Սա միայն որպես դժբախտ դեպք չպիտի արձանագրել: Այն մեր ապրելակերպն է. երբ աշխատում ու չես վճարվում: Ինչքա՜ն բողոքներ ենք լսում՝ աշխատել ու աշխատավարձս չեն տալիս: ...Ու ահա վտանգավոր ահազանգ՝ երբ աշխատավարձդ ուզես, կարող ես արժանանալ նման բախտի: 22-ամյա Լեւոն Սահակյանը մահացել է: Ապագա բժիշկ Լևոնի մահը այլ վտանգ է պարունակում իր մեջ… Դա նաև զգուշացում է աշխատող ու չվճարվող մարդկանց՝ տեսե՜ ք հա… Ժամանակն է, որ ոչ միայն Վահանին, այլ աշխատավարձ չվճարող բոլոր շեֆ կոչեցյալներին մի այլ զսպողական օղակով հասկացնել, որ դա մարդու աշխատուժի շահագործում է: Ու խիստ հասկացնել: Դատական քաշքշուկների փոխարեն մի այլ միջանկյալ օղակով այդ խնդիրը կարգավորել, որովհետև դատական քաշքշուկները մի այլ կարգի մահ են… Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սևան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց: