հաճախ նրանց բազաներ են դառնում հին օդանավակայանները, որոնք ինչ-որ կերպ գոյատեւելու համար օդանավակայանի նվազագույն հարկ են սահմանոււմ:

Չվերթների ժամը եւ հաճախականությունը

Օդանավակայանում կայանելու համար ոչ միայն ուղեւորներն են վճարում, այլ նաեւ ավիաընկերությունները: Այդ պատճառով լոուքոսթերների մեծ մասը նախընտրում է իր օդանավերը ոչ թե ցամաքի վրա կայանել, այլ օդում պահել: Վայրէջք, մարդիկ օդանավից դուրս են գալիս, մարդիկ մտնում են օդանավ, եւ թռիչք: Եվ այդպես ամբողջ օրը: Ինչպես միկրոավտոբուսը, միայն սրահն են միջակայքում մաքրում: Արդյունքում լոուքոսթեների օդանավերը «գիշերում» են միայն իրենց օդանավակայան-հանգույցներում:

Տոմս գնելիս ուշադրությու՛ն դարձրեք մեկնելու եւ ժամանելու ժամանակին

Օդանավակայանի հարկը կախված է օդանավի ժամանելու ժամանակից։ Այստեղ նույնպես սեզոնայնություն կա։ Գիշերն ավելի էժան է, քան ցերեկը։ Տուրիստական սեզոնի թեժ պահին այն ավելի թանկ է։ Լոուքոսթերների գրաֆիկը կազմված է այդ գների տատանումների հաշվարկով։ Այդ պատճառով տոմս գնելիս հատուկ ուշադրություն դարձրեք մեկնելու եւ ժամանելու ժամանակին։

Օդանավերի պարկ

Նոր մեքենաների համար միշտ 3 կամ 5 տարվա երաշխիք են տալիս։ Պարզապես որովհետեւ նորմալ մեքենան հազվադեպ է շահագործման առաջին տարիներին վերանորոգման կարիք ունենում։ Նույնն էլ օդանավերի դեպքում։

Վերանորոգման ծախսերից խուսափելու եւ տեխնիկների մեծ անձնակազմ պահելուց խուսափելու համար բյուջետային ավիաընկերությունները ջանում են թռիչքներ իրականացնել միայն նոր օդանավերով եւ միայն նույն մոդելի։ Այն բանից հետո, երբ օդանավերը 5-6 տարի ծառայում են, դրանք վաճառում են այլ ավիաընկերությունների։ Ի դեպ, դա մտորելու առիթ է տալիս, թե որ ավիաուղիներով է ավելի անվտանգ թռնելը՝ բյուջետային թե դասական։

Տնտեսելու եւս մեկ ակնհայտ միջոց է օդանավում հնարավորինս շատ ուղեւորներ խցկելը։ Այդ պատճառով լոուքոստերները հաճախ այնպիսի օդանավեր են պատվիրում, որոնցում ավելի շատ նստատեղեր կան, քան դասական ավիաընկերությունների օդանավերում։ Նեղ արանքներով նստատեղ ունեցող օդանավերում ոտքերի ավելի լայն տարածքով նստատեղերի տոմսերն ավելի թանկ են վաճառում, ինչը վաստակելու եւս մեկ միջոց է։

Տոմսերի վաճառքի ժամկետն ու վերադարձի կանոնները

Դատարկ օդանավն այս ու այն ուղղությամբ քշելը շահութաբեր չէ։ Ցանկացած ավիաընկերություն հետաքրքրված է, որ իր օդանավերը 100 տոկոսով լեփ–լեցուն լինեն։ Բայց իրականում IATA–ի տվյալներով՝ աշխարհում օդանավերի միջին բեռնվածությունը մոտ 70 տոկոս է, եւ յուրաքանչյուր ավիաընկերություն այդ մասին գիտի։ Այս մասին բարձրաձայն չեն ասում, բայց ավիատոմսերի գներն այնպես են սահմանվում, որ անգամ ուղեւորների 70 տոկոսը ապահովի թռիչքի եկամտաբերություն։ Այլ խոսքով՝ տոմս գնելով՝ դուք վճարում եք ոչ միայն ձեզ համար, այլ նաեւ օդանավի դատարկ աթոռների։

Մեդալի մյուս կողմն այն է, որ ավիաընկերությունը գիտի, որ իր չվերթը գրեթե հաստատ կփակի ծախսերը, բայց օդանավում 20-30 տոկոս դատարկ տեղեր կմնան։ Իսկ ինչու՞ զեղչով չվաճառել այդ տեղերը եւ դրանով էլ գումար վաստակել։ Այդպես էլ առաջանում են զեղչերն ու ակցիաները թե՛ լոուքոսթերների, թե՛ դասական ավիաընկերությունների համար։

Տոմսերի վաղ վաճառքը տնտեսելու եւս մեկ միջոց է։ Դուք այսօր էժան տոմս եք գնում, բայց թռչում եք կես տարուց։ Դուք գոհ եք, քանի որ տնտեսել եք։ Իսկ ընկերությունը գոհ է, որ կես տարի անվճար կտնօրինի ձեր փողը։ Ստացվում է ինչ–որ անտոկոս վարկի նման բան։ Ընդ որում, վարկ, որը պետք չէ վերադարձնել։ Որովհետեւ լոուքոսթերների մեծ մասը թույլ չի տալիս տոմսը հետ տալ։ Անգամ թռիչքի ամսաթիվն ու ուղեւորի ազգանունը փոխելը կարող է տոմսի նախնական գնից թանկ արժենալ։

Տոմս գնելու եւ չվերթի գրանցման եղանակը

Այստեղ գործում է տնտեսման նույն սկզբունքը, ինչ համացանցային խանութներում: Կայուն գրասենյակներ եւ աշխատակիցներ պահելը թանկ է: Այդ պատճառով լոուքոսթերները իրենց տոմսերը վաճառում են սեփական կայքերում: Միեւնույն ժամանակ, դասական ավիաընկերությունները տոմսերը հաճախ վաճառում են գործակալական ցանցի միջոցով, եւ յուրաքանչյուր գործակալ, իհարկե, իր հավելագինն է ավելացնում:

Օդանավակայանում գրանցող աշխատակիցներին աշխատավարձ վճարելը եւս թանկ է: Այդ պատճառով լոուքոսթերի չվերթին կարելի է անվճար գրանցվել օնլայն, իսկ օդանավակայանում՝ արդեն փողով: Առավելագույնս տնտեսելու համար տոմսեր գնեք լոուքոսթերներից ու չվերթին գրանցվեք համացանցում:

Սրահում սնվելը

Ոչ մի լոուքոսթեր թռիչքի ժամանակ ուղեւորներին անվճար չի կերակրում: Սա՝ «մենք միայն թռչելու հնարավորություն ենք տալիս, մնացած ամեն ինչի համար ինքներդ եք վճարում» նույն սկզբունքի եւս մեկ դրսեւորում է:

Իրականում կարճ թռիչքների ժամանակ օդանավում տրվող սնունդը ուղեւորին զբաղեցնելու միջոց է կամ, ծայրահեղ դեպքում, նրան թռիչքից շեղելու:

Տեղերի ընտրություն

Բյուջետային ավիաընկերությունները հաջողում են վաստակել նույնիսկ այնպիսի մանրուքների միջոցով, ինչպիսին օդանավի սրահում տեղն է: Դասական ավիաընկերությունները կայքում գրանցվելիս մշտապես տեղն ընտրելու հնարավորություն են տալիս, կամ գրանցման կանգնակի մոտ աղջկան խնդրում ես քեզ պատուհանի մոտ նստեցնել: Լոուքոսթերներն այդպիսի հնարավորություն չեն տալիս:

Չվերթի օնլայն գրանցման նախնական համակարգը ձեզ ավելի շուտ տեղ կտա միջանցքում: Ցանկանում եք պատուհանի մոտ նստել՝ լրացուցիչ վճարեք: Եթե գնում եք մեկ տոմսից ավելի, համակարգը կարող է ձեզ եւ ձեր ուղեկիցներին նստեցնել սրահի տարբեր հատվածներում: Ցանկանում եք միասին նստել՝ լրացուցիչ վճարեք: Ոտքերի համար ավելի շատ տեղ է պետք՝ ավելի շատ վճարեք եւ կնստեք վթարային մուտքի մոտ կամ առաջին շարքում: Ի դեպ, սա արդեն ոչ միայն դիսքաունթերներին է հատուկ, ոտքերի ընդարձակ տարածքի համար վաղուց սակարկում են նաեւ դասական ավիաընկերությունները: Բայց լոուքոսթերների մոտ ոտքերի տեղի խնդիրն ավելի սուր է, քանի որ նրանց օդանավերում բազկաթոռներն ավելի խիտ են տեղադրված:

Ուղեբեռ

Լոուքոստերների ամենանկատելի տարբերությունը սովորական ավիաընկերություններից նրանց քաղաքականությունն է ուղեբեռի փոխադրումների հարցում։ Եթե դասական ընկերությունների մոտ տոմսի գինը միշտ ներառում է մեկ տեղ ձեռքի ուղեբեռի ու մեկ տեղ էլ գրանցված ուղեբեռի համար, ապա լոուքոստերի մոտ կարող եք միայն ձեռքի ուղեբեռի հույս ունենալ։ Ընդ որում ճամպրուկի փոխադրման համար կանխավճարը կարող է կրկնակի շատ լինել բուն տոմսի գնից։

Հավաքելով իրերը ձեռքի ուղեբեռի համար՝ հիշեք օդանավում հեղուկի փոխադրմանը վերաբերող արգելքների մասին։ Դրա ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 1 լ-ը, իսկ յուրաքանչյուր փաթեթի ծավալը՝ 100 մլ-ն։ Ընդ որում բոլոր հեղուկները պետք է փաթեթավորված լինեն առանձին թափանցիկ փաթեթով։

Եթե դուք հստակ հասկանում եք, որ միայն ձեռքի ուղեբեռով չեք կարողանա սահմանափակվել՝ ուրեմն ուղեբեռի համար նախապես վճարեք ավիաընկերության կայքում։ Այդպես դուք ծախսերից չեք խուսափի, բայց դրանք կրկնակի կամ ավելի շատ կկրճատեք։

Լոուքոսթերի չվերթի համար ավիատոմսը իսկապես էժան կլինի, եթե դուք ամբողջ ուղեբեռը փաթեթավորեք ձեռքի ուղեբեռի մեջ, սնունդ չպատվիրեք ու օդանավում տեղ չընտրեք, իսկ տոմսի գնումն ու չվերթի համար գրանցումն էլ օնլայն կատարեք։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6197 | 0 | 0
Facebook