Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ Բանաստեղծություններ

20:17, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ Բանաստեղծություններ

Միայնակ բոլորի հետ

մարմինը ծածկում է ոսկորը
     և այնտեղ
     դնում են ուղեղ
     իսկ երբեմն էլ հոգի
     և կանայք ծաղկամանները
     պատերով են տալիս
     և տղամարդիկ խմում են
     չափից դուրս շատ
     և երբեք ոչ ոք չի գտնում
     այն միակին
     բայց շարունակում են փնտրել
     սողալով
     անկողնուց անկողին
     մարմինը ծածկում է ոսկորը
     և մարմինը փնտրում է
     ավելին
     քան մարմին

ոչ մի
     հնարավորություն չկա
     մենք բոլորս գերի ենք
     տարօրինակ մի
     ճակատագրի

երբեք ոչ ոք չի գտնում
     այն միակին

քաղաքի աղբանոցները լցվում են
     գժանոցները լցվում են
     հիվանդանոցները լցվում են
     գերեզմանոցները լցվում են

էլ ուրիշ ոչ մի բան
     չի լցվում
    
    
    

Անմշակ սիրով

փոքրիկ սև աղջիկ
     բարի աչքերով
     երբ պահը գա դանակն օգտագործելու
     ես չեմ վարանի ու
     չեմ մեղադրի քեզ
     մինչ ես միայնակ մեքենա եմ քշում ծովափով
     մինչ արմավենիները ճոճվում են
     տգեղ ծանր արմավենիները
     մինչ ապրողը չի ժամանում
     մինչ մեռածը չի հեռանում
     ես չեմ մեղադրի քեզ
     փոխարենը
     ես կհիշեմ համբույրները
     մեր շուրթերը անմշակ սիրով
     ու թե ինչպես դու տվեցիր ինձ
     ամենն ինչ ունեիր
     ու թե ինչպես ես առաջարկեցի ամենն
     ինչ մնացել էր ինձանից
     և ես կհիշեմ քո փոքր սենյակը
     շունչը քո
     լույսը քո պատուհանի մեջ
     քո ձայնապնակները
     քո գրքերը
     մեր առավոտյան սուրճը
     մեր կեսգիշերները
     մեր գիշերները
     մեր մարմինները կապված միասին
     քնելիս
     փոքրիկ աննշան ներկաները
     հանկարծակի և ընդմիշտ
     քո ոտքը իմ ոտքը
     քո ձեռքը իմ ձեռքը
     քո ժպիտը և ջերմությունը
     քո
     որ ստիպեցիր ինձ ծիծաղել
     կրկին
     փոքրիկ սև աղջիկ
     բարի աչքերով
     դու չունես դանակ
     դանակը իմն է
     և ես այն չեմ օգտագործի
     դեռ
    
    
    
    

3: 16 ու կես

այսպես ես պետք է որ մեծ բանաստեղծ լինեմ
     ու քունս տանում է ցերեկով
     այսպես ես որ տեղյակ եմ ինչ է մահը. մի հսկայական փամփուշտ
     որն ուղղված է իմ դեմ
     ու քունս տանում է ցերեկով
     այսպես ես տեղյակ եմ պատերազմներից և տղամարդկանցից
     որ կռվում են ռինգում
     ու քունս տանում է ցերեկով
     ես տեղյակ եմ ինչ է լավ ուտելիքը, լավ գինին, լավ կանայք
     ու քունս տանում է ցերեկով
     ես գիտեմ ինչ է կնոջ սերը
     ու քունս տանում է ցերեկով
     փաթաթվում եմ արևի շողերին դեղին վարագույրի ետևում
     մտածում եմ` հետաքրքիր է ուր են գնացել ամառվա ճանճերը
     հիշում եմ ամենաարյունոտ մահը Հեմինգուեյի
     ու քունս տանում է ցերեկով

