Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում

PersonProject.info
Մամուլի խոսնակ`
PersonProject.info
23:17, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2015 թ.
Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 2002թ. գործում է Բորբոքային հիվանդությունների բաժանմունքը` սկզբում որպես լաբորատորիա, իսկ 2005թ. սեպտեմբերից` առանձին բաժանմունք: Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի եղեջրաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ-վիրաբույժ Անի Համբարձումյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց բաժանմունքում իրականացվող ծառայությունները և գործող նորամուծությունները։ Անի Համբարձումյանը ղեկավարում է Հայաստանի աչքի բանկը, որը զբաղվում է աչքի հյուսվածքների` սկլերայի և եղջերաթաղանթի հայթհայթմամբ ու պահածոյացմամբ։

- Ներկայացրեք, խնդրե՛մ, ներկայումս ինչ ծառայություններ է մատուցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքը

-Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի, ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով հիվանդներ։ Կատարվում են կատարակտայի և եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ, մսամոլի, խալազիոնի, եղջերաթաղանթի տատուաժի վիրահատություններ և այլն:

– Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել բաժանմունքը վերջին տարիներին

– Բաժանմունքում ներդրվել են մի շարք ախտորոշիչ և թերապևտիկ մեթոդներ, ինպիսիք են եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը և վերջինիս մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի տարբեր ախտահարումների ժամանակ։ Բաժանմունքում ներդրվել է նաև վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը և արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը։ Այժմ ունենք գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն` կատարելու ուվեիտով հիվանդների արյան գենետիկական թեստ, որը կնպաստի ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելուն: Ներկայումս մեզ մոտ դիսպանսեր հսկողության տակ գտնվում են մոտ 1800 ուվեիտով (աչքի խոռոչի բորբոքումներ) հիվանդներ:

-Վիրաբուժական ի՞նչ ծառայություններ է կատարում բաժանմունքը

– Ինչ վերաբերում է վիրաբուժությանը, այստեղ դեռևս 2006-ից՝ որպես նորամուծություն, Հայաստանում առաջին անգամ կատարվում է կերատոպրոթեզավորում բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով: Կատարվում են նաև լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա, ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա, խորը առաջային լամելյար կերատոպլաստիկա, որոնք զգալիորեն բարձրացնում են հիվանդների բուժման արդյունավետությունը:

– Մի քանի խոսքով ներկայացրեք, խնդրե՛մ, այս վիրահատությունների էությունը

– Լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիան կատարվում է այրվածքների և արտաքին աչքի նորագոյածությունների ժամանակ։ Ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստումը, որը ներդրվել է 2006թ., կիրառվում է բուժա-պլաստիկ նպատակներով։ Բորբոքային բաժանմումքում տարեկան կատարվում է 180-200 տարբեր ախտաբանությունների վիրահատություններ։

– Ձեր թեկնածուական աշխատանքը ևս անդրադարձ է ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստմանը։ Եթե խոսենք ընթերցողներին մատչելի լեզվով` ի՞նչ է ամնիոտիկ մեմբրանը և ե՞րբ է կիրառվում

– Ամնիոտիկ մեմբրանը թափանցիկ թաղանթ է, որն անցնում է համապատասխան մշակում և չորացվում սիլիկագելի վրա։ Այն ունի բազմաթիվ թերապևտիկ հատկություններ, որոնցից են՝ արտաքին աչքի քիմիական այրվածքների դեպքում կենսաբանական վիրակապի հատկությունը, հակամիկրոբային հատկությունը, խոցերի և էրոզիաների լավացման արագացումը, բորբոքային գործընթացի ճնշումը, կոպիտ սպիացման և ավելորդ անոթավորման կանխումը։ Ամնիոտիկ մեմբրանը լայն կիրառվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են աչքի տարբեր բնույթի խոցերը, թափածակումը, եղջերենու և սկլերայի բարակեցումն ու հալեցումը, ինչպես նաև գոյացությունների հեռացումից հետո հուսվածքի պակասը լրացնելու համար պլաստիկ նյութ է ծառայում։

– Դուք խոսեցիք նաև կերատոպրոթեզավորման մասին…

– Անդրկովկասյան ամբողջ տարածաշրջանում կերատոպրոթեզավորում միայն այստեղ է կատարվում։ Կերատոպրոթեզն իրենից ներկայացնում է արհեստական եղջերաթաղանթ և ցուցված է այն դեպքերում, երբ մարդկային եղջերաթաղանթի փոխպատվաստումն արդյունավետ չէ, օրինակ, քիմիական այրվածքները, նախկինում եղջերենու տրանսպլանտատի բազմաթիվ օտարումները, աչքի սպիական հիվանդությունները։ Կերատոպրոթեզավորման մեր արդյունքները տպագրվել են ԱՄՆ-ի արաջատար ամսագրերից մեկում, ավելին, պարզվում է, որ Հայաստանն աշխարհում իր փորձով ղբաղեցնում է III տեղը։ Այս վիրահատությունը կատարվում է այն հիվանդներին, ովքեր տարիներ շարունակ կույր են եղել և կրկին տեսնելու հնարավորություն են ստանում։

Նորամուծություն է նաև բաժանմունքում կատարվող եղջերենու խորը առաջային լամելյար կերատոպլաստիկան (DALK): Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում պահպանել եղջերաթաղանթի չվնասված հատվածները (շերտերը): Հիմնականում կատարվում է առաջնային եղջերաթաղանթի մակերեսային ախտահարումների, սպիների ժամանակ:
     Բաժանմունքում այժմ լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ ուվեիտների (ներակնային բորբոքումների) բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքը ստացող հիվանդների արյան հսկողության գործում։
    
     Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5021 | 0 | 0
Facebook