Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վստահության բանաձևը

11:03, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
Վստահության բանաձևը

Առավոտվա լույսի մեջ որպես ծաղկուն օրհներգություն՝ վերստին ղողանջեց Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի զանգը՝ դպրոց առաջին անգամ ոտք դնող երեխաների համար դառնալով երազի իրականացման հմայիչ վայրկյանների սկիզբ, ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների համար՝ ևս մեկ տարվա ստեղծարար խոյանքի ազդանշան:

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Ասրյանի ղեկավարած IX դասարանը սիրով և հանգամանորեն էր նախապատրաստվել սեպտեմբերի 1-ի միջոցառմանը՝ սպասված օրը տոն դարձնելով բոլորի համար:

Դպրոց ոտք դնողներին ուղեկցող կիթառի հնչյուններն իսկ օրը դարձրին ոչ սովորական, գունավորեցին խորհրդավորությամբ՝ միախառնվելով ծնողների ժպիտներին ու շնորհակալական խոսքերին:

IX դասարանցիները հնչեցրին վերհուշի խոսքեր, որոնք նոր իմաստ դրին իրենց առաջին երթի մեջ, և երեկվա ընթացքի մեջ աշակերտները գտան այսօրն ու վաղը: Տարիների երթում պատկերվեցին նրանց շփոթված ժպիտները, սպասումը, անկեղծ ծիծաղը, տքնանքը, ձգտումը՝ հյուսելով այս դպրոցում դեռևս չվերջակետված մի պատմություն, որը մեկ տարի հետո ընթերցելու են նաև ուրիշները:

Կարեն սարկավագի օրհնության խոսքը և պետական այրերի շնորհավորանքները մշտապես դպրոցի կողքին լինելու, դպրոցին սատար կանգնելու երաշխիք էին նաև:

Դպրոցը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ձևով իրենց ներդրումն ունեն դպրոցի զանազան աշխատանքներում:

Սեպտեմբերի 1-ին դպրոցի շրջանավարտ Սիլվա Աղասյանին շնորհվեց «Դպրոցի պատվավոր բարեկամ» կոչումը: Արդեն 3-րդ տարին է, ինչ տիկին Սիլվան տոնական այդ օրը նվերներով է մտնում դպրոց և որր ուրախություն է պարգևում առաջին անգամ դպրոց եկած երեխաներին: Նրա տղան՝ Վահե Տերտերյանը, ով Տավուշի մարզի Ռազմական ոստիկանության լեյտենանտ է, ավագ հետաքննիչ, 3-րդ տարին է, ինչ սեպտեմբերի իր աշխատավարձն է նվիրում փոքրիկներին՝ տրամադրելով նվերներ:

Դպրոցի տնօրեն Վարուժան Հայրապետյանը շնորհավորանքի իր խոսքում մատնանշեց այն մտավախությունը, որն ուներ ինքը մի քանի տարի առաջ՝ 2011թ.-ին, երբ նոր էր ստանձնել դպրոցի տնօրենի պաշտոնը: Այդ տարի դպրոցի հսկայական բակում կանգնած էին ընդամենը 7 առաջին դասարանցի: Տասնամյակներ շարունակ հանրապետությունում լավագույններից մեկը համարված դպրոցը կորցնում էր իր դիմագիծը, կորցնում էր վստահությունը:

Մինչդեռ այսօր հպարտությամբ պետք է նշել, որ հատիկը հասկ է դարձել, և ուսուցչական կոլեկտիվի և տնօրենության նվիրումը, աշխատասիրությունը, անկոտրում կամքը, սերն ընտրած գործի հանդեպ դարձել են վստահության այն բանաձևը, որը 52 առաջին դասարանցու և 63 նախակրթարանի սանի ուղղորդել է թիվ 7 հիմնական դպրոց:

Այդ բանաձևի առջև անզոր են ամեն տեսակի դժվարություններ ու խոչընդոտներ, և 115 նոր սանի մուտքը դպրոց դրա անխաբ, անբեկելի ապացույցն է, դպրոցի վարած ուսումնադաստիարակչական աշխատանքի հստակ գնահատականը:

Թող յուրաքանչյուր սեպտեմբերի 1 դպրոցին պարգևատրի անփոխարինելի այս բերկրանքը:


    
    
    

ՓՈԽՏՆՕՐԵՆ՝ Հ. ՈՐՍԿԱՆՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3950 | 0 | 0
Facebook