Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

21:09, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ


    
    
     Ես ինձ անգամ թույլ չեմ տա կարծիք հայտնել, թե ՊՊԾ գնդի տարածքում կատարվող իրադարձություններում ով է ճիշտ, ով՝ սխալ: Իրադարձություններն ինչպես էլ ծավալվեին, ազատամարտիկներն իրենց քայլով մահ են ընդունել, և դա իրենց որոշումն է, իրենց ընտրած ճանապարհը: Ճիշտ թե սխալ, բայց փաստ է, որ նրանք իրենց անձը կամուրջ են դարձրել՝ ընդամենը ակնկալելով երկխոսություն հայի ու հայի միջև: Խեղաթյուրված արժեքների մեր ժամանակներում, երբ այնքա՜ն դժվար է սեփական եսից ու վայելքներից հրաժարվելը, այս մարդիկ, որպեսզի ժողովրդավարական երկրում իրենց ձայնը տեղ հասցնեն, ցավալի է, որ սա են միակ ելք տեսել ու այս քայլին են դիմել, բայց եղածը եղած է և, ուզենք - չուզենք, պետք է հաշվի նստենք իրողության հետ: Այս մարդիկ հաց չեն ուզում, պաշտոն չեն ուզում, փող չեն ուզում, մոլագար չեն, թմրամոլ չեն, ընդամենը մտահոգված են ազգի ճակատագրով ու եթե սխալվել են, ու նրանց հետ էլ միանգամից խելքները թռցրել են իրենց տներում հանգիստ նստած հազարավոր ուրիշ մարդիկ, միևնույն է, նրանց ասե՛լ է պետք, որ իրենք սխալվում են և թե ինչու են սխալվում: Մի ելք է պետք ցույց տալ մարդականց կամ ասել, թե ելք կա, իրենց քթի տակ է, իրենք չեն տեսնում: Ճիշտ - սխալ, ասենք, որ տարածքներ ու Արցախ չեն նվիրվել Ադրբեջանին: Ասենք՝ մարդիկ հանգիստ մնան, փողոց դուրս չգան, բացատրենք, որ Սեֆիլյանին ձերբակալելու շատ լուրջ հիմքեր կան, այդ պատճառով էլ նա մեկուսացվել է: Ասեինք, որպեսզի հարցը չհասներ հրաժարական պահանջելու: Հիմա՛ ասենք, որ նոր մարտիմեկ չծնենք: Ճիշտ թե սխալ, մեր օրերի բոլոր առաջնորդներն ի վերջո ժողովրդին թողնում են կրակի բերան: Կեղծ առաջնորդները գալիս գնում են, իսկ ժողովուրդը եղել է, կա ու կմնա… Բայց ցավ կա, անզգայացման աստիճանի մեծ ցավ, որի կայծերը բոցկլտում են և ճար ուզում օջախի կրակ մնալու, չհանգելու համար, սակայն ուժ գործադրողները դրանք ցխելով ու ցրելով՝ տարածում են ու հրդեհի վերածում: Հրդեհ, որը մինչև մարվելը կլանելու է երախն ընկածը: Մենք միատարր ենք, ուրեմն ժողովուրդ չէ, մենք ազգ ենք: Ու եթե հայտարարում ենք, թե հայը հայի հանդեպ բռնություն չպետք է կիրառի, ապա ընդունենք, որ դա փոխադարձաբար է և երկուստեք պարտավորեցնող: Ու թե բռնությունն անթույլատրելի է, անթույլատրելի է բոլորին և բոլոր հանգամանքներում, առավել ևս՝ զինված ու պաշտպանության կարիք չունեցող ուժային կառույցներին, որոնք կարող են բավարարվել միայն մարդկանց բերման ենթարկելով և բնավ կարիք չկա օգնության կանչելու չեթեներ հիշեցնող բանդիտների: Մեր այս վարքագիծը վարկաբեկում է երկրի հեղինակությունը և միայն հաստատում ՊՊԾ գնդի տարածքը գրավածների արդարացիությունը: Նրանք ինչ անելու էին, արել են արդեն, նրանք ազատագրական պայքարի անբիծ կենսագրություն ունեն, իսկ ժողովուրդը մարտիմեկյան փորձ… Հիմա (եթե նույնիսկ բոլորն անդամահատվեն և այլևս զենք չկարողանան բռնել կամ գնդակահարվեն) նրանք իրենց կյանքը, ճիշտ թե սխալ, դրել են իրենց պայքարի գործին և իրենց առաջ դրած խնդիրն իրականացրել են՝ ժողովրդին ոտքի են հանել: Հաղթել, ոչ միայն բարոյապես: Եվ վաղը, անկախ իրադարձությունների ընթացքից, հերոսացվելու և սրբացվելու են: Առավել ևս՝ եթե նահատակվեն: Մեր երկիրն է հեղինակազրկվում:

Խժդժություններ, տարաձայնություններ, խռովություններ ու գործադուլներ բոլոր երկրներում էլ լինում են, հարցն այն է, թե որ կողմը ինչպես է իրեն դրսևորում և անկասկած պատասխանատվություն իշխանություններն են կրում՝ որպես ղեկավար, որպես տեր: Անսպասելի՞ էր արդյոք տիրոջ համար դեպքերի այսպիսի ընթացքը, իհարկե ոչ (գուցե չէինք սպասում կամ պատկերացնում, բայց չէ՞ որ հնարավոր էր), քանզի պատճառներն ու դրդապատճառները բոլորին են հայտնի:

1994 թվականի «զինադադարից» ի վեր Ադրբեջանն ամեն պատեհ - անպատեհ առիթով հոխորտում էր, որ հարձակվելու է, բայց մենք չէինք սպասում, որ լուրջ կհարձակվի՞: Մանր ու մեծ հարամում էր հայկական սահմանամերձ շրջանների կյանքը, մարտական գործողություններ էին բռնկվում - կերկերում, զոհեր էին լինում միշտ, էլի հարձակման չէինք սպասում: Կյանքը գնալով փակուղի է մտնում, մենք դեռ զարմանում ենք, թե էս ի՞նչ են անում ոմանք՝ հայը հայի դե՞մ: Տպավորություն է ստեղծվում, թե մենք միայն անուններ կպցնելու առաքելություն ունենք՝ քառօրյա պատերազմ, տեռոր… Նույն սկզբունքով ու վերաբերմունքով գարբաչովականներն էին անմիջապես պիտակներ փակցնում մեր ազգային ողբերգությունների շարանին: Ադրբեջանը Սումգայիթ ու Բաքու էր սարքում, բայց մեզ էին էքստրեմիստ ասում: Մինչդեռ էականը առկա խնդիրն է, որը լուծում է պահանջում: Բայց մենք, պարզվում է, երկխոսության ընդունակ չենք անգամ մեր տանը (էլ ի՞նչ պիտի խոսենք դրսերում): Մենք բոլորս ծայրահեղական ենք մեր դիրքորոշումներում: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ առաջին հերթին հենց հեղափոխություն անողներն են դժգոհ մնում իրենց իսկ պաշտպանած առաջնորդներից ու իրենց կառավարությունից, սա էլ է օրինաչափ դարձել ու ոչ մի երաշխիք չկա, թե հիմա էլ նույնը չի կրկնվելու: Ուրեմն, մեծարգո պաշտոնյա և ոչ պաշտոնյա այրեր, հարգարժան պատասխանատուներ և, առաջին հերթին, ժողովրդի շահերը պաշտպանելու կոչված ազգային ժողովի պատգամավորներ, զարթնեք, շտկե՛ք իրավիճակը: Ոչ ոքի պետք չէ հրաժարական տալ կամ «զենքը» վայր դնել: Թուրքի հետ փոխզիջումն հնարավոր է, միմյանց հետ ո՞չ: (Ժամանակին ազատամարտիկները ռազմաճակատում էին հաղորդակցվում թուրքի հետ, հիմա՝ ի պաշտոնե պաշտոնյաները:) Գտնենք շփման եզր մեր մեջ՝ առանց արյուն թափելու: Չէ՞ որ արտաքին թշնամու հետ կռվում էլի մենք ենք իրար թիկունք լինելու, ախր մենք դեռ պետք ենք միմյանց: Տեղ թողենք դրա համար: Հարգելիներս, քայլ անենք, որ միմյանց չվաստահելու պատնեշը գոնե մի քիչ երերա: Թե չէ գլուխը ցավում է, կտրում - գցո՞ւմ ենք:

