Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադամանդները իջան ծովի հատակը, փրփուրները բարձրացան ծովի մակերես

09:36, հինգշաբթի, 17 մարտի, 2016 թ.
Ադամանդները իջան ծովի հատակը, փրփուրները բարձրացան ծովի մակերես

Ադամանդները իջան ծովի հատակը, փրփուրները բարձրացան ծովի մակերես


    

Սաթենիկ Ազատյան


    

Վերջերս «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը համերգային ծրագրով հանդես եկավ Լիբանանում, որի մասին իր հույզերն ու ոգևորությունն է կիսում անսամբլի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:

-Ի՞նչ առաքելությամբ էիք մեկնել Լիբանան, պատմեք, խնդրեմ:

-Մեզ հրավիրել էր Համազգային մշակութային միությունը, որը կազմակերպել էր լիբանանյան շրջանային վարչությունը՝ համագործակցությամբ Հայաստանի գրասենյակի հետ:

Փետրվարի քսանյոթից մարտի հինգը Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը համերգային շրջագայությամբ հանդես եկավ Լիբանանում: Ունեցանք չորս մեծ համերգ, որից ռաջինը տեղի ունեցավ իրենց մոտ հայտնի Էմիլ Լահուդ սրահում: Բայց ամենազարմանալի ու հետաքրքիր փաստն այն էր, որ երբ նստեցինք ինքնաթիռ, մեզ բաժանեցին հայկական «Ազդակ» թերթը, որտեղ մեր անսամբլի մասին հոդված կար, և առանձին տողով ընդգծված էր, որ համերգի տոմսերը սպառված են: Այդ փաստը անկեղծորեն մեզ շատ ոգևորեց և հուզեց, որովհետև հիմա նույնիսկ հայրենիքում շատ դժվար է համերգային տոմսերը միանգամից սպառել: Ես հյուրախաղերով բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց Լիբանանում թե ՛ես, թե՛ մեր անսամբլը առաջին անգամ էինք լինում: Դա էր պատճառը, որ պատրաստեցինք լիբանանյան ամենասիրված ազգային երգերից մեկը՝ «Նասամ ալեյ» -ը, և համերգի երկրորդ բաժինը բացեցինք հենց այդ երգով՝ մեր հարգանքի տուրքն ու երախտագիտությունը հայտնելով Լիբանանի ազնիվ ժողովրդին, որը գրկաբաց ընդունեց 1915 թվականի եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին: Երգը մեծ ոգևորությամբ և ցնծությամբ ընդունվեց, ինչը մեզ առավել ոգևորեց:

-Իսկ ի՞նչ հանդիպումներ ունեցաք:

-Հենց առաջին օրը մեզ հրավիրել էին Անթիլիասի մայր տաճար՝ պատարագի, որից հետո մեզ ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

Հաջորդ օրը հանդիպեցինք և համերգ տվեցինք Բեյրութի հայկական կրթական հաստատություների ավագ դասարաների սաների համար: Ինքս ունեցա նաև համերգ - դասախոսություն: Շրջագայությունը միայն համերգներով չսահմանափակվեց. մենք գնացինք նաև Այնճար՝ փոքրիկ մի գյուղաքաղաք, որտեղ միայն հայեր էին ապրում, հիմնականում, մուսալեռցիներ: Ասում էին, որ այդ հողատարածքը եղեռնից փրկված վեց գյուղերից գաղթած իր հայրենակիցների համար գնել է Մեծ հայ Գալուստ Գյուլբեկյանը: Ըստ այդ վեց գյուղերի՝ քաղաքապետարանը ուներ վեց թաղ՝ իր վեց թաղապետով, յուրաքանչյուր թաղ ուներ իր ոստիկանը, և բոլորն էլ հայ էին, այսինքն՝ պետական իշխանությունը հայկական էր: Կար երեք եկեղեցի, և նրանց կից՝ երեք դպրոց. այս փոքրիկ ավանը ապրում էր կազմակերպված բուռն ազգային կյանքով: Ես ուղղակի հիացած էի:

-Միայն համերգներով չսահմանափակվեցիք, ունեցաք բազմաթիվ հանդիպումներ, որոնց գլխավոր նպատակը, ենթադրում եմ, հայապահպան գաղափարն էր:

- Նպատակը և թիրախը մեր հայրենակիցների համար հնարավոր առավելագույնը անելն էր:

-Այսօր այնտեղ հայ աշուղներ կա՞ն:

-Հիմնականում, ոչ, մեկը կար Այնճար գյուղում՝ Րաֆֆի անունով: Ես նրան ասացի, որ մեզ հետ կապ պահի, և որ ամեն ինչով կաջակցենք նրան:

_Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա մեր երաժշտական դաշտը:

-Հայաստանի՞:

-Այո:

-Տխուրից մի քիչ վերև. ես գտնում եմ, որ երաժշտական առումով շատ տխուր ժամանակներ ապրեցինք, երբ գոհարները, ադամանդները իջան ծովի հատակը, փրփուրները բարձրացան ծովի մակերես: Բայց բարեբախտաբար այդ վիճակը ժամանակավոր է, որովհետև չի կարող անպետքությունը գրավել բարձրարժեքի տեղը: Մեր դահլիճներից դուրս մնացին Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Սայաթ- Նովան ու Ջիվանին, և շատ լավ գիտենք, թե ովքեր մտան այդ սրահները, և ովքեր դարձան տեր ու տիրական այդ դահլիճներում. շատ ցավոտ փաստ եմ ասում: Բայց այսօր, Փառք Աստծո, կարծես սառույցը տեղաշարժվել է, այսօր ունենք ողջամիտ երիտասարդություն, որը շատ խոստումնալից է: Ես հավատում եմ, որ նրանցով մեր հայրենիքի վաղվա ապագան պայծառ է: Այդ առումով ընկճված չեմ և լիահույս եմ, որ վաղը այսօրվանից ավելի լավ է լինելու: Այդ ամենին պետք է պետական լուծում տրվեր, արգելվեր, որ ռեստորանային երաժշտություն կոչվածը մտներ բարձր բեմ, թող գնան, իրենց ռեստորանորում այդ երգերը երգեն:

-Գուցե մասնագետները՞ քայլ անեն, որ դա պետականորեն արգելվի:

-Բա մեր պետությունը ինչի՞ համար է, միթե՞ մենք ազգը դաստիարակելու պետական ծրագիր չունենք: Ես կարծում եմ, որ անպայման պետք է մշակվի ծրագիր, ըստ որի՝ պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժիշտները կունենան իրենց տեղն ու դերը, և ամեն մեկը հանդես կգա իր համար նախատեսված բեմում:

-Ի՞նչ մակարդակում է գտնվում մերօրյա աշուղական արվեստը:

-Այսօր ունենք երեսունից ավել աշուղներ, ունենք ակտիվ և գրագետ ստեղծագործողներ: Անուններ չթվարկեմ, բայց ասեմ, որ ինձ համար ամենատաղանդավորը աշուղ Լեյլին է, որն օժտված է աստվածատուր շնորհով:

Ինձ մնում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի խմբին և նրա ղեկավար Թովմաս Պողոսյանին, որն կոմիտասյան սկզբունքներին հավատարիմ արվեստագետ է, մաղթել ստեղծագործական նորանոր վերելքներ և նոր ջերմ հանդիպումներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6836 | 0 | 0
Facebook