Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մինչև ե՞րբ:

18:27, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Մինչև ե՞րբ:

Անահիտ Արփեն
    
     ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ…


    

1915 թվականը ցավ էր, 15-ը դավ էր, 15-ը եղեռն էր, 15-ը մենակություն էր, անօգնականություն էր, ողջակիզում էր ու նահատակություն, զոհասեղան էր ու…

Ու մինչև ե՞րբ պիտի մեզ համար գերագույն խնդիրը լինի՝ կճանաչե՞ն արդյոք ցեղասպանությունը: Իհարկե էական է, որ ճանաչեն, բայց հարցն այնքան է արդեն շահարկվել, որ քիչ է մնում առանց մտածելու ասեմ՝ թող չճանաչեն, բայց մեր հարցը լուծում գտնի: Ելակե՛տը ո՞րն է: Մենք նախ պիտի գործ անենք, որ ճանաչեն, ոչ թե դռնեդուռ ընկնենք, բողոք ու գանգատ անենք, թե ով ճանաչեց, ով՝ ոչ: Բողոքողի հետ հաշվի չեն նստում, լացողին թույլ են համարում, իսկ խփողին՝ ուժեղ: Ուժեղի մոտ էլ միշտ թույլն է մեղավոր: Ուրեմն, մենք նախ պիտի ապացուցենք, ինչ որ ասում ենք ու գիտենք մեր ծնունդից ի վեր: Իսկ մենք, քանի որ ատենախոսություններ ենք պաշտպանել ու կոչումներ ստացել, վեր դասելով անձնականը, ինքներս ենք դեռ վիճում մեր պատմական, ծագումնաբանական ու ազգային շատ հարցերի շուրջ և մենք ինքներս պաշտոնապես չենք ընդունում մեր իսկ ակնհայտ արժեքները, ուր մնաց, թե ուրիշներն իմանան պատմական ճշմարտությունները: Մենք նորի գալուն պես հինը բնաջնջում ենք, հետո բողոքում, որ մեզ կոտորում են: Մինչև մենք միակարծիք չլինենք մեր ազգի կենսագրության էջերի հարցում, մյուս ազգերին որևէ խոսք ասելու իրավունք չունենք, առավել ևս՝ որևէ մեկից որևէ բան պահանջելու: Ուրիշները իմանան էլ կձևացնեն, թե չգիտեն, որ մեզ բռնի են դուրս քշել մեր պատմական հողերից, կամ որ ավելի վատ է, ով իմանա, կհամարի մեզ քշվողներ: Մենք պետք է նախ ապացուցենք աշխարհին, որ այդքան կոտորվելով, քշվելով, աշխարհով մեկ սփռվելով հանդերձ, չենք կոտրվել, նորն ու առաջադիմականն ընդունելով՝ չենք ջնջել մեր ծագումը ու հավատարիմ ենք մեր ակունքներին: Պետք է ապացուցենք, որ մենք չենք էլ լքել մեր պատմական հայրենիքը: Որ Արևմտյան Հայաստանը պատմության գիրկը հավերժ չի անցել: Որ շատ – շատերս դեռ ապրում ենք այդ տարածքներում՝ ոմանք հայ մնացած, ոմանք թրքացած կամ քրդացած: Եվ այսօր, բացահայտ, թե ծպտված կամ իսլամացած, բայց հայը շարունակում է ապրել Թուրքիայում: Իսլամն էլ կրոն է, ազգային պատկանելություն չէ: Մեր խնդիրն է ապացուցել, որ այսօրվա Թուրքիայում ապրող այդքան հայ մարդիկ իրավունքներ ունեն որպես տեղաբնակներ, իսկ դրսինները՝ որպես բռնադատվածներ: Մենք այս ուղղությամբ պիտի աշխատենք: Թե չէ ապացուցել, որ ցեղասպանություն