Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

INESA
Հեղինակ`
INESA
14:18, կիրակի, 03 հուլիսի, 2016 թ.
Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Մայրաքաղաքում և մարզերում այսօր բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Տոնը կնշվի մասնավորապես Երևանի Կարապի լճում, Թումոյի այգում: Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևն։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ Համբարձման մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդվառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6068 | 0 | 0
Facebook