Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հենոն ՄՅՈՒ-ում է. պատմական օր հայկական ֆուտբոլում

14:54, հինգշաբթի, 07 հուլիսի, 2016 թ.
Հենոն ՄՅՈՒ-ում է. պատմական օր հայկական ֆուտբոլում

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը: Հպարտություն, պարծանք, ուրախություն յուրաքանչյուր հայի համար:

Իսկ անսահման բավականություն է պատճառում նաև այնհանգամանքը, որ Մխիթարյանը տեղափոխվում է «Ման. Յունայթեդ» աստղի կարգավիճակով: Վերջին օրերին ՀենրիխՄխիթարյանի անունը դարձել է րբրիտանական մամուլի հոդվածների անբաժան մասը: Նույնիսկ այնպիսի սենսացիաներ` ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը և «Կարմիր սատանաների» կենդանի լեգենդ Ռայան Գիգզի ակումբից հեռանալը, չկարողացան խամրեցնել մեր Հենոյի մասին առկա խոսակցությունների, նյութերի, հոդվածների փայլը:


    

Պարզապես կարելի և պարտադիր է խոնարհվել Հենրիխ Մխիթարյանի առջև, քանզի նրա շնորհիվ գրեթե ամբողջ աշխարհը սկսում է ճանաչել Հայաստանը` գոնե քարտեզով մեր աշխարհագրական դիրքը փնտրելով:
     Իսկ հիմա մի փոքր անդրադարձ ֆուտբոլային տեսանկյունից:
     Երկու «վիրավոր գազաններ»` Ժոզե Մոուրինյոն, ով ցանկանում է վերականգնել իր յուրահատուկի համբավը և «Մանչեսթեր Յունայթեդը»` որը վերջին երեք տարիների խայտառակ արդյունքներից հետո տենչում է վերադառնալ երբեմնի փառքին, միավորվում են, իսկ դրա հետագա հաջողությունների հիմքում ընկած է հենց Հենրիխ Մխիթարյանը:


    

Կարևոր է հասկանալ այն, որ Մխիթարյանին ընտրել է անձամբ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս չնայած նախորդ մրցաշրջանում գրանցած անմխիթար արդյունքներին, միևնույնն է համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը: Ժոզեի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կնքված պայմանագրի թեկուզ և ոչ պաշտոնական կետ է համարվում այն, որ յուրաքանչյուր տրանսֆեր իրականացնելու համար վերջին խոսքը պատկանում է հենց պորտուգալացի մասնագետին:

2016 թվականի փետրվարի 6-ին Ժոզե Մոուրինյոն իր օգնական Ռուի Ֆարիայի հետ գտնվում էր Գերմանիայում: Այդ օրը կայանում էր Բունդեսլիգայի հերթական տուրի «Հերտա» – «Բորուսիա Դ» հանդիպումը: Անկասկած նրանց այցի նպատակը Հենրիխի խաղին հետևելն էր:


     Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքին, ապա այստեղ տարբերակները շատ են, բայց միևնույնն է առաջնայինը փլեյմեյքերի դիրքն է: Ընդհանրապես Մխիթարյանը իր լավագույն խաղը ցուցադրում է կա՛մ «10 համարի» դիրքում, կա՛մ ձախ կիսապաշտպանի: Իսկ կիսապաշտպանության աջ եզրը Հենոյինը չէ: Դրանում համոզվել ենք «Բորուսիայում» նրա խաղերին հետևելու ընթացքում:
     Այս ամենից զատ, Ժոզե Մոուրինյոն վերջին տարիներին նախապատվությունը տալիս է 4-2-3-1 տակտիկական սխեմային, որտեղ և ամենավառ կերպով ընդգծվում է ենթահարձակվողի դերը: Ժոզեն իր բոլոր թիմերում մեծ տեղ է հատկացրել փլեյմեյքերներին: Դեկու, Սնեյդեր, Օզիլ, ՋոՔոուլ, Լեմպարդ, Ֆաբրեգաս` նրանք բոլորն էլ փայլել են Մոուրինյոյի ղեկավարությամբ հանդես գալու տարիներին:
     Ժոզե Մոուրինյոն` որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ խառնեց բոլոր լրագրողների կանխատեսումները Ուեյն Ռունիի խաղային դիրքի վերաբերյալ: Նույնիսկ Ռունին էր հրապարակավ հայտարարում, որ գալիք մրցաշրջանից սկսած իրեն պատկերացնում է կիսապաշտպանության կենտրոնում, բայց….
     Ժոզե Մոուրինյոն բոլորին հայտարարեց, որ իր թիմում Ուեյն Ռունին երբեք չի խաղա 8, առավել ևս 6 համարի դիրքում: Մոուրինյոյի պնդմամբ, Ռունիի իդեալական դիրքը խաղադաշտում կլինի հարձակվողի կամ ենթահարձակվողի դիրքը: Այս դեպքում մեր Հենոն բախվում է մրցակցության, որը չգիտես թե ինչով կավարտվի: Անկախ ամեն ինչից պարզ է մի բան, որ Ժոզե Մոուրինյոն միամիտ չէ և կկարողանա Ռունիին ու Մխիթարյանին միաժամանակ օգտագործել խաղադաշտում: Այնպես որ, այս պահին արված ցանկացած կանխատեսում Հենրիխ Մխիթարյանի ապագա խաղային դիրքի վերաբերյալ անիմաստ է: Պետք է զինվել համբերությամբ և սպասել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային հավաքի մեկնարկին, որի ընթացքում թիմն առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին` «Ուիգանի» հետ, իսկ դրանից հետո կուղևորվի Չինաստան, այնուհետև նաև Շվեդիա:

Հ.Գ. Միակ բացասական կողմն այն է, որ Հենոն ՉԼ-ում այս տարի չի խաղալու, բայց դե ԱՊԼ-ի և Եվրոպա Լիգայի գավաթներն էլ մեծ նշանակություն ունեն:

Առաջ Հենո ջան:

Միհրան Ալեքսանյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3609 | 0 | 0
Facebook