է եղել, հայոց հարցը լուծելու համար բավարար չէ: Իհա՛րկե եղել է: Ամբողջ աշխարհը գիտի: Թուրքերը մեզնից լավ գիտեն, որովհետև իրենց համար դա թաքուն բան չէ, դա պաշտոնական քաղաքականություն է, և իրենց արխիվներում են բոլոր ապացույցները: Շատերս վստահ ենք, որ Ամերիկան ցեղասպանությունը չի ընդունի, որովհետև իրենք էլ իրենց տարածքի բնիկներին են վերացրել, բայց էլի ամեն տարի ապրիլի 24 - ին նայում ենք ԱՄՆ – ի հերթական նախագահի բերանին: Ամերիկա մայրցամաքի բնիկները ձուլվել - վերացել են, Ասորեստան չկա, Բաբելոն, Բյուզանդիա չկա: Իսկ մենք կա՛նք: Սա՛ է հարցը: Սա է պահանջատիրության առաջին նախապայմանը: Արևմտյան Հայաստանում կոտորվածների ժառանգներին փող էին տալիս… Դա մեղքերի ապաշխարության համար մոմի փող չէ, դա ռեալ ապացույց է ժառանգների և այնտեղ նրանց նախնիների գոյության, որոնք միայն դրամ կամ տուն չէ, որ ունեցել են… Հայերի հարցն օդից վերցված չէ և դա բոլորը գիտեն, հայոց հարցն ուրիշ է: Գերմանիան հրեաների պատմական հայրենիքը չէր: Եվ հրեաներինը, որ հոլոքոստ էր, ոչ թե իր պատմական հայրենիքում ասպատակողի ձեռքով կատարված ցեղասպանություն, էլի դատը շահեցին ու պետություն ստացան: Իսկ մենք մեր ունեցածը վերադարձնել չենք կարողանում և սեփականը վերցնելու փոխարեն անվերջ նահատակվում ենք: Ինչո՞ւ: Մինչև ե՞րբ պիտի մեր թուրը հենց հարվածելու պահին, կեսից օդում կախենք, մինչև ե՞րբ պիտի էշի նահատակ լինենք, փոխարենը զարթոնք ու հառաջ գոռանք… Միայն այս վերջին մեկ դարի մեջ երեք անգամ պետություն ստեղծեցինք, երեք անգամն էլ` նախորդը ջնջելով ու զրոյից սկսելով: Մինչև ե՞րբ պիտի ողբանք, ոչ թե յարխուշտա պարենք ու ծափ զարկենք, երբ դրա իրավունքը վաստակել ենք քանիցս… Մինչև ե՞րբ պիտի ուրիշի երեսը նայենք ու սեփական արյունը ճնշենք, փոխարենը առվի առաջը բացելու, որ հորդա ու իր հունը գտնի, որպեսզի պապակած հողը սնվի ու երերա ոսոխի ոտքի տակ: Մինչև ե՞րբ պիտի սեփական արյունը լերդացնելով` գունդ - գունդ կտրենք, շան ու գելու բաժին դարձնենք կամ բորենիների առաջ գցենք: Մինչև ե՞րբ ենք չհասկանալու, որ մեր արյունը արի արյուն է, և մեզ միայն չարի հարվածներ են տեղալու` դավադիր, անհանդուրժող, ոխակալ, մեր տեսակը ճնշելու, չճնշվողին վերացնելու միտումով: Մինչև ե՞րբ ենք չհասկանալու, որ մենակ ենք եղել միշտ ու պիտի ապավինենք նախ և առաջ ինքներս մեզ ու չպետք է վիզ ծռենք ոչ ոքի առաջ: Մինչև ե՞րբ պիտի վախենանք, որ մենք թշնամիներով ենք շրջապատված, փոխարենը հասկանալու, որ չկան հավերժ թշնամիներ, ոչ էլ մշտական բարեկամներ, իսկ մենք եզակի ազգ ենք ու մեր հավաքական ուժի առաջ ոչ մի արգելանք չի դիմանում… երբ կիրառում ենք, իհարկե:

