Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հենրիխ Մխիթարյան. «Արսենալ» թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»

02:02, չորեքշաբթի, 22 հունիսի, 2016 թ.
Հենրիխ Մխիթարյան. «Արսենալ» թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ»
    
    
    

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու գրանդ ակումբներ` «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Փորձենք հասկանալ ո՞ր տարբերակը Մխիթարյանի համար ավելի հարմար կլինի:

Ընդհանրապես, ֆուտբոլիստները նոր ակումբ տեղափոխվելու ժամանակ կարևորում են ապագա գլխավոր մարզչի գործոնը: Այս դեպքում Ժոզե Մոուրինյոն առավելություն ունի Արսեն Վենգերի նկատմամբ: Նախ այն, որ Արսեն Վենգերի ապագան այդքան էլ պարզ չէ: Վերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ «պրոֆեսորը» կարող է հեռանալ իր պաշտոնից: Իսկ Ժոզեն եկել է մի թիմ, որը վերջին երեք տարիները պարզապես ձախողել է և վստահաբար կարելի է ասել, որ Մոուրինյոն ամենաքիչը երկու տարի կունենա իրեն դրսևորելու և «Մանչեսթեր Յունայթեդը» հին փառքին վերադարձնելու համար: Հիմա ավելի մանրամասն այս երկու հավանական տարբերակների մասին:


    

2013 թվականին Արսեն Վենգերը ասել էր.

«Ճիշտ է «Բորուսիան» հասավ մինչև ՉԼ-ի եզրափակիչ, սակայն ակումբի ամենաթանկ տրանսֆերը` Հենխրիխ Մխիթարյանը, ինձ չտպավորեց»:

Այս խոսքերից հետո Հենրիխը «Արսենալի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և կարծում եմ ստիպեց ֆրանսիացի մասնագետին փոխել իր կարծիքը:

Իսկ եթե ուշադրություն դարձնենք զուտ խաղային պայմաններին, ապա շատ բան է կախված նրանից, թե երկու ակումբներից որ ֆուտբոլիստները կհեռանան:

Արսենալի կիսապաշտպանության գիծը կազմում են Ռեմզին, Սանչեսը, Ուիլշերը, Օզիլը, Ուոլքոտը, Կասորլան և թիմի նորեկ Գրանիտ Ջական: Չեմ նշում հենակետայինների անունները, քանզի Մխիթարյանն այդ դիրքում հաստատ չի խաղա: Եթե հաշվի առնենք, որ Օզիլն ու Սանչեսը կմնան թիմում, ապա Մխիթարյանի համար մնում է որպես խաղային դիրք կիսապաշտպանության աջ եզրը: Ինչքան էլ մենք սիրենք մեր Հենոյին, միևնույնն է պետք է հասկանանք, որ այս երկու ֆուտբոլիստներն արդեն իսկ «գրավել» են իրենց դիրքերը «Արսենալում»:


    

Աջ կիսապաշտպանի դիրքը Մխիթարյանին հարմար չէ` համենայն դեպս Վենգերի թիմում: «Բորուսիայում» էլ Հենոն խաղում է կամ ձախ կիսապաշտպանի կամ ենթահարձակվողի դիրքում: Վերջինս ավելի նպատակահարմար է, քանզի Մխիթարյանն ունի փլեյմեյքերին անհրաժեշտ որակները և բազմիցս ապացուցել է, որ այդ դիրքում նա կարող է գերազանց հանդես գալ:

Կարծում եմ «Արսենալ» տեղափոխվելու միակ դրական կողմն այն է, որ ակումբը մասնակցում է ՉԼ-ի գալիք մրցաշրջանին` ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի»:


    

Քանի որ, ինքս էլ շատ եմ ցանկանում, որպեսզի Մխիթարյանը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», փորձեմ ներկայացնել մի քանի ծանրակշիռ փաստարկ, որը մատնացույց կանի այս տարբերակի դրական կողմերը:


    

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կառուցած ֆուտբոլը շատերին դուր չի գալիս, սակայն պորտուգալացի մասնագետը կարողանում է քաղել առավելագույնը իր ֆուտբոլիստներից: Մոուրինյոն վերջին 7-8 տարիներին գրեթե միշտ խաղում է նույն 4-2-3-1 տակտիկական սխեմայով: Այս սխեմայում առանձնահատուկ տեղ ունի փլեյմեյքերը: Ժոզեն մեծ նշանակություն է տալիս իր «10 համարին»: «Ինտերում» այդպիսին եղել է Ուեսլի Սնեյդերը, «Ռեալում»` Մեսութ Օզիլը, «Չելսիում»` Օսկարն ու Ֆաբրեգասը: Կարծում եմ «Մանչեսթեր Յունայթեդում» էլ այդ ֆուտբոլիստը կլինի հենց Հենրիխ Մխիթարյանը, քանզի այդ դիրքում մրցակցություն գրեթե չկա: Խուան Մատայի հետ կարծում եմ ամեն ինչ պարզ է, իսկ Ուեյն Ռունիի հարցը դեռևս անհասկանալի է: Եթե պետք լինի ընտրել թե այս ֆուտբոլիստներից ո՞վ պետք է խաղա ենթահարձակվողի դիրքում, ապա Մոուրինյոյի ընտրությունը կկանգնի Մխիթարյանի վրա, իսկ Ռունին կգործի աջից, կամ ավելի ետ քաշված: Բայց կա նաև հակառակ տարբերակը:

«Մանչեսթեր Յունայթեդում» արդեն կարելի է քննարկել Հենոյի աջ եզրում խաղալու հնարավորությունը: Մոուրինյոն ի տարբերություն Վենգերի, կկարողանա այդ դիրքում լավագույնս օգտագործել Մխիթարյանին: Բավական է հիշել միայն այն, որ «Չելսիում» փլեյմեյքեր հանդիսացող Վիլլիանը հաջողությամբ հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ եզրում` որը Ժոզեի մտահղացումն էր:


    

Այս օրերին առկա տեղեկությունների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ նորեկների ցանկում չկա այնպիսի խաղացող, ով կարող է «գրավել» Հենոյի հավանական դիրքը «Մանչեսթեր Յունայթեդում»: Նշվում է միայն Պոգբայի անունը, սակայն Պոգբա, Մխիթարյան և ցանկացած հենակաետային, եռյակը կարող է հիանալի համագործակցել խաղադաշտում:


    

Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ Հենրիխ Մխիթարյանը կկատարի ճիշտ որոշում` ընտրելով իր համար ավելի հեռանկարային տարբերակ:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4235 | 0 | 0
Facebook