մի օր քունս չի տանի
     մի օր ես կգրեմ բանաստեղծություն որից կժայթքեն հրաբուխները
     տեղի լեռների
     բայց հենց հիմա քունս տանում է օրը ցերեկով
     և ինչ-որ մեկը հարցնում է ինձ «Բուկովսկի,
     ժամը քանի ՞սն էե
     և ես ասում եմ 3: 16 ու կես
     ես ինձ մեղավոր եմ զգում, զգում եմ ինձ զզվելի
     անպետք
     ցնդած
     զգում եմ, որ ցերեկով քունս տանում է
     նրանք ռմբակոծում են եկեղեցիները, ամեն ինչ կարգին է, կարգին է
     երեխաները պոնի են քշում զբոսայգում, ամեն ինչ կարգին է, կարգին է
     գրադարանները լցված են հազարավոր գրքերով
     հրաշալի երաժշտություն կա կողքիս ռադիոյի ներսում
     ու քունս տանում է ցերեկով
     մեջս գերեզման կա որ ասում է
     էհ, թող դա ուրիշներն անեն,
     թող նրանք հաղթեն,
     իսկ ես քնեմ
     իմաստությունը մթության մեջ է,
     ավելի պես սրբելով մութը
     ես գնում եմ այնտեղ ուր ամառվա ճանճերն են գնացել
     փորձեք բռնել ինձ
    
    
    
    

Արմավենու տերևները

ուղիղ ժամը տասներկուսին
     1973-74-ի
     կեսգիշերին
     Լոս Անջելեսում
     սկսեց անձրև գալ
     արմավենու տերևների վրա
     իմ պատուհանից այնկողմ
     ազդանշանները և լույսերը
     սլանում էին քաղաքով
     և աղմկում

ես գնացի քնելու իննին
     առավոտյան
     անջատելով լույսերը
     լցնելով ծածկոցը
     նրանց զվարճությամբ
     նրանց երջանկությամբ
     նրանց ճիչերով
     նրանց թղթե գլխարկներով
     նրանց մեքենաներով
     նրանց կանանցով
     նրանց սկսնակ հարբեցողներով…

Նոր տարվա նախօրեն
     միշտ սարսափեցրել է ինձ

կյանքը տարիներից բան չի հասկանում

հիմա արդեն ազդանշանները դադարել են
     և լույսերը և որոտը…
     ամենն ավարտվեց
     հինգ րոպեում…
     միայն անձրևն եմ լսում
     արմավենու տերևների վրա

մտածում եմ`
     երբեք չեմ հասկանա մարդկանց
     բայց էդ արդեն ապրել եմ


    

Վանդակավոր զգեստներ հագած անմեղ ու հեզ աղջիկներ

էս կյանքում ում տեսա ******ներ էին
     մարմնավաճառներ նախկին, խելառ կանայք
     ես տեսնում են տղամարդկանց
     հեզ ու նուրբ կանանց հետ
     ես տեսնում եմ նրանց սուպերմարկետներում
     միասին փողոցով իջնելիս
     ես տեսնում եմ նրանց իրենց բնակարաններում,
     մարդիկ, որ խաղաղ ապրում են միասին
     ես գիտեմ
     նրանց ունեցած խաղաղությունը կիսատ մի բան ա
     բայց հո կա
     և պատահում են ժամեր ու օրեր խաղաղության

էս կյանքում ում տեսա թմրամոլ էին, հարբեցող
     ******ներ, մարմնավաճառներ նախկին, խելառ կանայք

երբ մեկը գնում է
     գալիս է մյուսը`
     նախորդից ավելի վատը

էնքան շատ տղամարդկանց եմ տեսնում
     հեզ ու անմեղ աղջիկների հետ
     վանդակավոր լայնեզր զգեստներ հագած
     աղջիկներ, որոնք չեն հարձակվում գիշատչի հայացքով

«էլ ստեղ քածերի չբերեքե
     ասում եմ մի-երկու ընկերներիս
     «կսիրահարվեմ նրանե

«դու լավ կնոջ տանել չէիր կարողանում, Բուկովսկիե

ես լավ կնոջ կարիք ունեմ
     ես լավ կնոջ կարիք ունեմ
     այս գրամեքենայից ավելի
     իմ մեքենայից ավելի
     Մոցարտից ավելի
     ես լավ կնոջ կարիք ունեմ այնքան շատ
     որ կարող եմ զգալ նրա համը օդի մեջ
     կարող եմ զգալ նրան մատներիս ծայրերին
     կարող եմ տեսնել մայթերը
     ուր նրա ոտքերը կսահեն
     բարձը նրա գլխի տակ
     կարող եմ զգալ իմ ծիծաղը սպասման մեջ
     կարող եմ տեսնել նրան կատվին շոյելիս
     կարող եմ տեսնել նրան քնելիս
     հողաթափերը տան հատակին

ես գիտեմ ինքը կա
     բայց ո ՞րտեղ էս երկրագնդի վրա
     ուր բոլոր քածերը պոկ չեն գալիս ինձնից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12804 | 0 | 0
Facebook