Հպարտանում ենք, որ քրիստոնեությունը պետականորեն աշխարհում առաջինը ընդունած երկիրն ենք, բայց մտքներովս անգամ չի անցնում գործել քրիստոնեաբար, գթասրտություն, հաց ու բժիշկ, բանակցություն ողորմալ գոնե ձևականորեն: Խոսում ենք դեմոկրատիայից ու մարդասիրությունից, բայց ինքներս լսել չենք ցանկանում, ինքներս ուլտիմատումներով ենք պահանջներ դնում, խոսում ենք զենքը ցած դնելուց ու հարցերը բռնությամբ ենք փորձում լուծել՝ իրավիճակն ավելի սրելով: Մի կողմից բանականությունից դուրս նվիրվածություն, մյուս կողմից անհոգ անտարբերությո՞ւն: Էքստրեմիստ չենք, բա ի՞նչ ենք: Մինչդեռ ոսկե միջին, բանակցային, հանուրին բավարարող մոտեցում է պետք, չի կարող չլինել: Գտնենք: Որովհետև՝ Աստված է՛լ բեթարից ազատի: Գտնենք, եզրահանգումներ անենք, ոչ թե անուններ կպցնենք ու ձեռքներս լվանանք, պիղատոսաբար քաշվենք մի կողմ: Մեր ծննդյան փուչ օրից սկսած՝ մանրումեծ տեռորի գերի ենք. հոգեբանական, սոցիալական, սեռական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ազգամիջյան, միջազգային և այլն: Ստիպել, որ իշխողը հրաժարական տա, տեռոր է, բայց և ստիպելով ընտրվելն ու իշխելն էլ է տեռոր: Ստացվում է՝ եթե տեռորիստը մենք ենք, լավ է, եթե մեր դեմ է, վատ է: Երբ ԱՍԱԼԱ - ն էր ահաբեկչություն անում, հպարտանում էինք, երբ մեր բոստանն են քար գցում, դատապարտում ենք: Այնպես որ, ամեն քայլափոխին տեռորը իշխում է մեզ, մենք՝ իրեն: Եվ մենք, քաղաքակրթության չգիտեմ որ հազարերորդ դարում, նախամարդու նման դեռ միմյանց հետ խոսում ենք ուլտիմատումներով: Ջայլամը, ասում են, վտանգի դեպքում գլուխը մտցնում է ավազների մեջ, բայց իրականում նա իր գլխի միջատներին է մաքրում տաք ավազի միջոցով: Իսկ այս ամենից տուժում է միայն մեկը… Ժողովո՞ւրդը: Չէ, ժողովուրդն ինչ ցանել, այն էլ հնձում է, տուժում է ազգը, ազգի անհատականությունը, սերը, մինչդեռ հայն առանց սեր տալու հայ չէ:

Փաստորեն թուրքերից չենք վախենում, միմյանցից վախենում ենք կամ խուսափում, էս ինչքա՜ն ենք ընկել: Ո՜վ Արարիչ աստված, դարձի բեր: Քո մոլորյալ հոտը ետ դարձրու փարախ, որ արժանանանք «արքայությանը»: Որովհետև իրականում հարցը լուծում ունի: Ունի, եթե ցանկություն ու կամք լինի այն լուծելու, ոչ թե հանգույցը դամկոլյան սրով թրատելու: Լուծում կա, եթե ամեն ինչ դիտարկվի «խնդիր կա, ուրեմն պետք է լուծում գտնվի, ոչ թե ոչնչացվի» տեսանկյունից, ինչպես որ՝ գլխացավը բուժում են, ոչ թե գլուխը կտրում: Իհարկե հնարավոր է: Եվ քաղաքակիրթ լուծում կա՛: Պետք է ուղղակի մի ակնթարթ մի կողմ դնել սեփական անսխալականության կարծրատիպը և կենտրոն բերել չափի զգացումը… Ամեն ինչ կկարգավորվի: Պետք չէ վախենալ, քանզի անսխալական առաջնորդ կա, որի անունն է հայ ազգ և ուղեցույց փարոս կա, որն է երկիրն Հայաստան:

Մինչդեռ հիմա մենք, մեր երկիրը կորցնում է մի մեծ շանս՝ աշխարհին ապացուցելու, թե մենք ժողովրդավար ենք ու ժողովրդավարական երկիր: Վարվենք այնքան խելամիտ, անենք այնպես, որ, մեղմ ասած, դժգոհողները խոսելու տեղ չունենան, որ բողոքի ծայրահեղ քայլի դիմածները սխալ դուրս գան: Ինչո՞ւ ենք ամեն ինչ անում, որ սրվի դժգոհությունը, երկխոսություն չլինի ու բանակցությունները վիժեցվեն: Որ քնածներն արթնանա՞ն ու նոր դժգոհողնե՞ր ծնվեն: Որ ի՞նչ… Որ ապացուցենք, թե ինչքան անտարբեր ենք մենք մեր մեջ առկա հարցերի նկատմամբ ու ինչքան թշնամական մեր բոլոր բնույթի խնդիրների հանդե՞պ: Թե՞ որ ուժ ցույց տալու, աչք վախեցնելու, ավելի խեղճացնելու ևս մի ավելորդ առիթ ու արդարացում ունենանք: Բայց չափից ավելին հակառա՛կ ազդեցություն է ունենում և միայն թեժացնում է ըմբոստությունը: Այսպիսով ճգնաժամային իրավիճակի փակուղին նեղանում է, և օղակը մեր բոլորի պարանոցն է խեղդում: Մինչդեռ փոխարենը կարելի է մի քիչ գոնե կապանքները թուլացնել, որ հնարավոր լինի շնչել, որպեսզի հայ մարդը ոչ թե ընկնի հիվանդանոցներ՝ ծեծված, այրված ու ջարդված, աչքից զրկված, այլ գնա աշխատի ու կերակրի իր երկիրը: Չափավորենք իրավիճակը, որպեսզի որպես վատթարի մեզ մատնացույց արած մեր նախորդները չուրախանան, կրակի վրա յուղ չլցնեն ու չասեն՝ տեսա՞ք, ես ձեզ ասում էի, որ «պատերազմող ուժեր են գալիս, արյուն թափող ուժեր, դեռ խնդրելու եք, որ ես լինեմ ձեր ղեկավարը»: Բոլոր կոնֆլիկտներից միշտ օգուտ է քաղում կողքից նայող այս երրորդ կողմը: Ներքին և արտաքին: Մեթոդների խստացմամբ թշնամին է՛լ ավելի բարձր է հոխորտալու: Իսկ թուրք ոսոխը ոսկյա սկուտեղի վրա, ադամանդյա ոսպնյակով աշխարհին ցույց է տալու, թե տեսեք՝ Հայաստանում ինչ է կատարվում, էդ էլ հո մե՞նք չենք, իրենք են իրար կոկորդ կրծում:

