Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կինը միայն տնտեսուհի չէ

16:00, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Կինը միայն տնտեսուհի չէ
    
Կնոջը ցանկալի է տեսնել խոհանոցում, ինչ-որ համեղ բան պատրաստելիս, կամ էլ երեխաներին խնամելիս, բայց ոչ երբեք մեքենայի ղեկին: Սա մեր հասարակությունում ձեւավորված կարծրատիպերից է, չնայած այս մտայնությունը չի խանգարում, որ վարորդների շարքերում տարեցտարի աճի կանանց ու աղջիկների թիվը: Թվի ավելացումն էլ դեռ չի նշանակում, որ ղեկին հմուտ ու փորձառու վարորդներ են, մանավանդ՝ որոշ ծնողների կողմից այսօր մոդայիկ է դարձել աղջիկներին ավարտական վկայական ստանալու առիթով կամ, ասենք, ծննդյան տոնին ավտոմեքենա նվիրելը:
     Ինչպե՞ս է արձագանքում մեր հասարակությունը կին վարորդներին, եւ արդյոք մի փոքր ավելի զիջողաբա՞ր է մոտենում նրանց, փորձեցինք պարզել մեր զրուցակիցներից: Արմինեն, ով արդեն 13 տարի է, ինչ մեքենայի ղեկին է, փաստում է. «Արձագանքները տարբեր են, լինում է, որ շատ բարյացակամ են վերաբերվում, լինում է նաեւ, որ ընդհանրապես զիջումների չեն գնում»: Իսկ Անահիտի խոսքերով, ով 3 տարի է, ինչ ավտոմեքենա է վարում. «Երբ տեսնում են կին է, անմիջապես զիջման են գնում»:
     Փորձեցինք պարզել, թե ինչպիսին է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների արձագանքը կին վարորդներին: «Ճանապարհային ոստիկանությունը արտակարգ է վերաբերվում, շատ բարեհամբույր են կանանց նկատմամբ: Ճիշտ է, երբ խախտում ենք կատարում, այդքան էլ չեն զիջում, բայց վերաբերմունքը միանշանակ բարեհամբույր է լինում կանանց նկատմամբ», - ասում է կին վարորդ Հերմինեն:
     Մեզ մոտ Հայաստանում գործում է նաեւ Կին վարորդների ֆեդերացիա, որը աջակցում է, եւ ամեն կերպ փորձում է կին վարորդներին քաջալերել ղեկին: Հայաստանի կին վարորդների ֆեդերացիան կոտրում է կարծրատիպերը: Այն գրեթե ամեն տարի կազմակերպում է ավտոմրցույթներ: Ղեկին լինում են միայն կանայք եւ աղջիկներ, իսկ տղամարդիկ դիտողի եւ ոգեւորողի կարգավիճակում են հայտնվում: Շատերը բողոքում են, թե աղջիկները հեշտ չեն կարողանում մեքենաները կայանել ու այդ առումով խնդիրներ են ունենում: Կին վարորդների ֆեդերացիայում աշխատում են նաեւ այս ուղղությամբ՝ աղջիկներին եւ կանանց վարժությունների շնորհիվ սովորեցնում են ճիշտ կայանել մեքենան: Ժամանակները փոխվում են, եւ բարեբախտաբար, հասարակությունը ավելի լուրջ է փորձում մոտենալ կին վարորդներին:
    
ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
    
«Առավոտ» օրաթերթ
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/21/641495/
    
     © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    

    
    
Աղբյուրը` aravot.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8924 | 0 | 0
Facebook