Մինչև ե՞րբ ենք սեփականը, ողորմելի մահկանացուի նեղ անձնականը գերադասելու ազգի, զավակի ապագայի, մեր իսկ փառքի ու արժանապատվության հեղինակությունից… Մինչև ե՞րբ ենք հաղթելու, բայց պարտված մնալու, մինչև ե՞րբ ենք ազգային արժեքները շահարկելու և երբեք դրանցով չառաջնորդվելու, այլ խոսք ասելու, գործելու ատեն «մկան ծակին 1000 թուման տալու» … զիջելով ու անտեսելով մեր զավակների թափած արյունը: Տե՜ր ամենակարող, ե՞րբ ենք զարթնելու, ե՞րբ ենք դադարելու խամաճիկ լինել և սեփական արժանապատվությունն ու հայրենին ուրիշի ոտի կոխան դարձնելու փոխարեն սեփական պատիվն ու արյունը բարձրացնելու, գնահատելու և վեր դասելու ամեն ինչից… ընկած յուրաքանչյուր հայ նահատակի ու հայ զինվորի համար հատուցում պահանջելով կամ այն ուժով նվաճելով: Ե՞րբ ենք վրեժխնդիր լինելու իրապես և ոչ թե ձևականորեն… որպեսզի չկրկնվի ոճիրը, որպեսզի դադարեցնենք ազգի արյան հեղումը: Որևէ մեկին հաղթելու համար նախ ինքներս մեզ, մեր վատ նկրտումները պիտի հաղթահարենք: Իսկ մինչ այդ, կրկնվելու է ամեն ինչ, ամեն անգամ նույնությամբ: Ազգիս արյունը չի հեղվում մարտի դաշտում, ազգիս արյունը հեղվում է, պղծվում, դավաճանվում, ուրացվում զոհասեղաններին… Եվ կրկնվում է ամեն ինչ. հայը, ֆիդային, ազատամարտիկը, զինվորը ջարդում է ոսոխին, բայց ձեռքը բռնում ենք ու վիզը դնում թշնամու յաթաղանի տակ: Եվ կրկնվում է ամեն ինչ. ամեն անգամ մենք կասեցնում ենք հաղթականորեն առաջ գնացող զորքի թափը, կոտրում ոգին, նեղացնում առաջնորդներին, ցրում շարքերը, ինչպես Վանում, Ապարանում, Նախիջևանի, իսկ այսօր Արցախի սահմանին և… այդպես շարունակ: Հայը չի քշում թուրքին մինչև վերջ, մինչև նրա որջը, այլ թողնում է իր քթի տակ, որ նորից իրեն հարվածի՝ ակնկալելով դիվանագիտական լուծում, որը երբեք հայի օգտին չի լինելու, որովհետև դիվանագիտությունը երբևէ որևէ մեկի օգտին չի լինում, այլ լինում է ի շահ սեփականի: Եվ կրկնվում է ամեն անգամ նույնը` անունը դնում ենք դիվանագիտություն, պատճառաբանում, որ թույլ չեն տալիս մեզ, և վիժեցնում ենք սեփական հաղթանակները, արդեն նվաճա՛ծ հաղթանակները, ազգի արյա՛մբ նվաճած հաղթանակները: Չհասկանալով, որ սեփական նկրտումների դեմ գնալն ու դրանք բանադրելը ոչ մի տեղ չեն տանում, բացի որկոր լցնելուց` ինչպես այլասերումն ու անպտղությունը: Ինչպես վախերով լցված մութ ու թաց հորի մեջ ընկնելը, որի սևությունը ծայր չունի, ուղի չէ, թունել չէ, որ երբևէ առջևում լույս երևա:

Իմ սուրբ ազգ, դու սրտիս մեջ չես, դու իմ երակներով հոսող արյունն ես, որը սնուցում է ամբողջ մարմինս ու եթե այդ արյունը պահպանելու և հայոց արի ցեղի ցրիվ եկած բեկորները հավաքելու ճարերից մեկն էլ այս ապրիլյան, նոր արյուն պահանջող փորձությունն էր, թող այդպես լինի, և մենք խմեցինք այդ բաժակը, բա՞յց… Ներիր, Տեր Աստված, որ քո տված հնարավորությունը դարձյալ ցրիվ տվեցինք, քանի որ, թեև բաժակը խմեցինք, բայցև արժանի չեղանք հաղթանակ գրանցելու, հաղթող կոչվելու…

Թուրքը ուզում է խմել հայի արյունը, որ մարդ դառնա, քիչ չի խմել 1915 - ից առաջ էլ, հետո էլ… Արյուն էլ է խմել, ողնածուծ էլ, զարմ ու սերմ էլ… Ու շարունակում է խմել, ու մենք «տալիս ենք», թույլ ենք տալիս, ու 101 տարի անց էլ դեռ թուրքի ձեռքով այսօր Արցախում հեղվում է հայի արյունը, դարձյալ ապրիլին, ու դարձյալ հայը մեն - մենակ է, բայց կարողանում է պաշտպանել իրեն: Այս ապրիլին հայը աշխարհին ցույց տվեց, թե ինչ արի զարմ է ինքը, մեկ անգամ ևս ապացուցեց, որ մարտում ջարդում է ոսոխին` ում ձեռքով, ում զենքով ու դրդմամբ էլ որ խփեն իրեն: Հայը եզակի է, ընտրյալ է, անպարտելի է, բայց… երբ ելնում է, երբ կռվում է, երբ ինչ - որ զենք է կիրառում: Ապրիլ, 2016: Հայը ջարդեց թուրքին` երբ վատ էր ապրում, երբ առավել չգնահատված էր, չսփոփված, ցրված ու անմիաբան… Բայց դարձյալ մի մարդու պես, ազգի արի ոգով, չզիջելու կորովով, աշխարհի առաջ ճշմարտությունը դնելու պատրաստակամությամբ ու մինչև վերջ գնալու անսասան կամքով կռիվ տվեց, զավակների ու իր արյունը հեղեց, հաղթեց: Եվ կրկնվեց նույնը: Բոլոր կողմերից կասեցվեց հայոց զորքի առաջխաղացման ու միասնական հայի համազգային վերելքի թափը` թողնելով, որ հատիկ - հատիկ վերացվենք… ինքներս մեզ վերացնենք:

Եվ դարձյալ, թեև հաղթել ենք, պարտված ենք մեզ զգում: Մինչև ե՞րբ: Հավե՞րժ, քանի որ ըստ աշխարհի շահի` ուժեղի մոտ միշտ էլ թո՞ւյլն է մեղավոր: Ուրեմն ինչո՞ւ չենք ուզում լինել այդ ուժեղը, երբ իրոք ուժեղ ենք, երբ արարչածին ենք ու դյուցազնազարմ, երբ հասկանում ենք, որ հայոց գենն անմեռ է, քանի որ բարու արժեհամակարգ ունի իր մեջ, և հնարավոր չէ ոչնչացնել արարչագործ ազգը, որովհետև դա կլինի համայն մարդկության առաջընթացի վիժեցումը: Հասկանում ենք, բայց… Ամեն անգամ խամաճիկի թևալարերով պառկում ենք ուրիշի զոհասեղանին: Թուրքն ուզում է պղծել, որ չերևա իր ոչինչությունը: Թուրքին հասկանում եմ, մեզ` ոչ:

Հայոց բազմաչարչար ու արնաթաթախ հողն այս անգամ կթրջվի՞ արդյոք դիվանագիտության թանաքով, թե՞ դարձյալ մեր շերեփը թղթե է լինելու, որ ով մեջն ինչ լցնի, ծակվի, ու ոչ բերաններս բան ընկնի, ոչ աչքներս բան տեսնի: Արդյո՞ք հավատարիմ ենք մնալու մեր հողի կանչին, մեր թափած արյանը, թե շարունակելու ենք ողբալ, թե մեզ կոտորում են…

Մինչև մենք վերջ չդնենք ողբասացությանը, մինչև չառաջնորդվենք «կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՜նք» կարգախոսով, մեր արյունը կհեղվի իզուր, կհեղվի ուրիշի զոհասեղանին և՝ ոչ միայն թուրքի: Քանի դեռ մենք բերաններս աշխատեցնում ենք թշնամու արածների մասին ասելու համար, փոխարենը անենք նրան ու հայադավին ջախջախելու քայլ, հայոց արյունը կհեղվի իզուր: Մինչև մենք չդադարենք հայացքներս հառել ուրիշի բերանին, փոխարենը տեսնենք նրա արածն ու արածի արդյունքը, մեր արյունը կհեղվի իզուր: Քանզի մենք ոչ դաս ենք քաղում, ոչ սխալների վրա սովորում: Մինչդեռ ամեն անգամ, որքան բարձր է ոգեշնչումն ու զոհաբերվելու պատրաստակամությունը, այնքան ցածր է լինում անկումը, երբ սպասելիքները չեն արդարանում: Մինչև ե՞րբ փոշիացնենք մեր ջանքերը՝ անպտուղ ապացուցելու վրա, թե ով է կառուցում, ով ավեր սփռում, երբ անիմաստ է ապացուցել, թե ապիկարն ապիկար է: Մինչև ե՞րբ թույլ տանք, որ ապիկարը հեղի մեր արյունը:


    
    

Անահիտ Արփեն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5591 | 0 | 0
Facebook