Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

«Մեր գերնպատակը մատաղ սերնդի մեջ ազգային երգ ու պարի ներարկումն է, դրանց միջոցով սեր և հայրենասիրություն տարածելը». «Արդվին» ազգագրական երգի և պարի համույթ

Anna gareginyan
Հեղինակ`
Anna gareginyan
21:02, հինգշաբթի, 19 մայիսի, 2016 թ.
«Մեր գերնպատակը մատաղ սերնդի մեջ ազգային երգ ու պարի ներարկումն է, դրանց միջոցով սեր և հայրենասիրություն տարածելը». «Արդվին» ազգագրական երգի և պարի համույթ

Փափուռի, Մշո խըռ, յարխուշտա.. Այս շարքը երկար կարելի է թվարկել: Շատերին այս անունները օտար են, ոմանք մեկ անգամ գուցե լսած լինեն, սակայն կան մարդիկ, ովքեր ոչ միայն լսել, այլ նաև կարողանում են պարել այս պարերը, երգել ազգագրական և հայրենասիրական երգեր՝ իրենց ներսում պահելով հայի տեսակն ու շունչը, պատմությունն ու տարբերությունը: Այսօր ազգագրական երգ ու պարի խմբերը գործում են՝ ջանք ու եռանդ չխնայելով: Իսկ նպատակը մեկն է՝ հայ երեխայի մեջ սերմանել սերն առ ազգագրականը, սերն առ հայրենասիրականը, իսկ երիտասարդին միավորել մի գաղափարի շուրջ: Այդպիսի համույթների շարքում է նաև «Արդվին» ազգագրական համույթը: Այն գործում է 2014 թվականից Աբովյան քաղաքում: Համույթի հիմնական առաքելությունը մատաղ սերնդի շրջանում ազգագրական երգի ու պարի հանդեպ գիտակցության բարձրացումն է։ Չնայած համույթը ունի ընդամենը երկու տարվա պատմություն, բայց արդեն հասցրել է ձևավորել կայացած համույթ և ծավալել բուռն ստեղծագործական աշխատանքներ։ Համույթը համալրված է 15-25 տարեկան երիտասարդ աղջիկներով և տղաներով, որոնք մեծ սիրով են կատարում այս հայապահպան գործը։

Խումբը մասնակցել է բազմաթիվ ազգագրական համերգների և միջոցառումների, ինչպես Հայաստանի այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տարբեր համայնքներում։ Ազգագրական համույթի երկամյա գոծունեության, ոլորտում տիրող խնդիրների, ինչպես նաև համույթի հետագա գործունեության մասին զրուցեցինք «Արդվին» ազգագրական համույթի PR պատասխանատու Անի Զոհրաբյանի հետ:

- Դուք՝ լինելով ազգագրական պարերի տարածող, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ազգագրական պարն այսօր Հայաստանում
    

- Ազգագրական պարերն այսօր Հայաստանում շատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան երեկ, սակայն հիմնականում զարգանում է առանձին անհատների ջանքերով: Պետության կողմից համակարգում կամ աջակցություն, որպես այդպիսին, չկա, և որքան էլ այդ անհատները եռանդուն աշխատեն, միևնույնն է, հիմնականում մնում են սիրողական մակարդակում, բացակայում է պրոֆեսիոնալիզմը, արդյունքում ունենում ենք աղավաղված երգ ու պար` չհաշված մի քանի բացառություններ: Գաղտնիք չէ, որ գերիշխում են լատինաամերիկյան պարերը, բայց հայն առաջին հերթին պետք է պարի իր ազգային պարը։ Եթե գիտես ազգայինդ, ապա հեշտությամբ կսովորես ուրիշինը։ Երբեք այլազգիները այնպես չեն պարի, ինչպես հայը։ Դա մեր արյան մեջ է։

- Դուք, ինչպես շատ ու շատ ազգագրական համույթներ, ունեք Ձեր լուման ազգագրական երգ ու պարի տարածելու հարցում: Ի՞նչ է ազգագրական պարը տալիս սովորողին բացի պարել կարողանալուց:
    

Պարային շարժումներին տիրապետելը մեզ համար գերնպատակ չէ, այն երկրորդական է: Առաջնահերթ տալիս ենք հոգևոր դաստիարակություն, ինքնագիտակցության բարձրացում, մշակութային աշխարհաճանաչողություն, առանց որոնց պարը կլինի դատարկ, անհամ, ինչպես առանց համեմունք սնունդը: Ֆոլկ աշխարհը, որն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական աշխարհում, օգնում է ճանաչել սեփական ազգային նկարագիրը, առանձնահատկությունները, որոնցով տարբերվում է մյուս ազգերից, այն ստիպում է կառչել արմատներիդ, մշտապես պրոպագանդել այն և ի ցույց դնել աշխարհին:

- Գիտենք, որ յուրաքանչյուր ազգագրական պար իր մեջ ունի պատմություն, խորն ու բովանդակ միտք, այդ ամենը փոխանցու՞մ եք Ձեր սաներին:
    

-Միանշանակ այո.չկա այնպիսի պար, որը չունենա իր պատմությունը, խորհրդանշական շարժումները: Հատկապես ռազմական պարերի ժանրը հայ պարաֆոնդին բնորոշ ինքնատիպ երևույթներից է: Մինչ պարերի ուսուցանումը հանգամանալից ներկայացվում է նրանց նշանակությունը, դրանց հետ կապվող ծեսերը, պարի ստեղծման տարածաշրջանը և այլն, որից հետո միայն ավելի պատկերավոր` այդ ժամանակներին բնորոշ ոգուն համապատասխան պարում և երգում են:

-Այսօր կան շատ համույթներ, որոնց նպատակը քանակապես մեծ խումբ ունենալն է, սակայն շեշտը որակի վրա չի դրվում: Ի՞նչ կասեք այդ մասին: Ինչպե՞ս է առաջնորդվում Ձեր պարի խումբը:
    

-Սա իսկապես ցավալի դիտարկում է: Այո, այդպես է, մի շարք խմբեր այս հրամայականով են առաջնորդվում, ինչը դրական արդյունք հիմնականում չի տալիս: Մենք, անկասկած, կողմ ենք որակյալ սաներ մեր կազմ ընդգրկելուն, երբեք չենք ողջունում զուտ քանակական առավելությունը, եթե որակը բացակայում է: Շուրջ երկտարյա գործունեության ընթացքում մենք ուղղակի անհատներ չենք ընդունել, սահմանել ենք փորձաշրջան, որի արդյունքում ընտրվել են միայն նրանք, ովքեր ունեն համապատասխան որակներ, մշակութային ընկալման զգացողություն: Ի դեպ՝ մեծամասամբ մեր շարքերը համալրված են երաժշտական բարձրագույն կրթությամբ անհատները:

- Ո՞րն է Ձեր նպատակը
    

- Ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում աշխարհը մոռանում է ազգային արժեքները, ընդունում, սովորում օտարի մշակութը: Հայաստանը նունպես բացառություն չէ: Հաճախ ժամանակակից լինելը ասոցացվում է արտասահմանյան արժեհամակարգի հետ, արդյունքում օտարները վերցնում են մշակույթդ, որոշակի փոփոխությունների ենթարկում և ներկայացնում իրենց անվան տակ: Մեր գերնպատակը մատաղ սերնդի մեջ ազգային երգ ու պարի ներարկումն է, դրանց միջոցով սեր և հայրենասիրություն տարածելը: Կարևոր ենք համարում մեր պարերն ու երգերը ներկայացնել այնպես, ինչպես իսկզբանե ստեղծվել են, որպեսզի դուրս մղվի այսօր լայն տարածում գտած աղավաղումները՝ արաբաթուրքական խառը համադրությամբ: Մեր նպատակներից է նաև նշվածների իրականացումը ոչ միայն ՀՀ տարածքում, այլև արտերկրում` միջազգային մակարդակով:

- Դուք հաջողությունների եք հասել և ճանաչում եք ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաև Արցախում և Հայաստանի սահմաններից դուրս: Ի՞նչ նոր ծրագրեր, միջոցառումներ կան մոտ ապագայում:
    

-Ծրագրերի շրջանակները բազմազան են: Առաջիկայում մի քանի մեծ ծրագրեր ենք նախատեսել, որոնք անպայման կկենսագործվեն: Հայաստանյան հարթակներում նախատեսված են բարեգործական համերգաշարեր` ծերանոցներում, մանկատներում, խնամքի հաստատություններում, ԼՂՀ մի շարք զորամասերում, ինչպես նաև սեպտեմբերից ուսուցողական հանդիպումներ դպրոցներում: Ի դեպ՝ խմբի կատարված աշխատանքը գնահատվել է նաև միջազգային CIOF կազմակերպության կողմից, վերջինս կազմակերպում է ազգագրական երգ ու պարի փառատոններ աշխարհի տարբեր երկրներում, որի նպատակն է մշակույթների ճանաչողությունը, խաղաղության սերմանումը, տուրիզմի զարգացումը և այլն: Իսկ այժմ ունենք հրավերներ ՀՀ-ում կազմակերպվելիք ամենամյա փառատոներին` հացի, բերքի, գինու, դոլմայի, գորգերի և այլն: Միջազգային հարթակներում պատրաստվում ենք մասնակցել փառատոների, որոնցից մեկը տեղի կունենա սույն թվականի հունիս ամսին Վրաստանի Հանրապետությունում: Բացի այդ մենք մշտապես գտնվում ենք նախապատրաստական փուլում, այժմ պատրաստում ենք տեսանկարահանումեր մի շարք ծիսական թեմաներով, որոնք շուտով կհանձնվեն հանդիսատեսի դատին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9104 | 0 | 0
Facebook