Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի բուհերում ստացած կրթությունը բարեկեցիկ ապագայի գրավակա՞ն, թե՞ միջոցների չարդարացված վատնում

23:25, երկուշաբթի, 16 մայիսի, 2016 թ.
Հայաստանի բուհերում ստացած կրթությունը բարեկեցիկ ապագայի գրավակա՞ն, թե՞ միջոցների չարդարացված վատնում

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է: Աշխատանք գտնելու խնդիրը հատկապես զգալի է բուհն ավարտած և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների շրջանում:
     Ուսանողների հետ զրույցներից պարզ դարձավ, որ նրանց հատկապես հետաքրքրում էր ոչ թե աշխատանքը կամ տեղական աշխատաշուկան, այլ արտերկրում ուսում ստանալու հնարավորությունը: Քանի որ նրանք իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում:
     «Ինձ չի բավարարում այն կրթությունը, որը տալիս է համալսարանը, և կապ չունի թե որ համալսարանում ես դու սովորում, ընդհանուր կրթական մակարդակն է ցածր, դա է պատճառը, որ ցանկությունս մեծ է արտերկրում սովորելու» , - իր խոսքում նշեց Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Լուսինե Գևորգյանը:
     Երկրների ընտրության առումով շրջանակը շատ լայն է, բայց հայ երիտասարդների համար նախընտրելիների աղյուսակը շարունակում են գլխավորել Գերմանիան և ԱՄՆ-ն:
     Ագրարային համալսարանը համագործակցում է գերմանական մի շարք բուհերի հետ, ինչի արդյունքում ամեն տարի տասնյակ ուսանողներ են գնում այդ երկիր մասնագիտական պրակտիկա ձեռք բերելու կամ ուսումը շարունակելու համար:
     «Մի քանի օրից մեկնում եմ Գերմանիա, ուսումս այնտեղ շարունակելու: Ծրագրին մասնակցում եմ քրոջս օրինակով, ով արդեն հինգը տարուց ավել է, որ ապրում ու աշխատում է այնտեղ: Ես հասկացել եմ, որ արտասահմանում աշխատանքը գնահատվում է, ինչ չենք կարող ասել մեր երկրի պարագայում: Ուսումս ավարտելուց հետո շատ հնարավոր է, որ ես էլ մնամ այնտեղ: Հայաստանում մեղմ ասված մասնագետը չի գնահատվում, այստեղ մենք փող ենք տալիս ոչ թե ուսման, այլ ինչ որ թղթի կտորի համար, որը գուցե երբեք էլ մեզ պետք չգա» , - նշեց ՀԱԱՀ ուսանող Էդգար Ոսկանյանը:
     Մեզ հետ զրույցում կադրային կենտրոններից մեկի տնօրեն նշեց. «Պետք չէ խնդիրը միայն կրթական համակարգում փնտրել, քանի որ շատ մեծ նշանակություն ունի նաև մասնագիտության ընտրությունը. բոլորը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալուն, իսկ այս դեպքում բնականաբար առաջարկը գերազանցելու է պահանջարկին: Այնինչ միջին մասնագիտական կրթությունը մեր երկրում ավելի մեծ հնարավորություններ է տալիս երիտասարդներին: Մեզ աշխատանք գտնելու համար հիմնականում դիմում են բարձրագույն կրթությամբ մարդիկ, իսկ թափուր աշխատատեղեր շատ կան միջին մասնագիտական կրթություն ստացածների համար»:
     Արտասահմանում ուսում առաջարկող կազմակերպությունների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանց մեծ մասը առաջարկում է բացարձակապես անվճար ուսուցում: Ուսանողները նույնիսկ դրսում չեն մտածելու բնակվելու կամ սննդի վրա գումար ծախսելու մասին: Դա ևս մի պատճառ է, որը հայ ուսանողներին ձգում է դեպի արտերկիր:
     Կա ևս մի կարևոր փաստ, որ արտերկիր մեկնող ուսանողների մեջ հիմնականում գերակշռող են տղաները, իսկ դա մասնագետների կարծիքով կապված է ազգային մտածելակերպի, ինչպես նաև մեր երկրում կնոջ իրավունքների սահմանափակ լինելու հետ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4703 | 0 | 0
Facebook