Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Եհովայի վկաների» կեղծ աստվածաշունչը

Նարեկ Ավետյան
00:09, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2016 թ.
«Եհովայի վկաների» կեղծ աստվածաշունչը

Մեր ազգի հոգևոր դաշտն աղանդակալել ու որոմ է բռնել։ Աղանդավորների մասին գրել ենք ու էլի պետք է գրենք, որովհետև դրանց դառնության արմատները դեռ շատ խոր են։ Եվ դրանցից ամենանենգավորներն ու մոլորեցնողները ռասլականներն են, որոնք իրենց կոչում են «Եհովայի վկաներ», բայց իրականում նրանց պետք է կոչել ստության վկաներ, որովհետև նրանք նրբորեն (անտեղյակների համար) նենգափոխում են Աստծո խոսքը, որպեսզի իրենց մոլորության ցանցը գցեն միամիտներին։ Իսկ վերջերս էլ նրանք հրատարակել են իրենց «Աստվածաշունչը»` «Նոր աշխարհ» կոչվող թարգմանությամբ, կամայական փոփոխություններ կատարելով, որն արտաքինով նման է մեր տեսածներին, իսկ բովանդակությամբ` թունավոր։

Նախ զգուշացնենք անտեղյակ հայորդիներին, որ նրանց «Աստվածաշունչն» արտաքնապես շատ նման է մեր «Աստվածաշնչին», ու երբ ձեզ մոտենան ու փորձեն կարդալ այդ գրքից, որպես թե Աստծո խոսք, մի՛ հավատացեք, այլ բացել տվեք այդ գիրքն ու կարդացեք հրատարակչի անունը, եթե «Նոր աշխարհ» է գրված, ապա իմացեք, որ ամերիկա¬բրուկլինյան կենտրոնում է տպագրված ու համակ ստության վրա է հիմնված։
     Այժմ համեմատության համար կարդանք մի քանի նախադասություն, որոնք նենգափոխել են եհովականները։
     Հայոց մեր նախնիների «Աստվածաշնչում» Հովհաննեսի Ավետարանի առաջին նախադասությունը գրված է այսպես. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծու մոտ էր»: Իսկ եհովականների գրքում գրված է այսպես. «Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր: Նա սկզբում Աստծու հետ էր»:
     Ի՞նչ է, մեր հայրերը չե՞ն հասկացել Խոսքի և Բանի միջև եղած տարբերությունը։ Իրականում մենք թարգմանել ենք հունարեն «լոգոս» բառը ոչ որպես լոկ խոսք, որը կարող է հնչյունային ու մտային արտահայտությունից այն կողմ չգնալ, այլ Բան, որը նշանակում է նաև խոհականություն, իմաստություն (բանական մարդ, հակառակը՝ անբան անասուն), ապա մտքի ստեղծագործություն և այլն։
     Հաջորդ նրբին նենգափոխությունը. նրանց գրքում գրված է. «Իսկ նրանց, ովքեր ընդունեցին, իրավունք տվեց Աստծո զավակներ լինելու, քանի որ հավատում էին նրա անվանը, և նրանք ծնվեցին ոչ թե մարդկային ծնողներից կամ նրանց կամքով, այլ Աստծուց» ։
     Իրական, ճշմարիտ թարգմանությունը այս է. «Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք Իր անվանը կհավատան: Նրանք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհաննես 1.12):
     Եթե ուշադիր կարդաց ընթերցողը, ապա «իշխանություն» բառի փոխարեն եհովականները օգտագործել են «իրավունք» բառը, որը նսեմացնում է քրիստոնյաների իրական վիճակը, որովհետև իշխանություն ունեցողները թագավորի զավակներն են լինում, իսկ իրավունք ունեցողները` ծառաները, որոնց ժամանակավորապես որևէ պաշտոն վարելու իրավունք է տրվում։ Հաջորդ նախադասության մեջ նույնպես նրբին ձևով այլափոխվել է Ավետարանի հետևյալ միտքը։ Ի՞նչ է, Հովհաննես առաքյալը չէ՞ր կարող նույնպես գրել մարդկային ծնողներից ծնվեցին, ու վերջ։ Բայց ավետարանիչը հատուկ ընդգծում է այդ երեք պայմանները, որոնցից կարող է մարդ ծնվել. արյուն, մարմնի կամք և մարդու կամք։ Ինչո՞ւ, որովհետև գիտենք, որ երեխաները շատ հաճախ ծնվում են` ա) երբ ծնողներից երկուսն էլ կամենում են երեխա ունենալ, բ) երբ միայն նրանցից մեկն է կամենում (կա՛մ հայրը, կա՛մ մայրը), գ) երբ երկուսն էլ չեն ուզում, բայց լոկ իրենց մարմնական ցանկությունը բավարարելու համար են մերձենում, և արդյունքում շատ հաճախ ծնվում են անցանկալի երեխաներ։ Ահա այդ երեք պայմաններն էլ գրվել են Հովհաննեսի Ավետարանում, որպեսզի ընթերցողն իմանա, որ, բացի դրանցից, կան նաև Հիսուսի անվանը հավատացող, Աստծուց ծնվածներ, Սուրբ Հոգու զորությամբ, որոնք այդ պատճառով իշխանություն են ստանում կոչվելու Աստծո որդիներ։
     Ծանոթանանք մեկ այլ նենգափոխության հետ. ճշմարտության Ավետարանում գրված է.
     «Մենք բոլորս նրա լրիվությունից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարեն. որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան» (Հովհաննես 1.16):
     Եհովականները թարգմանել են այսպես. «Նա լի է անզուգական բարությամբ ու ճշմարտությամբ»: Այսինքն, շնորհ բառի փոխարեն գրում են անզուգական բարություն, որը մարդու զգացմունքային ոլորտին է վերաբերում, դրանով իսկ նսեմացնելով Հիսուսի Աստվածությունը, քանի որ «շնորհ» բառը, ըստ Մալխասյանցի բառարանի, նշանակում է «տուրք, պարգև, որ տրվում է մեկին ձրի, առանց որ ստացողն իրավունք կամ արժանիք ունենա» ։ Այսինքն, այդ ձրի պարգևը՝ լինելու Աստծո որդիներ, կարող է շնորհել միայն Աստված, և ուրիշ ոչ ոք։ Այդ պատճառով էլ Հիսուսին երկրպագելու փոխարեն գրում են՝ «Հիսուսին խոնարհվեցին», քանի որ իրենք լավ գիտեն, որ մարդը մարդու առջև կարող է խոնարհվել, բայց երկրպագել միայն Աստծուն։
     Նաև ավելացնենք, որ եհովականները, Սուրբ Հոգի Աստծուն նսեմացնել կամենալով, Նրան անվանում են Աստծու գործոն ուժ. «Աստծու գործոն ուժը շրջում էր ջրերի վրա» (Ծննդոց Ա.2) ։ ՈՒ չընդունելով Սուրբ Հոգուն որպես Աստված, նրանք չեն կարող նաև Հիսուսին Տեր ու Աստված կոչել. քանի որ գրված է. «Ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր կոչել. թե ոչ Սուրբ Հոգով» ։ Ահա՛ գաղտնիքը, թե ինչու նրանք Հիսուսին չեն կարողանում Տեր կոչել՝ Աստծո իմաստով, ոչ թե սովորական` մարդկային տեր բառի։ Նաև վախենալով դժոխքից, ուր և կհայտնվեն իրենք, եթե Հիսուսին Տեր ու Փրկիչ չընդունեն, նրանք իրենց թարգմանություններում «դժոխք» բառը փոխարինել են «գերեզման» բառով։ Բայց մենք լավ գիտենք, որ քրիստոնյաների համար գերեզմանը մի ժամանակավոր վայր է` մինչև հարությունը, քանի որ մեր Տեր Հիսուսն է խոստացել. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար» (Հովհաննես 5, 29):
     Իհարկե, նաև մերժելով Հիսուսի Աստվածությունը, այդ ամենով մեկտեղ, նրանք մերժում են, որ կույս Մարիամը Աստվածամայր է, ու նրան, նախկին հերձվածողների նման, մարդածին են կոչում։
     Այդ խեղճ մոլորյալ հոգիներն անարգում են նաև մեր Տիրոջ Խաչը, այն «ցից» անվանելով։ Իսկ մենք լավ գիտենք, որ Խաչից վախենում են սատանան ու դևերը, քանի որ մեր Տերը չարին Խաչով հաղթեց, այնպես որ հասկանալի է, թե ինչու են եհովականները խուսափում խաչից, քանզի նույն մոլորության մեջ են գտնվում։
     Որպեսզի մարդ արարածը չմոլորվի Խաչի խորհրդի վերաբերյալ, Հիսուսի հարությունից հետո, երբ յուղաբեր կանայք եկան Տիրոջ գերեզմանին այցելության, այնտեղ նստած հրեշտակը հարցրեց. «Մի՛ վախեցեք, դուք Հիսուսի՞ն եք փնտրում՝ Խաչված Նազովրեցուն. Նա հարություն առավ, այստեղ չէ» (Մարկոս 16.6) ։
     Իսկ Խաչի խորհուրդը երկրային իմաստով չի վերջանում, այլ նաև երկնային խորհուրդ ունի, քանի որ Տիրոջ Երկրորդ գալուստը, որ նրանք անվանում են «ներկայություն», նշանավորվելու է սուրբ Խաչով, քանզի գրված է. «Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորություններ պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մարկոս 12.24):
     Իսկ ի՞նչն է մարդու Որդու՝ Հիսուսի նշանը. յուրաքանչյուրն էլ կարող է ասել` Խաչը։ Այնպես որ, սիրելի հայորդիներ, որ ձեր սրտում ու հոգում կրում եք մեր նախնիների հավատն ու սերը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ, եղե՛ք զգույշ և աչալուրջ, ու երբ ձեզ կմոտենան եղծված աստվածաշնչերով մարդիկ, դուք նախ ասեք նրանց. «Խաչակնքվե՛ք ու ասեք. «Հիսուս Քրիստոսը Տեր ու Աստված է», որ խոսենք ձեզ հետ», եթե չխաչակնքվեն ու Հիսուսին Տեր ու Աստված չկոչեն, քանի որ նրանք վախենում են Խաչից, ասեք. «Հեռացե՛ք ինձնից, ստության վկաներ, քանի որ Տեր Հիսուսն ինձ Իր սուրբ Խաչով է փրկել» ։
     Եվ թող մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն Իր սուրբ Խաչով և Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ փրկի մեզ գալիք փորձություններից ու հավիտենական դժոխքի կրակներից. ամեն։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7962 | 1 | 0
Facebook