Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայերը պետք է դադարեն քաղցկեղը որպես դատավճիռ ընկալել. ամերիկացի ուռուցքաբան

INESA
Հեղինակ`
INESA
20:55, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
Հայերը պետք է դադարեն քաղցկեղը որպես դատավճիռ ընկալել. ամերիկացի ուռուցքաբան

Հայերը պետք է դադարեն քաղցկեղը որպես դատավճիռ ընկալել. նրանք պետք է հասկանան, որ դա ընդամենը ախտորոշում է, եւ բժշկին ժամանակին դիմելու պարագայում դեպքերի մեծ մասը բուժման ենթակա է: Նման տեսակետ հայտնեց ուռուցքաբան, կոլորեկտալ քաղցկեղի մասնագետ Ավո Արթիկյանը (ԱՄՆ):

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի բնակիչները, օրինակ, քաղցկեղին ավելի հանգիստ են վերաբերվում: Իհարկե, ոչ ոք չի ուրախանում՝ լսելով նման ախտորոշման մասին, սակայն մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, գիտի, որ կան բուժման ժամանակակից բազմաթիվ մեթոդներ, եւ քաղցկեղի դեպքերի շուրջ 80%-ն արդեն բուժելի է:

Մասնագետի տպավորությամբ, սակայն, հայերը քաղցկեղի հանդեպ միանգամայն այլ վերաբերմունք ունեն. նրանց համար «քաղցկեղ» բառը մահվան դատավճռի պես է հնչում, չնայած իրականում Հայստանում եւս հասանելի են բուժման շատ մեթոդներ, եւ այցելուներից շատերն ապաքինվելու միանգամայն լավ հնարավորություն ունեն: Մասնագետի խոսքով՝ ցանկալի է փոխել այս հիվանդության նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը. մարդիկ պետք է ավելի շատ տեղեկացված լինեն, թե ինչ է իրենից ներկայացնում քաղցկեղը եւ բուժման ինչ միջոցներ կան:

Խոսելով Հայաստանում ուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման հետ կապված խնդիրների մասին՝ մասնագետը նշեց, որ այստեղ քաղցկեղն ավելի քիչ է տարածված, քան մյուս երկրներում: Մինչդեռ այստեղ մահացածության բարձր մակարդակը երկու պատճառ ունի. հաճախ հիվանդությունն ախտորոշում են ուշ փուլում, բացի այդ՝ որոշ նորագույն վիրահատություններ եւ քիմիաբուժության դեղամիջոցներ չնայած Հայաստանում ռկա են, սակայն ոչ բոլորին են հասանելի: Արդյունքում ոչ բոլոր այցելուներն են բուժման հնարավոր բոլոր միջոցներից լավագույնը ստանում:

Ավո Արթիկյանի խոսքով՝ Հայաստանում կան մեծ թվով տաղանդավոր բժիշկներ, սակայն քաղցկեղի բուժումն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար անհրաժեշտ է նաեւ ունենալ առողջապահության համակարգված համակարգ: Ըստ մասնագետի՝ չէր խանգարի նաեւ ներդնել ուռուցքային հիվանդությունների սքրինինգ, որը կօգներ դրանք հայտնաբերել ավելի վաղ շրջանում, ինչը կմեծացներ բուժման արդյունավետությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4028 | 0 | 0
Facebook