Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոսկովյան փառատոնին փոքրիկ դուդուկահարը մեկնում է մարտական տրամադրությամբ

Lusin
Հեղինակ`
Lusin
22:50, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2016 թ.
Մոսկովյան փառատոնին փոքրիկ դուդուկահարը մեկնում է մարտական տրամադրությամբ

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի կունենա դուդուկի մոսկովյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը: Ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերում բնակվող դուդուկահարները հավաքվում են Մոսկվայում, որպեսզի հանդիսատեսին ներկայացնեն հայկական երաժշտական գործիքը` դուդուկը, եւ դրանով հեքիաթային երաժշտություն պարգեւեն երաժշտասերներին: Փառատոնի գլխավոր նպատակներից է տարբեր մշակույթների միջեւ բարեկամական կապերի հաստատումը, երաժիշտների միջեւ փոխհամագործակցությունը` հայկական մշակույթի տարածումն ու պահպանումը, ինչպես նաեւ հայկական երաժշտական գործիքի` դուդուկի քարոզչությունը: Փառատոնն իր առջեւ խնդիր է դրել հայտնաբերել նոր դուդուկահարների եւ նրանց տրամադրել հարթակ:

Այսօր փառատոնն աշխատում է լավագույն դուդուկահարների հետ եւ տարեցտարի ընդլայնում համագործակցության շրջանակները:

Դուդուկի մոսկովյան 3-րդ փառատոնին տարբեր երկրներից կմասնակցեն 16 կատարող եւ համույթ, այդ թվում նաեւ 7-ամյա հայ դուդուկահար ԹԱԹՈՒԼՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Փոքրիկ դուդուկահարն արդեն երկորդ տարին է մասնակցում տվյալ փառատոնին: Նրա մասնակցության մանրամասների եւ նախատեսված ելույթների մասին «Իրավունքը» զրուցեց Թաթուլի դուդուկի ուսուցիչ` ԺԻՐԱՅՐՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Ի ԴԵՊ

Դուդուկի մոսկովյան փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2014 թվականին, որին մասնակցել են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ սկսնակ դուդուկահարներ, որոնց համար փառատոնը խթան է հանդիսացել` կայանալու այդ ասպարեզում:

Փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ, այս տարի դուդուկահարների կատարումները կհնչեն «Բոյան» ռուսական պետական համույթի ուղեկցությամբ` դիրիժոր` ՌԴ վաստակավոր արտիստ Նիկոլայ Ստեփանովի գլխավորությամբ: Փառատոնի կազմակերպիչներն են Մարինա Սելիվանովան, Սուրեն Բաղդասարյանը եւ «Դուդուկահարներ» խմբի հիմնադիր Հովհաննես Ղազարյանը:

ԹԱԹՈՒԼԻ ՏԱՂԱՆԴՆ ԱՌԱՋԻՆԸ ՆԿԱՏԵԼ Է ՀՀՆԱԽԱԳԱՀԸ

Հիշեցնենք, որ փոքրիկը հայ հանդիսատեսին հայտնի է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառումից, որի ժամանակ ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդում եւ ապշեցրեց, ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին: Թաթուլի տաղանդն առաջինը նկատել էին ՀՀ նախագահը եւ առաջին տիկինը` դեռեւս Բյուրականի երաժշտական ակադեմիայի բացման ժամանակ, որտեղ ելույթ էր ունեցել նաեւ Թաթուլը: Դրանից հետո ՀՀ նախագահը ցանկություն էր հայտնել, որ Թաթուլը եւս ելույթ ունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:

«ԹԱԹՈՒԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻՎ Է»

«Թաթուլը փառատոնի ընթացքում հանդես է գալու երկու ստեղծագործություններով` Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենին» եւ հայկական պարերի շարանով: Փառատոնին Թաթուլը մեկնում է մարտական տրամադրությամբ, որովհետեւ մեծ պատիվ է միջազգային նման փառատոնին մասնակցելը: Թաթուլի մասնակցությունը պատիվ է ոչ միայն մեր, այլեւ Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի համար, որտեղ սովորում է նա», - ընդգծեց Ժ. Հարությունյանը:

ՓՈՔՐԻԿ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԻ ԱՌՕՐՅԱՆ ՇԱՏԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ Է

Փոքրիկի վարպետը շեշտեց, որ 7-ամյա դուդուկահարին սկսել են ճանաչել Ծիծեռնակաբերդում ունեցած ելույթից ժամանակ, որից հետո ստացել է բազմաթիվ հրավերներ` մրցույթներին եւ փառատոներին մասնակցելու համար. «Կան շատ պատանի դուդուկահարներ, որոնք նույնպես լավ են նվագում, սակայն նրանց այնպես չեն ճանաչում, ինչպես Թաթուլին: Նրա առօրյան շատ ծանրաբեռնված է, մեկ օրից մեկնարկում է նոր ուսումնական տարին, սակայն դա չի խանգարում նրա պարապմունքներին: Միայն հանրակրթական դպրոցը չէ, Թաթուլը հաճախում է արվեստի դպրոց, այնուհետեւ` լրացուցիչ պարապմունքների: Հասցնում է ամեն ինչ, ուզում եմ, որ նա դպրոցում էլ լավ սովորի եւ լավ մարդ դառնա: Լավ երաժիշտ լինելու հետ միասին, լինի նաեւ գրագետ մարդ: Ծնողներն ամեն ինչ անում են, որ երեխան մի քիչ լիցքաթափվի, որպեսզի հետագայում շատ ծանրաբեռված չլինի»:

ԵՐԱԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԼԱՎ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ

Վերջերս Երեւանում կայացավ «Կանչ» ֆիլմի պրեմիերան, որի երաժշտությունը կայացել էր Թաթուլի նվագակցությամբ: Այդ մասին խոսելով` փոքրիկ դուդուկահարի վարպետը նշեց, որ դա եղել է Թաթուլի առաջին քայլերը ֆիլմում եւ հավելեց. «Չնայած, ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին ելույթ ունենալու հրավեր Թաթուլը դեռեւս չի ստացել, բայց դեռ սպասում ենք, հնարավոր է նրան եւս հրավիրեն: Թաթուլի հաջողության գրավականը, նրա աշխատասիրությունն է, նրան արդեն ճանաչում են, ինչն ավելի է պարտավորեցնում: Մանավանդ, որ երազում է դառնալ լավ դուդուկահար»:


    
    
    
    
    
    

Զրույցը ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
    
     http://iravunk.com/news/9479

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7255 | 0 | 0
Facebook