Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ջազասեր գյումրեցիներին սպասվում է ջազային էներգիայով լի նոր հաղորդում

22:06, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Ջազասեր գյումրեցիներին սպասվում է ջազային էներգիայով լի նոր հաղորդում

Ջազն, իր նուրբ ու խորաթափանց էներգետիկան տարածելով մարդկանց էության մեջ, կերտում է իրական ջազասերների անհատականությունը՝ տեղափոխելով նրանց նիրվանայի աշխարհ, իսկ ջազային հսկաները ինչպիսիք են Էլլա Ֆիցջերալդն ու Ռեյ Չարլզը կերտում են ջազային երաժշտության պատմության հեքիաթային կողմը: Բարեբախտաբար, Հայաստանում վերջին տարիներին նկատվում է երաժշտության այս ճյուղի նկատմամբ հետաքրքրությունը, ինչը հույս է առաջացնում, որ առաջարկը կծնի պահանջարկ: Այսպիսի մի առաջարկով էլ հանդես կգա «Շիրակ ջազ» հեռուստանախագիծը, որը եթերում կլինի փետրվարի 14-ից, Շիրակ հանրային հեռուստաընկերության եթերում:

Թե ինչպես ծնվեց նախագծի ստեղծման գաղափարը և թե ինչ նպատակներ է իր առաջ դրել հաղորդման ստեղծագործական թիմը, փորձեցինք պարզել նախագծի հաղորդավարուհի Լիլիթ Թովմասյանից:

«Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսել այս ամենի նախապատմության մասին. ամեն բան սկսվեց «Ջազը եւ Գյումրին» հայտնի նախագծից, հետո առաջարկ ստացա խմբագրել Jazz info ամսաթերթը: Բոլոր նրանք, ովքեր երբեւէ վայելել են ինչ-որ բան ստեղծելու հաճույքը, թերեւս գիտեն՝ ինչքան կարեւոր է մարդու ստեղծագործող տեսակի համար անընդհատ զարգացումը: Հենց այդ տրամաբանությամբ էլ ծնվեց ջազային նախագծերի հաջորդ՝ հեռուստատեսային ձեւաչափը՝ «Շիրակ ջազ» նախագիծը»:

Հաղորդավարուհին նշեց, որ անկախ հեռուստաընկերությունների արտադրանքից ու հեռուստադիտողների լայն զանգվածների պահանջներից, ինչպես ինքն այնպես էլ ամբողջ ստեղծագործական անձնակազմը մի ակնթարթ անգամ չեն երկմտել սկսել, թե չսկսել այս նախագիծը, որովհետև հաղորդման վրա աշխատող բոլոր մարդկանց համար դիտումների քանակից առավել կարեւոր է լավ երաժշտության առկայությունը եթերում, եզակի տեսահոլովակների ցուցադրման հնարավորություն ունենալը, 20-րդ դարի երաժշտության պատմությունը ձեւավորած մարդկանց մասին եւս մեկ անգամ խոսելն ու փաստելը: Նա նաև նշեց, որ եթե անգամ մեկ գյումրեցի պատանի, որ այսօր երաժշտական դպրոցում է սովորում, այս նախագծից հետո փնտրի, գտնի ու իր համար բացահայտի Տիգրան Համասյանին, հնարավոր լինի իր դպրոցի դահլիճից հասնել համաշխարհային համերգասրահներ, իրենք կհամարեն, որ «Շիրակ ջազ» -ն իր առջեւ դրված առաքելությունը կատարել է:

Խոսելով հայկական ու համաշխարհային ջազի նմանությունների ու տարբերությունների մասին` Լիլիթը մեկնաբանեց. «Ես այս հարցին կարող եմ պատասխանել միայն տեսական մակարդակում, նկատի ունեմ՝ որքան էլ մոտ եմ երաժշտությանը կամ ունեմ բազային երաժշտական կրթություն, այնուհանդերձ, երաժշտագետ չեմ, որ մասնագիտորեն քննության առնել կարողանամ հայ եւ համաշխարհայի ջազի նմանություններն ու տարբերությունները: Բայց ձեր մեջբերած տեսակետի հետ համաձայն եմ այնքանով, որ այսօր, աշխարհին հայտնի հայ ջազմենները էթնիկ ջազ են կատարում. այսպես՝ Տաթեւիկ Հովհաննիսյանը հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներ է ներկայացնում աշխահին, Կոմիտաս ու Սայաթ-Նովա է երգում՝ ջազային իմպրովիզներով եւ նրա՝ «Listen to My Heart» (Լսիր իմ սրտին) սկավառկի շնորհիվ է նաեւ աշխարհին հայտնի հայկական էթնիկ ջազը: Տիգրան Համասյանի վերջին` «Լույս ի լուսո» ալբոմն էլ ամբողջությամբ նվիրված է V-XX-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությանը: Տիգրանը հայոց հոգեւոր երգի ձայնեղանակային համարկարգն ու օրենքները պահպանելով՝ նոր դիտանկյունից է ներկայացնում հոգեւոր երգի բացառիկությունն ու աշխարհին, փաստորեն, ներկայանում հայոց օրհներգերի ու շարականների մշակումներով: Թերեւս այս օրինակներից ելնելով էլ ձեւավորվել է այն կարծիքը, որ հայկական ջազում այսօր գերիշխում է ազգային մեղեդին:

Զրուցելով նաեւ նախագծի պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանի հետ՝ ճշտեցինք, որ ստեղծագործական թիմում հիմնականում երիտասարդներ են ընտրվել, որովհետև ծրագրի առաջնային նպատակներից մեկը ճշմարիտ արվեստ պրոպագանդելն ու նրանց միջոցով եթերը ցածրորակ երաժշտությունից մաքրելն է: Իսկ կոմերցիան ընդամենը որպես միջոց ծառայեցնելով ու շեշտը դնելով արվեստը զարգացնելու վրա, այս ջազային հաղորդումը խոստանում է հավատարիմ մնալ ջազը Հայաստանում կոմերցիայի չվերածելու սկզբունքին: «Մեր նպատակը ԱՐՎԵՍՏԻ մատուցումն է, իսկ ԿՈՄԵՐՑԻԱՆ ընդամենը ծառայում է որպես միջոց», մեջբերեց պրոդյուսերը: Մանուկյանի խոսքով՝ հեղինակները անելու են ամեն ինչ մեկ եթերաշրջանով չեզրափակվելու և դրա միջոցով բարձրորակ երաժշտություն սերմանելու համար . «Բացի այդ կարծում ենք, որ հաղորդումը ընդունակ կլինի որակյալ կերպով բավարարելու խստապահանջ գյումրեցի հեռուստադիտողի պահանջները», եզրափակեց նա:

Հաղորդավարուհի Լիլիթն էլ շատ չբացելով փակագծերը միայն հայտնեց, որ Էկրանից փոխանցվող վարակիչ ջազային էներգիայով լի հաղրդումներ են սպասվում ջազի երկրպագուներին ու ջազասեր գյումրեցիներին, որոնց ընթացքում իրենք կբացահայտնեն մարդակային ճակատագրերը՝ ջազային կենսագրության առանցքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4364 | 0 | 0
Facebook