Դառը շոկոլադի կանոնավոր օգտագործումը կարող է բարելավել սիրտ-անոթային համակարգի վիճակը: Հետազոտության արդյունքում նման եզրահանգում են արել ամերիկյան Բրաունի համալսարանի գիտնականները:
Մասնագետները վերլուծել ենս 1139 կամավորի մասնակցությամբ անցկացված 19 հետազոտության արդյունքները: Գիտնականներին հետաքրքրել է հարցը, արդյո՞ք ֆլավոնոլներով հարուստ դառը շոկոլադն իսկապես նպաստում է սրտի եւ անոթների վիճակի բարելավմանը:
Մասնակիցներին երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի անդամները դառը շոկոլադ են օգտագործել, իսկ երկրորդ խմբի կամավորներն ընդհանրապես շոկոլադ չեն կերել: Այնուհետեւ մասնագետները համեմատել են, թե երկու խմբի անդամների մոտ որքանով է բարելավվել կարդիոմետաբոլիկ առողջության հատուկ բիոմարկերների մակարդակը:
Տվյալների մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ կակաոյի ֆլավոնոլներն իսկապես ազդում են սիրտ-անոթային համակարգի վիճակի վրա եւ պաշտպանում դիաբետի եւ սրտի հիվանդություններից առաջացման վտանգից:
Մասնագետների խոսքով՝ կակաոյի ֆլավոնոլների պարունակության շնորհիվ դառը շոկոլադը կարող է մի շարք առավելություններ ունենալ. այն կարող է նվազեցնել դիսլիպիդեմիան (տրիգլիցերիդների բարձր մակարդակը), նվազեցնել համակարգային բորբոքումների մակարդակը: Այս ամենն ազդում է կարդիոմետաբոլիկ հիվանդությունների զարգացման վրա: Իսկ դա նշանակում է, որ շոկոլադի այս տեսակի օգտագործումը նվազեցնում է նման հիվանդությունների առաջացման վտանգը:
Հետազոտողների հավաստմամբ՝ լավագույն արդյունքը նկատվել է օրական 200-ից մինչեւ 600 միլիգրամ ֆլավոնոլների օգտագործման պարագայում: Այդ քանակությամբ ֆլավոնոլներ օգտագործած կամավորների մոտ արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակի զգալի նվազում է նկատվել: