Ցուրտ եղանակը մեզ առավել խոցելի է դարձնում, այդ պատճառով աշնանն ու ձմռանը մենք ավելի հաճախ ենք հիվանդանում, քան տարվա մյուս եղանակներին: Ոչ բոլորն են հիվանդանալիս հետեւում բժշկի խորհուրդներին. ոմանք փորձում են բուժվել ժողովրդական մեթոդներով: Բայց խնդիրն այն է, որ այդ միջոցներից որոշները ոչ միայն արդյունավետ չեն, այլ կարող են վտանգավոր լինել:
1. Սպիրտով շփում՝ ջերմությունն իջեցնելու համար
Մարմինը սպիտով շփելը կօգնի միայն այն դեպքում, երբ ջերմությունը նոր է սկսել բարձրանալ: Բայց եթե ջերմությունն արդեն հասել է վտանգավոր նիշի, ոչ մի սպիրտ էլ չի օգնի, հարկավոր է ջերմությունն իջեցնող հաբեր ընդունել: Պետք է հիշել, որ բարձր ջերմության դեպքում (39-40 աստիճան եւ ավելին) սպիրտի վրա հույսը դնելն այնքան էլ անվտանգ չէ. ջերմությունը դրանից չի իջնում, իսկ հիվանդի մոտ կարող են ցնցումներ կամ այլ բարդություններ առաջանալ:
Իսկ երեխաներին սպիրտով շփելն ընդհանրապես հակացուցված է, քանի որ այն մաշկի միջով անցնում է արյան մեջ եւ կարող է ալկոհոլային թունավորում առաջացնել:
2. Սերուցքային կարագով կաթ
Հաճախ կարելի է կարագով կաթ խմելու մասին խորհուրդ լսել, եթե կոկորդը ցավում է: Պարզվում է՝ ամեն ինչ կախված է կոկորդի ցավի պատճառից: Բժիշկների խոսքով՝ տաք կաթը կարող է հիվանդի ինքնազգացողությունը լավացնել ֆարինգիտի պարագայում, երբ կոկորդը մշտապես խոնավեցման կարիք ունի: Բայց այդ դեպքում, ըստ էության, կարելի է ցանկացած ըմպելիք խմել, օրինակ՝ թեյ: Իսկ կաթին կարագ ավելացնելը, բժիշկների հավաստմամբ, միանգամայն անիմաստ է:
3. Թունդ ալկոհոլ
Մեկ այլ հայտնի ժողովրդական միջոց է վիրուսները թունդ ալկոհոլով «քշելը»: Իրականում ալկոհոլը որեւէ բուժիչ արդյունք չի տալիս, հակառակը, ալկոհոլային խմիչքի օգտագործումից հետո առանց այն էլ թուլացած օրգանիզմը ջրազրկվում է, ինչը հանգեցնում է վիրուսներին դիմակայելու ունակության նվազմանը:
4. С վիտամին
Շատերը սիրում են մրսածության ժամանակ հաբերի տեսքով C վիտամին ընդունել կամ ցիտրուսներ ուտել, սակայն որեւէ գիտական ապացույց չկա, որ այդ վիտամինը որեւէ կերպ ազդում է մրսածության ընթացքի վրա: Բացի այդ՝ ոմանք կարող են ալերգիա ունենալ ցիտրուսից կամ այդ վիտամինով հաբերից, այդ պատճառով դրանց օգտագործումը ոչ միայն օգուտ չի տա, այլեւ կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել:
5. Լողանալուց հրաժարվելը
Ոմանք կարծում են, որ մրսածության ժամանակ չի կարելի լողանալ: Բայց եթե բնակարանում ուժեղ միջանցիկ քամի չկա եւ լողանալու հետեւանքով ինքնազգացողությունը չի վատանում, հարկավոր է լոգանք ընդունել, քանի որ մրսածության ժամանակ օրգանիզմից ավելորդ հեղուկ եւ տոքսիններ են դուրս գալիս ինչպես մեզի հետ, այնպես էլ մաշկի ծակոտիների միջոցով: