Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ է իրականում բժշկություն անվան տակ կատարվում աղանդներում

Նարեկ Ավետյան
23:52, երեքշաբթի, 05 հուլիսի, 2016 թ.
Ի՞նչ է իրականում բժշկություն անվան տակ կատարվում աղանդներում

Բազմաթիվ հակասություններ առաջացնող այս թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ մոտ 6 ամսից ավել քաղաքում բաժանվող հայտարարությունը այն մասին, որ մի կազմակերպություն բուժում է անբուժելի հիվանդություններ, անեծքներ, դեպրեսիաներ և այլն: Շատ աղանդների այցեքարտն է դարձել բժշկությունների գովազդը, ընդ որում սովորական հիվանդություններից արդեն չեն բուժում, միայն ծանր, անբուժելի հիվանդություններ, հետո անեծքներ, հոգեկան խանգարումներ, դեպրեսիաներ: Նախ և առաջ` ստացվում է, որ բոլոր խնդիրները այս աղանդում լուծվում են: Մի քիչ տարօրինակ է, քանի որ անգամ Հիսուս Քրիստոսի երկրում գտնվելու ժամանակ ոչ բոլոր հիվանդները բժշկվեցին և ոչ բոլոր խնդիրները վերացան երկրի վրայից: Այս առիթով վերլուծությունները թողնում ենք ընթերցողի դատին:

Ո՞րն է աղանդի համար բժշկություններով մասսայական PR անելու նպատակը: Առաքելական եկեղեցին քարոզում է խաչյալ և հարուցյալ Քրիստոսին, ուղղորդում է մարդուն դեպի փրկություն, իսկ մարդու հոգևոր կայացման, կենդանի Աստծո հետ նրա հարաբերությունների ընթացքում կարող են կատարվել տարբեր հրաշքներ և բժշկություններ, սակայն եկեղեցին երբեք փրկության համար առաջնային նպատակը չի դնում բժշկությունը: Պողոս առաքյալը Ա Կորնթացիս նամակում գրում է. «Բայց արդ, մնում են հավատ, հույս և սեր. Սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ.13.13):
     Աղանդը եկեղեցուց տարբերվում է նրանով, որ Աստվածաշնչից դուրս է բերում առանձին գաղափար, կտրում կոնտեքստից և իրենց համար այն դարձնում հավատքի առկայության խորհրդանիշ և դրա շուրջ իր քաղաքականությունը կառուցելու հետևանքով սկսում տարբերվել Եկեղեցուց ու այլ աղանդներից: Այսպիսով` Եհովայի վկաները առաջ են քաշում Աստծո «Եհովա» անվան գաղափարը, խարիզմատիկ շարժումները` իբրև Սուրբ Հոգու ներգործությունը, հոգեգալստականները` իբրև օտար լեզուներով խոսելը, ադվենտիստները` իբրև շաբաթ օրվա գաղափարը և այլն: Աղանդավորները փորձում են այս ժամանակահատվածում իրադրային կրկնօրինակել այն կյանքը, որը նկարագրված է Նոր կտակարանում` իրենց համեմատելով Հիսուսի և առաքյալների հետ, փորձում են մարդկանց խաբել, թե իբր իրենք օժտված են նույն շնորհներով և կարող են նույն հրաշքներն ու բժշկությունները կատարել: Հին և Նոր կտակարաններում բազմաթիվ են բժշկությունները: Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում բազում բժշկություններ է կատարել և այդ շնորհը փոխանցել է առաքյալներին և դրանց մի մասը նկարագրված է Աստվածաշնչում: Սակայն պետք է հասկանալ, որոնք են Քրիստոսի կատարված, եկեղեցում կատարված և աղանդներում կատարված բժշկությունների տարբերությունները և ինչպես ստուգել դրանց իսկությունը:
     Շատերն են սկսում Աստծուն փնտրել այն ժամանակ, երբ ունեն ընտանեկան խնդիրներ, հիվանդություններ, հիասթափություններ և այդ փնտրտուքի ժամանակ է մարդ շատ հաճախ հանդիպում Աստծուն, սկսում մտածել իր ապրած կյանքի, մեղքերի, սխալների մասին, որոնք խնդիրների և հիվանդությունների պատճառ են դարձել և հեռացրել են Աստծուց: Հաճախ պատահում է, որ մարդը չի կարողանում ինքնուրույն վերլուծել իր խնդիրները և օգնության կարիք է զգում: Այդ ժամանակ նա փնտրում է մեկ այլ մարդու, ով կարող է իրեն օգնել: Եթե պատահում է, որ այդ օգնությունը ուղղադավան եկեղեցում է գտնում, ապա նա կկարողանա հավատքի ճշմարիտ ճանապարհով քայլել: Սակայն երբեմն պատահում է, որ մարդիկ իրենց խնդիրների լուծման նպատակով վերոհիշյալ գովազդների շնորհիվ հայտնվում են աղանդներում: Ինչու՞: Կարող է չիմացության արդյունք լինել կամ մոտ մարդու ուղղորդություն, սակայն հաճախ պատահում է նաև, որ մարդը հեշտ ճանապարհ է փնտրում իր խնդիրներից ազատվելու համար: Եկեղեցին հենց սկզբից հորդորում է աղոթք անել, պատարագների հաճախել, պահք պահել, խորհել սեփական մեղքերի մասին, ապրել քրիստոնեական կյանքով, իսկ մարդը միշտ փորձում է գնալ ավելի հեշտ ճանապարհով: Ուրիշները կաղոթեն` ինքը կբժշկվի, խնդիրները կլուծվեն: Հենց այդ հեշտասիրությունն է նաև պատճառը խնդիրների լուծումը փնտրել ոչ թե սեփական արարքների մեջ, այլ հետևել բախտագուշակների և աստղագուշակների խորհուրդներին: Երբ Քրիստոս բժշկում էր մարդուն` դա հրավեր էր գնալու Իր ետևից, ապրելու նոր կյանքով` առանց մեղքերի: Սակայն պատահում է նաև, որ բժշկված մարդը նորից վերադառնում է իր մեղավոր կյանքին: Առաքյալները Քրիստոսից բժշկության շնորհը ստացան ի թիվս մյուս շնորհների, որոնք առաքելական հաջորդականությամբ փոխանցվեցին Քրիստոսի եկեղեցուն: Առաքելական եկեղեցում կատարվել են և կատարվում են բազմաթիվ բժշկություններ և հրաշքներ, և շատերը մեղադրում են եկեղեցուն, որ այն չի գովազդվում, դրա մասին չի խոսվում հանրորեն: Պետք է այդ առիթով հիշենք, որ Հիսուս Քրիստոս Իր կողմից բժշկվածներին պատվիրում էր այդ մասին չպատմել, իսկ աղանդավորները ոչ միայն փողահարում են իրենց «բժշկությունների» մասին, այլ նաև գովազդային արշավ են կազմակերպում: Աղանդավորները անդադար պատմելով «բժկություններ» -ի մասին, մոռանում են ընդհանրապես խոսել հոգու փրկության կարևորության մասին:
     Աստծուց իրական բժշկություն ստացած մարդը կարող է վկայել, թե ինչքան դժվար է այդ անձնական, անհատական փորձառության մասին պատմել և խոսել ուրիշների հետ, մեկ-երկու մոտ մարդու կարող ես պատմել քեզ հետ կատարվածի մասին: Իսկ աղանդավորական կառույցներում շատ անգամ ենք տեսնում տեսանյութեր այն մարդկանց հետ, որոնք իբրև թե բժշկվել են տարբեր ծանր հիվանդություններից և գովաբանում են տվյալ քարոզչին և իր շնորհները: Երբ դիվահարները բժշկվում են Հայ Առաքելական եկեղեցում, այդ մարդիկ ներքին խոնարհությամբ և փառաբանությամբ են լցված առ Աստված, գիտակցում են իրենց կյանքի մեղքերը և դժվար թե կարողանան դա գովազդի առարկա դարձնել: Խարիզմատների մոտ մարդիկ խմբով են վազում դիվահարության աղոթքներին և անմիջապես աղոթքից հետո գոռում-գոչում են իրենց բժշկության մասին և հաջորդ քայլն է դառնում իրենց խորհուրդներով նոր հետևորդներ բերեն տվյալ կազմակերպություն: Առաքելական եկեղեցում բժշկվածը հստակ գիտակցում է, որ բժշկություն տվողը Աստված է, ոչ թե մարդը: Յուրաքանչյուր քահանա գիտակցում է իրեն տրված շնորհի մասին, սակայն բժշկվելու պատասխանատվությունը միայն իր վրա չի, այլ կախված է առավելաբար Աստծուց, ապա տվյալ անհատի հավատքից, նրա անցած ճանապարհից: Աղանդավորական կառույցներում հաճախ ես ականատես լինում, թե ինչպես է որևէ քարոզիչ իրեն հայտարարում դիվահալած, առաջին պատահած մարդուն, որի անունը անգամ չգիտի, ընտրում դահլիճից և սկսում բժշկել, և այդ մարդը, որն առաջին անգամ է եկել և ընդհանրապես Աստծո մասին չի լսել, հանկարծ «բժշկվում» է: Կամ մարդ, որն առաջին անգամ է եկել հավաքին և քաղցկեղ ունի` անմիջապես դահլիճում «բուժվեց»: Իսկ ո՞վ ստուգեց` որևէ բժիշկ այդ պահին արձանագրեց արդյունքները: Եվ վերջ ի վերջո կան հիվանդություններ, որոնք մարդուն տրված փորձություն են հոգևոր կյանքի զորացման համար, հավատքի ամրապնդման, որոնք պատահում են նաև փորձառու և հզոր հավատք ունեցող քրիստոնյաներին: Շատ սուրբեր կան, որոնք երկար ժամանակ հիվանդ են եղել և մահացել են անբուժելի հիվանդություններից: Ի՞նչ է ճգնավոր սրբի հավատքը ավելի պակաս էր, քան հետևորդների հաշվին ցոփ ու շվայտ կյանքով ապրող անհայտ քարոզիչներինը:
     Իսկ ի՞նչ է իրականում բժշկության տակ կատարվում աղանդներում: Նախ և առաջ` բժշկության խոստումը սատանայի զենքերից մեկն է, հաշվի առնելով մարդկային ֆիզիկական տկարությունը: Յուրաքանչյուր հավատացյալ գիտի, որ սատանան ստության հայրն է և իր կարևոր նպատակներից մեկը Քրիստոսին իրենով փոխարինելն է և այդպիսով մարդուն շեղելը ճշմարիտ ճանապարհից: Սատանան կարող է հիվանդություն առաջացնել մարդու մոտ` հետագայում բժշկության տպավորություն ստեղծելով, դիվահարել, ապա իմիտացիա անել, թե իբր այսինչ քարոզիչը բժշկել է` դիվահալածության շոու ցուցադրելու նպատակով, մարդու սրտի ակնկալիքով աղոթքի պատասխան տալ և այլն, և այդ ամենը, միայն նրա համար, որ հեռացնի եկեղեցու` հետևաբար Քրիստոսից: Մատթեոսի ավետարանում կարդում ենք. «Ո՛չ ամեն մարդ, որ ինձ Տե՜ր, Տե՜ր է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքն իմ Հոր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ չեմ ճանաչել, հեռու կացե՛ք ինձանից ամենքդ, որ անօրինություն եք գործում» (Մատթեոս 7.21-23): Հակառակ Հիսուսի այս խոսքերի աղանդավորները բժշկություններն իրենց սին հավատքի ճշմարիտ հավատք լինելու մասին վկայություն են համարում: Մեղքի մեջ կուրացածները չեն գիտակցում եկեղեցու դերը, բայց սատանան շատ լավ գիտի եկեղեցու տեղը մարդու փրկության գործում: Աստծուն չհավատացող անհավատը, չի հավատում նաև սատանայի գոյությանը:
     Երկրորդը` ինքնաներշնչանքի մեծ ուժն է, որն ունի մարդ: Ինքնաներշնչումը հոգեկան ինքնակարգավորման մեխանիզմներից մեկն է: Հոգեբույժներն օգտագործում են մարդու ներշնչվողությունը բուժման, անձնային խնդիրների լուծման, բարդույթների, վնասակար սովորությունների և վախերի դեմ պայքարի համար:
     Եվ երրորդը` մարդն իսկապես հնարավոր է հզոր հավատք ունենա, սակայն այդ պահի սխալ տեղում լինի, և Աստված Իր ողորմությամբ տալիս է մարդուն աղոթքի պատասխանը, սակայն մարդուն մնում է ճիշտ ճանապարհ ընտրել: Աղոթքի միջոցով մարդն մոտենում է Աստծուն, կարողանում է տեսնել այն ճանապարհը, որով կստանա բժշկությունը և այդ ճանապարհը հաճախ տանում է մասնագետ-բժիշկների մոտ, որոնք Աստծո գործակիցներ են հանդիսանում կատարելով իրենց մասնագիտական պարտքը:
     Ուղղափառ հավատքը հոգևոր ճանապարհ է, որը պետք է քայլել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ և այդ ճանապարհին շատ ավելի մեծ և սքանչելի հրաշքներ են կատարվում, քան ֆիզիկական հիվանդություններից բժշկումը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5764 | 0 | 0
Facebook