Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միասնությունն ուժ է

01:01, չորեքշաբթի, 06 ապրիլի, 2016 թ.
Միասնությունն ուժ է
     Ժողովուրդ ջան մի բան պիտի ասեմ, չգիտեմ, որքանով կկիսեք իմ տեսակետը, բայց, այնուամենայնիվ...
     Ժողովուրդ, Ա՛ԶԳ, առաջին արցախյան պատերազմից մինչ երկրորդ արցախյան պատերազմ ընկած ժամանակահատվածը մեր և մեր իշխանությունների մեջ տարածված էր անվստահության, փոխադարձ զզվանքի և հակակրանքի ճնշող մթնոլորտը, որը հաճախ օբյեկտիվ էր, երբեմն սուբյեկտիվ: Ինչևէ... Սակայն երկրորդ արցախյան պատերզմը ցույց է տալիս, որ չնայած իր կրած բոլոր զրկանքներին և ծանր սոցիալական պայմաններին, հայի ոգին անհաղթելի է ու ճնշող հակառակորդի համար: Հայի ոգեղեն ուժը, միախառնված նրա բազկի հարվածի ուժգնության հետ, այսօր սահմռկեցնում է նրա հակառակորդներին ու թշնամիներին և, միևնույն ժամանակ, համոզված եմ, որ սարսուռ է անցկացնում համայն մարդկության մարմնով: Քանի որ հայը ողջ մարդկությանը ցույց է տալիս արդարության տենչի, արարչական կենսակերպի ուղին: Բոլորը՝ օտար մարդիկ, պետությունները՝ միջազգային հանրությունը, կարծում էին, որ մենք մեռած հասարակություն, պետություն և ԱԶԳ ենք: Սակայն, ի հեճուկս բոլորին, մենք ցույց տվեցինք, որ լատին չենք: Մենք ՀԱՅ ենք, արիացի, հավերժի ճամփորդ և ավելի կենսունակ քան եվրոպական և արևմտյան մի շարք այլ երկրներ: Չցանկանալով վիրավորել ոչ մեկ այլ պետության և ժողովրդի՝ նրանց ընտրած պայքարի ուղու և գոյության ճանապարհի համար, այնուամենայնիվ, պիտի մատնանշեմ, որ անմահության հարթավայրն ընկած է Արարատի փեշերին, մեր լեռների կատարներին և իր հողին ամուր կառչած ամեն հայորդու հոգում, սրտում ու կենարար բազուկների մեջ:
     Սիրելի հայ ժողովուրդ, պարոնա՛յք իշխանավորներ, հույս ունեմ, որ այս օրերին հաստատված ինքնաբուխ միասնականությունը կդառնա օրինաչափություն և հետագայում էլ ձեռք ձեռքի տված, ժողովուրդ-իշխանություն միասնականությամբ կզարգացնենք, կշենացնենք մեր երկիրը, որը մոտագայում անպայման պիտի դառնա մեր փափագած արարչական հզոր երկիրը: Մենք բոլորս սիրում ենք մեր երկիրը, թեպետ բազմիցս նեղացել ենք նրանից, բայց ինչպես գիտենք՝ ծնողից նեղացող որդին որդի չէ:
     ՀԱՅԵՐ ջան, իմ հերոս հայրենակիցներ ես տեսնում եմ մեր լուսե ապագայի նախագիծը, մենք կարող ենք կերտել Հզոր Հայաստան: Այդ նպատակին հասնելու համար մեզ պետք է ներողամիտ լինել միմյանց հանդեպ, թույլ տալ մեր ներքին փյունիկին ոչ միայն վեր հառնել ածխափոշուց, այլև ճախրել իր լայն բացված թևերով մեր հայրենի երկրի ծիրերով: Եկեք բարությամբ լցված մեր հոգիները, մեր հոգատարությունը միմյանց հանդեպ պահպանենք աչքի լույսի պես: Միթե՞ վատ է սիրել դիմացինիդ: Պարզապես մենք հետ ենք վարժվել այդ զգացումից և մեզ կաշկանդել՝ դնելով խիստ սահմանափակ ու կեղծ շրջանակների մեջ: Սիրե՛նք, փայփայե՛նք, հավատա՛նք ու վստահենք միմյանց իմ հզոր հայերնակիցներ: Ես հպա՜րտ եմ ձեզանով: Ուզում եմ, որ դուք էլ միմյանց շրջապատում հպարտ և ուրախ լինեք, սիրեք միմյանց ու էլ երբեք չընկնեք այն խավարի ճիրանների մեջ, որում հայտնվել էինք առաջին և երկրորդ արցախյան պատերազմների ընթացքում:
     Ինչ վերաբերում է իշխանություններին՝ հարգելի պարոնայք իշխանավորներ, այն, որ դուք դուրս եք եկել ժողովրդի միջից ոչ ոք չի ժխտում, այն, որ ձեր կառավարումը լավագույնս չի արտացոլել ժողովրդի ցանկությունները, միայն ձեր մեղքը չէ, քանի որ ժողովուրդը տարբեր օբյեկտիվ պատճառներից ելնելով չի կարողացել իր խոսքը հասու դարձնել Ձեզ, թեպետ դուք էլ ժողովրդի ծոցից դուրս գալով մշտապես պետք է ականջալուր լինեիք այդ ձայնին և երբեք չմոռանայիք, որ դուք ժողովրդի զավակն եք ու նրա ծառան այնպես, ինչպես ես, ընկերս, բարեկամս, հարևանս՝ բոլորս:
     Հարգելի պարոնայք իշխանավորներ ոչ մեկիս գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդն ու իշխանությունները հակակրանքով, երբեմն ատելությամբ ու վիրավորանքով, հաճախակի անվստահությամբ ենք հարաբերվել միմյանց հետ, սակայն հույս ունեմ, որ ձեր սրտերի մեջ էլ ապրում է հայը, սերը, արդարության ձգտումն ու տենչը: Ես հուսով եմ և ուզում եմ վստահություն հայտնել, որ անցյալում են մնացել մեր տարաձայնությունները և դուք այսուհետ ականջալուր լինելով ձեր ծնող ազգի, հողի և պետության ձայնին, վարելու եք ազատ, ազգանվեր, հաշվետու և ինչու չէ նաև անվախ քաղաքականություն: Ես, որպես հայոց ազգի մեկ մասնիկը, նրա մի էլեկտրոնը, ուզում եմ վստահություն ունենալ ձեր հանդեպ: Ես ուզում եմ հավատալ ձեզ և մեր պայծառ ապագային: Եկեք մի կողմ դնենք բոլոր-բոլոր տարաձայնություններն ու ձևականությունները, եկեք պարզ ու ներողամիտ հայացքով նայենք միմյանց աչքերի և անցյալում թողնելով մաղձն ու թշվառականի նախկին հոգեբանությունը, առաջ նայենք պարզ, զուլալված աչքերով: Ես հավատում եմ ասածներիս և բոլորիս: Հանուն Ազգի, Հերոսների, մեր ազգային սկզբունքների ու պայծառ ներկայի և ապագայի:
     Հուսով եմ ձայնս արձագանք կգտնի շատերի հոգիներում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4068 | 0 | 0
Facebook