Եթե մենք միմյանց հետ լեզու գտնել չենք կարողանում, ի՞նչ երեսով ենք միջազգային ասպարեզ ոտք դնում ու հույս փայփայում, թե օտարները մեզ ավելի հարգալից կվերաբերվեն կամ պետության տեղ կդնեն: Տեռոր է, բողոքի ակցիա, թե ինչ, երևույթն առկա է, և արժանապատի՛վ արձագանք է պետք տալ, դեռ ուշ չէ հարցը քաղաքակիրթ լուծելու համար: Պատկերավոր ասած՝ այս «գայլաձկան, խեցգետնի ու կարապի» եռակողմ բախումը՝ «Սասնա ծռեր», իշխանություն ու թաքուն ծիկրակող- հրահրող ուժ, իշխանության և «Սասնա ծռերի» երկխոսությամբ կարելի է հարթել: Կամ այլ դասակարգմամբ ասենք՝ արտերկիր, իշխանություն և ազգ կոնֆլիկտը (ազգի նժարն անհամեմատ ծանր է մնացած բոլորից և վեր է աշխարհում ամեն ինչից) ի օգուտ ազգի ու պետականության է պետք լուծել, դարձյալ՝ երկխոսությամբ (ամեն անգամ իր տեղում), ոչ թե՝ միայն իշխանապետական քարոզի, որ այսպիսի հանգամանքներում ուժ չի ունենում, այլ հակառակ ազդեցությունն է թողնում: Այլապես միայն զարգացվում է այն մտայնությունը, թե եթե իշխանություն է, ուրեմն ժողովրդի դեմ է: Ինչո՞ւ չէր կարելի լավից վատից մի բացատրություն տալ, լեզու թրջել մարդկանց հետ: Ո՞վ չի հասկանում, որ եթե տեռորի դիմած «Սասնա ծռերը» ոստիկաններին բաց թողեցին, բուժաշխատողների վրա ձեռք չեն բարձրացնի, ո՞ր մի տեռորիստը սոված կնայեր, թե ինչպես է ուրիշն ուտում ու ձեռք չէր տա այն հացին, որը բժիշկների համար է, իր համար չի ուղարկված (ուտող - խմող, կյանքը վայելողները սա չեն հասկանա) … Տեռորիստը կխփշկեր անմիջապես (ուտող - խմող, կյանքը վայելողները սա լավ կհասկանան):

Դե ի՞նչ, բոլորովին վերջերս մեզ ու Ադրբեջանին էին հորդորում երկկողմանի խաղաղություն պահպանել, հիմա մենք ենք միմյանց նման բան հորդորում: Տեղին է հիշել, թե ինչու էինք մենք ոչ անաչառ, ավելին՝ անարդար համարում ու դժգոհում հակամարտող ուժերիս միջև միջազգային հանրության հավասարության նժար դնող վերբերմունքից, երբ հորդորողները շատ լավ էլ գիտեին ու հասկանում էին, թե ինչումն է խնդիրը: Բոլորս սա լավ հիշենք. գրող ու շինարար, իշխող ու ենթարկվող, մեծ ու փոքր, բոլորս ենք պատասխանատու: Հիշենք ու համապատասխան եզրակացություն անենք, գործելիս թե կարծիք հայտնելիս մամլիչը մի կողմ դնենք ու ակնհայտ իրողության հետ հաշվի նստելու քաջությունն ունենանք, որ հարց լուծվի և լուծվի պատվախնդրությամբ: Ոչ թե հերթական անգամ բամփ իջեցնենք իրար գլխի և սրտներս անհոգի փակենք մեր իսկ ցավերի հանդեպ: Քանզի միայն պահանջելով սայլը տեղից չի շարժվի, մի բան էլ քաշողին է պետք տալ, որ ուժ ունենա քաշելու… «Մի բույլ նայվածք, քուրա մը խոսք…», ու սրտից թույլ հայը նորից կմեղմանա, «ծռերը» կփափկեն: Տանք էդ սիրո փշրանքը միմյանց, գոնե՝ ի խաղաղումն բորբոքված կրքերի… Եվ թող Աստված ամեն մեկին իր սրտի չափ տա և հայի՛ն զորավիգ լինի այս փորձությունների մեջ:


     Անահիտ Արփեն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4923 | 0 | 0
Facebook